Կայացել է «Երևան ՏԱՐԱԶֆեստ» առաջին փառատոնը

050720153

Երևանի քաղաքապետարանը, «Տերյան» մշակութային կենտրոնի հետ համատեղ, նախաձեռնել էին «Երևան ՏԱՐԱԶֆեստ» առաջին փառատոնը, որը «Երևանյան ամառ 2015» եռամսյա ծրագրում ներառված ազգագրական բնույթի հերթական ծավալուն միջոցառումն էր: Փառատոնին մասնակցել են հազարավոր երևանցիներ ու մայրաքաղաքի հյուրեր։

Previous Image
Next Image

«Երևան ՏԱՐԱԶֆեստ» առաջին փառատոնին ներկա է եղել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։ Ողջունելով ներկաներին` քաղաքապետի տեղակալը շնորհակալություն է հայտնել է բոլոր մասնակիցներին՝ փառատոնի կայացմանը աջակցելու համար։
«Մեր օրերում երիտասարդներից շատ-շատերը վերադառնում են մեր նախնիների ստեղծածին, որ այսօր մեր ազգայինն է. վերադառնում են ազգայինից թեկուզ պատառիկներ կրելով, փորձում են մեր նախնիներին նմանվել ու տարբերվել այլ ազգերից։ Ողջունում եմ ձեր համարձակ քայլը և կարծում եմ՝ այս միջոցառմանը յուրաքանչյուրդ յուրովի կգտնի իր ճաշակին համապատասխան ավանդականը, նորաձևության մեջ այսչափ ազգայինը»,- նշել է Արամ Սուքիասյանը։
Փառատոնին մասնակից ընկերությունները ներկայացել են Հյուսիսային պողոտայում տեղադրված 11 անվանակիր տաղավարներում։ Երևան քաղաքի պատմության թանգարանը ցուցադրել է Երևանի, ինչպես նաև Պատմական Հայաստանի տարբեր պատմաազգագրական շրջանների տարազների կրկնօրինակների հավաքածուն (հեղինակ՝ Քնարիկ Ներսիսյան), ինչպես նաև պատմական ակնարկներ դրանց վերաբերյալ ու պահոցային լուսանկարներ։ Առանձին տաղավարովներով են ներկայացել նաև Մեգերյան կարպետ-թանգարանը, որի աշխատակիցները հետաքրքրասեր այցելուներին են ներկայացրել կարպետների ու տարազների ընդհանրական նախշերը, դրանց նշանակությունն ու խորհուրդը։ Փառատոնին մասնակցում էր նաև «Մարաշլեան» ֆոտո ատելյեն՝ Էմմա և Վարդան Մարաշլյանների գլխավորությամբ, ովքեր «Տերյան» մշակութային կենտրոնի հետ միասին ստեղծում են 18-19-րդ դդ. տարազային կերպարներ՝ դրանցում լուսանկարվել ցանկացողների համար: «Bow-X» ընկերությունը ներկայացել էր թիթեռնիկ-փողկապների ազգային նախշազարդերով հավաքածուով, «Անահիտ Սիմոնյան» նորաձևության տունը՝ տարազի բաղադրիչներով և Երևանի տեսարժան վայրերի, արձանների պատկերներով, նախշված հագուստների հավաքածուով, «Նանի Զանի» տիկնիկները՝ տարազավոր տիկնիկների հավաքածուով: Փառատոնին մասնակցում էին նաև «Արտ և լեգենդ» կազմակերպությունը, որը սահմանամերձ գյուղերի բնակիչների օգնությամբ պատրաստում է հուշանվերներ, «Ատեքս» նորաձևության տունը, նաև մի շարք անհատ ստեղծագործողներ՝ տիկնիկագործներ, ձեռագործի վարպետներ։
«Երևան ՏԱՐԱԶֆեստ» առաջին փառատոնն ուղեկցվել է համերգային ծրագրով. ելույթներով հանդես են եկել «Ակունք» և «Տարոնցիներ» ազգագրական երգի-պարի համույթները, «Միլեն» շոու-բալետը, «Միքայել Ոսկանյան և ընկերներ» նվագախումբը, որի էթնո-ջազ կատարումների ներքո էլ ամփոփվել է «Երևան ՏԱՐԱԶֆեստ» առաջին փառատոնը՝ «Տերյան» մշակութային կենտրոնի և հագուստի դիզայներ/մոդելավորող Արամ Նիկոլյանի տարազային զգեստների անհատական հավաքածուների ցուցադրությամբ։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us