«Թանգարանը պատրաստ է ստանձնելու թանգարան-ինստիտուտի դեր և դառնալու գիտական կենտրոն»

Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանի ողջույնի խոսքը թանգարանի 80-ամյակին նվիրված հանդիսավոր նիստում

Հարգարժան հյուրեր, գործընկերներ, բարեկամներ, ես Ձեզ ողջունում եմ թանգարանի հյուրընկալ հարկի ներքո: Այսօրվա մեր հանդիպման առիթը Երևան քաղաքի պատմության թանգարանի 80-ամյա հոբելյանն է: Շնորհակալ եմ, որ սիրով մեր տոնի մասնակիցն եք դարձել և պետք է ասեմ, որ թանգարանը մշտապես ոչ միայն համագործակցում է Ձեզ հետ, այլև ստանում արժեքավոր խորհուրդներ ու առաջարկություններ: Երևան քաղաքի պատմության թանգարանը հիմնադրվել է 1931 թ.և բազմաթիվ խոչընդոտներ հաղթահարելով, հինգ անգամ տեղափոխվելուց հետո, այսօր իր հաստատուն տեղն է գրավել Երևանի քաղաքապետարանի հետ մեկ ամբողջական ճարտարապետական համալիր կազմող հոյակերտ շենքում:

Հայաստանի Հանրապետության կառավարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ ու միջոցներով 2007 թ. ապրիլի 3-ին, շուրջ 20-ամյա ընդմիջումից հետո, թանգարանը կրկին իր դռները բացեց հանրության առջև` ներկայանալով «Երևանը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» խորագիրը կրող մշտական ցուցադրությամբ, որտեղ Երևանը ներկայացվում է ոչ միայն որպես աշխարհի հնագույն մայրաքաղաքներից մեկը, այլ նաև որպես քաղաք, որի տարածքում են գտնվում մի քանի հազարամյակի պատմություն ունեցող մարդկային քաղաքակրթության օջախներ:

Այսօր թանգարանը կրկին իր արժանի տեղն է գտել հայաստանյան թանգարանների շարքում և դարձել մեր քաղաքի յուրահատուկ այցեքարտն ու Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցության արդյունքում վերածվել մայրաքաղաքը ներկայացնող եզակի մշակութային օջախի: Այն հանրապետության առաջնակարգ թանգարաններից մեկն է և՛ ցուցանմուշների քանակով, և՛ այցելուների թվով, թեև նշված տեղափոխություններն իրենց բացասական ազդեցությամբ ամեն անգամ թանգարանի գործունեությունը մի քանի տասնամյակ ետ են տարել:

Այսօր թանգարանի հավաքածուների քանակը հասել է շուրջ 90000-ի, որոնց պահպանությունը կատարվում է մասնագիտական բարձր մակարդակով` ապահովելով համապատասխան միջավայր և անվտանգություն` հօգուտ ներկա ու գալիք սերունդների:

Պետք է խորին երախտագիտություն հայտնել այն երևանցիներին, ովքեր իրենց նվիրատվություններով շարունակաբար լրացնում ու հարստացնում են հավաքածուները` 2006թ.-ից մինչ այսօր նրանք նվիրել են 1750 թանգարանային առարկա: Միայն վերջին հինգ տարիներին ամրացվել, մաքրվել ու վերականգնվել է 1876 առարկա, որոնք այլևս իրենց երկրորդ կյանքն են ստացել:

Թանգարանի ցուցադրությունը և ֆոնդապահոցների հիմնական մասը համապատասխանում են արդի թանգարանագիտության պահանջներին: Այնտեղ կան բաց պահոցներ, ինչպես նաև պայմաններ աշխարհի տարբեր երկրներից ժամանած զբոսաշրջիկներին սպասարկելու համար:

Թանգարանն իրականացնում է կանոնակարգված գիտական գործունեւթյան, որի արդյունքում 2008 թվականից մինչ այսօր հայերեն և անգլերեն լեզուներով հրատարակվել է շուրջ 15 աշխատություն, որոնց մի մասը ներկայացնում են թանգարանի հավաքածուները, իսկ մյուս մասը նվիրված է Երևանի պատմության զանազան հարցերին:

Դրանցից առանձնապես կարելի է կարևորել «Երևանի տարեգրությունը», որը մեր քաղաքի հազարամյակների պատմության համառոտ վավերագրի արժեք ունի: Պակաս արժեքավոր չէ «Երևանի նշանավոր ընտանիքները» աշխատության առաջին մասը, որտեղ ներկայացվում են 19-րդ դարավերջի – 20-րդ. դարասկզբի երևանցի այն ընտանիքներն ու գործիչները, որոնք կարևոր դերակատարություն են ունեցել քաղաքի կյանքում: Աշխատությունը գրելիս հեղինակները հանդիպել ու գրավոր և բանավոր նյութեր են հավաքել վերջիններիս սերունդներից, փորձել վերականգնել նրանց ընտանեկան տոհմածառը: Աշխատությունը շարունակական է լինելու՝ ընդգրկելով նաև հետագա տարիների մեր նշանավոր համաքաղաքացիներին:

2006 և 2008 թվականներին հրավիրվել են Երևանի անցյալի ու ներկայի պատմությանը նվիրված գիտական նստաշրջաններ, որոնց շնորհիվ քաղաքի պատմությունն ու մշակույթը ոչ միայն ներկայացվում է հանրությանը, այլև հանդես են բերվում նորովի մոտեցումներ ու կատարվում արժեքավոր բացահայտումներ:

Թանգարանն ունի գիտական խորհուրդ, որի պատվավոր նախագահը Երևանի քաղաքապետն է, անդամներն են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ոլորտների ղեկավարները, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ, պատմական գիտությունների դոկտորներ, թեկնածուներ, թանգարանների տնօրեններ:

Այստեղ իրականացվում են նաև կրթադաստիարակչական կարևոր ծրագրեր, դպրոցների հետ անց են կացվում դաս և խաղ-էքսկուրսիաներ, որոնք նպաստում են ոչ միայն քաղաքը ճանաչելուն, այլև այն արժևորելուն ու ապագա երևանցի ձևավորելուն:

Թանգարանն ունի պրոֆեսիոնալ և երիտասարդ աշխատակազմ, ովքեր փորձառություն են ունեցել ամերիկյան, եվրոպական և ռուսական թանգարաններում: Վերջիններս այցելուների սպասարկման նոր որակով և թանգարանային գործի արտասահմանյան փորձը կիրառելով քայլ առ քայլ փորձում են մայրաքաղաքի թանգարանն ամբողջովին համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին: Թանգարանի մի քանի աշխատակից ԻԿՕՄ-ի անհատական և թանգարանների բարեկամների ասոցիացիայի անդամներ են:

Երևան քաղաքի պատմության թանգարանը լուրջ հեռանկարներ ունեցող թանգարան է: Կատարվող գիտահետազոտական աշխատանքները թույլ են տալիս ասելու, որ այն պատրաստ է ստանձնելու թանգարան – ինստիտուտի դեր և դառնալու Երևանի պատմությունը, կենցաղն ու մշակույթն ուսումնասիրող կարևոր կենտրոն:

Բացի այդ, տարբեր ցուցահանդեսներով թանգարանը կարող է Երևանը ներկայացնել արտերկրում, որով, կարծում ենք, իր նպաստը կունենա զբոսաշրջության զարգացման կարևոր գործում: Այն նաև քաղաքային ավանդույթների պահպանման ու քաղաքային մշակույթի տարածման կարևոր դերակատարություն ունի:

Իսկ իր հիմնական առաքելությունը` հավաքել, պահպանել ու հանրահռչակել մեր քաղաքին վերաբերվող մշակութային ու պատմական արժեքները, թանգարանը կատարում է ամենայն պատասխանատվությամբ, համոզված ենք, որ սերունդները գնահատելու ու երախտապարտ են լինելու ներկա աշխատակազմին, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով փորձում են իրենց ներդրումը կատարել մեր մայրաքաղաքի զարգացման ու բարգավաճման գործում:

Սիրելի՛ բարեկամներ, թույլ տվեք շնորհավորել ու հաջողություններ մաղթել թանգարանի իմ շատ սիրելի աշխատակազմին, որոնցից յուրաքանչյուրը պատվով ու նվիրվածությամբ է կատարում մեր բազմաբնույթ աշխատանքի իր բաժինը:

Արմինե Սարգսյան
Երևանի պատմության թանգարանի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու

  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us