«Թանգարանը` որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր»

mueseum20131

Երևան քաղաքի պատմության թանգարանում 2013թ. մայիսի 18-ին «Թանգարանային գիշեր» միջոցառումն անցկացվեց «Թանգարանը` որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր» խորագրի ներքո: Միջոցառման շրջանակներում բազմաթիվ երևանցիներ և հյուրեր հնարավորություն ունեցան անվճար այցելել Երևան քաղաքի պատմության թանգարան, ծանոթանալ թանգարանի մշտական ցուցադրությանը և մասնակցել թանգարանի նախաձեռնած տոնական միջոցառումներին:

Հիշեցնենք, որ մայիսի 18-ը՝ որպես Թանգարանների միջազգային օր, նշվում է 1977 թվականից` Թանգարանների միջազգային խորհրդի /ԻԿՕՄ/ նախաձեռնությամբ: Օրվա նպատակն է բարձրացնել թանգարանների դերը հասարակության սոցիալ-մշակութային կյանքում, ստեղծել նպաստավոր միջավայր թանգարանային առարկաների հանրահռչակման համար:

«Թանգարանների գիշեր» ծրագիրը անցկացվում է 2005 թվականից Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ` ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրախորհրդի հովանավորությամբ: Նպատակն է այցելուներին անվճար սկզբունքով ընդգրկել թանգարանային միջավայր` ապահովելով մշակույթի հասանելիությունը սոցիալական տարբեր խավերին:

Նախորդ տարի Թանգարանների միջազգային օրը նշել են 129 երկրների 32000 թանգարաններ:  2013 թ. Թանգարանների միջազգային օրը և «Թանգարանների գիշեր» միջոցառումը համընկնում են: Ի դեպ, այս տարի միջոցառմանը մասնակցում էին Երևանի և մարզերի 88 թանգարաններ:

Նախորդ տարվա համեմատ  զգալիորեն մեծ էր նաև Երևան քաղաքի պատմության թանգարանի այցելուների թիվը: Թանգարանի բազմամարդ սրահներում այցելուները հաղորդակցվեցին մեր մայրաքաղաքի հարուստ պատմական ժառանգությանը հին ժամանակներից մինչև մեր օրերը:  Ի դեպ, թանգարանի հյուրերը առանձնակի հետաքրքրությամբ դիտեցին  «Երևան քաղաքի պատմության թանգարան» փաստավավերագրական ֆիլմը:

Տոնական միջոցառումների շարքում այցելուների մասնակցությամբ տեղի ունեցավ Ֆլորա Գրիգորյանի «Հայկական ազգային տարազների ցուցահանդես» գրքի շնորհանդեսը, իսկ «19-րդ դարի գիմնազիստուհիների» հետ խորհրդանշական հանդիպումը երկար կմնա այցելուների հիշողության մեջ:

  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us