Երևանի պատմության թանգարանում բացվել է իրանական մշակույթին նվիրված «Մշակութային երկխոսություն» խորագրով ցուցահանդես
Մայրաքաղաքում գարնանային զբոսաշրջության խթանման՝ Երևանի քաղաքապետարանի կողմից մշակված միջոցառումների ծրագրի շրջանակում Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է «Մշակութային երկխոսություն» խորագրով ցուցահանդեսը, որը նվիրված է իրանական մշակույթին:
Ներկայացված են ավելի քան 200 ցուցանմուշներ, այդ թվում՝ գեղանկարներ, տարազներ, գորգեր, մանրանկարներ, գրաֆիկական աշխատանքներ, կենցաղային իրեր, ծիսական առարկաներ և այլն: Ցուցանմուշները հիմնականում վերագրվում են 17-19-րդ դարերին:
Հարկ է նշել, որ Երևան քաղաքի պատմության թանգարանում «Մշակութային երկխոսություն» խորագրով պարբերաբար կազմակերպվող ցուցահանդեսների շրջանակում ներկայացվում է տարբեր երկրների մշակույթը:
Իրանական մշակույթին նվիրված ներկայիս ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 31-ը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Երևան քաղաքի պատմության թանգարանը հիմնադրվել է 1931թ.: Լինելով Երևանի քաղխորհրդի կոմունալ բաժնին առընթեր՝ սկզբում կոչվել է Կոմունալ թանգարան, իսկ 1936թ. վերանվանվել է Երևան քաղաքի պատմության թանգարան:
Թանգարանը հիմնադրման պահին զբաղեցրել է Երևանի հրշեջ վարչության շենքի 2-րդ հարկի սենյակներից մեկը: 1936թ. տեղափոխվել է Կապույտ մզկիթ (Գյոյ-ջամի), որտեղ գործել է մոտ 56 տարի:
1994-1997թթ. գտնվել է նախկին Հռիփսիմյան իգական գիմնազիայի, իսկ 1997-2005թթ.` Շահումյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի մասնաշենքում: 2005թ. հաստատվել է Երևանի քաղաքապետարանի նորակառույց շենքում` քաղաքապետարանի հետ կազմելով միասնական ճարտարապետական համալիր...