Ներսես Աշտարակեցին՝ ազգային – ազատագրական պայքարի գործիչ

Ներսես Աշտարակեցու կերպարը, որպես Ամենայն Հայոց 121-րդ կաթողիկոսի, արժանիորեն լուսաբանվել է կենսագիրների և պատմագիրների կողմից: Բայց այն թերի կլիներ, եթե ուշադրությունից դուրս մնային կամ համեմատաբար քիչ ուսումնասիրվեին ազգային – ազատագրական պայքարի և կրթության ոլորտում վարած խստապահանջ գործունեությամբ պայմանավորված գործչի որակները: Օգտագործելով պատմության մեջ պահպանված տեղեկությունները՝ մեր աշխատանքը փոքրիկ փորձ է ներկայացնելու Ներսես Աշտարակեցու գործունեության վերոհիշյալ ոլորտները:

Երևան քաղաքի պատմության թանգարանի հիմնական ցուցադրության մեջ այցելուն տեսնում է Ներսես Աշտարակեցու դիմանկարը (Անհայտ հեղինակ, 19-րդ դար, կտավ, յուղաներկ) և լսում զրույց Երևանի բերդի գրավման, ինչպես նաև Արևելյան Հայաստանի ազատագրման գործում նրա ունեցած դերի մասին: Ուստի, խոսել Ներսես Աշտարակեցու մասին նշանակում է ներկայացնել 19-րդ դարի սկզբի պատմական իրադարձությունները, որոնց ակտիվ մասնակիցն ու կազմակերպիչներից մեկն է եղել նա՝ որպես հոգևորական և քաղաքական գործիչ:

Ներսես Աշտարակեցին (ավազանի անունը՝ Թորոս) ծնվել է 1770թ. փետրվարի 13-ին Այրարատ նահանգի Բագրևանդ գավառի Աշտարակ գյուղում (այժմ՝ քաղաք), քահանայի ընտանիքում: Եկեղեցական մատյաններում պահպանված տեղեկությունների համաձայն՝ սերում է Կամսարական-Շահազիզյան տոհմից: Հոգևոր գործչի ճանապարհը գցվել է կնքահոր՝ Գալուստ արքեպիսկոպոսի ջանքերով: Աշտարակեցին Էջմիածնի Ժառանգավորած դպրոցի ամենաընդունակ աշակերտներից մեկն էր և Թադեոս արքեպիսկոպոսից հետո համարվում էր ամենալավ կոնդակ գաղափարողը: Նա ակտիվ մասնակցություն է ունենում Ղուկաս կաթողիկոսից հետո սկսված իրադարձություններին՝ կապված Հովսեփ Արղությանի՝ Ամենայն Հայոց կաթողիկոս ընտրվելու հետ: Վերջինիս թեկնածությանը դեմ էր հոգևորականների մեծ մասը, այդ թվում նաև Ներսեսը: Նրանք պաշտպանում էին Պոլսի պատրիարք Դանիելի թեկնածությունը: 1801թ. փետրվարին Հ. Արղությանը հասնում է Թիֆլիս, սակայն հիվանդանում է տիֆով և մահանում: Ուշադրության արժանի է այս գործչի վերջին խնդրանքը. ողջ ունեցվածքը կտակելով Ս. Էջմիածնին՝ նա ցանկացել էր թաղվել Մայր տաճարի գավթում՝ Սիմեոն կաթողիկոսի կողքին: Հետաքրքիր է նաև այն փաստը, որ Արղությանն առաջիններից մեկն էր, ով իր ազնվական ծագման մասին ռուսական իշխանություններից վկայագիր ստացավ (նա ծագում էր Զաքարյաններից): Բանն այն էր, որ Ռուսաստանում ազնվական ծագումը շատ էր կարևորվում: Այս մասին տեղեկացված վրացիները շտապեցին ձեռք բերել վկայագրեր: Նրանց օրինակին հետևեցին հայկական տոհմիկ ընտանիքները: Եփրեմ կաթողիկոսից իր ազնվական ծագման հավաստիացումը ստացավ նաև Աշտարակեցին (ինչպես արդեն նշել ենք վերևում, նա սերում էր Կամսարական-Շահազիզյան տոհմից):

Կենսագիր Ալեքսանդր Երիցյանի տեղեկությունների համաձայն՝ տոհմի հիմնադիր Շահազիզը Երևանի գավառի Սուրմալուի վարչության ղեկավար Սադաթ բեկի եղբայրն էր: Ինքը՝ Սադաթ բեկը, այստեղ հիմք էր դրել Կամսարականների նոր տոհմին: Ալ. Երիցյանը տեղեկացնում է, որ օգտվել է Գալուստ Շերմազյան-Վարդանյանի և Հարություն Շահազիզյան-Կամսարականի հավաքած նյութերից, որոնց մի մասը, դժբախտաբար, 1865թ. Թիֆլիսում ոչնչացել է [1]: Հետագայում Աշտարակեցին էլ իր հերթին ազնվական ծագման վկայագրեր է տալիս Գաբրիել, Հովհաննես և Բարսեղ Գեղամյաններին, որոնցից վերջինը եղել է Երևանի քաղաքագլուխը 1884-1893 թվականներին: Աշտարակեցուն, սակայն, զայրացրել է այն հանգամանքը, որ Գեղամյաններն իրենց ներկայացրել են որպես Գեղարքունիքի ճորտատերեր, իսկ գյուղացիներին՝ ճորտեր: «Հայոց մեջ ճորտ կամ ստրուկ երբեք չէ եղած»,- ասել է նա [2]: Ազնվական տիտղոս կրելով հանդերձ՝ Աշտարակեցին նամակների վերջում միշտ գրել է. «Նվաստ Ներսես աբեղա»:

Հետագա դեպքերն այնպես են դասավորվում, որ կաթողիկոսության համար սկսվում է Դանիել-Դավիթ հակամարտությունը և հայ հոգևորականության կամքից անկախ դառնում դիվանագիտական մրցավազքի առարկա: Պարսից թագաժառանգ Աբաս Միրզան և Երևանի խանը պաշտպանում էին Դավթին: Սկզբում նրան էին պաշտպանում նաև ռուսական իշխանությունները, սակայն ռուսահայոց առաջնորդ Եփրեմի և Լազարյանների ակտիվ ներգործությամբ, փոխելով իրենց որոշումը, սկսում են պաշտպանել Դանիելին: Ներսեսը Դանիելի կողմնակիցներից էր: Մենք չէինք անդրադառնա կրոնական այս տարաձայնություններին, եթե դրանք խորանալով չվերածվեին քաղաքական կողմնորոշման խնդրի և չդառնային 1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի առիթը: Պաշտպանելով մեկին կամ մյուսին՝ Պարսկաստանը և Ռուսաստանը ձգտում էին հակամարտությունը օգտագործել իրենց օգտին:

Պարսկաստանին իսպառ դուրս մղելով տարածաշրջանից՝ Ռուսաստանը ձգտում էր հիմնովին հաստատվել Կովկասում: Պարսիկները շարունակ մեղադրել են հայերին և հատկապես Ս.Էջմիածնին ռուսներին տարածաշրջան բերելու մեջ՝ քաջ գիտակցելով, որ ռուսները Վրաստանին տեր դառնալուց հետո պետք է ապահովեին վերջինիս անվտանգությունը [3]: Իսկ դա կարելի էր անել Երևանի և Նախիջևանի խանությունները գրավելով: Այս ամենը հստակ երևում է գեներալ Ցիցիանովին Երևանի Մահմադ խանի տված պատասխանից. «Դու ուրիշ բան ասա, թե չէ արժե երկու հայ եպիսկոպոսների համար այդքան աղմուկ բարձրացնել»[4]: Ինչպես տեսնում ենք, պարսիկ խանը ցույց է տալիս, որ հասկանում է ռուսների միտքը: Պարսկաստանը, զգուշանալով իրավիճակի լարումից, նման պատասխան տվող խանին հետ է կանչում և Երևան ուղարկում Հուսեին Ղուլի խանին՝ եղբոր` Հասանի հետ՝ հրահանգելով կատարել ռուսների պահանջը` Դանիելին կարգել կաթողիկոս, ինչը և հանդիսավորությամբ կատարվում է: Պարսից թագաժառանգ Աբաս-Միրզան թույլ է տալիս Դանիելին կրել Ալեքսանդր 1-ի ուղարկած Ս.Աննայի 1-ին աստիճանի շքանշանը: Պարսիկները հույս ունեին այս քայլով կասեցնել նաև հայերի հեռանալը երկրից, որը կատարվում էր Մահմադ խանի վարած քաղաքականության հետևանքով: Ներսեսն այդ դեպքերի ժամանակ գտնվում էր Նոր Նախիջևանում: Վերադառնալով Էջմիածին՝ նա դառնում է Դանիելի հիմնած Սինոդի անդամ (1808թ.)[5]: Ներսեսը մեծ նվիրումով է աշխատում նաև Եփրեմ Ա Ձորագյուղցի կաթողիկոսի (1809-1830թթ.) հետ, որի կողմից էլ 1814թ. ձեռնադրվում է Վիրահայոց թեմի առաջնորդ:

Վրաստանում գտնվելու տարիներից սկսվում է Ներսես Աշտարակեցի գործչի ազգային և քաղաքական բուռն գործունեությունը: Նա ակտիվորեն մասնակցում է դարասկզբին տեղի ունեցող ռուս-պարսկական երկու պատերազմներին (1804-1813թթ. և 1826-1828թթ): Պարսիկների նկատմամբ ատելությունը ուղեկցել էր նրան ամբողջ կյանքում: Տեղեկություններ են պահպանվել այն մասին, որ հայրը՝ Հարությունը, պատգամել էր որդուն իր շիրիմին այցի չգալ, մինչև չիրագործվի հայերի երազանքը, և հարություն չառնի մահմեդականներից հարստահարված Քրիստոսի լույս հավատը: Առաջ ընկնելով՝ ասենք, որ Արևելյան Հայաստանի ազատագրումից հետո գեներալ Կրասովսկու հետ Ներսեսը եղել է Աշտարակում: Այցելելով հոր շիրիմին՝ նա, արցունքն աչքերին, ծունկի է իջել և շնորհակալական աղոթք հղել Բարձրյալին: Այս ամենի մասին մենք տեղեկանում ենք դեկաբրիստ Լաչինովից, ով այդ այցելության ժամանակ ուղեկցել է գեներալ Կրասովսկուն և հետագայում իր հուշերը հրատարակել «Իմ խոստովանությունը» խորագրով օրագրում[6]:

1803 թվականից Աշտարակեցին ռուսական բանակի հետ էր: Նա 100 կտրիճներով մասնակցեց Ցիցիանովի 1804թ. երևանյան արշավանքին: Երբ լեզգիների հարձակումների պատճառով Ցիցիանովը մի քանի ամիս հետաձգում է իր արշավանքը Երևանի վրա, Աշտարակեցին, իր հոգեկան վիճակը նկարագրելով, գրում է, որ «ինքը կիսակենդան է», այսինքն՝ հուսահատ[7]: Տեղեկանալով Ցիցիանովի արշավանքի մասին՝ Երևանի խան Մահմադը ավելի է ամրացնում բերդը: Նա նաև պատանդներ է վերցնում քաղաքի բնակիչներից՝ հիմնականում կանանց և երեխաների, որպեսզի տղամարդիկ ռուսների կողմը չանցնեն: Մահմադը բերդում էր պահում նաև Դավիթ և Դանիել կաթողիկոսներին: Հայտնի է, որ Ցիցիանովի և Գուդովիչի արշավանքներին ակտիվ մասնակցություն է ունեցել Գրիգոր եպիսկոպոս Մանուչարյանն իր 500 ղարաբաղցի ձիավորներով: Նա Աշտարակեցու լավագույն բարեկամն էր և ռուսական բանակին օժանդակում էր վերջինիս նախաձեռնությամբ: Երկրորդ ռուս-պարսկական պատերազմի ժամանակ նա կարողանում է Հաղպատի վանքից կռվելով դուրս բերել Եփրեմ կաթողիկոսին՝ փրկելով նրան պարսիկների ձեռքն ընկնելուց: Օգտվելով Եփրեմի բացակայությունից՝ պարսիկներն ուզում էին նոր կաթողիկոս ընտրել, բայց Աշտարակեցու պայքարի շնորհիվ ստիպված էին տեղի տալ:

