Արամ Հայկազը Երևանում և Երևանի մասին

Y3-6

Արամ Հայկազը (Չեքեմյան, 1900-1986) ծնունդով շապինգարահիսարցի էր, 1915-ի հերոսական դիմադրության ականատեսն ու մասնակիցը։ Մեծ եղեռնից հետո չորս տարի ապրել է քրդերի մեջ, հետո մի քանի ամիս Պոլսոյ Կեդրոնական վարժարանում աշակերտել է Հակոբ Օշականին, 1921-ին տեղափոխվել է ԱՄՆ՝ Նյու Յորք։ Հայ մարդու, գրողի կենսագրության ու աշխարհընկալման եզրերը չորսն են՝ բնօրրան, Քյուրդիստան, Պոլիս, Ամերիկա, բայց հոգևոր կապերով անբաժան էր Հայրենիքից (միշտ մեծատառ էր գրում), որը նրա կենդանության օրերին Խորհրդային Միության մաս էր։

Հետաքրքիր մի փաստ՝ միշտ կարոտեց ծննդավայրին, բայց երբեք չմտածեց Արևմտյան Հայաստան գնալու մասին։
Եղիշե Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանում (այսուհետև՝ ԳԱԹ)՝ գրողի արխիվում (համար 420), կա կտրոն՝ «Յո՞ երթաս» վերնագրով։ Գրողը պատմում է, թե ինչպես ընկերներից մեկը չլսեց իր խորհուրդը, գնաց Սեբաստիա, վերադարձավ շփոթված ու վիրավորված։ «Գիտեմ, թէ Սեբաստիան օր մը՝ շատ ժամանակ առաջ, հայ ու թագաւորանիստ քաղաք է եղած: Այսօր միայն ծննդավայր  է քեզի համար, Հայրենիք չէ, մի՛ երթար: Գնա՛ Երեւան»,– խորհուրդ է տալիս Հայկազը։  «Գացէ՛ք ու ձեր աչքով տեսէք Հայաստանը»,- «Կարօտ» ժողովածուի պատմվածքներից մեկի վերնագրով կոչ էր անում նա (Արամ Հայկազ, Կարօտ, Բեյրութ, 1971։ Գրքից հաջորդ մեջբերումները նշվում են տեքստում՝ փակագծերում)։
Արամ Հայկազը մտերիմ ընկերոջ՝ Համաստեղի (Կելենյան, 1895-1966) օրինակով գիտեր՝ ինչքան դժվար է հաղթահարել Խորհրդային երկիրն աշխարհից բաժանող երկաթե վարագույրը։ «Հայրենիք» թերթի 1937 թ. հունվարի 23-ի համարում տպագրված է Արամ Հայկազի «Ճամբորդութիւն մը» հոդվածը։ «Սխալ չհասկնանք, պայուսակս կապած ու «մնաք բարով» ըսած՝ ճամբայ չեմ ելած: Իրականութեան մէջ ո՞ւր կրնամ երթալ: Հայաստանի դուռը, իբրեւ դաշնակցականի, գոցուած է առջեւս, իսկ ապրելու համար Ամերիկայէն լաւ ու ազատ երկիր չկայ իմ կարծիքով»(Արամ Հայկազ, Մոռացված էջեր, Ա հատոր, Երևան, 2010, էջ 76։),– գրում է նա։
Արամ Հայկազը Երևան հասավ 1969 թ. սեպտեմբերի 7-ի երեկոյան և 21 օր ապրեց «Արմենիա» հյուրանոցում։ Պատմությունն անբաժան է ներկայից, ու բնօրրան կորցրած հայի աչքերով բազամապատիկ գեղեցիկ, հմայիչ է Հայաստան աշխարհն իր մայրաքաղաք Երևանով։ Պահպանվել են կնոջը՝ տիկին Վարդանուշին հասցեագրած նամակները (Արամ Հայկազ, Նամակներ, Երևան, 2009, էջ 162-164)։ Առաջին տպավորությունները Երևանից՝ սև թութ է կերել («Սեւ թութ ունէին պարտէզը, ձեռքովս ժողվեցի ու կերայ»), «կերակուրները լավ են, սենեակս՝ հանգիստ, օդը՝ քիչ մը տաք (Մոսկուան սառեցանք, եւ overcoatը կեանքս փրկեց), ջուրը՝ աննման. օրը 6-7 բաժակ կը խմեմ»։ Հայկազը նշում է, որ «Ազդակ»-ի համար Երևանի մասին հոդված է գրել և նշում, որ հաջորդ օրը՝ սեպտեմբերի 11-ին, գնալու է Սարդարապատ։
