Շենգավիթ՝ Երևանի հնագույն քաղաքատեղին

Երևանում է Հայկական լեռնաշխարհի վաղ բրոնզի դարի առանցքային հուշարձաններից մեկը՝ Շենգավիթ հնավայրը: Դեռևս 1920-ական թթ. ավելի քան 6 հա մակերեսով «Անհավատի բերդ» կոչվող հուշարձանն անխաթար վիճակում էր: Ամրոցն առաջինը հիշատակել է Երվանդ Շահազիզը(1):

Մասնակի ընդհատումներով 1936-1938, 1956-1983, 2000-2012 թթ. իրականացված պեղումները (ղեկ. Եվ. Բայբուրթյան, Ս. Սարդարյան, Հ. Սիմոնյան) բացահայտել են, որ Շենգավիթը հիմնադրվել է Ք. ա. IV հազարամյակում և հարատևել ավելի քան հազար տարի(2):

Մարդու բնակության համար այդ վայրն ուներ մի շարք նպաստավոր պայմաններ: Հնավայրը Հրազդան գետի ձախափնյա, երեք կողմից (հյուսիսից, արևմուտքից և հարավից) կիրճերով ու ձորակներով եզերված բարձրադիր բլուր-հրվանդանի վրա էր: Միևնույն ժամանակ Շենգավիթ բնակատեղին Երևանյան գոգավորության հարավային՝ Արարատյան դաշտին հարող տարածքում էր՝ ջրի և սննդի պաշարներով հարուստ Հրազդան գետի ափին: Շրջապատված էր արոտավայրերով, արգավանդ գետահովիտներով և դաշտերով: Հրազդանը Երևանի ողջ տարածքում՝ Կարմիր բերդից մինչև ներկայիս ԱՄՆ դեսպանատան համակառույցը, հոսում է երկու կողմից բազալտե ուղղահայաց ժայռերով եզերված անձուկ կիրճով: Շենգավիթի մերձակայքում ժայռերը հեռանում են միմյանցից՝ ստեղծելով մոտ 500 մ լայնությամբ և 2500 մ երկարությամբ, շուրջ 125 հա մակերեսով ընդարձակ գետահովիտ:

Վաղ բրոնզի դարում կլիման ավելի խոնավ էր, տեղումներով հարուստ, գետերը՝ ջրառատ: Հեղեղումների ժամանակ Հրազդանի գետահովտի ցածրադիր հողատարածքները կարող էին ծածկվել պտղաբեր տիղմով:

Վաղ բրոնզի դարում հին շենգավիթցիները Հրազդանի ջրերով ոռոգել են այս ընդարձակ տարածքը՝ ստանալով հացահատիկի առատ բերք(3): Եվ իրոք, Շենգավիթի մերձակա դաշտը Երևանյան գոգավորության միակ ընդարձակ գետահովիտն է, որը հնարավոր է հեշտությամբ ոռոգել Հրազդանի ջրերով՝ առանց կառուցելու հիդրոինժեներական բարդ համալիրներ: Ոռոգելի երկրագործության համար հին շենգավիթցիները վարարած գետի ջրերը կարող էին կուտակել գետահովտի բարձրադիր լանջերին կառուցած արհեստական լճակներում կամ ամռանը գետաբազուկների վրա հիմնել արհեստական դարավանդներ և դրանց միջոցով բարձրացնելով ջրի մակարդակը՝ ոռոգել տարածքն ու ապահովել հացազգիների և մրգերի առատ բերք(4):

Ոռոգելի երկրագործության պայմաններում 1 հա տարածքից Հին աշխարհում, մասնավորապես Միջագետքում, ստացել են բացառիկ բարձր բերք՝ 200 մինչև 300 ցենտներ հացահատիկ(5): Այս տվյալներից դատելով՝ կարելի է տեսականորեն ենթադրել, որ Հրազդանի գետահովիտը կարող էր տարեկան կտրվածքով ապահովել մինչև 3600 տոննա հացահատիկի բերք (120 հա x 300 կգ = 36000 ց):

