«Երևան-4»
2016թ. նոյեմբերի 9-ին Երևանի պատմության թանգարանում տեղի ունեցավ Երևանի հիմնահարցերին նվիրված չորրորդ գիտաժողովը, որին մասնակցում էին զեկուցողներ տարբեր գիտահետազոտական ինստիտուտներից, թանգարաններից: Զեկուցումներով հանդես եկան անհատներ Մոսկվայից և Ֆրանսիայից: Գիտաժողովին զուգահեռ տեղի ունեցավ թանգարաննի հիմնադրման 85-ամյակին նվիրված հանդիսություն, որի ընթացքում «Երևան քաղաքի պատմության թանգարան» ՀՈԱԿ-ը, որպես կազմակերպություն, իր պատմության մեջ առաջին անգամ պարգևատրվեց «Երևանի զինանշան» հուշամեդալով, որը դարձավ թանգարանի 95.660-րդ ցուցանմուշը՝ գրանցվելով Մուտքի մատյանում և տեղ գտնելով մշտական ցուցադրությունում: Գիտաժողովի նյութերը հրատարակվեցին «Երևան-4» վերնագրով:
«Երևան-3»
Երևան քաղաքի պատմության թանգարանի ցուցասրահում 2011թ. դեկտեմբերի 13-14-ը տեղի ունեցավ «Երևան-3» գիտական նստաշրջանը, որով ամփոփվեց թանգարանի 80-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շարքը:
«Երևան-3» գիտաժողովի շրջանակներում քննարկվեցին մայրաքաղաքի հուշարձաններին վիճակին, 21-րդ դարասկզբին Երևանում տեղի ունեցած ժողովրդագրական գործընթացներին, էկոլոգիական, սոցիալական և սանիտարական վիճակով պայմանավորված՝ առողջապահական հիմնախնդիրներին, Երևանի նոր բակերին, գետնանցումների բարելավման ճանապարհներին, Երևանի քաղաքաշինական դիմագծին, պատմության մի շարք ուշագրավ խնդիրներին ու պատմական առանձին իրադարձություններին առնչվող հարցեր, հնչեցին տեսակետներ: Գիտաժողովի նյութերը հրատարակվեցին «Երևան-3» վերնագրով:
«Երևան-2»
Երևանի հիմնահարցերին նվիրված աերկրորդ գիտաժողովը կազմակերպվել է 2009թ.: 2009թ. նույնպես հրատարակվեցին գիտաժողովի նյութերը «Երևան-2» վերնագրով: Գիտաժողովին մասնակցում էին ՀՀ ԳԱԱ Պատմության, Հնագիտության և Ազգագրության ինստիտուտների գիտաշխատողներ, Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դասախոսներ, թանգարանագետներ: Գիտաժողովը նվիրված էր Երևանի պատմության, կենցաղի ու մշակույթի տարբեր հիմնահարցերին:
«Երևան»
Երևանի հիմնահարցերին նվիրված առաջին գիտաժողովը տեղի է ունեցել 2006թ.-ին, որի շրջանակներում հրատարակվել է «Երևան» գիտական հոդվածների ժողովածուի առաջին մասը: