«Յուրաքանչյուր ժողովրդի պատմամշակութային ժառանգության մեծապես կարևորվող հանգրվաններից մեկը թանգարանն է»

Յուրաքանչյուր ժողովրդի պատմամշակութային ժառանգության պահպանության, ուսումնասիրման և պրոպագանդման անհրաժեշտ ու մեծապես կարևորվող հանգրվաններից մեկը թանգարանն է, ինչը հաճախ կարող է դառնալ տվյալ երկրի կամ բնակավայրի այցեքարտը։ 2011թ. մեր մայրաքաղաքի լավագույն թանգարաններից մեկի՝ Երևան քաղաքի պատմության թանգարանի 80-ամյա հոբելյանի տարին է։ Թանգարան, որի ստեղծմանը և հետագա գործունեությանը մեծ նպաստ են բերել մեր գիտության ու մշակույթի երևելիներ Թ. Թորամանյանը, Ալ. Թամանյանը, Մ. Սարյանը, Ստ. Լիսիցյանը, Եր. Շահազիզը, Ա. Բարխուդարյանը, Բ. Առաքելյանը և այլք։Բազմամյա դեգերումներից հետո՝ 2005թ-ին, թանգարանն իր հարուստ ֆոնդերով հանգրվանեց քաղաքապետարանի նորակառույց շքեղ շինության հարկի տակ, որտեղ առկա են բոլոր անհրաժեշտ պայմանները թե՛ ցուցանմուշների բարձրարժեք ու ճաշակով ներկայացման, թե՛ մեծաքանակ ֆոնդերի պատշաճ պահպանության, վերականգնման և ուսումնասիրման համար: Այստեղ ամբարված են քաղաքի անցյալին ու ներկային վերաբերող հնագիտական, ազգագրական, դրամագիտական, կերպարվեստի, եզակի լուսանկարների, պատմության և մշակույթի այլ բնագավառների հարուստ հավաքածուներ, որոնց առավել ուշագրավ նմուշները պարբերաբար փոփոխվող ցուցադրություններով ներկայացվում են այցելուներին։
Թանգարանը միայն ցուցասրահ և պահոց չէ, այն նաև գիտական հաստատություն է, ինչն արտահայտվում է պարբերաբար ներկայացվող գիտական նստաշրջաններով, դրանցում կարդացված զեկուցումներն ամփոփող ժողովածուների, ցուցադրված ու զետեղարաններով պահվող նյութերի կատալոգների ու տեղեկաւովական բնույթի բուկլետների, գրքույկների և ուսումնասիրությունների բարձրաճաշակ ձևավորված ու բովանդակալից հրատարակություններով։ Գիտական նստաշրջաններին, բացի թանգարանի գիտաշխատողներից, հաճույքով մասնակցում են ինչպես քույր թանգարանների, այնպես էլ ակադեմիական գիտության բազմաթիվ ներկայացուցիչներ։ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը սերտորեն համագործակցում է թանգարանի հետ։ Ստեղծված մասնագիտական և ուղղակի բարեկամական կապերը մեծապես նպաստում են թե՛ թանգարանի բազմաբնույթ գործունեությանը և թե՛ հնագիտական պեղումների միջոցով հայտնաբերված գտածոների պահպանությանն ու ուսումնասիրությանը։ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը ջերմորեն շնորհավորում է իր լավ բարեկամ Երևան քաղաքի պատմության թանգարանին փառապանծ 80-ամյա հոբելյանի առթիվ, ցանկանում է նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ:

Պավել Ավետիսյան
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն

Ընթերցել արխիվային տարբերակը