Նույն օրը երկրորդ նամակն  է գրել կնոջը. «Գալուս լուրը տարաձայնուած է, եւ եկող կամ գալիք անձերը յուսախաբ չընելու համար ստիպուած եմ 1-2 օր մեծ մասով հօթէլ մնալ։ Քանի մը տեղեր ու պաշտօնատուներ այցելեցի, եւ տպաւորութիւնս եղաւ շատ լաւ։ Շատ ալ պատիւ տուին իբրեւ «Սփիւռքի թիւ մէկ գրագէտ»։ Նամակը չի հասցնում ավարտել. «Բանաստեղծ Գեւորգ Էմինը եւ Նորենցը եկած էին զիս պտոյտի տանելու։ Գացինք Երեւանը պտտելու եւ յուշարձանները տեսնելու։ Հոյակապ բաներ շինած են Ապրիլեան եղեռնի յիշատակին, հոյակապ։ Երբ գամ, պատմելով չի հատնիր։ Դժուարին պայմաններու մէջ մարդիկ ինչե՜ր են շիներ, գլուխ հաներ։ Ուրախ եմ, որ եկայ»։ Հաջորդ նամակը գրել է սեպտեմբերի 16-ին. գովաբանել է խաղողը, դժգոհել, որ Էջմիածնում Պատարագի ժամանակ «շունը տէրը չէր կրնար ճանչնալ», հպարտացել. «Արարատը ամէն օր կը տեսնեմ, աննման գեղեցիկ է։ Երկու օր առաջ ձիւն եկեր էր, ու մինչեւ ստորոտը ճեփ-ճերմակ է հիմա։ Էջմիածնի ճամբայէն շատ լաւ կը տեսնուի։ Նոյնպէս Մասիսենց տունէն։
Տեսակցութեան գացի (ժամադրութիւնով) Սփիւռքի հետ մշակութային կոմիտէի վարիչ Համազասպեանին։ Մօտ 1-1 1/2 ժամ հաճելի զրոյց ունեցանք։ «Սփիւռքի թիւ մէկ գրողն ես»,– կ՚ըսեն։
Շիրազն ալ եկած էր զիս տեսնելու։ Քորգինով։ Հօթէլին դուռը 500 հոգիի մէջ համբուրեց ձեռքս. «Սփիւռքի մէջ թիւ մէկն ես, ու մենք միայն երեք գրող ենք ունեցած՝ Համաստեղ, Բակունց, Հայկազ»։
Անշուշտ գինովի խօսքեր են ասոնք, բայց հաճելի էր լսելը։
Եթէ ուզեմ, վստահ եմ՝ օրերս կ՚երակարաձգեն։ Բայց 21 օրը բաւ է։ Կարօտցեր եմ բոլորիդ ու ժամանակին կը վերադառնամ»։
Հայաստանում ապրած 21 օրերը  հետագայում դարձան հուզիչ պատմություններ, որոնք ամփոփվեցին «Կարօտ» ժողովածուի երկրորդ մասում։ Գրքի առաջաբանում Հայկազը նշում է, որ «հայ ըլլալուս հպարտութիւնը միշտ ներկայ է ամէն մէկ տողիս մէջ։ Ներկայ է նաեւ աշխարհի բաներուն վրայ խնդալու փափաքս» (Հակոբ Յագուպյանի մասին տեղեկություններ իմանալ չհաջողվեց։)։ Այս 20 հուշ-վավերագրերն արձանագրել են Հայաստան երկրի, Երևան քաղաքի, հայ ժողովրդի՝ այդ օրերի կյանքի բոլոր կարևոր ու երբեմն էլ՝ պատմական դեպքերը՝ թաթախված հայրենակարոտ հայի ուրախության արցունքներով, անսահման սիրով, խոնարհումով ու անբաժան ցավով։ «Կարօտ»-ի առաջին մասում տպագրված է «Հայաստանը փէք պզտիկ է, եավրո՛ւս» պատմվածքը։ Երեսունվեց տարի նույն թերթի (խոսքը «Նյու Եորք միրըրն»-ի մասին է – Մ. Խ.) տպարանում աշխատելուց հետո երկտող է ստացել թերթը վաճառելու վերաբերյալ, հետաքրքրությունից հայտնվել հաղթող մրցակից թերթի՝ «Նիուզի» խմբագրատանը, որտեղ կա առանցքի շուրջը պտտվող հսկա երկրագունդ։ Երկրագնդի վրա Վիետնամը փնտրող ծեր ամուսիններին օգնելուց հետո գրողը պարզում է՝ հայեր են, նրանց թոռնիկն է պատերազմում հեռավոր այդ երկրում, և ցանկություն են հայտնում թեկուզ հեռվից, թեկուզ քարտեզի վրա տեսնել Հայաստան երկիրը։ Փնտրում ու դժվարանում են գտնել. պտտվող երկրագնդի վրա  «պզտիկ տեղ մը կայ, վրան միայն չորս անուն գրուած, ատիկա ալ Հայաստաննն է. վրան գրված է Արմենիա, Այսինքն՝ Հայաստան, մաունթ Արարատ, այսինքն՝ Արարատ լեռ, լէյք Սեւան, այսինքն՝ Սեւանա լիճ ու Երեւան՝ մեր մայրաքաղաքը»։ Հսկա երկրագնդի վրա Հայրենիքը «չօճուխի մը ափին չափ»  պզտիկ է, բայց թուրքի վտանգից ազատ երկիր է, «օր մըն ալ կը նայիս մեծցեր է…»։ Սա ամեն հայի երազանքն է։
