Ժողովրդագրական գործընթացները Երևանում 21-րդ դարասկզբին

20-րդ դարի վերջին տասնամյակում Հայաստանի Հանրապետությունում (այսուհետ` ՀՀ) տեղի ունեցած սոցիալ-տնտեսական և հասարակական-քաղաքական վերափոխություններն զգալի ազդեցություն թողեցին Երևանի ժողովրդագրական պատկերի վրա. նվազեց բնակչության թիվը, որոշակի փոփոխություններ կրեց բնակչության էթնիկական, լեզվական, կրոնական կազմը և այլն: Նման փոփոխությունների արդյունքում ներկայումս Երևանի ժողովրդագրական բնութագիրն զգալի առանձնահատկություններ ունի խորհրդային ժամանակաշրջանի Երևանի համեմատությամբ:

Այսպիսով, որո՞նք են 21-րդ դ. սկզբին Երևանի ժողովրդագրական բնութագրի հիմնական առանձնահատկությունները: Մեր առջև դրված խնդիրը լուծելու համար նախևառաջ հարկավոր է Երևանի ժողովրդագրական բնութագրիչները (բնակչության թիվ, բնական շարժ, միգրացիա, կազմ, տարաբնակեցում) առանձին-առանձին վերլուծել, ուստի անհրաժեշտ ենք համարել խնդիրը ներկայացնել ժողովրդագրության, պատմագիտության (հատկապես` ազգաբանության և պատմական ժողովրդագրության), սոցիոլոգիայի, աշխարհագրության, էթնիկական հոգեբանության և այլ տեսանկյուններից: Ստորև ներկայացնում ենք յուրաքանչյուր բնութագրիչի վիճակագրական տվյալներն ու վերլուծությունը.

1. Բնակչության թիվն ու շարժը:

1990-2001 թթ. Երևանի բնակչության թիվը նվազել է մոտ 200 հազարով, ինչը պայմանավորված է բնակչության ոչ թե բնական, այլ` մեխանիկական շարժով, այսինքն` միգրացիայով: Խորհրդային Միության փլուզման նախօրյակին Երևանի բնակչության թիվը հատել է 1,3 միլիոնի սահմանը, սակայն 1990-ական թթ. սոցիալ-տնտեսական ծանր պայմանների արդյունքում գրանցվել է Երևանի բնակչության թվի կտրուկ անկում. մի քանի հարյուր հազար մարդ արտագաղթել է արտերկիր, որոնց տեղը լրացնելու են եկել ՀՀ մարզերից տեղափոխվածներն ու Ադրբեջանից եկած փախստականների մի մասը: 2000-ական թթ. արտագաղթի ծավալները կրճատվել են, և շարունակվել է ՀՀ մարզերից բնակչության ներհոսքը Երևան: Արդյունքում 1990-2011 թթ. ընդհանուր առմամբ շուրջ 500 հազար մարդ արտագաղթել է Երևանից, և Երևանում մշտական բնակություն է հաստատել շուրջ 300 հազար մարդ, որ չի ծնվել Երևանում: Եթե 1990-2001 թթ. Երևանի բնակչության թվի փոփոխությունը հիմնականում պայմանավորված է եղել միգրացիոն գործընթացներով, ապա 2001-2011 թ.` բնական շարժով: Հենց այս պատճառով էլ Երևանի բնակչության թիվը վերջին տասնամյակում զերծ է մնացել կտրուկ փոփոխություններից: Ստորև ներկայացնում ենք Երևանի բնակչության թվի փոփոխությունը 2001-2011 թ.

Երևանի մշտական բնակչության թիվը 2001-2011 թթ. (հունվարի 1-ի դրությամբ, հազ. մարդ)

2001 – 1 103,5 (ՀՀ մարդահամար 2001 թ.): 2006 – 1 103,8 («ՀՀ մայրաքաղաք Երևանը թվերով 2009», վիճակագրական ժողովածու, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն (այսուհետ` ՀՀ ԱՎԾ), Երևան, 2009, էջ 60): 2007 – 1 104,9 (Նույն տեղում): 2008 – 1 107,8 (Նույն տեղում): 2009 – 1 111,3 (Նույն տեղում): 2010 – 1 116,6 («ՀՀ մայրաքաղաք Երևանը թվերով 2010», վիճակագրական ժողովածու, ՀՀ ԱՎԾ, Երևան, 2010, էջ 60): 2011 – 1 121,9 («ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2010 թ. հունվար-դեկտեմբերին», տեղեկատվական ամսական զեկույց, ՀՀ ԱՎԾ, Երևան, 2011, էջ 134):

Հարկ է նշել, որ վերջին 3 տարիներին Երևանում ծնելիության գործակիցը առավելագույնն է ՀՀ-ում, մասնավորապես` 2009 թ.` 1,38 %, 2010 թ.` 1,39 %, 2011 թ. հունվար-սեպտեմբերին` 1,4 %, իսկ ՀՀ միջինը 2011 թ. հունվար-սեպտեմբերին 1,31 % էր : Նման ցուցանիշը, իհարկե, ամենևին էլ չի կարող ապահովել բնակչության ընդլայնված վերարտադրություն, սակայն այն կարելի է ընդհանուր առմամբ նորմալ համարել մեկ միլիոնից ավելի բնակիչ ունեցող քաղաքային բնակավայրի համար: Միևնույն ժամանակ ցածր է մահացության գործակիցը` 0,81 % (2011 թ. հունվար-սեպտեմբեր), ինչն ապահովում է Երևանում «ժողովրդագրական ձմեռվա» բացակայությունը: Փաստորեն, Երևանում բնակչության բնական շարժը դրական է` 0,59 %: Սակայն իրականում Երևանում առկա ժողովրդագրական իրավիճակը հղի է «ժողովրդագրական ձմեռվա» («Ժողովրդագրական ձմեռը» կամ դեպոպուլյացիան որևէ տարածքի բնակչության ամենամյա նեղացված (սեղմված) վերարտադրությունն է, այսինքն` բնակչության թվի ամենամյա նվազումը նախևառաջ մահացության գործակցի` ծնելիության գործակցից բարձր լինելու պատճառով: Տե’ս  Медков В. М., Демография, 2-е изд., Москва, 2009, с. 594) բռնկման վտանգով: Ներկայումս ծնելիության ցածր գործակցի պատճառներն էլ հենց շարունակական բնույթ կրելու դեպքում կարող են հանգեցնել «ժողովրդագրական ձմեռվա» առաջացմանը: Իսկ որո՞նք են ծնելիության գործակցի` ցածր լինելու պատճառները: Ստորև առանձնացրել ենք Երևանում ծնելիության գործակցի` ցածր լինելու հիմնական պատճառները. ա) Երևանում 1,1256 մլն մարդ է բնակվում («ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2011 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ», վիճակագրական տեղեկագիր, Երևան, 2011, էջ 3), իսկ խոշոր քաղաքային բնակավայրերում և հատկապես` միլիոնանոց քաղաքներում սովորաբար ծնելիության մակարդակը ցածր է լինում (կրթվածության բարձր մակարդակ, սոցիալական ինստիտուտների յուրահատկություն, սոցիալ-հոգեբանական ուրույն գիտակցություն ևն): բ) Երևանում զգալիորեն բարձր է կանանց կրթվածության մակարդակը, իսկ դրանով պայմանավորված էլ` նրանց հասարակական գիտակցությունն ու դերը: Հասարակության մեջ իր որոշակի դերը գիտակցող ու աշխատանքային զբաղվածությամբ տարված կանանց մեծ մասը մեկ անգամից ավել չի ցանկանում երեխա ունենալ (Եվրոպական Միության անդամ երկրներում կանանց մի մասը հասարակական դիրքի պատճառով անգամ մեկ երեխա չի ցանկանում ունենալ, սակայն հայ հասարակության մեջ շարունակում է զգալի դեր ունենալ պարտադիր զավակ ունենալու ավանդույթը): ՀՀ Ազգային վիճակագրության ծառայության, ՀՀ առողջապահության նախարարության և Մերիլենդի «Այ Սի Է‎ֆ Մակրո» կազմակերպությունը (ԱՄՆ) ՀՀ ժողովրդագրության և առողջության հարցերի համատեղ հատուկ հետազոտություն կատարելիս հարցում են անցկացրել արդեն զավակ ունեցող կանանց շրջանում` արդյոք կուզենային ևս մեկ երեխա ունենալ («Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտություն 2010», նախնական զեկույց, ՀՀ ԱՎԾ, ՀՀ Առողջապահության նախարարություն և «Այ Սի Է‎ֆ‎‎‎‎‎ Մակրո» կազմակերպություն (ԱՄՆ), Երևան, 2011, էջ 22): Հետազոտությունը պարզել է, որ մեկ երեխա ունեցող կանանց 58 %-ը, իսկ 2 երեխա ունեցողների` 70 %-ը այլևս չի ցանկանում երեխա ունենալ: Ընդ որում, այս վիճակագրությունը բնորոշ է ոչ միայն Երևանին, այլև ողջ հանրապետությանը: գ) ՀՀ-ում, մասնավորապես` Երևանում հասարակական գիտակցության մեջ զգալի դեր ունի երեխայի բարեկեցության ապահովման խնդիրը: Եթե Արևմտյան Եվրոպայում բարեկեցության մակարդակը որևէ լուրջ դրական ազդեցություն չունի տեղաբնիկ էթնիկական հանրությունների շրջանում ծնելիության մակարդակի աճի գործում, ապա Երևանում` ճիշտ հակառակը` ծնողներն իրենց երեխաների քանակը հիմնականում նախապես պլանավորում են` կապված նյութական բարեկեցության մակարդակի հետ: Եվ քանի որ Երևանի բնակչության մեծ մասը ունի նյութական դժվարություններ, ուստի շատ ընտանիքներ ստիպված են լինում հրաժարվել երկրորդ կամ հատկապես` երրորդ երեխան ունենալու մտքից: դ) Երիտասարդ տղամարդ բնակչության մի մասը սոցիալ-տնտեսական անբարենպաստ պայմանների պատճառով 1990-ական թթ. Երևանից արտագաղթել է արտերկիր, այսինքն` զավակ ունենալու ունակ արական բնակչության մի մասի արտագաղթի հետևանքով սեռերի միջև քանակական հավասարակշռությունը խախտվել է` հանգեցնելով ամուսնությունների հարաբերական կրճատման (2011 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին 2010 թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ ամուսնությունների քանակը ՀՀ-ում աճել է 13,5 %-ով («ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2011 թ. հունվար-սեպտեմբերին», էջ 124): Աճի մի մասը բաժին է ընկել Երևանին, սակայն այստեղ գործ ունենք ամուսնությունների թվի հարաբերական կրճատման հետ, այսինքն` սերունդների վերարտադրություն կատարելու ունակ բնակչության թիվը ենթադրում է ավելի շատ քանակով ամուսնություններ, իսկ սեռերի միջև քանակական դիսբալանսը թույլ չի տալիս իրացնել 1970-1980-ական թթ. ծնվածների կողմից նոր, քանակապես մեծ սերնդի վերարտադրության հնարավորությունները): 2001 թ. մարդահամարի տվյալների համաձայն՝ Երևանի բնակիչների 46,54 %-ը տղամարդիկ էին, իսկ 53,46 %-ը` կանայք: 2010 թ. իրավիճակը գրեթե նույնն էր` կանայք` 53,2 %, տղամարդիկ` 46,8 %: ե) 1990-2000-ական թթ. ՀՀ-ում և հատկապես` Երևանում ընթանում է սոցիալական ինստիտուտների և հասարակական գիտակցության վերաձևման ակտիվ գործընթաց, ինչն ուղղակիորեն ազդեցություն է թողնում ժողովրդագրական գործընթացների վրա: Այս պարագայում բազմազավակության որոշակի ավանդույթներ պահպանվում են մոնոէթնիկ միջավայրի և ազգային եկեղեցու կողմից ներկայացվող նախնյաց ավանդույթի ազդեցությամբ: զ) ՀՀ ժողովրդագրական քաղաքականությունը հստակ չի գործարկվում, ինչը ևս ՀՀ սոցիալ-տնտեսական դժվարությունների արդյունք է: է) Երևանի բնակչությունն աստիճանաբար ծերանում է: Տղամարդկանց միայն 19,3 %-ը և կանանց 15,2 %-ն են կազմում 0-14 տարիքային խմբին պատկանող անձինք, իսկ 65 և ավելի տարիքային խումբը` համապատասխանաբար 8,8 %-ը և 12,3 %-ը: Այս կետը իրենից թե՛ պատճառ և թե՛ հետևանք է ներկայացնում, քանի որ շղթայականորեն կապված է վերը թվարկված դրույթների հետ: Այսպիսով, մի շարք հանգամանքներ խոչընդոտում են Երևանում ծնելիության մակարդակի բարձրացմանը: Զուգահեռաբար կայուն է մահացության գործակիցը, ինչը պայմանավորված է առողջապահական բարվոք իրավիճակով և միաժամանակ մայրաքաղաքային սթրեսային կյանքով: Վերոնշյալ ժողովրդագրական գործընթացների հետևանքով Երևանի վարչական շրջաններից 2-ում` Արաբկիրում և Նորք-Մարաշում, արդեն մոտ մեկ տասնամյակ «ժողովրդագրական ձմեռ» է նկատվում` համապատասխանաբար – 0,17 % (2010 թ.) և – 0,2% (2009թ.) բնական շարժով: Բարեբախտաբար, 2010թ. Նորք-Մարաշում դեպոպուլյացիան հաղթահարվել է, սակայն Արաբկիրում այն դեռևս շարունակվում է: Փաստորեն, Երևանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ նրա մի հատվածում նկատելի է բնակչության բացասական բնական շարժ: Վերջին տասնամյակում, ըստ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության տարածքային անձնագրային ծառայությունների տվյալների, միգրացիոն գործընթացներում առավել զգալի է եղել արտագաղթը, սակայն չնչին տարբերությամբ, մասնավորապես` – 0,05% 2009 թ. և – 0,12% 2010 թ.: Այսպիսով, Երևանի բնակչության շարժը 2010 թ. հունվարի 1-ից մինչև 2011 թ. հունվարի 1-ը 0,47 % է կազմել:

2. Բնակչության բաշխումը` ըստ վարչական շրջանների:

Ներկայումս Երևանը բաժանվում է 12 վարչական շրջանների: Երևանի բնակչության բաշխվածությունը, ըստ վարչական շրջանների, ստորև ներկայացնում ենք, որտեղ համեմատական կարգով նշել ենք բնակչության թիվը 2001 թ. մարդահամարի և 2011 թ. հոկտեմբերի 1-ի տվյալներով.

Երևանի մշտական բնակչության բաշխումը` ըստ վարչական շրջանների (հոկտեմբերի դրությամբ)

Վարչական շրջանը

Բնակչության թիվը (հազ. մարդ)

2001 թ.

(ՀՀ մարդահամար 2001 թ.:)

2011թ.

(  «ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2011 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ», էջ 8:)

Մալաթիա-Սեբաստիա

142,4

142,6

Նոր նորք

141,9

148,3

Շենգավիթ

140,4

148,2

Արաբկիր

132,5

130,3

Կենտրոն

130,8

131,4

Էրեբունի

119,2

123,2

Աջափնյակ

106,7

108,6

Քանաքեռ-Զեյթուն

77,7

79,8

Ավան

50,1

50,9

Դավթաշեն

40,6

41,3

Նորք-Մարաշ

12

11,3

Նուբարաշեն

9,2

9,7

Ընդհանուր

1 103,5

1 125,6

3. Բնակչության էթնիկական, լեզվական և կրոնական կազմը:

2001 թ. մարդահամարի տվյալների համաձայն` Երևանի բնակիչների ավելի քան 98,6 %-ը (ավելի քան 1,088 մլն մարդ) հայեր էին: Երևանում ապրում էին նաև ազգային փոքրամասնությունների մոտ 15 հազար ներկայացուցիչներ` ռուսներ, եզդիներ, ուկրաինացիներ, հույներ, ասորիներ, հրեաներ ևն: Ստորև ներկայացնում ենք Երևանի բնակչության էթնիկական կազմը` ըստ 2001 թ. մարդահամարի արդյունքների.

Երևանի մշտական բնակչության էթնիկական կազմը 2001 թ.

Էթնիկական հանրությունը Թիվը %
1 Հայեր 1 088 389 98,63
2 Ռուսներ 6 684 0,61
3 Եզդիներ 4 733 0,43
4 Ուկրաինացիներ 876 0,08
5 Հույներ 308 0,03
6 Ասորիներ 239 0,02
Այլք 2 259 0,2

2001-2011թթ. Երևանի բնակչության էթնիկական կազմը, ըստ էության, լուրջ փոփոխություններ չի կրել: Միայն թե նկատելի է Իրանի Իսլամական Հանրապետության մի քանի հարյուր քաղաքացիների ոչ մշտական բնակություն, սակայն նրանք և Երևանում առկա զբոսաշրջիկները չեն հաշվառվում` որպես ՀՀ մշտական բնակիչներ: 2001 թ. մարդահամարի արդյունքների համաձայն` Երևանի բնակչության մոտ 98,12 %-ը հայախոս է: Մեծ թիվ են կազմում նաև ռուսախոսները (1,36 %): Երևանի բնակչության էթնիկական փոքրամասնությունների մայրենի լեզուներից տարածված են նաև եզդերենը (0,32 %), ինչպես նաև` ուկրաիներենը (0,03%): 2009-2011 թթ. անցկացված սոցիոլոգիական հարցումները փաստում են, որ, որպես երկրորդ լեզու, բնակչության շուրջ 90%-ը կարող է օգտագործել ռուսերենը: Զգալի թիվ են կազմում նաև անգլերենին տիրապետողները: Երևանի բնակչության մոտ 95 %-ը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ է, գործում են 10-ից ավելի եկեղեցիներ` Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Սարգիս, Ս. Հովհաննես, Ս. Կաթողիկե, Ս. Զորավոր և այլն: Մեծ թիվ են կազմում բողոքականները, ինչպես նաև զանազան կրոնական կազմակերպությունների հետևորդները, որոնք ևս ունեն իրենց հավաքատեղիները: Որոշակի թիվ են կազմում նաև Ռուս Ուղղափառ եկեղեցու հետևորդները, որոնց համար գործում է եկեղեցի, ինչպես նաև կառուցվում է նորը: Երևանում գործում են նաև մեկական պարսկական մզկիթ (Կապույտ) և հրեական սինագոգ: Այսպիսով, ամփոփելով մեր ժողովրդագրական ուսումնասիրությունը, կարող ենք փաստել, որ ներկայումս (01.10.2011 թ.) Երևանում է ապրում ՀՀ բնակչության 34,4 %-ը, ՀՀ քաղաքային բնակչության 53,7 %-ը, ՀՀ հայերի 33,9 %-ը և աշխարհի հայերի ավելի քան 11 %-ը: Հարկ է նշել այն հանգամանքը, որ ժողովրդագրական բազմաթիվ խնդիրներ ունեցող Երևանը շարունակում է մնալ ՀՀ սոցիալ-տնտեսական, կրթամշակութային և հասարակական-քաղաքական կյանքի շարժիչ կենտրոնը: Բավական է նշել միայն այն փաստը, որ յուրաքանչյուր օր առավոտյան Երևան է մուտք գործում և երեկոյան Երևանից դուրս է գալիս մի քանի հարյուր հազար մարդ: Եթե հաշվի առնենք նաև ժամանակավորապես բնակվողներին ու զբոսաշրջիկներին, ապա կստացվի, որ ցերեկային բազմազբաղ ժամերին (մոտավորապես 14:00-ի շրջակայքում) Երևանում 1,5-1,6 մլն մարդ է լինում:

Միքայել Մալխասյան
ԵՊՀ պատմության ֆակուլտետ

  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us