Երևանի բարբառի կրոնաեկեղեցական բառաշերտը

Բարբառագիտական գրականության մեջ Արարատյան բարբառ լեզվաբանական եզրը հայտնի է նաև Երևանի բարբառ անունով (տե՛ս Հ. Աճառեան, «Հայերէն գաւառական բառարան», Թիֆլիս, 1913, էջ 25): Արևելյան խմբակցության -ում ճյուղի այս բարբառը հայոց լեզվի հնագույն տարբերակներից է: «Երևանի բարբառի հետքերը գտնում ենք հին գրականության, հին աղբյուրների մեջ՝ սկսած 13-րդ դարից: Առաջինը դրանցից Վարդան Բարձրաբերդցին է»,- գրում է Ա. Ղարիբյանը (տե՛ս Ա. Ղարիբյան, «Համառոտագրություն հայ բարբառագիտության», Երևան, 1941, էջ 164): Քանաքեռի, Առինջի, Պտղնիի, Ջրվեժի, Նորքի, Կոնդ և Ձորագյուղ թաղամասերի ենթախոսվածքներից է կազմվում Արարատյան բարբառի Երևանի խոսվածքը (տե՛ս Ռ. Մարկոսյան, «Արարատյան բարբառը», Երևան, 1989, էջ 34-47):

Ժամանակի ընթացքում սրանք մերձեցել և ձուլվել են Երևանի խոսվածքի մեջ՝ հարստացնելով նրա բառապաշարը։ Երևանի խոսվածքի Քանաքեռի ենթախոսվածքով է ստեղծագործել Խ. Աբովյանը, որի շնորհիվ բարբառային նյութը գրեթե ամբողջությամբ գրառվել և մեզ է հասել։ Խ. Աբովյանը կազմել է Քանաքեռի խոսվածքի բառարան և այդ նյութի հիման վրա կատարել բարբառագիտական ուսումնասիրություն (տե՛ս Քանաքեռի բարբառից քանի մի գիտելիքներ, Մոսկուա, 1897, էջ 501-537)։ Գ. Գասպարյանը կազմել է Խ. Աբովյանի երկերի բառարան, որում ներկայացված է բարբառային բառապաշարը՝ բարբառին բնորոշ ձայնավորական և բաղաձայնային համակարգային հնչյունափոխություններով:

Մեր ուսումնասիրության նյութը Երևանի խոսվածքի մաս կազմող կրոնաեկեղեցական բառաշերտն է, դրա հնչյունաբանական, բառակազմական, իմաստաբանական առանձնահատկությունների լուսաբանումն ու ամփոփ վերլուծությունը։ Հին Երևանում հատուկ նախա պատ րաս տու թ յուններով նշվող քրիստոնեական տոներին ուղեկ ցող բանահյուսական ստեղծագործություն նե րը՝ ավանդազրույցները, ժողովրդական երգերն ու կատակերգերը, առածներն ու ասացվածքները, հանելուկները, օրհնանքներն ու բարեմաղթանքները, երդման ու անեծքի արտահայտությունները միջոց են դարձել կրոնական բառերի գործածության և պահպանման, կրոնաեկեղեցական բառաշերտի հարստացման:

Կրոնաեկեղեցական բառերը գործառվում են խոսվածքին օրինաչափ հետևյալ հնչյունափոխություններով։

ա) Ձայնավորների և երկհնչյունների հնչյունափոխություն. ա>ը՝ պըհապան, խաբըրբ՛եր («Նոյի աղավնի»), սըտանա, ա>0՝ քառսունք («ծննդկանի կամ նորընծա քահանայի քառասնօրյա ժամանակաշրջանը»), ի>ը՝ հարսանըքատուն, հարսանըքավոր» ե>ի՝ իրէցփոխ («եկեղեցու տնտես»), իրիցփոխան («եկեղեցու գանձապահ կամ մոմավաճառ»), ա>է և ոյ>ու՝ խէչհամբուր, ա>ի և ա>օ՝ վարթիվօր, ե>ը՝ ըրէ՛խա («չմկրտված»), ե>ի>0՝՝ րիգնաժամ («երեկոյան ժամերգություն»), այ>է՝ էքնաֆօ՛ղէք, ոյ>ու, ե>ա և այ>է՝ ողջունախպէր, փեսաղբէր («հարսանիքին նորափեսայի թուրը կրող երիտասարդ»), ո>օ, ոյ>ը, ե>ա, այ>է՝ օխչըմաղբէր, ոյ>ու և ոյ>ի՝ ողջունաքիր, ո>օ, ոյ>ը, ոյ>ի՝ օխչըմաքիր («քույր կամ եղբայր դարձած մտերիմներ, որոնք զատկի առավոտյան սուրբ սեղանի առջև ուխտավորաբար միմյանց ափով մյուռոնաջուր են խմեցնում»), ը>ու՝ քումբեթ, ոյ>ու՝ կուս՝ («միանձնուհի»), ո > ու՝ թափուր («եկեղեցում հավաքվածներ») և այլն:

բ) Ձայնեղ պայթականների և կիսաշփականների խլացում, այսինքն՝ բ>պ, գ>կ, դ>տ, ձ>ծ, ջ>ճ. պարիկէնթան, տըպիր, մախտանք, մեխկ, երբեմն՝ շնչեղխլացում՝ մարքարէ, ափէղա, հօքի, սուրփ, պատարաք, սարկավաք, վարթապէտ, նավասարթ, աչ («աջանման եկեղեցական անոթ, որի մեջ ամփոփվում է սրբերի նշխարներից»):

