ԵՐԵՒԱՆԻ ԱՌԵՂԾՈՒԱԾԱՅԻՆ ԱՇՏԱՐԱԿԻ ԳԱՂՏՆԻՔԸ

2017030392

Աշտարակի նկարագրութիւնը։ Երեւանի պատմութեամբ հետաքրքրվողները քաջ ծանօթ են 17-րդ դարի ֆրանսիացի ակնավաճառ ու ճանապարհորդ Ժան Շարդենի`1673 թ. անձամբ տեսած ու նկարագրած Երեւանի աշտարակի առեղծուածին։ Շարդենը որոշակիօրէն յիշատակում է այս աշտարակը` տալով մի քանի մանրամասներ։

Ստորեւ` այդ հատուածը ֆրանսերէն (17-րդ դարի տպագրութիւնից, էջ 256) (1) եւ այնուհետեւ` մեր թարգմանութիւնը հայերէն։

«Առաջնորդարանի մօտ սրբատաշ քարերով կառուցած մի հին աշտարակ կայ, որի գծանկարը դիմացի էջին եմ դրել։ Ես չկարողացայ իմանալ ո՛չ դրա կառուցման ժամանակը, ո՛չ ով է կառուցել, ո՛չ էլ գործածութեան նպատակը։ Արտաքին (պատերին) արձանագրութիւններ կան, որոնց գիրը հայկականին է նման, բայց որոնք Հայերը սակայն կարծես թէ չեն կարողանում ընթերցել։ Այս աշտարակը հնամեայ կառոյց է եւ բոլորովին եզակի իր ճարտարապետութեամբ, ինչպէս կարելի տեսնել այստեղ։ Նա ներսից դատարկ է ու մերկ։ Դուրսը շուրջ բոլորը (բազմաթիւ) աւերակներ են երեւում, այնպէս դասաւորված` կարծես թէ այդտեղ վանք (մենարան) եղած լինէր, եւ թէ աշտարակը մէջտեղը լինէր»։

Երեւանի պատմաբանները յաճախ նոյնիսկ կասկածել են այս աշտարակի գոյութեան հաւաստիութեանը եւ ցայժմ դրա տեղադրութիւնն էլ պարզաբանված չէճշտիւ։ Ոչ մի հիմք չունենք սակայն կասկածի տակ առնելու Շարդենի նկարագրած շինութիւններն ու իրադարձութիւնները (ի՞նչ իմաստ ունէր նկարագրել ու գրքում տեղադրել եւրոպացու համար մի անհետաքրքիր ու անյայտշինութիւն), մանաւանդ որ` Շարդենը դեռեւս իր օրօք համարվել է արժանահաւատ ու լուրջ հեղինակ։

Աշտարակի կիրառական նպատակը։ Աշտարակներն ընդհանրապէս ծառայում են տարբեր նպատակների. ռազմական, կրօնական (ծիսական), գիտական, նաեւ որպէս դամբարան, մթերանոց (հացահատիկ եւ այլն), կենդանիներ պահելու (օրինակ` աղաւնատուն) եւ այլ նպատակներով։

yhm20170303

Ուշադիր զննենք Շարդենի բերած պատկերը. աշտարակը սրբատաշ խոշոր քարերով է կառուցած։ Գմբէթը, եւ ընդհանրապէս վերին հատուածը, որեւէ բացուածք, լուսամուտ բնաւչունի։ Աշտարակը դժուար թէ ծառայած լինէր ռազմական նպատակների. ռազմական աշտարակները կառուցում են պարիսպներին կից, նրանց վրայ դիտանոցներ ու կրակակէտեր են սարքում։ Աշտարակը կրօնական կառոյցի էլ բնաւ նման չէ. ո՛չ մինարեթի է նման, ո՛չ էլ հայկական կրօնական ինչ-որ կառոյցի։ Հացահատիկ կամ գինի ամբարելու դատողութիւններն էլ թերի են. ի՞նչ իմաստ ունի կանգնեցնել այդպիսի մի հզօր կառոյց։ Աղաւնատան գաղափարը չի բացառվում. սակայն նորից վերադառնում ենք Շարդենի նկարագրութեանը («աշտարակը ներսից դատարկ էր ու մերկ») ու թերահաւատութեամբ լցվում այս վարկածի վերաբերեալ էլ։ Աստղադիտարա՞ն։ Յիրաւի` աստղադիտարանները այսպիսի կլոր գմբէթներ են ունենում։ Սակայն` չէ՞ որ այսօրուայ աստղադիտարանների գմբէթները մեծ տրամագծով աստղադիտակներ պատսպարելու համար են։ Շարդենի աշտարակը այնպիսի ժամանակներում էր կանգնած, երբ աստղադիտակները հազիւ էին դեռ երեւանեկելու չափերով շատ փոքր էին։

Եւ վերջապէս` ի՞նչ իմաստ ունի քսան մետր Երկրից վեր բարձրանալ, երբ աստղերի հեռաւորութիւնը Երկրից լուսատարիներով ենք հաշւում։

Դամբարանի գաղափարն աւելի գրաւիչ է։ Հայաստանում եւ այլուր հանդիպում են բազմաթիւ, հիմնականում մահմեդական (արաբական, պարսկական, թուրքմենական) դամբարաններ։ Բայց ո՞ւր էին ներսի դամբանները, եթէ Շարդենը յիշատակում է, որ «աշտարկը ներսից դատարկ էր ու մերկ»։ Եւ վերջապէս, եթէ սա դամբարան եղած լինէր, այն միայն մահմեդական կարող էր եղած լինել. Հայերն իրենց հանգուցեալները այսպիսի շինութիւններում չէին թաղում, այլ շինութիւններից դուրս։ Իսկ մենք քիչ յետոյ կը տեսնենք, որ սա ամենայն հաւանականութեամբ հայկական կառոյց է։

Մեր վարկածը։ Մենք այս յօդուածով ցանկանում ենք մի այլ վարկած առաջարկել աշտարակի գործնական կիրառութեան վերաբերեալ, եւ դրանով գիտական քննարկումների դուռ բացել յետագայ ուսումնասիրութիւնների համար։ Վարկածս, բնականաբար, վերապահութեամբ պէտք է ընդունել, եւ մինչեւ հիմնաւոր ապացոյցներ չյայտնվեն, հարկաւոր է զգուշութեամբ տարածել այս գաղափարը։

Դատելով աշտարակի` Շարդենի նկարի վրայ երեւացող երկու դռների բարձրութիւնից, որոնք հին եկեղեցիների ճարտարապետութեան կանոններով` մօտ 1,8 – 2,5 մետր բացուածք պիտի ունենային, աշտարակի բարձրութիւնը 20 մետրի սահմաններում պիտի լինէր, այսինքն այսօրուայ վեց-եօթյարկանի մի շէնքի բարձրութեան (մի յարկը համարելով մօտ երեք մետր). հսկայական մի կառոյց ժամանակի համար։ Ինչպէս կը տեսնենք քիչ յետոյ` աշտարակի բարձրութիւնը համարեա հաւասար էր մօտի կանգնած եկեղեցու (առաջնորդարանի) ու մզկիթի բարձրութեանը։

Վարկածը, որ առաջարկում ենք աշտարակի գործածութեան վերաբերեալ այն է, որ սա ջրի աշտարակ պէտք է եղած լինէր (ֆրանսերէն` château d’eau, անգլերէն` water tower, գերմաներէն` Wasserturm, ռուսերէն`водонапорная башня, իտալերէն` torre dell’acqua)։

Ով որ ծանօթ է եւրոպական, նաեւ ամերիկեան իրականութեանը, եւ ընդհանրապէս ճանապարհորդել է աշխարով մեկ, անշուշտ նկատած կը լինի այն աշտարակները, որ ժամանակ առ ժամանակ երեւում են տարբեր երկրների բազմաթիւ շրջաններում։ Հարցրէ՛ք մի մարդու, որի երկրում սովորական են ջրի աշտարակները եւ նա բոլորովին չի զարմանայ, եթէ նրան ներկայացնէք, թէ սա ջրի աշտարակ է։ Ով որ գիտէ` թէ դա ինչ է, կարիք չունի յետագայ բացատրութիւնների։ Նրա համար պարզ է ե՛ւ աշտարակի իմաստը, ե՛ւ նրա գործելակերպը։ Սակայն Հայաստանում, որտեղ ջրի աշտարակներն անսովոր են, հայ ընթերցողի համար քիչ յետոյ կը բերենք համառօտ մի նկարագրութիւն, թէ ինչ բան է ջրի աշտարակը եւ ինչպէս է այն գործում։

Եթէ սա իրօք ջրի աշտարակ է եղել, ապա վերին մասում տեղադրված պէտք է լինէր հաստ քարերով կաղապարի մէջ դրած գնդաձեւ ջրամբարը։ Իսկապէս, գմբէթի այսպիսի զանգուածային, հաստ սրբատաշ քարերով կառուցած լինելը կարծել է տալիս, որ դրա ներսում պաշարածնիւթը (ինչ էլ որ այն լինէր) պէտք էր ամուր կաղապարել, այլապէս շինութիւնը չէր դիմանայ այդ ճնշմանը։ «Աշտարակը ներսից դատարկ էր ու մերկ». սա նոյնպէս մի տեղեկութիւն է, որի կողքով պէտք է չանցնենք։ Ջրի աշտարակների ներսում առանձնապէս ոչինչ չի լինում, միայն աստիճան` վեր բարձրանալու ու ջրամբարը խնամելու համար։ Շատ հնարաւոր է, որ ներսում մի ժամանակ փայտեայ աստիճան եղած լինէր, որը Շարդենի ժամանակ արդէն քանդված էր երեւի։

Շարդենի նկարի չափսերից նաեւ եզրակացնում ենք, որ գնդաձեւ ջրամբարի տրամագիծը 9-10 մետր էր։ Եթէ համարենք, որ քարէ կաղապարի պատերը մեկ մետր հաստութիւն ունէին (ամեն կողմից), ապա ջրամբարի տարողութիւնը կըլինէր առնուազն 7 մետր տրամագծով մի գունդ, այսինքն 180 խորանարդ մետր (180 հազար լիտր) ջրի տարողութիւն (4/3 x π x խորանարդշառաւղով)։ Սա մի ահռելի թիւ է ժամանակի համար։ Համեմատութեան համար` այսօրուայ ամերիկեան վեցյարկանի շէնքերի տանիքներում տեղադրած ջրամբարները 25-50 հազար լիտր ջուր են պարունակում (հիմնականում միայն այդ շէնքի կարիքները հոգալու համար)։ Հոլանդիայի Այնդհովեն քաղաքում 1970 թ. կառուցած ջրի եռեակ աշտարակներից (տես նկարը) իւրաքանչիւրը 10 մետր տրամագիծ ունի ու 500 հազար լիտր ջրի տարողութիւն։

2017030336

Ջրի աշտարակների գործելակերպը։ Ջրի աշտարակները հիմնականում միատեսակ են գործում (տես ստորեւ պատկերը` քաղած Վիքիպեդիայի watertower անգլերէն յօդուածից)։ Ջուրը տարբեր միջոցներով (պոմպերով, նկարում թիւ 1) մղվում է աշտարակի գլխին տեղադրած ջրամբարը (թիւ 2), որտեղից էլ Երկրի ձգողութեան շնորհիւ ջուրը ճնշման տակ մատակարարում են սպառողներին (թիւ 3)։ Կը հարցնէք, թէ ինչո՞ւ ջուրը միանգամից չեն մատակարարում սպառողին։ Ջուրը աշտարակում կուտակելը մի քանի առաւելութիւն ունի։ Նախ` օգտագործում ենք բնութեան ուժը, որը ոչինչ չարժէ. եթէ պոմպերը անընդհատ աշխատէին, մեծ ծախս կըլինէր քաղաքի համար։ Պոմպերը կարող են ժամանակաւորապէս շարքից դուրս գալ. Երկրի ձգողութիւնը մշտական է։ Ջուրը առկայ է նաեւ այն ժամանակ, երբ մուտքի ջուրը ժամանակաւորապէս սպառված է (աղբիւրի ջրերը պակասել են, երաշտ եղանակ է եւ այլն)։ Ջրի ճնշումը աշտարակի մէջ մշտապէս նոյնն է. պոմպերի միջի ճնշումը կախված է դրանք աշխատեցնելու եղանակից, այսօր` էլեկտրական հոսանքի ուժից։ Մեծ քանակութեամբ ջրի կարիքի դէպքում (հրդեհ եւ այլն), ջրի աշտարակը ապահովում է առատ ու մեծ ճնշման տակ ջուր. պոմպերը չեն կարող իրենց կարողութիւնը բազմապատկել։ Ջրամբարի մէջ որոշ ժամանակ մնացող ջուրը յաւելեալ մաքրվում է` աղտեղութիւնները նստում են ջրամբարի յատակը (որը ժամանակ առ ժամանակ մաքրում են)։ Մի խօսքով, բազմաթիւ առաւելութիւններ, որ այսօրուայ արեւմտեան (եւ ոչ միայն արեւմտեան) երկրները լաւ գիտեն։

