Երևանի բնակչության շարժընթացը 1824-1914 թթ.

1049

Երևանը աշխարհի հնագույն բնակավայրերից է: Նրա պատմությունը հար և նման է հայ ժողովրդի բարդ տարեգրությանը: Նախքան պարսիկների, արաբների, սելջուկների, թուրքմենական քոչվոր ցեղերի և օսմանյան թուրքերի ասպատակությունները, Երևանի բնակչության մեծ մասը եղել են հայերը, հետագայում նրանց թիվն աստիճանաբար նվազել է, ու նրանց տեղն զբաղեցրել են եկվորները: Այս մասին հաճախ են նշել Հայաստան այցելած ճանապարհորդները:Մասնավորապես ֆրանսիացիները նշել են, որ 15-րդ դարի երկրորդ կեսին Երևանի խանութներում հայերը ճնշող մեծամասնություն էին կազմում: Օտարերկրյա տիրապետությունների ժամանակաշրջանը ավերումների, կոտորածների, սովի ու տարափոխիկ հիվանդությունների մի շղթա էր:

Երևանի համար առանձնապես ծանր էր Շահ-Աբասի արշավանքը, որի արդյունքում Պարսկաստանի խորքերը քշվեցին Արարատյան դաշտի, այդ թվում Երևան քաղաքի բազմահազար բնակիչներ: Երկարատև պատերազմների հետևանքով քաղաքը շարունակ դատարկվում էր, հայ բնակչությունը ցաք ու ցրիվ էր լինում: 1639թ. Հայաստանի նոր բաժանումով ավարտվեց թուրք-պարսկական հերթական պատերազմը: Պարսկաստանին անցած հայկական հողերի զգալի մասը մտցվեց Երևանի նորաստեղծ խանության մեջ, որի կենտրոնը Երևանն էր:

XVIII դարի առաջին կեսին քաղաքը երկու անգամ ավերվում է թուրքերի և պարսիկների կողմից, այստեղ հաստատվում են պարսիկներն ու Ատրպատականի թուրքերը: Այդ ժամանակ քաղաքի բնակչության մի մասը հայեր էին, նրանք զբաղվում էին գյուղատնտեսությամբ` այգեգործությամբ, հողագործությամբ ու անասնապահությամբ: Երևանը բաժանված էր երեք թաղամասի` Հին թաղ կամ Շահար, որն ամենամեծն էր, Կոնդ կամ Թափաբաշ և Երկաթաղբյուր /Քարահանք/ կամ Դամիրբուլաղ:

XVIII դարավերջերից երևանցիների զբաղմունքներում զգալի դեր սկսեցին խաղալ արհեստները, որի հետևանքով որոշ նորաստեղծ թաղամասեր կոչվեցին արհեստների անուններով: Երևանի բնակչությունը մի կողմից պայքարում էր պարսկական լծից ազատագրվելու համար, մյուս կողմից պաշտպանական մարտեր էր մղում թուրքական ասպատակությունների դեմ: Այդ իսկ պատճառով առիթը բաց չէին թողնում ռուս- թուրքական կամ ռուս-պարսկական պատերազմների ժամանակ օգնելու ռուսներին: Հենց նրանց անմիջական օգնությամբ էր, որ 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմի ժամանակ (1827թ.) ռուսական զորքերը վերջապես գրավեցին Երևանի բերդը, որով վերջ դրվեց պարսկական տիրապետությանը:

Այսպիսով, Երևանի և Նախիջևանի խանություններն անցան Ռուսաստանին, որոնց սահմաններում 1828թ. Ստեղծվեց Հայկական մարզը` Երևան կենտրոնով, այն լուծարվեց 1840թ. և Վրացա-Իմերեթական նահանգի կազմում ձևավորվեց Երևանի գավառը, որը գոյատևեց մինչև 1849թ., երբ կազմավորվեց Երևանի նահանգը` ընդգրկելով Երևանի, Նախիջևանի, Ալեքսանդրապոլի և Նոր Բայազետի գավառները:

Քանի որ պարսկական տիրապետության տարիներին բնակչության հաշվառումներ չեն կատարվել, ուստի մինչև 1828թ. Երևանի բնակչության թվի վերաբերյալ եղած սուղ տվյալները հավաստի համարել չի կարելի: Այսօր էլ շրջանառության մեջ նշված 12 հազար թիվը, որը կրկնվել է Յ. Շահխաթունյանի, Եր. Շահազիզի, Ջ. Կորկոտյանի և շատերի աշխատանքներում:

