ԵՐԵՒԱՆԻ ԲԵՐԴԻ ԵՒ ԿՈԶԵՌՆ-ԿՈՆԴԻ ԵՆԹԱԴՐԵԱԼ ԱՄՐՈՑԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ

ԱԼԵՔՍԱՆ ՅԱԿՈԲԵԱՆ
ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտ
Բեռնել ռուսերեն տարբերակը

Արդի պատմագրութեան խնդիրն է՝ պատասխան տալ այն հարցին, թէ ե՞րբ, ինչո՞ւ, այսինքն՝ ո՞ր կոնկրետ պատմական փոփոխութիւնների արդիւնքում պիտի Երեւան քաղաքի կենտրոնը տեղափոխուէր Էրեբունի-Արինբերդից դէպի ներկայ կենտրոն։ Պատասխաններն անպայման պիտի գտնել՝ գոնէ փարատելու համար ադրբեջանցի եւ թուրք պատմաբանների այն «կասկածը», թէ Էրեբունին ու հետագայ Երեւանը (Երեւանի բերդի շուրջը) նոյն քաղաքները չեն։

Ներկայումս կարելի է նշել, որ ըստ աղբիւրագիտական ողջ յայտնի նիւթի մեր քննութեան՝ բաւականին իւրօրինակ Երեւանի բերդը (Ք.ա. 782 թ. Բիաինելէի հզօր Արգիշթէ Ա արքայի հրամանով ամայի վայրում հիմնադրուած Արինբերդ – Երեբոն – Էրեբունէից 4 կմ հեռու), որի տեղը Հրազդանի ձորափին բնականից պաշտպանուած է միայն մէկ՝ արեւմտեան կողմից, կարող էր կառուցուած լինելՔ. յ. Զ դ. վերջին, Սասանեան Իրանի եւ Բիւզանդիայի միջեւ Հայաստանի երկրորդ բաժանման արդիւնքում։

Սեբիոս պատմիչը, ով իր երկը գրել է 3 փուլով (643, 650 եւ 659 թթ.), դրանցից առաջինում նկարագրելով Մեծ Հայքի 591 թ. բաժանման տուեալ սահմանագիծը՝ նշել է Հրազդան գետը, ապա Կոտայք գաւառը (բիւզանդական մասում)՝ մինչեւ Գառնի գիւղաքաղաք (աշխարհացոյցեան Մազազ գաւառում), որը բոլորի համոզմամբ՝ պարսից մասում էր։ Սրան աւելանում է յունարէնով պահպանուած՝ «Նառացիո» կոչուած հայ քաղկեդոնական աղբիւրի ու նրան յանգող Արսէն Սափարելուվրացական մի երկի տեղեկութիւնը, ըստ որի՝ Զ դ. վերջերին Հայոց Մովսէս Եղիվարդեցիկաթողիկոսը (574-604 թթ.) ասում էր, թէ չի անցնի Ազատ գետը ու չի գնա խոնարհուելու հոռոմերին։ Նաեւ ըստՅովհաննէսԴրասխանակերտցու. «Յետայսորիկ, ըստ հրաման իկայսերն Մաւրկայ, զՅոհանոմն ի գաւառէ Կոգայի Բագարան գեղջ է կացուցանեն կաթողիկոսյունական կողմանն՝ բնակեցուցանելով զնա ի քաղաքագիւղն Աւան, ուր եւ շինեացն իսկ ինքնին Յոհան զպայծառակերտ քաւարանն սուրբ եւ շուրջանակի նորայարդարեացկալուածսկայանի ի ւրոյ։ Իսկ մեծ հայրապետն Աբրահամ, ըստ նախասաց բանին, ի Դուին քաղաքի բնակէր ի Պարսից բաժնի անդ, վասնզի գետն Ազատ զսահման բաժնից ներկոցունց ընդմէջ հատանէր»։ Ակադ. Սուրէն Երեմեանը եւ Բաբկէն Յարութիւնեանն իրենց քարտէզներում, ցաւօք, անտեսել են Սեբիոսի վկայութիւնը եւ Կոտայքի (որտեղ Աւան գիւղն էր՝ բիւզանդամէտ հայերի հիմնած հակաթոռ կաթողիկոսարանով) ու Ոստան Հայոց գաւառի միջեւ (կոչուած նաեւ Ոստան Դւնայ՝ Դուին եւ Արտաշատ մայրաքաղաքներով) սահմանը Արաքսից դէպի Գառնի բարձրացրել լոկ Ազատ գետով։ Այնինչ պարզ է, որ աղբիւրագէտը պարտաւոր է սահմանը գծել ե՛ւ Հրազդանով (նրա ստորին հոսանքով), ե՛ւ Ազատի գետագծի ինչ-որ կտորով՝յետոյ էլ հասցնելով Գեղամայ լեռնաշղթային(որով անցնում էր Այրարատ նահանգի սահմանը Սիւնիքի հետ)։