yhm201703032

Ջրի աշտարակներն աշխարհում։ Ջրի աշտարակներգոյութիւն են ունեցել դեռեւս հնագոյն ժամանակներում։ Հին Հռոմում դրանց թիւը 250-ի էր հասնում։ Սակայն 4–7-րդ դարերի բարբարոսական արշաւանքները Եւրոպայում կործանեցին հնադարեան մշակոյթի մի զգալի մասը եւ այդ թւում` ջրի աշտարակները։ Նրանց մշակոյթը անկում ապրեց, ինպէս եւ ջրի ու բաղնիքների հետ կապված շատ տարրեր։ Նոր ժամանակներում Եւրոպան ջրի աշտարակները նորից յայտնագործեց հիմնականում միայն 19-րդ դարից, երբ անհրաժեշտութիւն առաջացաւ մեծ քանակութեամբ ջուր մատակարարել նորաստեղծ երկաթուղու շոգեքարշներին։ Սա է պատճառը, որ Ժան Շարդենը 17-րդ դարում գաղափար չունէր ջրի աշտարակների մասին եւ չհասկացաւ, թէ Երեւանի աշտարակը ինչի կարող էր ծառայած լինել։

201703035

Այսօր ջրի աշտարակներ կան եւրոպական բազմաթիւ երկրներում, Ամերիկայի Միացեալ Նահանգներում, Հնդկաստանում եւ այլուր։ Ստորեւ բերում ենք Վիքիպեդիայից քաղած (անգլերէն watertower յօդուածից)` եւրոպական նոր շրջանի (19–20-րդ դարեր) մի քանի ջրի աշտարակների պատկերներ։

201703034

Եւ աւելի ժամանակակից տեսքով աշտարակներ`

201703036

Աշտարակի արձանագրութիւնն ու կառուցման ժամանակը։ Շարդենի պատմածով` «Արտաքին (պատերին) արձանագրութիւններ կան, որոնց գիրը հայկականին է նման, բայց որոնք Հայերը սակայն կարծես թէ չեն կարողանում ընթերցել»։

Շարդենի նկարիչը աշտարակի արտաքին` նկարի վրայի ձախ մուտքի ձախակողմեան պատին պատկերած արձանագրութիւնները կարծես թէ խզմզել է (տես այստեղ զետեղած մեծացրած պատկերը). տառերը տառերի նման չեն եւ անհասկանալի է, թէ ինչ է գրած։ Ակնյայտ է, որ գիրը արաբական չէ։ Եթէ արաբական լինէր (արաբերէն կամ պարսկերէն լեզուով), Շարդենը իսկոյն կը հասկանար` նա պարսկերէն գիտէր։ Իսկապէս, նկարի մեծացրած պատկերից էլ է պարզ, որ այն արաբական չէ, այլապէս նկարիչը այլ ոճով կը նկարէր։ Ամենայն հաւանականութեամբ նկարիչը պարզապէս տառերի տեսքով մի քանի տող է նկարել իր գծանկարում (նկարիչն ինքը ֆրանսիացի էր)։ Պատկերի առաւել խոշորացումը համակարգչի էկրանին ոչինչ չաւելացրեց` տառերը ոչ մի լեզուի տառերի նման չեն։