գ) Խուլերի և շնչեղ խուլերի ձայնեղացում, պ, փ>բ, կ, ք>գ, տ, թ>դ, ծ, ց>ձ, ճ, չ>ջ. ա՛ստօձ, զա՛դիգ, դըրընդէզ, խունգ, գիրագի, վիջագ («համբարձման տոնի վիճակահանություն»), աբաշխարէլ, յէգէղէցի, յէբիսկաբոս, տէրտէրա՛գին, փըսագ, միչինգ՝ «1. զատկական թխվածք, 2. մեծ պահքի միջին շաբաթը», երբեմն՝ շնչեղխլացում՝ ա՛նէցկ, փափ («կաթոլիկ հոգևոր առաջնորդ»):

դ) Հ հագագի հավելամով, կորստով, հ>խ, հ>թ, հ>ֆ, հ>շ անցումներով պայմանավորված հնչյունափոխություններ. հափեղա, հօռթում, հ՚ուշապ, սըկի, պաս, պասակեր, պասշնորհավորէք, օրթնէլ, օրշընել, հորս // ֆորս (Հարսանիքի վերջին օրը թագավորի բարեկամները մի-մի հավ են բերում,  նորափեսայի և  խաչեղբոր հետ բոլորվում են տան երդիկի շուրջը։ Փեսան  թուրը  և պատյանը խաչաձև դնում է  երդիկի վրա, ապա,  երեսն ուղղելով աղոթարան,  3 անգամ ծունր է դնում։ Այնուհետև   մորթում է մի աքլոր և երդիկից իջեցնում, որից հետո հորս են անում  խաչեղբայրն ու  մյուսները և ուտում են աքլորի միսը) («հարսանեկան ավանդույթ»), նաև ր ձայնորդի անկում հ կոկորդային շփականից առաջ. օխնանք, օխնէլ, տընօխնէք, ջ՚րօխնէք, ր >ռ փոխարկում՝ խօրուռթ, Ղուռան։

ե) Հնչյունների առնմանում և տարնմանում, դրափոխություն, ամփոփում. երիցակին // իրիսկին, կաթաղագօս // կաթխիկօս, յեպիսկապօս // յէբիսկաբոս, քա՛վօր, քավորամայր, քավորաքույր, նըխշարք («թանկագին, նվիրական բան»), սասում («աստվածային բարկություն») և այլն:

Մի շարք կրոնական բառեր զուգահեռաբար կիրառվում են գրաբարյան հնչյունակազմով և բարբառային հնչյունափոխությանը բնորոշ հնչատարբերակներով. դ՚ըրախտ // տըրախտ, դատաստա՛ն // դ՛ադաստան՛ // տադաստան, մատուռ //մադուռ, ծառզարդար // ծառզա՛րթար, կավազան // գ՛ավազան և այլն։

Հանդիպում են մի խումբ կրոնական բառեր և բառակապակցություններ, որոնք, որպես խոսվածքին անցած գրական փոխառություններ, չեն ենթարկվում վերը նշված հնչյունափոխություններից որևէ մեկին և պահպանում են գրաբարին մոտ արտասանությունն ու հնչյունական կազմը։ Այդպիսի բառերից են՝ աստված, աստվածածին, գանձանակ, օրհնություն, գրակալ, վանք, վէղար, տաճար, տէրտէր, ուխտ, ուրանալ, ուրար, օծէլ, քարօզ, խօրան, թեմ, աթօռ, կօնդակ, կանթէղ, հավատալ, կապա, կընունք, պաշտէլ, մըխիթարէլ, խօստօվանէլ, խուց, սաղմօս, սանիկ, դաս, կաղանդ, նահատակ, մէռօն, Ավէտարան, որից Յուղաբերի Ավետարան, Կարմիր Ավետարան, սավան՝ «կնքահոր նվիրած շորեղեն», հոգեվախ՝ «աստվածավախ», զօրք՝ «սրբոց և սրբատեղյաց զորություն, հրաշք», ճաշ՝ «խթումին ննջեցյալի հոգու համար բաշխվող հրուշակ□, մանանա՝ «ծառերի տերևների վրա նստող բուսական քաղցրահամ նյութ, գազպեն, Ս. Կարապետի հալվա» // մաննա, ՆՀԲ. «ընծա, անարյուն պատարագ», մատաղ՝ «ննջեցյալի հոգու համար տրվող աղքատաճաշ կամ զոհելու կենդանի», ավազան («մկրտության ավազան». սովորական լողավազան նշելու համար գործառական է հավուզ բառը)։

Երևանի խոսվածքի կրոնաեկեղեցական բառերը, ինչպես գրական լեզվում է, հանդես են գալիս հայերենի բառակազմությանը բնորոշ բառակաղապարներով։

ա) Պարզ և ածանցավոր կազմություններ. թախտ՝ «հարսանքատանը գորգապատ տեղ, որտեղ կանգնում են հարսն ու փեսան եկեղեցուց գալուց հետո», անեկ՝ «բաղարջ», հարահաս՝ «արագահաս» (մակդիր ս. Սարգսի), դասակվել՝ «սրբադասվել», դրախտական՝ □դրախտին արժանի», պատվէրանք՝ «պատվիրան», զատկություն՝ «զատիկի առթիվ և զատիկ օր», կարգավոր՝ «հոգևորական», մեռելոցք՝ «տաղավար տոներին հաջորդող երկուշաբթի օրերը, երբ օրհնել են տալիս հին ու նոր ննջեցյալների գերեզմանները», ածիկ՝ «նորածիլ ցորենով պատրաստված ծննդյան կամ մեծ պահքի քաղցրեղեն», աղինջ՝ «պասուց կերակուր պատրաստելու բույս», պասոտ՝ «ուտյաց մթերքին քսված պահոց կարեկուր», ասմունք՝ «հոգևոր ընթերցանություն», ողորմածիկ, մատաղացու, թաթախումն՝ «ծննդյան և զատկի ճրագալույցի երեկոյան ընթրիք», խըթում (Բառը հայերենից անցել է վրացերենին (թաթխվա) և ուտիերենին  (թաթախում)) // թաթախում՝ «1. ջրօրհնեքի և զատկի գիշերը խաչը ջուրը գցելը, 2. ծննդյան կամ զատկի նավակատիք», խթնել // թաթախվէլ՝ «զատկի երեկոյան պահքը ավարտել և յուղով կերակուր ուտել» և այլն։

