«Թանգարանները որպես վարպետների կրթման վայր»
Երևանի պատմության թանգարանը Գյումրու «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի» հետ համագործակցությամբ իրականացնում է կրթամշակութային ծրագիր:
Ծրագրի շրջանակներում արդեն մեկնարկել են վարպետների (ասեղնագործ, թաղիքագործ) մի քանի այց Երևանի պատմության թանգարան, այնուհետև այցելություն կլինի Գյումրու Ասլամազյան քույրերի թանգարան, որտեղ նրանք կծանոթանան ցուցադրության մեջ ներկայացված համապատասխան առարկաներին, կուսումնասիրեն դրանց զարդանախշերը, պատրաստման տեխնիկան, դեկորատիվ և կիրառական նշանակությունը:
Նրանք հնարավորություն կունենան լինելու նաև պահոցներում, յուրաքանչյուրն իր արհեստի հետաքրքրության շրջանակներում ուսումնասիրելու ավելի շատ քանակությամբ թանգարանային առարկաներ։ Դա հնարավորություն կտա ընդլայնել արտադրանքի տեսականին, ապահովել զարդանախշերի բազմազանությունն ու որակը:
Առանձին խմբային այցելության միջոցով գործվածք արտադրող արհեստավորների, մասնավորապես, ասեղնագործողների հետ թանգարանային առարկաների հետ շփվելով, վարպետները ծանոթանում են հայկական ասեղնագործական դպրոցների բարձրարվեստ աշխատանքներին՝ ինչպես «Մարաշի» ,«Այնթափի» կարերը, որոնք այսօր էլ հիացմունք են պատճառում իրենց կատարելությամբ:
Հուլիսի 24–ին տեղի ունեցավ ևս մեկ վարպետաց դաս, որի ընթացքում ասեղնագործ վարպետը սովորեցրեց վերոհիշյալ ասեղնակարերի տեխնիկան:
Այս ամենի արդյունքը կլինի որակյալ և ճաշակով հուշանվերների արտադրությունը, որոնք ավանդական արտադրանքի առանձնահատկություններով նորովի կմատուցեն դրանք ու առավել կհետաքրքրեն զբոսաշրջիկներին՝ նպաստելով վաճառքի ծավալների մեծացմանն ու հուշանվերային պահանջարկի ավելացմանը թե՛ տեղացիների, թե՛ հյուրերի շրջանում:
Թանգարանային կրթության կենտրոնի և «ԴԻ-ՎԻ-ՎԻ Ինթերնեյշնալ»–ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ Հայաստանի երեք մարզերի (Շիրակ, Լոռի, Սյունիք) և Երևանի 13 թանգարանների համագործակցությամբ հուլիս-սեպտեմբեր ամիսներին իրականացվելու են մեծահասակների ներգրավմամբ կրթական ծրագրեր:
Ռուսական արվեստի թանգարանը, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը, Երևան քաղաքի պատմության թանգարանը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտը հանդես կգան որպես մարզային ծրագրերի համակարգողներ։
Ծրագիրը նաև փորձի փոխանակման և հետագա համագործակցության խթան կհանդիսանա:
Ծրագրերն ընդգրկում են վարպետաց դասերից մինչև ավանդական արհեստների ուսուցում, շրջիկ ցուցահանդեսից մինչև հեծանվային երթեր, լինոգրավյուրայի դասընթացներ, ազգային տոների բեմականացումներ:
Երևան քաղաքի պատմության թանգարան