Ջ. Կորկոտյանը փորձել է հայ և մահմեդական ընտանիքների միջին մեծություններով ստանալ Երևանի բնակչության թիվը 1827թ. վիճակով, ըստ որի պետք է լիներ 10 հազար մարդ, որը մեթոդական ոչ մի հիմք չունի: Նման փորձեր է կատարել նաև Վ. Խոջաբեկյանը, ում կարծիքով Երևանում կար 9700 մարդ:

Ռուսաստանին միացվելուց հետո, ինչպես ամբողջ Անդրկովկասում, այնպես էլ նորաստեղծ հայկական մարզի տարածքում, ակտիվացան բնակչության տեղաշարժերը, մասնավորապես, քոչվոր ցեղերի մեծ մասը հեռացավ մարզի սահմաններից, որին հաջորդեց Պարսկաստանի հայերի և արևմտահայերի ներգաղթը, որը հիմնականում իրականացվեց 1828-1830 թթ.: Մարզի տարածքում Ի. Շոպենի գլխավորությամբ կատարված հաշվառումներից հայտնի դարձավ, որ Երևանում 1830թ. ապրում էր 11463 բնակիչ:

Աղյուսակ 1-ը ցույց է տալիս Երևան քաղաքի բնակչության տեղաբաշխումն ըստ թաղամասերի ու էթնիկ կազմի: Աղուսակից երևում է, որ թաթարները /նկատի առնված մահմեդական բնակչությունը/ գերակշռել են` 7331 մարդ, իսկ հայերի թիվը փոքր էր /բոշաների հետ միասին` 4132/, բնակչության էթնիկ կազմի հարաբերակցությունը կասկած է հարուցում, քանի որ Ի. Շոպենը նշված աշխատանքի 468-րդ էջում գրում է, որ Երևանում կար 5338 թաթար և 6125 հայ: Համենայն դեպս, բերված տվյալները համադրելով ժամանակի պաշտոնական երկու աղբյուրների հետ, տեսնում ենք, որ տարբերությունը փոքր է, ուստի հաշվարկները կատարելիս ճիշտ կլինի հենվել Ի. Շոպենի տարբերակի վրա:

Այսպիսով, Երևանի բնակչության թիվը /այստեղ հաշվի չի առնվել Նորքի բնակչության թիվը, որը Երևանին միացվեց 1837 թ. / եղել է 11463 մարդ / 2751 ընտանիք, 5897 տղ., 5566 կին/, որից հայ` շուրջ 36 տոկոս, թաթար՝ 64 տոկոս: Հայտնի է, որ 1830 թ. հետո էլ բնակչության ներգաղթը դեպի հայկական մարզ շարունակվում էր, սակայն այն զանգվածային բնույթ չէր կրում:

19-րդ դարի երեսնականներից մինչև դարի կեսերը համեմատաբար խաղաղ տարների էին թվում էր, թե բնակչության աճի տեմպերը կմեծանան, սակայն 1830, 1842, 1845 և 1855 թթ. խոլերայի համաճարակը և բնակչության ատկիվ տեղաշարժը քաղաքի բնակչության թվի վրա բացասաբար անդրադարձան: Ըստ «Կովկասյան օրացույցի»՝ 1850-ականներին Երևանում տարեկան 800 մարդ համաճարակային հիվանդությունների զոհ էր դառնում:

Աղյուսակ 1

Թաղամա­սեր Էթնիկ կազմ Ընտանիքնե­րի թիվը Մարդկանց թիվը
1. Հին թաղ Բնիկ հայեր 224 998
Պարսկաստանից ներգաղթած հայեր   231   1111
Արևմտահայեր 8 30
Թաթարներ 802 3199
Ընդամենը 1285 5338
2. Կոնդ Բնիկ հայեր 227 1176
Պարսկաստանից ներգաղթած հայեր 87 374
Արևմտահայեր 3 18
Բոշաներ 46 195
Թաթարներ 594 2537
Ընդամենը 1007 4300
3.Երկաթ­աղբյուր կամ Քարհանք Պարսկաստանից ներգաղթած հայեր 48 230
Թաթարներ 411 1595
Ընդամենը 459 1825
Ընդամե­նը Երևան քաղաքում Բնիկ հայեր 521 2174
Արևմտահայեր 11 48
Բոշաներ 46 195
Թաթարներ 1807 7331
Ընդամենը 2751 11463