Երևանի երկրորդ պաշարման ժամանակ՝ 1808 թվականին, նույնպես Աշտարակեցին ռուսական բանակի հետ էր: Այս պաշարումը գեներալ Գուդովիչի դանդաղկոտության պատճառով կրկին ավարտվեց պարտությամբ [8]: Ավելի ակտիվորեն է Աշտարակեցին մասնակցում երկրորդ ռուս-պարսկական պատերազմի ռազմական գործողություններին՝ Սարդարապատի, Էջմիածնի, Երևանի ազատագրմանը: «Հասավ ժամը, երբ մեր աչքով պիտի տեսնենք Արարատյան աշխարհի և Հայոց ազգի ազատությունը, հասավ ժամը, երբ Մայր Աթոռը պիտի վերականգնի յուր վաղեմի անկախությունը: Ոտքի կանգնեք, հայոց քաջեր, թոթափեցեք պարսից լուծը, ուրախացրեք ալեզարդ Մասիսին, մի անգամ արյունով ներկեցեք հայրենի հողը և ապրեցեք ազատ…»[9]. Աշտարակեցու այս բոցաշունչ կոչը լայն արձագանք գտավ հայ ժողովրդի մեջ: Հայրենին ազատագրելու տենչով տոգորված՝ հարյուրավոր երիտասարդներ մտան նրա կազմակերպած կամավորական ջոկատների մեջ և ռուսական զորքի կազմում մասնակցեցին երևանյան արշավանքին: Թիֆլիսում 1827թ. մարտի 30-ին տեղի ունեցավ կամավորների զորահանդես, որին ներկա էր նաև Աշտարակեցին, իսկ ապրիլին ռուսական առաջապահ զորամասերի հետ մեկնեց ռազմաճակատ՝ կամավորական ջոկատների կազմակերպման գործը հանձնարարելով իր համախոհ, Ներսիսյան դպրոցի տեսուչ Հարություն Ալամդարյանին (Աշտարակեցուն ուղեկցում էր 60 հեծյալներից կազմված հայկական մի ջոկատ, որը, չսպասելով հայկական աշխարհազորի վերջնական կազմավորմանը, միացել էր ռուսական զորքին): Պետք է նաև նշել, որ կամավորներ հավաքագրելու համար հատուկ մարդիկ գործուղվեցին Հայաստանի տարբեր վայրեր: Կամավորական գնդեր կազմակերպվեցին Գանձակի, Ղազախի, Շամշադինի, Լոռվա հայերից:

Կամավորական հեծելագունդ կազմեցին նաև Ղարաբաղի հայերը: Աշտարակեցու եղբայր Կարապետը կամավորներ հավաքագրելու համար ուղարկվեց Շամշադին: Կարապետը Աշտարակից հեռացել էր ընտանիքով՝ Հուսեին խանի հետապնդումներից դրդված: Տեղեկանալով այս մասին՝ խանը հրամայել է աշտարակցիներին տեղահանել: Պետք է նշել, որ Աշտարակեցու գործունեությամբ պայմանավորված՝ Աշտարակ գյուղը առանձնակի խստությունների է ենթարկվել: Տեղահանությունների պատճառով սկսվել է սով, տարածվել են համաճարակներ, որոնց հետևանքով շատ երեխաներ են մահացել: Առաջացել են դժգոհություններ: Մայրերը մեղադրել են Ներսեսին: Սակայն խոհեմ մարդիկ բացատրել են պայքարի անհրաժեշտությունը: Պարսիկները հայ բնակչության հետ առավել դաժանորեն սկսեցին վարվել 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմի շրջանում: Եթե Մահմադ խանը հայտնի էր հայկական գյուղերը ավազակախմբեր ուղարկելով, ապա Հուսեինը՝ իր բռնի տեղահանություններով, թույլ չտալով գյուղացիներին վար ու ցանք անել: Նա դատարկել էր տվել Էջմիածնի ամբարները, միաբաններին բերել Երևան և քաղաքի 18 000 բնակչության հետ փակել Երևանի բերդում: Սակայն ոչինչ այլևս չէր կարող վախեցնել հայ ժողովրդին և հետ պահել սկսած պայքարից: Ալ.Երիցյանը գրում է. «…Կուրի եզերքից մինչև Արաքսի ափերը Հայք՝ հոգևորական և աշխարհական, կին և տղամարդ, մեծ ու փոքր, ամենքն աշխատում էին մասնակից լինել այդ կռվին»[10]: 1827թ. մայիսին Թիֆլիսից դուրս եկավ 117 հոգուց բաղկացած առաջին ջոկատը ռուսական բանակի Խերսոնյան գրենադերական գնդի ենթասպա Սմբատյանի հրամանատարությամբ: Թիֆլիս-Երևան ճանապարհին ջոկատը, անընդհատ համալրվելով, մեծացավ և արդեն Երևանի գրավման ժամանակ նրա զինվորների թիվն անցավ 1000-ից: Հունիս և օգոստոս ամիսներին Երևան մեկնեցին մյուս ջոկատները (100 զինվոր, հրամանատար՝ ենթասպա Ակիմով, 69 զինվոր, հրամանատար՝ կապիտան Բեհբութով և այլն):

