«Չկա անկախություն, երբ ապրում ես ուրիշի գծած սահմաններում»

yhm189201111

Երևանի պատմության թանգարանում սեպտեմբերի 20-ին բացվեց «Չկա անկախություն, երբ ապրում ես ուրիշի գծած սահմաններում» խորագրով ցուցահանդեսը` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա հոբելյանին և Երևանի 2793-ամյակին:

Դեռևս Հայաստանի Առաջին հանրապետության հռչակումից հետո պատմական Արցախը համառ և տևական պայքար սկսեց Մայր հայրենիքին վերամիավորվելու համար: Սակայն ստեղծված ծանր քաղաքական պայմանները թույլ չտվեցին արցախահայությանը իրագործելու վաղեմի նպատակը:Հայաստանի խորհրդայնացումից հետո կրկին լուրջ քայլեր կատարվեցին Արցախը Խորհրդային Հայաստանի անբաժան մասը դարձնելու ուղղությամբ: Այս անգամ ևս 95% հայ բնակչություն ունեցող պատմական Արցախը Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության կովկասյան բյուրոյի անօրինական որոշման հետևանքով հայտնվեց Ադրբեջանի կազմում:

Խորհրդային Միության գոյության 70 տարիների ընթացքում հայ ժողովուրդը բազմիցս բողոքի ձայն է բարձրացրել այդ անօրինականության դեմ, բայց ապարդյուն:

1988թ. Լեռնային Ղարաբաղի հայությունը, ոգեշնչված գորբաչովյան «վերակառուցման» քաղաքականությամբ, բարձրացրեց արդեն տասնամյակներ ծխացող «Ղարաբաղյան հիմնահարցը»` ձգտելով ուղղել թույլ տրված պատմական այդ անարդարությունը և վերամիավորվել Հայաստանի հետ: Սկսվեցին բազմահազարանոց հանրահավաքներ: Երևանում ժողովուրդը ցուցապաստառներով դուրս եկավ Օպերայի (հետագայում` Ազատության) հրապարակ իր ձայնը աշխարհին հասանելի դարձնելու համար:

Ցուցապաստառների հեղինակները տարբեր տարիքի ու մասնագիտության տեր մարդիկ էին, այդ թվում դպրոցականներ և ուսանողներ, մեծահասակներ, բանվորներ, մտավորականներ: Արտահայտելով ժողովրդի մտահոգությունը, տրամադրությունները, ցանկությունները` ցուցապաստառները ժանրային ամենատարբեր դրսևորումներ ունեին և աչքի էին ընկնում բովանդակային բազմազանությամբ: Հատկանշական է, որ Ղարաբաղյան շարժման սկզբնավորման ժամանակ ցուցապաստառների հանդես գալը պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ բանավոր տեղեկատվությունը, հանրահավաքներում հնչող քաղաքական ելույթները չէին լրացվում պատկերային տեղեկատվությամբ, քանի որ խորհրդային հեռուստատեսությունն ու մամուլն ամբողջությամբ չէին արտացոլում իրական վիճակը, իսկ իրադարձությունների գնահատականներում նկատվում էր խիստ միտումնավորություն: Այս պարագայում ցուցապաստառները մասամբ իրենց վրա վերցրեցին նաև ազատ մամուլի գործառույթները: Ցուցապաստառները յուրատեսակ միջնորդներ էին, որոնցով փոխանցվում էր ժողովրդի մտածելակերպը ոչ միայն իշխանություններին, այլև բովանդակ հայ ժողովրդին ու ամբողջ աշխարհին:

Այլ կերպ ասած, ցուցապաստառները ազգային ինքնագիտակցության խոսուն դրսևորումներից մեկն էին, որոնք, իբրև կանոն, ի հայտ են գալիս հասարակության համար ճգնաժամային պահերին` ժողովրդին ուղեկցելով զանգվածային ելույթների ժամանակ: Ցուցապաստառները, որպես հասարակական գործընթացների պատկերագիր «վկաներ», սովորաբար անմիջապես արձագանքում են քաղաքական իրադրության փոփոխություններին: Արագ փոփոխվող իրադարձություններին զուգահեռ փոփոխություն էր կրում նաև ժողովրդի ինքնագիտակցությունը, որն արտահայտվում էր դարձյալ ցուցապաստառների միջոցով:

Եվ զարմանալի չէ, որ 1988-ի և 1990-ի ցուցապաստառները բովանդակությամբ հաճախ էապես տարբերվում էին: Դա ապացույցն էր այն իրողության, որ հայոց ինքնության մեջ տեղի էր ունեցել արմատական փոփոխություն` ձևավորվել էր անկախություն կերտող սերունդ:

Երևանի փողոցներում ցուցապաստառներ կարելի է տեսնել ընդհուպ մինչև մեր օրերը, սակայն դրանք արդեն հանդես են գալիս լոկ որպես քաղաքացիական հասարակության ինքնարտահայտման առօրեական ձևեր:

Ցուցահանդեսում ներկայացված է Երևան քաղաքի պատմության թանգարանի ցուցապաստառների հավաքածուի մի մասը:

Երևան քաղաքի պատմության թանգարան

Այլ հրապարակումներ
prev next
  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us