Այսպես, 19-րդ դ. կեսերին բնակչության թիվը տարբեր աղյուսակների համաձայն անցնում էր 12 հազարից: Օրինակ, «Կովկասյան օրացույցի» տվյալներով՝ 1847 թ. քաղաքում ապրում էր 11,8 հազ. մարդ, 1850 թ.` 12,3 /հայ.` 5,6, թաթար` 6,7/, 1851թ.` 12,6 հազ. /հայ` 6,1 հաղ., թաթար` 6,5/, մեկ այլ աղբյուրի համաձայն` 12,2 հազ. /հայ` 5,7 հազ., թաթար` 6,5/: Բնակչության թվի նվազման մասին են խոսում 1847 թ. Երևանի բնակչության բնական շարժի տվյալները. այդ տարի ծնվել էր 530 մարդ, մահացել` 1090-ը, ամուսնությունների քանակը 154 էր, աճը կազմել է 560 մարդ, ընդ որում, մահացածների գերակշռող մեծամասնությունը տղամարդիկ էին, թերևս սա կարող է լինել համաճարակի հետևանք, որին ավելի մեծ չափերի զոհեր են դառնում մինչև մեկ տարեկան` հատկապես տղա երեխաները: Հետագայում ևս Երևանի բնակչության թվի տատանումները շարունակվեցին: Բնակչության շարժընթացի ոչ հաստատուն բնույթը բացատրվում է թե քաղաքական ու տնտեսական անկայուն պայմաններով և թե ակտիվ տեղաշարժերով, որի հետևանքով ընկնում էին բնական աճի ցուցանիշները, ասյտեղ իրենց դերն ունեն նաև ոչ ամբողջական ու թերի հաշվառումները: Այս ամենի հետևանք էր նույն տարվա համար տարբեր աղբյուրներում ներկայացված հակասական թվերը, այսպես, 1854 թ. նշված էր 13,5 հազ. բնակիչ, 1865 թ.` շուրջ 14 հազ., իսկ ահա 7 տարի անց` 1873 թ., բնակչության թիվը նվազել էր, ըստ մի շարք աղբյուրների՝ քաղաքում ապրում էր գրեթե 12 հազար մարդ: 1873 թ. հաշվառումները կարևորվում էին նրանով, որ դրանք ավելի հավաստի էին դարձել ու վերջապես հայ բնակչությունը կազմում էր անբողջի 50 տոկոսից ավելին:

19-րդ դարի 70-ականներից հետո Անդրկովկասում կապիտալիստական հարաբերությունները նոր թափ ստացան, արդյունաբերական ձեռնարկությունների հզորացումը, նոր քաղաքների ծնունդը դեպի իրենց էր ձգում ազատ գյուղացիությանը: Անդրկովկասի արդյունաբերական խոշոր կենտրոնները համալրվում էին աշխատուժով, ավելանում էր քաղաքների բնակչության թիվը, այս ամենից անմասն չէր նաև Երևանը, որը մասամբ մեծանում էր հատկապես Արարատյան դաշտի գյուղերց եկածների հաշվին: Ասվածը հստակ երևում է 1886 թ. «Ընտանեկան ցուցակներից», որոնց տվյալներն ավելի ամբողջական ու բովանդակալից էին: Ըստ այդ հաշվառումների՝ Երևանում կար 2968 ծուխ, 7,8 հազ. տղ., 6,9 հազ. կին, ընդամենը` 14,7 հազ. բնակիչ, էթնիկ կազմն այսպիսի պատկեր ուներ` հայեր 7,1 հազ. կամ 78,5 տոկոս, թաթար` 7,2 հազ. կամ 49,1 տոկոս, ապրում էին ռուսներ և այլ ազգություններ:

Ավելի քան տասը տարի անց՝ 1879 թ., Ռուսաստանում կատարվեց համառուսաստանյան առաջին մարդահամարը, որն իր տեսակի մեջ եզակի էր: Նախորդ հաշվառումից հետո անցած 11 տարիների ընթացքում քաղաքի բնակչությունն ըստ այդ մարդահամարի ավելացել է գրեթե երկու անգամ: Նման բարձր տեմպերն առաջին հերթին արդյունք էին միգրացիոն աճի:

Արձանագրված 29 հազ. բնակչից տեղացի էր 16,6 հազ., Երևանի նահանգի այլ գավառներից` 6,8 հազ. այլ նահանգներից` 3,5 հազ., այլ պետություններից` 1,9 հազ., այսինքն քաղաքի բնակչության 42,5 տոկոսը եկվոր էր: Քաղաքի ամբողջ բնակչությունը 43,2 տոկոսը հայ էր, 42,6-ը` թաթար, 11-ը` ռուս, մնացյալ փոքրամասնությունները` 3,2 տոկոս:

Սեռատարիքային խմբերի վերլուծությունը ցույց տվեց, որ բնակչության շուրջ 30 տոկոսը կազմում էին 1-14 տարեկանները, 66-ը՝ 15-59, 3,5 տոկոսը` 60 և ավելի տարիք ունեցողները: Հետաքրքիր է, որ պտղաբերության տարիքի կանայք կազմում էին կանանց ընդհանուր թվի 61,8 տոկոսը: Բերված թվերը ցույց են տալիս, որ բնական աճի տեմպերի համար առկա էր ժողովրդագրական բավարար պայմաններ:

20-րդ դարասկզբի հաշվառումները ցույց տվեցին, որ Երևան քաղաքի բնակչության թիվն ընդհանուր առմամբ շարունակում էր դանդաղ աճել, քանի որ բավարար աճի համար նպաստավոր պայմաններ չկային ո՛չ տնտեսական, ո՛չ էլ սոցիալական առումներով: Ավելին, այս ամենին գումարվում էին համաճարակային տարբեր հիվանդություններ` խլելով մարդկային բազմաթիվ կյանքեր: Ասյպես, միայն 1904 թ. քաղաքի շուրջ 500 հիվանդից մահացել էր 375-ը: Ասվածը պատկերավոր դարձնելու համար բերենք օրինակներ. 1902 թ. քաղաքում կար 29 հազ. բնակիչ, վեց տարի անց` 1908 թ., հասավ 31,4 հազ., 1910 թ.՝ 32,4 հազ. 1912 թ.` 36,8 հազ., իսկ առաջին աշխարհամարտի սկզբներին` 1914 թ., մի փոքր նվազել էր՝ կազմելով 32 հազ.:

Երևան քաղաքի բնակչության աճի տեմպերը և էթնիկ կազմի փոփոխությունները ներկայածված են Աղյուսակ 2-ում /հազ.մարդ/:

Աղյուսակ 2

Տարե-թվեր Բնակ-չություն

Այդ թվում

Հայեր % Մահմեդ. % Այլ %
1830 11.4 4.1 35.7 7.3 64.3 - -
1850 12.3 5.6 45.5 6.7 54.5 - -
1854 13.5 6.1 45.7 6.5 48.2 0.9 6.1
1863 12.8 5.6 44.0 6.9 54.0 0.3 2.0
1873 11.9 5.9 50.1 5.8 48.7 0.2 1.2
1886 14.7 7.1 48.5 7.2 49.1 0.4 2.4
1897 29.0 12.5 43.2 12.3 42.6 4.2 14.2
1905 27.5 12.9 46.9 12.4 45.0 2.2 8.1
1914 32.0 16.9 52.9 12.06 39.4 2.5 7.7

Աղյուսակ 2-ի վերլուծությունը ցույց է տալիս, որ Երևանի բնակչության 84-ամյա աճի տեմպերը հաստատուն չեն եղել, բնականաբար փոփոխություն է կրել նաև էթնիկ կազմը: Մինչև 1886 թ. քաղաքի բնակչությունն ավելացել էր 3,3 հազարով, կամ 1,3 անգամ, սակայն դրանից հետո` 1897 թ., արձանագրվել է կրկնակի աճ, որից հետո մի փոքր դանդաղել էր և 1914 թ. նոր թափ էր ստացել ու 1916 թ. հասել 51,2 հազարի: Նման բարձր աճը պայմանավորված էր հիմնականում 1914-1945 թթ. արևմտահայ գաղթականության ներհոսքով:

Երևանի բնակչության բնական շարժի մասին պատկերացում կազմելու համար ներկայացնենք մ ի քանի տվյալ: 1887 թ. աճը կազմել էր 208 մարդ, 1892-ին` 199, 1885-ին` 152, 1897-ին` 16, 1900-ին` 76, 1905-ին` 186, 1910-ին` 177, 1914-ին, 129, 1915-ին` 409, 1916-ին` 46:

Այսպիսով, բերված տվյալները ևս հաստատում են, որ Երևան քաղաքի բնակչությունը հետազոտվող ժամամանահատվածում աճել էր 20,5 հազ. կամ 2,8 անգամ` տարեկան 245 մարդ միջին աճի պայմաններում:

Համլետ Սարգսյան  
Հնագիտության,ազգագրության ինստիտուտ
ԵՐԵՎԱՆ, գիտական հոդվածների ժողովածու, Երևան 2006

  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • MySpace
  • FriendFeed
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us