Սակայն տրամաբանութիւնը յուշում է, որ գրերի լեզուի ամենահաւանական տարբերակը հայերէնը պէտք է լինի` գրված սովորական հին հայերէն լեզուով եւ վիմական արձանագրութիւններին յատուկ համառօտագրութիւններով ու պատուագրերով, ինչը իհարկէ հին հայերէն եւ աւելին`վիմագրութիւն չիմացող hայի համար 17-րդ դարում անընթեռնելի էր։ Հասկանալի է, թէ ինչու Շարդենի հարցուփորձերից մարդիկ չեն կարողացել արձանագրութիւնն ընթերցել։

201703037

Արդեօ՞ք Շարդենը հին հայերէն իմացող ու հայ վիմագրութեանը ծանօթ անձի է հարցրել, որը չի կարողացել կարդալ։ Միանշանակ` ոչ. եթէ այդպիսի մի մարդու հարցրած լինէր, այդ անձը կա՛մ կը կարողանար ընթերցել ու թարգմանել գիրը (եթէ գիրը իսկապէս հայերէն լինէր), կա՛մ էլ կ՚ասէր, որ գիրը հայերէն չէ։ Տեղեակ անձը չէր ասի` թէ գիրը հայերէն է, բայց չեմ կարողանում կարդալ։ Նշանակում է` Շարդենը հին հայերէն, առաւել`վիմագրութիւն չիմացող hայի է հարցրել, որն էլ տուել է այդ պատասխանը` «գիրը հայկական է, բայց չեմ կարողանում կարդալ»։ Հնարաւոր է, որ Շարդենը լոկ մի մարդու հարցրած լինէր։ Մի քանի անձ միասին կարող էին իրար մէջ հարցը քննարկել ու աւելի որոշակի պատասխան տալ։ Շարդենի բերած բացատրութիւնը թերեւս անիմաստ է հնչում։ Ընդ որում, Շարդենն իր եզրակացութիւնը (maisqueles Armeniens nesauroient pourtantlire – բայց որոնք Հայերը սակայն կարծես թէ չեն կարողանում ընթերցել) դրել է պայմանական անցեալ եղանակով (թարգմանեցինք «կարծես թէ»), որով ֆրանսերէնում հեղինակն իր խօսքերի մէջ անվստահութիւն է դնում։

Մի այլ ենթադրութիւն էլ կարելի է պատկերացնել, նուազ հաւանական բայց արժանի յիշատակութեան. հին վրացերէն գլխագիր (ասոմթավրուլի) տառեր (տառատեսակների նմանութիւնը այսօր էլ կարող է շփոթեցնել անտեղեակներին)։ Ինչպէս գիտենք` Զաքարեան դարաշրջանում Հայաստանի որոշ տարածքներում եղել են վրացերէն արձանագրութիւններ։ Սակայն գրաճանաչ Հայը կարողանում է հասկանալ թէ տառերը հայկական են, թէ ոչ։ Վրացերէն գլխագիր տառերը, որքան էլ գծագրական նմանութիւններ ունենան հայկական գլխագրերին, այնուամենայնիւ տարբեր են։ Թէ ինչքանով է հաւանական այս վարկածը, թողնում ենք յետագայ աւելի մանրամասն ուսումնասիրութիւնների։