բ) Բարդ և բաղադրյալ բառեր. հոգեվարք, ադամորդի, հարսնատես, տէրտէրակին, մէռոնաջուր, մատաղերէ՝, օղորմաթաս, լուսահոգի, մեռլաջուր, մեռլատուն, մուղնուխտ՝ «Մուղնու ս. Գևորգի տոնը», աստղափուշ՝ «փուշ, որից հյուսված էր Քրիստոսի փշե պսակը», աբեղաճաշ՝ «սխտորով, ընկույզով և ջրով պատրաստված կերակրատեսակ՝ կուսակրոնների համար», զատկափայ՝ «զատիկին հարազատներին իբրև բաժին ուղարկվող ուտեստ», երեսքաշ՝ «ննջեցյալի վրա փռվող կտոր», հորթաթող՝ «հիսնական պահոց շաբաթ օրը, երբ ցրտերի պատճառով հորթերը դուրս չեն թողնում», լուսարար ՝ «եկեղեցու ներքին բարեզարդության վերակացու□, լուսարարություն՝ «եկեղեցու վերակացություն», պասակեր՝ «պաս օրերին ուտյաց կերակուր ուտող», պաշտումահաց՝ «հոգեհաց», դուռբռնեք՝ «գումար, որ կնքահայրը տալիս է հարսի՝ դուռը բռնած եղբորը», բերանբացեք՝ «ծննդյան կամ զատկի խթման երեկոյին ձու ուտելով պահքը լուծելը», բերանփակեք՝ «բուն բարեկենդանի կիրակի երեկոյան գերդաստանի մեծի օրհնությունն ստանալը և բերանները փակելով՝ մեծ պահքը դիմավորելը», Ծաղկէվանք՝ «Արայի լեռան լանջին գտնվող սրբավայր, ուր համբարձմանն ուխտ են գնում», կենտապաս՝ «շաբաթապահք», հրեշտակամորթ՝ «հիվանդ անասունին մորթելը», մատաղաբաժին՝ «զատկի մատաղից բաժին ստացող ընտանիք», մեռոնէփէք՝ «մեռոնի օրհնություն», բազկաթան՝ «թանով և բազուկի կոթերով պահոց կերակուր□, պասբարև՝ «մեծ պահոց առաջին երկուշաբթի օրը աներաց տուն գնալը և պահքը շնորհավորելը», պասէքթան՝ «զատկական թանապուր», պասշնորհավորէք՝ «մեծ պահոց երկուշաբթի օրը միմյանց շնորհավորելը», աղաբլիթ՝ «սուրբ Սարգսի տոնի բլիթ» և այլն։

գ) Բայական և արմատի կրկնությամբ կազմված հարադրություններ. ծաղիկ գովել՝ «համբարձման երգ երգել»(Համբարձման նախընթաց օրը աղջիկները դաշտերից ծաղիկներ են բերում և ջրով լի մի պուլիկի մեջ յուրաքանչյուրը մի իր է գցում, որը  պահում են ծաղիկների հետ և հսկում, որ տղաները չգողանան։ Համբարձման տոնին հավաքվում և  երգում են «Ջա՜ն գյուլում, ջա՜ն, ջա՜ն, Ջա՜ն ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն»։ Ամեն մի տունը երգելուց հետո մի երեխայի ձեռքով պուլիկից հանել են տալիս  որևէ իր և երգի բառերի համապատասխանությունից որոշում այդ առարկայի տիրոջ ապագան։), հոգին քաղվել՝ «տանջվել», մեռոնահան անել՝ «մկրտությունից հետո երեխային լողացնել», մոմ շինել՝ «դաստիարակել», մեծ պաս շինել՝ «ձգձգել», պասահան անել՝ «մեծ պահքի երկուշաբթի առավոտյան ուտյաց կերակուր քսված կաթսաները լվանալ», պասբերան մնալ՝ «կաթնեղենից և մսեղենից զուրկ մնալ», պասը խոռել՝ «պասը լուծել», սկում անել՝ «պատարագ անել», աշխարհ գալ՝ «պատարագիչ քահանան սեղանից իջնել և ժողովրդի մեջ խնկարկելով շրջել», հարսանիք ուտել՝ «հարսանիքի մասնակցել», հարսանիքը նստել՝ «հարսանիքը սկսվել», մատանիքը փոխել՝ «պսակվել», սուրբ-սուրբ անել՝ «հարգել», սաղմոս քաղել՝ «սաղմոս ասել, աթողել», օրենք առնել՝ «հաղորդվել», յոթը տալ՝ «թաղման 7-րդ օրը ննջեցյալի գերեզմանն օրհնել տալ», սգահան անել՝ «ննջեցյալի ընտանիքի անդամներին եկեղեցի տանելով՝ մխիթարել», քառսնքահան անել՝ «40 օրից հետո ծննդկանին և երեխային եկեղեցի տանել և աղոթք ասել տալ», հաս ու չհաս // հաս չհաս՝ «թույլատրելի և ոչ թույլատրելի ամուսնություն» և այլն։

Կրոնաեկեղեցական բառապաշարը հանդես է բերում իմաստաբանական հետաքրքիր իրողություններ, որոնք հնարավորություն են տալիս այն դասակարգելու ըստ իմաստային խմբերի և իմաստափոխական տարբեր դրսևորումների։

