Երևանի պատմության թանգարանում կբացվի «Տիկնիկային պատմություններ» ցուցահանդեսը

Երևան քաղաքի պատմության թանգարանի թեմատիկ ցուցահանդեսների սրահում 2014թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 15:00-ին, տեղի կունենա «Տիկնիկային պատմություններ» ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը:

Ցուցահանդեսի նպատակն է տիկնիկային պատմությունների միջոցով տիկնիկը ներկայացնել որպես բազմաժանրային, բազմաբնույթ մշակութային երևույթ, որը «ներխուժել» է կյանքի գրեթե բոլոր ոլորտներ:

Ուշագրավ է, որ ցուցահանդեսում առաջին անգամ գեղարվեստական արժեք ունեցող հեղինակային ձեռակերտ տիկնիկների հետ մեկտեղ ներկայացվում են խորհրդային տարիների զանգվածային արտադրության տիկնիկներ, որոնք արդեն իսկ դարձել են մի քանի սերունդների հուզիչ հիշողությունների վկան:

«Տիկնիկային պատմությունները» սկսվելու են հայկական ծիսական տիկնիկներից և ավարտվելու թատրոնում «աշխատող» տիկնիկների պատմությամբ:

Ցուցադրված տիկնիկների մեջ իրենց «տարիքով» առանձնանում են ազգությամբ հայ Սոֆյա Ախշարումովայի պատրաստած տիկնիկները (ԵՔՊԹ-ի հավաքածու), որոնք գրեթե 100 տարեկան են, ինչպես նաև 1900-ական թվականների գերմանական «Արմանդ Մարսել» ֆիրմայի ճենապակյա տիկնիկը:

«Տիկնիկային պատմություններ» ցուցահանդեսի յուրաքանչյուր տիկնիկ ունի իր կյանքի պատմությունը, որով կկիսվի այցելուի հետ, չէ՞ որ, «երբ տիկնիկի մեջ հոգի է իջնում, նա դադարում է տիկնիկ լինելուց, շունչ առնելով խոսում է, պատմում, տխրում, ծիծաղում և նույնիսկ հեգնում»…

Երևան քաղաքի պատմության թանգարան
  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us