Երազանքը երազանք, բայց, փա՜ռք Աստծու, աշխարհի քաղաքական քարտեզի վրա կա Հայաստանի Հանրապետությունը, որի մայրաքաղաքում Հայկազը շատ սիրուն բաներ տեսավ, տեսավ նաև թերություններ։
Հայկազը պատմում է, որ Հայաստան այցելած շատ սփյուռքահայերի հուշերից ու հրատարակած հատորներից դժգոհել է, որովհետև  «անոնց մեծամասնութեան մէջ կը պակսէր հայ ժողովուրդը, անոր կենցաղը, առօրեան»: «Այդ էր պատճառը, որ փախայ ծրագրուած խմբական պտոյտէն ու գլուխս առած, մինակ ինկայ փողոց» (255),-պատմում է նա։ Առաջին հանդիպումն անմոռաց էր. «գիրուկ հայ տիկին մը» քայլում էր՝ ձեռքին պտուղներով լի պայուսակ ու «երկու ոսկեգոյն խոշոր հաց»։ Շտապեց եզրակացնել, թե երևանաբնակ հայուհիները կա՛մ գիրուկ են, կա՛մ հակված են գիրանալու։ Հայ մի մարդ խաղող էր բաժանում երեխաներին, մեկ ուրիշն առևտուր էր անում, ռադիոյից հնչում էր հայկական ժողովրդական երգ, անկյունում գրավաճառի փոքրիկ կրպակն էր, քիչ հեռու՝ մանկական զբոսայգին, դիմացի մայթին՝ պտուղ-բանջարեղենի պետական խանութը և այլն։ Առաջին գյուտը՝ «Հայաստանի մեղուները չեն խայթեր», հրճվանքով է լցնում «չորս կողմս միայն հայերէն» լսող գրողի սիրտը։
Սարդարապատ տանող մայրուղու երկայնքով շարված բարդիները հիշեցնում են ծննդավայրը, ու մանկություն վերադառնալու երազանքը թվում է իրագործելի՝ փշատ ու ալոճ գտնելու հույս է ծագում։ Ծիծեռնակաբերդի բարձունքից Երևանի համայնապատկերին նայելիս Հայկազը լաց եղավ «ծեծ կերած» երեխայի պես ու գրչընկերներին բացատրեց, որ լալիս էր… ուրախությունից, որ լույսերի այս հսկա ծով հիշեցնող քաղաքը, այս երկիրը մերն է։ «Երեւանը մեր վրէժն ու պատասխանն է մեր արմատը չորցնել սպառնացող թուրքին։ Փորձեցին գերեզմանաքար դնել մեր վրայ, ու մենք մայրաքաղաք կերտեցինք,- հրճվում է գրողը ու արձանագրում փաստը,- Մենք որ կ՚ըսեմ, կ՚ակնարկեմ Հայրենիք ստեղծող ու կերտողներուն։ Ես մէջը չեմ «մենք»ին։ Բախտը կամեցաւ, որ ես պատեհութիւն չունենամ բահ հողին մէջ խրելու։ Ու կը ցաւիմ այդ բանին համար» (258-259)։
Հայկազը զբոսաշրջիկների խմբի հետ  Մատենադարան չգնաց (հումորով պատմում է 14 հոգանոց հայերի խմբի անդամների դժգոհության, իրեն «հակահայաստանեան» անվանելու մանրամասների մասին), այլ քայլերն ուղղեց դեպի մոտակա դպրոց, տեսավ նորոգման աշխատանքները, ներկա գտնվեց հայ գրականության դասին։ Դասի թեման Րաֆֆու «Սամվել» վեպից «Արարատյան դաշտի առավոտը» հատվածն էր։ Դասի ավարտին գրողը բարեմաղթեց. «Ապրե՛ք, երեխեք, բայց մեզ չապրեք» և հավելեց խաղաղության մեջ ապրելու մաղթանքը, քանզի «խաղաղութեան ճամբան երջանկութեան ճամբան է» (265)։ Նշենք, որ հետո նա գնաց Մատենադարան. Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի նախագահի տեղակալ Պարգև Մարտիրոսյանը պատվիրեց, «որ ընկ. Չուգասըզեանին հոն հանդիպիմ ու անոր յայտնեմ ինքնութիւնս։