Աշտարակը 1673թ. արդէն չէր գործում` Շարդենի նկարագրութիւնից պարզ է։ Այլապէս Շարդենը չէր ասի, որ հնամեայ աշտարակ է, եւ որ ինքը չկարողացաւ պարզել նրա կիրառական նշանակութիւնը։ Ուրեմն աշտարակն առնուազն նախորդ դարի կառոյց էր։ Հնարաւոր չէ, որ այն կառուցած լինէին 17-րդ դարի սկզբին, այսինքն մի երկու-երեք սերունդ առաջ եւ նա արդէն չգործէր, ու նրա մասին ոչ ոք էլ ոչինչ չիմանար։ Մենք կարծում ենք, որ աշտարակաշինութեան ժամանակը մեզ պիտի տանի մինչեւ առնուազն Զաքարեան շրջանը։ Եթէ աշտարակը կառուցված լինէր աւելի ուշ (14–16-րդ դարերում), այսինքն`մոնղոլական, թուրքմենական ցեղերի կամ արդէն Սաֆեան (պարսկական) տիրապետութեան ներքոյ` օտարների կողմից, եւ արձանագրութիւնն էլ այդ ժամանակ արված լինէր (արձանագրութիւնը բնականաբար չէր կարող փորագրված լինել աշտարակի կառուցումից առաջ), ապա արձանագրութիւնը կա՛մ արաբերէն պիտի լինէր, կա՛մ էլ պարսկերէն։ Հայերէն արձանագրութիւն` մահմեդական կառոյցի (այն էլ դամբարանի) վրայ, բացառվում է։ Հնարաւո՞ր է, որ այդպիսի մի հզօր աշտարակ կառուցած լինէինք Հայերս` օտար տիրապետութեան այդ խառնակ ժամանակներում։ Ինչ-որ հաւանականութիւն թերեւս կարելի է ընդունել մինչեւ 14-րդ դարը` մոնղոլական տիրապետութեան ներքոյ, երբ հայ իշխանական տները դեռեւս լրիւ չէին վերացել (բայց արագօրէն անկում էին ապրում)։ Մեր կարծիքով սակայն` Զաքարեան շրջանը ամենահաւանականն է, եւ աշտարակը կառուցած պիտի լինեն Հայերը ( խօսքս շինարարական պատուէրի մասին է եւ ոչ թէ շինարարների ազգային պատկանելութեան. շինարարները բոլոր դէպքերում Հայերը եղած պիտի լինէին)։

Յամենայնդէպս, ինչ էլ որ լինի աշտարակի կառուցման ճշգրիտ ժամանակի պատասխանը, եւ եթէ մեր վարկածը յետագայ ուսումնասիրութիւններով հաստատվի, դա կը նշանակի, որ Երեւանում ջրի աշտարակ է գործել եւրոպական ջրի աշտարակներից մի քանի դար առաջ։ Սա անսպասելի յայտնագործութիւն կը լինի Հայոց պատմութեան համար։

Թիւրիմաց շփոթութիւններ։ Շարդենի աշտարակը յետագայ ուսումնասիրողներ յիշատակել են ու նորից արտատպել իրենց աշխատութիւններում։ Գաղափար միայն տալու համար բերում ենք այստեղ մի օրինակ։ Ստորեւ, երեք պատկերներից ձախինը` թուրքմեն Փիր-Հուսէյնի 1413 թ. կառուցած յայտնի դամբարանն է Արգաւանդում (Երեւանից ոչ հեռու։ Բարձրութիւնը` 12 մետր)։ Կենտրոնում` ֆրանսիացի Էօժեն Բորէի հրատարակած «Աշխարհը. Բոլոր ժողովուրդների պատմութիւնն ու նկարագրութիւնը» գրքից (2) Երեւանի աշտարակի փորագրանկարը։ Աջից` Շարդենի գրքի մէջ տեղադրած` Երեւանի աշտարակի գծանկարը։

201703038

Բորէն «Հայաստան» գլխի 21-րդ էջից առաջ տեղադրած փորագրանկարում բերում է Շարդենի աշտարակի պատճէնը, Շարդենի իսկ բացատրութիւններով։ Արգաւանդի դամբարանը իր հերթին պեղված է եւքիւի տակի արաբերէն արձանագրութիւնն էլ աներկբայօրէն ընթերցուած։ Այստեղ շփոթութիւն չկայ։

Սակայն` Վիքիպեդիայի ռուսերէն “Мавзолей туркменских эмиров” յօդուածում ( խօսքը Արգաւանդի դամբարանի մասին է) տեղադրված է Բորէիայս նոյն պատկերը` «Башня Эривани». Гравюра Вандербурха. 1838 год [источник неуказан] մակագրութեամբ։

Այս ակնյայտ շփոթութիւնը բերեցինք` յետագայ ուսումնասիրողներին զգուշացնելու հնարաւոր թիւրիմացութիւններից։

Տեղադրութիւնը։ Շարդենինկարիչը 17-րդ դարի Երեւանի մի գեղեցիկ համայնապատկեր է գծագրել (տես ստորեւ)։ Ընդունում ենք, որ նկարը պայմանականութիւններ պիտի ունենար ( ինչպէս Նոյեան տապանը Մասիսի գագաթին)։ Այնուամենայնիւ, այստեղ երեւում են ե՛ւ քաղաքի բերդը, ե՛ւ բնակելի թաղամասերը, ե՛ւ այգիները, ե՛ւ այլ մանրամասներ։

201703039

Բերում ենք նաեւ նոյն պատկերի մեծացրած երկու հատուած. ներքեւի ձախ անկիւնի տառանիշ բացատրութիւնները, եւ քարտէզի կենտրոնական հատուածը ( երկու պատկերները մեկը միւսի վրայ ենք դրել)։ Ուշադիր զննելով քարտէզը ու մեկ առ մեկ տեղադրելով տառերով նշուած կառոյցները, նշմարում ենք` C –La Mosquee dedeuf Sultan -Դէօֆ սուլթանի մզկիթը, D – La gran de Place – մեծ հրապարակը, E – Une Vieille Tour – մի հին աշտարակ, F – L’Evechenomme Deux Visages – Երկու երես(նի) կոչվող եպիսկոպոսարանը։

Ուշադրութիւն դարձրէք C, D, E եւ F կետերին. պարզորոշ երեւում են ե՛ւ հրապարակը (D), ե՛ւ մզկիթը (C), ե՛ւ եպիսկոպոսարանը (F), ե՛ւ սրանց միջեւ աշտարակը (E)։ Հենց դա էլ մեր աշտարակն է։ Շարդենն իր շարադրանքում էլ է նշում` «Դիմացը ( այսինքն` աշտարակի ) մի մեծ շուկայ ( հրապարակ ) կայ եւ մօտը` աղիւսակերտ մի հին մզկիթ, ներկայումս բաւական աւերված։ Այն անուանում են Դէօֆ Սուլթանի մզկիթ` իր հիմնադիրի անունով։ Դրանից երեք հարիւր քայլ հեռու մեծ Մայդանն է։ Ասիայում Մայդան են անուանում բոլոր մեծ հրապարակները։ Երեւանինը քառակուսի է։ Այն 400 քայլ տրամագիծ ունի, եւ շրջապատված է ծառերով։ …» (տես ֆրանսերէն բնօրինակը ստորեւ)։(3)

2017030392

Նկարի վրայ պարզորոշ ամեն ինչ երեւում է, բոլոր կառոյցները յստակ ու դիւրին տեղադրվում են։

Շարդենի Երեւանի համայնապատկերի վրայ նշմարում ենք նաեւ մի իւրօրինակ օրինաչափութիւն. մզկիթը, աշտարակը եւ Երկու երես եկեղեցին (4) գտնվում են մի գծի վրայ, որ ձգվում է Երեւանի բերդի հիւսիս-արեւելեան անկիւնից մինչեւ Կաթողիկէ եկեղեցին, միակ շինութիւնը, որ հրաշքով փրկվել էր 1679 թ. երկրաշարժից եւ մինչեւ այժմ էլ կանգուն է։ Այսօրուայ Երեւանի Կապոյտ մզկիթը ( կառուցված 18-րդ դարում, ճշգրիտ թուականը ըստ երեւոյթին 1766-ն է ) գտնվում է Երեւանի արդէն քանդված բերդից հիւսիս-արեւելք` մօտաւորապէս նոյն հեռաւորութեան վրայ, ինչ եւ Շարդենի համայնապատկերի վրայի Դէօֆ սուլթանի մզկիթը։ Մեր մօտեցումն այն է, որ երկրաշարժերից յետոյ վերակառուցած շինութիւները պէտք է որ հների տեղում կառուցվէին։ Նախ` երկրաշարժից ամեն ինչ չի աւերվում, մնում են պատեր եւ իհարկէ շինութեան հիմքերը։ Անմիտ կը լինէր նոր շինութիւնը կառուցել մօտակայքում մի այլ տեղ, քան օգտագործել արդէն եղած հիմքերը։ Երկրորդ` նախկին տեղն արդէն ազատ է, մինչդեռ շրջակայքում գտնվող այլ շինութիւնները պէտք է նախ ջնջել ու տարածքը մաքրել բնակիչներից։ Եւ վերջապէս` տաճարների տեղը սուրբ է. իզուր չէ, որ նոր եկեղեցիներ էին կառուցում խորտակած հեթանոսական տաճարների տեղում։ Այս ամենը մեզ ենթադրել է տալիս, որ Կապոյտ մզկիթը պիտի կառուցած լինէին Դէօֆ սուլթանի մզկիթի հենց նոյն տեղում։

Ինչ վերաբերում է Երկու երես (կամ Երկու երեսնի. «նի»-ն միջին հայերէնում օգտագործվող յոգնակիակերտ մասնիկ է) կոչվող առաջնորդարանին, ապա նրա տեղադրութիւնը Շարդենի համայնապատկերում համապատասխանում է յետագայի Սբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու ( չշփոթել այսօրուայ Երեւանի Մայր տաճարի հետ ) տեղադրութեանը, որը կառուցել են 1869-1900 թթ., գտնվել է այժմեան Եղ. Չարենց դպրոցի տեղում ( Ամիրեան փողոց ) եւ քանդել են 1949 թ. ( ստորեւ` ձախ կողմի նկարը )։

2017030393

Իսկ աջ նկարում` Շարդենի համայնապատկերից քաղած ու մեծացրած Երկու երես եկեղեցին։ Այս երկու եկեղեցիների նմանութիւնը խորհելու առիթ է տալիս։ Հնարաւո՞ր է, որ այս նոր` Սբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին կառուցած լինէին Երկու երեսի տեղն ու նմանութեամբ։ Եթէ մեր այս մտորումները հաստատվեն յետագայ ուսումնասիրութիւններով, կը նշանակի, որ Շարդենի աշտարակի տեղադրութիւնը պէտք է Կապոյտ մզկիթի ու Չարենցի դպրոցի միջեւ ընկած տարածութիւնում փնտրել, այսինք այժմեան Մեսրոպ Մաշտոց պողոտայի, Ամիրեան ու Մովսէս Խորենացի փողոցների հատուածում ( տես ստորեւ` կարմիր շրջանակի պարագծում )։

2017030394

Երեւանի ջրի աշտարակի պատմական նշանակութիւնը։ Եթէ վերոյիշեալ մեր ենթադրութիւնները յետագայ ուսումնասիրութիւններով հաստատվեն, ապա Երեւանի ջրի աշտարակի գոյութիւնը մի նոր լոյս կը սփռի Երեւանի պատմութեան վրայ։ Դա կը նշանակի, որ Երեւան քաղաքում կեանքը միջին դարերում ոչ միայն յարատեւել է, այլեւ հասարակական կեանքը այստեղ այնքան զարգացած է եղել, որ նոյնիսկ Եւրոպայից մի քանի դար առաջ կառուցվել է ջրի աշտարակ` քաղաքի պահանջները բաւարարելու համար։ Սա եզակի իրողութիւն կը լինի Երեւանի եւ առհասարակ Հայոց պատմութեան համար։

Արմէն Միքայելեան
Պատմական գիտութիւնների թեկնածու
* * *
  1. Jean Chardin, Journal du voyage du chevalier Chardin en Perse & aux Indes Orientales, par la Mer Noire &par la Colchide. Première partie. Moses Pitt (Londres) 1686.
  2.  L’Univers pittoresque. Histoire et description de tous les peuples. De leurs religions, mœurs, coutumes, industrie. Publié par Firmin Didot Frères. Russie, tome deuxième (Arménie, par Eugène Boré, orientaliste). Paris 1838.
  3.  Chardin, ibidem, page 256.
  4. Շարդենն այս անունով է յիշատակում այս եկեղեցին` « Ircou-yerize, c’est-à-diredeuxvisages », page 255.
  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us