Երևանի պետավարչական շենքերի ճարտարապետությունը անկախության տարիներին
Վարչական շենքերը, ինչպես արդի հայկական, այնպես էլ անկախության տարիների ճարտարապետության մեջ ճանաչողական նշանակություն ունեցան։ Մեր կողմից առանձին շենքերի տեսակներով ուսումնասիրվող անկախության ժամանակաշրջանի ճարտարապետության մեջ նկատելի աշխուժություն արձանագրվեց նաև վարչական շենքերի բնագավառում և դա էլ` հատկապես մայրաքաղաք Երևանի պետավարչական շենքերի օրինակով։ Նրանցից այստեղ առանձնացված կներկայացվեն 3-րդ կառավարական, նոր քաղաքապետարանի, պաշտպանության նախարարության համակառույցները և կառավարական 4-րդ տունը, որոնք ըստ էության՝ անկախության ճարտարապետության մեջ նաև կերպարի որոնման նշանակություն ունեցան։
Պետավարչական շենքերը ինչպես խորհրդային, այնպես էլ խորհրդահայ կամ հայկական արդի ճարտարապետության մեջ դարակազմիկ նշանակություն ունեցան։ Փաստորեն կառավարական վարչական շենքերը նորաստեղծ պրոլետարական ճարտարապետության համար սկզբունքային էին։ Նրանք և՛ բո-վանդակությամբ, և՛ ձևակերտմամբ գաղափարական արտահայտչականության գերխնդիրներ էին, որ 1917-1930 թթ. «սոցիալական էքսպերիմենտ» որակումը ստացան (1)։
Ակնարկվող շենքերը շատ հաճախ անվանվեցին աշխատավորների պալատ, աշխատանքի պալատ, մշակույթի պալատ, հատկապես՝ ժողովրդական տուն, կառավարության տուն, կուսակցության տուն և այլն (2)։ Նրանք լինելով նորարարական՝ հայկական իրականությունում իրենց արտահայտությունը ունեցան Կառավարական 1-ին (ճարտ. Ալեքսանդր Թամանյան, 1926 թ.) և 2-րդ (ճարտ. Սամվել Սաֆարյան, 1950 թ.) տների, Պետ-Օպերայի (ճարտ. Ալ.Թամանյան, 1929 թ.) հիմնարար շենքերի օրինակներով։ Հետագայում տվյալ ասպարեզում իր մեծ ներդրումը ունեցավ ճարտարապետ Մարկ Գրիգորյանը՝ հանձինս Ազգային ժողովի (1949 թ.), ՀՀ Նախագահականի (1958 թ.), Քաղաքային մշակույթի տան (1970 թ.), Կուսակցության (1979 թ.) և ներկայիս Սահմանադրական դատարանի (1974 թ.) շենքերի։ Պետավարչական շենքերի խորհրդային տարիների վերջին օրինակն է 3-րդ կառավարական շենքը (1980 թ.), որ խորհրդային շրջանից դեպի անկախության տարիները անցումային նշանակություն ունեցավ։ Բնագավառի հետ կապված երևանյան ուշագրավ շենքեր են նաև շրջանային խորհուրդների շենքերը, հատկապես Զավեն Բախչինյանի կողմից մշակված տիպարային օրինակով (1952 թ.) և այլն։ Երևանի պետավարչական շենքերի հորինվածքում ամրագրված է հայկական խորհրդային տարիների ճարտարապետության հետաքրքրությունների տարեգրությունը։ Այն սկսելով ազգային զարթոնքի մղումներից, բարեփոխվեց Ալեքսանդր Թամանյանական ազգային ճարտարապետության դպրոցի, որ խորհրդային հայկական ճարտարապետության վերջին տասնամյակներին և անկախության տարիներին վերաճեց ազգային ռոմանտիզմի՝ մոդեռնիստական և արտհայտչապաշտության նախասիրություններով։
Պետավարչական շենքերը վարչական շենքերի տարատեսակներից են, նրանք բովանդակությամբ, որքան էլ հետևում են գրասենյակային ճարտարապետության առանձնահատկություններին, այնուամենայնիվ իրենց կերպարային լուծումներում ունեն տեղական արմատներ։ Հորինվածքային առումով, ըստ երկրի և քաղաքի մեծության՝ պետավարչական շենքերը ադապտացնում են ծավալատարածական այլազան լուծումներ՝ սակավահարկ, բարձրահարկ, բլոկացված-միջանցքային, հրապարակաձև, բակային, բևեռացված, զուգահեռ համադրված շենքերով և այլն (3):
Ըստ էության՝ վարչական շենքերի տարատեսակներն ու տիպերը միջազգային ճարտարապետությունում բազմաթիվ են, նրանցում ուշագրավ են՝ Ալվար Աալթոյի Սեյնեթսալոն (1952 թ.), Բրազիլիայի Կապիտոլիի համապատասխան շենքերը (ճարտ. Օսկար Նիմեիեր, 1960-1975 թթ.), Խորհրդային Միության զանազան քաղաքային և շրջանային խորհուրդների շենքերը, Ալդո Ռոսսիի և Ռոբերտ Վենտուրիի ստեղծագործություններում եղած օրինակները և այլն։ Ստորև ուսումնասիրվող Երևանյան պետավարչական շենքերը ինքնատիպ են և ունեն ուրույն ձեռագիր, ինչպես վերևում թվարկված հուշարձանները, այնպես էլ վերջին տասնամյակներում կառուցված օրինակները, առինքնող են և չափազանց յուրովի։
Կառավարության 3-րդ տունը
(ճարտարապետներ՝ Թելման Խաչատրյան և Վարդան Հյուսյան, 1985 թ.)
Եռաթև հորինվածքով շենքը համախմբում է երեք ֆունկցիաներ։ Այն առա-ջին հարկի նախամուտքի հյուսիսային և հարավային կողմերում հատկացված է Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարանին։ Կենտրոնական պանդուսին հարակից հատվածն առաջին հարկում հատկացված է անվտանգության ծառայության և շենքի սպասարկող անձնակազմին։ Արևելյան թևը վարչական նշանակության է։ Արևելյան և հյուսիսային թևերի միջև ուշագրավ լուծումով հարմարեցված է «Ամերիկյան անկյուն» գրադարանը, որ հարակից բակի շուրջը համախմբված է Հանրապետության հրապարակ մետրոյի կայարանի ստորգետնյա համակառույցին (ճարտարապետներ՝ Ջիմ Թորոսյան և Ռազմիկ Մինասյան)։ Շենքի արևելյան թևը խորքային տեղադրմամբ անցնում է գրադարանի և մետրոյի բակի հետին մասով։ Համալիրի ստորին հատվածը հորիզոնական աստիճանների սկզբունքով արարված ստիլոպատես է, որ հերոսականացնում է նրա ընդհանուր կերպարը։ Օրերս այստեղ տեղադրվում է Արամ Մանուկյանի քանդակը, որ միջավայրի դիզայնի տեսակետից ունի իր հետաքրքրությունը։
Կառավարական 3-րդ տան հորինվածքի կենտրոնը նույնպես մտահղացված է միջավայրի դիզայնի վարպետությամբ։ Այն, շենքի գրքանման ճակատի ստորին մասով՝ Գլխավոր պողոտայից, կազմակերպում է շենքի հանդիսավոր մուտքը և ներսում վարչական շենքի տարածքները համադրում է ուղղահայաց կոմունիկացիայի շուրջ։ Վերջինը Նյու-Յորքի Գոգնհայմի թանգարանից ազդված լինելով հանդերձ (4)՝ տեղայնացված է ստեղծագործաբար։ Այն շրջանաձև պանդուսներով գալարվում է յոթ հարկերի մեջտեղով՝ կենտրոնում գրկելով երդիկային լուսավորությունը։ Ամեն մի հարկում պանդուսից ճյուղավորվող անցումները անցում են տալիս դեպի առանձին նախարարությունները և պետական տեսչությունները, որոնցից յուրաքանչյուրը ունի նախասրահ և համապատասխանաբար լայն միջանցքի երկու կողմերում դասավորված գրասենյակներ։
Բնականաբար, շենքի հիերարխիան, որպես աշխատանքային սենյակների արտահայտությունը, արտացոլված է եռաթև ծավալի ճակատային բարձր կամարներով, որ կենտրոնական հատվածում համադրված է շենքի թևերը իրար սինթեզող հորիզոնական պատշգամբների ուղղահայաց շարքով, որ վերևում ավարտվում է կլոր լուսամուտով։ Մեծ դրամատիզմ կա շենքի հորինվածքային առանցքի լուծման մեջ։ Այն որպես ենթատարածություն Գլխավոր պողոտայից հրավիրող անցում է տալիս դեպի շենքը։ Իսկապես շենքը և պողոտան ակնբախ են միջավայրի դիզայնի վարպետությամբ, որ ժառանգորդականորեն հանդիսանալով Երևանի գլխավոր հատակագծի հիմնական առանցքներից մեկը՝ Հյուսիսային պողոտայի հետ հանգուցավորվում է Երևանի Հանրապետության հրապարակում։
3-րդ կառավարական տունը կառուցված լինելով խորհրդային ժամանակաշրջանի վերջին տասնամյակում՝ ստեղծագործական հասունությամբ անցում է տալիս դեպի անկախության տարիների հայկական ճարտարապետության ժամանակակից մտածողությանը։ Շենքը արարված է ուղղահայաց միջուկի վրա հագցրած հարկերի հորիզոնական շեշտադրումներով, որոնք արտաքինից ծրարված են կտրվածքում էլիպտոյիդ կամարներով։ Տվյալ լուծումը պայմանավորված է Հանրապետություն հրապարակի՝ դեպի շենքը դիտվող խուլ խորքի ստեղծման նկատառումներով։ Դիպուկ են լուծված շենքի և՛ ուրվագիծը, և՛ հարթության պլաստիկան, և՛ ֆակտուրալ նյութականությունը, և՛ գույնը, և՛ մասնատման համամասնությունն ու մասշտաբային համաչափությունը։
Քաղաքապետարանի նոր համակառույցը
(ճարտ. Ջիմ Թորոսյան, 2004 թ.)
3-րդ կառավարական շենքի ֆունկցիոնալ լուծման մի այլ հորինվածքային դրսևորում է քաղաքապետարանի նոր համակառույցը։ Ուղղակի այստեղ հորինվածքի կենտրոնը «դատում»-ի սկզբունքով է, այսինքն համակառույցը արարված է՝ շենքի միասնական բարձրությամբ նեֆի շուրջը, որ վերևից եզրափակվում է ապակյա երկայնական երդիկով։ Նեֆի երկու կողմերում սրահավոր գրասենյակ-ների շարքերն է։ Նեֆը արևելյան կողմում ունի մի այլ բակ իր շուրջը համադրված սենյակներով, որոնք ավարտվում են Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա տեղադրված ժամանակակից աշտարակով։ Բակի և նեֆի միջև շենքի ուղղահայաց կոմունիկացիաներն են, որոնք կապում են գլխավոր նեֆի պարագծային միջանցքները բակի հետ։ Բակը դրամատիկ լուսավորություն ունի, որ աշտարակի հետ տրամադրող տարածություն է ստեղծում։ Աշտարակի վերին հարկը ապակեպատ դիտահարթակ հիշեցնող, բոլոր կողմերից Երևան քաղաքի վրա դիտելիություն ունեցող սրահ է։ Նեֆի արևմտյան կողմը բարձր վիտրաժ է, որ անցում է տալիս դեպի շենքի հարակից Երևան քաղաքի թանգարանը։ Այսպես ստացվում է, որ Երևանի նոր քաղաքապետարանը համադրված է երեք բաղկացուցիչ մասերից՝ քաղաքապետարանը, քաղաքային թանգարանը և օժանդակ փաստաթղթերի ենթահատվածը։ Նշված երեք մասերն էլ ունեն իրենց տարածական ինքնությունը՝ և՛ որպես ինտերիեր, և՛ որպես էքստերիեր։
Ինտերիերը հատկապես ուշագրավ է համակառույցի քաղաքապետարանի հատվածում, որտեղ երդիկից մաղվող լույսի ներքո պարագծային քանդակային ձևավորումներ են, որոնց խորքում կամարակապ հարթությունների միջև ստեղծվել է ներքին բազմաֆունկցիոնալ օգտագործման միասնական դահլիճանման տարածություն։ Այն այսօր ծառայում է որպես քաղաքային էպիզոդիկ միջոցառում-ներ կազմակերպելու համար։ Համակառույցի թանգարանային մասի ինտերիերը Երևան քաղաքի զարգացման ցուցադրումը կազմակերպում է հաջորդական հարկերով, որ նույնպես ունի կենտրոնական լուսավորություն։
Նոր քաղաքապետարանի էքստերիերը կամ ճակատային լուծումը դիսիմետրիայի մեջ է գինու մառանների անսամբլի հետ (ճարտ. Ռաֆայել Իսրայելյան, 1937 թ.)։ Նրանք միասնաբար կազմակերպում են անկախության տարիների Երևանի նոր հրապարակներից մեկը կամ քաղաքապետարանի հրապարակը(5):
Մեծ խորհուրդ կա եռանկյունաձև հրապարակի տարածության և գնացքի նման արևմուտքից արևելք երկարող քաղաքապետարանի ճակատի լուծման մեջ։ Կարծեք այն պատմական գնացք է, որի ամեն մի հանգրվանը Հայաստանի 12 մայրաքաղաքներն են, և վերջին հանգրվանը աշտարակով խորհրդանշվող մայրաքաղաք Երևանն է։ Աշտարակը խանդաղատագին ժամը մեկ անգամ հնչեցնում է Երևան-Էրեբունի երգի հանգերգը և ազդարարում օրվա ժամը։ Իրոք որ շենքի գեղարվեստականությունը ստեղծագործաբար զարգացնում է 1-ին կառավարական տան ազգային զարթոնքի գաղափարախոսությունը, բայց ավելի ժամանակակից ըմբռնողությամբ, որտեղ պատմությունը նյութեղենի հետ նաև ժառանգորդական՝ զգացական- ռոմանտիկ աշխարհ է։ Այստեղ ազգային զարթոնքը ժանյակների և խոյակների զարդարվեստում ներգրավված խորհրդով չէ, այլ հայկական ճարտարապետության գանձարանից ճանաչողականորեն ներմուծված տարրերով։
Երևանի նոր քաղաքապետարանը իր ոճականությամբ արարված է արդի միջազգային ճարտարապետության «ռացիոնալ հարավի» ըմբռնողությամբ(6):
Նրանում հավերժանում է պատմության դրամատիկ ներկայությունը, լուծումը ներքին հորիզոնական և արտաքին վերձիգ համադրությամբ է, տարածությունը էքզիստենտալիստական պլաստիկա է, ֆակտուրան և լույս-ստվերը հարթ պատի և քանդակների համակեցությամբ են, գունային լուծումները տեքստուրալ են։ Շենքը ընդհանուր առմամբ պլատոնական կանոնավորություն ունի, որ իրականության է վերածված մետրական բաժանումներով։
ՀՀ Պաշտպանության նախարարության վարչակառավարչական համակառույցը (ճարտարապետներ՝ Ստեֆան Լազարյան, Լևոն Խրիստաֆորյան, Հայկ Այվազյան, Վահանդուխտ Եղերյան, Գրիման Հովսեփյան, 2005-2008 թթ.)
Համալիրը իր շրջակա միջավայրով բնութագրելի է շքեղությամբ։ Տարածքը պարսպապատ է և մատչելի ծառայողների և թույլատրված անձանց համար։ Ըստ տեղեկության՝ համալիրը կազմված է պաշտպանության նախարարի աշխատակազմի ենթամասով, որ կենտրոնական տեղադրություն ունի, և նրա երկու կողմերում ՀՀ գլխավոր շտաբն է իր օպերատիվ ու կապի վարչությամբ և օժանդակ ծառայություններով։ Կենտրոնական մասնաշենքի կազմում է նաև 380 տեղանոց հանդիսությունների դահլիճը։ Վերին 8-րդ հարկում տանիքի տակ կազմակերպված է կոնֆերանսների դահլիճ, համակարգին բնորոշ զանազան հանդիպումների սենյակներ, կապի միջոցառումներ, թանգարան և այլն։ Պաշտպանության նախարարությունը ունի կազմակերպված օժանդակ տարածքներ, այդ թվում՝ ճաշարան, լողավազան, կաթսայատուն, սպորտային հրապարակներ, ավտոկայանատեղի, ուղղաթիռների վայրէջքի հատուկ տարածք։
Բնականաբար, համակառույցը իր լուծումներով զուգահեռում է միջազգային նման համալիրներին։ Այն միանգամայն շրջապատի ճարտարապետությունից առանձնանում է իր կազմակերպվածությամբ, ընդգծված գծային ձգվածությամբ։ Խոսքն այստեղ գերբնական մասշտաբին չի վերաբերում, այլ կառուցապատման մեծությանը, որ երկրորդ համաշխարհայինին հաջորդող տարիներին վերագրվում էր որպես նոր մոդեռնիզմ կամ թղթային ճարտարապետություն(7)։
Որքան էլ տվյալ ուղղությունը քննադատվեց, այնուամենայնիվ, այն որոշ ֆունկցիոնալ նկատառումներով բնորոշ մնաց պաշտպանության նախարարության համալիրներին։ Երևանի ՊՆ համալիրը ուշագրավ է իր գունային, ֆակտուրալ լուծումներով և օգտագործված թանկարժեք շինանյութերով ստեղծված արտահայտչականությամբ։
Կառավարության 4-րդ տունը
(ճարտ. Նարեկ Սարգսյան, 2015 թ.)
Ուսումնասիրվող շենքերից նորագույնն է։ Համակառույցը մտահղացվել է որպես հրապարակ՝ պետավարչական համալիր։ Առաջին հարկը հմտորեն մտահղացված տարածական հորինվածք է, որ համախմբում է ազատ տարածություն-ների համատեքստում տեղաբաշխված նախարարությունների մուտքային հանգույցները։ Վերին հարկում ազատ ուրվագծով նկարվող տանիքային ներդաշնակ ելևէջներն են։ 4-րդ կառավարական տունը լրացնում է նախօրոք եղած երեք կառավարական մասնաշենքերը՝ հանդիսանալով Երևանի պատմական կորիզի
1 Տես Peter Gossel & Gabriele Leuthauser, նույն տեղում, pp 293-306.
տարրերից մեկը։ Սկզբում, նախարարությունների տարածքների համար գոյություն ունեցող մակերեսների պակասը լրացնելու համար փորձ արվեց կառավարական առաջին տան վերակառուցումը։ Սակայն հուշարձանապահպանության խնդիրներով պայմանավորված՝ այն չիրականացվեց։ Արդյունքը եղավ այն, որ տվյալ հարցը լուծվեց ի հաշիվ նախկին դատախազության շենքի և երբեմնի «Սևան» հյուրանոցի։ Փաստորեն 4-րդ կառավարական տունը հարակցելով ներկայիս ՀՀ դատախազության շենքին (ճարտ. Նիկոլայ Բաև, 1936 թ.)՝ տարածական լուծումներով համադրվեց նրա հետ։
Կառավարական 4-րդ շենքը ընդգրկում է 5 նախարարությունների մասնա-շենքեր, որոնց մեջ գլխավորը արտաքին գործերի նախարարությունն է։ Մյուս նախարարություններից՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիների նախարարությունը, արտաքին գործերի հետ կազմում է շենքի փողոցի ճակատը։ Ներսում կիսակլոր բակի շուրջ տեղաբաշխված են մշակույթի, կրթության և գիտության, սփյուռքի նախարությունները։ Տվյալ նախարարությունների միջև պլաստիկորեն կլորությամբ սահող բակը արևելյան և արևմտյան կողմերից հարակցում են ստորգետնյա ավտոտնակների անցումներին, որոնք միաժամանակ անցում են տալիս դեպի շրջակա փողոցները։ Բակից և նախարարություններից հետո լայն փողոցի հաջորդականությամբ տեղադրվել է արդարադատության նախարարության մասնաշենքը, որ համալիրի մուտքային հաղթակամարի, կիսակլոր բակի առանցքով է։ Փաստորեն համալիրի հորինվածքի կենտրոնը կիսակլոր բակն է, որ համադրում է փոխհատվող կանոնիկ առանցքները։ Համալիրի հիերարխիան կամ կերպարը ստեղծող տարրը դեպի Ստեփան Շահումյանի հրապարակը ուղղված հաղթակամարն է, որ վերջերս հրապարակի անսամբլային լուծումով ամբողջացվեց նույնպիսի մի կամարով ընդգրկված «Ամերիա» բանկի համալիրի կազմում։ Իրոք որ ստեղծվեց երևանյան հետաքրքիր հրապարակներից մեկը, թեկուզ հուշարձանապահպանության որոշ զոհատվությամբ։ Փաստորեն, 4-րդ կառավարական տունը իր առաջին հարկով ստեղծում է Ստ. Շահումյանի հրապարակի բաղկացուցիչ անկյուններից մեկը և ընդգրկված շենքերի ծավալատարածական 7-8-9 հարկերի մեջ տատանվող բարձրություններով՝ հորինվածքային աշխուժություն հաղորդող լուծում։ Առաջին հայացքից շրջապատի վրա իշխող դիրքով տպավորություն թողնող համակառույցը, աստիճանաբար մերվեց շրջապատի հետ և, կարծեք, համոզում է իր հորինվածքային դինամիկայով, որքան էլ այն խանգարում է միջավայրի ռեվիտալիզացիային։
Խորհրդային տարիների Երևանի պետավարչական առաջին և երկրորդ շենքերը զուգահեռում էին սովետական ճարտարապետության ստերեոտիպերին։ Նրանք իրենց հորինվածքում ադապտացնում էին ժամանակի անհրաժեշտությունները, կազմված գրասենյակային մասից, հանդիպման զանազան սրահներից, մեծ դիտադահլիճային միջոցառումից և օժանդակ այլ տարածքներից։ Նրանք սկզբում լուծվել են բակային կառուցվածքով, որ լինելով հորինվածքի կենտրոնի նշանակության՝ անմիջապես հարակցում էր մուտքային սրահին և այն-տեղից ճյուղավորվում համապատասխան մասերը։ Երկրորդ աշխարհամարտի տարիների պետավարչական շենքերն ավելի կոմպակտ են, նրանք բակային կառուցվածքից անցում են կատարում սրահավոր և միջանցքային հորինվածքներին։ Խորհրդային Միության վերջին տասնամյակին ակնարկվող շենքերի հասարակական մասերը ավելի ընդարձակվում են, մեծ տեղ է տրվում նախասրահներին և ենթանախասրահներին, ինչպիսին որ արված է 3-րդ կառավարական տան օրինակում։ Անկախության տարիների օրինակներում, ինչպիսին նոր քաղաքապետարանն է և 4-րդ կառավարական տունը, համալիրները առավել ևս ներառում են ժողովրդական տարածքներ։ Այն քաղաքապետարանի օրինակում ժամանակակից նեֆային լուծում ունի և պատմականության լուծումներով ավելի հարազատ է ժողովրդական աշխահայացքներին։ 4-րդ կառավարական տունը հրապարակ է հրապարակի մեջ։ Այն իր լուծումներում չափազանց լավատես է և մարդակենտրոն։ ՊՆ համալիրը յուրահատուկ է և շատ հարցերում չի կիսում նախորդ շենքերի վերևում նշված ճարատարապետական առանձնահատկությունները և շատ հարցերում պահպանողական է։
ԴԱՎԻԹ ՔԵՐԹՄԵՆՋՅԱՆ
ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ
«Երևան-5» գիտական հոդվածների ժողովածու
* * *
- Տես՝ А.В.Иконников, Архитектура ХХ века, Утопии и реалность, том 1, Прогресс-Традиция , Москва 2001, стр. 275-434.
- Հմմ. История Советской Архитектуры (1945-1954 гг.), Издание втарое: под редакцей Н.П. Былинкина и А.В. Рябушина, Стройиздат, Москва 1985, стр. 49-77.
- Տես տիպաբանության համապատասխան հրատարակությունները, որոնք ամփոփված են մասնագիտական զանազան կայքերում, ինչպես օրինակ՝ Wikipedia – Keyword “ List of Building types : Govermental buildings” և այլն։
- Տես՝ Wikipedia: The Solomon R. Guggenheim museum.
- Ավելի մանրամասն տե΄ս Երևանի ճարտարապետական համալիրների ռեգեներացիան անկախության տարիներին. Ճարտարապետություն և Շինարարություն ամսագիր, 2016, 1-2, էջ 25-29։
- Տես՝ Peter Gossel, Gabriele Leuthhauser, Architecture in the Twentieth Centure, Benedikt Taschen, 1991, pp. 307-317.
- Տես նույն տեղում pp 293-306.