Այրարատի տարազախումբը հայոց տարազի համատեքստում

Ս. Հ. ՊՈՂՈՍՅԱՆ

Հայոց տարազը ներկայացնում է ինքնատիպ, զուտ տեղական յուրահատկություններով և դրան զուգահեռ համահայկական ընդհանրություններով բնութագրվող տարազախմբերի մի ներդաշնակ ամբողջություն: Այդ շարքում առանձնանում է Այրարատի տարազախումբը:

Այրարատյան տարազախմբի տարածման շրջանակները բավականին ընդարձակ են, աշխարհագրական առումով այն ներառում է պատմական Այրարատ նահանգի շատ գավառներ: Բացի այդ, Այրարատի տարազախմբի մեջ մտնում է նաև թիֆլիսահայերի և պարսկահայերի տարազը` իհարկե, որոշակի փոփոխություններով հանդերձ (1):

Այրարատյան բազմաշերտ տարազախմբի ձևավորման և զարգացման գործում մեծ ազդեցություն է թողել նահանգի պատմական ճակատագիրը: Հնուց ի վեր Այրարատ աշխարհը հայ ժողովրդի քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոններից էր: Հայտնի է, որ այն բազմիցս պատերազմների թատերաբեմի է վերածվել ու ենթարկվել օտարերկրյա զավթիչների արշավանքներին ու ասպատակություններին: Դեռ 8-րդ դ. Այրարատի քաղաքներում բնակություն են հաստատում մեծ թվով արաբներ: 11-13-րդ դդ. «Գլուխ հայոց մեծացը» ենթարկվում է թուրք-սելջուկյան, մոնղոլ-թաթարական ասպատակիչ հարձակումներին, որոնց հետևանքով տարանցիկ առևտրական ճանապարհների հանգուցակետում գտնվող «դրախտային» և ամենաբերրի աշխարհը լուրջ ավերածություններ և կորուստներ է կրում (2):

Ավելի ուշ` 17-րդ դ. Այրարատյան դաշտը կռվախնձոր է դառնում Թուրքիայի և Պարսկաստանի միջև: Հենց այդ դարի սկզբներին էր, որ պարսից շահ Աբասը տեղահանելով Այրարատի բնակչության հոծ զանգվածներին գաղթեցնում է Պարսկաստան: Հետագայում Պարսկաստան գաղթեցված հազարավոր հայեր, որոնք իրենց հետ տարել և սրբորեն պահպանում էին կենցաղի և մշակույթի հնամենի շատ տարրեր, այդ թվում և տարազը, վերստին բնակություն են հաստատում իրենց բնօրրանում (3):

Միևնույն ժամանակ պարսիկները Արևմտյան Հայաստանի Վան, Մանազկերտ, Ալաշկերտ, Կարին, Բասեն, Խնուս քաղաքներից և գավառներից մեծ թվով բնակիչներ են բերում և բնակեցնում Այրարատում, որով և բազմաբնույթ է դառնում տեղի հայերի տարազային համալիրը. կողք-կողքի սկսում են գոյատևել տարբեր տարազաձևեր: Բացի այդ, հայտնի է, որ 18-րդ դ. 70-ական թթ. մեծ թվով հայեր Երևանից և շրջակա գյուղերից վրաց Հերակլ 2-րդ թագավորի կողմից գաղթեցվում են Թիֆլիս և այլ շրջաններ: 1804թ. Երևանից և Էջմիածնից հայերի մի նոր ալիք է գաղթում Վրաստան (4):

Հենց այս տեղաշարժերն էլ եղել են մեր կողմից դիտարկվող տարազախմբի այսչափ լայն սահմանների, մեծ տարածքի ընդգրկման հիմնական պատճառը: Բռնի արտագաղթերի հետ եղել են նաև բնակչության ներգաղթեր Արևմտյան Հայաստանի այլ շրջաններից. յուրաքանչյուրն էլ իր դրոշմն է թողել այս տարածքի մշակույթի և, մասնավորապես, տարազի առանց այդ էլ բարդ պատկերի վրա: Անկասկած, պատմական այս բոլոր անցքերը իրենց կնիքն ունեն տարազի առանձին համալիրների ձևավորման և հետագա զարգացման վրա: Այս առումով կարևորագույն խնդիր է այդ տարազաձևերի փոխառնչության և փոխազդեցության հարցերի պարզաբանումը: Նման բարդ իրավիճակում, երբ ստեղծվել է տարազի առանձին համալիրների մի ինքնատիպ խառնարան, անհրաժեշտ է տարանջատել տեղական, առավել հնամենի ու բնիկ տարրը, պարզել ներէթնիկ, ինչպես և միջէթնիկ փոխառությունների աստիճանը:

Այրարատի տարազի վերաբերյալ հնագիտական, մատենագրական ուղղակի կամ անուղղակի վկայություններն առանձնապես հարուստ չեն, սակայն դրանք համադրելով ու հարստացվելով արխիվային ազգագրական առկա նյութերով, առավել ամբողջական են բնորոշում այս տարազախմբի առանձնահատկությունները: Դեռևս Կարմիր բլուրի, Էրեբունիի պեղումներից գտնված որմնանկարները, արձանիկները արդեն իսկ որոշ պատկերացում են տալիս հագուստի հնագույն տարրերի մասին: Կարմիր բլուրից գտնվել են երեք տարբեր հյուսքով արված գործվածքների պատառիկներ (ԵՊԹ): Գործվածքի ածխացած կտորներ են հայտնաբերվել նաև Մեծամորի և Դվինի հնավայրի պեղումներից: Դվինի գեղարվեստական բարձրարվեստ արտադրանքի մասին հետաքրքիր տեղեկություններ կան միջնադարի արաբական աղբյուրներում: Այս քաղաքում արտադրում էին բրդյա հագուստներ, գոտիներ, բարձեր, բազմոցներ, քողեր և այլ առարկաներ: Ցավոք, ժամանակն արել է իր ավերիչ գործը և հայ պատմիչների բազմիցս հիշատակված նրբագեղ և բարձրարվեստ հանդերձանքի այդօրինակ հարստությունից ոչինչ չի պահպանվել, բացի Անիի պեղումներից գտնված մանկական մետաքսյա զգեստներից:

Հայոց տարազային համալիրն ունի կիրառական, գեղագիտական, սոցիալական, սեռատարիքային, ծիսահմայական և այլ գործառույթներ: Մարդուն պաշտպանելով ցրտից կամ շոգից՝ հագուստը կատարել է գործնական դեր, մարմինը զարդարելով՝ ձեռք է բերել գեղագիտական նշանակություն(5):

Հագուստների որակը մեծապես կախված է հագնողների սոցիալական դրությունից: Ունևոր խավերի տարազն իր հարստությամբ ու շքեղությամբ բավական զանազանվում էր աշխատավոր մարդկանց տարազից: Մեծ էր տարբերությունն իշխանավորների, պաշտոնյաների, զինվորականների և հոգևորականների տարազների միջև: Չպետք է մոռանալ նաև տարիքային գործոնը. անչափահաս տղաների ու աղջիկների համար կարվում էին այլ տիպի զգեստներ: Բնորոշ էր նաև տոնական և առօրյա հագուստների տարբերությունը: Աշխարհագրական պայմանները, եղանակն ու բնությունն իրենց կնիքն են դրել տարազի վրա(6):

Հայոց տարազի համակարգը կազմում են արևմտահայկական՝ Վասպուրական, Աղձնիք, Տուրուբերան, Բարձր Հայք, Շիրակ-Ջավախք, Տրապիզոն, Փոքր Հայք, Կիլիկիա և արևելահայկական՝ Այրարատ-Թիֆլիս-Պարսկահայք, Սյունիք-Արցախ, Գուգարք, Վայոց ձոր և այլ համալիրներ(7):

Արարատյան հովտի, Երևան քաղաքի բնակիչները կրել են միատեսակ տարազաձև, որին հատուկ էր մետաքսյա միագույն, երբեմն ծաղկանախշերով զգեստը: Երևանի կանանց տարազը Այրարատի տարազախմբի տարբերակներից է` ամենօրյա և տոնական համալիրներով, որն ընդգրկված էր արևելահայկական Այրարատ-Թիֆլիս համակարգում: Զգեստը ճոխ էր, հաճախ՝ նախշազարդ և ալիքավոր դարսերով: Այրարատի պատմազգագրական շրջանի կանանց տոնական տարազին հատուկ էր շրջազգեստի միագույն լինելը:

