Երևանի ծննդյան օրը Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» և «Երիտասարդական» կայարաններում մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրը բացառիկ հնարավորություն ունեն արխիվային լուսանկարների միջոցով վերհիշելու Երևանի անցյալը:
«Հին Երևանը. հայացք ապագայից» ցուցադրությունում ներկայացված լուսանկարները մայրաքաղաքի տարեգրության 19-րդ դարավերջից մինչև 20-րդ դարի առաջին կես ընկած ժամանակահատվածի երևանյան դիմագծի, բարքերի ու քաղաքային միջավայրի լուռ վավերագրերն են, որոնք ժամանակավորապես Երևան քաղաքի պատմության թանգարանի պահոցներից հանգրվանել են մետրոպոլիտենի սպասասրահներում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Երևան քաղաքի պատմության թանգարանը հիմնադրվել է 1931թ.: Լինելով Երևանի քաղխորհրդի կոմունալ բաժնին առընթեր՝ սկզբում կոչվել է Կոմունալ թանգարան, իսկ 1936թ. վերանվանվել է Երևան քաղաքի պատմության թանգարան:
Թանգարանը հիմնադրման պահին զբաղեցրել է Երևանի հրշեջ վարչության շենքի 2-րդ հարկի սենյակներից մեկը: 1936թ. տեղափոխվել է Կապույտ մզկիթ (Գյոյ-ջամի), որտեղ գործել է մոտ 56 տարի:
1994-1997թթ. գտնվել է նախկին Հռիփսիմյան իգական գիմնազիայի, իսկ 1997-2005թթ.` Շահումյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի մասնաշենքում: 2005թ. հաստատվել է Երևանի քաղաքապետարանի նորակառույց շենքում` քաղաքապետարանի հետ կազմելով միասնական ճարտարապետական համալիր...