Տեսակետ-առաջարկ Երևանի տարիքի վերաբերյալ

yhm0720144

Հայկական լեռնաշխարհի վաղ բրոնզի դարի լավ ուսումնասիրված հուշարձան է Երևանի հարավ-արևմտյան մասում, Հրազդան գետի ձախ, այժմ Երևանյան լճի արևելյան բարձրադիր ափին գտնվող Շենգավիթ բնակատեղին, որի ուսումնասիրությամբ հնագետները զբաղվել են 1936 թվականից: (Նպատակ չի դրվել մանրամասն անդրադառնալ հնագույն Շենգավիթ բնակավայրի պատմությանը: Այդ մասին գրել են այն պեղող հնագետներ Ե. Բայբուրդյանը, Ս. Սարդարյանը և Հ. Սիմոնյանը: Անդրադառնալով այսօրվա Երևանի տարածքում գտնվող հնագույն Շենգավիթին, փորձ է արվում նշել այն պատճառները, որոնց հետևանքով անընդհատ շեշտվում է ոչ թե 6000-ամյա, այլ 3000-ամյա Երևանի մասին:): Նույն թվականին հնագետ Ե. Բայբուրդյանի ղեկավարությամբ սկսվել են բնակավայրի հնագիտական պեղումները: Հնավայրը զբաղեցրել է մոտ 6 հա տարարածք, որից այժմ պահպանվել է 1,5-2 հա:

Աշխատանքները շարունակվում են մինչև 1938 թ., իսկ այնուհետև հուշարձանը մոտ 20 տարի մոռացության է մատնվում: 1958 թ. հնագետ Ս. Սարդարյանի ջանքերով վերսկսվում են պեղումները, որոնք ընդհատումներով տևում են մինչև 1983 թ.: Նոր պեղումները վերսկսվում են 2000 թ., հնագետ Հ. Սիմոնյանի ղեկավարությամբ: Այս պեղումների շնորհիվ էլ ավելի ամբողջական են դառնում պատկերացումները հնագույն Շենգավիթի մասին: Մշակութային շերտերը կամ շինարարական հորիզոնները առաջացել են ավելի քան 2 հազար տարվա ընթացքում և ունեն մոտ 4 մետր հզորություն: Հուշարձանը թվագրվում է 4-2-րդ հազարամյակի սկիզբ ժամանակաշրջանով: Հուշարձանը թվագրվում է նաև մ.թ.ա. 5-3-րդ հազարամյակի կես ժամանակաշրջանով (Հ. Սիմոնյան, Շենգավիթի շերտագրությունը, շինարարական և կառուցապատման սկզբունքները, 2002, էջ 23):

Վաղ բրոնզի դարի մշակույթին /կուր-արաքսյան կամ շենգավիթյան/ բնորոշ էր նստակյաց տնտեսաձևը` զարգացած երկրագործությամբ, անասնապահությամբ ու արհեստագործությամբ, մասնավորապես` բարձր մակարդակի հասած խեցեգործությամբ ու մետաղամշակությամբ: Անդրադառնանաք Շենգավիթ բնակատեղիի մշակութային շերտերին:
Շենգավիթ-1 /ստորին, վաղ բրոնզ/ շերտից հայտնաբերված խեցեղենը` թասերի, գավաթների, գավերի և այլ ամանների բեկորները պատրաստված են կավից` հարդի խառնուրդով, մակերեսի սպիտակ-դեղնավուն անգոբով (Ս. Սարդարյան, Նախնադարյան հասարակությունը Հայաստանում, Ե., 1967, էջ 171), որը զարդանախշված է եղևնաձև նախշերով: Խեցեղենը հաճախ ելուստավոր շուրթով է: Շենգավիթի վաղ շերտում հայտնաբերվել են կնոջ պաշտամունքը խորհրդանշող կավից ու քարից պատրաստված կանացի արձանիկներ:

Շենգավիթ-2 շերտից հայտնաբերված խեցեղենը ավելի գեղեցիկ է: Այն ներսից գորշ կամ կարմիր է, արտաքին մակերեսը` սև, դեղնա-շագանակագույն, փայլեցված /հաճախ մետաղափայլի աստիճան/, զարդանախշված փորագիր երկրաչափական նախշերով: Խեցեղենը հիմնականում կիսակլոր /կիսագնդաձև/ կանթերով է, զարդանախշված ուռուցիկ ու ներճկված նախշերով` պարույրներով, զիգզագներով, շրջաններով, ինչպես նաև թռչունների, այծերի, ձիու, եղջերուի ու այլ պատկերներով: Ի դեպ մասնագետները 1930-ական թվականների վերջերին հետաքրքիր փորձ են կատարել շենգավիթյան խեցու գույները բացահայտելու նպատակով: Լաբորատոր պայմաններում սև, փայլեցված խեցին տաքացրել են մինչև 500˚С և նա դարձել է դեղնա-շագանակագույն: Իսկ երբ այն ներծծվել է ձեթով ու տաքացվել /թրծվել/ ավելի մեղմ կրակով, նորից իր նախկին՝ սև, փայլուն գույնն է ստացել (Е.Байбуртян, Последовательность древнейших культур Армении…, Ереван, 2011, с. 51.): Այս փորձը վկայում է, որ խեցանոթների գույնը կապված էր թրծելու ժամանակից ու ջերմաստիճանից: Թրծելուց հետո այն ձեռքով նկարազարդվել է, ընդ որում՝ հիմնականում մի կողմից:

Շենգավիթի մշակութային հաջորդ երկու շերտերում դարձյալ հանդիպում է նմանատիպ խեցի: Հայտնաբերվել են նաև կենդանակերպ /ցուլ/ գլուխներով օջախի պայտաձև պատվանդաններ, քարե գործիքներ և այլն: Կարևոր էր հատկապես մետաղե /պղինձ, բրոնզ/ իրերի ու զարդերի հայտնաբերումը: Այս շերտի պեղումների ժամանակ բացահայտվել է, որ Շենգավիթի հնագույն բնակիչները ապրել են 6-8 մետր տրամագիծ ունեցող կլոր կացարաններում և դրանց կից ուղղանկյուն շենքերում: Բացահայտվել է նաև, որ տները կառուցվել են նախորդ մշակութային շերտի տների մնացորդների հիմքերի վրա (Հ. Սիմոնյան, Շենգավիթի շերտագրությունը…, էջ 23):
Տների պատերը ունեցել են քարե հիմք, որի վրա բարձրացել է հում աղյուսե շարվածքը:

Կլոր տների կենտրոնական մասում դրվել են կլոր, զարդանախշված, երեք ելուստներով պաշտամունքային կավե օջախներ: Oջախին մոտ դրվել է մեծ, հարթ մակերեսով քարե պատվանդան /խարիսխ/, որը պահել է ծածկը պահող կենտրոնական սյունը: Ծածկը եղել է կոնաձև և պատրաստվել է ձողերից ու եղեգից, նման հայկական հազարաշեն կոչվող ծածկին: Քառանկյուն շինություններն ունեցել են հարթ ծածկ, որը սվաղել են կավե շաղախով:

Կացարանների հատակը սալահատակվել է գետաքարերվ կամ մանր խիճով, որն այնուհետև սվաղել են կավե հարդախառն շաղախով: 2003 թ. պեղումների ժամանակ բացահայտվել է, որ առանձին կառույցներ ունեն հարթ մակերեսով ողորկ կավե հատակ:

Շենգավիթն ունեցել է պարիսպ /աշտարակներով/, որի շարվածքը կիկլոպյան է, կառուցված բազալտե անմշակ ու հսկա քարերից, առանց շաղախի: Պարսպի տակ, հյուսիսային կողմում հայտնաբերվել է դեպի Հրազդան գետն իջնող սալապատ գետնուղի:

Շենգավիթի 3-րդ և 4-րդ մշակութային շերտերի ժամանակ բնակիչներն առաջվա նման ապրում են քարե հիմքով հում աղյուսե շարվածքով կացարաններում և դրանց կից քառանկյուն տներում: Գործիքների մեծ մասը դեռևս քարից է, որոնք կայծքարից և վանակատից /օբսիդիան/ պատրաստված երկարավուն բարակ շեղբերից դանակներ, քերիչներ, նետերի ծայրեր ու մանգաղի ներդիրներ են, հղկված քարե մուրճեր, կացիններ, հավանգներ, սանդեր, աղորիքներ ու բրիչներ: Ոսկրե իրերից հայտնաբերվել են իլիկի գլուխներ, նետասլաքներ, հերուններ, ասեղներ, կարթեր, հելուններ և այլն: Հայտնաբերվել են նաև ուլունքներ, գնդաձև քարե գուրզեր և այլն: Քարե ու ոսկրե գործիքների հետ հանդիպում են պղնձե իրեր, որոնց թիվը վերին շերտում մեծանում է: Իրենց գեղեցկությամբ դարձյալ աչքի են ընկնում խեցանոթները: Դրանց վրա փորագրված են նուրբ գծային երկրաչափական պատկերներ: Հատկապես հարուստ է Շենգավիթի վերին` 4-րդ շերտի մշակույթը, որի ժամանակ բացառիկ վարպետության է հասնում խեցեգործությունը: Այդ են վկայում հայտնաբերված մանր ու խոշոր ամանները, սափորները, կարասները, կճուճները, գավաթները, քրեղանները, թասերը, սկահակները, ծորակով ամանները և այլն: Շենգավթից, նաև Հայկական լեռնաշխարհի հողագործական այլ բնակավայրերից /Սև-բլուր, Շրեշ-բլուր, Մոխրաբլուր, Էլար, Արագած/ հայտնաբերված այս մշակույթը ստացել է երկրաչափական նախշերով, սև փայլեցված խեղեղենի մշակույթ անվանումը, որը Շենգավիթ բնակավայրի անունով կոչվում է շենգավիթյան մշակույթ /անվանումը տրվել է Ե. Բայբուրդյանի կողմից /:

Շենգավիթում, պարսպից դուրս հայտնաբերվել է դամբարանադաշտ: Պեղված յուրաքանչյուր դամբարանում թաղված են տասնյակ մարդիկ: Ենթադրվում է, որ դրանք ընտանիքների տոհմական դամբարաններ են: Դամբարաններում հանգուցյալների հետ դրվել են սև փայլեցված կավե ամաններ, կճուճներ, գավաթներ, սարդիոնից ու հասպիսից /յաշմա/ ուլունքներ, կայծքարից և օբսիդիանից նետասլաքներ, քարե գուրզեր, պղնձե ապարանջաններ, գնդասեղներ, քունքազարդ, ականջօղ և այլն:

Պարսպից դուրս առաջացած դամբարանադաշտի գոյությունը բացատրվում է հետևյալ կերպ: Առաջ է քաշվում այն տեսակետը, որ Շենգավիթ քաղաքատեղին ավելի մեծ տարածք է զբաղեցրել, քան ենթադրվում է: Ավելի ուշ, ինչ-ինչ պատճառներով, քաղաքատեղին պարփակվել է պարսպապատ տարածքում, իսկ լքված թաղամասը վեր է ածվել դամբարանադաշտի: Ենթադրվում է նաև, որ լքված արվարձանը բնակեցված է եղել մ.թ.ա. 3-րդ հազարամյակի 1-ին քառորդում: Լքվելուց հետո՝ մ.թ.ա. 3-րդ հազարամյակի 2-րդ քառորդում այդ տարածքում ձևավորվել է դամբարանադաշտը (Հ. Սիմոնյան, Շենգավիթի դամբարանադաշտը…):

Պարիսպներից դուրս հայտնաբերված դամբարանների աճյունների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դամբարանների «տերերը պատկանում են կլոր, կարճագանգ, /բրախիցեֆալ/ մարդաբանական տիպին» (Ս. Սարդարյան, էջ 250): Հայտնաբերված գանգերից մեկը վերականգնել է պրոֆ. Ա. Ճաղարյանը: Այն համապատասխանում է Հայկական լեռնաշխարհում տարածված արմենոիդ մարդաբանական տիպին: Շենգավիթի ու շենգավիթյան մշակույթը կրող բնակիչների մասին Ե. Բայբուրդյանը գրում է. «… նրանց համար պետք չէ նախահայրենիք փնտրել: Տեսնում ենք, որ շենգավիթյան մշակույթը ամբողջովին կապված է Հայաստանի տարածքի հետ, որ հաջորդ մշակութային ժամանակաշրջաններում պարզապես շենգավիթյան մշակույթի զարգացում է տեղի ունեցել: Շենգավիթ բնակավայրի բնակիչները ամենայն հավանականությամբ տեղի բնիկներն են:»: Այնուհետև նա շարունակում է. «Ինձ թվում է, որ ոչ ոք չի կարող հերքել իմ հիմնական եզրակացությունը, որ Շենգավիթյան մշակույթը նախորդել է գծանախշ խեցու մշակույթին, որ այս մշակույթը նախնադարյան հասարակության մշակույթ է, որի բնակիչները Հայաստանի հնագույն բնակիչներն էին» (Е. Байбуртян, с. 60.):

Շենգավիթի բնակիչները զբաղվել են երկրագործությամբ /բրիչային/: Այդ են վկայում հայտնաբերված գարու, ցորենի, կորեկի հատիկները, հացահատիկի հորերը, ինչպես նաև քարե բրիչները, աղորիքները, սանդերը, վարսանդները, մանգաղի կայծքարե ներդիրներն ու պղնձե մանգաղները: 2000 թ. կատարված պեղումների ժամանակ Շենգավիթում հայտնաբերված հացահատիկի հորերը ունեցել են ավելի քան 4 մետր խորություն և կարող էին ամբարել մինչև 2-4 տոննա հացահատիկ, որը մեծ քանակ էր այդ ժամանակների համար:

Շենգավիթի բնակիչները զբաղվել են անասնապահությամբ: Ցուլի, ոչխարի, այծի, ընտանի խոզի, ձիու, էշի և շան հայտնաբերված ոսկորները վկայում են զարգացած անասնապահության մասին: Հայտնաբերվել են նաև ձիու երկու արձանիկի գլուխ, խեցանոթի վրա նկարված ձիու պատկեր և այլն:

Շենգավիթը արհեստագործության կենտրոն էր: Շենգավիթի բնակիչները զբաղվել են քարի մշակմամբ: Ծանոթ են եղել մանածագործությանը: Այդ են վկայում հայտնաբերված ոսկրե ասեղները և հյուսված ճոպանները: Իսկ որոշ ոսկրե գործիքներ վկայում են, որ դրանք կարող էին օգտագործվել կաշվե գոտիներ հյուսելու համար (Е. Байбуртян, с. 58.): 2000 թ. պեղումների ժամանակ հնավայրի ստորին հորիզոնում պղնձագործական ամբողջ թաղամաս է հայտնաբերվել, ուր առկա են պղնձաձուլարան, հալոցներ և հանքաքարը մշակելու գործիքների հավաքածու: Պղնձի արտադրության մեծ ծավալների /նաև արտահանման/ մասին է վկայում Շենգավիթի ստորին շերտի միայն մեկ արհեստանոցից հայտնաբերված հալոց-կավանոթների պարունակած մետաղի քանակությունը, որն ավելի քան 300 կգ ձուլածո պղինձ է: Հետազոտությունները ցույց են տվել, որ պղինձը բերվել է Ալավերդու հանքերից (Հ. Սիմոնյան, Ա. Գնունի, Հայաստանի սոցիալ-քաղաքական իրավիճակը վաղ բրոնզի դարում (ըստ հնագիտական աղբյուրների), էջ 63: Հ. Սիմոնյան, Շենգավիթի շերտագրությունը…, էջ 24):

Շենգավիթի մշակութային ստորին շերտերում սոցիալական շերտավորման հետքեր չեն նկատվում: Դամբարաններում ուղեկցող նյութը բոլորի համար միատեսակ է: Նոր պեղումների ժամանակ նկատելի են դառնում հասարակության շերտավորման որոշ տարրեր, մասնավորապես վերին մշակութային շերտերում: 2003 թ. պեղումների ժամանակ բացահայտվել է, որ կացարանները կառուցվել են տարբեր շինանյութերով: Առանձին կառույցներ ունեն հարթ մակերեսով ողորկ կավե հատակներ: Ուշադրության արժանի է այն փաստը, որ հավանաբար սեյսմիկ նպատակով սենյակների պատերը հատուկ ձևով են կառուցվել: Դրանց ամրություն տալու նպատակով հեղուկ կավալուծույթի մեջ թաթախված խսիրը շերտ առ շերտ փռել են շարվող քարերի վրա (Հ. Սիմոնյան, Շենգավիթի շերտագրությունը…, էջ 24): Այսպիսի բարդ ու միջոցներ պահանջող շինարարություն ոչ բոլորը կարող էին թույլ տալ իրենց: Ունևոր խավի տներին կից հայտնաբերվել են նաև տնտեսական շինություններ և ցորենի հորեր: 2003 թ. պեղումների ժամանակ հորերից մեկում հայտնաբերվել է հղկված մակերեսով գծազարդ խորհրդանշաններով կանաչավուն գետաքարից պատրաստված կնիք (Հ. Սիմոնյան, Լ. Խաչատրյան, Շենգավիթ բնակավայրի 2003 թ. պեղումները…, էջ 57): Հայտնի է, որ կնիքով կնքել են հացահատիկի հորերը: Պետք է կարծել, որ անձնական կնիքով կնքվել է որևէ մեկի սեփական հացահատիկի հորը: Հորը կարող էր նաև հանրային լինել, իսկ կնքողը` իշխանություն ունեցող մեկը, սակայն փաստն այն է, որ որևէ մեկի իշխանությունը խորհրդանշող իր կար արդեն: Իշխանության և ունևորության մասին են վկայում նաև հայտնաբերված կիսաթանկարժեք քարերից պատրաստված տասնյակից ավելի գուրզերը, լավ հղկված օնիքսե գավազանը և այլն: Շենգավիթում հայտնաբերվել են նաև հյուղակներ և տարբեր շինանյութերից մի կերպ կառուցված կացարաններ: Այս ամենը խոսում է Շենգավիթում առկա հասարակական ու տնտեսական շերտավորման մասին:

Վաղ բրոնզեդարյան մի շարք բնակավայրերում պեղումների ժամանակ բացահայտորեն որոշ շինություններ տարանջատվում են կացարանների ընդհանուր զանգվածից: Զգացվում է, որ դրանք սրբատեղիներ ու ծիսական կառույցներ են եղել, քանի որ հայտնաբերվել են նաև զոհասեղաններ /Մոխրաբլուրի 3-րդ շերտը/, սրբազան մոխիրը պահելու հորեր, շարժական ծիսական օջախներ և այլն:

Ինչպես նկատում ենք, Շենգավիթյան մշակույթը կրում է վաղ քաղաքակրթություններին բնորոշ մի շարք հատկանիշներ. երկրագործություն, անասնապահություն, խեցեգործություն, մետաղամշակություն: Վաղ քաղաքակրթությանը բնորոշ էր նաև բնակավայրերի /վաղ քաղաքների/ յուրատեսակ դասավորվածությունը, երբ կենտրոնական բնակավայրի /քաղաքի/ շուրջը ձևավորվում էին այլ բնակավայրեր: Այսպես. Շենգավիթի շուրջը ձևավորվել են Մուխաննաթ-թափա /Կայարանամերձ հրապարակի մոտակա բլուր/, Թաիրովի, Խորումբուլաղի հուշարձան-արբանյակները (Է. Խանզադյան, Հայկական լեռնաշխարհի մշակույթը Ք.ա III հազարամյակում, Երևան, 1967):

Հնագույն առաջավորասիական այլ վաղ քաղաքների նման իբրև կենտրոնական ամրոց-քաղաք, Շենգավիթի շուրջը ևս առաջանում են այլ բնակավայրեր: Հետագայում, երբ Շենգավիթ բնակավայրն արդեն չկար, նրա շուրջը, հատկապես մոտակա բլուրների վրա /Կայարանամերձ հրապարակի մոտակա բլուր, Ծիծեռնակաբերդ, Արին- բերդ բլուր, Կարմիր բլուր/ հիմնվում են նոր բնակավայրեր:

Ընդհանրացնելով նյութը նկատում ենք. Շենգավիթն ունի վաղ քաղաքներին բնորոշ հատկանիշներ. պարսպապատ է, կատարվել են ծիսական արարողություններ, նկատվում են սոցիալական շերտավորման և մասնավոր սեփականության առաջացման տարրեր, բնակիչները զբաղվել են երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով, որը ենթադրում է նաև առևտուր:

Շենգավիթ բնակավայրը գոյություն է ունեցել ավելի քան երկու հազար տարի: Այնուհետև անհայտ պատճառով բնակիչները լքել են բնակավայրը: Սակայն կյանքն այսօրվա Երևանի տարածքում շարունակվել է: Այդ են վկայում Երևանի զանազան թաղամասերում գտնվող հնագույն բնակավայրերից ու դամբարաններից հայտնաբերված հնագիտական իրերը: Շենգավիթյան մշակույթը ևս անհետ չի կորել: Այն երևան է գալիս այսօրվա Երևանի այլ մասերում` Ավան, Քանաքեռ, Զեյթուն թաղամասերում, Ծիծեռնակաբերդում /մ.թ.ա. 2-րդ հազարամյակի սկիզբ – մ.թ.ա. 2-րդ հազարամյակի կես/, Կայարանամերձ հրապարակի մոտակա բլուրում, Կարմիր բերդում, Կարմիր բլուրում /մ.թ.ա. 2-րդ հազարամյակի վերջ/ և այլն: Մասնավորապես շենգավիթյան տիպի խեցի երևան է գալիս Հրազդան գետի աջ ափին գտնվող Կարմիր բերդի /Ֆիզիկայի ինստիտուտի մոտ/ դամբարանադաշտից հայտնաբերված /մ.թ.ա. 2-րդ հազ. վերջ/ սև ու գունազարդ խեցանոթների նմուշներում: Իսկ Կարմիր բլուրի նախաուրարտական բնակատեղին, որ գտնվում է Թեյշեբաինի քաղաքի ուրարտական մշակութային շերտի տակ, թվագրվում է մ.թ.ա. 13-8-րդ դարերով: Ստորին այդ շերտի պեղումների ժամանակ հայտնաբերվել են Շենգավիթի կացարանների նման տներ, մեծ քանակությամբ ուշ բրոնզեդարյան սև փայլեցված խեցեղեն, քարե և մետաղե առարկաներ, կավե կուռքեր, օջախներ (Ս. Եսայան, Կարմիր բլուր, Ե., 1982, էջ 57-66):

Այսպիսով Երևանի տարածքում գտնվող հնագույն Շենգավիթ բնակավայրը իր վաղ բրոնզեդարյան մշակույթով նույնանում է հին աշխարհի հայտնի քաղաքներ Նինվեի, Ուրի, Քիշի, Շոշի /Սուզա/, Տրոյայի, Կրետեի և Միքենեի ստորին շերտերի պեղված բնակավայրերի հետ, որոնք թվագրվում են մ.թ.ա. 4-2-րդ հազարամյակներով: Ընդունված է, որ թվարկված վերոհիշյալ յուրաքանչյուր բնակավայր մոտավորապես 4-6 հազար տարեկան է: Իսկ հնագույն գրավոր աղբյուրներում /շումերական, աքադական, խուրիական, խեթական, ասուրական/ վերոհիշյալ բնակավայրերի հիշատակումներըը վերաբերում են մոտավորապես մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակներին: Ինչպես նկատում ենք այդ քաղաքների տարիքը որոշելու ժամանակ հաշվի է առնվել ոչ թե նրանց գրավոր հիշատակումը հնագույն գրավոր աղբյուրներում, այլ պեղումների ժամանակ հայտնաբերված հնագիտական նյութը: Մինչդեռ Երևանի տարիքը որոշելու ժամանակ հաշվի է առնվել Երևան /Էրեբունի/ անվան առաջին գրավոր հիշատակումը սեպագիր արձանագրության մեջ: Մ.թ.ա. 782 թ., հայոց Արարատ-Ուրարտու պետության թագավոր Արգիշտի 1-նը այսօրվա Երևանի տարածքում գտնվող Արին- բերդ բլուրի վրա հիմնել է Էրեբունի անունով բերդաքաղաք և վավերացրել սեպագիր արձանագրությամբ: Երևանի տարիքը հաշվարկվում է հենց այդ` մ.թ.ա. 782 թ.: Ստացվում է, որ Նինվեն, Ուրը, Շոշը և մյուս քաղաքները 4-6 հազար տարեկան են, իսկ Երևանը, որի տարածքում գտնվող Շենգավիթն ավելի քան 6 հազար տարվա պատմություն ունի, ընդհամենը 2793 տարեկան: Թե իչպես են կոչվել այսօրվա Երևանի տարածքում գտնվող մ.թ.ա. 4-2-րդ հազարամյակներով թվագրվող բնակավայրերը` այսօրվա Շենգավիթը, Ավանը, Զեյթունը /Կիրզա/, Ծիծեռնակաբերդը և մյուսները, հայտնի չէ: Երևանի տարածքում գտնվող առաջին բնակավայրը, ինչպես վերևում նշվեց, Էրեբունին է, որի հիմնադրման ու անվանակոչության մասին Արգիշտի 1-նը թողել է արձանագրություն:

Հայտնի է, որ Երևանի 2750 ամյակը տոնվել է 1967 թ., խորհրդային իշխանության տարիներին, երբ ազգային ինքնության յուրաքանչյուր դրսևորում կասեցվում էր խորհրդային իշխանության կողմից: Այս պայմաններում թույլատրվում է մեծ շուքով տոնել Երևանի ծննդյան օրը: Առաջին հայացքից դա ուրախացնող երևույթ էր, սակայն խորհրդային պետության մեջ հենց այնպես ոչինչ չէր արվում: Համահարթեցվում ու հավասարեցվում էին այնտեղ ապրող ժողովուրդների մշակույթները, պատմությունները և այլն: Վերահսկողությունը հատկապես մեծ էր հայոց պատմության ու հայոց լեզվի հանդեպ: Բավական է հիշել, որ խորհրդային պատմագրությունը վրացիներին, ադրբեջանցիներին ու հայերին /այս հերթականությամբ/ ուրարտական մշակույթի ժառանգորդներ էր համարում, հայոց պատմությունը սկսվում էր մ.թ.ա. 1-ին հազարամյակի 2-րդ կեսից և այլն: Շենգավիթ բնակավայրի թվագրման հարցը ևս քննարկման թեմա է դարձել դեռևս 1930-ական թվականներին: Այսպես. ժամանակի անվանի գիտնականներ Ե. Բայբուրդյանը, Ե. Լալայանը և Խ. Սամվելյանը շենգավիթյան մշակույթը թվագրում են նոր քարի դարով /նեոլիթ/: Սակայն ավելի երիտասարդ սերնդի հնագետները փորձում են շենգավիթյան մշակույթը թվագրել մ.թ.ա. 1-ին հազարամյակի 2-րդ կեսով: Երիտասարդ սերնդի այդ հնագետները նաև այն գիտնականներն էին, որոնք հայերին ու հայկական մշակույթը Հայաստանի տարածքում տեսնում էին մ.թ.ա. 1-ին հազարամյակի 2-րդ կեսից՝ Բեհիսթունյան արձանագրության մեջ Հայաստան անվան հիշատակումից հետո: Շենգավիթյան մշակույթը, հատկապես խեցեղենը ուշադրության են արժանանում նաև մոսկովյան հնագետների կողմից, որոնք սակայն ոչ մի կերպ չեն ցանկանում ընդունել հայտնաբերված խեցին մ.թ.ա. 3-րդ հազարամյակի վերջ-2-րդ հազարամյակի սկիզբ թվագրման հետ և գտնում են, որ ավելի ընդունելի տարբերակը մ.թ.ա. 2-րդ հազարամյակն է (Е. Байбуртян, с. 60):
Համահարթեցման, տեղական մշակույթններն ու ազգայինը մերժելու պայմաններում, խորհրդային իշխանությունը չէր կարող թույլ տալ, որ հայոց մայրաքաղաքը հինգ կամ վեց հազար տարվա պատմություն ունենա: Իսկ 2750-ամյա Երևանի գոյությունը վավերացված էր Արգիշտի 1-նի սեպագիր արձանագրությամբ, որը հնարավոր չէր ժխտել, և կազմակերպվում է քաղաքի հիմնադրման տոնակատարությունը: Ավելին չէր կարելի և ամեն ինչ արվում է, որ հայերը բավարարվեն դրանով: Հրապարակ է նետվում այն թեզը, որ Երևանի տարածքում գտնվող 6000-ամյա բնակավայրը Էրեբունի անունը կրող բնակավայրը չէ: Նաև ծայրահեղ հարցադրում է արվում, ինչու՞ չի ասվում, որ Երևանն ավելի քան 100.000 տարեկան է, չէ որ Հրազդան գետի ափին, Երևանյան լճի մոտ գտնվող Երևանյան քարայրից հայտնաբերված հնագիտական նյութը ավելի քան 100.000 տարեկան է: Ինչպես նկատում ենք, անգամ այս հարցադրումից պարզ է դառնում, որ Երևանը բնակեցված է եղել տասնյակ հազարավոր տարիներ առաջ և շարունակում է բնակեցված լինել: Իսկ ընդունված է, որ ժամանակակից մարդու կողմից ստեղծված քաղաքակրթությունը մոտ 12-14 հազար տարվա պատմություն ունի: Կարող ենք նաև ասել, որ այսօրվա Երևանը /նրա տարածքը/ ոչ միայն բնակեցված է եղել հազարավոր տարիներ շարունակ, այլև վաղ բրոնզի դարում նրա թաղամասերից մեկը՝ Շենգավիթը, Հայկական լեռնաշխարհի հայտնի բնակավայրերից մեկն էր: Եվ եթե այսօր հայտնի չէ Երևանի տարածքում` Շենգավիթ թաղամասում գտնվող այդ բնակավայրի հնագույն անունը, դա չի նշանակում, որ չպետք է հիշենք այդ մասին ու չկապենք այն Երևանի հետ: Չէ որ այսօրվա Երևանը իր կազմում ընդգրկված թաղամասերի ամբողջություն է /Շենգավիթ, Ավան, Զեյթուն, Աջափնյակ, Կայարանամերձ հրապարակ, Ծիծեռնակաբերդ…/, որոնցից յուրաքանչյուրի տարածքում հայտնաբերվել են հնագույն բնակավայրերի հետքեր ու մշակութային արժեքներ: Յուրաքանչյուր թաղամաս Երևանի բաղկացուցիչ մասն է, յուրաքանչյուր թաղամասի պատմություն` Երևան քաղաքի պատմության մի մասը: Իսկ բոլոր թաղամասերի պատմությունը` Երևանի ամբողջական պատմությունը:

Այսպիսով, հաշվի առնելով Երևան քաղաքի հնագույն թաղամասերից մեկի` Շենգավիթի պատմությունը, կարող ենք ասել, որ հայոց մայրաքաղաք Երևանը ավելի քան 6000 տարեկան է և աշխարհի այն քաղաքներից է, որը հազարամյակներ շարունակ բնակեցված է եղել ու շարունակում է բնակեցված լինել:

Օգտագործված գրականության ցանկ

1. Е. Байбуртян, Последовательность древнейших культур Армении на основании археологического материала, Ереван, 2011, Музей истории Армении /редактор. доктор исторических наук Р. С. Бадалян/
2. Է. Խանզադյան, Հայկական լեռնաշխարհի մշակույթը Ք.ա III հազարամյակում, Երևան, 1967:
3. Ս. Սարդարյան, Նախնադարյան Հասարակությունը Հայաստանում, Երևան, 1967:
4. Հայ ժողովրդի պատմություն, Երևան, հ.1, 1971:
5. Հ. Մարտիրոսյան, Հայաստանը քարի դարից Ուրարտու, Երևան, 1971:
6. Ս. Եսայան, Կարմիր բլուր, Երևան, 1982:
7. Ս. Եսայան, Հայաստանի հնագիտություն, Երևան, 1992:
8. Յուլի Թամանյան, Շենգավիթ, Երևան, 1987 /բրոշյուր/:
9. Հ. Սիմոնյան, Շենգավիթի շերտագրությունը, շինարարական և առուցապատման սկզբունքները: Հայաստանի հնագույն մշակույթը, 2 /Է. Խանզադյանի հոբելյանին նվիրված գիտաժողովի նյութեր/, Երևան, 2002:
10. Հ. Սիմոնյան, Ա. Գնունի, Հայաստանի սոցիալ-քաղաքական իրավիճակը վաղ բրոնզի դարում /ըստ հնագիտական աղբյուրների/: Հայկական լեռնաշխարհը hայոց և համաշխարհային քաղաքակրթության բնօրրան, Հայագիտական գիտաժողով, Երևան, 2003 թ.:
11. Հ. Սիմոնյան, Լ. Խաչատրյան, Շենգավիթ բնակավայրի 2003 թ. պեղումները: Հին Հայաստանի մշակույթը, XIII, Երևան, 2005 /նյութեր հանրապետական գիտական նստաշրջանի/:
12. Հ. Սիմոնյան, Շենգավիթի դամբարանադաշտը: Հին Հայաստանի մշակույթը, XIV, Երևան, 2005/նյութեր հանրապետական գիտական նստաշրջանի, նվիրված Բ. Պիոտրովսկու և Հ. Ջանփոլադյանի հիշատակին/:

Անժելա Տերյան
Երևան քաղաքի պատմության թանգարանի հնագույն և միջնադարյան պատմության բաժնի վարիչ

 «Երևան-3» գիտաժողովի նյութեր

  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us