Երևանի գետնանցումների բարելավման ճանապարհը

Կ. Կոմենդարյանի նախագծի հիմնական դրույթները
2010-2011թ.

Նպատակը
Հեղինակը առաջարկում է Երևանի գետնանցումների մակերեսները զարդարել քաղաքին վերաբերող թեմատիկ պատկերներով: Նա համոզված է, որ այս տարբերակով ձևավորած գետնանցումները մի կողմից գրավիչ կլինեն քաղաքի բնակիչների և հյուրերի համար, իսկ մյուս կողմից կօգնեն բարձրացնել հասարակության գիտակցությունը և զերծ պահել անցումները քաղաքի ներկայացուցչական տեսքին խանգարող խզբզոցից, փակցված հայտարարություններից և անընդունելի գրաֆիտից:

Մտահղացման դրդապատճառները և նախապատմությունը

2010 թվականից սկսած՝ հեղինակը զարգացնում է իր մտահղացումը, թե ինչպես բարելավել Երևանի գետնանցումները հենց դասական և տեղին՝ ժամանակակից արվեստի միջոցով, առաջ բերելով «վարդագույն քաղաքի» գեղեցկությունը և ինքնությունը, նրա պատմությունը և արժեքները:

Մտահղացումը բխում է հեղինակի նախորդ առաջարկից՝ Էրեբունի-Երևան ամենամյա տոնակատարության շրջանակներում զարգացնել «Երևանի պատմության էջերը երեխաների աչքերով» մի նոր միջոցառում ևս: Նա առաջարկեց ավանդույթ դարձնելով իրականացնել մի միջոցառում. յուրաքանչյուր տարի ընտրելով քաղաքի պատմության մի էջ, համապատասխան վայրում արտապատկերել այն արվեստի միջոցով: Ընդլայնելով իր առաջարկը՝ հեղինակը նախատեսում է նաև բացօթյա արվեստի և պատմության վարպետաց դասերի կազմակերպում տարվա ցանկացած ժամանակ:

2010 թվականին հեղինակն իր մտահղացումը նախապես քննարկել է քաղաքի առաջատար գեղագիտական օջախների տնօրենների հետ, որոնք հետաքրքրություն են ցուցաբերել և տվել մասնակցության նախնական համաձայնություն: Մտահղացման մանրամասները հեղինակը ներկայացրել է քաղաքապետարան՝  պատրաստակամություն հայտնելով քննարկել այն համապատասխան ստորաբաժինների հետ և աջակցել դրա իրականացմանը: Արձագանքելով առաջարկին՝ քաղաքապետարանը գնահատեց այն դրական:

2011 թվականի ապրիլի 1-ին Հանրապետության հրապարակին հարակից գետնանցումում, տվյալ մտահղացման նման, քաղաքապետարանի աջակցությամբ իրականացավ քաղաքացիների մեկ այլ առաջարկ: Այդ օրը գեղարվեստի սաների ձեռքերով նշված գետնանցումը մաքրվեց և զարդարվեց աբստրակտ ժամանակակից և ֆուտուրիստական պատկերներով:

Առաջարկի էությունը

Ելնելով իր մտահղացումից՝ հեղինակը առաջարկում է՝

  • գետնանցումների մակերեսներում արտացոլել հարակից տեղանքի պատմական տեսարանները, իրադարձությունները և այն ժամանակվա զգեստներով մարդկանց,
  • հնարավորության դեպքում գետնանցումներում արտացոլել տվյալ տեղանքի նաև ժամանակակից պատկերները, իսկ գետնանցումների աստիճաններին հարող պատերին պատկերել դրսի տեսարաններն ուղեցույցների ձևով,
  • կիրառել արվեստի այն տեսակները, որոնք չեն խանգարի գետնանցումների նախնական ձևավորմանը ու չեն թաքցնի քարե սալիկների մակերեսը և մակատեսքը (ֆակտուրան),
  • հնարավորության դեպքում կիրառել եռաչափ ձևավորում:

Մտահղացման առավելությունները

Հաշվի առնելով վերոհիշյալը՝ հեղինակը ակնկալում է, որ՝

  • երևանցիներին և քաղաքի հյուրերին կներկայացնեն հին Երևանի պատմական էջերը և տեսարանները,
  • գետնանցումների ձևավորումները կունենան ուսուցողական և դաստիարակչական բնույթ,
  • պատկերավոր ուղեցույցները կօգնեն անցորդներին ճիշտ կողմնորոշվել տեղանքի վերաբերյալ արդեն իսկ գետնանցումի ներսում:

Լրացուցիչ տեղեկություն

Գետնանցումների ձևավորման այս մոտեցումը ներկայացվել է քաղաքապետարան և ստացել դրական գնահատական նախորդ և ներկա գլխավոր դիզայներների կողմից, որոնք ցուցաբերել են հետաքրքրություն նախագծի իրականացման հանդեպ:

Տվյալ մտահղացումն առաջացավ հեղինակի ձեռնարկատիրական գործունեության ընթացքում, որի նպատակն է՝ մոտեցնել ձեռներեցների ձգտումները,  հասարակության հետաքրքրությունները և հայկական պատմամշակութային արժեքների ճանաչումը:

Իր առաջարկը և դրույթները, գետնանցումների ձևավորման ներկայացված և մշակվող տարբերակները հեղինակը ճանաչում է որպես իր մտավոր աշխատանքի, սեփական միջոցների և ժամանակի սպառման արդյունք:

Նախագծին աջակցելու նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձինք իրենց հարցերը և առաջարկները կարող են ուղարկել հեղինակին հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ kkomend@hotmail.com:

«Երևան-3» գիտաժողովի նյութեր
  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us