Ա. Սիմոնյան.«Երևան քաղաքի պատմության թանգարանը եղել և մնում է հանրապետության թանգարանային ոլորտի համախմբող ու համակարգող կառույցներից մեկը»

Երևան քաղաքի պատմության թանգարանի հարգարժան աշխատակիցներ

Երևանի պետական համալսարանի ռեկտորատի, աշխատակիցների, ուսանողության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Երևան քաղաքի պատմության թանգարանի հիմնադրման 80-ամյա տարեդարձի կապակցությամբ։
Թանգարանը ազգային ինքնության կայացման և մշակութային արժեքների պահպանման միջավայր է։ ժամանակակից հանրային բարեփոխումների գործընթացը հրատապ է դարձնում միջազգային չափանիշներին համահունչ թանգարանային ենթակառուցվածքների արդյունավետ գործունեությունը, որը կարող է առանցքային նշանակություն ունենալ հանրության կենսունակ ազգային համակարգի կայացման համար։

Տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման շնորհիվ արտերկրի առաջատար թանգարանները կարողացան պատվով իրականացնել հանրային արժեքների սոցիալականացման գործընթացը, որն էլ հնարավորություն ստեղծեց զարգացնելու ազգային մշակույթն ու բարձրացնել քաղաքացիական գիտակցությունը։ Թանգարանները դադարեցին լինել միայն մշակութային արժեքների պաշարների համալրման ու պահպանման հաստատություններ։

Անուրանալի է Երևան քաղաքի պատմության թանգարանի ներդրումը հայրենի թանգարանագիտական մտքի առաջընթացի խթանման, թանգարանային հարուստ ավանդույթների պահպանման ու զարգացման գործում։ Այսօր, ինչպես և միշտ, այն հանրապետության հասարակայնության ուխտատեղին է։ Վստահ եմ, որ արդի տեղեկատվական տեխնոլոգիաների աննախադեպ առաջընթացի պայմաններում Երևան քաղաքի պատմության թանգարանն առաջիկայում կկարողանա արդյունավետ ձևով տեղայնացնել առաջատար թանգարանային համակարգերի փորձը՝ ավելի լայն հնարավորություններ ընձեռելով իր ընթերցողներին։

Տասնամյակներ շարունակ Երևան քաղաքի պատմության թանգարանն իր ուրույն տեղն ունի ազգային թանգարանային մշակույթի համակարգում՝ ձևավորելով տեղեկատվական-հաղորդակցման այնպիսի միջավայր, որտեղ մայրաքաղաքի շտեմարանները միշտ էլ հասանելի են այցելուներին։ Թանգարանի ղեկավարության և աշխատակազմի համակցված աշխատանքի շնորհիվ ստեղծվել են հաղորդակցման լայն հնարավորություններ, որոնք նպաստում են հայեցի դաստիարակությանը, քաղաքացիական կրթությանն ու ինքնակրթությանը։ Երևան քաղաքի պատմության թանգարանի զարգացման կարևոր բաղադրիչներից է եղել սպասարկող ներուժի պատշաճ մասնագիտական պատրաստվածությունը, որի շնորհիվ էլ միշտ պատվով եք իրականացրել թանգարանային բազմաբնույթ գործառույթները։

Ձեր աշխատակազմի նվիրյալ գործունեության շնորհիվ Հայաստանում մեծ համբավ վայելող այս թանգարանը, ժամանակի և իրավիճակների պարտադրած կարճատև ընկրկումից հետո, դարձյալ հաստատուն քայլքով և աննահանջ ընթանում է հանրապետության առաջատար թանգարաններին հավասարազոր։

Անկասկած, Երևան քաղաքի պատմության թանգարանը եղել և մնում է հանրապետության թանգարանային ոլորտի համախմբող ու համակարգող կառույցներից մեկը։ Համոզված ենք, որ ստանձնած իր այդ պատասխանատու դերը Երևան քաղաքի պատմության թանգարանը այսուհետ ևս պատվախնդրորեն կիրագործի։ Առանձնահատուկ կերպով արժևորում ենք նաև Երևան քաղաքի և Երևանի պետական համալսարանի պատմության թանգարանների միջև սերտ համագործակցությունը և մեր երախտագիտությունը հայտնում համատեղ ցուցահանդեսների կազմակերպման գործում ձեր պատրաստակամության համար։ Համագործակցության տեսանկյունից հիշատակման է արժանի այն իրողությունը, որ 2008թ. նոյեմբերի 7-ին Երևանի պետական համալսարանի պատմության թանգարանը Երևան քաղաքի պատմության թանգարանի հետ համատեղ ԵՊՀ 90-ամյակին ընդառաջ կազմակերպեց ցուցահանդես՝ «Երևանի պետական համալսարանը երեկ և այսօր» խորագրով։ Այն բացվեց Երևան քաղաքի պատմության թանգարանում, որտեղ ցուցադրվեցին համալսարանի պատմությունը վավերացնող բազմաթիվ ցուցանմուշներ։ Ուրախալի էր, որ այդ ցուցադրությամբ մենք պաշտոնապես բացեցինք ԵՊՀ 90-ամյա հոբելյանի տոնակատարության ծրագիրը։ Հատկանշական է, որ այն սկսեցինք Երևանի քաղաքապետարանից, Երևանի սրտից, Երևան քաղաքի պատմության թանգարանից։

Երևան քաղաքի պատմության թանգարանի հարգարժան աշխատակիցներ, կրկին շնորհավորելով Ձեզ նշանակալի տարեդարձի առթիվ՝ մաղթում ենք Ձեզ աշխատանքային նորանոր հաջողություններ ու նվաճումներ։

Իսկ մեր անթաքույց սիրո և խորին հարգանքի առհավատչյան Երևան քաղաքի պատմության թանգարանին նրա նվիրյալն ու մշտական այցելուն լինելն է:

Հարգանքով՝ ԵՊՀ ռեկտոր
ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ, պրոֆեսոր Արամ Սիմոնյան

 

Տարածել