Այդպէս ալ ըրի։
Ընկ. Չուգասըզեան հին ծանօթի պէս ջերմութեամբ ընդունեց զիս ու ինձմէ անբաժան ընկերս, սենեակակիցս ու մեղսակիցս, որուն ես «Յոգնակիս» կ՚որակէի, ու մեզ յանձնեց շատ սիրուն, շատ լեզուանի ու իր դասն ու իր դերը շատ լաւ գիտցող օրիորդի մը, ու սկսանք Մատենադարանի շրջանն ընել» (261-262)։
Հուշ-պատմվածքներից մեկը վերնագրված է «Պտոյտ մը Երեւանի փողոցներուն մէջ»։ «Հայախօս Երեւանի մէջ» «աննպատակ թափառելու», «հայերէն լսելու հաճոյքին» համար Հայկազը փողոց է դուրս գալիս։ «Յաճախ տերվիշավարի կ՚երեւայի Երեւանի փողոցներուն մէջ» (270), – հիշում է Հայկազը։  «Ութը-տասը օր առաւ» մինչև նա հաւատաց, «հայերէն հասկցող, հայերէն խօսող մարդ փնտռելու պէտք չունիմ» (298)։
Անմոռանալի է պաղպաղակ ուտելու առաջին փորձը։ Ճիշտ է, «ծառայողին դէմքի արտայայտութիւնը չսիրեցի» (298),- գրում է Հայկազը,  բայց համով պաղպաղակ վայելելու հաճույքն անկրկնելի էր։
Փողոց դուրս եկավ։ «Ճիշդ առջեւէս երկու կիներ կը քալէին տաք-տաք խօսելով» (298),- պատմում է գրողը։ Նա քայլում էր կանանց հետևից ու մտքում ծիծաղում նրանցից մեկի զայրույթի վրա։ Հումորն օգնում է պատվով դուրս գալ «ուրիշի մը մտերմիկ այս խօսակցութեանց» ունկնդրելու անպատեհ իրավիճակից. պարզապես արձանագրում է՝ հայերեն խոսք, զրույց լսելու ցանկությամբ է խախտում քաղաքավարության կանոնները։ Ուրիշ ոչինչ։
Թափառումների մյուս օրը տպավորվում է մոր և զավակի զրույցով. Վարդանիկը խնդրում էր համազգեստ գնել իր համար, մայրը փող չուներ մոտը։ Այս անգամ զրույցն սկսվում է մոր ինքնարդարացման փորձով. զավակը լավ է սովորում դպրոցում, ու համազգեստը նվեր է։ Հայկազի՝ համազգսեստի գումարը նվիրելու փորձը ձախողվում է, բավարավում է գրիչ նվիրելով։ Երեկոյան Վարդանիկի մայրն ու հորաքույրն այցի են գալիս գրողին։ Ու մինչ նա տագնապում էր՝ «Չըլլա՜յ, թէ ետ բերած ըլլան գրիչը», սեղանի վրա հայտնվում են մոմակալ ու գիրք։ Պարզվում է՝ «Երեւանցիք լաւ գիրքը տաք հացի պէս կը յափշտակեն», իսկ Վարդանիկի հորաքույրը գիրք ձեռք բերելու բացառիկ հնարավորություններ ունի։ Հայկազն ուրախությամբ արձանագրում է, որ Երևանում առավոտ շուտ տեսել է հսկա մի հերթ՝ գրախանութի մոտ։ Եզրակացությունը մեկն է՝ հայ ժողովուրդը «իր թերութիւններն ունի, բայց խորքին մէջ ազնուական, աչքը կուշտ ժողովուրդ է, իր Արարատին պէս հպարտ…» (305)։
Հայկազն արձանագրում է, որ 2750 տարեկան Երևանը բացառիկ ուրախ քաղաք է։
Ուրախանալու առիթներ շատ կային։
Հովհաննես Թումանյանի ծննդյան 100-ամյակի տոնակատարությունը հիացնում է Հայկազին. «Որո՞ւ մտքէն կ՚անցնէր, թէ աշխարհի բնակչութեան մէկ երրորդը Թումանեան պիտի լսէ ու Թումանեան պիտի յարգէ… Թումանեանի իր մտքէն երբեւիցէ նման բան անցա՞ծ էր… Կը տարակուսիմ» (289)։
Թորոս Թորանյանը Հայկազին ծանոթացնում է օտարերկրացի հայագետների հետ, որոնք հայերեն են սովորել մեր մշակույթը սիրելու պատճառով։ Ինչպես կարելի էր այդ մարդկանց՝ պարոն Ռոզենթալին ու Լա Րուսին չհյուրասիրել սենյակում ունեցած «դէզ մը արեւահամ» պտուղներ ու կոնյակ։ Տեղին է հիշել կենսագրական մի մանրամասն. 1921-ին Հայկազը Պոլսից Ամերիկա եկավ հունական շոգենավով։ Նրա ուղեկիցն էր նշանավոր դերասան Հովհաննես Զարիֆյանը։ Ճանապարհող դասընկերներից մեկը՝ Վահրամը (Խոսքը ծագումով վանեցի Վահրամ Կաքավյանի մասին է, որը հայտնի է Վիկտոր Գարդոն անունով (1903-1973)։ Արամին մի շիշ հայկական կոնյակ էր նվիրել, որը գողացան, մինչ երիտասարդը զարմանքով նայում էր, թե դերասանն ինչպիսի՜ հոգատարությամբ ու զգուշավորությամբ տեղափոխում, դասավորում էր իր բազմաթիվ պայուսակները (տեսարանը հիշեցնում էր Աբիսողոմ աղային)։ Օրեր անց Զարիֆյանն առաջարկեց արշալույսը դիմավորել միասին և Արամին հայկական կոնյակ հյուրասիրեց։ Հայկազը հիշում է, որ հազիվ փրկվեց խեղդվելուց ու անիծեց Հայաստանի խաղողի որթերը, կոնյակը… Ավելի ուշ նա գրեց «Ներէ, ինծի Հայաստան» պատմվածքը (Պատմվածքը լույս է տեսել «Հայրենիք» թերթի 1964 թ. մարտի 3-ի համարում)  և քավեց ակամա գործած մեղքը։ Երևանում նա իրագործում էր նաև ընկերոջ՝ Համաստեղի երազանքը՝ քայլում էր Արարատի շուքի տակ, խմում հայկական կոնյակ, նայում հայ աղջիկների սիրուն-սիրուն աչքերին…
Էջմիածին, Մատենադարան, Սարդարապատ, Ծիծեռնակաբերդ, Էրեբունի, Սևանա լիճ ուղևորությունները (Էջմիածին երկու անգամ է գնացել), այցելությունները Գրականության և արվեստի Եղ. Չարենցի անվան թանգարան, Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտե, Գրողների տուն,  հանդիպումները կոմիտեի պատասխանատուների և գրչընկերների հետ, Թումանյանի թանգարանի բացումը, քաղաքի փողոցներում մշտապես թագավորող թարմ հացի բուրմունքը, Արարատի մոտիկ, շատ մոտիկ պատկերը, արևահամ մրգերն ու երկնասլաց բարդիներըը, երևանյան ցայտաղբյուրների աննման ջուրը դարձան առօրյայի  մաս։ «Ամէն բանի մէջ  Թուրքիոյ ստուերը» տեսնող հայ մարդը, որ «անմոռանալի ու անժամանցելի դատ» (301) ունի, երկու անգամ է այցելում Ծիծեռնակաբերդ ու հպարտանում Հայաստան երկրի խորհրդանիշ Մայր Հայաստանի արձանով։
21 օրը հավերժություն չէ, ու երբեմն-երբեմն «Մեր գիւղի» (այդպես էր կոչում Նյու Յորքի Քուինզ արվարձանը, որտեղ ապրում էր –Մ. Խ.), ընտանիքի կարոտը հիշեցնում էր վերադարձի անխուսափելիության մասին։
Երևանը երիտասարդության քաղաք է։  «Հայաստանի բնակչութեան մէկ երրորդը ուսանող է։ Հոն ոչ միայն ուսումը իր բոլոր աստիճաններուն վրայ ձրի է, այլեւ պետութիւնը բարձրագոյն ուսման հետեւող աշակերտներուն թոշակ կու տայ», – գրում է Հայկազը՝ հիացմունքով նայելով դպրոց, ուսումնարան, բուհ շտապող խմբերին։ Գրողի հիշողության մեջ թարմ էր ուսման վարձը չվճարելու պատճառով վարժարանի երկրորդ դասարանից վտարվելու ցավը… Նա գրում է. «Թոշակ կու տայ նաեւ ծերերուն։ Բժշկական խնմաքը բոլորին ու բոլորովին ձրի է։ Տան վարձքերը շատ աժան են։ Հագուստեղէններն ու կօշիկը՝ շատ սուղ» (316)։
