Թանգարանը՝ հայրենասիրական դաստիարակության միջավայր

Hripsime
Բավական չէ հիացիկ վերաբերմունք, անգամ պաշտամունք ունենալ դեպի անցյալ սերունդը.պետք է գերազանցել նրան: Հենց սա է հարգանքի այն պսակը, որ յուրաքանչյուր հետնորդ պարտավոր է դնել նախնյաց հիշատակների կոթողին:
Գարեգին Նժդեհ

Հայրենասիրական դաստիարակությունը, հանդիսանալով անձի համակողմանի զարգացման կարևորագույն հատկանիշներից մեկը, հայրենիքի նկատմամբ աստիճանական  և  անընդհատ  իրագործվող  սիրո և  հարգանքի դրսևորումն  է: Այն   ընդունակ է անձի մեջ ձևավորել այնպիսի բարոյական որակներ, ինչպիսիք են սերը և հարգանքը հարազատ քաղաքի, ժողովրդի, ընտանիքի, հայրենիքի պատմության արժանի էջերի նկատմամբ և վերջապես ձգտումը՝ տեսնել հայրենիքը ծաղկուն և բարգավաճ: Հայտնի մանկավարժ Յ.Կոմենսկին գտնում էր, որ հայրենասիրական  դաստիարակության կարևորագույն խնդիրներից է մարդկանց օգնելու ձգտում սերմանելը: Իր «Մեծ դիդակտիկայում» նա գրում է. «Միայն այն ժամանակ երջանիկ օրեր կգան մեզ համար, եթե բոլորը գործեն հօգուտ համընդհանուր բարօրության»(1): Հայրենասիրական դաստիարակության հետազոտություններում առանձնահատուկ նշանակություն ունեն Վ. Սուխոմլինսկու աշխատանքները: Նա, ընդգծելով ոլորտի դժվարությունները, գտնում էր, որ «հայրենիքի նկատմամբ սերը կամքի ուժի է վերածվում այն ժամանակ, երբ մարդու գիտակցության մեջ ամրապնդվում են հայրենի վայրերի և լեզվի հետ կապված կերպարներ, երբ առաջանում է հպարտության զգացում, որ այս ամենը քո երկիրն է» (2): Հիշենք նաև հայ ժողովրդի մեծանուն զավակ Գարեգին Նժդեհի խոսքերը. «Հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ , կործանվում դրա պակասի պատճառով»(3):

Հայրենասիրությունը դրսևորվում է տվյալ երկրում ապրող ժողովրդի նկատմամբ սիրով: Երբ ասում ենք հայրենիք, առաջին հերթին հասկանում ենք հայրենիքում ապրող մարդկանց: Մեզանից յուրաքանչյուրի համար հայրենիքը սկսվում է իր տնից, իր բակից, իր այգուց և մայրենի լեզվից: Աճող սերնդին հայրենասեր դաստիարակել նշանակում է մշտապես աշխատել հայրենիքի բարգավաճման, ժողովրդի բարօրության, բարեկեցության բարձրացման գործին նրան հաղորդակից և մասնակից դարձնելու համար, «որդեգրել» հայրենիքում ընդունված օրենքները, դաստիարակել դրանց ենթարկվելու ունակություն, հարգել սահմանված կարգ ու կանոնը, ունենալ գիտակցական կարգապահություն, մասնակցել տնտեսության, մշակույթի, գիտության ու տեխնիկայի զարգացմանը, ժողովրդին պաշտպանել թշնամու ոտնձգություններից, հարկ եղած դեպքում կյանքը չխնայել հայրենի երկրի համար, քաղաքացու մեջ ձևավորել հպարտության զգացում սեփական երկրի, հարգանք՝ նրա անցյալի նկատմամբ: «Ապրել ու մեռնել հայրենիքի համար, ահա խնդիրը, որ իբրև նպատակ՝ ես ընտրել եմ ինձ համար իմ մանկության օրերից»(4),- ահա թե ինչպես էր պատկերացնում հայրենասիրությունը հայ մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանը:

Հայրենասիրություն հասկացությունը օրգանական կապի մեջ է տվյալ երկրի պատմության հետ, քանի որ հայրենիքը միայն արդի ժամանակաշրջանի երկիրը չէ, այլ նրա ողջ պատմությունը, նրա մշակույթի, հոգևոր կայացման ընթացքն է, անցյալը, ներկան, ինչպես նաև ապագան:

Ցավով պետք է նշել, որ այսօր հայրենասիրական դաստիարակության ամբողջական արդյունավետ գործընթաց գրեթե չի իրականացվում, որի կարևոր պատճառներից մեկն այս ոլորտում ազգային գաղափարախոսության բացակայությունն է: Այդ ամենի հետևանքով առկա է հայրենասիրական դաստիարակության վերաբերյալ արդի մեթոդական գրականության պակաս:

Այսօր, ինչպես երբևէ, կարևոր է ուսուցման և դաստիարակության միջոցների և մեթոդների ընտրությունը: Կարևոր է, որ այդ գործընթացն ուղեկցվի երիտասարդ սերնդին հարազատ երկրի ու ժողովրդի պատմական, աշխատանքային, պաշտպանական, մշակութային և հոգևոր աշխարհի արժեքների հետ կապող անմիջական շփումներով: Այս պարագայում մեծ է մշակութային կենտրոնների, այդ թվում նաև թանգարանների դերը, որոնք, ինչպես գիտակրթական, այնպես էլ մշակութային կենտրոններ լինելով, ունակ են լուծելու անձի զարգացման և կրթության հետ առնչվող ամենաբազմազան խնդիրներ: Թանգարանային ցուցանմուշները բացառիկ հնարավորություն ունեն միաժամանակ ազդելու մարդու մտավոր, կամային և հուզական ոլորտների վրա, իսկ յուրաքանչյուր ցուցահանդես իրենից ներկայացնում է գիտելիքների, դատողությունների, գնահատումների և զգացմունքների համալիր ծրագիր: Թանգարաններն ունեն ցուցանմուշներ հավաքող, պահող, պահպանող և սերունդներին փոխանցող գործառույթ, որի միջոցով նրանք հաջորդ սերնդին են փոխանցում ոչ միայն մշակութային արժեքները և նրանց կոնկրետ պատմությունը, այլև դրանց միջոցով, ըստ իրենց տեսակի (պատմության, գրականության, երկրագիտական և այլն), ներկայացնում են տվյալ երկրի ամբողջական կամ որևէ ոլորտի պատմությունը (այս առումով ավելի մեծ է պատմության թանգարանների հնարավորությունը):

Թանգարաններն իրենց հիմնական և ժամանակավոր ցուցադրություններով ներկայացնում են այն կարևոր պատմական իրողությունները, փաստերը, որոնք պարտավոր է իմանալ իր հայրենիքը սիրող և հարգող յուրաքանչյուր քաղաքացի, քանի որ այսօր մասսայական բնույթ է կրում ապատեղեկատվությունը, իսկ որպեսզի հարկ եղած դեպքում պարզաբանվի և հարկ լինի պաշտպանել հայրենիքը, հայրենասերը պետք է զինված լինի ճշգրիտ գիտելիքներով: Հայրենիքը պաշտպանում են ոչ միայն զենքով այլև գիտելիքներով՝ դրանք տեղին դրսևորելով և կիրառելով: Իհարկե մեր հայրենիքի պատմությանը մենք ծանոթանում ենք գրքերի միջոցով, պատմության դասաժամերի ընթացքում, այսինքն՝ համապատասխան կրթություն ստանալով: Սակայն գործընթացը միայն դրանով չի ավարտվում: Թանգարանի՝ որպես դաստիարակող ոլորտի, առանձնահատկությունը տրամադրած տեղեկության պատկերավոր բնույթն է: Այստեղ ոչ միայն լսում, այլև տեսնում ու ծանոթանում են այն առարկաների հետ, որոնք առնչվել են պատմական կարևոր իրադարձություններին՝ դրանց հաղորդելով ավելի գիտակցված բնույթ և ապահովելով ընկալման առավել   հաճելի ու հեշտ տարբերակ: Որպես օրինակ դիտարկենք Երևան քաղաքի պատմության թանգարանում  հայրենասիրական դաստիարակության ուղղությամբ կատարվող աշխատանքները:

Հիմնադրումից մինչև այսօր (5) կատարելով իր առաքելությունը, այն է՝ պահպանել և ներկայացնել մեր հին քաղաքի պատմությունն ու մշակույթը, Երևան քաղաքի պատմության թանգարանն իր առջև դրել է նաև աճող սերնդի դաստիարակության հետ կապված մի շարք խնդիրներ, որոնք են՝ ա). վաղ հասակից այցելուներին նախապատրաստել թանգարանային տեղեկատվություն ընկալելուն, բ). թանգարանային առարկաների հետ ակտիվ շփման միջոցով հետաքրքրություն առաջացնել և նպաստել թանգարաններ այցելելու մշակույթի ձևավորմանը: 2005թ.-ից սկսած մշակվել և իրականացվում են նոր ժամանակների պահանջներին համահունչ կրթական, դաստիարակչական ծրագրեր, որոնցից իրենց կարևորությամբ առանձնանում են նախադպրոցական տարիքի և դպրոցահասակ երեխաների հետ կատարվող աշխատանքները:

Կազմակերպվում են թանգարան-դպրոց կապն ամրապնդող համատեղ միջոցառումներ՝ թեմատիկ դասեր, խաղ-էքսկուրսիաներ, որոնց նպատակն է դպրոցականներին ծանոթացնել Երևանի՝ որպես մեր հայրենիքի ամենամեծ քաղաքի և ներկայիս մայրաքաղաքի պատմությանը, նրանց մեջ սեր և հպարտության զգացում առաջացնել այդ հնամենի քաղաքի պատմական հարուստ անցյալի և ձեռք բերված վիթխարի նվաճումների հանդեպ: Այս առումով թանգարանի կատարած աշխատանքը շատ է արժևորվում, քանի որ, ցավոք, այսօր հանրակրթական դպրոցներում և մյուս կրթական հաստատություններում չկա մայրաքաղաքի պատմությունը ուսուցանող որևէ առարկա: Այդ բացը լրացնելու Երևան քաղաքի պատմության թանգարանի ստանձնած առաքելությունը, կարծում ենք, խրախուսանքի է արժանի: Թանգարանն իր գործունեության մեջ առաջնորդվում է այն սկզբունքով, որ քաղաքի՝ որպես փոքր հայրենիքի, հանդեպ սիրո և հոգատարության ձևավորումը պետք է սկսել դեռևս նախադպրոցական տարիքից:

Կրթական ծրագրերը կազմելիս թանգարանն առաջնորդվել է հետևյալ կարգախոսով՝ սովորեցնել ոչ թե պարտադրելով, այլ խաղի միջոցով, քանի որ երեխայի աշխարհը սերտորեն կապված է խաղի հետ (իհարկե հաշվի առնելով նրանց՝ նախադպրոցականների, դպրոցականների, ուսանողների և այլոց տարիքային առանձնահատկությունները): 4-6 տարեկան երեխաների հետ տարվող աշխատանքների հիմքը խաղն է, քանի որ այդ տարիքում ընկալելի է դաստիարակության խաղային տարբերակը: Էքսկուրսիայի առավել արդյունավետ տևողությունը չի գերազանցում 40 րոպեն: Այս սկզբունքները կիրառելով՝ թանգարանը իրականացնում է «Գիտունիկը Երևան քաղաքի պատմության թանգարանում» խաղ-էքսկուրսիան, որի ընթացքում խաղալիք-տիկնիկը երեխաներին ծանոթացնում է մեր քաղաքի բնակիչների սովորույթներին, կենցաղին: Ավելի մեծ տարիքում խաղը համատեղվում է գիտելիքի ավելի մեծ քանակի հետ, և որքան բարձր է դասարանը, այնքան շատանում է էքսկուրսիայի ժամանակ հաղորդվող տեղեկությունը: Այս սկզբունքով իրականացվում է «Ճանաչիր Երևանը» խաղ-էքսկուրսիան, ինչպես նաև թեմատիկ էքսկուրսիաներ: Վերջին շրջանում թանգարանում կիրառվում են նաև տեխնիկական հնարքներ՝ ժամանակակից շունչ հաղորդելով հիմնական ցուցադրությանը(6):

Թանգարանում հայրենասիրական դաստիարակության արդյունավետության մեջ գործնականում համոզվելու նպատակով կատարեցինք փորձարարական հետազոտություն: Հարկ է նշել, որ սոցիոլոգիայի մեթոդները թանգարաններում կիրառվել են դեռևս 1930-ական թվականներից, սակայն շատ թանգարանների համար դրանք այսօր էլ մնում են ուսումնասիրության նոր ոլորտ և պահանջում են հետագա ինքնուրույն հետազոտություններ:

Աշխատանքներն իրականացվեցին Երևանի թիվ 185 միջնակարգ դպրոցի 5ա դասարանի 30 աշակերտների շրջանում: Նախապես ուզում ենք նշել, որ աշակերտների մեծ մասը անտեղյակ էր Երևանի պատմությունից, գիտեին միայն, որ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է, և որ հիմնադրել է Արգիշտի արքան:

Հետազոտության ընթացքում կիրառեցինք հետևյալ մեթոդները.