Արդ՝ Հրազդանի ափագծի ո՞ր կէտից պիտի Ոստան Հայոցի սահմանը թեքուէր ա-րեւելք ու գնար դէպի Ազատի գետահովիտ։ Այստեղ է առաջ գալիս Երեւանի բերդի խնդի-րը, որը գտնւում է նոյնանուն Էրեբունէ-Երեւանից շուրջ 4 կմ հիւսիս-արեւմուտք։ Ըստ էութեան՝ ակնյայտ է, որ այդ բերդը ինչ-որ մի պահի կառուցուել է Էրեբունէ-Երեւան բնա-կավայրի համայնքային հողատարածքի մի անկիւնում (վերջինս գոնէ բիայնական եւ աքեմենեան շրջանում՝ խոշոր քաղաք էր, որը Ք.յ. Բ դարում*Տերուան(<Տերուա,Τερούα) ձեւով, թերեւս, յայտնի էր նաեւ ԿլաւդիոսՊտղոմէոսին, իսկ Ե դ. վերջում՝ «Հնոց ու նորոց պատմութիւն Դաւթի եւ Մովսէսի Խորենացւոյ» վերտառութեամբ մի փոքր երկի անանուն հեղինակին՝ ըստ Անժելա Տէրեանի եւ այլոց), ինչի պատճառով էլ ահա ստացել է նոյն ա-նունը. այլ ոչ թէ՝ քաղաքի բնակչութիւնը կամաց-կամաց է տեղափոխուել Էրեբունէ-Արինբերդից դէպի ներկայ կենտրոն («մի կողմի վրայ տարածուելու հետեւանքով», ինչպէս շտապողաբարպնդումէրԿարօ Ղաֆադարեանը)։Ըստ այսմ՝ երկու գաւառների սահմանը չէր կարող անցնել Էրեբունէի ու նոր բերդի արանքով, եւ բնակավայրի ողջ հո-ղատարածքը պիտի լինէր գաւառներից կա՛մ մէկում, կա՛մ միւսում։

Վերոնշեալ գիտնականները հետեւել են ԺԳ դ. մատենագիր Վարդան Արեւելցուն, ով իր «Աշխարհացոյց»-ում Կոտայք գաւառի մասին գրում է, թէ այնտեղ էին Ձագավանքն ու Երեւանը։ Սակայն մենք ունենք աւելի հաւաստի մի աղբիւր յաջորդ ԺԴ դ. սկզբից՝ Տիրացու ժամանակագրի վկայութիւնը, ով իր ընդօրինակած (1336 թ., Սուրխաթում) Վարդան Այգեկցու Ժողովածոյի վերջում թողած Յիշատակարանում գրում է. «Ես Տիրացու ողորմելի ծոյլ քհ մեղօք ի լի, ի գաւառէն Արշատի, ի քաղաքէն Երեւանի, որդի Սարգիս քհի, որ է եւ էր ի խեղճ հալի, յօտար աշխարհս այս եկի, ի Ղրիմ քաղաքս Աւզպէկղանի, յեկեղեցիս պարոն Շահնշահի. զգիրքս գրեցի զՎարդանի…»: Ահա այս Արշատ գաւառանունը՝ գրուած պատուոյ նշանի տակ, այլ բան չի նշանակում, քան Ար[տա]շատ, եւ այլ բանի չի վերաբերում, քան աշխարհացոյցեան Ոստան Հայոց գաւառին (լաւ յայտնի է նաեւ, որ Վարդան Արեւելցին յաճախ ելնում է իր ժամանակի փոփոխուած իրողութիւններից եւ գաւառները ներկայացնում շատ աւելի մեծ ընդգրկումով, քան Է դարի անանուն հեղինակի «Աշխարհացոյց»-ում էր)։ Արդ՝ եթէ պատկերացնենք Երեւանն իր նշուած հողատարածքներով Ոստան Հայոց գաւառում (աւելի կոնկրետ՝ նրա հիւսիս-արեւմտեան անկիւնում), այդ դէպքում մենք հասնում ենք Հրազդանի ձախ մեծ վտակ Գետառի հին հունի խնդրին։ Բանն այն է, ինչպէս ակնյայտ ցոյց է տալիս աշխարհագրական հորիզոնականների դիտարկումը, սկսած Աբովեան պուրակին արեւելքից յարող հատուածից Գետառի ներկայ հունը լոկ ջրանցք է, որ տարել են Նորք-Մարաշի ու Այգեստանի լանջերի փեշերով՝ խնդիր ունենալով ոռոգել իր այգիներով յայտնի Երեւանի կենտրոնն ու հարաւը մինչեւ Ջրվէժ գետին հասնելը («Հայրենիք» կինոթատրոնի դիմաց)։ Ըստ այդ նիշերի՝ հին Գետառը հոսել է Աբովեանի պուրակով մինչեւ «Պոլիտեխնիկ», թեք-ուել դէպի Ֆրանսիայի հրապարակ, ապա Մաշտոցի պողոտայի ու Կողբացու փողոցի արանքով հասել քաղաքապետարանի հրապարակ եւ Գինու գործարանի առջեւով Հրազ-դանին միացել՝ ուշ միջնադարում կառուցուած Կարմիր կամուրջ իջնող մի ձորակով.այն լաւ երեւում է Վ. Նազարեւի 1858 թ., Ա. Ստոցկու 1865 թ., Ղ.Ալիշանի 1880 թ. եւ ուրիշների յատակագծերում («պլաններում»)։Դրանցում լաւ երեւում են քաղաքի կենտրոնի հիւսիս-արեւելք – հարաւ-արեւմուտք առանցքով անցած Գետառի պատմական հունի գիծը մատնանշող՝ ԺԹ դարի հորիզոնականները (երախտապարտ եմ շատ երկրաբանների ու ճարտարապետների, ովքեր ինձ հետ մանրակրկիտ քննարկել են այսհարցը, եւ յատկապէս՝ Հայկ Մէլիք-Ադամեանին ու Երեւանի երախտաշատ կրկնակի գլխաւոր ճարտարապետ Գուրգէն Մուշեղեանին), ինչպէս նաեւ Կոզեռն-Կոնդի բլրի հարաւային, ըստ ամենայնի՝ բերդակիր բարձունքը:

Բացի այդ՝ լաւ յայտնի է, որ ախոյեան Սասանեան Իրանն ու Բիւզանդական կայս-րութիւնը Հայաստանի եւ Միջագետքի թէ՛ առաջին, թէ՛ երկրորդ բաժանման ժամանակ իրար դէմ անընդհատ սահմանաբերդեր էին կառուցում, որոնք դիմացինն անխնայ քանդում էր իր յաջողութեան դէպքում (օրինակներ՝ Դարա – Մծբին, Կիթառիճ – Ափում, Քղիմար – Նփրկերտ, 591 թ. աղստեւեան սահմանագծում՝ Կայծոն – Կայեան, թերեւս՝ Հաղարծին – «Աշոտ Երկաթի» բերդ եւն. հմմ. նաեւ «Աշխարհացոյց»-ում. «ամենայն քամ ի լերանց Հայոց ի Դկղաթ իջանէ, նախ՝Քաղիրթ, որ բղխէ ի լերանց Սալնայ եւ Սանասնոյ, եւ իջեալ կտրէ յիրերաց զՆփրկեր[տ] եւ զՔղիմար, որով բաժանեցան Հոռոմք եւ Պարսիկք»)։ Եւ ահա թւում է, որ Երեւանի բերդն էլ կառուցուել է Հրազդանով ու Գետառով անցնող սահմանագծի վրայ Սասանեանների կողմում (անշուշտ, արքայից արքայ Խոսրով Ապրուէզի հրամանով, բայց, ինչպէս ընդունուած էր՝ լաւագոյն հայ վարպետների ձեռքով)։ Ընդ որում, դիմացն էլ՝ Կոզեռնի կամ Կոնդի կոչուող բլրի հարաւային ծայրի ուռուցիկ գա-գաթին (պաշտպանական տեսանկիւնից՝ յարմար), բիւզանդական Մաւրիկիոս կայսրն է իր բերդը կառուցել (կամ գուցէ՝ լոկ ամրացրել. իբրեւ վարկած՝ այս բերդը, գուցէ, կրել է մի յունահունչ անուն՝*Կոծեռոն-Կոզեռոնի նման, որը յետոյ ժողովուրդը ստուգաբանել է բաւականին անմիտ «Կոզեռն»՝ «ուղտի ձագ» իմաստով. ի դէպ, իմ կարծիքով՝ շատ աւելի մեծ է հաւանականութիւնը, որ Յովհաննէս Տարօնեցի Կոզեռն վարդապետի մականունն է ԺԱ դարում առաջացել տուեալ թաղամասի անունից, այլ ոչ թէ՝ հակառակը)։ Ահա այս դէպքում է պարզ դառնում, թէ ո՛ր պատմական պահին է արդիական դարձել Կոնդի Ս. Սարգսից դէպի հարաւ՝ ըստ էութեան բաց դաշտում (լոկ արեւմուտքից եւ մի փոքր էլ հիւսիսից բնական պաշտպանուած) եւ այն էլ՝ բաւականին մեծ չափերի ամրոցի կառուցումը։ Այն, իհարկէ, դեռ բազմիցս ամրացուել է հետագայ դարերում (նաեւ՝ ԺԶ-ԺԸ դդ. մահմեդական խաների ու փաշաների կողմից), բայց՝ ոչ աւելին. աղբիւրներում եւ գրականութեան մէջ առաւել յայտնի է 1583 թ. Օսմանեան զօրավար Ֆարհադ փաշայի կատարած աշխատանքը, որն ամրացրեց կամ, միգուցէ՝ անգամ զուգահեռ գծով հիմքից կառուցեց դէպի Իրանի կենտրոն ուղղուած հարաւային պարիսպները, որ մինչ այդ, բնականաբար, ամենաթոյլն էին)։ Իսկ նրա կառուցումն էլ հէնց շատ հասկանալի պատճառ է դարձել, որպէսզի Էրեբունէ-Երեւանի բնակչութիւնը կազմակերպուած եղանակով տեղափոխուի յարակից տարածք, մասնաւորապէս՝ հին Գետառի ափը, արդի քաղաքի կենտրոնը, որը նախկինում լոկ այգեստան-հողակտոր էր։ Ի դէպ, ամրոցի հիւսիս-արեւմտեան անկիւնում 4 յարկի խորութեամբ պահպանուած կազեմատների պա-տերը մեզ վրայ աւելի շատ վաղ միջնադարի պաշտպանական ճարտարապետութեան տպաւորութիւն են թողնում։Այդ կազեմատներից դէպի հիւսիս-արեւելք եւ դէպի հարաւ մի քանի կիլոմետրանոց գաղտնուղիներ են գնում, որ ամենից շատ են գրաւում զբօսաշրջիկ-ներին։ Ես հաւանական եմ համարում, որ այդ գաղտնուղիներից առաջինի ելքը հետագայում վերածուել է ԺԴ դարով թուագրուող՝ այսպէս կոչուած մոնղոլական գետնափոր դամբարանի (9 մ խորութեամբ), որը վերջին տասնամեակներում յայտնաբերուեց Ստանի-սլաւսկու անուան թատրոնի հարեւանութեամբ։ Իսկ երկրորդ գետնուղու ելքը, կարծես թէ, նշմարւում է Երեւանեան լճի ձախափնեայ ձորալանջին, Կողբ թաղամասում։

Է դարի սկզբին «Գիրք թղթոց»-ում պահպանուած՝ Աբրահամ Աղբաթանեցի կաթողիկոսի յայտնի նամակում յիշատակուող Երեւանը(«Դաւիթ, Երեւանայ երէց»), անկասկած, արդէն այս նորապատկեր բնակավայրն էր։ Նշեմ, որ Երեւանի բերդ է յիշուած նաեւ Սեբիոսի երկի որոշ ուշ ձեռագրերում (աւելի վաղ երկու գրչագրերի ընթերցումը«Հէրեւան»է). Որդսպուի եւ Արծափի բերդերից առաջ այն անյաջող շրջապատել էր արաբական զօրաբանակներից մէկը 647 կամ 648 թ. արշաւանքի ժամանակ։ Սակայն քանի որ արշաւանքի երթուղին դեռ չէր հասել Այրարատին, ուսումնասիրողները հակուած են Երեւանի փոխարէն վերականգնել այլ հաւանական տեղանուններ, օր.՝ Թադ. Ավդալբէգեանը՝ Առեստաւանը Բերկրիի մօտ (ենթադրելով նախնական «*Երաստաւան» տարբերակ), Գեւորգ Աբգարեանը՝Հէրը (վերականգնելով «*Հէր եւ անդ…»), Էդ. Դանիէլեանը՝ Հերեան գիւղը Հարք գաւառում (Դաւիթ Անյաղթի ծննդավայրը)։ Յիշեմ նաեւ, որ Ժ դարում Յովհաննէս Դրասխանակերտցին է մի այլ ուշագրաւ վկայութիւն պահպանել Է դարի Երեւանի մասին, ընդ որում՝ յղելով իր նախորդ պատմագիրներին. «Դաւիթ, որ էր ի պարսիկ տոհմէ յազգէ թագաւորաց՝ աստանաւր եկեալ առ իշխանն մեծ Գրիգոր՝ խնդրէ առ ի նմանէ տալ իւր զքրիստոսական դրոշմն, զոր եւ խնդութեամբ իսկ զնա ընկալելալ՝ հրամայէ կաթողիկոսին Անաստասայ տալ նմա զկնիք մկրտութեանն սրբոյ։ … որ զկնի ամաց իսկ ի Դուին քաղաքի ընկալաւ զմարտիրոսական պսակն։ Յայնմ ժամանակի ասեն լինել զկռիւն, որ ի քաղաքագիւղն Երեւանի, զոր եւ բաւական քեզ ուսուցանեն զայնր պատերազմի զհանգամանս որ նախ քան զմեզ զնա պատմագրեցին»։ Իսկ ԺԲ դարի ժամանակագիր Սամուէլ Անեցին մէկ անգամ յիշատակում է այսպէս. «ՈԿ [=660 թ.]՝ Երեւանու կռիւն, յորում զզիարդն գտցես առ պատմագրութիւնս, առաջնոցն՝ Շապուհ եւ Ասողնիկ յիշեն»։ Անեցու այս պնդումը շփոթութեան վրայ հիմնուած սխալ է համարել Կարծեցեալ Շապուհ Բագրատունու «Պատ-մութեան» հրատարակիչ Մեսրոպ եպ. Տէր-Մովսիսեանը,իսկ Մարգարիտ Դարբինեան-Մէլիքեանը տուեալ ճակատամարտի ժամանակը, որ պիտի կապուի Դաւիթ Դւնեցու նա-հատակութեան տարուայ հետ (693 կամ 701 թ.), վերագրել է (գուցէ եւ՝ շտապողաբար) 700-704 թթ. արաբական արշաւանքի շրջանին։

Կարեւոր է արձանագրել նաեւ հնագիտական նիւթի մատուցած ուշագրաւ պատկե-րը։ Ինչպէս լաւ երեւում է 1969 թ. Ստ. Եսայեանի հրատարակած հնագիտական ամփոփիչ մենագրութիւնից եւ հետագայ աւելի փոքր անդրադարձերից (Հայկ Յակոբեան, Ֆրինա Բաբայան, Աղաւնի Ժամկոչյան), Երեւանի կենտրոնի հատուածում անտիկ եւ վաղ միջնա-դարի հատուկենտ նիւթեր յայտնաբերուել են միայն Գետառի՝ մեր վերհանած վաղն-ջական հունի լոկ արեւմտեան ափերին, Կոնդ-Կոզեռնի բլրի փեշերին (Օպերայի շէնքի տակ եւ Յովհ. Թումանեանի տուն-թանգարանի մօտերքում)։

Կոնդի ամրոցը ցայսօր հնագիտօրէն փաստագրուած չէ։ Բայց Կոնդի բլրի՝ ամենայն հաւանականութեամբ՝ բերդակիր լինելու վարկածի առումով չափազանց ուշագրաւ են Կարօ Ղաֆադարեանի կռահումները։ Տե՛ս, օր.՝ «Կարելի է ենթադրել, որ Կոնդի հին եկեղեցին [Ս. Յովհաննէսի տեղում, մինչեւ 1679 թ. երկրաշարժը – Ա.Յ.] հայոց բերդի եկեղեցին է եղել վաղ միջնաբերդում»։ Մի փոքր յետոյ՝ արդէն մանրամասն. «Տարբեր ժամանակներում Երեւանն ունեցել է տարբեր բերդեր։ … Եթէ նկատի ունենանք հին Երեւանի թաղերը (եւ յատկապէս Շհարը), կարծում ենք, որ քաղաքի բերդը կառու-ցուած պէտք է լինէր Կոնդի բլուրի վրայ, այսինքն՝ այն ժամանակուայ քաղաքի միակ յարմար տեղում, որն իշխում էր շրջապատի վրայ, գտնւում էր քաղաքի գլխին եւ մօտիկ էր Հրազդան գետին»։

Մենք լաւ գիտենք նաեւ, որ 610 թուականից սկսած բիւզանդացիները ջախջախուե-ցին եւ մինչեւ Կոստանդնուպոլսի դարպասներն ու Եգիպտոս հալածուեցին Սասանեան արքայ Խոսրով Ապրուէզի բանակների կողմից, որոնց շարքում նաեւ հայկական զօրաջո-կատներ կային,ըստ ամենայնի՝ նախկինում Վրկանի նշանաւոր մարզպան Սմբատ Բագրատունու հրամանատարութեամբ (ով յետագայում, 616/618 թ. «Պարսից» ժողովիցյե-տոյ դարձաւ առաջին «իշխան Հայոց»-ը)։ Արդիւնքում հայ ժողովուրդն ունեցաւ հետեւեալ խիստ բարեբախտ պատմական իրողութիւնները. ա) վերացաւ Մեծ Հայքի երկդարեայ բա-ժանումը (385/387 թուականից ի վեր); բ) ստեղծուեց Հայոց ինքնավարութեան լրջագոյն՝ «իշխան Հայոց»-ի հաստատութիւնը, որը հետագայում պահեցին ե՛ւ կայսրերը, ե՛ւ խալի-փաները, եւ որը Թ դ. վերջին վերաճեց Բագրատունեաց թագաւորութեան (այդժամ ստեղ-ծուեցին նաեւ «իշխան Վրաց» եւ «իշխան Աղուանից»հաստատութիւնները); գ) Հայոց եկե-ղեցին Տիզբոնում 616/618 թ. գումարուած «Պարսից» ժողովի վճռով արժանացաւ Սասա-նեան տէրութեան մէջ ամենաբարձր կարգավիճակի (այդ ժողովի առիթով էլ շարադրուեց «Աշխարհացոյց»-ը՝ մի ծրագրային տեղեկատու փաստաթուղթ հայկական պատուիրակութեան համար, որը նշում էր միաւորուած Հայաստանի տեղը եւ սահմանները՝ ողջ օյկումե-նէի համատեքստում)։ Եւ այդ ժամանակ է՝ թերեւս, որ Գետառի հին հունը կորցրեց իբրեւ սահմանաբաժանի՝ իր արդիականութիւնը (այդպէս եւ՝ հաւանաբար, էապէս աւերուած Կոնդ-Կոզեռնի բերդը)։ Ջրի մեծ մասը դէպի Ջրվէժ վտակ տանելուց յետոյ այդ հունը վերածուեց սոսկ կենտրոնի այգիներն ու բերդի խանդակը ջրով մատակարարող ջրանցք-առուի։ Իսկ 1864 թ. ցարական իշխանութեան որոշումով բերդը քանդելուց յետոյ(1950-ա-կան թթ. նրա հիւսիսային եւ յարակից ձորափնեայ պարիսպների հարթեցուած աւերակ-ների վրայ Ռաֆ. Իսրայէլեանի հանճարեղ նախագծով կառուցուեց Գինու գործարանի բերդանման շէնքը), ինչպէս նաեւ Յաղթանակի կամրջի, Մաշտոցի պողոտայից դէպի այն տանող լայն փողոցի եւ Ս. Սարգիս եկեղեցու եւ Գինու գործարանի տակով անցնող Նորա-գաւթի զօրեղ ջրանցքի կառուցումով իր հետքերը յաւէտ կորցրեց նաեւ Գետառի՝ Հրազդան թափուող ձորակը:ԻսկԵրեւանիբերդիհիւսիսային կաւաշէն պարսպա-պատիհարթեցմանպատճառով արդի Արգիշթէի փողոցը բնահողի համեմատ բարձր է մօտ 1,5 մետրով։

Վերջերս Կոնդում 3 անգամ՝ տեղի բնակիչների, ինչպէս նաեւ հնագէտներ Գագիկ Սարգսեանի եւ Ֆրինա Բաբայեանի հետ շրջելիս՝ ամենից տպաւորիչը 1-1,5 յարկանի տներով յիրաւի ամրոցաձեւ կառուցապատումն էր՝ ուղիղ բլրագագաթին աստղաձեւ փոք-րիկ հրապարակով։ Իսկ կէս կմ երկարութեամբ մէկ շարքով, կիսաշրջանաձեւ, 12 մ լայ-նութեամբ եւ մինչեւ 1,5 մ հաստութեամբ պատերով մելիքական, խանական, հիւրանոցային տները, բաղնիքը, որ ըստ ամենայնի ծառայել են քաղաքի մահմեդական ընտրախաւին եւ մեր օրերում նկարագրուել Մարիետա Գասպարեանի ու«Պոլիտեխնիկի» մագիստրանտներ Ս. Մանասեանի եւ Մ. Առաքելեանի կողմից (արժանանալով Ֆ. Բաբայեանի եւ Աղաւնի Ժամկոչեանիդրուատանքին), իմ ենթադրութեամբ՝ 1679 թ. աւերիչ երկրաշարժից յետոյ Սեֆեան շահի հրամանով Երեւանը վերականգնող խանական-կուսակալական վարչակազմը կառուցել է հին բիւզանդական ամրոցից մնացած պարիսպների հիմքերի վրայ։Այդ շարքն աւարտւում էամենահարաւում՝ Լէօ եւ Պարոնեան փողոցների հատման կէտի վերեւում յառնող լանջին առկայ՝1687 թ. արաբերէն կարճ վիմագրով Հաջի Նովրուզ Ալիբեկի կառուցած պարսկական մզկիթի պատերի մնացորդներով (Երեւանի Յուշարձանների համահաւաքում թաղամասի անու-նով կոչւում է Թափաբաշիի մզկիթ), որի մի շինութիւնը կանգնած է թւում ֆրանսիացի ուղեգիր Ժան Շարդէնի 1672-1673 թթ. նկարագրած՝ Երեւանի հին կամ վաղնջական կոչուած աշտարակի («Tour antique à Irwan») հիմքերի վրայ (ճանապարհորդի ուղեկիցը երկու տարբերակով նկարել է դա մօտաւորապէս Այգեստանի բարձունքից). արդեօ՞ք՝ դա Զ դարի այն «բիւզանդական» բերդից չի պահպանուած։
Շարդէնի նկարագրութիւնը հետեւեալն է.«Եպիսկոպոսարանի մօտ [հետագայի՝ Ս. Սարգիս կամ աւելի մեծ հաւանականութեամբ՝ Ս. Զօրաւոր եկեղեցին է– Ա.Յ.] գտնւում է մի հին աշտարակ՝ կառուցուած կոփածոյ քարից։ Ես չկարողացայ իմանալ նրա շինու-թեան տարին եւ ո՞ւմ ձեռքով եւ ի՞նչ նպատակով շինուած լինելը։ Արտաքուստ նրա վրայ երեւում են արձանագրութիւններ. տառերին նայելով՝ հայերէնի են նման, բայց հայերը չեն կարողանում կարդալ։ Այդ աշտարակը հին է եւ ունի մի առանձին ճարտարապետական ոճ։ Մէջը բոլորովին դատարկ է, իսկ չորս կողմը կան բազմաթիւ աւերակներ, որոնց դիրքին նայելով՝ կարելի է եզրակացնել, որ այդտեղ շինուած է եղել մի վանք, իսկ աշտարակը եղել է նրա մէջ։ Եպիսկոպոսարանի դէմ առ դէմ գտնւում է մի մեծ շուկայ…»։ Աւելի նոր (Ս. Բոչոլեանի) թարգմանութիւնն է. «Քաղաքում կան բազմաթիւ եկեղեցիներ: Գլխաւորներն են՝առաջնորդարանը, որը կոչւում է Իրկու-երես[ֆրանսերէն՝ «Ircou-yerize, c’est à dire deux visages»– Ա. Յ.], եւ Կաթողիկէն: … Եպիսկոպոսարանի մօտ կայ մի հին, սրբատաշ քարերով կառուցուած աշտարակ, որին կարը տեղադրել եմ այստեղ: Ես չկարողացայ իմանալ նրա ո՛չ կառուցման ժամանակը, ո՛չ կառուցողին եւ ո՛չ էլ՝ թէ ինչ նպատակի է ծառայել: Դրսից կան արձանագրութիւններ, որոնք տեսքով նման են հայերէնին, բայց հայերը չեն կարողանում դրանք կարդալ: Այս աշտարակը հնամենի [բառացի՝ անտիկ – Ա.Յ.] աշխատանք է եւ եզակի է իր ճարտարապետութեամբ: Այն ունի արտաքին պատեր եւ ներքին տարածութիւն: / Դրսում եւ շրջակայքում կան բազմաթիւ աւերակներ, որոնց տեղադրութիւնից կարելի է ենթադրել, որ այնտեղ եղել է վանք եւ սրա կենտրոնում այդ աշտարակն է վեր բարձրացել»։
Այս աշտարակի պատին հայերէն տառերով, բայց հայերի համար անհասկանալի արձանագրութիւնների առիթով խիստուշագրաւ է ԱւանիԶ դարիյովհանաշէն եկեղեցու արտաքուստ արեւելեան պատի վրայի երկլեզուեան արձանագրության զուգահեռը (փո-րագրուած, վերծանողի վերջնական եզրայանգմամբ՝ 633 թ.)։

Նրա բնագրում բառերից հինգը հայերէն են (ընդ որում՝ երկուսը՝ պատուոյ նշանի տակ համառօտուած), բայց միւս բառերից երեքըյունարէնեն, իսկ երկուսն էլ՝հայերէն ծածկագիր, այսինքն՝ սովորական հայ մարդու համար՝ հասկանալի չեն։ Ըստ Կ. Ղաֆադարեանի նկարագրութեան՝ «Այդ արձանագրութիւնը փորագրուած է հնագոյն բոլորաձեւ երկաթագիր գրով, որի մէջ, երկրորդ տողում, կան հունարէն գլխագիր բոլորաձեւ գրով գրուած բառեր։ Հայերէն գրերի մէջ էլ կան անհասկանալի բառեր արձանագրութեան առաջին տողում եւ վերջաւորութեան վրայ։ Արձանագրութիւնն սկսւում է «Տէր Եզր…» եւ այնուհետեւ հինգ բաղաձայն գրերից հետո «Կաթողիկոս» բառով, ուստի եւ պատկանում է եօթերորդ դարի երեսնական թուականներին, որովհետեւ Եզրը կաթողիկոս է եղել 630-ից մինչեւ 641 թիւը»։ «Աւանի երկլեզուեան ծածկագիր արձանագրությունը» աշխատանքի վերջին ամփոփումների մէջ տե՛ս նաեւ. «արձանագրութիւնը կազմել են Աւանի տաճարի քաղկեդոնիկ միաբանները, առանց Եզրի անմիջական մասնակցութեան, նրա դաւանափոխութեան առթիւ… / …հետեւապէս եւ Աւանի արձանագրութիւնը փորագրուած պէտք է լինի 633 թուականին»:

Այս եռատող վիմագրի վերծանութիւնն է. «ՏԷՐԵԶՐՉՌԼԿԶ [=ՀԱՅՈՑ] ԿԱԹՈՂԻԿՈՍ, ՃՇՄԱ/ՐԻՏΔΩΛΟΣΤΩΘΕΩ [=ԾԱՌԱՅԱՍՏՈՒԾՈՅ]: ՍԱՄԷՂՇՌԱ/ՌԼ [=ԾԱՌԱՅ]ՔՐԻՍՏՈՍԻ»:
Այն, որայսեզակիաշտարակը ցայսօր չի դարձել հայ արուեստի եւ ճարտարապե-տութեան պատմաբանների լրջագոյն քննութեան առարկայ, ես ենթադրաբար բացատրում եմ նրանով, որ առաջին հայեացքից այն մի փոքր նմանութիւն ունի մահմեդական աշ-տարակ-դամբարաններին (օր.՝ Նախիջեւանում՝ ԺԲ դարի Մոմինէ խաթունինը կամ Ար-գաւանդ-Ջաֆարաբադում՝ 1413 թ. Կարա-կոյունլու էմիր Փիր-Հուսէյնինը)։ Սակայն վեր-ջիններիս վրայ ոչ մի դէպքում չէր կարող լինել ոչ միայն հայերէն տառերով վիմագիր արձանագրութիւն (անկախ նրանից, որ Շարդէնի ծանօթ հայերը դա չէին վերծանում), այլեւ կենդանիներիայնպիսի պատկերները, որպիսիք յստակ երեւում են Շարդէնի նկարում։ Այնինչ, մեր կարծիքով՝ աշտարակն ամենից աւելի նման է Աթենքում պահպանուած այսպէս կոչուած «Քամիների աշտարակին», որը կանգնած է Հելլադայի մայրաքաղաքի Ակրոպոլիսի բլրի տակ եւ թուագրում է հռոմէական ժամանակաշրջանով՝ Ք.ա. Ա դարի կէսով։ Կարելի է լիովին ընդունելի համարել նաեւ 2016 թ.Արմէն Միքայելեանի մանրամասն փաստարկուած տեսակէտն, ըստ որի Շարդէնի նկարների աշտարակն, ամենայն հաւանականութեամբ, եղել է ջրի պահեստարան-աշտարակ (անգլերէն՝ water tower)։

Վերջում լրացնեմ նաեւ, որ Գետառի հունի մի կէտից, թերեւս,Կենդանաբանական այգու ձորակով դէպի հարաւ-արեւելք մինչեւ Ազատ գետ ձգուող՝ Աբովեանի եւ Արտաշատի շրջանների (կամ ներկայիս երկու մարզերի՝ Կոտայքի եւ Արարատի) սահմա-նագիծը, ըստ ամենայնի՝ համապատասխանում է հինաւուրց՝ Կոտայքի ու Ոստան Հայոցի գաւառաբաժան գծին. այդ գծով բաժանուել են դէպի հիւսիս՝ Ջրվէժ, Ողջաբերդ, Գեղադիր, Հացաւան գիւղերի, իսկ դէպի հարաւ՝ Շոռբուլաղ, Ջրաշէն, Նուբարաշէն, Բարձրաշէն բնակավայրերի համայնքային հողատարածքները:
Եւամփոփելով՝թւումէ,թէիմնկատածաղբիւրագիտական հիմքերը եւ մնացեալ հանգամանքները բաւարար են՝ պնդելու, որ Երեւանի բերդը Հրազդանի ձորալանջին, ամենայն հաւանականութեամբ, կառուցուել է 591 թուականին, Հայաստանի երկրորդ բաժանման արդիւնքում՝ հիմք դառնալով Էրեբունէ – Երեւան բնակավայրի նոր կենտրոնի ձեւաւորման համար։ Իհարկէ, այս վարկածը վերջնական ու հիմնաւոր ապացուցելու նպատակադրումով խիստ օգտակար կը լինէինգոնէստուգողական պեղումները Երեւանի բերդի եւ Կոնդի բերդակիր բլրի խոր շերտերում։ 

  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us