Երևանի կլիման, ֆլորան, ֆաունան և էկոլոգիան

Երևանի կլիման խիստ կոնտինենտալ է, աչքի է ընկնում ուժեղ չորային, շոգամառային և բավականին հաճախակի կրկնվող ցուրտ ձմեռային եղանակներով: Մեր բազմադարյան քաղաքի հնաբնակները շրջակա միջավայրի կյանքի պայմանները մեղմելու նպատակով իրենց տներին կից հողատարածքներում կանաչ, բարեբեր և հանգստի համար նպաստավոր պայմաններ ապահովող, գեղեցիկ պարտեզներ էին ստեղծել: Այդ պարտեզներում մինչև 1940-50-ական թվականները պահպանվում էին` թթենու, բալենու, կեռասենու, սալորենու, ծիրանենու, հոնի, ունաբի և այլ պտղատու ծառերը, խաղողի տարբեր սորտերի վազերը, պարտեզների ցանկապատերը զարդարող դեկորատիվ տեսքով աչքի ընկնող վայրի խաղողի վազերը:

Այդ պարտեզներում զգալի տեղ էին զբաղեցնում դեկորատիվ ու թեյի վարդի թփերը և բազմաթիվ ծաղկատեսակներ: Այդ գեղեցիկ պարտեզները ոռոգման ջուր էին ստանում փողոցների մայթերի կողքով գործող առուներից:

Երևանի Հարավ-արևմտյան և Հյուսիս-արևելյան մասում կային խաղողի և պտղատու բազմաթիվ բարձրորակ սորտերով տարածված արտադրական այգիներ:

Քաղաքն ուներ նաև ընդհանուր հանգստի, զբոսանքի այգի: Դա անգլիական, հետագայում` Կոմունարների կոչվող այգին էր: 1930-ական թվականներից սկսած քաղաքի ծավալմանն ու զարգացմանը զուգընթաց, ստեղծվեցին Օպերայի և բալետի թատրոնի տարածքը շրջապատող, Կիրովի անվան` այնուհետև մանկական վերանվանված, ֆլորայի, Կոմիտասի անվան զբոսայգիները, Աբովյանի անվան պուրակը, Սիրահարների այգին և այլ կանաչ տարածքներ:

Երևանի հյուսիսային մասում լայնորեն զարգացավ Բուսաբանական այգին` իր Բուսաբանական գիտահետազոտական ինստիտուտով: Հետպատերազմյան տարիներին լայն թափով զարգացան Հաղթանակի և Օղակաձև զբոսայգիները: Քաղաքի արևելյան կողմադրույթուններ ունեցող սարալանջը անտառապատվեց: Դրանից որոշ հեռավորության վրա ստեղծվեց անտառապատման երկրորդ գոտին:

Երևանի պտղատու և դեկորատիվ հարուստ ֆլորայի` բուսական աշխարհի պայմաններում նաև կենդանական հարուստ աշխարհ` ֆաունա էր ձևավորվել: Վաղ գարնանից սկսած այստեղ էին գալիս բազմապիսի օգտակար թռչուններ` ծիծեռնակների, սարյակների, վարդագույն սարյակների (թթի ղուշ) հսկայական երամներ, արագիլներ, բուեր, հոպոպներ, փայտփորիկներ, զանազան գունագեղ երգող թռչուններ, չղջիկներ, որոնք ակտիվորեն պայքարում էին բուսական աշխարհի վնասատուների դեմ: Այդ թռչուններն այստեղ նաև ձվադրում, բազմանում էին, իսկ աշնանը հարուստ կազմով տաք երկրներ չվում: Կենդանական տեսակներից այստեղ կային աղվես, ոզնի, փորսուղ, սկյուռ, լորտի, օձեր, մողեսներ և այլն:

Մինչև 1980-ական թվականները Երևանի բնակլիմայական պայմանները բավական բարեփոխվել, մեղմացվել էին, շրջակա միջավայրն ավելի նպաստավոր էր դարձել նաև բնակչության համար: Բնակչությունը լայնորեն օգտվում էր հմայիչ զբոսայգիներում հանգստանալու պայմաններից:

Սակայն 1990-ական թվականներից մինչ օրս քաղաքի զբոսայգիներում լայն տարածում գտած սրճարանների, ռեստորանների, բիզնես հետապնդող խաղահրապարակներ կառուցելու հետևանքով ոչնչացվեցին բազմաթիվ ծառեր և այլ բուսատեսակներ: Այդ կառույցներում բավականին մեծ տարածքներ բետոնապատելու հետևանքով խախտվեցին մնացած բույսերի գոյատևման պայմանները` տեղի ունեցան ծառերի ու թփերի անկումներ:

Ծառատնկումների, մշակության և ոռոգման ջրի անբավարարության հետևանքով առաջացած զանգվածային չորացումների պատճառով ոչնչացան Բուսաբանական այգու բազմաթիվ խիստ թանկարժեք ծառեր և այլ բուսատեսակներ:

1990-ական թվականների խավարի և ցրտի տարիներին բնակիչներն իրենց բնակարանները տաքացնելու նպատակով զանգվածային ձևով հատեցին մայրաքաղաքի սարալանջերի և փողոցների հազարավոր ծառեր: Անտառային հատվածում ծառերի բներից առաջացած նոր աճերի նկատմամբ խնամքի ու ձևավորման աշխատանքներ չտարվելու հետևանքով դրանք հիմնականում չորացան, երբեմն էլ հրկիզվեցին, իսկ դրանց տարածքներում շենքերի շինարարություն ծավալվեց:

Քաղաքի կանաչ տարածքների մեծ կորուտներ տեղի ունեցան հատկապես կենտրոնական մասում ծավալված շենքերի աննախադեպ խիտ տեղաբաշխման հետևանքով, որտեղ անտեսվեցին կանաչ տարածքները, խաղահրապարակներ և հանգստի գոտիներ ունենակու պահանջները:

Վերջերս հրապարակված որոշ տեղեկությունների համաձայն՝ Երևանի բնակչության մեկ շնչի հաշվով պահանջվող 20 քառ. մետր կանաչ տարածքի դիմաց այն կազմում է 4-5 քառ. մետր: Այդ բոլորի հետևանքով, քաղաքի, հատկապես կենտրոնական մասում անապատացման ռեժիմ է հաստատվել:

Վերջին շուրջ 10 տարիներին հանրապետությունում, հատկապես Երևան քաղաքում, ահռելի չափերի է հասել ավտոմեքենաների քանակը, դրա հետ մեկտեղ խիստ նվազել է հասարակական տրանսպորտի` տրոլեյբուսների ու ավտոբուսների քանակը: Քաղաքից վերացվեց տրամվայը: Մայրաքաղաքում և մերձակա տարածքներում ավտոտրանսպորտի արտանետումների հետևանքով մեծ չափերի է հասել շրջակա միջավայրի աղտոտվածությունը, անբավարար վիճակում է քաղաքի սանիտարական վիճակը:

Շրջակա միջավայրին հասցված վնասների հետևանքով մեծ կորուստներ է կրել նաև ֆաունան` քաղաքի կանաչ տարածքների կրճատման և դրանց օգտագործման եղանակի փոփոխությունների հետևանքով միջավայրից անհետացել են բազմաթիվ օգտակար թռչուններ ու կենդանիներ:

Երևան քաղաքի և մերձակա տարածքների մթնոլորտի աղտոտման մեծ օջախ է  նաև Նուբարաշենի աղբանոցը: Վերջին տարիներին թեև շատ է խոսվել այստեղ աղբի վերամշակման ձեռնարկության ստեղծելու, առաջացող գազից էլեկտրաէներգիա ստանալու մասին, սակայն դեռևս այն գործնական լուծում չի ստացել:

Մեր աղբով հարուստ քաղաքի միջավայրում լայնորեն բազմացել ու տարածվել են ագռավները, որոնք ոչ միայն աղտոտում են քաղաքը, այլ լինելով նաև գիշատիչ, մեծ վնաս են հասցնում մի շարք մանր օգտակար թռչունների` ոչնչացնելով նրանց ձվերը և ձագերին:

Շրջակա միջավայրին հասցվող ծանր կորուստները խիստ մտահոգող են, հանրապետության և քաղաքային իշխանությունները շրջահայաց պետք է լինեն շրջակա միջավայրին հասցվող կորուստները և դրանց հետևանքները կասեցնելու ուղղությամբ:

Դերենիկ ՍԱՖԱՐՅԱՆ

Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, հանրապետության վաստակավոր ագրոնոմ, Խաղողագործության և գինեգործության միջազգային ակադեմիայի թղթակից-անդամ

  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us