ԵՐԵՎԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ՆՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է ավստրալահայ Սոնա Գարամանյանի ձեռագործ աշխատանքների ցուցահանդեսը, որը կրում է «Հայոց ոգին» խորագիրը:

Ցուցահանդեսում ներկայացված են ձեռագործ աշխատանքների մի քանի հավաքածուներ` ավանդականից մինչև ժամանակակից: Կտավի վրա ներկայացված գործերում հեղինակը օգտագործել է բազմագույն թելեր, գունավոր կոճակներ, ուլունքներ, հագուստի այլ պարագաներ:

Աշխատանքների թվում կան նաև տարազներով հայուհիներ, կենաց ծառեր: Մանրակրկիտ ներկայացված են Արևմտյան և Արևելյան Հայաստանի այս կամ այն բնակավայրին բնորոշ ավանդական տարազներից որոշակի դրվագներ` օրինակ Շապին Գարահիսարի, Ուրֆայի, Ապարանի, Կարսի և այլն:

Հայկական ավանդական տարազների կողքին հեղինակը հանդիսատեսին է ներկայացրել նաև ավանգարդ և աբստրակտ ոճի աշխատանքներ` «Վայրէջք», «Վերելք» , «Նուռը որպես երկնային պտուղ», «Կենաց ծառեր», «Հայուհի», որտեղ ներկայացրել է ժամանակակից մարդու ապրելակերպը, նկարել մարդկանց դիմապատկերներ, տղամարդու և կնոջ ուրվապատկերներ:

Ինչպես Panorama.am-ին պատմեց Երևան քաղաքի պատմության թանգարանի ցուցադրությունների կազմակերպման բաժնի վարիչ Գևորգ Օրբելյանը, հեղինակը որոշել է ցուցահանդեսում ցուցադրվող իր 69 ստեղծագործությունները նվիրել Երևան քաղաքի պատմության թանգարանի ֆոնդին:

«Երևանի պատմության թանգարանում բացված ցուցահանդեսը այս հեղինակի չորրորդն է. մինչ այդ նա ցուցահանդեսներ է ունեցել 1997-ին Հայաստանի պետական Պատմության թանգարանում, 2001-ին և 2005-ին ՀՀ ժողովրդական արվեստի թանգարանում»-պատմեց պարոն Օրբելյանը:

Նշենք, որ Սոնա Գարամանյանը արմատներով Կիլիկիո Կարս Բազարից է, ծնվել է Ամմանում (Հորդանան), այժմ ապրում և ստեղծագործում է Սիդնեյում (Ավստրալիա):

Աղբյուր` Panorama.am

  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us