«Մեր ցանկությունն է, որ Երևանը, իր պատմության թանգարանով, հավերժելով հավերժի»

Aristakesyan

Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի անձնակազմի ու անձամբ իմ անունից թույլ ավեք շնորհավորելու Ձեզ Երևան քաղաքի պատմության թանգարանի հիմնադրման 80-ամյակի առիթով։ Հատկանշական է, որ Հայոց տասներկուերորդ մայրաքաղաքի՝ աշխարհիս հնագույն քաղաքներից մեկի՝ 2793-ամյա Երևանի պատմությունն իր ծածկի տակ առած թանգարանի հիմնադրումը 1931թ. անմիջականորեն կապվում է և կապված է հայ ժողովրդի դարավոր պատմությանն ու ողբերգական ճակատագրին։Փաստ է, որ երջանիկ են այն ժողովուրդները, որոնք, ունենալով պատմական զարգացման քիչ թե շատ կանոնավոր ընթացք, տնտեսական և քաղաքական կայուն վիճակ, իրենց պատմության ընթացքում ընդամենը մեկ կամ երկու մայրաքաղաք են ունեցել։ Մեր ժողովուրդը մայրաքաղաքներ շատ է ունեցել և ստիպված է ունեցել, քանի որ մեր մայրաքաղաքներն ավերվել են, և մեզ մնացել է դրանցով հպարտանալու վսեմ զգացումը միայն…

Երևան քաղաքի պատմության թանգարանում ամբարված շուրջ 90000 թանգարանային առարկաներն այսօր ներկայացնում են այն ամենը, ինչ կապված է մեր մայրաքաղաքի պատմության, նրա անցյալի, ներկայի և ապագայի հետ։ Եվ մեր ցանկությունն է, որ ազգային կյանքն ընթանա այնպես, որ մենք այլևս չունենանք նոր մայրաքաղաք, մեր սիրելի և սիրասուն Երևանը, իր պատմության թանգարանով, հավերժելով հավերժի՝ խուսափելով թե՛ տարերային աղետներից ու թե՛ պատերազմական արհավիրքներից ու թոհուբոհից։ Եվ մեզ պատուհասած աղետների և արհավիրքների դեպքում մեզանից յուրաքանչյուրը Նոյ նահապետի՝ ժողովրդական ավանդությամբ մեզ հասած խոսքի հանգույն և նրա պես կարողանա բացականչել. «Անդ երևա… զմայրաքաղաքս Հայոց, Երևան»։

Երևան քաղաքի պատմության թանգարանի 80-ամյակր նաև խորհրդանշական է, և մեզ հուշում է առնվազն երկու բան։ Առաջին. ապագայում ջանք ու եռանդ չխնայելու և հնարավոր բոլոր միջոցներով ու ձևերով առավել ամբողջական ու համակողմանի ցուցադրելու Երևան քաղաքի պատմությունը։ Երկրորդ. ունենալու Հայոց մայրաքաղաքի պատմությունը ներկայացնող այլ ցուցադրություններ և թանգարաններ ևս։ Իսկ ամենաուրախալին մեզ համար այն է, որ մեզ ամենքիս ներկայում, ապագայում ևս, Երևանի քաղաքացի դաստիարակելու, պահելու և պահպանելու գործում իր մեծ առաքելությանն ունի Երևան քաղաքի պատմության թանգարանը։

Ծնունդդ շնորհավոր, թանգարա՛ն…
30 հունիսի 2011թ. Երևան

ԿԱՐԵՆ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ
Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պաամության ազգային թանգարան

Այլ հրապարակումներ
prev next
  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us