Զարգացած երկրագործական տնտեսության մասին են վկայում նաև Շենգավիթի պեղումների ժամանակ հայտնաբերված հողամշակման, հացահատիկ հնձելու և մշակելու գործիքների աննախադեպ առատությունը: Հնավայրի բոլոր շերտերից գտնվել են բրիչների քարե ծայրակալներ, բաղադրյալ մանգաղների կայծքարե հարյուրավոր շեղբեր, որոնք փայտե կամ ոսկրե հիմքերին էին ամրացվել բիտումի միջոցով, ծակոտկեն բազալտից նավակաձև աղորիքներ, գետաքարերից ծեծիչներ, սանդեր ու հավանգներ:

Շենգավիթ քաղաքատեղիի հուսիսարևմտյան կողմում, մի փոքր հատվածում մեր կատարած պեղումների արդյունքում հայտնաբերվել է խնամքով կառուցված

քարաշար, գլանաձև մուտքերով և տուֆե սկավառակաձև կափարիչներով ծածկվող հացահատիկ ամբարելու շուրջ 20 հոր-շտեմարան: Նշված շտեմարաններից մեծերն ունեին մինչև 4 մ խորություն, երկհարկ, դեպի հատակը լայնացող տանձաձև հորինվածքներ և կարող էին ամբարել շուրջ 4 տոննա հացահատիկ: Ճնշման հետևանքով հացահատիկի ինքնայրումը բացառելու համար այս մեծ հորերը զատորոշել էին հատակներով, իսկ ելումուտը՝ ապահովել պարանների միջոցով, որոնց ծայրերը կապել էին հորի մոտ դրված մեծ սալաքարի մեջ գայլիկոնված անցքերում ամրացված փայտե ցցերին:

Մոտավոր հաշվարկներով միայն հյուսիսային մասում փաստված շտեմարան-հորերում կարող էին ամբարել նվազագույնը 400 ցենտներ հացահատիկ: Դա Հին աշխարհի սակավակյաց չափանիշներով մեծ քանակ էր, որը կարող էր բավարարել շուրջ 1000 մարդու հացի տարեկան պահանջարկը: Եվ այս պատկերը բացահայտվել է ընդարձակ բնակատեղիի մի փոքրիկ հատվածում, մինչդեռ, հին չափանիշներով ընդարձակ քաղաքատեղիում, գրեթե ամեն մի գերդաստան ունեցել է իր հացահատիկի շտեմարանը: Բերված տվյալները ուղղակի վկայում են, թե որքան մեծ է եղել Հրազդանի գետահովտից հավաքած հացահատիկի բերքը, որը ոչ միայն լիուլի կարող էր ապահովել հին շենգավիթցիների հացի պահանջարկը, այլև՝ դառնալ առևտրի առարկա:

Բերքի տեղափոխման համար արտերի մերձակցությունը կարևոր հանգամանք էր: Ըստ ազգագրական դիտարկումների՝ մինչև XX դարի կեսը, հնձելուց հետո հացահատիկի շեղջերը սայլերով փոխադրել են գյուղերի կենտրոնում գտնվող կալատեղը, քամոտ մի վայր, որտեղ եզներին լծված կամերի միջոցով հասկերից զատել են հացահատիկը, էրանել՝ քամու օգնությամբ հատիկը մաքրել հասկի մնացորդներից, այնուհետև՝ տեղափոխել պահեստ: Որոշակի է, որ նման գործելաոճի պայմաններում երկրագործության զարգացման համար կարևոր նշանակություն է ունեցել սայլերի օգտագործումը: Դրանց կիրառման մասին են վկայում սայլերի թափքերի ու անիվների թրծակավե մանրակերտերը, ինչպես նաև եզների արձանիկները, որոնք հայտնաբերվել են Հայաստանի վաղ բրոնզի դարի մի շարք հուշարձաններում, այդ թվում՝ Շենգավիթում:

Ուշագրավ է, որ Շենգավիթից հայտնաբերված կենդանիների ոսկորներն ուսումնասիրած գերմանացի հնակենդանաբան Հանս Պիտեր Ուերպմանի բնորոշմամբ՝ որոշ կովերի կճղակներ ձևափոխվել էին ծանր աշխատանքի հետևանքով: Սա փաստում է, որ այնքան մեծ է եղել բեռների տեղափոխման անհրաժեշտությունը, որ, որպես քաշող ուժ, օգտագործվել են նաև կովերը:

Սննդի առատ պաշարներից զատ՝ Շենգավիթի մերձակայքը հարուստ էր նաև քարաղի հանքերով և գետաբերուկ վանակատով, որոնք, տեղական սպառումից բացի, ապրանքափոխանակության և առևտրի միջոցներ էին(6) և կարող էին նպաստել շենգավիթցիների բարեկեցիկ կենսամակարդակի ձևավորմանը:

Նշված նպաստավոր պայմանների համադրությունը՝ պաշտպանության կազմակերպման համար ռելիեֆի ընձեռած հնարավորությունները, արգավանդ գետահովիտներով և արոտավայրերով շրջապատված լինելը, սննդի և ջրի առատությունն ապահովող միջավայրը, շինանյութի (բազալտ, գետաքար, կավ) և հումքի (վանակատ, քարաղ) մեծ պաշարները, հաղորդակցման նպաստավոր դիրքը՝ դեպի Արաքսի ափամերձ դաշտը տանող Հրազդանի գետահովիտը և այլն, տարածքի բնակեցման կարևոր նախապայմաններ էին, որոնց առկայությունը նպաստել է ավելի քան 1200 տարի (Ք. ա. 3300-2100 թթ.) Շենգավիթի անընդմեջ բնակեցմանը(7): Վաղ բրոնզի դարում Հայկական լեռնաշխարհում և Հարավային Կովկասում ձևավորվել էր բնակավայրերի ստորակարգային (հիերարխիկ) կառուցվածք՝ 200-ից մինչև մի քանի հազար բնակչությամբ: Փոքր գյուղակներն զբաղեցնում էին 1-1,5, միջինները՝ 3-5, կենտրոնական, մեծ բնակատեղիները՝ 6-12 հա մակերես: Շենգավիթն իր զբաղեցրած տարածքով համապատասխանում էր սոցիալ-տնտեսական կենտրոն համարվող բնակատեղիների դասին և շրջափակված էր գյուղական տիպի արբանյակ-բնակատեղիներով(8):

Շենգավիթ հնավայրում մարդը հաստատվել է առնվազն Ք. ա. IV հազարամյակի առաջին կեսին: Բնակատեղին անընդմեջ զարգացել է, և Ք. ա. 2900-2700 թթ. վեր է ածվել հին քաղաքի՝ հրվանդանի գագաթի պարագծով

կառուցված միջնաբերդով, որն ուներ քարակերտ, 2 մետրից ավելի լայնությամբ պարսպապատեր: Աշտարակներից մեկի միջով դեպի Հրազդան գետն է իջել սալաքարերով կառուցված, ապա հողով ծածկված-քողարկված գաղտնուղին(9): Մուտքը և առավել հզոր պարսպապատերն ամենայն հավանականությամբ պետք է լինեին արևելյան կամ հարավարևելյան հարթավայրի հետ հաղորդակցվող մասում, որն այսօր ամբողջովին ավերված է կառուցապատման հետևանքով:

Շենգավիթի պաշտպանական համակարգը Հին Արևելքի ամրաշինության դասական օրինակներից է: Այսպիսի կատարյալ և հզոր պաշտպանական համակարգ կարող էին կառուցել միայն բազմադարյան փորձի, ճարտարապետական և ճարտարագիտական գիտելիքների կուտակման, մշտական վտանգին դիմակայելու, պարբերաբար տեղի ունեցող պատերազմների, թշնամիների հարձակումներից պաշտպանվելու կենսական անհրաժեշտությունից դրդված: Հասարակական նշանակություն ունեցող այսպիսի կոթողային շինության հիմնարկումը, ինչպիսին է քարաշեն պարիսպը, հնարավոր էր իրականացնել ամբողջ համայնքի համատեղ աշխատանքի շնորհիվ՝ կենտրոնացված իշխանության պայմաններում(10):