Հերթական թափառումների մի օր գրողը չմասնակցեց Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան այցելությանը, բայց երեկոյան մեծ գրողի անունը կրող մանկավարժական ինստիտուտի (այժմ՝ համալսարան) ուսանողների երդման արարողությանն ականատես ընկերոջ՝ Հակոբ Յագուպյանի պատմածից խանդավառված՝ կարդաց երդման տեքստը և չվերադարձրեց՝ «թերեւս օգտագործեմ» խոստումով։ «Ու ահա կը պահեմ խոստումս՝ զայն դարձնելով արտերկրի հայութեան սեփականութիւն» (321),– կարդում ենք «Կ՚երդնում» պատմվածքում։ Որպես այդ կրթօջախի շրջանավարտ՝ նշենք, որ առաջին կուրսեցիների երդման արարողությունն իսկապես հուզիչ է, բարառիկ է նաև նորեկներին, որպես բարձրկուրսեցի, շնորհավորելու, երդման տեքստն ընթերցելու պատիվը։
Հայկազը ծիծաղելու, հեգնելու ոչ մի առիթ բաց չի թողնում, բայց ցավոտ մի միտք դառնացնում է վայելքը. «Մենք արտերկրի մէջ արեւուն տակ ձգուած սառի մէկ բեկորի կը նմանինք, կը հալինք ու կ՚անհետանաք», բայց, փա՜ռք Աստծու, կա Հայաստանի Հանրապետությունը («Խորհրդային» ածականն էական չէ)։ Արամ Հայկազն առանձնահատուկ հաճույքով բազմիցս կրնում է Համո Սահյանի տողերը. «Հայերեն են գալու դարերը …»։
Գրչընկերների հետ հանդիպմանը Հայկազը նախապատրաստվում է բացառիկ բծախնդրությամբ և «քննութիւն տալու պատրաստուող աշակերտի մը պէս» մտնում Գրողների տուն։ Խոսակցության սկիզբը լարված էր. «Ինծի կը թուի, թէ □պարոն□ը պատուար կը բարձրացնէ մեր մէջ»։
– Որքան որ գիտեմ, «պարոն» կալուածատէր կը նշանակէ, – կ՚ըսեմ՝ խօսքս ընդհանուրին ուղղելով, – իսկ ես կալուածատէր չեմ, ինչո՞ւ ինծի ալ «ընկեր» չէք կանչեր։
Սառը կը հալի։
Մօտ մէկ ժամ սրտբաց զրոյց կ՚ունենանք։ Սուրճ կը հրամցնեն։ Իրենց գլխաւոր մտահոգութիւնը Սփիւռքի հայութեան պահպանման շուրջը կը դառնայ» (272)։ Հայաստան երկրի գոյության փաստը հպարտությամբ է լցրել սփյուռքահայերի սրտերը. «հիմա ա՛լ չեն ամչնար իրենց հայութիւնը ճակատաբաց յայտարարելէ», իսկ «Հայրենիք ունենալը ինքնին, որոշ չափով, պատուար է այլասերման դէմ» (272)։ Նամակներում բազմիցս նշել է, թե Հայրենիք չունեցող մարդը շուտ է այլասերվում։ Հայկազը խոսում է նաև ուղղագրական փոփոխությունների անհրաժեշտության մասին։ Ավելի ուշ՝ տպավորությունները թղթին հանձնելիս, խոստովանում է. «…Ես սիրահարած եմ իրենց ՈՒՄերէն երկուքին. մէկուն, որ ՄԷՋի իմաստ կու տայ բառին (Հայաստանում, գրպանում, շուկայում, Ֆրանսիայում եւ այլն), միւս ՈՒՄին, որ բայի մը ներկան, անմիջական կատարումը կը ցուցանէ. գնում եմ (հիմա), խոսում եմ (հիմա), երգում եմ (հիմա) եւ այլն։ Այս վերջին ՈՒՄը կոչուած է փոխարինելու մեր սարսափազդու «կոր»ը, «տար»ը, «կը»ն, «էր»ը։