  • Զրույցի մեթոդ,
  • Դիտման մեթոդ,
  • Հարցաթերթի կիրառման մեթոդ:

1. Զրույցի մեթոդը կիրառեցինք դասարանում և դպրոցի բակում, այսինքն՝ աշակերտներին շրջապատող միջավայրում: Ծավալվեց զրույց դպրոցի, ուսուցիչների, դասավանդվող առարկաների մասին: Աշակերտները ներկայացրեցին իրենց պատկերացումները ընկերասիրության մասին: Փորձեցինք անցում կատարել ընկերասիրությունից հայրենասիրությանը: Զրուցեցինք նաև մեր քաղաքի մասին. սիրում ենք մեր քաղաքը, թե ոչ, դրանց պատճառների մասին, և եկանք այն եզրակացության, որ ճիշտ կարծիքներ կազմելու համար նախ պետք է տեղեկացված լինել, իմանալ մեր քաղաքի ու այնտեղ ապրող մարդկանց մասին: Այսպես աշակերտների մոտ ցանկություն առաջացավ այցելելու Երևան քաղաքի պատմության թանգարան: Նշանակված օրը նրանք թանգարանում էին: Մեր զրույցը շարունակեցինք դրսում՝ թանգարանի և նրա հետ մեկ ամբողջություն կազմող քաղաքապետարանի շենքի տարածքում:

Մշակութային և ճարտարապետական արժեք ներկայացնող այս շենքն ինքն էլ հետաքրքիր պատմություն ունի, որով էլ սկսեցինք մեր զրույցը աշակերտների հետ: Դրսից շենքի պատերին արված քանդակների միջոցով կառույցը դիտողին տեղեկություններ է հաղորդում հայոց հին մայրաքաղաքների մասին, իսկ ներսից՝ հին Երևանը կառուցած Արգիշտի արքայի մասին: Աստիճանաբար մեր զրույցը տարանք հայրենասիրական արժեքների ուղղությամբ, ինչպիսին է, օրինակ, սերը և հարգանքը մեր հայրենիքի և մայրաքաղաք Երևանի պատմության նկատմամբ: Ուրախալի էր տեսնել, որ ոգևորությունը գնալով համակում էր բոլորին, և որ նրանք կարևորում էին ոչ միայն սերն ու հարգանքը, այլև պատասխանատվության զգացումը հայրենիքի հանդեպ: Իրենց մանկական պարզունակ տրամաբանությամբ նրանք, այնուամենայնիվ, կարևորում էին հայրենիքին, իրենց հարազատ քաղաքին որևէ կերպ օգտակար լինելու հանգամանքը: Պետք է նաև նշել, որ անգամ, այսպես կոչված, «դժգոհները» սիրով էին խոսում հայրենիքի և քաղաքի հանդեպ պարտականությունների մասին: Այնուհետև մեր զրույցը շարունակեցինք թանգարանի շենքի ներսում: Այն արդեն ամբողջությամբ թանգարանի մասին էր. երբ է հիմնադրվել, որտեղ է գործել, երբ է հայտնվել այս շենքում: Այստեղ զրույցն ավարտելով՝ անցանք 2-րդ՝ դիտման մեթոդին:

Ստանձնելով էքսկուրսավարի պարտականությունը՝ աշակերտներին ուղեկցեցի դիտելու թանգարանի հիմնական ցուցադրությունը: Վերջինս ներկայացվեց հնարավորինս զրույցի ձևով՝ հաճախակի դիմելով երեխաներին, որպեսզի չկորցնեմ նրանց զգոնությունը: Յուրաքանչյուր սրահ դիտելուց հետո պատասխանում էի նրանց հարցերին: Ուրախ էի հարցերի առատության համար, քանի որ խոսում էին ինձ ուշադիր լսելու մասին: Թանգարանում էքսկուրսիան սովորաբար ավարտվում է Երևանի խորհրդանիշների մոտ, որտեղ էքսկուրսավարը այցելուների` հատկապես դպրոցականների հետ կատարում է երդման արարողություն: 2005 թվականից Երևանի խորհրդանիշները՝ դրոշը, զինանշանը, հիմնի նոտաներն ու տեքստը, ներկայացվում են այստեղ: Դրանք մայրաքաղաքի թանգարանին են հանձնվել քաղաքի հերթական տոնակատարության ժամանակ: Իսկ մի քանի տարի անց այս ցուցանմուշները համալրվեցին նաև քաղաքապետի լանջաշղթայով, որը նա կրում է ընտրվելու ժամանակ(7):

Այս խորհրդանիշները բարենպաստ միջավայր են ստեղծում հայրենասիրական դաստիարակության համար, որն էլ հաջողությամբ կատարում են Երևանի պատմության թանգարանում: Դիտման մեթոդի ընթացքում հասկացա, որ աշակերտները հստակ չեն տարբերում քաղաքի խորհրդանիշները երկրի՝ Հայաստանի Հանրապետության խորհրդանիշներից: Ելնելով ստեղծված իրավիճակից՝ մանրամասն ներկայացրեցի ոչ միայն քաղաքի, այլև Հայաստանի խորհրդանիշները և խաչաձև հարցերով փորձեցի ամրապնդել նրանց հիշողության մեջ: Երեխաները տպավորված էին նաև երդման արարողությունից: Աջ ձեռքը դնելով սրտի վրա՝ նրանք սիրով կրկնեցին  ներկայացրածս տեքստը. «Այցելելով Երևան քաղաքի պատմության թանգարան՝ երդվում եմ սիրել, պահպանել և շենացնել ողջ հայության մայրաքաղաք Երևանը»: Այս խոսքերից հետո տիրող լռությունը խախտելով՝ առաջարկեցի միասին երգել Երևանի հիմնը: Բոլորիս համակել էր հայրենասիրական ոգին: Դասղեկի անկեղծ խոստովանությամբ էքսկուրսիայի միայն այս դրվագը փոքր, բայց հայրենասիրական հզոր դաս էր: Տպավորիչ էր նաև աշակերտներից մեկի անկեղծ պոռթկումը. «Ես չգիտեմ դեռ, թե ինչ եմ անելու իմ քաղաքի համար, բայց որ այս պահից սկսած ավելի եմ սիրում, դա հաստատ գիտեմ»:

Դիտման մեթոդի արդյունքները համարելով բավարար՝ որոշեցինք 3-րդ՝ հարցաթերթի մեթոդը կիրառել դասարանում: Նախապես կազմած հարցաշարը ներկայացնելով դասղեկին՝ պայմանավորվեցինք հանդիպել  հաջորդ օրը: Փորձարարական հետազոտության արդյունքը գոհացուցիչ էր: Տարբերությունը ակնառու էր. աշակերտները բավական գիտելիքներ էին կուտակել: Ոմանց մոտ գրավոր պատասխանները շատ հարթ էին. զգացվում էր, որ օգնել են: Ստուգելու նպատակով կատարեցինք բանավոր հարցումներ, որոնց պատասխանները նույնպես գոհացուցիչ էին: Ստորև ներկայացված են 5-րդ դասարանի աշակերտներին տրված հարցերը, իսկ գծապատկերների տեսքով՝ հետազոտական վերլուծության տվյալները (Երևանի մասին ստացած գիտելիքների համեմատական աղյուսակը թանգարան այցելելուց առաջ և հետո):

Թանգարան այցելելուց առաջ (տես գծանկար թիվ 1).

1.Քանի՞ տարեկան է Երևանը – 26%:
2 Ե՞րբ է հիմնադրվել Էրեբունի-Երևանը- 18%:
3.Ե՞րբ է Երևանը դարձել մայրաքաղաք- 9%:
4.Որո՞նք են Երևանի խորհրդանիշները – 14%:
5.Ի՞նչ հայկական ժողովրդական տոներ գիտեք – 45%:
6. Ո՞վ է Երևանի խորհրդային շրջանի հատակագծի հեղինակը- 12%:
7. Ո՞րն էր Երևանի ամենահին եկեղեցին-0%:
8.Ո՞րն է Երևանի առաջին հատակագծային փողոցը- 0%:

Գծանկար 1

030407

Թանգարան այցելելուց հետո (տես գծանկար 2)

1.Քա՞նի տարեկան է Երևանը -95%:
2.Ո՞վ և ե՞րբ է հիմնադրել Էրեբունի-Երևանը- 86%:
3.Ե՞րբ է Երևանը դարձել մայրաքաղաք- 74%:
4.Որո՞նք են Երևանի խորհրդանիշները – 90%:
5.Ի՞նչ ազգային տոներ գիտեք – 100%:
6. Ո՞վ է Երևանի հատակագծի հեղինակը – 89%:
7. Ո՞րն է եղել Երևանի ամենահին եկեղեցին- 76%:
8.Ո՞րն է Երևանի առաջին հատակագծային փողոցը- 98%:

Գծանկար 2

0304072

Գծանկար 3

0304073

Գծանկար թիվ 3՝ Հետազոտական  վերլուծության տվյալները միասին

Երևան քաղաքի պատմության թանգարանում իրականացված յուրաքանչյուր էքսկուրսիա, անկախ իր տեսակից (ավանդական, խաղ-էքսկուրսիա, դաս-էքսկուրսիա և այլն), նպատակ է հետապնդում այցելուների հիշողության մեջ ամրապնդել վերը նշված հարցերի պատասխանները, որոնք, մեր կարծիքով, քիչ, բայց անհրաժեշտ պատկերացում են տալիս քաղաքի մասին: Մեր մասնակիցները առանձնապես չդժվարացան վերարտադրելու ստացած տեղեկատվությունը: նրանք մտապահել էին գրեթե այն ամենը, ինչի մասին խոսել էինք: Դասղեկից էլ առաջադրանք էին ստացել գրել փոքրիկ շարադրություն Երևանի մասին՝ օգտագործելով այն տեղեկությունները, որոնք ստացան թանգարանում: Ստացվել էին փոքրիկ, բայց շատ գեղեցիկ պատմություններ, որոնցից շատերը մեր քաղաքի, երկրի հանդեպ իսկական սիրո խոստովանություններ էին: Երեխաները նաև ուզում էին քաղաքը տեսնել կանաչապատ, մաքուր, նորաոճ, բայց ոչ պատմական արժեք ներկայացնող շինությունների հաշվին:

Մեր կողմից իրականացրած հետազոտական վերլուծության արդյունքները մեկ անգամ ևս ապացուցեցին, որ ժամանակների հետ որքան էլ փոխվեն արժեքները, այնուամենայնիվ կան այնպիսիք, որոնք հավերժական են, և հենց դրանց վրա են հենվում ժողովուրդները, որպեսզի հարատևեն: Այդպիսի արժեք է հայրենասիրությունը և նրա ճիշտ դաստիարակությունից է կախված, թե ապագայում մեր հայրենիքում ապրող և արարող ինչ սերունդ կունենանք:

Հռիփսիմե Հարությունյան
Երևան քաղաքի պատմության թանգարան
* * *
  1. Կոմենսկի Յան Ամոս, Մեծ դիդակտիկա, Եր., , 2010թ., -115էջ:
  2. Սուխումլինսկի Վ. Ա., Սիրտս նվիրում եմ երեխաներին, Կոլեկտիվ դաստիարակության մեթոդիկա, Եր., Լույս, 1986թ., -551էջ:
  3. Գարեգին Նժդեհի հայրենասիրական ասույթներից:
  4. http://forum.armedu.am/showthread.php/854- Հայ դասականների մտքի գանձարանից:
  5. Երևան քաղաքի պատմության թանգարանը հիմնադրվել է 1931թ.: 2005թ. գործում է Երևանի քաղաքապետարանի հետ միասնական ճարտարապետական համալիր կազմող նորակառույց շենքում ՝ Արգիշտի 1/1 հասցեում:
  6. Թանգարանում 2013թ. իրականացվում է 3D անիմացիոն ծրագիրը, որը ներկայացնում է 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի Երևանը: Այն այցելուներին հնարավորություն է ընձեռում վիրտուալ կերպով զբոսնել հին, այգեշատ Երևանով: Նմանատիպ ծրագրերը ավելի նոր, թարմ շունչ են հաղորդում ավանդական ցուցադրությանը՝ դարձնելով այն ավելի ուշագրավ և հետաքրքիր:
  7. Վզնոց-խորհրդանիշ Երևանի քաղաքապետի, 2007թ., Երևանի ոսկերչական գործարան, արծաթ, 9250, 416,2գ, ոսկեջուր, ակնազարդ, նկ. Ն. Գևորգյան, պատրաստող Ա. Եղիազարյան, ԵՔՊԹ հավաքածու, ՄՄ 17258:
  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us