Էջեր Երևան քաղաքի պատմության թանգարանից

«Դեպի թանգարան» խորագրի շրջանակներում այս անգամ զրուցել ենք Երևան քաղաքի պատմության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն Լուսինե Ամիրջանյանի հետ:

-Տիկին Ամիրջանյան, թանգարանը հիմնադրվել է 1931-ին և բավական բարդ ճանապարհ է անցել: Ինչպես է այն կարողացել հաղթահարել իր առջև ծառացած դժվարությունները:

-Մեր թանգարանը 88 տարեկան է, ինչը պատկառելի տարիք է թանգարանների պատմության մեջ: 1930-ականներին այն կոչվում էր Կոմունալ թանգարան, քանի որ հիմնականում պետք է ներկայացներ Երևանի կենցաղը: Թանգարանը զբաղեցնում էր Հրշեջ վարչության շենքի երկրորդ հարկի մի փոքրիկ սենյակ:

Այնուհետև շուրջ 60 տարի թանգարանը գործել է Կապույտ մզկիթում, որից հետո տեղափոխվել է Ամիրյան 6 հասցեում գտնվող նախկին Հռիփսիմյան իգական գիմնազիայի շենքը: Սակայն շենքի շուրջ ծագած անցանկալի խնդիրների պատճառով թանգարանի հաջորդ հանգրվանն է դարձել Շահումյանի անվան դպրոցի քառահարկ մասնաշենքը: Ֆոնդերի առումով պայմանները վատը չէին, բայց ցուցադրության հատված չունեինք: Հենց այդ շրջանում էլ, երբ որոշվեց Երևանի քաղաքապետարանը տեղափոխել ներկայիս շենք, որի ճարտարապետը Ջիմ Թորոսյանն էր, նրա առաջարկով թանգարանը քաղաքապետարանի շենքի համալիրի մաս կազմեց: Հուսով եմ՝ սա մեր վերջնական հանգրվանն է: Պիտի շեշտեմ, սակայն, որ թանգարանի ոդիսականը երբեք չի խանգարել լիարժեք իրականացնել մեր գործունեությունը: Ներկայիս շենք տեղափոխվել ենք 2005-ին, իսկ հիմնական ցուցադրությունը գործում է 2007-ից:

-Ի՞նչ կարգախոսներով եք առաջնորդվում: 

-Մեզ համար շատ կարևոր է, որ ճշմարտացի ներկայացվի իրականությունը, և թանգարան ոտք դնող յուրաքանչյուր ոք, լինի տեղացի թե օտարերկրացի, կարողանա լիարժեք պատկերացում կազմել Երևան քաղաքի պատմության մասին: Ի վերջո, մեր հավաքածուն մեզ տալիս է այդ հնարավորությունը: Երբ այցելուն գալիս և տեսնում է Երևանյան քարայրից հայտնաբերված հազարավոր տարիների պատմություն ունեցող իրեր, լսում բացատրություններ, ամեն ինչ ավելի շոշափելի է դառնում: Քաղաքի հիմնադրման արձանագրությունը Էրեբունու գրավոր անձնագիրն է, բայց որպես բնակավայր (ոչ Էրեբունի անունով)՝ իրականում հազարամյակների պատմություն ունի: Թանգարանի գործառույթներից է նաև գիտական աշխատանքը: 2005-ից առ այսօր 5 գիտական նստաշրջան ենք անցկացրել՝ հանրապետության լավագույն պատմաբանների, թանգարանագետների, արվեստաբանների և այլոց մասնակցությամբ: Ըստ այդմ հրատարակել ենք «Երևան» գիտական հոդվածների հինգ ժողովածու, որոնք ընդգրկում են Երևանի պատմության բազմաբնույթ հարցեր:

-Ի՞նչ ճանապարհներով է համալրվել ու համալրվում թանգարանը:
-Թանգարանի ցուցանմուշների հավաքագրման ընթացքը սկսվել է թանգարանի ստեղծմանը զուգահեռ: Սկզբնական ցուցանմուշները բերվել են Հայաստանի պատմության թանգարանից, ապա դիմել են երևանցիներին՝ Երևանի պատմությանը վերաբերող իրերը հանձնել թանգարանին: Հայտարարությանն արձագանքել են թե´ հասարակ քաղաքացիները, թե´ արվեստագետները: 1930-ականն թթ. մի քանի հազար առարկաների համեմատ՝ այսօր ունենք 97.000 ցուցանմուշներ: Դրանցից 1700-ը տեղ է գտել թանգարանի մշտական ցուցադրությունում, իսկ մնացածը հանրությանն է ներկայացվում ժամանակավոր ցուցահանդեսների միջոցով: Թանգարանի գիտական բաժինների կարևոր գործառույթներից մեկը թանգարանի ֆոնդերի համալրումն է, ընդ որում դա կարող է լինել նպատակաուղղված. ձեռք ենք բերում հենց այն իրը, որը մեզ անհրաժեշտ է: Իհարկե, թանգարանը մեծ ֆինանսական հնարավորություններ չունի: Ամեն տարվա սկզբին որոշվում է այն սահմանափակ գումարը, որը կարող ենք այդ տարի հատկացնել իր գնելուն: Դրա համար շեշտը դնում ենք նվիրատվությունների վրա, որոնք շատ ավելի մեծ թիվ են կազմում: Թանգարանի կայքում միշտ գրում ենք նվիրատուների ցուցակը: Եվ այսօր էլ հաճախ դիմում ենք երևանցիներին, որ եթե տանն ունեն տատիկ-պապիկներից մնացած մասունքներ, հանձնեն թանգարանին: Օրինակ՝ խորհրդային շրջանում, մարդիկ, երբ պիտի թարմացնեին իրենց կահույքը (ի դեպ, երևանյան կահույքի մեծ հավաքածու ունենք), զանգահարում էին մեզ և շատ չնչին գումարով վաճառում կամ նվիրում: Իմ աշխատանքային երկարատև գործունեության ընթացքում բազում անգամներ մասնակից եմ եղել ցուցանմուշների համալրմանը: Ինչ վերաբերում է հնագիտական իրերին, դրանք մեզ են հանձնվում հնագիտական պեղումներից հետո: Հնագետի պարտականությունն է հայտնաբերված իրերը համապատասխան թանգարանին փոխանցելը: Բարեբախտաբար այսօր էլ շարունակվում են Երևանի և հարակից տարածքների պեղումները, որոնց արդյունքում թանգարանը շարունակում է հարստանալ նոր ու արժեքավոր ցուցանմուշներով:

-Քանի՞ բաժին ունի թանգարանը: Ի՞նչ սկզբունքով են բաշխված ցուցանմուշները:
-Ունենք երեք գիտացուցադրական բաժին (իրենց բաժնի վարիչով ու գիտաշխատողներով): Մշտական ցուցադրությանը հատկացված է երեք հարկ: Հիմնական ցուցադրությունը կազմակերպել ենք ժամանակագրական սկզբունքով. առաջին հարկում հնագույն և միջնադարյան բաժինն է, երկրորդ հարկում՝ նորը, երրորդում՝ նորագույնը: Ավելացնեմ նաև, որ հաճախ երրորդ հարկում նորագույն պատմության շրջանը մենք որևէ թեմատիկ ուղղվածությամբ ենք ներկայացնում (տնտեսություն, կոնյակագործության պատմություն, սպորտ և այլն): Թանգարանի հավաքածուները հատկապես գնահատվում են մասնագետների և կոլեկցիոներների կողմից: Նրանք հաճախ են իրենց զարմանքն ու հիացմունքն արտահայտում այս կամ այն հավաքածուն տեսնելիս: Օրինակ՝ թանգարանի տարազների հրաշալի հավաքածուն հնարավորություն է տալիս մասնակցել արտագնա ցուցահանդեսներին և օտարներին զարմացնել մեր ազգային տարազների յուրօրինակությամբ: Երևան քաղաքի պատմության թանգարան լինելը մեզ չի խանգարում ունենալ ընդհանրապես Հայաստանի պատմությանը վերաբերող առարկաներ և ներկայացնել դրանք ցուցահանդեսների ժամանակ:

-97.000 առարկաներ ունեցող թանգարանն ինչպե՞ս է կարողանում հոգալ այդ ողջ հարստության պահպանության հարցը:

-Թանգարնն ունի ֆոնդային բաժին, 8 գիտաշխատող, որոնք նյութական պատասխանատվություն են կրում թանգարանային առարկաների պահպանության համար: Նրանք իրականացնում են նաև յուրաքանչյուր ֆոնդի համապատասխան կանխարգելիչ աշխատանքներ: Իհարկե, ամեն բան իդեալական չէ, ինչպես աշխարհի շատ թանգարաններում, բայց անում ենք մեր առավելագույնը: Ֆոնդապահները, որ ունեն 30 և ավելի տարիների աշխատանքային փորձառություն, լավ են տիրապետում իրենց գործին:

-Տիկին Ամիրջանյան, որո՞նք են Երևան քաղաքի պատմության թանգարանի առանձնահատկությունները:

-Մենք ներկայացնում ենք քաղաքի պատմությունը՝ հնագույն շրջանից մինչև մեր օրերը: Օրինակ՝ առանց Երևանի պատմության թանգարանի լուսանկարների, որ 16000-ից ավելի են, 19-րդ դարի Երևանը ուղղակի անհնար է ներկայացնել: 20-րդ դարի սկզբին քանդված շատ շենքեր այսօր հնարավոր է տեսնել միայն լուսանկարներում: Երևանի մասին ուսումնասիրություն գրել ցանկացող յուրաքանչյուր ոք չի կարողանա իրագործել իր նպատակը առանց մեր թանգարանի օգնության: Վերջերս հրատարակվեց «Երևանի պատմությունը» գիրքը, որն ըստ էության, Թադևոս Հակոբյանի նույնանուն քառահատոր աշխատությունից հետո առաջին կոթողային գործն էր հանրապետության լավագույն գիտնականների մասնակցությամբ, և առանց մեր թանգարանի հավաքածուի այդ գիրքը հրատարակելն անհնար կլիներ: Մենք նաև ամենաայցելվող թանգարանների թվին ենք պատկանում, ինչը շատ ուրախալի է: Թանգարանի բոլոր աշխատողներն էլ շատ սիրում են մեր քաղաքը, և Երևանի պատմությունը ներկայացնելն ամեն մեկիս համար շատ պատվաբեր է ու կարևոր:

-Ո՞ր տարիքից է մատչելի թանգարանը, և ի՞նչ նորամուծություններ եք կիրառում նոր սերնդին թանգարանն առավել գրավիչ դարձնելու համար:

-Մեզ կարող են այցելել բոլոր տարիքային խմբերը՝ սկսած մանկապարտեզային տարիքից, որովհետև հաճախ կազմակերպում ենք Երևանի պատմությունը ներկայացնող տիկնիկների ցուցահանդես: Բացի դրանից՝ Երեխաների միջազգային օրը, Էրեբունի-Երևանի տոնին և այլ նշանակալի օրերի ընթացքում նախաձեռնում ենք հետաքրքիր մանկական միջոցառումներ, որոնց երեխաներն անմիջական մասնակցություն են ունենում, ինչն էլ ապահովում է նրանց հետագա այցելությունը թանգարան: Հիմնական շեշտն, իհարկե, դնում ենք դպրոցականների վրա: Շատ կարևորում ենք երեխաների կրթությունն ու որպես արժանապատիվ երևանցի դաստիարակելը՝ համարելով մեր առաքելություններից մեկը: Կազմակերպում ենք ամենատարբեր բնույթի գիտակրթական ծրագրեր՝ խաղ-էքսկուրսիաներ, դաս-էքսկուրսիաներ: Այն, ինչ ժամանակին աշակերտներին փոխանցում էինք դասախոսությունների միջոցով, այժմ վերածել ենք խաղ-էքսկուրսիաների, որ առավել հետաքրքիր են ժամանակակից սերնդին: Ունենք նաև Երևանը ներկայացնող 3D անիմացիոն մակետ, որի միջոցով Երևանը կենդանություն է առնում՝ իր թաղերով, փողոցներով, տեսարժան վայրերով և այլն: Հաճախ մեզ այցելած աշակերտների հետ կազմակերպում ենք թիմային խաղեր՝ հաղթողներին պարգևատրելով խորհդրանշական նվերներով՝ իհարկե, չանտեսելով նաև մյուսներին, որ բոլորն անպայման դրական հիշողություններ ունենան թանգարանից: Ունենք նաև երդման արարողություն: Քանի որ մեզ մոտ միաժամանակ ցուցադրվում են Երևանի խորհրդանիշերը (զինանշան, դրոշ, օրհներգ), քաղաքապետի լանջաշղթան և երդման տեքստը, հենց այդ հատվածում երեխաները Երևանի հիմնի հնչյունների ներքո երդվում են և խոստանում լինել արժանապատիվ երևանցի: Այս ամենի արդյունքում, կարող եմ ասել, որ մեր այցելուների քանակը 4-5 հազարից հասել է 23 հազարի, որը Հայաստանի համար բավականին մեծ թիվ է: Ի դեպ, անիմացիոն ծրագրերն ամենաշատն են նպաստում այցելուների թվի աճին: Այսօր ունենք բազմաթիվ այցելուներ, որ թանգարան են գալիս զուտ Երևանի մակետը կենդանացած տեսնելու համար: Դրա համար այս տարի նախատեսում ենք նաև կենդանություն տալ թանգարանի մի քանի գեղանկարների: Ի դեպ, մեր թանգարանն ունի ժամանակի բոլոր հայտնի գեղանկարիչների գործերից:

-Ի՞նչ դժվարություններ ունի թանգարանը:

-Մեր ունեցած դժվարությունները հատուկ են բոլոր գիտամշակութային օջախներին, օրինակ՝ ցածր աշխատավարձը, ինչը հնարավորություն չի տալիս երիտասարդներին երկար աշխատել թանգարանում: Մեր թանգարանը նաև մեծ ցավ է ապրում պատմամշակութային շենքերի քանդվելուց: Մենք կազմակերպել ենք ցուցահանդես՝ «Կառուցենք առանց քանդելու» խորագրով: Այս ձևով ենք փորձում օգտակար լինել մեր քաղաքին: 1930-ական թթ. քաղաքում որևէ շինություն կառուցելիս կամ քանդելիս անպայման հաշվի էին առնում թանգարանի կարծիքը: Գուցե պատճառն այն էր, որ այն ժամանակ թանգարանի գիտխորհրդի կազմում էին Ալ. Թամանյանը, Թ. Թորոմանյանը, Ն. Բունիաթյանը, Մ. Սարյանը և այլք, բայց այժմ, ցավոք սրտի, թանգարանն այդ գործառույթը չունի: Բացի դրանից, որքան էլ ցավալի է խոստովանելը, արդեն այնքան շատ են քանդել, որ այլևս բան չկա քանդելու:

-Ինչպե՞ս կամփոփեք զրույցը:
-Ուզում եմ, որ սիրենք մեր քաղաքը, մաքուր պահենք, գեղեցկացնենք, տիրապետենք նրա պատմությանը և, ամենակարևորը, հասկանանք, որ սա մեր տունն է: Արդյունքում նաև մեր թանգարանը կդառնա առավել այցելելի:

Արփի Խաչատրյան
ankakh.com