Թանգարան

mueseum20131

Երևան քաղաքի պատմության թանգարանը հիմնադրվել է 1931թ.: Լինելով Երևանի քաղխորհրդի կոմունալ բաժնին առընթեր՝ սկզբում կոչվել է Կոմունալ թանգարան, իսկ 1936թ. վերանվանվել է Երևան քաղաքի պատմության թանգարան:

Թանգարանը հիմնադրման պահին զբաղեցրել է Երևանի հրշեջ վարչության շենքի 2-րդ հարկի սենյակներից մեկը: 1936թ. տեղափոխվել է Կապույտ մզկիթ (Գյոյ-ջամի), որտեղ գործել է մոտ 56 տարի:

1994-1997թթ. գտնվել է նախկին Հռիփսիմյան իգական գիմնազիայի, իսկ 1997-2005թթ.` Շահումյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի մասնաշենքում: 2005թ. հաստատվել է Երևանի քաղաքապետարանի նորակառույց շենքում` քաղաքապետարանի հետ կազմելով միասնական ճարտարապետական համալիր:

Թանգարանին կից գործող գիտական խորհրդի անդամներն են եղել ժամանակի խոշորագույն մտավորականներն ու արվեստագետները՝ ճարտարապետներ Ալ. Թամանյանը, Թ. Թորոմանյանը, Ն. Բունիաթյանը, Մ. Մազմանյանը, նկարիչներ Մ. Սարյանը, Գ. Գյուրջյանը, Տարագրոսը, քանդակագործ Ա. Սարգսյանը, գիտնականներ Ստ. Լիսիցյանը, Ե. Շահազիզը, Ս. Բարխուդարյանը, Բ. Առաքելյանը, Թ. Հակոբյանը և ուրիշներ:

Թանգարանում պահպանվում է հնագույն ժամանակներից մինչև մեր օրերն ընդգրկող շուրջ 94 հազար առարկա. հնագիտական, ազգագրական, դրամագիտական, կերպարվեստի, գրավոր աղբյուրների, լուսանկարների և այլ հավաքածուներ, այդ թվում՝ Երևանյան քարայրից հայտնաբերված ավելի քան 100 հազար տարվա պատմություն ունեցող վանակատե գործիքները։

Թանգարանում պահպանվում են նաև մ. թ. ա. 4-3-րդ հազարամյակներով թվագրվող Առաջավոր Ասիայի հնագույն ու հայտնի պարսպապատ բնակավայրերից մեկից` Շենգավիթից պեղված պաշտամունքային օջախներ, երկգույն` սև և կարմիր, փայլեցված խեցե անոթներ, աղորիքներ, հացահատիկային բույսերի մնացորդներ, որոնք ավելի քան 6000 տարվա պատմություն ունեն…

Հնագիտական հավաքածուում առանձնանում են Կարմիր բլուրից հայտնաբերված գարեջրի խեցեղեն անոթները, մ. թ. ա. 1-ին հազարամյակով թվագրվող Կարմիր բերդի բնակավայրից պեղված հարուստ հնագիտական հավաքածուն` բրոնզե գոտիներ, խեցեղեն, քարե կուռքեր, նետասլաքներ, դանակներ, զարդեր և այլն, ինչպես նաև քաղաքի հելլենիստական մշակույթը ներկայացնող Ավան-Առինջից պեղված առարկաները։

Թանգարանում պահպանվում են միջնադարյան Երևանի խոնարհված եկեղեցիների մասունքներ՝ որմնանկարներ, ծիսական անոթներ, վարագույրներ, զանգ, Կաթողիկե եկեղեցու 13-րդ դարի մանրակերտը և այլն։

Ցուցադրությունում տեղ են գտել նաև քաղաքի կառավարման, առևտրի և արդյունաբերության զարգացման գործում մեծ ներդրում ունեցած Մելիք-Աղամալյան, Գեղամյան, Աֆրիկյան, Տեր-Ավետիքյան, Եսապյան և այլ ընտանիքների մասին պատմող առարկաները։

1834թ. ռուս կայսր Նիկոլայ 1-ինը ոսկե ժամացույց է նվիրել է (պահպանվում է թանգարանում) Մելիք-Աղամալյանների տոհմին` ռուս-պարսկական պատերազմի ժամանակ ռուսական զորքերին մատուցած մեծ ծառայությունների համար։

Մեծ արժեք են ներկայացնում հին Երևանի կոլորիտը ներկայացնող ազգագրական և լուսանկարների հավաքածուները:

Հետաքրքրություն են ներկայացնում Մխիթարյանների կողմից 19-րդ դարում Վիեննայում հիմնված տպարանի տառաձուլական և տպագրական մեքենաները` նույնքան հետաքրքրաշարժ պատմությամբ, ինչպես նաև 1913թ. Արշավիր Մելիքյանի խմբագրությամբ հրատարակված «Խոսք» թերթի տպագրական մեքենան:

Կերպարվեստի ֆոնդն ընդգրկում է հայ անվանի նկարիչներ Մ. Սարյանի, Փ. Թերլեմեզյանի, Ս. Առաքելյանի, Գ. Գյուրջյանի ստեղծագործություններից:

Մեր ժողովրդի բազմադարյան մշակույթն ու հոգևոր կյանքն արտացոլող դրոշմանիշների հավաքածուն (նկարիչ` Արշակ Ֆեթվաճյան) թողարկվել է Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին։ Հավաքածուում ընդգրկված է նաև Հայկ Գավուքճյանի դրոշմանիշների հավաքածուն, որը 1936թ. Նյու Յորքում տեղի ունեցած ֆիլատելիայի ցուցահանդեսում արժանացել է բրոնզե մեդալի։

  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us