Հին Արևելքի քաղաքների բնորոշ հատկանիշներից էր տների գերխիտ կառուցապատումը: Շենգավիթում ևս առկա էր նմանօրինակ պատկեր. գրեթե բոլոր շինությունները պատերով հպված էին միմյանց: Ինչպես նշվեց, Շենգավիթը զբաղեցրել է ավելի քան 6 հա մակերես: Պեղումների արդյունքում բացված տների մակերեսների և քանակի համադրումը բնակատեղիի զբաղեցրած տարածքին վկայում է, որ յուրաքանչյուր 100 քմ հատվածում միջին հաշվով եղել է մեկուկես կացարան (տուն): Եթե բնակավայրի տարածքը՝ 60 հազար քմ,, բաժանենք 100-ի և բազմապատկենք 1,5-ով, ապա կարող ենք փաստել, որ արձանագրված հոծ կառուցապատման պայմաններում Շենգավիթը, ինչպես և Հին Արևելքի խոշորագույն բնակավայրերից մեկը՝ Չաթալ-Հույուկը, կարող էր ունենալ 900-1000 տուն-շինություն(11):

Ըստ ընդունված տեսակետի՝ հնում փոքր ընտանիքները կազմված էին 5-8, իսկ նահապետական գերդաստանները՝ 10-12 անդամից(12): Եթե նույնիսկ ընդունենք, որ Շենգավիթում փաստված տարածքի մի մասը զբաղեցրել են հրապարակները, փողոցները, իսկ շինությունների շարքում եղել են հասարակական և տնտեսական կառույցներ, ապա այդ դեպքում էլ հոծ կառուցապատում ունեցող բնակավայրն ունեցել է առնվազն 500-700 տուն և 5-6 հազար բնակիչ: Վաղ բրոնզի դարի համար դա մեծ թիվ է՝ հինարևելյան քաղաքատիպ բնակավայրերի բնակչության քանակին բնորոշ:

Քաղաքի կենտրոնական հատվածում հայտնաբերվել է պղնձագործի արհեստանոց: Այստեղ պեղումների ժամանակ ի հայտ է եկել շուրջ 10 կավանոթի բեկոր: Սրանց պատերը ներքուստ ունեին այրված շերտեր, պղնձի ներդրումներ ու կաթիլներ: Դրանք ամենայն հավանականությամբ առաջացել էին կավանոթի և հալված, շիկացած մետաղի շփման արդյունքում, երբ հոսուն պղինձը, որպես կիսապատրաստուկ, լցրել էին գործառությունից դուրս եկած կավանոթների մեջ:

Կարող ենք վերականգնել պղնձի մշակման փուլերից մեկը: Հարստացված հանքաքարը հալել և պղնձի ձուլվածքը լցրել են 0,5-3 լիտր տարողությամբ կավանոթների մեջ՝ տեղափոխելով արհեստանոց: Հարկ եղած պահին ջարդել են կավանոթները, հանել են ձուլակտորները և դրանցից պատրաստել զենքեր, զարդեր, գործիքներ: Եթե արհեստանոցում հայտնաբերված կավանոթների ընդհանուր պարունակությունը՝ 0,5-3 լ x 10 անոթ=5-30 լ, բազմապատկենք պղնձի տեսակարար կշռով` 8,9, ապա կստանանք 45-270 կգ՝ միջին հաշվով 150 կգ, որը կհամապատասխանի որպես կիսապատրաստուկ այստեղ պահված պղնձի ընդհանուր քանակին(13): Դա իր ժամանակի համար հսկայական հարստություն էր:

Այդքան պղինձը պետք է նախատեսված լիներ ոչ միայն հին շենգավիթցիների կարիքները հոգալուն, այլ նաև առևտրի համար(14):

Պատահական չէ, որ Շենգավիթից ընդամենը 15 կմ հեռու հայտնաբերվել է «Երևանյան գանձը»՝ պղնձից պատրաստված, մի քանի տասնյակ կգ կշռով 22 բազմատեսակ զենք ու գործիք(15): Շենգավիթից հայտնաբերված մետաղյա իրերի, մասնավորապես կավանոթների բեկորների վրա պահպանված պղնձի նստվածքների և «Երևանյան գանձի» փորձանմուշների սպեկտրալ տարրալուծումները վկայում են, որ դրանք ունեն միևնույն քիմիական կազմը և ներմուծվել են Շամլուղ-Ալավերդու պղնձի հանքավայրերից(16): Այս հանգամանքը հիմք է տալիս՝ ենթադրելու, որ միևնույն հանքավայրից ստացված պղինձը և դրանցից ձուլված իրերը պետք է պատրաստված լինեին նույն վայրում՝ արհեստավորների կենտրոն Շենգավիթ քաղաքում:

Պեղումների արդյունքում Շենգավիթի վերին շերտերում բացահայտվել են քարաշար հիմքերով և հում աղյուսից շարված պատերով ինքնատիպ, մինչ այդ անհայտ հատակագծ ային լուծումով սենյակներ՝ ուղղանկյուն սրահներ և դրանց հարավարևելյան անկյուններում, հիմնական ծավալից շեշտված-առանձնացված, ուղղանկյունաձև հատակագծերով փոքրիկ խորշեր: Հատկապես տպավորիչ է շուրջ 150 քմ մակերեսով տունը, որտեղ կարող էր համատեղ ապրել նահապետական մեծ գերդաստանի մի քանի ընտանիք: Հենց այս դահլիճում հայտնաբերվել են պաշտամունքային իրեր՝ տարողունակ անոթ-խառնարան, որը, հավանաբար, նախատեսված է եղել ոգելից խմիչքների (գինի կամ գարեջուր) համար, տղամարդու ու կնոջ տուֆե և թրծակավե արձանիկներ և այլն: Այս ինքնատիպ հորինվածքով սենյակներում հայտնաբերված պաշտամունքային իրերը փաստում են, որ այս խորշերը նախատեսված են եղել ծիսակատարությունների համար կամ եղել են ընտանեկան աղոթատեղիներ:

Համայնքային, գուցե նաև ցեղային ծիսակատարությունների համար Շենգավիթում եղել են տաճարական հատուկ համալիրներ(17): Չի բացառվում, որ տարբեր աստվածությունների համար կառուցել են տարատեսակ հորինվածքներով տաճարներ: Դրանով կարելի է պայմանավորել միևնույն շինարարական հորիզոնում սրբարանների և պաշտամունքային հատուկ շինությունների առատությունը:

Վերին հորիզոնում հայտնաբերված կրակարան-օջախների մեծ քանակը ենթադրում է ավելի քան մեկ տասնյակ պաշտամունքային կառույցների համաժամանակյա գոյություն: Այս իրողությունը փաստում է, որ Շենգավիթը եղել է ոչ միայն վարչական, տնտեսական, մշակութային, այլև կրոնական կենտրոն, մի ինքնատիպ սրբազան քաղաք՝ տարբեր աստվածություններին նվիրված համաժամանակյա տաճարներով: Սրանց մեծ քանակը վկայում է, որ Շենգավիթում ձևավորված են եղել կրոնական բարդ համակարգեր և քրմական դաս:

Շենգավիթում եղել են նաև կշռի միասնական միավորներ: Հայտնաբերվել են կշռաքարեր պատրաստելու քարե և կավե կաղապար-էտալոններ: Ուշագրավ է, որ այստեղի էտալոնների կշռաչափերը համադրելի են Սիրիա-Պաղեստինյան տարածաշրջանում և Տրոյայում փաստագրված ու բրոնզի դարում միջազգային կիրառում ունեցած կշռի միավորներին: Վաղ բրոնզի դարի առևտրական հարաբերությունների մասին են վկայում նաև Ս. Սարդարյանի պեղած N 1 դամբարանում հայտնաբերված ապրանքադրամները։ Շենգավիթում փաստագրված պղնձի և հացահատիկի մեծ քանակը, կշռաքարեր պատրաստելու էտալոնները, կնիքները և ապրանքադրամները փաստում են, որ այստեղ եղել է վաճառականների դաս:

Շենգավիթյան մշակույթի կարևոր բնագավառներից է եղել նաև բրուտագործությունը: Պեղածո կավանոթների զարդարվեստը բացառիկ ճոխ է: Քիչ թե շատ կոկիկ հարդարմամբ գրեթե բոլոր կավանոթներն ունեն խորհրդավոր պատկերաքանդակներ: Չի բացառվում, որ դրանք հին պիկտոգրամաներ են, այսինքն՝ քրմերի համար եղել են կարդացվող գրեր, որոնք մենք ընկալում ենք լոկ որպես զարդանախշ:

Թաղումները կատարել են քաղաքատեղին շրջապատող պարսպապատից դուրս, լքված արվարձանում ձևավորված գերեզմանոցում(18): Պեղվել են ինչպես անհատական, այնպես էլ տոհմական դամբարաններ: Տարածված էր դիամասնատման ծեսը: Մինչ այժմ պեղված 15 դամբարաններից հայտնաբերված բոլոր 15 թաղումներն էլ կատարվել են շենգավիթյան մշակույթի եզրափակիչ փուլում, միջնաբերդի հարավարևմտյան, դեպի Երևանյան լիճն իջնող մեղմաթեք լանջին՝ քաղաքատեղիի լքված արվարձանում:

Խորացված սոցիալական շերտավորման մասին վկայում են դամբարաններում հայտնաբերված ոսկուց, արծաթից, բրոնզից, ինչպես նաև սարդիոնից, հասպիսից, գիշերից, մարմարից, տրավերտինից, կրաքարից, տուֆից, ոսկրից, ծովային խխունջներից, հախճապակուց և ապակուց պատրաստված զարդերը և ուլունքները:

Արբանյակ բնակավայրերով շրջապատված լինելը, հոծ կառուցապատումը, մեծաքանակ բնակչությունը, քաղաքաշինական բարդ պատկերը` կոթողային ճարտարապետությունը (աշտարակներով հզորացված պարիսպ), կլոր և ուղղանկյուն հատակագծերով պաշտամունքային տարաբնույթ շինություններն ու բնակելի տները, իշխանության խորհրդանիշները, արհեստավարժ վարպետների դասի առկայությունը, զարգացած արհեստագործությունը, մասնավորապես մետաղագործությունը, ոսկուց և կիսաթանկարժեք քարերից պերճանքի շքեղ նմուշները, հացահատիկի և այլ մթերքների պահեստ-շտեմարանների մեծ քանակը, միասնական կշռաչափի առկայությունը, ապրանքադրամները, վաճառականների խավի առկայությունը, արվեստի և պաշտամունքի առարկաների բազմաքանակությունը, ձևավորված կրոնական համակարգը և այլ բաղկացուցիչներ փաստում են շենգավիթյան հասարակության խորացած սոցիալական շերտավորման մասին: Այս հատկանիշները միանգամայն համադրելի են վաղերկրագործական տնտեսաձևից դեպի պետական կազմավորումները տանող հասարակության զարգացման, այսպես կոչված, «համակարգված վաղ հասարակություններին»(19): Ընդ որում՝ մի շարք հին մշակույթների համեմատությամբ (տրիպոլյան, մայկոպյան և այլն) շենգավիթյան մշակույթն ունի վաղ պետական հասարակություններին բնորոշ, հասարակության զարգացմանը նպաստող բազմաթիվ հատկանիշներ(20):

Շենգավիթի և՛ թաղման ծեսում, և՛ զարդարվեստում տեսանելի են հնդեվրոպական մտածողության և առասպելաբանության հետքեր, ինչը հետագայում՝ միջին և ուշ բրոնզի դարերում, համատարած բնույթ ստացավ ամբողջ Հայկական լեռնաշխարհում: Վերոհիշյալ փաստերը վկայում են, որ Երևանի տարածքում դեռևս վաղ բրոնզի դարում եղել է քաղաքային տիպի մի բնակավայր, որը համարվել է շենգավիթյան վիթխարածավալ մշակույթի կենտրոններից մեկը:

Երևանի տարածքում միջին բրոնզի դարի հնագույն վկայությունները փաստագրվել են ինչպես Շենգավիթ քաղաքատեղիում, այնպես էլ դամբարանադաշտում: 1950-ական թթ. տեխնիկայով հարթեցված քաղաքատեղիի վերին շերտին են պատկանում տնտեսական հորերի՝ ստորին հորիզոններում պահպանված հատվածները և դրանցում առկա հնագիտական արտեֆակտները: Եվ պատահական չէ, որ բնակավայրի եզրափակիչ փուլում կառուցված այդ հորերից վերցված փայտածխի փորձանմուշների տարրալուծումները Շենգավիթի վերին՝ ավերված հորիզոնը թվագրում են Ք. ա. 2300-2100 թվականներով(21):

Նշված դիտարկումները բացառիկ կարևոր են ոչ միայն Երևանի տարածքում, այլև ողջ Հայկական լեռնաշխարհում վաղ բրոնզի դարի երրորդ՝ եզրափակիչ փուլից միջին բրոնզի դարին անցնելու խրթին թնջուկը բացահայտելու գործընթացում: Խնդրո առարկայի վերաբերյալ շրջանառվող գիտական տեսակետներում գերակա են երկուսը.

