Քնար դարձած իմ Երևան

Sargsyan

Երևանը, լինելով հայոց հնագույն քաղաքներից մեկը, իր ուրույն տեղն է գտել գրականության մեջ` հիշատակվելով որպես բնակավայր, որպես քաղաք, որպես հայոց ոստան:
Երևանի մասին առաջին հիշատակություններին հանդիպում ենք 5-7-րդ դարերի գրավոր աղբյուրներում: Որպես ավան, չափածո ստեղծագործություններում այն  հիշվում է Գրիգոր Ծերենցի տաղում, որը գրվել է 1388թ. Լենկթեմուրի ավերիչ արշավանքի առնչությամբ.

 «Եւ յԵրեւան մեծ աւանին`
Արս հինգհարիւր կոտորեցին»:

Երևանի մասին ողբ է գրվել նաև 16-րդ դարում` Մուստաֆա Լալա փաշայի կողմից քաղաքի գրավման, ավերման, բնակչության գերեվարման ու թալանի հոգեցունց նկարագրությամբ: Ողբի հեղինակը այդ դեպքերի ժամանակակից և ականատես Հովհաննես տաղասացն է: Ողբը գրված է աքրոստիկոսի ձևով:

Պատմագրական տեսակետից խիստ մեծ արժեք ներկայացնող ծավալուն ողբ է գրել Հովհաննես Մակվեցի տաղասացը: Այստեղ ասվում է, որ հայոց հազար հիսուներեք թվին, նավասարդ ամսին մոտ /այսինքն` 1604թ. օգոստոսին/ պարսից զորքը Շահ Աբասի հրամանատարությամբ պաշարել և յոթ ամիս ու յոթ օր հրանոթներով բերդի պարիսպները քանդելուց հետո գրավել է այն 17-րդ դարի հայ նկարիչ, բանաստեղծ և երաժիշտ Նաղաշ Հովնաթանը հեղինակն է Երևանի մասին գրված առաջին երգիծական բանաստեղծության` վերնագրված «Գովասանություն Երևանա քաղաքին»: Այն շատ է սիրվել ժողովրդի կողմից: Սակայն դժբախտաբար մենզ չի հասել երաժշտությունը, իսկ բանաստեղծությունը մինչև այսօր էլ ընթերցողին զվարթ տրամադրություն է պարգևում:
18-19-րդ դարերի Երևանին մենք դարձյալ հանդիպում ենք աշուղական երգերում, որի մասին խոսվել է նախորդ գիտաժողովում:
Սույն աշխատանքը գրելիս հատկապես ուշադրություն է դարձվել նորագույն շրջանի բանաստեղծների ստեղծագործությունների ուսումնասիրությանը, բանաստեղծներ, որոնք ականատես են եղել Երևանի զարգացմանը անցյալ դարի 20-ական թվականներից մինչև այսօր:
Եղիշե Չարենցով է սկսվում հայ գրականության նորագույն շրջանը, և նրա երկերում էլ հադիպում ենք վերածնվող Երևանին: Չարենցն իր «Ամենապոեմում» գրում է. «Երևան: Այսինքն – Նաիրի»: Արդյո՞ք սա իր երազների երկիր Նաիրին է, իհարկե` ոչ: Չարենցի Երևանը արձագանքն է նրա հոգեկան տվայտանքների. այն մերթ կարմիր հագած ազատատենչ քաղաք է, մերթ քաղաք` փոշոտ Աստաֆյան փողոցով, որի

Մեջտեղով ահա,
Մտքերի տակ ծանր կքած`
Անցնում է բանվոր-
Պողոս…

…Սառը ջուր:
Խաղող:
Գինի´:
Մարդիկ: Կառքեր: Մարդիկ:
Եվ ոչ- ոք չգիտեր, որ հիմա
Աստաֆյան փողոցի վրա-
Հրա~շք պիտի լինի…
«Հրաշքը» եղավ, իսկ հետո՞: Հետո ծնվեց Չեկան, և Չարենցի քնքուշ հոգին զգաց Չեկայի բիրտ ուժը…, և «Երևան» բանաստեղծության մեջ գրեց.
Ուզո՞ւմ եք` դարձնեմ <Չեկա>
Թաղանթի պես քնքուշ հոգիս…

Իսկ Երևա՞նը.

Գրաստի նման անլեզու
Քնել է Երևանն ահա:
Գլուխը դրած Քանաքեռ`
Ոտքերը Մասիս է երկարել:

Երևա՛ն, ես սիրում եմ քեզ,
Գորշավազ շենքերդ քարե:

Ապա շարունակում է.

Կախվում է:
Կախվել է ուզում:
Ձանձրացել եմ, ասում է, կյանքից:

Դու գիտե՞ս, ասում է, – բազում
Քաղաքներ կան` եռուն, անհանգիստ…
Ավտո՛ է այնտեղ արաբան,
Փողոցի լապտերը` լուսին:
Շարել են իրենց զիստերին
Կամուրջները, որպես օղեր…
Ախ, նրանք – պայծառ, ոսկերիզ,
Իսկ ես – գաղթական Շողեր…
1920-30-ական թվականներին Երևանում սկսվեցին կառուցապատման աշխատանքները: Ակադեմիկոս Ալ. Թամանյանի նախաձեռնությունն աննախադեպ երևույթ էր քաղաքաշինության մեջ, դժբախտաբար, նա չապրեց տեսնելու համար իր ծրագրերի կյանքի կոչվելը: Այն գիշեր /դա 1936թ. փետրվարի 21-ն էր/, երբ կտրվեց նրա կյանքի թելը, Չարենցը գրեց «Մահվան տեսիլ» բանաստեղծությունը …

Նրա կոպերը երեկ երբ քարացել են խաղաղ-
Կապույտ բոցով բռընկված վեջին ջերմով ուղեղի
Նա տեսել է երևի արևային մի քաղաք…
Ինչպես մաքուր մարմարի կապույտ կողին նկարած
Արևային ժամացույց` քարտե՛զն ահա քաղաքի:

Ավաղ, արևային քաղաքը չկարողացան տեսնել ոչ Չարենցը, ոչ էլ Ալ. Թամանյանը:

Երկրի քաղաքա-տնտեսական պայմանները թույլ չէին տալիս կառուցապատումն արագացնել. ձգձգվում էր հատկապես Թամայանի նախագծած Ժողտան /օպերայի/ շինարարությունը: Այդ կապակցությամբ շատ հետաքրքիր է կարդալ Վահրամ Ալազանի` ըստ Գողթան երգիչների 1932թ. գրած «Պարոդիան», որն ուղղված է Երզնկյանին.

Յերկներ յերկիր /ոչ յերկինք/
Յերկներ քաղաքն Երևան
Յերկնեյին քար, ավազ, կիր
Յեվ քուչաները հիվանդ

Յերկներ այգի ու ոթղոց
Յերկներ քաղաքն իր տեղով
Արամայիս Երզնկյան-
Դողայր յերկնի այդ դողով

Ընդ յերկունքի` դրամ ու թիվ յելաներ
Ընդ յերկունքի` նախահաշիվ յելաներ
Գիշեր ու տի~վ յելաներ:
Ընդ յերկունքի` Ժողտուն բնավ յելաներ:

Մեկ այլ բանաստեղծության մեջ Վահրամ Ալազանն արտահայտում է այն միտքը, թե դյուցազնավեպի հերոսների նման Երևանն աճում ու կառուցվում է ժամ առ ժամ.
Որպես Դավիթ, որպես Մհեր, որն աճում է ժամ առ ժամ,
Հաղթանակի ճանապարհին, Երևանը իմն է միշտ:

Համանման միտք է արտահայտել նաև Նաիրի Զարյանը «Երևանյան ասմունքներ» շարքում.

Ինչպես հեքիաթական մանուկն օրորոցում`
Դու մեծանում ես ժամերով:
Քանդվում է ամեն օր
Հնադարյան խարխուլ մի տուն,
Եվ կառուցման փոշին
Արևի տակ ծածանելով`
Ելնում է նորը
Հոյակապ ու վարդագույն:

Ամենայն հայոց բանաստեղծուհին` Սիլվա Կապուտիկյանը, տարբեր տարիների հրատարակած գրքերում շատ հաճախ է անդրադարձել Երևանի թեմային.«Երևանի հին պանթեոնում», «Երևանի ձայնը», «Երևանի լույսերը», «Ես և իմ քաղաքը», «Խոհ` Երևանով քայլելիս», «Տրամվայը», «Երևանյան երգ», «Նորից Երևանում», «Երևանի աշունը»: Ահա մի պատկեր «Ես և իմ քաղաքը» բանաստեղծությունից, որտեղ այնքա~ն անմիջականություն կա, որ թվում է` դա ընթերցողի հոգու արձագանքն է.

Դուրս գամ իմ լռիկ սենյակից ու բանուկ փողոցները գնամ,
Իմ առջև թող փռվի~, լայնանա~ ու բացվի քաղաքը իմ դեմ,
Խառնվեմ մարդկա~նց, արևի~ն, ծառերի՛ն, ջրերի՛ն, գարնան,
Ոտքիս տակ ասֆալտը ծխա ու տամուկ բույրե~րը հորդեն:

«Տրմվայը» բանաստեղծության մեջ հեղինակը երազում է կրկին վայելել հին օրերի հրճվանքը.
Այս նոր ու շքեղ շենքերի միջով,
Ճեղքելով այս ճոխ լույսերի փայլը,
Երե՛ք կոպեկով, երե~ք կոպեկով
Նա տանում է ինձ դեպի անցյալը:

Տանում Աբովյան փողոցով ի վեր,
Մաքուր զնգոցով լցնում քաղաքը.
Ա՛խ, գեթ մի վայրկյան ինձ նորի~ց տրվեր
Այն հին օրերի զնգուն հրճվանքը…

Բանաստեղծներից շատերը քաղաքամայր Երևանին ձոնած տաղերում Երևանը համեմատում են Անի քաղաքի հետ, նրանցից Շիրազն օրինակ «Երևան» բանաստեղծության մեջ գրում է.

Ու նայում եմ Երևանին, կանգնած բլրին Էրեբունի,
Հին Անիս է վերածնվում բարուրի մեջ Երևանի,
Վեր կամարվում ժայռաբարուր հազարագեղ գմբեթվելով,
Մի նոր հայոց հրաշք դառնում` մայր Անիին նմանվելով,
Հազար ու մի եկեղեցիք փոխվում են ճոխ պալատների,
Սուրբ զանգերի ղողանջի պես ժխորն է բյուր հայ մուրճերի:

Եվ կամ`
Ով չի հնուց այս աշխարհում հայ հանճարին խանդել,
Հայը շինել է սովորում, իսկ ոսոխը` քանդել…
Բարբարոսը պղծում է դեռ անգամ ավեր Անին,
Խանդից պայթում, որ Մասիսն է նայում Երևանին…2

Մարգարիտ Տիրոսյանը «Անի» բանաստեղծության մեջ շնորհավորում է Երևանին` երեք տասնյակ դար ապրելու կապակցությամբ և ափսոսում, որ Անին չի կարող ողջունել իր Քույր քաղաքին.
Խինդ է իմ ջահել հին Երևանում,
Փառքի ու երգի և ծաղկի տոն է.
Հպարտ է շքեղ իմ Երևանը,
Գինին է հոսում, բարիքի թոն է-
Մեր խինդը սակայն դու չես բաժանում:
Մեր ոսկեհատիկ արտերը դեղին
Մի ձորով են լոկ քեզնից բաժանվում.
Քո մոտիկ հեռվից ծննդյան օրին`
Հրաշքով լուսե` ի լուր աշխարհին-
Ողջույնդ հասներ Քույր Երևանին:

Երևանի նկատմամբ խիստ ինքնատիպ մոտեցում ունի Պարույր Սևակը: Նա համեմատում է քաղաքը արբունքահաս պատանու հետ.
Նա փոխվում է ամեն վայրկյան`
Արբունքահաս պատանու պես,
Ե՛վ դեռ մանուկ, և՛ առնական,
Արբունքահաս պատանու պես:

Ինքն իր աչքում երեկ տգեղ,
Ինքն իրենից դժգոհ այնպես,
Հիմա հրճվում է իրենով`
Արբունքահաս պատանու պես:4

Մեկ այլ տեղում «բառեր չի գտնում» նկարագրելու ծով հիացումի իր քաղաքը.
Ես ուզում եմ խոսել
Ինչ-որ ուրի~շ ոճով,
Բայց կորչում է ասես
Հայերենը քո ճոխ:

ի «չքնաղ» է մնում,
Մի «հոյակապ», մի «պերճ»,
Մի մեծ «չնաշխարհիկ»,
Մի «վեհ» փոքրիկ և` վե՛րջ:

Ու ծով հիացումը
Քարանում է, լռում,
Քարանում է այնպես,
Ինչպես հեքիաթներում:

Սարմենի «Երևանն ու ես» բանաստեղծությունը Երևանին նվիրված գործերից ամենաամփոփն է: Հեղինակը գովերգում է հայրենի քաղաքի կառույցները` տուֆակերտ կամարներով, պողոտաները լայնահուն ու մեծ, շատրվանները՝ արծաթասփյուռ, այգեստանները` վառ ու ծաղկաբույր, աղջիկներին` հայատիպար` ամեն մեկը շենշող մի ծիածան, աշխարհ նորոգող մանուկներին մեր, աստղածուփ երկինքը երևանյան գիշերների, հին Հրազդանի բարձունքին բազմած մեր նորահրաշ մարզադաշտը, ուր.

Ուզում եմ երբեք չտեսնել պարտված
Մեր մեծակորով մարզիկ հայորդուն:
Եվ ուր էլ գնա, ում հետ էլ չափվի,
Չկրի ոչ մի, ոչ մի պարտություն:

Չեն մոռացվել նաև համալսարանը, երաժշտանոցը, Մատենադարանը`
Որպես ոսկեղեն մի սուրբ հուշարձան`
Անսպառելի մի հարստության:
Եզրափակվում է ստեղծագործությունը խոստովանությամբ, որ կբխեր յուրաքանչյուր հայի սրտից.
Երևանը մի երգ է ինձ համար,
Մի անօրինակ աստվածային երգ,
Ո′ւր էլ լինեմ ես` կանչում է համառ,
Դեպի տուն, դեպի հայրենի եզերք:

Երևանին նվիրված գովքեր են գրել արևմտահայ բազմաթիվ բանաստեղծներ. Վահե Վահյան /«Տաղ առ Երևան»/, Կարապետ Սիտալ /«Գովք Երևանի»/, Վահե Դաքեսյան /«Երևանին»/, Մառի Աթմաճյան /«Երան սիրելիս»/, Սմբատ Տերունյան /«Իմ Երևան, քեզի կուգամ»/ Անդրանիկ Արարատ /«Երևանին»/, Հակոբ Գույումճեան, Գառնիկ Ադդարյան, Վահան Հովհաննիսյան Վենետիկի Սբ Ղազարից և այլք:

Երևանը հարազատ է դարձել և օտարների համար, և նրանք, ովքեր գեթ մեկ անգամ եղել են Երևանում, չեն մոռանում քաղաքը և այն համարում են հարազատ: Այդպիսին է Մարիա Պետրովիխը, որին այնքան լավ թարգմանել է Սիլվա Կապուտիկյանը.

Քառասունչորս թիվ: Մի հեռու աշուն:
Արևն իր վերջին շողերն է թափել:
Ա՛խ, երևանյան երկնքի լազուր,
Ա՛խ, երևանյան երկնքի ամպեր:1
Իսկ սերբ Դեսանկա Մաքսիմովիչի ստեղծագործությանը ծանոթանում ենք
Համլետ Կարճիկյանի թարգմանությամբ.
Ինչպես յոթ օրում աշխարհն արարեց
Բարերարն` Աստված,
Այդպես էլ ահա մի ճարտարապետ
Մի գիշերվա մեջ քաղաքն արարեց
Եվ ամբողջությամբ վար բերեց գետնին,
Դրա համար էլ նոր Երևանի
Տները այնքա~ն նման են իրար
Եվ ողողված են երկնային լույսով:

Երբ ընթերցում ես մեր պոետների` Երևանին նվիրած բանաստեղծությունները, հասկանում ես, որ չկա մի ոլորտ, որ վրիպած լինի նրանց ուշադրությունից.
Նորք /Համո Սահյան, Գրիգոր Չալիկյան, Մկրտիչ Խերանյան, Պարույր Սևակ,
Արարատ Այվազյան, Գառնիկ Ադդարյան, Վահագն Կարենց, Գրիգոր
Չալիկյան, Հենրիկ Արթենյան, Արամայիս Սահակյան,
Երևանի ջուր,ցայրաղբյուրներ /Աշոտ Լուսենց, Սարմեն, Վահագն Կարենց Հենրիկ
Արթենյան, Արամայիս Սահակյան,
Զանգու, Զանգվի կամուրջ /Խաչիկ Դաշտենց, Գեղամ Սարյան, Պարույր Սևակ,
Աբովյան փողոց Նաիրի Զարյան, Սարմեն, Աշոտ Լուսենց, Գառնիկ Ադդարյան
Գարիկ Բանդուրյան
Աբովյան փողոցի ծառեր /Գուրգեն Մահարի, Գուրգեն Բորյան, Համո Սահյան, Գարիկ
Բանդուրյան, Անդրանիկ Թերզյան. Հակոբ Գույումճյան,
Ամիրյան փողոց /Վազգեն Տալյան/,
Չարենցի փողոց, /Արամայիս Սահակյան
Սայաթ-Նովայի փողոց /Սարմեն/
Բարեկամության փողոց /Արամայիս Սահակյան/
Տերյանի փողոց /Հովհաննես Ղուկասյան/
Այգեստան, 8-րդ փողոց /Արամայիս Սահակյան/
Կարապի լիճ /Վարդգես Բաբայան,
Ծիծեռնակաբերդ /Սարմեն. Արամայիս Սահակյան/
Հուշարձաններ`
Սասունցի Դավիթ` Լյուդվիգ Դուրյան, Հենրիկ Թումանյան,
Երևանի գիշերները /Սարմեն, Աշոտ Գրաշի, Ժիրայր Ավետիսյան,
Էրեբունի /Նաիրի Զարյան, Աշոտ Լուսենց, Հենրիկ Արթենյան,
Երևանյան աստղեր /Հենրիկ Թումանյան,
Երևանյան լուսաբաց /Գուրգեն Բորյան,
Երևանյան արև / Սարգիս Խարազյան,
Երևանյան լույսեր /Գևորգ Էմին, Սիլվա Կապուտիկյան, Գրիգոր Չալիկյան, Նանսեն
Միքայելյան,Արամայիս Սահակյան,
Երևանի ճարտարապետ /Չարենց, Արշալույս Մարգարյան, Արտաշես Պողոսյան,
Երևանի ձայնը /Աշոտ Լուսենց,
Զեյթուն, Խարբերդ ու Կիլիկիա /Սողոմոն Մկրտչյան ,Պարույր Սևակ,
Արեշ, Մարաշ ու Արաբկիր:

1988-ին զարթոնք ապրեց Հայաստանը: Ոչ մի հայ, առավել ևս բանաստեղծ, չէր կարող անտարբեր լինել այդ երևույթի նկատմամբ, և Համլետ Կարճիկյանը գրեց.

… Ձմե՞ռ է, թե` գարուն,
Գարո՞ւն է, թե` ձմեռ.–
Խաբկա՞նք է, թե դա՞վ է, Երևան…
…Գալիք է արարում
Գարունը քո անմեռ`
Հույսերի ծփանքով հուրհրան:

Բանաստեղծուհի Մետաքսեն «Երևանի թատերական հրապարակում» ստեղծագործությամբ դիմում է ցուցարարերին, որոնք աղմկահույզ օրվանից հետո հանգչում էին վրաններում.

Իմ թագուհինե՛ր, արքանե՛ր անթագ,
Կոկոնվել, փակվել, քնել եք խումբ-խումբ
Բայց առավոտյան ծաղիկների պես
Դուք կբողբոջեք, կբացվեք նորեն,
Ու բռունցքներդ մխրճած երկինք,

«Արցա~խ, Ղարաբա~ղ» կկանչեք այնպես,
Որ կմթնդեն ամպ ու արեգակ…
Հույսերը ի դերև չեղան, և Համլետ Կարճիկյանը 1991 թվականին շարունակեց.
Ուրվականի ստվերը հորիզոնից մաքրվեց
Ու քրքրվեց պաստառը արնատեսիլ նենգ ստի,
Եվ աչքերի մեր առջև մի նոր հրաշք կատարվեց`
Աստվածները խռոված վերադարձան վերստին:

Ծանր էր 1991թ. ձմեռը. շատերը չդիմանալով, ցրտին, տնտեսական դժվարություններին, բռնեցին օտարության ճանապարհը: «Երևան, 1991 թվականի ձմեռը» բանաստեղծության մեջ Շանթ Մկրտչյանը գրեց.

Թունելների միջով
Այս շենքերը ճիչով,
Կարծես քաշում է
Մի շոգեքարշ-մշուշ:

Ա~խ, ե՞րբ դուրս կգա
Երկիրն ու իմ քաղաքը
Այս անծայր թունելից,
Այս մութից թունալի:

Ոմանք էլ դիմելով Երևանին` գրեցին.
…Չճշտված քաղաք,
միշտ պայմանական իրականություն.
Քեզ հիմա անդարձ բոլորն են լքում,
և փակ դռների ժամանակն է քո:

Արցախյան ազատամարտի տարիներին քաջերի նահատակությունը և ըստ արժանվույն գնահատված չլինելը հիասթափություն առաջացրեց շատերի մեջ, և ծնունդ առան դժգոհության տողեր.

Քո երակներում խշշացող տղերքը,
որ անպայմանական`
քեզ սիրում էին ճիշտ ու իսկական,
մի օր վեր կացան
այգուց,
փողոցից
ու սրճարանից
և զենքեր առած`
քայլեցին ուղիղ պատերազմի դաշտ,
բայց նրանք չկան քո պղինձ ու քար ոչ մի արձանում:

Եղան և հուսալքության պահեր և սրտում կուտակված վիշտն ու ցասումը թափվեց քաղաքի վրա.

…Քաղաք, քաղաք-հո՛ւշ,
շունչդ ապրում է իմ թոքերի մեջ –
ճանկռող սև կատու.
նույն մլավոցն է ունկս պաղ քերում,–
ամեն ցավի լաց լացել ենք վաղուց,-
քո ժամապահն եմ,
ե՛ս եմ,
կրակի՛ր:

…Չ՛քաղաք – միշտ անվերադարձ:

Ամենայն հայոց մայրաքաղաքը գովերգող ստեղծագործություններում հանդիպում ենք այնպիսի մակդիրների, որոնք շոյում են լսելիքդ, և ջերմ մի ալիք պարուրում է սիրտդ, որ անշունշտ, գալիս է և հարազատ Երևանի սիրուց. ահա դրանցից մի քանիսը.
վարդագույն, վարդահանդերձ, վարդաքանդակ, վարդաշողուն, վարդածիծաղ, վարդաբուխ, աստվածակերտ, հրաշակերտ, նորակերտ, հոյակերտ, պսակ ծաղկած Հայաստանի, հրաշք, ծաղկուն, չքնաղ, հզոր, աննման, մրգերի վազ, լուսավարար, քանդակազարդ, վարդ ու ոսկի, շողշողուն, նորահարս, անմահ, անհուն, արդար, ճաճանչ, շանթ, բուրյան արևային, հզորակամ, հայկյան Աթենք, հավերժական, վեհ, շքեղատես, ջահել, բարի, զվարթ, մանուկ, առնական, լուսավորյալ, հայասիրտ, հայաշունչ, հայահավաք:

Երևանի մասին գրված բանաստեղծությունները սրտաբուխ են: Դրանցից շատերը դարձել են երգ և հնչում են ռադիոյով ու հեռուստատեսությամբ, հնչում են բեմերից, տարբեր առիթներով կամ առանց առիթի: Խիստ ախորժալուր երգեր են գրվել Գևորգ Էմինի /«Իմ քարե քաղաք», «Սիրում եմ քեզ իմ Երևան»/, Արամայիս Սահակյանի /«Մեր սիրելի Երևան», «Երևան, Երևան, մեր միակ օթևան», «Միլիոնանոց քաղաք», «Երևան», Հովհաննես Ղուկասյանի /«Իմ Երևան»/, Սարմենի /«Երևան», «Նոր Երևան»/ և այլոց խոսքերով:

Հերմինե Սարգսյան
ԵՔՊԹ գիտքարտուղար

  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us