Մինչև ուշ միջնադար

Առաջին ցուցասրահում ներկայացված է Երևանի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև ուշ միջնադար (Երևանյան քարայր, Շենգավիթ, Կարմիր բերդ, Ավան-Առինջ, Էրեբունի, Կարմիր բլուր): Սրահի կենտրոնում տեղադրված է նաև հին Երևանի մանրակերտը:

Երևանի տարբեր վայրերում կատարված հնագիտական պեղումների ընթացքում ձեռք բերված ցուցանմուշներով է հարուստ այս սրահը: Դրանցից հատկապես հարկ է նշել Հրազդան գետի ափին հայտնաբերված հին քարեդարյան ժամանակաշրջանի կայան-քարանձավները, ինչպես նաև այնտեղ հայտնաբերված մ.թ.ա 80-40 հազ. տարի առաջ թվագրվող աշխատանքային գործիքների հարուստ հավաքածուն: Հաջորդ հնագիտական հուշարձանը Շենգավիթ պարսպապատ բնակավայրն է, որը 6000 տարվա պատմություն ունի:

Հնագիտական բազմաթիվ իրեր` խեցանոթներ, բրոնզե ու երկաթե զարդեր, զենքեր են հայտնաբերվել Երևանի տարբեր մասերում`մասնավորապես Ծիծեռնակաբերդում, Ավանում, Քանաքեռում, Զեյթունում, Կարմիր բերդում, Կոնդում կատարված շինարարական և հողային աշխատանքների ժամանակ:

Երևանը՝ որպես քաղաք, հիմնադրվել է մ.թ.ա 782 թ Արգիշտի առաջին թագավորի կողմից, որի թողած արձանագրությունն այսօր դարձել է մեր քաղաքի ծննդյան քարե վկայականը: Մոտ հարյուր տարի հետո Էրեբունին՝ որպես ռազմական, վարչական, տնտեսական կարևոր կենտրոն, իր տեղը զիջեց Ռուսա 2-րդի հիմնադրած Թեյշեբաինի բերդաքաղաքին, որը տեղակայված է Կարմիր Բլուրում: Քաղաքի պատմության հաջորդ կարևոր փուլը, որը ներկայացված է սրահում, Արտաշիսյանների ժամանակաշրջանի առայժմ հայտանբերված միակ անտիկ բնակավայր Ավան-Առինջն է, որն ունի հարուստ հնագիտական նյութ:
Ցուցասրահում ներկայացված է այդ ժամանակաշրջանին հատուկ կարասային թաղման մի օրինակ` զույգ կմախքով, որն իր բնույթով եզակի երևույթ է: Որպես ուղեկցող նյութ գտնվել են արծաթե և բրոնզե զարդեր, խեցեղեն, մ.թ.ա. 1-ին դարին վերաբերող արծաթե դրամ, շան պատկերով դրոշմազարդ բռնակ և այլն:

Քաղաքն ուներ թաղեր, շուկա- հրապարակներ, քարավանատներ, որին իրենց ճարտարապետական նկարագրով հատուկ շուք էին տալես եկեղեցիները: Առանձանահատուկ ուշադրության են արժանի 5-6-րդ դարերին պատկանող սբ. Պողոս-Պետրոս եկեղեցու որմնանկարները և մուտքի դուռը, սբ .Կաթողիկե Աստվածածին եկեղուցու 12-13-րդ դարի մատուռի մանրակերտը:
Հիմա բարձրանանք ու տեսնենք, թե ինչ հուշեր են պահպանվել մեր քաղաքի նոր պատմությունից:

  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us