ա) Փոխանունություն և համըմբռնում, բառիմաստի նեղացում և մասնավորում, փոխաբերացում. սևագլուխ՝ «վարդապետ, աբեղա» կամ ընդհանրապես «կրոնավոր, հոգևորական», քուրա՝ «գեհեն», աստվածածին՝ «վերափոխման տոնը», տէրօղօրմյա՝ «համրիչ», տաճար // խօրան՝՝ «1. եկեղեցի, 2. հոգեհարազատ վայր», որից խորանդուռ՝ «ժամի դուռ», մեռելահարույց՝ «մակդիր ս. Ավետարանի», աստծու խորան // աստծու տաճար՝ «եկեղեցի», ծուխ՝ «քահանային հովվությանը հանձնված ընտանիք», վախճանվէլ՝ «մեռնել» (ասվում է միայն կրոնավորների մասին), վարպետ՝ «մայրապետ, կույս», փոքրավոր՝ «եկեղեցական ծեսի ժամանակ հոգևորականին օգնող երիտասարդ սպասավոր», օրենք՝ «սուրբ հաղորդություն», մասնավորվիլ // մասվիլ՝ «սուրբ հաղորդություն ընդունել», թուրք՝ «անհավատ», համեցեքավոր՝ «հարսանիքի հրավիրված անձ, նաև խնջույքի հրավիրող», ծաղկաքաղ՝ «համբարձման տոնին վիճակի համար ծաղիկ քաղելու արարողությունը», աստված՝ «1. ամենակարող, 2. շատ սիրելի», վանք՝ «շատ հարուստ վայր», հըրէշտակ՝ «ազնվամիտ», մէռօն, լիճք՝ «40 մանկանց տոնի լուսավառություն» (Այդ օրը  40 մանկանց թվով փայտերից յուրաքանչյուրի մեջ պատրույգ են անցկացնում, վառում են  և  գցում ձեթ ու  ջրով լցված տաշտի մեջ), աղվես՝ «սպառազեն ձիավոր, որին ուղարկում են հարսնածուների գալուստը ազդարարելու համար», օրէնքէլ՝ «մկրտել», աթոռ՝ «վարդավառի, աստվածածնի և սուրբ խաչի պասերի նախընթաց շաբաթը, երբ կանայք են պաս պահում», փոխ՝ «պահք, որ պահում են կանայք օրինական պասերից մի շաբաթ առաջ», բաժակ // բաժակացու // բաժկի՝ «սուրբ հաղորդության գինի», սուրբ Հակոբա ղուշ՝ «սարյակի մեծությամբ սև թռչուն», սև քար՝ «կրոնավորների մենաստան», սև քարի մալ՝ «վանքապատկան ապրանք կամ տարածք» (Մահմեդականների նշանավոր ուխտատեղիներից է Մեքքայի տաճարը՝ Քյաբը։ Այդ սրբավայրում է պահվում  մահմեդականների երկրպագության առարկան՝ սև քարը, որը նամազի ժամանակ դրվում է աչքի առաջ և հիշեցնում է Քաաբու սև քարը) և այլն։

բ) Բավականին մեծ թիվ են կազմում դարձվածքները և դարձվածային արտահայտությունները, պատկերավոր մտածողության արգասիք բառակապակցությունները և նկարագրական եղանակով կազմված ձևերը, որոնց հիմքում ընկած է փոխաբերացումը՝ վէրնէրի տէր // երկնային թագավոր, պաշտօն պատարագ, խըթման իրիգուն, մեղքի պարկ, հոգևոր տէր, ասանից խնդրել՝ «աստծուց խնդրել», ավետիս ման գալ՝ «1. ծննդյան գիշերը, խորհուրդ մեծ և սքանչելի երգելով, տնետուն շրջելով, տոնը շնորհավորել, փոխարենը նվեր ստանալու ակնկալիքով», օրհնության հող՝ «սրբի գերեզմանից վերցված հող», ադամպուպուզ տեսնել՝ «շատ ծեր լինել», մեկի արևը օրհնել՝ «մեկին երկար կյանք ցանկանալ», մազե կամուրջ՝ «բարակ, մազանման կամուրջ, որը պիտի կարողանան հաղթահարել միայն արդար հոգիները՝ դրախտ գնալու համար», սուտ ճգնավոր՝ «սրիկա», սասման ժամ՝ «ցասումից ազատվելու համար մատուցված պատարագ», տիրամոր յարա՝ «սիֆիլիսից առաջացած վերք», տիրամոր քամի՝ «հոդացավ», Մարիամա բանջար՝ «թելուկ», մէրը մանուկն ուրանալ՝ «դժնդակ պատահարների մեջ հայտնվող», յուղաբերի մոմ՝ «կարդացվող Ավետարանի մոտ բռնած հաստ մոմ», արև արքայություն՝ «ձմռան արևային օր», բաբելական կրակ՝ «1. կրակ, որի մեջ գցեցին բաբելացի 3 մանուկներին, 2. անհանգիստ երեխա», Լուսավորչի քամի՝ «ամռանը կեսօրվա տապից հետո փչող սաստիկ քամի», հավուր դատաստանի՝ «մինչև վերջին դատաստանը, ցմահ», թաթախման գիշեր // թաթախման իրիկուն՝ «ծննդյան և զատկի ճրագալույցի երեկոն և գիշերը», հորթաթողի պաս՝ «նոյեմբերի վերջի հիսնակաց պահք», նախրաթողի պաս՝ «սուրբ Հակոբի պահքը, որ սկսվում է դեկտեմբերի սկզբին», թաթախում բաքսուն՝ «նավակատիքին պասը լուծելը», օրուսպու կորկոտ՝ «պահոց կերակրատեսակ□, Ավետարանի կողքին գրած՝ «ստույգ», Քյաբ ու Ղուռանով օրթում ուտել՝ «ուժգին երդվել», հոգու հետ կռիվ տալ՝ «հոգեվարքի ժամանակ տանջվել», հրեշտակը գլխին պտիտ գալ՝ «հոգեվարքի մեջ կամ հյուծված լինել», բահաղու էշ՝ «աստվածաշնչյան Բահաղու էշը, որը, հրեշտակ տեսնելով, խոսեց իր տիրոջ հետ», սադայելյան փող՝ «աշխարհի կործանումն ազդարարող փող», գաբրիելյան փող՝ «փող, որը վերջին դատաստանի օրը պետք է հնչեցնի Գաբրիել հրեշտակը», Հուդի չարչարանք տալ՝ «սաստիկ տանջել», սաբեկյան ոչխար՝ «աստվածային պարգև, Աստված սաբեկյան ոչխարը տվեց Աբրահամին՝ Իսահակի փոխարեն զոհելու համար», երեսին մեռոն չկա՝ «ամոթ, պատկառանք չունի», քարափներովը շուռ տալ՝ «անխնա փող ծախսել», նավասա՛րդվա օր՝ «նոր տարի», և այլն։

Վերը նշված արտահայտություններից կարելի է առանձնացնել օրհնություններն ու բարեմաղթանքները, անեծքները, առածներն ու ասացվածքները, երդման արտահայտությունները. ա) երդում. Հախ միայն տերը։ Մոմ վառի անցնեմ։ Բաժկին վկայ, որ սուտ չեմ ասում։ Արենկոլոլ գեղարդը վկա։ Ես իմ հոգին։ Ես ու իմ հոգին։ բ) բարեմաղթություն. Աստված հեռու տանի։ Ողորմի՜ նրա կողքին մեռելներին։ Հրեշտակաց դասը դասակվիս։ գ) անեծք. Աստծու բաբելական կրակը թափի գլխիդ։ դ) ասացվածք. Լնգլնգան ուրբաթ, կիսամեռ շաբաթ, ջանջան կիրակի։ Աղն ա կերել մատաղը («հանուն բարեկամության՝ մեկի վատ արարքները հանդուրժել»), ե) առած. Էքուց ոչ էլօր մեծ պասը ոտները էրթկիցը ճոլոլակ կանի։

Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կրոնաեկեղեցական բառապաշարում քանակային առավելությամբ աչքի են ընկնում աստված, խաչ, ժամ, սատանա, շաբաթվա օր, եկեղեցուն կամ քահանային տրվող պարգև նշող բառերը և դրանցով կազմված բառաբարդումները, դարձվածքներն ու դարձվածային արտահայտությունները, որոնք հանդես են գալիս վերը նշված իմաստափոխակներով։

ա) Աստված. անաստված, աստուծո գառ, աստծու սիրուն՝, աստված վկա, աստըծով մխիթարվես, աստված աստվածից անէլ (կանչել), աստծու չօքէրից կախվէլ, աստծու պարտքը կատարէլ, աստծու փէշէրը (փէշը) կըտըրտէլ, աստված էն հավը չխոսացնի՝ «աստված չանի», աստծու ձեռի թաշկինակ՝ «ազնվամիտ» և այլն։

բ) Խաչ. խաչախպէր՝ «փեսային ընկերակցող երիտասարդ, որը պսակադրության ժամա նակ կանգնում է կնքահոր կողքին և պատվում է հարս նևորներին□, խաչագող՝ «սուտ բարեպաշտ ձևանալով՝ սրբությունները գողացող, խաբեբա», խաչքավոր՝ «երկուստեք կնքահայրեր», խաչաթոռ՝ «խաչի քարե կամ փայտե խնձորաձև պատվանդան», խաչապան՝ «խաչի պահապան», խաչի քավոր՝ «ջրօրհնեքին ջրից հանած խաչը բռնող, որը եկեղեցուն դրամական նվեր է տալիս», խաչկալ՝ «եկեղեցու վեմ քարի վրա շինած կառույց», խաչով խաչվել՝ «մի բան մեկի ձեռքով անհայտանալ», խաչփառ // խաչալամ՝ «խաչաձև ձողի վրա քառանկյուն կտավ՝ վրան արծաթից ձուլած կամ նկարած տերունական պատկեր, որը գործածում են եկեղեցական հանդեսների ժամանակ», խաչքար՝ «նշանավոր վայրերում դրվող, վրան խաչ քանդակված երկարավուն քար կամ շիրմաքար», խաչափունջ՝ «ցորենի արտը քաղելուց հետո խաչաձև փնջած հասկի կապ, որը նվիրում են արտատիրոջը՝ նրանից որպես ընծա միրգ ստանալու համար» (Այս սովորույթը հատուկ է նաև այգիները մշակելուն. այգամշակությունը ավարտելուց հետո միրգ են բերում և  երեկոյան խնջույք կազմակերպում, որն անվանում են խաչփունջ («Սոս և Վարդիթեր», 1887, էջ 83, ծանոթությունը), երեսին խաչ քաշել՝ «խաչակնքել», ո՞ր խաչիցն ա՝ «ո՞վ կսպասեր» և այլն։

գ) Ժամ. ժամեժամք՝՝ «ժամերգության պահ, ճրագալույց», ժամասաց, ժամասացություն // ժամերգություն, ժամասեր, ժամատուն՝ «տուն, որի ննջեցյալի համար պատարագ է մատուցվում, որտեղ տրվում է ժամահաց», ժամվոր // ժամավոր, ժամատեղ, ժամակոչ // ժամկոչ // ժամահար // ժամհար՝ «եկեղեցու սպասավոր», Կոշա ժամհար՝ «արհամարհելի մարդ», ժամաշապիկ՝ «երկար շապիկ, որ հագնում են եկեղեցում սպասավորություն կատարելիս», ժամ անել // ժամ ընել՝ «1. եկեղեցում ժամասացություն, պաշտոն-պատարագ կատարել, 2. ննջեցյալի հոգու համար հոգեհաց և պատարագ անել տալ», ժամը կանգնել՝ «ժամերգությունը սկսվել», ժամ ասել՝ «ժամերգություն կատարել», ժամը դուս գալ՝ «ժամերգությունը ավարտվել» և այլն։

դ) Սատանա բառով կազմվածներն ունեն բացասական իմաստ և բնորոշում են խարդախ, ճարպիկ, կռվազան մարդկանց՝ սատանական, սատանախաբ, սատանի ճուտ, սատանի ծնունդ, սատանի պոչ, սատանից յոթ օր առաջ ծնված, սատանայություն անող, սատանին շապիկ կարող, սատանեքաց ալանի սպասին աղ անող, սև սատանա, փորը սատանա մտած և այլն։ Սատանա բառի հոմանիշներով կազմված բառերն ու արտահայտություններն են. դ՚էվ, չար, չարք, սադայել // սաթայէլ, գրող, նեռ, ալքու կոխած, չարօցք՝ «սատանայից ստացած հիվանդություն» և այլն:

ե) Շաբաթվա օր նշող բառերով կազմված արտահայտություններ. Կարմիր կիրակի՝ «զատկի երրորդ կիրակին», մկան կիրակի՝ «մեծ պասի առաջին երկուշաբթի օրը, որը նշվում է մկներից տունը և արտերը պահպանելու համար», ախար-կիրակի // ախառ կիրակի՝ «զատկի կիրակի», Հուդի ուրբաթ // լնգլնգան ուրբաթ՝ «ավագ շաբաթվա ուրբաթ օրը», չիք // չիք չորեքշաբթի՝ «ավագ չորեքշաբթի օրը» (Համաձայն հին հավատալիքի՝ այս օրը վաղ առավոտյան երկու քար են վերցնում և միմյանց հարվածելով՝ ասում. «Աղամ, աղամ, մուկն աղամ, կարիճն աղամ, լուն աղամ…»: Բոլոր վնասակար անասուններն ու միջատները թվարկելով՝ հույս են փայփայում, որ  նրանց հասցրած վնասներից պիտի զերծ մնան), կատաղած շան կիրակի՝ «մեծ պասի առաջին երեքշաբթի օրը, որը նշվում է կատաղած շներից պաշտպանվելու համար», կատվի կիրակի՝ «մեծ պահքի առաջին հինգշաբթի օրը, որը նշվում է, որպեսզի կատուները ամաններին չմոտենան», օձի կիրակի՝ «մեծ պահքի առաջին շաբաթվա ուրբաթ օրը, որը նշում են, որպեսզի օձերը չխայթեն», թալալոսի կիրակի՝ «մեծ պասի առաջին շաբաթ օրը, որը նշվում է, որպեսզի կաթնակեր մանուկները լալիս չթալկանան, չուշաթափվեն» («Շաբաթ օրը՝ Թէոդորոս զօրավարի տօնին թալալոսի կիրակի են պահում, որ իրանց մանկահասակ զաւակները չը «թալցնեն», այսինքն՝ չնուաղին և ուշագնաց լինին» (Էմ. ազգ. ժող. Ա 267), ծակամտի շաբաթ՝ «Լուսավորչի մուտն ի վիրապ կամ մեծի պահոց հինգերորդ շաբաթ օրը» և այլն։

զ) Եկեղեցու բարեզարդության համար գանձանակի մեջ գցվող, պատարագիչ կամ ծիսակատար քահանային տրվող պարգև նշող ձևաիմաստային միավորներ. աջհամբույր, խաչահամ բույր // խաչհամբույր, ժամոց // ժամուց, հիշելիք, պաշտումեց, պսակադրամ, սրբադրամ, ժողովարար // ժողովքարար՝ «վանքի համար գումար հավաքող անձը», ժողովարարություն՝ «սրբավայրերի համար հանգանակություն կատարելը», դարպաս՝ «վանքի դարպասները բանալու տուրք», լուսագին // լուսգին՝ «ձեթի կամ մոմի համար տրվող դրամ», ծաղկամայր՝ «խաչաձև փնջած ծաղիկ, որ համբարձման տոնի օրը նվիրում են եկեղեցուն», կալամաս՝ «կալից քահանային տրված բաժինը, իբրև ողորմություն աղքատներին տրված հացահատիկ» և այլն:

Կրոնական բառապաշարում իմաստային դաշտով միավորվում են քրիստոնեական հավատքով չհիմանավորված, կրոնական նախապաշարմներով ու սնոտիապաշտությամբ պայմանավորված բառերն ու արտահայտությունները. հրեշտակակոխ՝ «հիվանդ, որը հոգեառ հրեշտակից զարզանդելով՝ մեռնում է, և անձ, որը հրեշտակակոխ ննջեցյալից վախենալով՝ հիվանդանում է», աճուճ- պաճուճ՝ «առասպելական էակներ, որոնք աշխարհի վախճանին երևան են գալու Կովկասյան լեռներից»(«Գաբրիէլեան փողը փչէր… աճուճ պաճուճը, Եղիա մարգարէն գային» (ԽԱ, Երկեր, 206, 124), բթիկ՝ «կախարդական գիր», բթիկ անել՝ «կախարդական գիր գրել», գարի գցել՝ «գարիով հմայություն կատարել», մոմ հալել // մոմ թափել՝ «մոմով վախը բժշկել»(Գուշակը հիվանդին պառկեցնում է անկողնու վրա և դնում նրա կրծքին մի քերեղան լիքը ջրով։ Ապա շիկացած խմորի ակիշը բռնելով մարմնի վրա՝ թափում է ակիշի վրա  պատարագի ժամանակ վառված մոմ, որը հալվելով ծորում է ակիշի եզերքներից ամանի մեջ և կանգնում ջրի երեսին։ Թափված մոմը եթե նման է շան, գայլի, օձի, կատվի կամ ալեկոծ գետի, դա  նշան է, որ վախեցել է այդ կենդանուց), սողոմոնի՝ «կախարդների դյութության գիրք», շվոտ (Շվոտը իբր տներում հայտնվում է փետրվարի վերջին, որին տանից հալածելու համար վերցնում են հին շորեր, մորթի, փայտեր և տան կամ գոմի պատերին զարկելով՝ ասում են՝ «Շվոտը դուրս, մարտը՝ ներս»)՝ «չար ոգի» քաջք՝ «ոգի, փերի», քառասունքակոխ՝ (Քառասունքակոխից ազատվելու համար Տյառնընդառաջի երեկոյան փեսան  և հարսը երեք անգամ պտտվում են  խարույկի շուրջը) «հարսանիքի ժամանակ խաչեղբոր և փեսայի մեջտեղով մեկի անցնելը, որի պատճառով հարսը մնում է անզավակ», քառսնքակոխ //քառսունքակոխ լինել՝ «40 օրը չլրացած երեխայի մոտ տղամարդ գալ, որի պատճառով երեխան քառսունքակոխ է լինում, հիվանդանում, անգամ մահանում» և այլն։

Գտնվելով պարսկերենի, թուրքերենի, արաբերենի և այլ լեզուների լեզվական փոխազդեցության ոլորտում՝ կրոնաեկեղեցական բարբառային բառապաշարը ներառել է մի շարք օտարաբանություններ։ Դրանք հիմնականում մահմեդականությունից հայ քրիստոնյաների բառապաշարին անցած բառերն են, ինչպես Ֆ. Խլղաթյանն է անվա նում, իսլամաբանությունները։ Քանի որ մահմեդականությունը արաբերենով է տարածվել, ուստի այդ բառերի գերակշիռ մասը արաբական փոխառություն է, որոնց զգալի մասը բարբառներից անցել է գրական լեզվին՝ ընդգրկվելով հայերենի բացատրական բառարաններում։

ա) Արաբերեն. մօլլա, քյալբալա՝ «Արաբիայի Քյալբալա քաղաք՝ Հուսեինի գերազմանին ուխտ գնացած մահմեդական», նալաթ // նալլաթ՝ «անեծք», ալլահ, վալլահ // վալլախա՝ «աստված վկա», ալլահվերդի // ալլահ վերդի՝ «աստված տվեց, աստված տա, շնորհ արա», յալահ՝ «յա Ալլահ» (քաջալերական բացականչություն), չախսե վախսե // չախսեվախսե՝ «մահմեդականների կրոնական թափորը և ծիսակատարությունը», շէխ // իմամ՝ «մահմեդական առաջնորդ», իման՝ «հավատ, դավանություն», նաշ՝ «մեռելը գերեզմանատուն տանելու պատգարակ», կուբա՝ «գմբեթ», մուսուրման՝ «մահմեդական», նասրանի՝ «նազովրեցի, քրիստոնյա», ջհանդամ // ջանդամ // ջայնամ՝ «գեհեն», ջաննաթ՝ «դրախտ», հաջի՝ «Մեքքա ուխտ գնացած մահմեդական», մուխսի // մղդսի՝ «Երուսաղեմի ուխտավոր, որը թևին նշան ունի», ղուրբան՝ «զոհ, մատաղ», ռահմ «գութ, ողորմություն», ղադի՝ «մահմեդական կրոնավոր, որ կատարում է նաև դատավարություն», սադադ՝ «ողորմություն, շնորհ», ազիզ՝ «սուրբ, տոնական», նամազ // ազան՝ «մինարեի գլխից մոլլայի կարդացած աղոթքը», ազան տալ՝՝ «աղոթել», մզկիթ, մինարա՝ «մզկիթին հարակից աշտարակ, որի վրայից մուեզինը աղոթք է կարդում», սեյիդ // մյուֆթի՝ «մահմեդական կրոնապետ», մուշտեիդ՝ «մահմեդական բարձրաստիճան կրոնավոր»։ Բարձրաստիճան այս կրոնավորն ունի իր հետևորդները, աշակերտները, որոնց կոչում են մյուրիդ։ Կարելի է ասել, որ մյուրիդ-ը մյուդիր՝ «վերատեսուչ, հսկիչ» բառի դրափոխված հնչատարբերակն է։ Մհառլամ՝ «մահմեդականների սուրբ ամիսը, երբ ծոմ են պահում» (Առկա է իմաստային շփոթություն, բուն իմաստն է՝ «սրբերի սգի օր»։ Կամ Խ. Աբովյանի բառարանի հեղինակն է թյուրըմբռնման հետևանքով սխալ մեկնաբանել, կամ Քանաքեռի խոսվածքում տեղի է ունեցել իմաստափոխություն՝ թյուրըմբռնման հետևանքով։ Ակնհայտորեն առկա է շփոթությունը ռամազանի հետ)։ Ռամազան՝ «մահմեդականների ամանորը, ցերեկային ծոմը լուսնի 9-րդ ամսին»: բ) Պարսկերեն. ախունդ, խալիֆ // խալիֆա՝ «Մահմեդի հաջորդ, մահմեդական աշխարհիկ պետ», փեղամբար՝ «մարգարե, առաքյալ», դարվէշ // դավրիշ՝ «մահմեդական թափառական կրոնավոր», ֆակիր՝ «հնդիկ դերվիշ», ջան գյուլում՝ «համբարձման տոնի ծաղկագովքի երգ□, նօվրուզ՝ բառացի «նոր օր»։ Նովրուզը պարսիկների Նոր տարին է։ Բառիմաստի լայնացմամբ տոնը վերագրված է բոլոր մահմեդականներին, հավանաբար առավելապես թուրքերին։ Առկա է իմաստափոխություն թյուրըմբռնման հետևանքով կամ նմանության զուգորդությամբ։ Մեհրաբ՝ «հեթանոսական տաճարի, հետագայում նաև մզկիթի ավագ սեղանը, կամարակապ որմնախորշը, որտեղ աղոթում են իմամը, իշխանավորներն ու երկրի ավագանին»։ գ) Թուրքերեն. ալլահ սախլասն՝ «1. աստված պահի, 2. ողջույն», դվաչի՝ «աղոթարար», լա՛՛՛մուկ՝ «մահմեդականի տղա», ղզլբաշ՝ բառացի՝ «կարմիր» (Սյուննի մահմեդականները անվանում են շիաներին, հատկապես պարսիկներին), իմանսըզ՝ «անհավատ», գյօռնափըշտիկ՝ «մահմեդականի ուրվական», գյորխանա՝ «գերեզմանոց», գյոռբեգյոռ՝ «դժոխական, սատանայի բաժին», շաֆաղաթ՝ «ապաշխարանք, շնորհ, թողություն», քոռփա՝ «անկնունք», բայրամ // մհառլամ բայրամ // նօվրուզ բայրամի՝ «նոր տարի»։ Կուրբան բայրամի օրը ուխտավորաբար գնում են Մեքքա, ոչխար են զոհաբերում, որը խորհրդանշում է նաև Աբրահամի՝ Իսահակին զոհաբերելը: դ) Հունարեն. մարշալ՝ «հարսանիքի թամադա»։ ե) Լատիներեն. մոնթ, պաստոր՝ «բողոքական քահանա»։ զ) Ասորերեն գուբ և այլն։