ա) միջին բրոնզի դարի մշակույթը ծագում է վաղ բրոնզի դարի մշակույթի էվոլյուցիոն զարգացման արդյունքում,

բ) վաղ բրոնզի և միջին բրոնզի դարերի մշակույթների միջև առկա է խիստ հստակ սահմանաբաժանում, քանի որ դրանք հնագիտական տարբեր իրողություններ են(22):

Պեղումների և շերտագրական դիտարկումների հիման վրա այժմ կարող ենք եզրակացնել, որ շենգավիթյան մշակույթի խառնարանում են ձևավորվել «վաղ դամբանաբլուրների», բեդենյան, թռեղք-վանաձորյան, կարմիրբերդյան և սևան-արցախյան հնագիտական մշակույթների խեցանոթներին բնորոշ առաջնային տիպերը, ինչպես նաև զարդանախշի մշակութաստեղծ մի շարք էական հատկանիշներ: Հետևաբար եզրահանգել ենք, որ Հայաստանի միջին բրոնզի դարի մշակույթը սաղմնավորվել է վաղ բրոնզի դարում՝ շենգավիթյան մշակույթի ընդերքում և աստիճանաբար տարածվելով՝ ընդգրկել է ողջ Այսրկովկասը՝ ընդհուպ մինչև Կովկասյան մեծ լեռնաշղթան: Հայաստանում բրոնզի դարի պատմական զարգացման բոլոր շրջափուլերը ձևավորվել են էվոլյուցիոն զարգացման արդյունքում՝ միևնույն էթնոմշակութային հենքի վրա:

Ինչպես թռեղք-վանաձորյան, այնպես էլ կարմիրբերդյան մշակույթի միջին բրոնզի դարի գունազարդ կավանոթներ հայտնաբերվել են նաև Շենգավիթի դամբարանադաշտում և բնակատեղիում(23): Սա վկայում է, որ շենգավիթյան մշակույթի կործանումից հետո հնավայրի տարածքը վերածվել է դամբարանադաշտի, որտեղ իրենց մահացած համայնականներին թաղել են մոտակայքում հաստատված մարդիկ: Փաստորեն՝ մենք այստեղ ունենք վաղ բրոնզի դարից միջինի անցման վերաբերյալ խիստ արժեքավոր փաստարկներ, որոնք հիմնավորում են Երևանի տարածքի բնակեցման ժամանակագրական սանդղակի անխզելիությունը Ք. ա. III-II հազարամյակներում:

Շենգավիթ քաղաքատեղիի շերտերից վերցված փայտածխի՝ ռադիոածխածնային տարրալուծման մեթոդով ստացվող ամենավաղ տարիքը Ք. ա. 3300 թվականն է: Հետևաբար Շենգավիթն ունի առնվազն 5500 տարվա պատմություն: Այժմ մենք տոնում ենք Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակը, մինչդեռ Երևանի տարածքում հիմնադրված Շենգավիթ քաղաքատեղին Վանի թագավորության Էրեբունի ամրոցից գրեթե նույնքան հին է, որքան Էրեբունին` այժմյան Երևանից:

Հակոբ Սիմոնյան
Հայաստանի պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն
«Երևան-5» գիտական հոդվածների ժողովածու

 


  1. Շահազիզ Երվանդ, 2003. Հին Երևան, «Մուղնի» հրատարակչություն, Երևան, էջ 45; Байбуртян Е. А., 2011 (1938). Последовательность древнейших культур Армении на осановании археологического материала, Ереван, Издательство «Музей истории Армении», с. 26.
  2. Байбуртян Е. А., 2011 (1938), с. 21-37; Սարդարյան Ս., 1967. Նախնադարյան հասարակությունը Հայաստանում, «Միտք» հրատարակչություն, Երևան, էջ 164-167; Սիմոնյան Հակոբ, 2013. Շենգավիթ. շարքային բնակավայր, թե՞ վաղ քաղաք, «Հուշարձան» տարեգիրք, հատոր Ը, Երևան, էջ 5-53; Simonyan H., 2015. The Archaeological Site of Shengavit: An Ancient Town in the Armenian Higland. Fundamental Armenology № 1, p. 134-168; Simonyan Hakob and Rothman Mitchell S., 2015. Regarding Ritual Behaviour at Shengavit, Armenia. Ancient Near Eastern Studies, Volume: LII: Peeters, Louvain, p. 13.
  3. Есаян С. А., 1969. Ереван. Археологический очерк. Издательство «Айастан», Ереван, стр. 13:
  4. Кушнарева К. Х., 1993. Южный Кавказ в IX-II тыс. до н. э. Этапы культурного и социально-экономического развития, Санкт-Петербург, стр. 210.
  5. Հերոդոտոս, 1986. Պատմություն ինը գրքից, թարգմանությունը Սիմոն Կրկյաշարյանի, ԳԱ հրատարակչություն, Երևան, էջ 79:
  6. Крупнов Е. И., 1957. Древняя история и культура Кабардии. Москва, с. 42-43.
  7. Simonyan Hakob and Rothman Mitchell S., 2015, p. 11.
  8. Кушнарева К. Х., 1997. Ранние комплексные общества Южного Кавказа. Древние общества Кавказа в эпоху палеометалла (ранние комплексные общества и вопросы культурной трансформации). Санкт-Петербург, с. 72:
  9. Սարդարյան Ս., 1967, էջ 171:
  10. Массон В. М., 2000. Ранние комплексные общества Восточной Европы. Древние общества юго Восточной Европы в эпоху палеометалл (ранние комплексные общества и вопросы культурной трансформации). Санкт-Петербург, с. 135.
  11. Mellart J., 1967. Cathal Huyuk. A neolithic town in Anatolia. London; Սիմոնյան Հ. Ե., 2013, էջ 11:
  12. Кушнарева К. Х., 1997, с. 25.
  13. Սիմոնյան Հ. Ե., 2002. Շենգավթի շերտագրությունը, շինարարական և կառուցապատման սկզբունքները, «Հայաստանի հնագույն մշակույթը», N 2, Էմմա Խանզադյանի հոբելյանին նվիրված գիտաժողովի նյութեր, Երևան, էջ 18-25:
  14. Սիմոնյան Հ., 2012. Հայաստանը և միջազգային առևտուրը վաղ բրոնզի դարում // «Հայաստանի քաղաքակրթական ավանդը մետաքսի ճանապարհի պատմության մեջ», միջազգային գիտաժողով, 21–23 նոյեմբերի 2011 թ., էջ 18-37:
  15. Мартиросян А. А., Мнацаканян А. О., 1973. Приереванский клад древней бронзы, КСИА, вып. 134, с. 122-127.
  16. Meliksetian Kh., Pernicka E., Avetisyan P., Simonyan H., 2003. Chemical and lead isotope characterization of middle bronze age bronzes and some iron age antimony objects (Armenia). International conference Archaeometallurgty in Europe, Milan, Italy, Proceedinge, v. 2, p. 311-318.
  17. Սիմոնյան Հ. Ե., 2012. Շենգավթի «Հրո տաճարը»: Միջազգային գիտաժողով` նվիրված ակադեմիկոս Հովսեփ Օրբելու ծննդյան 125-ամյակին: Զեկուցումների դրույթներ, Երևան, էջ 103-106:
  18. Սիմոնյան Հ., 2008. Շենգավթի դամբարանադաշտը, «Հին Հայաստանի մշակույթը» – XIV, նյութեր հանրապետական գիտական նստաշրջանի, Երևան, էջ 81-93:
  19. Массон В. М., 2000. Ранние комплексные общества Восточной Европы. Древние общества юго Восточной Европы в эпоху палеометалл (ранние комплексные общества и вопросы культурной трансформации). Санкт-Петербург, с. 135-137.
  20. Սիմոնյան Հ., 2013, էջ 41:
  21. Hakob Simonyan and Mitchell Rothman S., 2015, p. 17.
  22. Кушнарева К. Х., 1993, с 92-93.
  23. Սարդարյան Ս., 1967, էջ 199, աղ. LXIX: