«Նոր համալրում Երեւանի պատմության թանգարանում»

Երեւանաբնակ վաթսունչորս գեղանկարիչներ Երեւանի օրվա կապակցությամբ մեկական կտավ են նվիրել Երեւանի պատմության թանգարանին։ Ի դեմս դրանց թանգարանը կունենա մի հավաքածու, որը հանրությանը կներկայացնի հայ ժամանակակից կերպարվեստը։

Երեկ Երեւանի պատմության թանգարանում բացվեց այդ հավաքածուի ցուցահանդեսը։
Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի տեղեկացմամբ, այսօրինակ մի նախաձեռնություն էլ ավելի վաղ տեղի է ունեցել Լաչինում, որտեղ նվիրաբերված գործերի հիմքի վրա ստեղծվել է պատկերասրահ։

Համեմատելով Երեւանի պատմության թանգարանի ոչ հեռու անցյալը (երբ թանգարանը չուներ իր հիմնական տանիքը եւ տնվորի կարգավիճակով դեգերում էր շենքից շենք) եւ ներկան (այսօր այն տեղավորված է իր հիմնական հարկի տակ, ունի շենքային լավ պայմաններ եւ ցուցադրանքի հրաշալի հնարավորություն)՝ արվեստաբան Շահեն Խաչատրյանը նշեց, որ կարճ ժամանակամիջոցում այսպիսի բարեփոխման փաստը հույս է ներշնչում, որ ապագան առավել խոստումնալից է։ Նկարիչների այսօրինակ նվիրատվությունը թանգարանին, ըստ նրա, նոր երեւույթ չէ։

Այդպես ձեւավորվել է 1970—ին նաեւ Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանը։ Ավելին, ազգային պատկերասրահում այսօր շուրջ 400 նվիրաբերված կտավ կա, որոնցով հարստացել է ազգային ժամանակակից արվեստի բաժինը։ Իսկ այսօրվա նախաձեռնությունը արվեստաբանը հիմնավորեց հետեւյալ կերպ. «Մեր ժողովուրդն առանց մշակույթի դժվար է պատկերացնել։ Այն, ինչ մենք աշխարհին պիտի ներկայացնենք որպես մերը, ազգայինը, ինքնատիպը, միայն մեր հոգեւոր կյանքի հայելին կարող է լինել։ Ուստի եւ նման նախաձեռնությունը արժանի է բացառիկ վերաբերմունքի»։

«Հայաստանի Հանրապետություն»
  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us