Ծածկալեզվի բառեր

Քրիստոնյա հայերը մահմեդականների հետ շփվելիս երբեմն գործածել են ծածկալեզվյան բառեր և շրջասություններ։ Ծածկալեզվի բառերի ընդհանուր դիտարկումից պարզվում է, որ դրանք հիմնականում վերաբերում են մահմեդականության սպասավորների արտահագուստին և մեծ մասամբ կերտված են կարմիր, կապույտ, սպիտակ, կանաչ գունանուններով։

Երևանի խոսվածքում գլուխը կապույտ կտորով փաթաթած մահմեդական կրոնավորը՝ սեյիտը, կոչվում էր կապտագլուխ: Ինչպես հայտնի է, մահմեդականների գլխի փաթթոցները լինում են կանաչ, սև և սպիտակ, և այս գույներն ունեն համապատասխան մեկնաբանություն և կրոնական խորհուրդ։ Մահմեդականները կապույտ գլխափաթթոց չեն կրում։ Կարծում ենք, իմաստային առնչություն կա Երևանի Կապույտ մզկիթի նույնագունակ գմբեթի հետ։ Երևանի ծածկալեզվին բնորոշ են նաև սպիտակագլուխ և կանաչագլուխ բառերը, որոնք հոմանիշ են կապտագլուխ բառին և մատնանշում են գլուխը սպիտակ կամ կանաչ փաթթոց կապած ախունդի կամ մոլլայի: Ծածկական կիրառություն ունի նաև մոլլա բառով կազմված մօլլի խօսք արտահայտությունը, որը նշանակում է □լավ խոսք, խելացի խոսք» (Տե՛ս Մալխասեանց Ստ.,  Հայերէն բացատրական բառարան, հ. 3, էջ 397). այն երբեմն կիրառվում է նաև հեգնաբար։

Երևանի խոսվածքի կրոնաեկեղեցական բառաշերտում հանդիպում են մի շարք բառեր և արտահայտություններ, որոնք երբեմն ունեն հայերեն+օտար լեզու բառակազմական կաղապար և որոշակի դժվարություն են ներկայացնում ծագումնաբանական, բառակազմական, իմաստային առնչակցության բացահայտման տեսակետից, հետևաբար և դասակարգման առումով։ Դրանք անշուշտ ժողովրդական մտածողության արգասիք են և ունեն ժողովրդական ստուգաբանությանը բնորոշ մեկնաբանություններ։

Ակլատիզ՝ «երդիկից կախված գլուխ սոխ, որի վրա Մեծ պասի յոթ շաբաթների թվով փետուր են խրում (երեքը սև, չորսը՝ ճերմակ), որոնք աստիճանաբար հանելով՝ ճշգրտում են զատկի օրը»։ Կիրաքաշի՝ (՞՞՞+քաշել) «թաշկինակ, որի ծայրերից բռնում են հարսն ու փեսան և գնում եկեղեցի»։ Կոսպանդ՝ (բանդ՞ պարսկերեն՝ «կապել») «կարմիր և կանաչ մատաքսե թաշկինակներ, որից առաջինը կապում են փեսայի կրծքին՝ աջ ուսի կողմից, քավորի տանը, ապա կապում են կանաչը աներոջ տանը՝ ձախ ուսի կողմից», որից էլ՝ կանաչ-կարմիրը կապել դարձվածքը կամ կանաչ կարմիրդ կապես օրհնությունը։ Մուճուր՝ «հարսանիքի գինին և պաշարը հսկող անձ, որին կարգում են Տաշտադրէք կոչված երեկոյից», մուճուրատուն՝ «այն սենյակը, որտեղ պահում են հարսանիքի գինին և պաշարը»։ Չարմըխէլ (չարությամբ+մեխել՞)՝ «Քրիստոսին խաչելը»: Թափուր՝ «Վարդավառի տոնին խնձոր խորովելու արարողությունը»։ Քէլէխ, ախառ՝ «զատկի մատաղ», անգանակ (անկ՞)՝ «կավե տաշտ, որի մեջ փոխինդ լցնելով՝ սուրբ Սարգսի տոնի գիշերը դնում են դուրս, որպեսզի սուրբ Սարգիսը ձիով անցնելիս սմբակների հետքը թողնի վրան»:

Այսպիսով, կարելի է ասել, որ Երևանի բարբառի կրոնաեկեղեցական բառապաշարը բավականին հարուստ է, հանդես է բերում հնչյունաբանական, բառակազմական, ծագումնաբանական, իմաստաբանական բազմազան և տարաբնույթ իրողություններ։

Հայկանուշ Մեսրոպյան
ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտ
Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us