Շրջազգեստի վրայից կապում էին մետաքսյա գոտի, որի ծայրերին կցվում էին երկար ասեղնագործ ժապավեններ: Տոնական հագուստների հետ կապում էին նաև արծաթյա կամ ոսկյա գոտիներ: Ձմռանը վերնազգեստի վրայից հագնում էին մորթու շերտով երիզված վերարկու, որը չէր կոճկվում: Վերարկուն կարվել է մուգ կապույտ, կարմիր կամ կանաչ թավշյա կտորից և դրա ամբողջ եզերքը, թևքերն ասեղնագործվել են ոսկեթել ժապավեններով և եզերվել աղվեսի մորթով: Բնութագրական էին դաստակը ծածկող թևքերը:

Երևանցի կնոջ տարազի առանձնահատկություններից էին զգեստի թևքերի երկարությունը և ասեղնագործ գոտի-գոգնոցը, որը կապվում էր զգեստի վրայից և բուսանախշերով հարդարված կրծկալը: Գլխի հարդարանքը կազմում էին նուրբ ասեղնագործված եթերային, շղարշե քողը, թավշյա (որի կենտրոնում ամրացվում էր քորոց) և ոսկեշար ճակատնոցը, գյուղերում՝ քիթն ու բերանը ծածկող թաշկինակները: Երևանցի կնոջ տարազը թեև աչքի չէր ընկնում արդուզարդի առատությամբ, սակայն կտորեղենի և կարվածքի առումով խիստ դեկորատիվ էր:

Երևանում հայտնի վաճառական Հակոբ Խորասանյանի արխիվային լուսանկարից (լուսանկարը՝ Փեշտմալճյանի, 19-րդ դար) երևում է, որ հարուստ տղամարդիկ հագել են թանկարժեք կտորից արխալուղ, վրան կաշվե գոտի և դեկորատիվ երկար թևքերով և ղայթանե կոճակներով, եզրազարդված կապա: Կինը՝ Շամիրամը հագել է ծաղկանկար գոտի-գոգնոց, նմանատիպ կրծկալ, երևում են զգեստի փեշը և թևքերը: Վրայից կրում է հայտնի թավշե մուշտակը: Գլխին կրում է ճակատակալ՝ քորոցով, մազափնջերը ոլորված են և երևում են շղարշե քողի տակից: Մատներին կրում է քարով մատանիներ, ձեռքին բռնած ունի համրիչ: Լուսանկարիչ Դմիտրի Երմակովի 1880-ական թթ. արված լուսանկարում հայտնի վաճառական Լալայանը ներկայանում է տեղական տարազի ամբողջական համալիրով: Նա գլխին կրում է հարուստների մենաշնորհ, բարձրադիր բուխարի փափախ՝ որպես ունևոր տղամարդու կարևոր ցուցիչ: Երևում են արծաթե գոտի – կամարով գոտևորված արխալուղը՝ լայն թևերով և լայնափողք շալվարը: Վրայից հագել է դեկորատիվ թևքերով, ազդրերից ցած ձգվող տաք վերնազգեստ-կապան: Կրծքի ժամացույցը, ձախ ձեռքի համրիչը, աջ ձեռքով բռնած ձեռնափայտը և կաշվե ոտնամանը ցույց են տալիս տղամարդու բարձր սոցիալական կարգավիճակը: Գործարանատեր Ներսես Թաիրյանը ավանդական տարազով է՝ մետաքսյա արխալուղով, թևքերն ուսերին գցած աստառապատ վերնազգեստով, գոտկատեղում ամրացված գոտով և շղթայավոր ժամացույցով: Կինը՝ Ջահավիրը կրում է գլխի ավանդական հարդարանք և եվրոպական զգեստ:

Հարսանեկան զգեստը դեղնասպիտակավուն մետաքսյա կտորից է՝ թևքերը բացվածքով և եզրազարդված: Գոտի-գոգնոցը հարդարված է ոսկեթել ասեղնագործությամբ արված, ծաղկամանում տեղադրված ծաղկեփնջով և կենաց ծառի պատկերներով: Նման զարդանախշերով է հարդարված զգեստի բացվածքը ծածկող կրծկալը, որը հիշեցնում է նշերի շարան: Ճակատակալը ևս զարդարված է ոսկեթել բանվածքով: 20-րդ դարասկզբի հարսանցուի հագուստը կազմված է ձևավոր թևքերով, երկարափեշ, իրենից ծաղկանախշերով մետաքսյա զգեստից և ծաղկանախշերով ասեղնագործված կրծկալից և գոգնոցից: Կրում է զգեստի գույնի ասեղնագործ ճակատակալ և սպիտակ շղարշ, որի մի անկյունով ծածկված է պարանոցը: Քողի տակից երևում են դեմքը շրջանակող ոլորուն մազափնջերը:

Շատ ուշագրավ է ազնվատոհմիկ Մելիք-Աղամալյանների տոհմի ժառանգ մելիք Սահակի զգեստը, որով նա Թիֆլիսում ներկայացել է Նիկոլայ 1-ին ցարին: Դա մի հրաշալի համալիր է՝ սպիտակ երկարաթևք վերնաշապիկից և կարմիր երկարափեշ , ուսադիրներով և երկար թևքերի դարձակալերով, կրծքամասի փամփշտակալներով չուխայից և գոտուց ու դրանից կախված դաշույնով:

Կանայան քույրերը կրում են քաղաքային կենցաղում տարածում գտած զգեստներ՝ եվրոպական հագուստներով և գլխի ավանդական համալիրով: Վերջինս կազմված է ոլորուն մազափնջերից, ասեղնագործ ճակատակալից և սպիտակ, մինչև ուսերը հասնող քողից:

Երևան քաղաքի նշանավոր իրավաբաններից Ալեքսանդր Հասան-Ջալալյանը (լուսանկարիչ՝ Մ. Դադյանց, Երևան, 20-րդ դ. սկիզբ) կրում է երկբորտ, մետաղյա կոճակներով կանգուն օձիքով մունդիր: Քույրը կրում է եվրոպական երկմաս զգեստ:

Ուշագրավ են Մարտիրոս Սարյանի «Ալմաստ» օպերայի համար արված ժողովրդական տարազների էսքիզները: Շատ կարևոր են նաև Մինաս Ավետիսյանի «Գայանե» բալետի համար արված զգեստների էսքիզները:
Թիֆլիսի կանանց տարազը նման էր Երևանի տարազին: Այս տարազը հայերն են տեղափոխել Թիֆլիս, որն էլ իր ազդեցությունն է թողել տեղի տարազի վրա: Հետագայում տարազը ձեռքբերեց թիֆլիսյան քաղաքային մշակույթին հատուկ գծեր: Այս տարազի կարևոր հատկանիշներից է ասեղնագործությունը: Ասեղնագործ վարպետների հմտություններն ու բարձր վարպետությունը հատկապես ընդգծվում է թիֆլիսեցի կանանց գլխի հարդարանքում: Կանանց տարազը նրբագեղ էր՝ կարված առանձնակի շքեղությամբ: Տարազի հիմնական շեշտը դրվում էր կնոջ նեղ, սլացիկ իրանն ընդգծելու վրա: Փեշը լայն էր՝ կրկնակի բացվածքով: Զգեստի փեշի առաջամասը, լայն ու դաստակների շրջանում նեղացող թևքերը, թևքաբերանները և խոր լանջաբացվածքը կարվում էր այլ, հաճախ հակադիր երանգ ունեցող կտորից: Հագուստի հակադիր երանգ ունեցող կտորի կարվածքը եզերվում էր մարգարիտներով կամ ուլունքներով:

Ի. Շոպեն իր աշխատության մեջ(8) ներկայացնելով Հայկական մարզում դարավոր ակունքներ ունեցող արհեստների աղյուսակը, կարևոր տեղ է տվել հագուստ և ագանելիք արտադրող և դրա հետ կապված արհեստներին (մաշկակարություն, մուշտակագործություն, ներկարարություն, կաշեգործություն, դերձակություն և այլն): Այս շրջանի տարազի գյուղական տարբերակի վերաբերյալ հարուստ նյութ կա Խ. Աբովյանի «Վերքի» էջերում, ըստ որի հնարավոր է դառնում վերականգնել Քանաքեռում գործածված տարազի երբեմնի պատկերը, որը տարբերվում է քաղաքայինից(9): Հետաքրքիր տեղեկություններ, հանգամանալի նկարագրություններ կան ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ազգագրության բաժնի արխիվում պահվող Վ. Սադոյանի «Երևանի և շրջակա գյուղերի ազգագրությունը», Տ. Կարապետյանի «Երևանը 20-րդ դ. 1-ին 20-ամյակում» և «Հոկտեմբերյանի շրջանի Արմավիր գյուղի բնակչության տոհմագրությունը» գործերում, ուր բավական ընդարձակ ներկայացված է 19-րդ դ. և 20-րդ դ. սկզբների Երևանի տարազը, տարբեր սոցիալական խավերի տարազին բնորոշ առանձնահատկություններով հանդերձ(10):
Ի դեպ, հիշյալ տարազախմբի առանձին տարատեսակների վերաբերյալ ուշագրավ պատկերներ կան 18-րդ դ. պարսկական նաղաշների և մեծահամբավ Հովնաթանյան ընտանիքից սերող նկարիչների շատ կտավներում: Առաջինների բարձրարվեստ գործերում պատկերված կանայք կրում են քղանցքն ի վար ձգվող ասեղնագործ գոտիներ, որոնք հար և նման են Այրարատում գործածվածներին (մեր կարծիքով, դրանք Պարսկաստանի հայաբնակ շրջաններ և ապա նաև Թիֆլիս տեղափոխվել են մեկ բնօրրանից` Այրարատից): Հովնաթանյանների կտավներում պատկերված են թիֆլիսաբնակ հայուհիների նրբաճաշակ և ներդաշն տարազի օրինակներ, որոնք ըստ էության, ձևավորվելով Այրարատյան տարազի անմիջական ազդեցությամբ, պահպանել են բնիկ հայկական վաղեմի ձևերը` անշուշտ, կրելով որոշ փոփոխություններ:

Իր թիֆլիսյան գեղեցկուհուն նկարագրելիս Սայաթ Նովան գովերգել է նրան սազող թռչնազարդ բեհեզը, մեջքի ոսկե քամարը, հագի ոսկեթել գործվածքը, ալ զարն ու ղումաշը/ոսկե կերպաս/, ճակատի ոսկեթել ժապավենը: Նազելին հագել է զար-զարբաբըն ՝ ոսկեթել կարով մետաքս, ծիրանի բեհեզ: Ինքը հագել է մազեղեն և շալ ու աղերսում է սիրելին զար ՝ոսկի չհագնել, քանի որ ինքը զարից զարկված է: Դեռ Քիրմանում չեն գործել իր սիրելիին սազական շալ, ոսկե մատներին դրել է իրեն սազական լալ, հագել է ատլաս, մազերը ռեհան, կլապիտոն, հյուսերը՝ քաղցր օշարակ:

Նրան սազում են ալ ղումաշը, ոսկե ճակատակալը, անգին ակներով թագը և ոսկեթել զգեստը(11):

Այրարատի տարազախումբն առանձնանում է գույների, կտորատեսակների հիանալի համադրությամբ և տպավորիչ ձևավորմամբ: Այն ուներ քաղաքային և գյուղական տարբերակներ: Ընդ որում, վերջինս, որպես կանոն, առավել ավանդական էր ու հարազատ հնամենի տարազին և անհամեմատ ավելի երկար ժամանակ է կենցաղավարվել շրջանի գյուղական բնակավայրերում: Մինչդեռ քաղաքայինը մեծ փոփոխություններ է կրել, քանզի արդեն 19-րդ դարի վերջերին և ավելի մեծ չափով 20-րդ դարի սկզբներին քաղաքային բնակչության մի մասը (մտավորականությունը, պետական հիմնարկների ծառայողները, հարուստ խավի ներկայացուցիչները) զգեստավորվում էր եվրոպական ձևով:

Երևանում կանայք մազերն երկու հյուս են արել, մեջտեղը ճեղք անելով, հյուսքի ներքևում ևս փոքր հյուս՝ ճտեր: Ականջների մոտ մազափունջ են ոլորել և ճավլեր սարքել՝ շրջանակի մեջ առնելով դեմքը և ետևում կապել: Վրան դրել են 8-10սմ բարձ. ստվարաթղթից կամ շրեշված կտորից ճակատակալ կոտը՝ չիֆտին: Վրան ծաղկավոր կամ միագույն մետաքսե կտոր կամ չիթ են քաշել: Կոտի տակից կապել են սպիտակ կտորի վրա շարած ոսկիների

կապ՝ մեջտեղում խոշոր ոսկեդրամով: Չիֆտիի վրայից կապել են մի քանի տակ ծալած ճերմակ մարմաշե կտոր, որի տակից երևացել են ոսկեդրամները: Դրա վրայից կապել են քառակուսի, եռանկյունաձև ծալած կերպասե քթկալը: Վրայից կապել են գունավոր, ճերմակ կամ մուգ գույնի մետաքսե գլխաշոր, բաղդատի կամ շալ: Եռանկյուն ծալելով գցել են գլխին, քունքերի մոտ ծալք արել և գունավոր գլխիկով գնդասեղով ամրացրել, իսկ ծայրերը ծնոտի տակ կապել , երկու կողմից ծալք արել և գունավոր քորոցով ամրացրել: Հարսերի երեսին կարմիր, կանաչ, ոսկեգույն ծաղիկներով նշաձև նախշերով ասեղնագործված մետաքսե քող են գցել: Այն կրել են մինչև առաջին զավակը, կամ էլ՝ քավորը հատուկ նվերով երես-բացուկ է արել:

Աղջիկները կապել են մետաքսե բաղդադի՝ եռանկյուն ծալած կապել են ծնոտի տակ: Ձմռանը դրսում կրել են գլխանոց՝ բաշլըղ ոսկեթելով աշխատված, սրածայր և երկու երկար ծայրերով: Սրածայր մասը ասեղնագործել են ոսկեթելով, արծաթաթելով կամ քաթանե դերձանով: Երկու մասերը ևս բանվել են և 20-25 սմ երկար. մբ կախվել: Երկու ծայրերը վզի շուրջ դարձնելով՝ ծոծրակի վրա կապել են կամ էլ՝ ուսերի ետևում կախել:

Վզին կապել են շարոց՝ ղայթանի վրա շարած ոսկեդրամներ, վերևի մասում ոսկե գարեհատիկ ուլունքներ, մեջտեղում՝ խոշոր ոսկեդրամ: Կրել են ոսկի գարեհատիկ խոշոր ուլունքներ, ոսկե շղթայի վրա անցկացրած տափակ , շատ բարակ և փոքր նշաձև զարդեր: Կրել են նաև 8-10շարք մանր մարգարիտներից ոլորուն և ժապավենով կապած օլորի զարդը: Ընդունված էր նաև մարջանե վզնոցը: Երևանում հայտնի էին նաև ոսկե, գունավոր քարով, մարգարտով կամ ադամանդով ականջօղերը: Ապարանջանը ոսկյա էր, արծաթյա՝ քարերով կամ մարգարտով: Լինում էին նաև ոսկե դրամներով կամ ռուսական արծաթե դրամներով ապարանջաններ: Մատանիները քարերով էին կամ մարգարիտով: Նկատելի է, որ այս զարդահամալիրում կենսունակ է ոսկու և մարգարտի առատ կիրառության ավանդույթը: Չար աչքի դեն կրել են պողպատե տափակ մատանի կամ ապարանջան:

Շատ հարգի էր ոսկե ժամացույցը, որը դրսից է բերվել դարձել կրողի հպարտությունը և շրջապատի հետաքրքրության առարկան(12): Այն կրել են գոտու մեջ կամ աջ կրծքամասի փոքր գրպանում կամ էլ գնդասեղով ամրացրել են կրծքի ձախ մասում: Ձեռքերին բռնել են սև սաթի սադափի «Տերողորմյա» , իսկ ուղևորները՝ մարջանից, մարգարտե փյուսկուլով կամ ոսկե գնդիկներով: Ճերմակ քաթանից կամ կարմիր ղանաուզից շապիկը հասնում էր մինչև ծնկները, առանց մաջայի՝ լայն թևերով, առանց օձիքի, կուրծքը ճեղքվածքով, արծաթե և ապակե մեկ կոճակով: Թևերի բերանը, օձիքը, կրծքի բացվածքի շուրջը դրել են 1,5 սմ լայն ոսկե երիզ: Հասարակ կերպասների վրա դնում էին ճերմակ ղայթան կամ բաց կանաչ երիզ:

Քաթանից, կտավից և ղանաուզից վարտիքը շատ լայն էր, բյուզմա՝ փոթ քաշած, ծնկների հատվածում թել անցկացրած՝ գուլպայի մեջ դնելով : Լայնացնելու համար ձագ կամ ճուտ են դրել: Վերը փոթ արած էր, խոնջանը գունավոր՝ գործած մետաքսախառն բամբակից դերձաններով և ծաղկավոր չթից:

Աղջիկները նեղ և երկար վարտիքներ են հագել ՝ ծայրը քեշ-քեշ: Շապկի վրայից հագել են քաթանից կամ բամբակից , ձմռանը՝ ֆլանելից կամ բումազեից, իրանի վերնամասը գրկող ,անթև, առջևից կոճկվող կրծկալ(13):

Մինթանան ճերմակ կեպասից էր, փոթով հավաքված, առջևում՝ խոշոր գրպանով: Դրա տակից հագել են փոթով փեշ՝ նեղ գոտիով, ճափրաստով կամ կապով ամրացող:

Դեյրան երկար էր, ծաղկավոր՝ չթից, մետաքսից, շալից էր իրար միացրած՝ փոթով իրանը գրկած: Լինում էր վերի մասը առանձին, հագուստի վրա եկած, կարճ վալանով, 12-13 սմ լայնության: Լինում էր նաև չիթ, ծաղկավոր շալ, մետաքսե հագուստ՝ առաջը կոճկված՝ մինչև գոտին փոթով, պարանոցի շուրջը և առաջը՝ ծիփ-ծիփ՝ պլիսե: Ներքևում շիտակ էր կամ քեշ-քեշ դրած: Տարեցները ձմռանը դեյրայի տակից հագել են արխալուղ՝ մեջը բամբակած շեղանկյունաձև շուլալակարած]: Արխալուղը գրկում էր իրանը, առաջամասը ծնկներից ներքև բաց էր:

Զգեստի վրա կապել են արծաթե սևադով կամ զուգաթելով աշխատված քամար՝ ոսկե կամ արծաթե բաֆտայի վրա անցկացրած արծաթե ձողիկներ-խողովակներով: Դեյրայի վրայից ամառը ծոպավոր շալ են գցել՝ եռանկյունի ծալելով: Ձմռանը հագել են գոց կապույտ, սև, կանաչ մահուդից, մախմուրից՝ ուսերին փոթ արած: Առաջներում հագել են թավշե քուրք, նույն գույների կարպասից ուղիղ վերարկու , եզրերին մորթով, երկարությունը ծնկներից ցած: Օձիքի շուրջը ևս 15 սմ լայն արժեքավոր մորթի, նույնը՝ ավելի երկար՝ թևերին: Հագուստը կարել են ծանր մետաքսից, ոսկեգույն ծաղիկներով, ամեն գույնի: Օձիքին և թևաբերանին դրել են տյուլ: Տարեցները հագել են շալից կամ մահուդից, գոց գույների զգեստ, չունևորները՝ շալից, մեջը ոչխարի մորթի կամ ֆլանել դրած:

Առաջներում կանայք եկեղեցի գնալիս գլխներին գցել են մարմինը պարուրող սպիտակ քաթանից կամ մետաքսից չարսավ, իսկ երեսներին քաշել են սպիտակ, բարակ կերպասից աչքերի բարձրությամբ ցանցկեն յաշմաղ՝ պարսկական ազդեցությամբ: Տարեցները կապել են սև կամ սրճագույն գոգնոց: Ամռանը գունավոր, երկար ծոպով քիրմանի շալ են գործածել: Ագանելիքը կազմված էր տանը գործած սպիտակ գուլպայից: Աղջիկները և հարսները հագել են գունավոր և զարդարուն գուլպա: Ոտնամանը չուստն էր՝ առանց կրունկի, քիթը քիչ վեր ծռած՝ վառ կարմիր, կապույտ, կանաչ: Վրան ոսկեթել կամ ոսկե, արծաթե ղայթան դրած: Մաշիկը վեր դարձած, սուր քթով, բարձր կրունկներով, զանազան գույների և ոսկե թելերով էր բանված: Տանը գործածելու համար ոտնամանը պարզ քաթանով կամ ոսկե ղայթանով էր երիզված:

Գյուղական համալիրում գլխի հարդարանքը հետևյալ կառուցվածքն ուներ. մազերը մի քանի հյուս արած, ծայրերը ճուտ արած կամ գունավոր թելով կապած: Գլխներին կապել են պարզ, ծաղկավոր չիթ կամ նուրբ թաշկինակ-գլխաշոր՝ եռանկյունաձև, ծնոտի տակ անցկացված և այտերի մոտ ներս տարված: Բերանը ծածկել են քթկալով: Կամ էլ՝ գունավոր թաշկինակի մի ծայրը բերանի և քթի տակով բերելով՝ ծածկել են: Աղջիկները կամ հետ տարած , ծոծրակի վրա կախ են կապել կամ էլ՝ գլխի շուրջը՝ առաջամասում կապել: Հարուստ կանայք սև ղայթանի վրա շարած ոսկեշարոց են դրել: Լինում էր նաև մարջանով և արծաթե դրամներով տարբերակ: Թևերին կրել են արծաթե օղակ-բիլազուկ, շարած մարջան, ականջներին՝ արծաթե կամ ոսկե օղեր: Չունևորները կրել են մի շարք գույնզգույն ուլունքների շարաններ վզներին, ձեռքին: Կարմիր, կապույտ կամ կանաչ մեկ գույնով ուլունք են շարել և իբրև օղ կրել: Մատանին արծաթից էր կամ ոսկուց՝ փոքր քարով: Տարեցները կրել են երկաթե օղակ մատանի:

Երիտասարդները կրել են ճերմակ կամ գունավոր ծաղկավոր չթե շապիկ, բացվածքով, կուրծքը բացած, մեկ կոճակով ամրացվող: Թևերը բավական երկար էին և լայն, որոնք հագուստի թևերի վրա են ծալվել: Անութի տակից կարել են սև կամ կանաչ, եռանկյունաձև լաթե նեղ հմայիլ: Վարտիքը բավականին լայն էր, եռանկյունի փողքերով: Ձմռանը դրել են գուլպայի մեջ, ամռանը երևացել է հագուստների տակից: Տարեց կանայք հագել են կապույտ կամ կարմիր վարտիք, երիտասարդ հարսները՝ ներքևում թույլ փոթ արած: Աղջիկներինը կարվել է ծաղկավոր չթից:

Վերնազգեստը մինթանան էր , որը կարվել է միագույն կամ ծաղկավոր չթից, իրանը գրկած, առանց օձիքի, մինչև գոտին ապակե կոճակներով: Երիտասարդները կապել են արծաթե գոտի: Կրել են ետևում կապվող, ծաղկավոր չթից փոթով գոգնոց, իսկ տարեցները՝ կապույտ կտավից: Այն ծնկներից քիչ ներքև ձգվող, ուղիղ գոգնոց է՝ առանց գոտու մոտ կտրվածքի, կրծքամասով: Կապվել է պարանոցին և գոտկամասում: Գոգնոցի տակից մինթանի փեշերը բարձրացրել են, որպեսզի մինչև ծնկները լայն վարտիքը երևա: Զգեստի անութի տակ դրել են կապույտ կերպասի մեջ կարված հմայիլ: Ձմռանը մինթանի փոխարեն տարեցները հագել են բամբակով թակալակած արխալուղ՝ ծաղկավոր կտորից, միագույն աստառով: Երիտասարդները հագել են կարճ, աստառված, գոտուց քիչ ներքև ձգվող կուրտիկ՝ շուրջը երբեմն գունավոր ասեղնագործված:

Ամռանը բոբիկ էին, ձմռանը՝ բրդյա կամ բամբակյա ճերմակ կամ ծաղկավոր գուլպայով: Ձմռանը կրել են ծայրը սուր, կոշտ կաշվից, ցած կրունկով, տակը պայտ զարկած, հետևը բաց մաշիկ:

Տղամարդիկ մազերը կարճ են կտրել, երկար բեղեր պահել, փոքր մորուք, գլխին երկճյուղ փափախ, բուխարա մորթով: Տարեցներինը բարձր էր, գագաթը երկուսի բաժանված, իսկ երիտասարդներինը՝ ցածր, մեկ կողմից սեղմած: Շապիկը ճերմակ քաթանից էր, երկարությունը ազդրերի կեսից ցած, երկար և լայն, թևաբերանով թևերով: Օձիքը մեկ մատ լայնությամբ և մի քանի կոճակով ամրացված: Վարտիքը ճերմակ կտավից կամ ամիրկայից էր, լայն խոնջանով, վարը լայն կամ փոթ արած: Ձմռանը դրել են գուլպայի մեջ: Վրայից հագել են սև, կապույտ մահուդից, աստառած արխալուղ: Վերնամասը իրանը գրկած մինչև գոտին, ղայթանի օղ-մերակով, երկու մատ օձիքով :Թևերը լայն, տակի մասում կոճակներով կոճկված-նեղացված: Արխալուղի վրայից կապել են նեղ կաշվե գոտի արծաթով զարդարված, կողքերից կախված կաշիներով գոտի կամ ամբողջովին արծաթե կամար:

Շալվարը սև կամ կապույտ մահուդից էր, լայն, ծայրերը կտորի գույնի ղայթանով երիզված կամ պարզ: Ներքևը՝ ավելի նեղ և առանց զարդի:

Կաբան հագել են արխալուղի վրայից, ծնկներից քիչ ներքև իջնող, առաջամասը բաց, իրանը մինչև գոտի գրկած: Հետևում արվել է 4 դուրս ցցված ծալք: Թևերը շատ երկար են արվել, միայն ուսագլուխներին ամրացված, քիչ ծալված ուսերի վրայից դեպի ետև են նետել: Թևերի շուրջը արվել են սև ղայթանե օղակ և կոճակ, որոնք չեն կոճկվել: Թևերն ու զգեստն ամբողջովին աստառապատվել են բաց և մուգ կապույտ մետաքսով: Հագել են նաև չուխա՝ սև, սրճագույն բրդից: Կաբայի նման էր, միայն թևերն ավելի երկար և կարված, թևերի երկարությունը մինչև մատների ծայրերը: Աստառապատվել է մետաքսե կտորով և վրան ծալվել; Կրծքի երկու կողմում երկար խողովակաձև զարդ է կարվել: Հագել են ճերմակ գուլպա և յամանի կամ սապոգ:

Աղջիկների հանդերձանքն ավելի պարզ էր: Մազերը շատ կամ մեկ-երկու հյուսք են արել՝ մեջտեղից բացելով և խազ անելով: Գլխին կապել են չթե կամ մետաքսե գունավոր և ծաղկավոր գլխաշոր, եռանկյուն ծալած և ծայրերի շուրջ դարձրած, ծաղիկ կապած, կամ ձախ կողմից կամ էլ ՝ճակատից վեր: Իբրև վզնոց աղջիկները կրել են գույնզգույն ուլունքների տրցակ, մարջանների շարք: Մատանի չեն դրել: Կրել են արծաթե կամ երկաթե պարզ ականջօղ կամ գնդիկ, հաճախ կապույտ թել անցկացնելով, որ ծակը չգոցվի: Հագել են սպիտակ շապիկ, կարմիր վարտիք, որը երևում էր հագուստի տակից և տակը փոթով էր: Հագուստը ծաղկավոր չթից էր, երկար փոթավոր քղանցքով, օձիքը մի մատ կամ առանց օձիքի, կուրծքը ապակե գունավոր կոճակներով կոճկված: Երկար և նեղ թևերով էր, մեկ կոճակով կոճկված կամ թևաբերանին բազպատով: Վրայից կապել են ուրիշ գույնի ծաղկավոր գոգնոց՝ 6-10սմ քեշ-քեշ ծալաբոլորք տյուլ:

Օձիքի, կրծքի, թևերի շուրջը, գոգնոցի ներքնամասը հարդարվել են ժանյակով, միագույն կտորի երիզով կամ գունավոր ղայթանով: Տանը հագել են գործած ճերմակ կամ ծաղկավոր գուլպա: Ձմռանը հագել են քոշ: Հարուստ կանայք կրել են ոսկեդրամների շարոց, տարեց կանայք կրել են պողպատե մատանի կամ բլազիկ աչքի դեմ: Տարեցները գոգնոցի աջ կողմից գոտու մեջ խրել են մի ծայրից կախված թաշկինակ-այլուղ, գոտու մեջ պահելով քթախոտի տուփը: Տակից կախված կտավ-գրպանի մեջ կամ շապիկի առաջամասում կարված գրպանում դրել են դրամ, բանալի և դրամապանակ՝ 8*6 սմ չափերի ՝մեջը դնելով դերձան, ասեղ, մատնոց և սուրմա քսելու փայտիկը:

Երևանին բնորոշ տարազային համալիրն ընդգրկված է արևելահայկական Այրարատ-Թիֆլիս համակարգում: Դրա ձևերը հարմարեցված են կիսաանապատային կլիմայական պայմաններին՝ զերծ լեռնային շրջաններին հատուկ ծանր հագուստներից: Բամբակյա ներքնազգեստը և միագույն կամ բուսանախշերով մետաքսյա կտորից կարված ամբողջական շրջազգեստը կազմել են երևանցի կնոջ ամենօրյա հանդերձը: Նույնիսկ գոտին և գոգնոցը, որոնք հատկապես արևմտահայկական համալիրներում անհրաժեշտ տարրեր են, գոտի – փեշեր տարբերակով (մետաքսյա երկծալ կտոր՝ գոտկատեղի շրջագծի չափով, առաջամասում մինչև քղանցքը հասնող ասեղնագործ զույգ ժապավեններ) կապվել է կանանց տոնական շրջազգեստի վրայից: Տոնական կիրառություն է ունեցել վերնազգեստ քուրքը՝ մուգ կապույտ, կարմիր կամ կանաչ թավշից՝ եզրակարված ոսկեթել ասեղնագործությամբ ու մորթիներով, դաստակը ծածկող երկար թևքերով(14):

Քաղաքային միջավայրում կանանց կողմից եվրոպական գլխարկի գործածությունը սկսել է 19-րդ դ. 80-ական թթ.- 20-րդ դ. սկզբին: Քաղաքի կանանց, աղջիկների մի մասը կրել են շլյապաներ՝ զարդարված ջայլամի փետուրներով ու ժապավեններով: Ձմեռային շլյապաները կարել են թաղիքից կամ կոշտ մահուդից: Շլյապա դրած կանայք գլխի մազերը հավաքել են գագաթի վրա: Դրանց վրա ամրացրել են ծամկալներ, ոսկրից պատրաստած սանրի նման մատներ ունեցող հերակալներ: Դրանք գլխին ամրացվել են գլխարկի երկարությամբ երկու քորոցով, որոնք գլխարկի մի կողմից մազերի տակով անց են կացվել մյուս կողմ՝ ծայրը դուրս հանելով: Աղջիկները կրել են ավելի պարզ գլխարկներ՝ ռետինե նեղ քուղով: Եվրոպական զգեստ հագնող հարուստ կանայք ձմեռը թաթմանից բացի ձեռքերը դրել են մուֆտայի մեջ (մորթուց, մինչև 30 սմ. երկարությամբ): Ուսերին վերարկուի վրայից ձգել են բոա՝ աղվեսի մորթուց կամ թռչնի փետուրներից ծածկոց: Ունևոր կանայք հագել են տուֆլի և բաշմակ (երկարաճիտք, երկաթե կեռիկներով):

20-րդ դարի սկզբին Երևանի բնակչության որոշ մասը հագնում էր եվրոպական հագուստ: Քաղաքի մտավորականությունը, պետական ծառայողները, հարուստները, դպրոցների աշակերտները հագել են ռուսական հագուստ: Երևանում եվրոպական հագուստի գործածության մասին Ի. Շոպենը նշել է, որ այն բոլորովին հարմար չէ տեղի տաք կլիմայական պայմաններին(15):

Երևանում չուխա հագել են արհեստավորները, բանվորները, չունևոր խավը: Քաղաքներում արհեստավորները կրել են հովարով – կոզիրյոկով գլխարկ-շապկա: Հարուստները և մտավորականությունը հագել են կոստյում: Ունևոր տղամարդիկ հագել են եվրոպական կոշիկ, երիտասարդները՝ կաշվե ճտքակոշիկներ(16):

Տարեց տղամարդիկ կրել են «կովկասյան» կոչվող տարազաձևը, որի համալիրի մեջ մտել են ներքնազգեստը, կարճ վերնազգեստը (արխալուղ), երկարափեշ տաք վերնազգեստը (չուխա) և շալվարը (17):

19-րդ դարի վերջերից հայկական տարազը, հատկապես քաղաքներում, սկսում է տեղի տալ եվրոպական և ռուսական քաղաքային հագուստին: Տնտեսավարման նոր հարաբերությունների շնորհիվ ներթափանցած զգեստներն առաջին հերթին իրենց կնիքը դնում էին տղամարդկանց հագուստի վրա: Տղամարդկանց տարազային համալիրը ավելի արագ է կորցնում ազգային նկարագիրը: Այն բաց ու ընկալունակ համակարգ է, ինչն արդյունք է տղամարդկանց հասարակական, տնտեսական ու ընտանեկան ազատ դրության, միջէթնիկական բազմակողմանի, երկարատև կապերի: Դրան հակառակ կանանց փակ կենցաղը, սոցիալական, տարիքային արգելքների ու սահմանափակումների մշակված ավանդակարգը ստիպում էր անցումը կատարել աստիճանաբար: Նորույթի առաջին կրողները դառնում էին սոցիալական սանդղակի վերին աստիճաններում կանգնած երիտասարդ կանայք, մտավորականները, արվեստագետները, գիմնազիաներում կամ այլ ուսումնական հաստատություններում ուսանող օրիորդները:

Վերջիններիս համար պարտադիր համարվող համազգեստը հեշտացնում էր սահուն անցումը եվրոպական հագուստին: Տարեց կանայք հիմնականում հավատարիմ էին մնում իրենց ավանդական տարազին, իսկ միջին տարիքի, հաճախ նաև երիտասարդ կանայք եվրոպական զգեստի հետ շարունակում էին կրել ավանդական գլխի հարդարանքը(18):

Տարազային համալիրների վրա իրենց հետքն են թողել Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո տնտեսության ու կենցաղի ոլորտներում կատարվող արագընթաց փոփոխությունները, որոնք արտահայտվել են նաև հագուստի ձևի, նյութի, գործվածքի տեսակի մեջ:

Երևան քաղաքի պատմության թանգարանի տարազի հավաքածուի մեջ կարևոր տեղ է զբաղեցնում եվրոպական հագուստը, քանի որ հետաքրքիր և արժեքավոր տեղեկատվություն է պարունակում նշանավոր երևանցիների՝ տոհմիկ ընտանիքների ներկայացուցիչների, գիտնականների, ինժեներների, մշակույթի գործիչների մասին: Հավաքածուում են պահվում ճարտարապետ Ա. Թամանյանի, դաշնակահարուհի Օլգա Վարենհեյմի, Հռիփսիմյան օրիորդաց գիմնազիայի ուսուցչուհի Լ. Կորշունովայի հագուստները, Մելիք-Աղամալյանների մեծատուն տոհմին պատկանող ազնվատոհմիկ տղամարդու համազգեստը, որը կարվել է Մելիք Սահակի պատվերով, բուն Երևանին բնորոշ տարազաձևեր, որոնց մեջ առանձնանում է հարսանեկան հագուստը իր ամբողջական համալիրով: Թանկարժեք հագուստները խնամքով պահվել են սնդուկներում: Դրանք օգտագործել են տոներին և հանդիսություններին՝ հաճախ փոխանցելով սերնդեսերունդ:

Երևանցի կնոջ տոնական հագուստը բաղկացած քուրքից՝ եզերված աղվեսի մորթով, գոտի-գոգնոցից, ունի ուշագրավ պատմություն: Այս նյութը գրառել են ազգագրագետներ Ա. Սարգսյանը և Լ. Ամիրջանյանը: Նրանց պատմել է հայտնի նկարչուհի Ռեգինա Ղազարյանը՝ լսելով իր մորական տատից(19): 20-րդ դարում Երևանում ապրող հայտնի ընտանիքներից էր վաճառական Հակոբ աղայի ընտանիքը: Նրա կինը՝ տիկին Շամիրամը շատ կրթված անձնավորություն էր: Թեև բոլոր մեծահարուստ կանայք կրում էին նորաձև եվրոպական հագուստ, Շամիրամը

եղբորը ինչ-որ պատճառով պետք է դատեին: Շամիրամը իր ինքնատիպ տարազով ներկայանում է Ռուսաստանի կայսրուհի Մարիա Ֆեոդորովնային՝ խնդրելով մեղմել նրա պատիժը: Հանդիպման ժամանակ Շամիրամի հագուստը գրավում է կայսրուհու ուշադրությունը և հետաքրքրությունը: Կայսրուհին կատարում է կնոջ խնդրանքը: Ի պատասխան կայսրուհու բարեհաճության՝ Շամիրամը նմանատիպ զգեստ է կարել տալիս՝ ճակատնոցով, թանկարժեք քարերով և նվիրում նրան:

Տոնական զգեստներ կարելու համար պահանջվում էր հմտություն և երկար ժամանակ՝ կոճակներով, եզրաթելերով, ժապավեններով նախշազարդելու և ասեղնագործելու նպատակով:

Հայկական տարազի համակարգում եվրոպական մշակույթի, այդ թվում և տարազի տարրերի նորամուծությունների յուրացման և տարածման գործում մեծ դեր են խաղացել ունևոր խավի ներկայացուցիչները և մտավորականները, որոնք սերտ կապերի շնորհիվ արագ փոխառել են եվրոպական հագուստի ձևերը, գործածել դրանք` աստիճանաբար նպաստելով դրանց տարածմանը ժողովրդական լայն խավերի մեջ: Հենց այս ձևով են կատարվել Այրարատի տարազախմբի մեջ ներգրավվող քաղաքաբնակների տարազային համալիրի փոփոխությունները: Մյուս կողմից, եթե կանանց տարազն այստեղ, ինչպես և ամենուր առավել անխաթար և մաքուր էր պահպանել տարազի ավանդական կառուցվածքը, ապա տղամարդկանց սոցիալ-քաղաքական, տնտեսական առավել ակտիվ կեցության պատճառով նրանց տարազն ինչպես ասացինք, համեմատաբար արագ կերպով է վերափոխվել` յուրացնելով համակովկասյան, ապա` եվրոպական հագուստները: Սակայն, եթե հարուստ տղամարդիկ` գործարանատերերը, կալվածատերերը, առևտրականները, չինովնիկները և Եվրոպայում կրթություն ստացած մտավորականները դեռևս 1-րդ դարի վերջերից կրում էին եվրոպական հագուստներ (սպիտակ վերնաշապիկ, ծալովի օձիք, տաբատ, ժիլետ, բաճկոն, ֆրակ, լայնեզր գլխարկ, թիթեռնիկ փողկապ, կարճ ճտքերով ոտնաման), ապա դրան զուգահեռ, արհեստավորական խավի տղամարդիկ շարունակում էին հագնել ավանդական զգեստներ` գյուղական և քաղաքային տարբերակներ՝ որոշակի առանձնահատկություններով հանդերձ:

Քաղաքաբնակ տղամարդկանց ավագ սերնդի, ինչպես և գյուղաբնակների տարբեր տարիքի այրերի տարազը շատ ընդհանրություններ ուներ Արևելյան Հայաստանում, ինչպես և ողջ Կովկասում կենցաղավարված համալիրի հետ, անշուշտ, ինքնատիպ բնաշխարհով, տնտեսավարման ձևերով, յուրօրինակ պատմական իրավիճակով պայմանավորված անխուսափելի տարբերություններով ու առանձնահատկություներով հանդերձ:

Ըստ ազգագրական նյութերի, 19-րդ դ. Այրարատում տղամարդիկ հագել են բամբակյա կտորից շապիկ-վարտիք, վրայից անդրավարտիք` շալվար. ընդ որում հարուստները` շալից, մահուդից, իսկ չքավորները` հաճախ կտավից կարվող և խոնջանով կապվող շալվարներ: Շապիկի վրայից հագել են կարճ վերնազգեստ` արխալուղ (հարուստները` սատին, դանաուզ և այլ մետաքսյա կտորներից, իսկ աղքատները` տնայնագործ կտավից, լավագույն դեպքում չթից): Դրա վրայից հարուստները կապել են արծաթյա, ոսկեզօծ գոտիներ, մինչդեռ աղքատները գործածել են կաշվե գոտիներ: Տաք վերնազգեստը չուխան էր. սև, մուգ կապույտ բրդյա կտորներից: Ունևոր դասի տղամարդիկ ձմռանը գործածել են նաև այծենակաճ (յափնջի), ավելի ուշ դրապից կարված վերարկուներ: Գլուխները ծածկել են գլխանոց-բաշլուղով և մորթե փափախներով և միայն մեծահասակ տղամարդիկ կարող էին կրել թանկարժեք բուխարի կոչված գլխարկները(20):

20-րդ դ. սկզբներից արդեն թե´ քաղաքում և թե´ գյուղում տղամարդկանց մեծ մասը կրում էր հովհարով գլխարկ, որն ինքնին հասկանալի է, եվրոպական նորամուծություն էր: Որպես ագանելիք գործածում էին տնայնագործ գուլպաներ և ոտնամանների հետևյալ տարբերակները` տրեխ-չարոխ, չուստ, մաշիկ-քոշ: Առաջինը զուտ աշխատանքային կիրառություն ուներ: Ժողովրդի մեծ մասը չուստ էր հագնում, իսկ ծեր կանայք և տղամարդիկ հագնում էին մուճականման քոշեր: Երևանում մեծ համբավ են վայելել Թիֆլիսում արտադրված Ադելխանովի տուֆլիներն իրենց մատչելի գնի շնորհիվ: Դա նման էր չստի, բայց ավելի խորունկ էր: Ոտնամանն ուներ տափակ կրունկ, կլորավուն ծայր և մետաղական պայտ: Այն համարվել է հարսանեկան ոտնաման(21): Ըստ Պ. Պռոշյանի տվյալների երևանցի ուխտավորները հագել են ետևամասը բաց, կանաչ, կարմիր գույների սաղրի մաշիկ, որոնք ունեին սուր քիթ, 3սմ բարձրությամբ կրունկ(22):

Կանանց վերնազգեստի բնորոշ տիպը մետաքսյա ամբողջական հագուստն էր, որի կրծքամասը Երևանում և շրջակա գյուղերում փակ էր, իսկ Թիֆլիսում` բաց:

Տոնական զգեստի վրայից կապել են ասեղնագործ գոտի: Ներքնազգեստի տարրերը (շապիկ-վարտիք) կարվել է սպիտակ բամբակյա կտորից (չունևորինը` քաթանից): Ներքնազգեստի, ինչպես և հագուստի կրծքի, թևերի եզրաշերտը և կրծկալը հարդարվել են հարուստ ասեղնագործ բանվածքներով: Գյուղերում, ի տարբերություն քաղաքի, 19-րդ դ. վերջերին և 20-րդ դ. սկզբներին դեռևս գոյատևում էր ժողովրդական տարազի տարրերից մեկի` կարմիր կտորից, փողաբերանները ասեղնագործ վարտիքը:

19-րդ դ. վերջերին Երևանում կանայք շապիկի վրայից հագնում էին անթև, կարճ ներքնազգեստ և գոտկաշոր: Վերնազգեստի վրայից հագնում էին մուգ կանաչ, կարմիր, կապույտ գույների թավշե մուշտակ, որը եզրազարդվում էր սև թավշե ժապավեն երիզներով` շուրջը ոսկեթել բանվածքներ և մորթե նեղ եզրաշերտեր: Գյուղերում որպես վերնազգեստ էր ծառայում բամբակյա վառ կարմիր, դեղին, կապույտ գույների, բուսանախշերով կտորից արխալուղ: Ունևոր կանայք որպես տաք վերնազգեստ գործածում էին չուխա կտորից վերարկու, մեծահասակ կանայք գյուղերում, ինչպես և քաղաքներում եկեղեցի գնալիս փաթաթվում էին սպիտակ ծածկոց չարսավի մեջ: Չամուսնացած աղջիկների գլխի հարդարանքը պարզ էր. քաղաքում նրանք գլխաբաց էին շրջում` մազերը մեկ ծամ արած և ծայրին ժապավեն կապած, իսկ գյուղերում նրանք վառ գույների բամբակյա, մետաքսյա գլխաշոր էին կապում: Կանանց գլխի հարդարանքը ամուսնության առաջին իսկ օրից համալրվում էր մի շարք տարրերով, որոնք գրեթե անփոփոխ էին մնում ամբողջ կյանքի ընթացքում: Դրանք են` թավշե ասեղնագործ ճակատակալը, դրամներով ճակատնոցը, քիթն ու բերանը ծածկող թաշկինակներն ու գլխին կապվող մետաքսյա գլխաշորը:

Գործածվել է նաև մետաքսյա շղարշ` նրբագույն ժանյակով եզրազարդված: Քունքամասերի մազերը, որպես կանոն, ոլորվել և խոպոպներ են արվել ի ցույց դնելով դրանք: Իսկ 20-րդ դ. առաջին քսանամյակում երիտասարդ կանանց և աղջիկների ճնշող մեծամասնությունն արդեն հագնվում էր եվրոպական ձևով և կրում էր եվրոպական գլխարկներ: Ավագ սերնդի կանայք գերադասում էին ասեղնագործ ճակատակալն ու մետաքսյա գլխաշորը, որի տակից անպատճառ երևում էին մազափնջերը: Եվրոպական զգեստ հագած որոշ տարեց կանայք էլ կրում էին վերոհիշյալ գլխի հարդարանքը:

Այրարատի տարազախմբի վերաբերյալ նյութական արժեքները ստվարաթիվ չեն: Երևանցի կնոջ ավանդական տարազի օրինակներ են ցուցադրված Հայաստանի պատմության թանգարանի հայկական տարազը ներկայացնող ցուցասրահում: Հարսանեկան զգեստի ուշագրավ օրինակներ կան Երևանի քաղաքի պատմության թանգարանում: Հայաստանի ազգագրության թանգարանում, որը կոչված է ցուցադրելու հազարամյա պատմական ուղի անցած հայ ժողովրդի մշակույթը և կենցաղը, այդ թվում և ժողովրդական տարազի ողջ հարստությունները, սակավաթիվ են Այրարատի տարազի վերաբերյալ թանգարանային արժեքները:

Այրարատի տարազի պահպանման ու հանրահռչակման խնդրին վերաբերող մի այլ հանգամանք. հիրավի լուրջ մտահոգության տեղիք է տալիս և այն փաստը, որ նման հարուստ պատմական ու մշակութային անցյալ ունեցող նահանգի ներկայիս տարածքում դժվար է գտնել այնպիսի ժողովրդական երգի ու պարի խումբ, որը կատարի տեղական հնամենի երգերն ու պարերը` հանդերձավորված այս շրջանին բնորոշ տարազի թեկուզ և առանձին տարրերով: Ստացվել է այնպես, որ հրապարակի վրա եղած, համենայն դեպս մեզ հայտնի խմբերը գլխավորապես ներկայացնում են Արևմտյան Հայաստանի առանձին մարզերի երգերն ու պարերը և, բնականորեն գործածում տվյալ շրջանի ավանդական տարազի օրինակներ:

Լիովին ստվերի մեջ է թողնված Այրարատի նահանգի բազում դարերի քննությունը բռնած մշակութային արժեքները վերստին կյանքի կոչելու և նոր կիրառություն տալու խնդիրը: Պետք է ըստ ամենայնի օգտագործել բնիկ տեղական տարազի առանձին համալիրները, գոնե այս ասպարեզներում վերածնելու և երկրորդ կյանք հաղորդելու հնարավորությունները: Մեր կարծիքով այս է ուղիներից մեկը, որ տանում է դեպի լավագույն դեպքում թանգարաններին ի պահ տրված ու ցուցադրվող կամ էլ արդեն միայն հիշողություններում մնացած ժողովրդական տարազի դարավոր հարստությունների վերածնունդը:

Պակաս կարևոր չէ և ավանդական տարազի առանձին տարրերի ժամանակակից հանդերձանքում գործածման հետ կապված խնդիրը: Հայկական ավանդական տարազը, որ ձևավորվել ու մշակվել է բազում հարյուրամյակների ընթացքում և ձեռք է բերել կառուցվածքի ու ուրվագծի, գույնի, ձևի, նյութի կատարյալ արտահայտչականություն ու ներդաշնակություն, ստեղծագործական անսպառ աղբյուր է: Հագուստի նոր ձևերի մշակման ստեղծագործական գործընթացում ավանդական տարազի, անցյալի հարուստ ժառանգության, նրա առանձին օրինակների ու մոտիվների հմուտ գործածությունը լայն հնարավորություններ է

ընձեռում նկարիչ-մոդելյորին` ստեղծելու ազգային ավանդական տարազի ոգին պահպանած, բայց միաժամանակ ժամանակակից հագուստի համալիր: Հայկական ժողովրդական տարազին բնորոշ գունային հարուստ ու ինքնատիպ ներկապնակը, գեղազարդման պարզությունն ու կատարման բարձր արվեստը, ձևվածքի, ձևերի հարստությունն ու տարրերի գեղեցիկ համադրությունը հարուստ նյութ կտան նկարիչ-դիզայների ստեղծագործական որոնումներին:

Ժամանակակից հանդերձանքի մոդելավորումն ու գեղազարդումը չպետք է հասկանալ իբրև ավանդական ձևերի, ժողովրդական զարդարվեստի առանձին մոտիվների սոսկ պատճենում, հաշվի չառնելով ժամանակակից նորաձևության պահանջները, հագուստի նշանակությունն ու դերը, նոր կտորատեսակների բնույթը: Հագուստի ժամանակակից արտադրությունը պետք է լինի արհեստավարժ, արվեստով և ժողովրդական ստեղծագործականության հնարամիտ համադրությամբ: Հայտնի է, որ ժողովրդական տարազը առավել ավանդութային ու կայուն է, մինչդեռ ժամանակակից նորաձևությունը` այդ հրաշալի թաքնված և հարատև նորացող հինը, յուրաքանչյուր փուլում թելադրում և առաջադրում է իր ինքնատիպ ոճն ու թեմաները, ուստի, կարծում ենք, ձևավորող նկարչի գլխավոր խնդիրներից է ժողովրդական տարազային համալիրի հենց այն առանձնահատկության ընդգծումն ու գործածությունը, որն առավել չափով է համապատասխանում նորաձևության և ոճի ժամանակակից պահանջներին: Եվ, իհարկե, առավել մեծ ուշադրություն պետք է դարձնել մոդելի կերպարային լուծմանը, որոշակի պայմանականություն հաղորդելով հագուստի ավանդական ձևերի կիրառությանը, լիովին հրաժարվելով ավանդականի մեխանիկական կրկնությունից:

Հայկական ավանդական հագուստի, գլխի հարդարանքի առանձին տարրեր, ավելի ճիշտ` դրանց ժամանակակից տարբերակները, կարելի է գործածել ինչպես առօրյայում (հատկապես երիտասարդների հանդերձանքում), այնպես էլ տոնական հանդիսությունների, հարսանիքների, երեկույթների ժամանակ. դրանց խելամիտ կիրառությունը կընդգծի կրողի անհատականությունը, յուրահատուկ ոճն ու գեղագիտական ճաշակը:

Հայկական ավանդական բազմահարուստ տարազը որպես ստեղծագործական որոնումների գանձարան դիտելն ու հագուստի նոր ձևերի մշակման մեջ մշակութային ժառանգության առանձին տարրերի կիրառումը հնարավորություն կտա պահպանել ավանդույթները:

  1. Հ. Փափազյան, Հայկական տարազ, Երևան, 2002, էջ 121-126;  Ն. Ավագյան, Հայկական ժողովրդական տարազը,Երևան,1983, էջ 50-52:  Ս. Պողոսյան, Այրարատի ավանդական տարազախումբը, Կուլտուր-լուսավորական աշխատանք,1987, թիվ 7, էջ 22-32: С. Погосян, Араратский комплекс женской одежды армян, Археология, этнология, фольклористика Кавказа, Тбилиси,2004, с.229-230.
  2. Թ.Հակոբյան,Երևանի Պատմությունը,,Երևան,1969, էջ 277:
  3. Ա. Պատրիկ, Հայկական տարազ,  էջ  7-8:
  4. Նույն տեղում:
  5. Ս. Պողոսյան., Հայկական տարազի համալիրները/ Հ. Փափազյան, Հայկական տարազ, Երևան, 2002, Էջ 13:
  6. Ֆ. Գրիգորյան., Հայկական ազգային տարազ, Երևան, 2011, էջ 12-13:
  7. Ս. Պողոսյան., Հայկական տարազի համալիրները/ Փափազյան Հ., Հայկական տարազ, Երևան, 2002, էջ 18:
  8. И..Шопен, Исторический памятник состояния Армянской области вь эпоху ея птисоединения кь Поссийской-Империи,СПб,1852,с. 856.
  9. Խ. Աբովյան, Վերք Հայաստանի, Երևան, 1981,էջ 66-67, 89: Քանաքեռում կանայք հագել են սաղրի մաշիկ, կարմիր ծուղեք, կողքերը նախշած փոխան, ալ դարայի մինթանա ՝քաթիբա, զառ լաչակ, ղալամքար արխալուղ, ամուր քուրք, արծաթե կոճակներ, բիլազուկ, օշմաղ, ճլպինդ, տոտեր, շապկի յախան, ոսկե քամար, յաղութ մատանիք, քահրըբար կամ մարջան վզին, ոսկիներով, դրամ ծակած, կրծքի քորոց, ականջօղ՝ ոսկե, մարգարիտներով, մինթանի ծայրերը, անկյունները՝ մարգարտաշար, էջ 68: Աղասին հագել է կանաչ մով շալվար, զառ կապա, ծաղկավոր թաշկինակը վզին, թուխ գդակը գլխին:
  10. Վ. Սադոյան, Երևանի և շրջակա գյուղերի ազգագրությունը, Երևան,1978, էջ304-309;
    Տ. Կարապետյան «Երևանը 20-րդ դ. 1-ին 20-ամյակում» և «Հոկտեմբերյանի շրջանի Արմավիր գյուղի բնակչության տոհմագրությունը», ՀԱԻ ԱԲԱ:
  11. Մ. Հասրաթյան, Տեղեկություններ տարազի վերաբերյալ Սայաթ-Նովայի տաղերի ժողովածու, Երևան,1963,էջ8, 13, 21,31,32,,34,49,51,,53,63,65,72,82:
  12. Հ. Փափազյան, նշվ.աշխ., էջ 121:
  13. Նույն տեղում, էջ 124:
  14. Երևան քաղաքի պատմության թանգարան, տարազի հավաքածու, Երևան, 2008.- 36
  15. էջ, էջ 4:
  16. И. Шопен, Исторический памятник состояния Армянской области вь эпоху ея птисоединения кь Поссийской-Империи,СПб,1852,с. 466:
  17. Ս. Պողոսյան., Երևանի տարազի հարսանեկան համալիրը/ Երևան, Գիտական հոդվածների ժողովածու, Երևան, 2006, էջ 177:
  18. Երևան քաղաքի պատմության թանգարան, Տարազի հավաքածու,, էջ 5:
  19. Բանավոր պատում, Ռ. Ղազարյանը այս պատմությունը փոխանցել է Երևանի քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Ա. Սարգսյանին և փոխտնօրեն Լ. Ամիրջանյանին:
  20. Ս. Պողոսյան, նշվ.աշխ., էջ 26:
  21. Ն. Ավագյան,նշվ.աշխ.,էջ 90:
  22. Պ. Պռոշյան, Երկերի ժողովածու, հ.1,Երևան, 1953, էջ 110:
  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us