«Մարտական մատիտ» միավորմանը նվիրված պաստառները՝ Երևանի պատմության թանգարանում

Երևան քաղաքի պատմության և Լենինգրադի պաշտպանության և շրջափակման հիշատակի պետական թանգարանների միջև մշակութային համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում նոյեմբերի10-ին՝ ժամը13:30-ին Երևան քաղաքի պատմության թանգարանում կբացվի «Լենինգրադ, Շրջափակում, Մարտական մատիտ, 1941-1944» խորագրով ցուցահանդես:

Ցուցահանդեսում կներկայացվի լենինգրադյան նկարիչների՝ «Մարտական մատիտ» միավորմանը նվիրված պաստառների շարքը, որն ստեղծվել է Լենինգրադի շրջափակման տարիներին՝ 1941-1944թթ.:

Միավորման պատմությունը սկսվել էր սովետա-ֆիննական պատերազմի տարիներին՝ 1939-1940թթ.-ին, երբ մի խումբ հեղինակներ իրենց աշխատանքների համար առաջին անգամ օգտագործեցին «Մարտական մատիտ» անվանումը և խորհրդանշանը՝ սվինի փոխարեն մատիտով հրացանը և ներկապնակը:

Խմբի ստեղծողները և մշտական մասնակիցները լենինգրադյան հայտնի գծանկարիչներ էին՝ Իվան Աստապով, Վալենտին Կուրդով, Նիկոլայ Մուրատով, Վլադիմիր Գալբա, Նիկոլայ Տիրսա և շատ ուրիշներ: Տեքստերի հեղինակներն էին բանաստեղծներ և գրողներ Նատալյա Դիլակտորսկայան, Եվգենի Շվարցը և Նիկոլայ Տիխոնովը:

«Մարտական մատիտ»-ի առաջին թողարկումը 1941թ. հունիսի 23-ին էր: Պաստառների թեմատիկան շատ լայն էր. հերոսական կոչերով թերթեր և հրահանգչական պաստառ, պատերազմի դրվագներով նկարներ և ֆաշիստական զավթիչների ծաղրանկարներ: Նկարիչները պաստառում միավորել են ռուսական փորագրված լորենու և խորհրդային քաղաքական ծաղրանկարի ավանդույթները, ամսագրային և թերթային գծանկարչության փորձը: Բնօրինակում թողարկման ֆորմատը մեծ չէր, քանի որ պաստառներն առաջին հերթին նախատեսված էին առաջնագծի համար և փակցվում էին խրամատներում, ռմբապաստարաններում, հոսպիտալներում: Առանձին թերթեր տեղադրում էին շրջափակված քաղաքի տեղեկատվական վահանակների վրա:

1941թ. աշնանը նկարիչները լենինգրադյան գործարանների և հիմնարկների շատ աշխատավորների նման անցան զորանոցային դրության՝ ապաստանելով Նկարիչների միության շենքում: 1942թ. գարնանը նկարիչների մի մասը գործուղվեց ճակատային ստորաբաժանումներ՝ շրջափակման գծից այն կողմ, ոմանք տարհանվեցին, բայց շատերը չդիմանալով շրջափակման դաժան ձմռանը, մահացան: Մահացածների թվում գրքային գծագրության լենինգրադյան դպրոցի անվանի հիմնադիրներից Նիկոլայ Տիրսան էր, նկարիչ-գծանկարիչներ Իվան Խոլոդովը և Իվան Կորոլյովը, քանդակագործ և նկարիչ-նկարազարդող Սոֆյա Պելիպեյկոն:

«Մարտական մատիտ»-ի ռազմական գործունեությունն ավարտվեց 1945թ. առաջին կեսին: Այդ ընթացքում թողարկվեց 103 համարակալված թերթ, մի շարք ոչ համարակալված պաստառներ, տասնյակ փոստային բացիկներ՝ ընդհանուր տպաքանակը՝ մոտ երկու միլիոն օրինակ: «Մարտական մատիտ»-ի վարպետների գործունեությունը նկատելի հետք է թողել հայրենական արվեստի պատմության մեջ: Անգնահատելի է ֆաշիզմի դեմ հաղթանակի գործում նրանց հայրենասիրական ներդրումը: Պատերազմի տարիներին նրանց լավագույն ստեղծագործությունները ոչ միայն պահպանում են իրենց արժեքը որպես ժամանակի փաստաթուղթ, այլ նաև որպես արվեստի արժեքավոր գործեր
Ցուցահանդեսը կգործի մինչև դեկտեմբերի 1-ը:

Երևան քաղաքի պատմության թանգարան
Այլ հրապարակումներ
  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us