Կուռքերի պաշտամունքի մասին (տիեզերական էակներ)

Հնագույն քաղաքակրթության հայտնի կենտրոններում` Հայկական լեռնաշխարհում և շրջակա տարածքներում, Միջագետքում` Շումերում, Աքադում, Եգիպտոսում և այլ վայրերում կատարված հնագիտական պեղումների ժամանակ մշակութային արժեքների հետ հայտնաբերվել են նաև մարդու մարմնով, սակայն ոչ մարդանման դեմքերով /ճագարի, թռչունի/ տարօրինակ էակների` կուռքերի արձանիկներ ու քանդակներ: Դրանք պատկերված են նաև ժայռապատկերներին, հնագիտական իրերին և այլն: Ինչպես հին աշխարհի շատ երկներում, այնպես էլ հին Հայաստանում տարածված է եղել մարդանման այդ արարածների` կուռքերի պաշտամունքը: Հայոց հեթանոսական տաճարներում եղել են կուռքերի արձաններ: Ցավոք քրիստոնեության ընդունման ժամանակ (301թ.) հայոց հնագույն աստվածների արձանների հետ ջարդուփշուր են արվել նաև կուռքերի արձանները, և շատ քիչ բան է պահպանվել: Այդ մասին Ագաթանգեղոսը գրում է. «Դրանք անօգուտա, վնասակար արձաններ են, որոնք պատրաստված են ցնորամիտ մարդկանց անմտությամբ» (Ագաթանգեղոս, «Պատմություն հայոց» , 1983 թ., էջ 787):

Հանդիպում են կանացիակերպ կամ տղամարդանման կուռքերի ամբողջական (Միջագետք, Նեա Նիկոմեդիա, Շենգավիթ, Մեծամոր, Ջրահովիտ), կոնաձև հիմքով, որոնք կանացի «նստած» արձաններ են (Միջագետք, Հայկական լեռնաշխարհ` Հառիճ, Նորշեն բլուր/Նորշուն թեփե/, Բլուր /Փուլուր), և ընդգծված դեմքով քարե զանգվածեղ կուռքերի քանդակներ (Կարմիր բլուր, Կարմիր բերդ, Շավարշավան):

Ընդունված է, որ կանացիակերպ կուռքերը մարմնավորում են կին-մայր աստվածուհու գաղափարը, կապված պտղաբերության ու մայրության գաղափարի հետ: Կուռքերը հաճախ ծածկված են բուսական զարդանախշերով, որը զուգակցում է ծառ-բույսի ու կնոջ պտղաբերության գաղափարը: Տղամարդանման կուռքերը բեղմնավորման գաղափարն են արտահայտում: Հանդիպում են նաև քարե ֆալլիկ արձաններ, որոնք նույնպես կապված են բեղմնավորման ու պտղաբերության գաղափարի հետ:

Հայկական լեռնաշխարհից, Շումերից, Հյուսիսային Միջագետքից, Եգիպտոսից և այլ երկրներից հայտնաբերված կուռքերը բազմազան են: Նրանք նաև խորհրդավոր են իրենց վրա պատկերված զարդանախշերով ու խորհրդանշաններով: Անդրադառնանք մի շարք այդպիսի կուռքերի: Հետաքրքիր են Հյուսիսային Միջագետքից (Հայկական Միջագետք, այժմ Հյուսիսային Սիրիա) հայտնաբերված թռչունի դեմքով, տղամարդանման երկու կավե արձանիկները (պահվում են Եպթ-ի հնագիտության ֆոնդում): Դրանցից մեկը թռչունի դեմքով, խիստ արտահայտված կլոր աչքերով ինչ-որ էակի արձանիկ է (մ.թ.ա. 5-4-րդ հազարամյակներ, նկար 1):

1 Նկար 1

Մարդանման այդ արարածը հողի` երկրի բեղմնավորման գաղափարն է արտահայտում: Մյուս արձանիկը, որ դարձյալ մարդակերպ իրանով, թռչունի դեմքով և խիստ արտահայտված աչքերով է, պատկերված է հեծյալի տեսքով (նկար 2):

2

Նկար 2

Շատ տպավորիչ են Թելլ-աս-Սավվանայից (Հարավային Միջագետք, Հասունյան մշակույթ, մ.թ.ա. 6-5-րդ հազարամյակներ) հայտնաբերված կանացիակերպ գիպսե դեղնա-կանաչավուն արձանիկները՝ ընդելուզված աչքերով և բիտումից (հանքաձյութ) գլխարկներով (նկար 3-6):

Կանացիակերպ այդ էակները ունեն խոշոր, արտահայտիչ աչքեր և փոքր գլխարկներ: Հետաքրքիր է, որ գլխարկները հաճախ ուղիղ գծով բաժանվում են աջ և ձախ մասերի: Երկու նույնատիպ չթրծված կավե արձանիկներ են հայտնաբերվել հունական Մակեդոնիայի Նեա Նիկոմեդիա բնակավայրից (նկար 7, մ.թ.ա., 6-5-րդ հազարամյակներ): Կանացիակերպ մարմնի վրա պատկերված է մասսիվ հաստ վիզ, փոքր գլուխ, երկարավուն աչքեր, փոքր քիթ ու բերան: Գլուխը (հավանաբար գլխարկը) նորից ուղիղ գծով բաժանված է աջ և ձախ մասերի:

7

7

Հաջիլարից (Փոքր Ասիա, մ.թ.ա. 6-5-րդ հազարամյակներ) հայտնաբերված գծանախշ անոթը ներկայացնում է խոշոր աչքերով, սև օբսիդիանե բիբերով ինչ-որ կանացիակերպ աստվածուհու (նկար 8): Շատ ավելի մանրամասներով են ներկայացված Հարավային Միջագետքից հայտնաբերված կանացիակերպ (Ուր) և տղամարդանման (Էրեդու) շումերական պաշտամունքային կավե արձանիկները (մ.թ.ա. 4–րդ հազարամյակ): Կանացիակերպ արձանիկի դեմքը կլոր է, կատվանման, երկար աչքերով, փոքր քթով ու բերանով (նկար 9): Գլուխը զարդարում է սրացող ծայրով զարդանախշված ինչ-որ հարդարանք: Տղամարդանման արձանիկի ճագարանման դեմքի վրա պատկերված են երկարավուն աչքեր և ընդգծված քիթ, բերանը չի երևում (նկար 10):

Գլուխը ծածկում է բարձր, կլոր գլխարկ, որը նորից աջ ու ձախ մասերի է բաժանված: Արձանիկի ուսերին և թևերին կան կտրվածքներ, որոնց վրա ենթադրվում է, որ ցորենի հատիկներ են պատկերված: Իսկ հայտնի է, որ հատիկը պտղաբերության գաղափարն է արտահայտում: Երկու դեպքում էլ մարդանման այդ էակների ձեռքերը դրված են գոտկատեղին:

Հայոց հնագույն Միտանի պետության արքաների կնիքների վրա աստվածների ու թագավորների հետ պատկերված են նաև մարդկային մարմնով ու թռչնանման դեմքերով բարձրահասակ ինչ-որ էակների պատկերներ (նկար 11, 12, մ.թ.ա. 2-րդ հազարամյակի 1-ին կես):

Նույնատիպ, նաև հեծյալ ու մարտակառք վարող էակների պատկերներ հանդիպում են Լոռի-բերդից (նկար 13, մարտակառք վարող կատարավոր գլխարկով մարտիկներ, մ.թ.ա. 14-13-դ դդ.), Լճաշենից (նկար 14, բրոնզե գոտու մաս, մ.թ.ա. 2-րդ հազարամյակի կես), Ախթալայից (նկար 15, բրոնզե գոտու մաս, մ.թ.ա. 8-րդ դ.) և այլ վայրերից հայտնաբերված իրերի վրա:

Մեծամորից (մ.թ.ա. 3 -րդ հազարամյակի կես), Կարմիր-բերդից (մ.թ.ա. 12-9- րդ դդ.), Շավարշավանից (Իջևանի շրջան, մ.թ.ա. 9-8-րդ դդ.) ու այլ վայրերից հայտնաբերված կուռքերի ճակատներին կամ ականջների մոտ պատկերված են Արարչի` Արև-Աստծո խորհրդանշանները` խաչ և սվաստիկա՝ աջ կամ ձախ թեքումով:

Այսպես. Մեծամորից հայտնաբերված կուռքի (նկար 16) վրա պատկերված են մի շարք խորհրդանշաններ` շրջանակի մեջ առնված ձախ թեքմամբ սվաստիկա, իրար մեջ առնված շրջանակներ, ընդ որում շրջանակներից մեկի վրա շատ փոքր շրջանակ է պատկերված (գուցե Մայր Երկիրն է պատկերված տիեզերքում): Կուռքի վզին պատկերված են 3 օղակաձև գծեր:

1616

Կարմիր բլուրից հայտնաբերված կուռքերը հիմնականում պատրաստված են տուֆից: Դրանցից մեկի գլուխը և իրանի վերին մասը բաժանված է ուղղահայաց գծով ու զարդարված եղևնաձև զարդանախշերով (նկար 17, Եպթ, հմմ. Հաջիլարից հայտնաբերված գծանախշ անոթը):

17

17

Հետաքրքիր է հատկապես Կարմիր բլուրից հայտնաբերված կատվանման (կամ ճագարանման) կուռքը (նկար 18, Եպթ), որն ունի երկար, ուղղանկյուն իրան, նեղացող վիզ և զանգվածեղ գլուխ: Քիթը ուղիղ է, աչքերը շատ արտահայտիչ խոշոր շրջաններ են: Գլխի վրա, ճակատին մոտ, դեպի վեր ուղղված (ցցված) ականջներ կան, որոնք նման են կատվի ականջների, իսկ դրանց մոտ պատկերված են սվաստիկաներ: Վզի վրա կրկին երևում են 3 օղակաձև գծեր:

18

18

Կարմիր բերդից հայտնաբերված կանացիակերպ կուռքը (նկար 19, Եպթ) լայնացող ուսերով է, որից բարձրանում է զանգվածեղ գլուխը՝ առանց վզի: Վատ պահպանված դեմքի վրա թույլ նշմարվում է սվաստիկայի հետք: Շավարշավանից հայտնաբերված կուռքի դեմքը ընդգծված օվալաձև է, նեղացող կզակով, ճակատի աջ մասում պատկերված է աջ թեքմամբ սվաստիկա (նկար 20): Պարանոցին երևում են օղակաձև գծերի հետքեր: Կուռքերի կավե արձանիկներ են հայտնաբերվել նաև Շենգավթից (մ.թ.ա. 5-3-րդ հազարամյակներ), Նախիջևանից (Մոխրաբլուր, մ.թ.ա. 3-րդ հազարամյակ) և այն:

Համեմատելով կուռքերը, արձանիկները և պատկերները՝ նկատում ենք, որ համարյա բոլորը ունեն խոշոր կամ երկար (թեք կամ հորիզոնական) արտահայտիչ աչքեր և փոքր քիթ ու բերան:

Հնագույն բոլոր մշակույթները ներկայացնող մշակութային արժեքների մեջ հանդիպում են գեղեցիկ դեմքերով աստված-աստվածուհիների, արքաների և մարդկանց պատկերներ, սակայն ինչպես վերևում նշվեց, հանդիպում են նաև մարդու մարմնով, բայց ոչ մարդանման դեմքերով ինչ-որ էակների արձանիկներ` կուռքեր ու պատկերներ, որոնք պաշտամունքի առարկաներ են եղել: Իսկ ովքե՞ր են նրանք: Այդպիսի արարածներ այսօր չկան Մայր Երկրի վրա ու ոչ ոք այդպիսի դեմքերով ու մարմիններով քանդակներ ու պատկերներ չի ստեղծում: Սա այն դեպքն է, երբ կարելի է մտածել, որ նրանք ոչ երկրային, տիեզերական ինչ-որ էակների պատկերներ են: Եվ որ ինչ-որ ժամանակ տիեզերական այդ արարածներն ու մարդիկ իմացել են մեկմեկու: Հակառակ դեպքում մարդը պաշտամունքի իր առարկաներին` կուռքերին, կպատկերեր իր պատկերով ու նմանությամբ, ինչպես որ վարվում է այլ դեպքերում, երբ իր աստվածներին պատկերում է իր նմանությամբ` շատ հաճախ կատարյալ, գեղեցիկ դեմքերով:

Կարելի է մտածել նաև, որ ինչ-որ ժամանակ, հավանաբար մ.թ.ա. 8-5-րդ հազարամյակներում (նաև ավելի վաղ) Մայր Երկրի վրա ապրող մարդկանց և տիեզերական այդ էակների միջև եղել են կապեր, և մարդիկ իմացել են նրանց գոյության մասին:

Հետևաբար այդ դեպքում, կարելի է ասել, կուռքերի պատկերով մեզ են ներկայանում ինչ-որ երկնային արարածներ, որոնց մասին հնում տեղյակ են եղել մարդիկ: Միաժամանակ նրանց վրա պատկերվել են խորհրդանշաններ (խաչ, սվաստիկա, շրջանակ, եռանկյունի), որոնք ինչպես հայտնի է տիեզերական խորհրդանիշներ են: Կուռքերի վրա, ավելի հաճախ կրծքին ու վզին պատկերվել են նաև կլոր օղակներ, խորհրդավոր նշաններով աղյուսակներ (նկար 21, Մեծամոր) և այլն: Այս ամենը մտածելու տեղիք է տալիս: Իսկ գուցե մարդանման, բայց ոչ մարդկային դեմքերով այդ արարածները իրոք ոչ երկրային, տիեզերական ծագում ունեն:

21

21

Հնագույն բոլոր առասպելները և պոեմները վկայում են, որ Մայր Երկրի առաջին բնակիչները եղել են աստվածները: Այդ մասին են գրում Միջագետքի գրավոր աղբյուրները (շումերական «Էնկի և Նինմախ», «Գիլգամեշ», աքադա-բաբելական «Էնումա էլիշ…» («Երբ վերևում…»), «Ատրախասիս», հուրրի-հայկական «Երկնային թագավորության մասին» պոեմներ): Ըստ այդ գրավոր աղբյուրների՝ Մայր Երկրի վրա նախ ապրել են աստվածներ, ապա մարդկային ցեղը:

Հայ պատմիչների աշխատություններում ևս վկայություններ կան աշխարհի առաջին բնակիչների` աստվածների մասին: «Աստվածներից առաջինները ահեղ էին ու երևելի և աշխարհի մեծամեծ բարիքների պատճառ, աշխարհի ու բազմամարդության սկիզբ…, սրանցից առաջ եկան հսկաների սերունդը, անհեթեթ, հաղթանդամ, վիթխարի մարդիկ» (Մ. Խորենացի, Հայոց պատմություն, Երևան,1981թ., էջ 39): Կարելի է եզրակացնել, որ երբ մարդիկ շատացան երկրի վրա և այնտեղ բացահայտ բնակվելու իրավունքը տրվեց միայն մարդկանց, կապը տիեզերական էակների` (աստվածներ, կուռքեր) ու մարդկանց միջև անբացատրելի ձևով թուլացավ…:

kourqer

Կուռքեր, ԵՊԹ

Արդեն 6-7 հազարամյակ է` մարդը փորձում է հասկանալ ինքն իրեն. ով է՞ ինքը, ինչ սկիզբ է ունեցել և ինչ ապագա ու վախճան պիտի ունենա: Սրանք այն հարցերն են, որոնց պատասխանները այսօր էլ ստույգ չունենք: Մինչդեռ Տիեզերքի, Երկրի, աստվածների՝ տիեզերական էակների ու մարդկանց մասին գիտելիքները, փաստերը և ուսումնասիրությունները շատ կարևոր են մարդկության ապագայի համար: Հայտնի է, որ հին ժամանակներում այդ գաղտնիքները (շումերական դիցաբանությունը դրանք անվանում է ՄԵ) պահապանվում էին քրմերի կողմից:

Այսօր դրանք պետական գաղտնիք են համարվում ու թաքցվում այն պատճառաբանությամբ, որ ճշմարտությունը վախ ու քաոս կառաջացնի մարդկանց մոտ: Մինչդեռ ժամանակն է բացահայտորեն խոսելու, ներկայացնելու այն բոլոր գիտելիքները, որ կան, ձեռք են բերվել: Ճշմարտությունը կարող է փոխել մարդուն և դեպի անհայտություն գնացող շումերական դիցաբանությունից հայտնի «անվերադարձ աշխարհի» ճանապարհին յուրաքանչյուր անհատ գիտակցաբար պատասխանատու կլինի իր կատարած արարքների համար:

Անժելա Տերյան
Երևան քաղաքի պատմության թանգարանի հնագույն և միջնադարյան պատմության բաժնի վարիչ
  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us