Կառավարական հանձնաժողովի կողմից հաստատված կանոնադրության համաձայն՝ կամավորական ջոկատներում ընդգրկվեցին 18-30 տարեկան երիտասարդներ, որոնք զենք և հանդերձանք ստացան ռուսական բանակից: Ջոկատներն ունեին իրենց ազգային դրոշը: Հրամանատարները ռուսական բանակի ծագումով հայ կադրային զինվորականներ էին, հրամանները տրվում էին մայրենի լեզվով: Պարսիկերի դեմ պայքարի դուրս եկան նաև Երևանի մերձակա շրջանների բնակիչները՝ կազմելով աշխարհազորային ջոկատներ: Երևանը պաշարած ռուսական զորքին միանալու կոչով Աշտարակեցին դիմեց նաև Աշտարակի և Օշականի գյուղացիներին. «…շուտ հավաքվել և այսօր՝ սեպտեմբերի 28-ին, մինչև արեգակի մայր մտնելը հասնել մեզ: Եթե որևէ մեկը ծուլանա, թող իմանա, որ թեկուզ իմ աչքի լույսը լինի՝ չեմ խնայի հանել և դեն նետել»[11]: Կամավորական շարժումը ընդլայնվելով վերածվեց իսկական ազգային- ազատագրական պայքարի, որն ավարտվեց Երևանի գրավումով և Արևելյան Հայաստանի ազատագրումով: 1827թ. հոկտեմբերի 1-ին հայկական կամավորական ջոկատները ռուսական զորքի հետ մտան Երևանի բերդ: Հոկտեմբերի 6-ին տեղի ունեցավ Երևանի գրավման հանդիսավոր արարողությունը: Բերդում մատուցվեց պատարագ Ներսես Աշտարակեցու առաջնորդությամբ: Երևանը գրավելուց հետո Աշտարակեցին ընտրվեց Ժամանակավոր վարչության անդամ: Նրա ջանքերով կազմվեց 1000 հոգուց բաղկացած զորամաս, որը ռուսական զորքի հետ պետք է պահպաներ կարգ ու կանոնը երկրում: Իր ցուցաբերած օգնության և մասնակցության համար նա ռուսական կառավարության կողմից 1828թ. հունվարին արժանացավ Ալեքսանդր Նևսկի շքանշանին: Այս առիթով տրված կառավարական ռեսկրիպտում ասվում էր. «Դուք մեր զորքերում ունեցել եք ամենագործուն մասնակցություն, անգամ ենթարկվելով անձնական վտանգի՝ ձեր անձնական օրինակով հայ ժողովրդի մեջ մշտապես պահպանելով բարյացակամություն մեր հանդեպ»[12]: Գեներալ Կրասովսկին, ով ավելի լավ էր ճանաչում Աշտարակեցուն, նրան համարում էր «հազվագյուտ տաղանդով, բոլոր դեպքերում կյանքը վտանգելով իրեն օժանդակած ռազմիկ»[13]: Աշտարակեցին իր պարտականությունն է համարել նաև ռուսական բանակի հիվանդ զինվորների խնամքը: Նրա համաձայնությամբ Էջմիածնի վանքը վեր էր ածվել հսկայական հիվանդանոցի՝ 500 հիվանդ ռուս զինվորներով, որոնք կարիք էին զգում ամենօրյա օգնության և ուշադրության: Երևանի բերդի պաշարման պլանի հեղինակ դեկաբրիստ Մ.Պուշչինը, ով հայտնի է նաև Աբասաբադի գրավման համար տկճորներով շարժական կամուրջի կառուցմամբ, ընկերներին պատմում էր Աշտարակեցու՝ իր նկատմամբ ցուցաբերած հայրական խնամքի մասին:

Սակայն հայրենասեր հոգևորականի նպատակը անձնական փառքը չէր: Ժամանակի ազգային գործիչների հետ միասին, օգնելով ռուսական զորքերին, նա երազում էր ազատագրված տեսնել իր հայրենիքը պարսիկներից, վերադարձնել բռնի գաղթեցված հային հայրենիք և ձեռք բերել ինքնավարություն Ռուսաստանի հովանու տակ: 1828թ. փետրվարի 10-ին կնքված Թուրքմենչայի պայմանագրով Արևելյան Հայաստանը մտավ Ռուսաստանի կազմի մեջ: Պայմանագրի 15-րդ կետի համաձայն երկրից բռնի գաղթեցված հայերը իրավունք ստացան հետ վերադառնալ: Օգտվելով այս իրավունքից՝ հայրենիք վերադարձան շուրջ 40-42.000 հայեր: Արևելյան Հայաստանի ժողովրդագրական պատկերը փոխվեց հօգուտ բնիկ հայ բնակչության: Այս ամենը կատարվեց Աշտարակեցու ամենաակտիվ մասնակցությամբ: Դեռևս Դեհկարխան գյուղում սկսված բանակցությունների ժամանակ նա պատվիրակներ է ուղարկում (Բարսեղ արքեպիսկոպոս և Մարգար Եղիազարյան) և խնդրում իր լավ բարեկամ, ռուս գրող և դիվանագետ Ա.Ս.Գրիբոյեդովին Պարսկաստանի հետ կնքվելիք պայմանագրում անպայման նախատեսել հայերի ներգաղթը: Պատերազմից հետո էլ Աշտարակեցին հայրենակիցներին կոչ է արել վերադառնալ՝ գտնելով, որ հայրենիքի փրկությունը կախված է Արարատյան դաշտավայրում հայ ժողովրդի բազմանալուց: Ավելի դժվար էր իրականացնել Հայաստանի ինքնավարության ծրագիրը:

Աշտարակեցու հետ միասին այս գաղափարի ջերմ պաշտպաններն էին ժամանակի հայտնի ազգային գործիչներ Խաչատուր, Եղիազար և Մինաս Լազարյանները, Հովսեփ Արղությանի ազգական Կոնստանդին Արղության-Երկայնաբազուկը, Հարություն Ալամդարյանը և ուրիշներ: Ռուս-պարսկական պատերազմի օրերին Ռուսաստանի հայեր Արզանովները հրատարակում են «Галерея достопамятных царей Армении» աշխատությունը: Այս քայլով նրանք ուզում էին իրենց հայրենակիցներին ոգևորել հերոսական անցյալով, ինչպես նաև ռուսական իշխանություններին ցույց տալ, որ հայ ժողովուրդն ունեցել է իր պետականությունը: Հայ հայրենասերները գտնում էին, որ ներկայացել է առիթը՝ կյանքի կոչելու Հայաստանի քաղաքական դրությունը վերափոխելու ծրագիրը: Երկար քննարկումների արդյունքում ծնված ծրագրի համաձայն՝ երկիրն ունենալու էր իր գերբը, դրոշը և տեղական նշանակության օրենքները, իսկ պաշտպանության նպատակով ստեղծվելու էր հայկական գվարդիա: 1827թ. հոկտեմբերին այս ծրագրի նախագիծը ներկայացվում է իշխանություններին, սակայն մերժվում է: Նիկոլայ 1-ի հրամանագրով 1828թ. մարտին Արևելյան Հայաստանի տարածքի մի մասի վրա կազմակերպվում է Հայկական մարզը: Հայ հայրենասերների ձգտումները շուտով առաջացնում են ռուսական կառավարության դժգոհությունը: Սկսվում են հալածանքները, որոնց զոհ են գնում Աշտարակեցու համախոհներից և մտերիմներից շատերը [14]: Ինքը՝ Ներսեսը, հեռացվում է Հայաստանից՝ նշանակվելով Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի հայոց թեմի առաջնորդ: Սա յուրատեսակ աքսոր էր, որի նպատակը Աշտարակեցուն ազգային գործերից հեռացնելն էր: Բոլոր ուսումնասիրողները միահամուռ վկայում են, որ այս ամենը կատարվել է գեներալ Պասկևիչի հրահրմամբ, որը, անտեսելով Աշտարակեցու ծառայությունները, ամեն ինչ արել է՝ նրան հեղինակազրկելու համար: Ընդհանրապես Պասկևիչի և Աշտարակեցու փոխհարաբերությունները բարդ և հակասական զարգացումներ են ունեցել: Պատերազմի ժամանակ ռուս գեներալը հաճախ է ապավինել Աշտարակեցու օգնությանը՝ ինքն էլ իր հերթին աջակցելով նրան: Անգամ ինքնավարության ծրագրի քննարկումների շրջանում, միանալով Կրասովսկու և Աշտարակեցու կարծիքներին, Պասկևիչը Նիկոլայ 1-ին ուղղված դիմումում առաջարկում է. «այս երկրամասի հայերից, վրացիներից…ստեղծել աշխարհազոր մեր սահմանների պահապան լինելու համար…3 գումարտակից, յուրաքանչյուրում 1000 մարդ»[15]:

Հայտնի է նաև, որ «Ալ. Նևսկի» շքանշանը Աշտարակեցին ստացել է Պասկևիչի միջնորդությամբ: Օշականի ճակատամարտից հետո ռուս գեներալի կողմից հայ հոգևորականի նկատմամբ սկսված սառնությունը [16] պատերազմից հետո վեր է ածվում թշնամանքի, որն իր ազդեցությունն է թողնում նաև Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի վրա [17]: Աշտարակեցու աքսորից հետո դպրոցի բակը ամբողջովին ցեխի մեջ կորավ. ճանապարհները փակվեցին, ուսուցիչ-աշակերտ երթևեկությունը դադարեց: Ունևոր հայերը իրենց երեխաներին ուղարկում էին Թիֆլիսի գիմնազիա, որտեղ իշխանությունների որոշմամբ ավելացել էր հայոց լեզվի ուսուցումը: Ներսիսյան դպրոց սկսեցին ընդունվել չքավոր երեխաները: Դպրոցը, սուղ միջոցներ ունենալով հանդերձ, նրանց տալիս էր ձրի ուսուցում: Սակայն ֆինանսներ չունենալու պատճառով դպրոցն աստիճանաբար հայտնվեց վատ վիճակում և փակվեց: Վերաբացվելուց հետո երբեմնի ծաղկուն կրթօջախը վերածվեց հոգևոր դպրոցի, որի դռները փակ էին աշխարհականների առաջ: Աշտարակեցին, իր բարեկամ Բենկենդորֆից տեղեկություններ ստանալով, փորձեց խանգարել այս գործընթացը, բայց հաջողությունների չհասավ: Ճշմարտության դեմ չմեղանչելու համար պետք է ասենք, որ Հովհաննես Կարբեցի կաթողիկոսը դեմ էր այս փոփոխություններին, չնայած գտնվում էր Պասկևիչի ազդեցության տակ և հովանավորվում նրա կողմից: Ընկերները բազմիցս խորհուրդ են տվել Աշտարակեցուն բողոքել Պասկևիչի դեմ, բայց նա զգուշացել է՝ վախենալով իր ժողովրդին վնասելուց:

Առաջ ընկնելով՝ ասենք, որ կաթողիկոս ընտրվելուց և Բեսարաբիայից վերադառնալուց հետո, երբ մտերիմների շրջանում խոսք էր գնում Պասկևիչի մասին, ձեռքը դնում էր ձախ ծոցի վրա և հառաչանքով ասում. «Պասկևիչը ահա այստեղ է կաշկանդված»[18]: Ի՞նչ թուղթ էր դա, որ մինչև կյանքի վերջն իր ծոցագրպանում պահեց ծերունի հայրապետը՝ ոչ ոք չգիտեր: Նրա մահից հետո այդ թուղթը ընկնում է Սարգիս եպիսկոպոս Հասան-Ջալալյանի ձեռքը: Վերջինս այն վաճառում է ռուսներին: Դատելով պատերազմից հետո Աշտարակեցու նկատմամբ Պասկևիչի դրսևորած վերաբերմունքից՝ մենք էլ ենք կարծում, որ եղել է այդպիսի գրություն և վերաբերել է Հայաստանի ինքնավարության հարցին: Հնարավոր է պատերազմի սկզբում Ներսեսին ավելի ոգևորելու նպատակով Պասկևիչը խոստումներ է տվել, որոնք, սակայն, չէին կատարվելու: Այս տեսանկյունից նայելով՝ պարզ է դառնում, թե ինչու էր ռուս գեներալը ձգտում հեռացնել Աշտարակեցուն Կովկասից: Ազատելով Երևանի ժամանակավոր վարչության անդամությունից՝ 1828թ. մայիսի 21-ի թվակիր գրությամբ Պասկևիչը հանկարծակիի է բերում Ներսեսին. «…ազատագրական պատերազմի (նկատի ունի 1828-1829թթ. ռուս-թուրքական պատերազմը) հորդորներ անելու համար» նա պետք է մեկներ Բեսարաբիա՝ իբրև թեմի առաջնորդ [19]:

1842թ. մարտի 26-ին վախճանվում է Հովհաննես Ը Կարբեցի կաթողիկոսը (1831-1842թթ.): Հայ ժողովուրդը հայրենիքում և գաղթօջախներում հաջորդ կաթողիկոս տեսնում էր միայն Ներսես Աշտարակեցուն [20]: 1843թ. ապրիլին Էջմիածնում տեղի ունեցան կաթողիկոսական ընտրություններ: Աշխարհի տարբեր անկյուններից ժամանած 26 պատվիրակները Ամենայն հայոց կաթողիկոս ընտրեցին Ներսես Աշտարակեցուն: Նրա ընտրությունը ընդունվեց նաև ռուսական իշխանությունների կողմից և հաստատվեց Նիկոլայ 1-ի հրովարտակով: 1843թ. սկզբներին Աշտարակեցին դուրս է գալիս Բեսարաբիայից: Ամենուր նրան ջերմ ընդունելություն են ցույց տալիս: Թիֆլիսում Կովկասի փոխարքա Վորոնցովն արժանացնում է շքեղ ընդունելության: Վերջինիս հետ Աշտարակեցին ծանոթ էր դեռևս 1803 թվականից, իսկ Բեսարաբիայում, որի փոխարքան էր Ներսեսի այնտեղ գտնվելու տարիներին, նրանց ծանոթությունը վերաճել էր բարեկամության: Ի տարբերություն Պասկևիչի՝ Վորոնցովը մեծապես նպաստեց Աշտարակեցու թեկնածությունը իշխանություններին ընդունելի դարձնելու գործընթացին: Թիֆլիսում որոշ ժամանակ մնալուց հետո Աշտարակեցին ճանապարհ ընկավ Երևան և Էջմիածին: Հունիսի 9-ին տեղի ունեցավ կաթողիկոսի օծման արարողությունը:

Ներսես Աշտարակեցու կաթողիկոսության տարիները նշանավորվեցին ոչ միայն եկեղեցաշինական, այլև կրթության ու գիտության զարգացման և հայապահպան բուռն գործունեությամբ: Հոգևոր կյանքում նա կարողացավ աշխարհի տարբեր վայրերի հայկական եկեղեցիների առաջնորդարաններին համախմբել իր անձի շուրջ: Նրա օրոք կարգավորվեցին հարաբերությունները Պոլսի պատրիարքության հետ: Պատրիարք Չուխաճյանը հրահանգեց բոլոր եկեղեցիներում հիշատակել նրա անունը՝ որպես Ամենայն Հայոց հայրապետի, և ստանալ սուրբ մյուռոնը Էջմիածնից: Պայքարելով հայկական եկեղեցու նկատմամբ ցարական կառավարության ոտնձգությունների դեմ, ի հակադրություն «Պոլոժենիե»-ի, [21] նա կազմեց նոր կանոնադրություն, որն իր հիմքում ուներ Հայ եկեղեցու ավանդական կարգը և եկեղեցու գործերի ղեկավարումը կենտրոնացնում էր կաթողիկոսի ձեռքում: Կրթության հարցում Աշտարակեցին չափազանց պահանջկոտ էր: Հոգևորականի համար ծուլությունը համարում էր աններելի հանցանք: Անգամ հասուն տարիքում, արթնանալով վաղ, իր օրը սկսում էր կարդալով և գրելով:

Պատկառելի տարիքում նա սովորում է ռուսերեն: Պետերբուրգում Նիկոլայ 1-ի հետ հանդիպման ժամանակ խոսել է եկեղեցական սլավոներենով, հետագայում Վորոնցովների հետ երկարատև շփման արդյունքում ազատ տիրապետել է խոսակցական ռուսերենին (նրանց ուղղված նամակները գրել է ռուսերեն): Նրա հովանավորությամբ տպագրական մամուլը մուտք գործեց Էջմիածին: Նրա օրոք և ջանքերի շնորհիվ վերաբացվեցին ծխական դպրոցները՝ դառնալով հայեցի դաստիարակության կենտրոններ: Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը վերակառուցվեց միջնակարգ դպրոցի ծրագրով: 1848թ. կազմվեց հոգաբարձություն: Երևանի թեմական դպրոցը նույնպես գտնվել է կաթողիկոսի ուշադրության կենտրոնում: 1849թ. Աշտարակեցու հատուկ կոնդակով դպրոցը փակվում է իր բարձրության վրա չգտնվելու և իրեն չարդարացնելու պատճառով (հայտնի է, որ այս շրջանում դպրոցի ուսուցիչները առանձնապես աչքի չեն ընկել իրենց մասնագիտական պատրաստվածությամբ, որից էլ, կարծում ենք, դժգոհ է եղել կաթողիկոսը): Աշտարակեցին աջակցել է նաև Երևանում Ս.Հռիփսիմեի անվան իգական վարժարանի բացման գործընթացին [22]: Տեղեկանալով այս մասին իշխանուհի Ե.Վորոնցովայից, ում հետ նույնպես ջերմ բարեկամական հարաբերություններ ուներ, նա դրամական միջոցներ է հատկացնում և ընդհանրապես մինչև իր կյանքի վերջը օգնում և աջակցում է դպրոցին:

Հասկանալով, որ անիրագործելի երազանք է Ռուսաստանի հովանու ներքո հայկական ինքնավարության ստեղծումը, սեփական ժողովրդի ապագայով անհանգստացած ծերունի կաթողիկոսը կյանքի վերջին տարիներին առավել զգուշավոր դարձավ: Այդ էր պատճառը, որ այդպես էլ ծոցագրպանից չհանեց Պասկևիչին «կաշկանդող թուղթը»: Սակայն հետաքրքիր է, որ 19-րդ դարի 20-ական թթ. ազգային գործիչները, իրենք էլ դժգոհ մնալով հայության հարցում ցարիզմի վարած քաղաքականությունից, իրենց հերթին ենթարկվեցին տարբեր քաղաքական հոսանքների քննադատությանը: Դրանք առավել արտահայտվեցին Հայկական մարզի վերացումից հետո, քանի որ հետագա վարչաձևերն ավելի էին անտեսում հայերի սոցիալ-տնտեսական, ազգային և մշակութային շահերն ու առանձնահատկությունները՝ հայ ժողովրդի դարավոր երազանքը վերածելով կայսրության մի անկյունում ապրելու կարգավիճակի: Քննադատությունների մեծ մասը բաժին ընկավ, իհարկե, Ներսես Աշտարակեցուն: Ազգային պահպանողական հոսանքի ներկայացուցիչ Մարկոս Աղաբեկյանն, օրինակ, Աշտարակեցու դիվանագիտական սխալը համարում էր այն, որ նա «Պասկևիչ-Կրասովսկի զորապետերի խառնակության մեջ չկարողացավ ո’չ մնալ անկախ և ո’չ էլ ընտրել այն կողմը, որից ավելի կարելի լիներ ազգային օգուտ քաղել»[23]: Ազգային և հասարակական գործիչներից շատերը՝ Ղ. Աղայան, Ե.Գեղամյան, Ավ. Արասխանյան, Մ. Աղաբեկյան և ուրիշներ, անտեսելով Աշտարակեցու վաստակը, նրան վերագրեցին միայն փառասիրական հակումներ: Ի տարբերություն նրանց՝ Ա. Պերպերյանը, Մ. Օրմանյանը, Պ. Պռոշյանը, Ալ. Երիցյանը գերագնահատեցին Աշտարակեցու հնարավորությունները: Այս տարաձայնությունները ընդամենը ցույց են տալիս, որ 19-րդ դարի 20-ական թթ. ազգային գործիչները չէին կարող ճիշտ գնահատվել, քանի որ ճիշտ չէր գնահատվում նույն ժամանակաշրջանում հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցած իրադարձությունը: Իհարկե, հիասթափություն պետք է ապրեին նրանք, ովքեր, չգիտակցելով Ռուսաստանի ստանձնած դերը, ավելին էին ակնկալում:

Ռուսաստանի ծավալապաշտական նկրտումներից բխող այդ դերը տվյալ պահին ընդամենը խնդիր ուներ կայսրության սահմանները ընդարձակել դեպի հարավ՝ հասնելով Անդրկովկաս: Դա կատարվեց զենքով, այսինքն՝ նվաճելով, դարձնելով Ռուսաստանը հզորագույն կայսրություն: Անլուրջ է նաև 19-րդ դարի ազատագրական պայքարի գործիչներին ռուսական կողմնորոշման մեջ մեղադրելը: Բոլորովին նպատակ չունենալով ներկայացնելու ազատագրական պայքարի պատմությունը, այնուամենայնիվ, ուզում ենք հիշեցնել, որ դեպի Ռուսաստան կողմնորոշումը մեզանում կատարվել էր ավելի վաղ և կարծես թե արդարացված էր [24]: Քրիստոնյա հոգևորականի և նրա համախոհների քաղաքական համակրանքն, ինչ խոսք, պետք է շարունակեր մնալ քրիստոնյա երկրի՝ Ռուսաստանի նկատմամբ: Եվ վերջապես, որքան էլ ցավալի է, բայց պետք է ընդունենք, որ եթե Ռուսաստանն իր համար սահմանների ընդարձակման խնդիր էր դրել, ապա վաղ թե ուշ անելու էր, ուրեմն միայն սխալներով չփորձենք պայմանավորել 19-րդ դարի սկզբին մեր ժողովրդի կյանքում կատարված իրադարձությունները:

Ամփոփելով մեր ազգային գործիչների հասցեին եղած քննադատությունները՝ նշենք, որ բոլոր ուսումնասիրողներն էլ, այդ թվում և քննադատները, անուամենայնիվ, ընդունում են, որ Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին ունեցավ պատմական նշանակություն. հայ ժողովուրդն ազատվեց կրոնական հալածանքներից, ֆիզիկական բնաջնջման վտանգից և ձեռք բերեց զարգանալու որոշակի հնարավորություններ: Վերջիններիս կողքին միշտ կարևորվելու է Արևելյան Հայաստանում հայերի ազգային համախմբման հնարավորության ստեղծումը:

Ամենայն Հայոց կաթողիկոս Ներսես Ե Աշտարակեցի Շահազիզյան կաթողիկոսը վախճանվեց Թիֆլիսում, 1857թ. փետրվարի 13-ին [25] 87 տարեկան հասակում: Նրա աճյունը հանդիսավոր պայմաններում բերվեց Էջմիածին և ամփոփվեց Մայր տաճարի գավթում: Տապանաքարի վրա փորագրված է. «Պաշտպան հայրենեաց»: Դա լավագույն ամփոփումն է նրա կատարած գործերի…

Սուսաննա Հարությունյան
Երևանի քաղաքի պատմության թանգարան

* * *

  1. Երիցյան Ալ., Նյութեր Ներսես Ե-ի կենսագրության համար, Թիֆլիս, 1877թ., էջ 3:
  2. Նույն տեղում, էջ 10:
  3. * Ալեքսանդր 1-ի 1801թ.-ի սեպտեմբերի 12-ի մանիֆեստով Արևելյան Վրաստանը պաշտոնապես միացավ Ռուսաստանին:
  4. Շահազիզ Ե., Աշտարակի պատմությունը, Երևան, 1987թ., էջ 227:
  5. * Սինոդը կամ «Կառավարիչ Ս.ժողովը» Էջմիածնի գործունեությունը համակարգող մարմին էր:
  6. * Վերոհիշյալ ուղևորության ժամանակ Աշտարակեցին Կրասովսկու հետ միասին դիտում է նաև այն վայրը, որտեղ Էջմիածնի վանքի միջոցներով կառուցվելու էր հուշարձան՝ նվիրված Օշականի ճակատամարտին (կառուցվեց 1834թ.):
  7. Երիցյան Ալ., նշվ. աշխ., էջ 35:
  8. * Երևանի երկրորդ պաշարման ժամանակ Հուսեին Ղուլի խանը պատանդ է տանում նաև Դավթին և հիվանդ Դանիելին. վերջինս բերդում էլ մահանում է: Գուդովիչի անհաջող պաշարումից հետո միայն հնարավոր է լինում նրան տանել ու թաղել Էջմիածնում:
  9. Բարխուդարյան Վ.Բ., Ոսկանյան Վ.Կ., Հայ-ռուսական պատմական կապերը, Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին, Երևան, 1978թ., էջ 214թ.:
  10. Երիցյան Ալ., Ամենայն Հայոց կաթողիկոսությունը և Կովկասի հայք 19-րդ դարում, մաս Ա, Թիֆլիս,1894թ., էջ 238:
  11. Բարխուդարյան Վ.Բ., Ոսկանյան Վ.Կ., նշվ. աշխ., էջ 215թ.:
  12. Աղայան Ծ.Պ., Ռուսաստանի դերը հայ ժողովրդի պատմական ճակատագրում, Երևան, 1981թ., էջ 271:
  13. Նույն տեղում, էջ 262:
  14. * 1830թ. գեներալ Պասկևիչի թելադրանքով Էջմիածնի Սինոդը Հ.Ալամդարյանին աքսորում է Հաղպատ: 1834թ. նա Նոր Նախիջանի Ս.Խաչ վանքի վանահայրն էր, որտեղ էլ դավադրաբար սպանվում է: Պասկևիչը հաշվեհարդար է տեսնում նաև այդ շրջանում հայերի ներգաղթի պատասխանատու Եղիազար Լազարյանի հետ: Հայկական աշխարհազոր ստեղծելու և պետականությունը վերականգնելու մեղադրանքով նա աքսորվում է Կովկասից:
  15. Աղայան Ծ.Պ., նշվ. աշխ., էջ 271:
  16. * Ինչպես գիտենք, Օշականի ճակատամարտի ժամանակ ռուսները մեծ կորուստներ կրեցին, որոնց համար Պասկևիչը մեղադրեց Կրասովսկուն՝ գտնելով, որ դրանք չէին լինի, եթե նա օգնության չհասներ Էջմիածնի վանքին: Աշտարակեցին այս վեճի ժամանակ պաշտպանեց Կրասովսկուն՝ առաջացնելով Պասկևիչի դժգոհությունը:
  17. *Թշնամանքի պատճառ դարձավ նաև Աշտարակեցու՝ Ռուսաստանի տիրապետության տակ անցած Հյուսիս-Արևելյան Հայաստանում հայերին համախմբելու ձգտումը՝ ընդգրկելով նաև Մակու գավառը: Այս հարցի կապակցությամբ, դժգոհ մնալով Պասկևիչից, նա դիմում է գեներալ Կրասովսկուն: Վերջինս պաշտպանում է Ներսեսին՝ իր դեմ լարելով Պասկևիչին:
  18. Սարուխանյան Ն.Բ., Արևելյան Հայաստանի Ռուսաստանին միացման պրոբլեմը մինչ հեղափոխական հայ պատմագրության մեջ, Երևան, 1971թ., էջ 73:
  19. Նույն տեղում, էջ 72:
  20. * Դեռևս իր ժամանակին Եփրեմ կաթողիկոսը նույնպես իրենից հետո Ամենայն հայոց կաթողիկոս ցանկացել էր տեսնել նրան: 1828թ. հոկտեմբերի 20-ի կոնդակում, դիմելով բարձրյալին, նա խնդրում է մինչև չտեսնի «զօծեալն Տեառն զնոր շնորհալի կաթողիկոսդ Ներսես… արդ արձակես զծառայս քո Տեր ըստ բանի քում ի խաղաղություն…»:
  21. * 1836թ. մարտի 11-ին Նիկոլայ 1-ինը հատուկ հրամանագրով հաստատում է Հայոց եկեղեցու կանոնադրությունը, որը հայտնի է «Պոլոժենիե» անունով: Չխորանալով կանոնադրության մեջ՝ պարզապես նշենք, որ այն կարգավորում էր ռուսական իշխանությունների և Հայոց եկեղեցու միջև փոխհարաբերությունը՝ սահմանափակելով կաթողիկոսի իրավունքները և մասնակցությունը երկրի կառավարման գործին:
  22. * Ерицовь А.Д., Патриархь всехь армян Нерсес V-й.,Тифлись, 1898г., стр. 34:
  23. Սարուխանյան Ն. Բ., նշվ. աշխ.,էջ 118:
  24. *Դեռևս 18-րդ դարի սկզբին դեպի Ռուսաստան էր կողմնորոշվել Իսրայել Օրին: Նա և նրանից հետո մյուս գործիչները՝ Հովսեփ Էմին, Մովսես Բաղրամյան, Շահամիր Շահամիրյան, Հովսեփ Արղության և ուրիշներ, Պետրոս 1-ին և Եկատերինա 2-ին են ներկայացրել Հայաստանի ինքնավարության ծրագրեր և նրանցից էին սպասում հայ ժողովրդի փրկությունը պարսկական և թուրքական լծից:
  25. * 1856թ. երկարատև ծանր հիվանդությունից հետո մահանում է Մ.Վորոնցովը: Կովկասի փոխարքա է նշանակվում իշխան Ա.Բարյատինսկին: Վերջինիս հրավերքով Ն.Աշտարակեցին մեկնում է Թիֆլիս՝ քննարկելու 1836թ.-ի կանոնադրության շուրջ ծագած խնդիրները: Այդ ուղևորության ժամանակ էլ աշխատելիս Աշտարակեցին կնքում է իր մահկանացուն: