Թանգարան բաց երկնքի տակ

YOA-2-300x21611

Հայաստանի 12-րդ մայրաքաղաք Երևանը գտնվում է Հայկական լեռնաշխարհի կենտրոնական մասում` Արարատյան դաշտավայրի հյուսիսարևելյան եզրին, Նորքի և Քանաքեռի բարձրավանդակներում: Հենց այս հարակից բարձրավանդակներից ու բլուրներից բացվում է Երևանի գեղատեսիլ համայնապատկերը: Պատահական չէ, որ Երևանի խորհրդանիշը բիբլիական Արարատ լեռն է: Այն հիշեցնում է դեպի երկինք մխրճված երկգլխանի արծիվ, որը կարծես գիշեր-ցերեկ հսկում է հայ ժողովրդի հնամենի պատմության վկաներին: Մարդիկ իրավամբ Հայաստանն անվանում են «թանգարան բաց երկնքի տակ», ինչու չէ, Հայաստանի հնագույն մայրաքաղաքը` Երևանը, նույնպես թանգարան է բաց երկնքի տակ:

Ըստ հնագիտական, երկրաբանական և հնէաբանական տվյալների` Երևանի տարածքից հայտնաբերված մարդկային մշակույթի հնագույն հուշարձաններն ու մեզ հասած բեկորներն ունեն 100.000 տարվա վաղեմություն: Պահպանված քարե և վաղ երկաթի դարերի հուշարձանները վկայում են այս բնակավայրում մարդու զարգացման բոլոր աստիճանների անընդմեջ գոյության մասին:

Երևանյան քարայր Հրազդանի կիրճում` Երևանյան լճի ափին

(Մ.թ.ա.80-40.000 տարի առաջ)

YOA-1-300x236

Շենգավիթ բնակավայր (բրոնզե դարաշրջան, մ.թ.ա. 5-3-րդ հազարամյակներ)

 YOA26-300x236

Կարմիր բերդի դամբարանադաշտ, երկաթեդարյան հուշարձան

(մ.թ.ա. 18-12-րդ դդ.)

YOA27-300x184

Ծիծեռնակաբերդ (մ.թ.ա. 18-12-րդ դդ.)

YOA28-300x184
Էրեբունի ամրոց

YOA-2-300x216

Հիմնադրվել է մ.թ.ա. 782թ. Արգիշտի 1-ինի կողմից

Այս մասին է փաստում ուրարտական սեպագիր արձանագրությունը, որը Երևանի ծննդյան վկայականն է: Աշխարհում շատ քիչ քաղաքներ կան, որ ունեն նմանատիպ սեպագրեր:Երևանի այցեքարտը հանդիսացող և Երևանի անունն ու թվագրումը հաստատող այս եզակի ամրոցը գտնվում է Երևանի հարավ-արևելյան մասում և զբաղեցնում է մոտ 3 հա տարածք:

Կարմիր բլուր (Թեյշեբաինի)

YOA-4-300x22211
Հիմնադրել է Արարատ-Ուրարտուի թագավոր Ռուսա 2-րդը (մ.թ.ա 685-645թթ.) և կոչել Թեյշեբաինի ուրարտական փոթորկի և ռազմի աստված Թեյշեբաի անունով: Կործանվել է մ.թ.ա. 6-րդ դարում հրդեհից` սկյութների արշավանքի ժամանակ:

Ավան-Առինջ

YOA-3-300x220
Երևանի պատմության հելլենիստական ժամանակաշրջանը բնութագրող ինքնատիպ հուշարձան է: Գտնվում է քաղաքի հյուսիս-արևելյան հատվածում (շուրջ 15 հա տարածք): Ավանում է գտնվում նաև մի նշանավոր տաճար, որն իր պատմական անցյալով և կառուցվածքով Երևանի միջնադարյան հուշարձանների շարքում հատուկ տեղ է գրավում հայ ճարտարապետության պատմության մեջ: Ավանի տաճարը կառուցվել է 580-ական թթ. և Հայաստանի հունական մասի համար դարձել էր կաթողիկոսության աթոռանիստ:

Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցի 5-6-րդ դարեր

Երևանի հնագույն հուշարձաններից էր: Այն տեղակայված էր այժմյան «Մոսկվա» կինոթատրոնի տեղում: Եկեղեցին աչքի էր ընկնում մուտքի առջև կառուցված բաց զանգակատներով, վրանաձև թմբուկներով, սալարկված բակով: Ավերվել է 1679թ. երկրաշարժից, ապա վերականգնվել: Խորհրդային տարիներին (1931թ.) քանդվել է քաղաքի վերակառուցման պատճառաբանմամբ:

Սբ. Զորավոր Աստվածածին

YOA-6jpg-227x300

Սբ. Անանիա առաքյալի մատուռ

9-13-րդ դդ. Երևանում՝ Անանիա առաքյալի գերեզմանի վրա կառուցվել էր մատուռ: Սբ. Անանիայի կատարած բժշկությունների և զորությունների մասին խոսվում է Աստվածաշնչում: Այստեղից էլ եկեղեցու անունը` Սբ. Զորավոր: Բացի Անանիա առաքյալի մատուռից, հիշյալ բոլոր կառույցները փայտակերտ էին և հրո ճարակ դարձան 1635-36 թթ. թուրք-պարսկական պատերազմների ընթացքում: Նույն տարածքում վեր խոյացած ներկայիս Սբ. Զորավոր Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1693 թ. Խոջա-Փանոսի նվիրատվությամբ:

Սբ. Սարգիս

YOA-5-300x203

Հավանաբար կառուցվել է 1453թ., զբաղեցրել է հին Երևանի կաթողիկոսարանի իջևանի հարավային կողմը: Ժամանակին այն Ձորագյուղի ծխական եկեղեցին էր:

1835-1842թթ. Արարատյան թեմի առաջնորդ Հովհաննես եպիսկոպոս Շահխաթունյանցը հիմնովին քանդել է այն` նույն տեղում կառուցելով ավելի խոշոր` քառամույթ, գմբեթավոր, նոր եկեղեցի:

Վազգեն Ա. Պալճյան կաթողիկոսի հրամանով՝ 1971-1976 թթ. եկեղեցին վերակառուցվել և որոշ բարեփոխումների է ենթարկվել: Զանգակատունը կառուցվել է լոնդոնաբնակ բարերար Սարգիս Քյուրքճյանի նվիրատվությամբ:

Այսօր Սբ. Սարգիսը Արարատյան հոգևոր թեմի առաջնորդարան եկեղեցին է:

Սբ. Հովհաննես Մկրտիչ

Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին գտնվում է Երևանի Կոնդ կոչվող թաղամասում: 1679թ. երկրաշարժից ավերված եկեղեցու տեղում՝ նոր հիմքի վրա, մեծահարուստ Մելիք Աղամալի միջոցներով 1710 թ. նորն է կառուցվել: Եկեղեցին գործում է: Վերջին անգամ նորոգվել է Վազգեն Ա կաթողիկոսի օրոք, ճարտարապետ Ռ. Իսրայելյանի նախագծով:

Սբ. Աստվածածին Կաթողիկե

YOA-9jpg

Եկեղեցին կառուցվել է 13-րդ դարում, Աբովյան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում: 1679թ. երկրաշարժից ավերվել է , սակայն Կաթողիկեն` Երևանի միջնադարյան եկեղեցիներից միակը, կանգուն է մնացել: Կաթողիկեն համարվում էր քաղաքի կենտրոնական եկեղեցին ոչ միայն այն պատճառով, որ Երևան ժամանած բարձրաստիճան հոգևորականներն այստեղ էին հագրվանում, այլև որ Կաթողիկեն դարձել էր մշակույթի կենտրոն: Եկեղեցում գրվել են և ընդօրինակվել շատ մատյաններ ու գրքեր:

Գեթսեմանի մատուռ

Կառուցվել է 12-13-րդ դարերում: Գտնվել է Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և Բալետի ակադեմիական թատրոնի շենքի տեղում: Պահպանվել է մինչև 1920-ական թթ. վերջը: Մատուռի անունը կապվում էր Աստվածաշնչյան Երուսաղեմի Գեթսեմանի այգու հետ, որտեղ Հիսուս Քրիստոսն իր վերջին աղոթքն էր կատարել` հրաժեշտ տալով երկրային կյանքին: Վարկածի համաձայն՝ վաղ անցյալում այստեղ եղել է հեթանոսական տաճար, ուր հնչել են երգ ու պարի մեղեդիներ, և պատահական չէ, որ Օպերայի շենքը կառուցելիս Ալ. Թամանյանն ընտրում է հենց այս վայրը՝ վերականգնելով պատմական անցյալը: Այսօր շենքի ճեմասրահում կանգնեցված է խաչքար ի հիշատակ Գեթսեմանի մատուռի:

Նորքի եկեղեցիներ

Նորքը հայտնի է երկու եկեղեցիներով՝ Սբ. Սիմեոն Ծերունի և Սբ. Աստվածածին: 1679թ. երկրաշարժի ժամանակ երկուսն էլ քանդվել են, իսկ հետագայում ամբողջովին ավերվել:

Սբ. Մարիամ Աստվածածին

Գտնվում էր Նորք տանող ճանապարհին, Սբ. Սեմեոն Ծերունի եկեղեցուց 500-600 մ. դեպի արևելք: Գեղատեսիլ ձորերի ու բլուրների, կանաչազարդ այգիների և պուրակների հարևանությամբ կառուցված այդ հետաքրքիր կոթողը բնության և ճարտարապետության ներդաշնակման վառ օրինակ էր: Եկեղեցուց պահպանված վերջին լուսանկարը կատարվել է 1929թ.:

Քանաքեռի եկեղեցիներ

Քանաքեռում երկու եկեղեցիներ են գործել: Ըստ պատմական աղբյուրների՝ երկուսն էլ վաղ շրջանի կառույցներ են եղել, ավերվել են 1679թ. մեծ երկրաշարժից և վերակառուցվել 1695թ.:

Սբ. Հակոբ եկեղեցի

Գտնվում է Սբ. Աստվածածին եկեղեցուց դեպի հարավ: Վերանորոգվել է 1959, 1963 և 2000 թվականներին: Սրբավայրը նվիրվել է ասորի եպիսկոպոս, եկեղեցական գործիչ, հայ առաքելական եկեղեցու սրբերի շարքը դասված Հակոբ Մծբնա հայրապետի (4-րդ դ.) հիշատակին: Կառուցվել է 1679 թ. երկրաշարժից ավերված եկեղեցու տեղում (1695թ.)՝ Սբ. Աստվածածին եկեղեցու արտաքին և հատակագծային նմանությամբ:

Վերջին վերանորոգման և տարածքի բարեկարգման ժամանակ (2000թ.) հայտնաբերվել են արձանագիր խաչքարերի բեկորներ ու տապանաքարեր ևս:

Սբ. Աստվածածին

Գտնվում է Քանաքեռի Սբ. Հակոբ եկեղեցուց հյուսիս՝ բարձունքին: Կառուցվել է Խոջա Աղաջանի վերակացությամբ` տեղի վաճառականների միջոցներով: Վերանորոգվել է 1959-1963թթ.: Սբ. Աստվածածին եկեղեցին ավելի փոքր է, քան Սբ. Հակոբը, կառուցվել է նույն ձևով 1695 թ.:

Պատմիչ Զաքարիա սարկավագ Քանաքեռցու (17-րդ դ.) վկայությամբ՝ այն Քանաքեռի վանքի կառույցի մասն է կազմել, ունեցել է շրջապարիսպ, միաբանների համար նախատեսված բնակելի խցեր և այլ շինություններ, որոնց հետքերն են պահպանվել միայն: Կառուցված է նարնջագույն և մոխրագույն սրբատաշ տուֆի համադրությամբ: Շուրջը տարածվում է գերեզմանոցը, որի խաչքարերից (10-17-րդ դդ.) շատերը շինարարության ժամանակ ագուցվել են եկեղեցու պատերի ներսի և դրսի հատվածներում:

Մահարձան-խաչքար Քանաքեռում


Երևանից Սևան տանող խճուղու վրա` Քանաքեռում է գտնվում 1265թ. կանգնեցված մի մահարձան: Այն գեղեցիկ փորագրությամբ մեծ խաչքար է, որի հեղինակի անունը՝ Մխիթար, ևս հայտնի է դառնում արձանագրությունից: Խաչքարը Երևանի այն սակավաթիվ հուշարձանների թվին է դասվում, որոնք երկրաշարժի ժամանակ չեն կործանվել և հասել են մինչև մեզ: Քանաքեռի խաչքարը հայկական փորագրության արվեստի լավագույն նմուշներից է:

Սբ. Գևորգ եկեղեցի

Հնագույն և մարդաշատ Նորագավիթ գյուղի տասից ավելի եկեղեցիներից այսօր պահպանվել է Սբ. Գևորգ եկեղեցին, որը գտնվում է համալիրի տարածքի արևելյան կողմում: Այն երկհարկ զույգ ավանդատներով եռանավ բազիլիկ շինություն է` առնված երկթեք տանիքի տակ: Սբ. Գևորգ եկեղեցին իր հատակագծային և ծավալատարածական ընդհանուր հորինվածքով նման է Երևանի Զորավոր Աստվածածին եկեղեցուն: Արևմտյան ճակատի երկարությամբ կցակառուցված է եռակամար բաց սրահ, որը բնորոշ է հայ ճարտարապետության 17-18-րդ դդ. շատ հուշարձանների: Կառույցն ամբողջովին կարմիր տուֆից է:

Վերանորոգման և բարեկարգման շնորհիվ Նորագավթի Սբ. Գևորգ եկեղեցին վերագտավ իր վաղեմի պատշաճ տեսքը:

Սբ. Գրիգոր Լուսավորիչ

Երևանի Մայր եկեղեցի

Կառուցվել է հայաստանում Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի կապակցությամբ: 199օթ. մարտի 30-ին տեղի ունեցավ Մայր եկեղեցու հուշաքարի օրհնության արարողությունը: 1997թ. ապրիլի 7-ին Գարեգին Ա. կաթողիկոսն օրհնեց եկեղեցու հիմնաքարը: 2000թ. հունիսի 26-ին տեղի ունեցավ Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու խաչերի օծումը՝ այս անգամ արդեն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ: 2000թ. նոյեմբերի 13-ին Վեհափառի գլխավորած պատվիրակությունը վերադարձավ Վատիկանից՝ իր հետ բերելով Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի մասունքները, որոնք նրան էր հանձնել Հռոմի Կաթոլիկ եկեղեցու հովվապետ Հովհաննես Պողոս Բ Պապը:

Կարմիր կամուրջ

Երևանի հինավուրց(12-13-րդ դդ.) Կարմիր կամուրջը գտնվել է բերդի հյուսիս-արևմտյան անկյան հատվածում` սարդարների ապարանքի տակ, խոր ձորում: Այն վերակառուցվել է 1679թ. մեծ երկրաշարժից հետո, մեծահարուստ վաճառական ու բարերար Խոճա Փիրավի մեկենասությամբ, որի շնորհիվ կոչվել է Խոճա Փիլավի կամ Կարմիր կամուրջ: Կարմիր անունը ստացել է կարմրավուն տուֆով կառուցված լինելու պատճառով: Երկրաշարժից առաջ ևս այս հատվածում նմանատիպ կամուրջ կար, որը 1655թ. նկարել է ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Տավերնիեն: Ներկայումս գոյություն ունեցող կամուրջը 1830թ. որոշակիորեն բարեփոխվեց ռուսական պետական մարմինների կողմից: Կամրջի երկարությունը 87,5 մետր է, լայնությունը՝ 6,47 մ, բարձրությունը՝ 11 մ, ունի 4 կամար, որոնցից երկուսը գտնվում են կամրջի միջին մասում, իսկ մյուս երկուսը՝ գետի ափերին, դրանցով հոսում են ջրանցքների ջրերը: Հրազդանի հին կամուրջը գտնվում է Սարդարի բերդի (ներկայիս Արարատ գինու գործարանի) մոտ` Հրազդանի ձորում:

Գետառի հին միակամար կամուրջ

Փոքրիկ կամուրջ է Նորքի ձորում, Գետառի վրա: Թռիչքը 6,9 մետր է: Անցյալում այդ կամրջի նշանակությունը մեծ է եղել: Նրա վրայով են անցել դեպի հյուսիս գնացող առևտրական քարավանները: Կամուրջը կառուցվել է 1664թ.` նորքեցի Հովհաննես վարդապետի միջոցներով: Արձանագրությունների վկայությամբ, կառուցող վարպետը Գրիգորի որդի Կիրակոսն է: Կամրջի վրա կարելի է նկատել ժամանակին արված տարբեր փոփոխությունների հետքերը: Սրբատաշ կարմրավուն տուֆ քարով կառուցված այս կամուրջը դիմակայել է բազմաթիվ հեղեղներին և հատկապես` 1679թ. երկրաշարժին: 1950-ական թթ. վերանորոգվել է և այժմ, որպես պատմական հուշաձան, պահպանվում է պետության կողմից:

©Գևորգ Օրբելյան
Երևան քաղաքի պատմության թանգարանի
ցուցահանդեսների կազմակերպման
և ձևավորման բաժնի վարիչ

  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us