Էրեբունի-Երևան տոնակատարության տարեգրությունը (որոշումներ, որոշման նախագծեր)

Ընդհանրապես որևէ միջոցառում կամ տոնակատարություն անցկացնելուց առաջ կայացվում է համապատասխան որոշում, որի հիման վրա այն իրականացվում է: Ինչպես ցույց է տալիս փորձը, երբ այդ միջոցառումից հետո անցնում է որոշ ժամանակ, հիշողության մեջ պահպանվում է միայն դրա ընթացքը, իսկ թե երբ է այն անցկացվել, ինչ որոշում է կայացվել այդ առիթով, մոռացվում է, ու սկսվում են արխիվային փնտրտուքները, կամ հիշողությամբ փորձ է արվում մոտավոր ճշտել տվյալ միջոցառման անցկացման տարեթվերը կամ ամսաթվերը, որոշման նախագծերի բովանդակությունը և այլն:

Ահա այս ամենը հուշեց, որ առանձին անդրադարձ կատարելու անհրաժեշտություն կա՝ հստակ ներկայացնելու նաև Երևանի հիմնադրման տոնակատարություններին նվիրված որոշումների նախագծերը: Եվ այսօր, երբ կանգնած ենք մայրաքաղաքի 2800-ամյակը նշելու շեմին, այդ խնդիրն առավել արդիական է դառնում:

Ինչպես հայտնի է բոլորին, Երևանի հիմնադրման առաջին մեծ տոնակատարությունը տեղի է ունեցել 1968 թ., երբ նշվել է քաղաքի 2750-ամյակը: Բնականաբար, փնտրտուքները սկսեցինք Երևան քաղաքի պատմության թանգարանի «Գրավոր աղբյուրների և փաստաթղթերի ֆոնդից», որտեղ, բարեբախտաբար, պահպանվում է մի հետաքրքիր փաստաթղթի նախագիծ հետևյալ վերնագրով. «Աշխատավորների դեպուտատների Երևանի քաղաքային սովետի որոշումը Երևանի 2750-ամյակի նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին» (1), ինչը հրատարակվել է առանձին գրքույկով: Վերոհիշյալ նախագիծը քննարկվել է 1968 թ. օգոստոսի 21-ին հրավիրված Երևանի քաղաքային սովետի 5-րդ սեսիայում: Նշված որոշման բովանդակությունը թույլ է տալիս պատկերացում կազմել Երևանի քաղաքային սովետի գործադիր կոմիտեի հանձնարարականների ու կատարվող աշխատանքների ծավալի ու ընթացքի մասին, ինչը քննարկվում է վերոհիշյալ սեսիայում:

Ուշագրավ է, որ դրանց մեջ ընդգծվում է էրեբունի, Կարմիր բլուր ու Շենգավիթ հուշարձանների վերականգնման ու բարեկարգման առաջնահերթությունը, ինչպես նաև քաղաքում ու դրա մոտակայքում գտնվող՝ դեպի բոլոր հուշարձանները տանող ճանապարհների բարեկարգումը:

Սեսիայի ընթացքում արձանագրվել են նաև այն բոլոր թերությունները, որոնք առկա են եղել քաղաքի 2750-ամյակի տոնակատարության նախապատրաստական աշխատանքներում, և որոնք շտկելու համար քաղաքային սովետի ստորաբաժանումներին տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Երևան մայրաքաղաքի հիմնադրման առաջին տոնակատարությունը մեծ պատասխանատվություն էր պահանջում, ուստի, այն արժանապատիվ անցկացնելու համար, ոտքի էր հանվել ողջ քաղաքը՝ ներառյալ բոլոր հիմնարկ-ձեռնարկությունները, որոնցից յուրաքանչյուրն ուներ մասնակցության իր բաժինը:

Պատահական չէ, որ աշխատավորների դեպուտատների Երևանի քաղաքային սովետը վստահություն է հայտնում, որ «Երևանի տեղական սովետները, նրանց գործադիր կոմիտեները, դեպուտատները, ինչպես նաև քաղաքի հիմնարկությունները, ձեռնարկությունները և կազմակերպությունները մայրաքաղաքի կուսակցական կազմակերպությունների ղեկավարությամբ կգործադրեն բոլոր ուժերը՝ բազմակողմանիորեն իրականացնելու մայրաքաղաքի 2750-ամյակի տոնակատարության համար նախատեսված բոլոր աշխատանքները և պատվով կնշանավորեն մեծ հոբելյանը» (2),- նշվում է վերոհիշյալ նախագծում: Հարկ ենք համարում հիշեցնել, որ այդ ժամանակ Աշխատավորների դեպուտատների Երևանի քաղաքային սովետի նախագահն էր Գրիգոր Հասրաթյանը:

Արդյունքում, ինչպես հայտնի է, Երևանի 2750-ամյակը նշվում է մեծ հանդիսավորությամբ ու խանդավառությամբ, բազմաբնույթ ու հետաքրքիր միջոցառումներով, բազմաթիվ հյուրերի ու քաղաքացիների ակտիվ մասնակցությամբ՝ իսկապես վերածվելով համաժողովրդական տոնակատարության: Այդ ամենի ներկայացումը, սակայն, դուրս է ներկա հաղորդման շրջանակներից:

Առաջին անգամ մայրաքաղաքի տոնը նշելուց հետո արխիվային փաստաթղթերում այլևս որևէ տեղեկություն չի հանդիպում դրա անցկացման վերաբերյալ, և միայն 1983 թ. ապրիլի 26-ի ՀԿԿ կենտկոմի որոշման համաձայն՝ այն դառնում է ամենամյա (ՀԿԿ կենտկոմի քարտուղար՝ Կարեն Դեմիրճյան):

Այնուհետև, ըստ համապատասխան արխիվային փաստաթղթերի (3), 1984-1988 թթ. այն նշվում է «Էրեբունի-Երևան» անվամբ:

Ի դեպ՝ 1989 թ. տոնը չի նշվում՝ պայմանավորված Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված քաղաքական իրավիճակով, ինչի հետևանքով հանրապետությունում առաջացել էր ծայրահեղ ծանր դրություն, և այդ կապակցությամբ ժողովրդական դեպուտատների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեն որոշում է կայացնում «հեռագրեր ուղարկել միութենական հանրապետությունների մայրաքաղաքների ժողովրդական դեպուտատների խորհուրդների գործադիր կոմիտեներ, որպեսզի նրանք իրենց վերաբերմունքն արտահայտեն ստեղծված ծանր կացության վերաբերյալ» (4): Ի դեպ՝ հետաքրքիր է նշել, որ այդ տարի որոշում է կայացվում գունավոր փաստավավերագրական ֆիլմ նկարահանել Երևանի մասին, և այն հանձնարարվում է «Հայֆիլմ» կինոստուդիային (5):

1990-1998 թթ.՝ Երրորդ հանրապետության համար դժվար տարիներին (Արցախյան պատերազմ՝ 1991-1994 թթ., շրջափակում), տոնը չի նշվել: 1990 թ. տոնակատարության անցկացման վերաբերյալ որևէ որոշում չի պահպանվել, սակայն Քաղխորհրդի գործադիր կոմիտեն որոշում է կայացրել «Հնաբնակ երևանցիների ընկերություն» ստեղծելու մասին (6), որն էլ հետագայում բավականին ակտիվ գործունեություն է ծավալում քաղաքի ավանդույթների պահպանման, ավանդական տոների վերականգնման ուղղությամբ:

Արխիվում չի պահպանվել որևէ փաստաթուղթ նաև 1999-2001 թթ. վերաբերյալ, և, թեև այս տարեթվերն այնքան էլ հեռու անցյալում չեն, սակայն, ցավոք, մեզ չի հաջողվել գրանցել որևէ տեղեկություն, ինչը, հավանաբար, պայմանավորված է 1999 թ. հոկտեմբերի 27 ին Ազգային ժողովում տեղի ունեցած իրադարձություններով:

Եվ արդեն կա համապատասխան որոշում 2002 թվականին, երբ հոկտեմբերին նշվում է Երևանի 2784-ամյակը, որից հետո այն արդեն ամեն տարի հանդիսավորությամբ հոկտեմբեր ամսվա երկրորդ շաբաթ օրը մայրաքաղաքը վերածում է բազմաբնույթ միջոցառումների, տարվա ընթացքում քաղաքում իրականացված բարեկարգումների հաշվետվության յուրօրինակ հարթակի (7): Տոնի օրը Երևանի քաղաքապետի ուղերձի տեքստը՝ ուղղված ապագայի երևանցիներին, դրվեց տուփի մեջ և փակվեց: Տուփը հանձնվում է «էրեբունի» արգելոց թանգարանին, իսկ բանալին՝ Երևան քաղաքի պատմության թանգարանին՝ մայրաքաղաքի 2800-ամյա հոբելյանին տուփը բացելու և ուղերձը հրապարակելու ակնկալիքով (8): Տոնակատարությանը մասնակցում էր Ռուսաստանի Դաշնության նախագահ Բորիս Ելցինը:

2003 թ. հոկտեմբերի 12-ին հանդիսավորությամբ նշվում է քաղաքի հիմնադրման 2785-ամյակը՝ վերջին անգամ կրելով «Էրեբունի-Երևան» ավանդական անվանումը, որովհետև արդեն 2004 թվականից մինչև 2008 թվականը այն հանդես է գալիս «Երևանի օր» նոր անվանումով: 2004 թ. տոնակատարությունն առանձնանում է նրանով, որ պաշտոնապես ընդունվում են քաղաքի խորհրդանիշերը՝ զինանշանը, դրոշը և օրհներգը, որոնք Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Երևանի 2786­ամյակին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ Երևանի քաղաքապետ Ե. Զախարյանը մշտապես պահպանության հանձնեց Երևան քաղաքի պատմության թանգարանին (9):

2008 թվականին վերջին անգամ «Երևանի օր» անվանումով նշվում է քաղաքի 2790-ամյակը, իսկ 2009 թվականից այն կրկին վերանվանվում է «էրեբունի-Երևան» և բացի ավանդական անվանման վերականգնումից, ինչպես ցույց Է տալիս տոնակատարության անցկացման տարեգրությունը, յուրաքանչյուր տարի այն անցկացվում է նաև առանձին խորագրի ներքո:

Այսպես՝ 2009 թ. 2791-ամյակը նշվում է «Երևանը մենք ենք» հատուկ խորագրով, և ինչը հատկանշական Է դառնում հաջորդ տարիների համար ևս: Այսպես՝ 2010 թ. կրկին «Երևանը մենք ենք», 2011 թ. այն համընկնում է Հայաստանի անկախության 20­ամյա տարեդարձի հետ, 2012 թ. 2794-ամյակն ընթանում է «Իմ սրտի մայրաքաղաք», 2013 թ.՝ 2795-ամյակը «Իմ սրտի ուղեկից», 2014 թ.՝ 2796-ամյակը «Երևան իմ տուն» և 2015 թ.՝ 2797-ամյակը «Իմ ջերմ ու բարի քաղաք», 2016 թ.՝ 2798-ամյակը «Երևան՝ արևի քաղաք»:

Այստեղ հատկանշական է երկու հանգամանք, նախ այն, որ տոնը կրկին նշվում է «Էրեբունի-Երևան» անունով, և երկրորդ, որ ինչպես նշվեց վերը, յուրաքանչյուր տարի այն անցկացվում է հատուկ խորագրի ներքո: Ընդ որում՝ ամեն տարի խորագիրն ընտրելիս սոցիոլոգիական հարցում է անցկացվում քաղաքացիների տարբեր շերտերի մեջ, և նոր միայն ընտրվում համընդհանուր հավանության արժանացած տարբերակը, և, ինչը ոչ միայն նոր երևույթ է, կարծես յուրովի ապահովում է մեր համաքաղաքացիներին տոնին մասնակից դարձնելը, թեպետ խոսքն այստեղ ֆիզիկական մասնակցության մասին չէ: Ընդ որում՝ 2012 թվականից ձևավորվել է մի նոր ավանդույթ ևս. Երևանի քաղաքապետարանը տոնակատարության գունավոր լուսանկարների ալբոմը և միջոցառումների տեսագրությունները որպես վավերագրեր հատուկ կազմում և հանձնում է Երևանի պատմության թանգարանին, ինչը շատ գնահատելի է, քանի որ դրանք արդեն ստանում են պատմական փաստաթղթի կարգավիճակ:

Մի քանի խոսքով անդրադարձ կատարենք նաև «էրեբունի­Երևան» տոնակատարությունն անցկացնելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի որոշումներին, որոնք տարբեր հանձնարարականներ են բոլոր այն վարչություններին, որոնք անմիջականորեն առնչվում կամ կարևոր պատասխանատվություն են կրում: Հետաքրքիրն այն է, որ դիտարկելով տարբեր տարիներին կայացված այդ որոշումները՝ պարզվեց, որ դրանք գրեթե բոլորն ունեն նույն բովանդակությունը՝ կրկնելով 1968 թ. վերոհիշյալ որոշման նախագիծը, միայն տարեթվերն են վկայում դրանց տարբերությունը: Սա նույնպես բնական է, որովհետև մայրաքաղաքի տոնի նախապատրաստական, կազմակերպչական և անցկացման աշխատանքի ողջ պատասխանատվությունը կրում են քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները: Այդ որոշումների համեմատությունը թույլ տվեց նկատել, որ բոլոր տարիներին պարբերաբար անցկացվել են մի շարք միջոցառումներ ու մրցույթներ, որոնցից կարելի է նշել հետևյալները՝ «Իմ քաղաքը» շարադրությունների մրցույթը, որն անցկացվել է քաղաքի դպրոցների միջև, «Լավագույն գետնածաղկային ձևավորում», «Լավագույն կանաչապատված և բարեկարգված շրջան», «Լավագույն կանաչապատված բակ», «Լավագույն կանաչապատված պատշգամբ», «Լավագույն կանաչապատված փողոց», «Լավագույն կանաչապատված գերատեսչական տարածք», «Լավագույն կանաչապատված թաղամաս», «Օրինակելի կինոթատրոն», «Ըստ բնակության վայրի երեխաների շրջանում տարվող լավագույն աշխատանքի կազմակերպման համար», «Մարզական լավագույն բակ», «Բնակչությանն օրինակելիորեն սպասարկող բժշկական հիմնարկ», «Պատանի կոմպոզիտորների, գեղարվեստի և դեկորատիվ կիրառական արվեստի մանկապատանեկան ստեղծագործությունների ստուգատես», «Շենքի լավագույն ձևավորված ճակատամաս», «Երևանը երգերի մեջ», «Երևանը լուսանկարիչների աչքերով» մրցույթները, որոնց մեծ մասն անցկացվում է նաև այսօր:

Ավարտելով՝ նշենք, որ մոտենում է քաղաքի հոբելյանական՝ 2800-ամյակը, որի առիթով անցկացվելիք բազմաթիվ միջոցառումներից զատ, հուսով ենք, որ Երևանի քաղաքապետարանն, ինչպես և 2750-ամյա տոնակատարության ժամանակ էր, այս անգամ ևս մեծ կարևորություն կտա Շենգավիթ, էրեբունի, Կարմիր բլուր հուշարձանների բարեկարգման ու նորովի ներկայացման խնդիրներին, իսկ մեր կողմից առաջարկում ենք նաև ազգային զարդանախշերով ու քաղաքի խորհրդանիշներով «Էրեբունի-Երևան 2800» գորգի ստեղծում, հուշամեդալի թողարկում, ինչպես նաև փաստավավերագրական ֆիլմի ստեղծում, որոնք մնայուն արժեքներ կդառնան և ապագայի մեր համաքաղաքացիների համար 2800-ամյա Երևանի մասին խոսուն վկաներ կլինեն:

Ամփոփելով՝ նշենք, որ այն կարող է հավակնել «էրեբունի – Երևան» տոնակատարության համեստ տարեգրության, որը շարունակելի է այնքան, որքան որ հավերժ է աշխարհասփյուռ հայության լուսավոր աստղ Երևան մայրաքաղաքը:

ԱՐՄԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ
Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն,
պատմական գիտությունների թեկնածու

* * *

  1. Երևանի քաղաքային սովետի որոշումը, նախագիծ, Երևան, 1968 թ., ՄՄ 3221-12, էջ 1-6:
  2. Նշված նախագիծը, էջ 1­6:
  3. ՀՀ ազգային արխիվ, ֆոնդ Ե-1, կ-13, q.-84,85, կ.-13, գ. 112, կ.-13, գ. 199, կ.-13, գ. 343-345 :
  4. ՀՀ ազգային արխիվ, ֆոնդ Ե-1, կ.15, 112:
  5. ՀՀ ազգային արխիվ, ֆոնդ Ե 1, կ. 15, գ. 120:
  6. ՀՀ ազգային արխիվ, ֆոնդ Ե-1, կ. 15, գ. 190:
  7. Ընդ որում՝ 2750-ամյակի տոնակատարությունից հետո ավանդական է դառնում նաև «Էրեբունի- Երևանի» անցկացումը հոկտեմբեր ամսվա երկրորդ շաբաթվա մեջ, ինչը նույնպես այն ժամանակից ի վեր հաշվարկված է եղել. հոկտեմբեր ամիսն, ըստ վիճակագրական տվյալների, առանձնանում է կայուն, տաք, առանց տեղումների եղանակով, աշնանային գունագեղությամբ, բերք ու բարիքով, ինչն առանձնահատուկ գրավչություն է հաղորդում տոնին:
  8. Երևան քաղաքի պատմության թանգարան, օժանդակ ֆոնդ 3150-1,2:
  9. Երևանի տարեգրությունը, Երևան« 2009 թ., Էջ 218:
  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us