Կ՚երթամ կոր, կ՚երթամ տար, կ՚երթամ էր, կ՚երթամ կը…
Գնում եմ, խօսում եմ, սիրում եմ։ Այս ՈՒՄը աւելի քաղցրահունչ չէ՞» (317)։
Որպես երկրում կատարված առաջադիմության օրինակ՝ Հայկազը հիշեցնում է քառորդ դար առաջ (հիշեցնենք՝ խոսքը 1940-ականների մասին է – Մ. Խ.) Սփյուռքում բարձրացած դժգոհության ալիքի մասին, երբ Էջմիածնում հրատարակված օրացույցում նշված չէր ապրիլյան սգատոնը։ Հիմա,– հիշեցնում է Հայկազը,– Երևանի «սքանչելի մէկ բարձունքին վրայ» Հայոց մեծ եղեռնի նահատակների հուշարձանն է բարձրանում։ «Հեռաւորութիւնը օրացոյցի պարզ յիշատակումէն մինչեւ յուշարձան երկրի՝ լուսնէն ունեցած հեռաւորութեան մօտ բան մըն է…» (317), – գրում է Հայկազը և խորհուրդ տալիս չշտապել եզրակացություններ անելիս, նախատում Հայրենիքում ապրող հայության կենցաղի դժվարությունները բիզնեսի վերածող սփյուռքահայերին։ «Ես հրաւէրով չգացի։ Առաջադրած եմ գալ աշնան նորէն երթալ» (318), – հայտարարում է Հայկազը և խորհուրդ տալիս բոլորին, հատկապես Սփյուռքի հայ երիտասարդներին՝ գնալ Հայրենիք ու խմել Երևանի ջուրը, որ «ուրի՜շ ջուր է…»։ Օրեր անց սրտի ցավով է գրում, որ նյույորքյան բնակարանի սառնարանում չկա մի բաժակ երևանյան ջուր։
Երևանը  հրաշքների քաղաք է. այստեղ հնարավոր են անակնկալ,  աներևակայելի հանդիպումներ մարդկանց, նույնիսկ Քյուրդիստանում ապրած պատանեկության հիշատակների հետ. «–Ես տիկին Մէ¬րիըմի աղջիկն եմ»,– ասում է անծանոթ կինը, և  Հայկազը մտովի տեղափոխվում է 53 տարի առաջ կատարված դեպքերի տխուր-ուրախ հիշողությունների գիրկը… Քանի՜-քանի՜ Մարիամներ, որ դարձել են քրդերի կամ թուրքերի կին, մնացին այն հեռու սարերում, որովհետև չկարողացան բաժանվել իրենց՝ օտարից ծնված զավակներից։ Թորոս Թորանյանը յուրահատուկ շունչ ու հոգի է հաղորդում երևանյան ուղևորությանը, ու ամիսներ անց Հայկազը գրում է. «Հայրենիք գտնուած օրերուս՝ այդ տղան անզուգական ընկեր մը եղաւ ինծի»։
Երևանը զարգացող, կառուցվող քաղաք է՝ «աճելու վրայ» է, և նաև սրանով են պատճառաբանվում կենցաղային չլուծված շատ հարցեր։ Գրողի աչքից ու ականջից չեն վրիպում մի քանի թերություններ հատկապես՝ սպասարկման ոլորտում (հավելենք՝ դրանցից շատերը դեռ կան մեր կենցաղում)։ Նա կարևորում է այն հանգամանքը, որ «Պետութիւնը կ՚ընէ իր կարելին»՝ թերությունները վերացնելու համար։ «Իրենք մեզմէ աւելի տեղեակ են այդ թերիներուն, մեր ըսելով կամ մատնանշելով չէ, որ պիտի բացուին անոնց աչքերը, – գրում է Հայկազը և հավելում, – Այս թերիները գիտնալուն մէջ առաւելութիւն մը չկայ գիտցողին համար. Հայրենիքի պատկերը որքան պայծառ ու գրաւիչ  ըլլայ ձեր մտքին մէջ, այնքա՛ն լաւ է։ Բաւ է, որ կեղծիք, սուտ ու շպար չըլլայ ձեզի ներկայացուածին մէջ» (315-316)։
Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի ու բալետի թատրոնում Հայկազը դիտել է երկու ներկայացում։ Առաջինը՝ «Անուշը»՝ «արդիացած, մանր փոփոխութեամբ աւելի գեղեցկացած», «ճշմարիտ վայելք մը եղաւ օրը փակող» (268)։ Հավելենք՝ այդ օրը հայ զբոսաշրջիկները եղել էին Սևանա լճի ափին, իշխան ձուկ չէին կերել, իսկ գրողը սոված էր գնացել թատրոն ու վերադարձից հետո երկար ժամանակ «փիլիսոփայում» էր ու խանգարում ընկերոջ քունը… Փորձով խրատվելով՝ նախապես ճաշելուց հետո գնաց «Ալմաստը» դիտելու։ «Չգիտեմ՝ ինչո՛ւ «Ալմաստ»ի ներկայացումը զիս  չտպաւորեց։ Դժգոհ չէի, բայց գոհ ալ չմնացի։ Բանաձեւը գտնելու կը դժուարանամ։ Թերեւս շատ կ՚ակնկալէի ու քիչ գտայ» (283), – արդարանո՞ւմ, թե՞ բացատրում է Հայկազը։ Պատկերը լրացնում են հորդ անձրևը,  միակ բաց դռան մոտ խռնված բազմությունը… Սա հերթական մանր թերություններից է, որն ուղղելու համար «իմաստուն ըլլալու հարկ չկայ»։
Երևանը  մշակութային խոշոր կենտրոն է։ Այստեղ հատուկ խնամքով պահվում են հայ մշակույթի գործիչների արխիվային նյութերը. «Հայրենիք ղրկեցէք ինչ որ ունիք պահուելու արժանի» (333), – հորդոր-խնդրանքով է ավարտվում Հայկազի երևանյան ուղևորությունների շարքը։ Ի դեպ, Արամ Հայկազի ջանքերով Հայսաստան փոխադրվեցին Համաստեղի, իր նամակները, արխիվային նյութերը, որոնց զգալի  մասը, փա՜ռք Աստծու, հրատարակել ենք Համաստեղի «Մոռացված էջեր» քառահատորում։ Հուսանք՝ հնարավոր կլինի ավարտին հասցնել «Արամ Հայկազ. Մոռացված էջեր» բազմահատորյակի տպագրության գործը (երկու հատոր արդեն լույս է տեսել, փա՜ռք Աստծու)։
Երևանը հուզիչ քաղաք է. Հայկազը պատմում է, որ երբեք այդքան լաց չի եղել, և բացատրում, որ լալիս էր… ուրախությունից։ Հայրենիքում ապրած օրերն անմոռաց էին հանդիպումներով՝ Վազգեն Ա, Համո Սահյան, Հովհաննես Շիրազ, Թթորոս Թորանյան,Պարույր Սևակ… և բազմաթիվ պարզ ու հասարակ հայ մարդիկ, որոնց ձեռքերի, մտքի ուժով ապրում, ծաղկում էր երկիրը։ Հայկազն այն բացառիկ սփյուռքահայերից էր, ով հստակ տարբերակում էր Հայրենիքն ու վարչաձևը, որի հետ շատերը «անզիջող հակառակորդ, թշնամի» (314) էին Սփյուռքում։ Գերխնդիրը Սփյուռքը Հայրենիքին կապելն էր։ Սրան էլ ծառայեց գրողը։ Երկրորդ անգամ Հայաստան գալու հնարավորություն չեղավ. խանգարեցին ոչ միայն նյութական դժվարությունները, առողջական վիճակը, այլև նրա գիրքը Հայաստանում հրատարակելու չիրագործված խոստումը։
Ավարտենք «Շնորհակալութիւն, լուսաշող սեւան» պատմվածքից մի հատվածով. «Աստուած իմ, մե՛րն է, մե՛րն է, մե՛րն է այս լայնածաւալ, գրեթէ հորիզոնէ հորիզոն տարածուող սքանչելի քաղալը։ Մե՛րն են այս լոյսերը, մե՛րն են այս կտուրները… Այդ կտուրներուն տակ հայեր կ՚ապրին, այդ լոյսերուն տակ հայ ուսանողներ են գլուխնին հակած մեսրոպատառ գրքերուն վրայ, հոն հայ մայրեր երկունք կը նստին, զաւակ կը ծնին ու օրօր կ՚երգեն անոնց…
Տէ՛ր, պահէ զանոնք։ Խաղաղութիւն տո՛ւր աշխարհիս ու անոր մէջ՝ ի՛մ, մե՛ր Հայրենիքին…» (293):

Մ. Մ. Խաչատրյան
Բանասիրական գիտությունների դոկտոր

  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us