Խոսքային հաղորդակցման ձևերը Երևանի արդի հասարակության մեջ
Յուրաքանչյուր հասարակության մեջ խոսքային (վերբալ) հաղորդակցման ձևերը խիստ կարևոր են, քանի որ դրանք ապահովում են տվյալ հասարակության անդամների (սոցիալտարիքային և սեռային տարբեր խմբերի) փոխադարձ շփումները: Դրանք նաև ժամանակի հոլովույթի մեջ փոփոխական են, քանի որ շարունակաբար կորցնում են մեկ ձև և իմաստ, ձեռք բերելով մեկ ուրիշը՝ պայմանավորված մի շարք գործոններով, ինչպես մտածողության որոշակի դրսևորում, միջավայրի (այդ թվում և այլէթնիկ) ազդեցություն և այլն: Այս առումով խոսքային հաղորդակցության համակարգը (մասնավորապես դիմելաձևերը) խիստ դինամիկ է:
Նիկոլ Մարգարյանի դիպուկ բնութագրմամբ, խոսքային դիմելաձևեր ասելով նկատի են առնվում բոլոր այն վերբալ ձևերը, որ իմաստավորված են բառի մեջ (անձնանուններ, մականուններ, ազգակցական տերմիններ, զբաղմունքի և տիտղո-սանուններ) կամ ածական-կոչականներ ու դիմող բացականչություններ (1):
Դիմելաձևերը տարբերվում են պաշտոնական և առօրյա մակարդակներով, ճանաչելիության աստիճանով, սեռատարիքային չափանիշով: Սեռա-տարիքային չափանիշով տարբերվող դիմելաձևերը վկայում են և դիմողի սոցիալ-խավային ծագման, կամ պատկանելության կրթական մակարդակի, միջավայրի ու դաստիարակության մասին: Կան նաև կլանային փակ խմբերի դիմելաձևեր, որոնք խիստ սահմանափակ են, ինչպես օրինակ հանցագործների միջավայրում և ճանաչելի միայն կոնկրետ միջավայրում: Դրանք այսպես կոչված «գողական անուններն են», որոնք չեն ունենում կրկնօրինակներ՝ շնորհիվ հարադիր անուններ (տեղանուններ, բնակության վայրի կոնկրետացում, ֆիզիկական որևէ հատկանիշ ընդգծող անվանումներ և այլն /ինչպես օրինակ՝ Դքի Նորո/):
Առաջին խումբ են ներկայացնում և ֆիզիկական հատկանիշներ բնորոշող հատուկ անունները, որոնք օգտագործվում են կոնկրետ անձի նկատմամբ, ինչպես օրինակ Կյաժ, Սևո», Չան, Բոյլուխ, Պստո և նման բազմաթիվ անվանումներ, որոնք առավելապես հանդիպում են տղամարդկանց միջավայրիում՝ փակցվում մարդուն ողջ կյանքի ընթացքում և ճանաչելի դարձնում վերջինիս կոնկրետ իր միջավայրում:
Պաշտոնական դիմելաձևը (հիմնարկներում, բուհերում) տղամարդկանց դեպքում՝ պարոն, կանանց դեպքում տիկինն է: Թեպետև այստեղ պետք է վերապահումով մոտենալ, քանի որ բուհական համակարգում ուսանողությունը գերադասում է ընկեր դիմելաձևը: Լինելով հետխորհրդային շրջանի սերունդ, նրանք պետք է որ հեռու լինեին խորհրդային շրջանին բնորոշ այդ անդեմ դիմելաձևից, սակայն, որքան էլ որ տարօրինակ է իներցիայի ուժով, թե ժառանգական մտածողությամբ թելադրված ոճով շարունակում են դասախոսական անձնակազմին դիմել այդ ձևով: Առօրյա կենցաղում ևս հանդիպում են շատ դեպքեր, երբ տարեկից մարդիկ դիմում են իրար այդ ձևով՝ սեռականության շեշտադրմամբ, ինչպես օրինակ՝ ա՛յ ընկեր կամ ա՛յ ընկերուհի և կամ ընկեր ջան ձևերով: Արդի հասարակության մեջ կանայք իրենց հասակակից կանանց դիմում են թե տիկին և թե ընկերուհի ձևով: Տղամարդկանց դիմում են ընկեր կամ եղբայր ձևերով: Հանդիպում են և անանուն դիմելաձևեր:
Ներկայիս կենցաղում երևանյան բազմաշերտ հասարակության մեջ երիտասարդ տղաների միջավայրում շատ ավելի հաճախադեպ է դարձել կանանց մորքուր, տղամարդկանց հոպար կամ ձյաձ դիմելաձևը: Հարկ է նշել, որ վերջինս հոպար-հորեղբայրի ռուսերենի (հայացված) տարբերակն է:
Այս առումով ուշագրավ է, որ խորհրդային շրջանում տարածված տյոտյան թարգմանվեց հայերեն ու կայունացավ մորքուր ձևակերպմամբ՝ հետ մղելով մայրիկ բառը, իսկ ձյաձ-հոպար-ը զուգահեռ գործածմամբ շարունակում է կիրառվել: Ընդ որում, եթե տվյալ տղամարդը մոտ կամ ծանոթ մարդ է ձյաձ դիմելաձևը գործածվում է հատուկ անվան հավելմամբ, ինչպես օրինակ՝ ձյաձ Հակոբ, կամ հակառակը, եթե օտար է, դիմում են առանց հատուկ անվան հավելման: Նույնը կարելի է ասել և մորքուր դիմելաձևի պարագայում:
Տղամարդիկ տարեկից կնոջը դիմելիս օգտագործում են տիկին, քույրիկ կամ ընկերուհի դիմելաձևով, իսկ տղամարդկանց դիմում են եղբայր կամ ախպեր բառերով: Նույնկերպ և հասակակից անծանոթ տղամարդիկ (ավագ տարիքային խմբի) միմյանց դիմում են անդեմ, կամ հազվադեպ եղբայր-ախպեր դիմելաձևով:
Արյունակցական միջավայրից ծագում առնող եղբայր բառը արտասանությամբ, երանգավորմամբ և իմաստավորմամբ ամենից հարուստն է գրեթե բոլոր ժամա-նակների դիմելաձևերում և տղամարդկանց տարբեր տարիքային խմբերում: Այն հորջորջվում է՝ ախպեր /ախպար/, ապեր, ապե, ապ նաև՝ ախպեր-ընկեր համադրությամբ: Հարկ է նշել, որ եթե ավագ խմբի տղամարդը կարող է որևէ երիտասարդի դիմել ապեր ձևով, ապա նույնը չի կարող իրեն թույլ տալ երիտասարդը՝ ավագի հանդեպ:
Սրանից կարելի է եզրակացնել, որ ապեր դիմելաձևը երիտասարդական տարիքի բնորոշում է, կամ այդ տարիքի մարդկանց բնորոշող: Հարկ է նշել նաև, որ ապեր ձևը առավելապես քաղաքային միջավայրին է բնորոշ, քանի որ շրջաններում կիրառելի է ախպեր ձևը՝ ի տարբերություն արևմտահայերենի ախպար ձևի, որը ժամանակին խորթ թվալով արևելահայերին, այնքան ընդարձակվեց իմաստային ընկալման մեջ, որ պարզ դիմելաձևից վերածվեց սուբէթնոնիմի(2): Այդ է փաստում այն պարագան, որ եթե ախպար ձևով արևմտահայը դիմում էր միայն տղամարդուն, ապա արևելահայերը սկսեցին այդպես խոսել նաև կանանց մասին:
Ախպեր դիմելաձևը ներկայումս ձեռք է բերել առավել ընդհանրացնող իմաստ: Վերջինից են ածանցվել ախպերություն–ընկերություն հավաքականություն արտահայտող բառերը, որոնք շատ են օգտագործվում հարազատ-մտերիմների միջավայրում:
Նշված դիմելաձևին գրեթե զուգահեռ տղամարդկանց միջավայրում գործածելի է և արա դիմելաձևը, որը նույնպես ունի նրբերանգային սահմանափակումներ կամ առանձնահատկություններ: Այն սովորաբար օգտագործում են հատուկ անվան համադրությամբ, այլապես այն կընկալվի իբրև վիրավորական, ստորացուցիչ դիմելաձև և առիթ կհանդիսանա լուրջ միջադեպերի: Այս պարագայում նույնպես գործում է տարիքային սանդղակը. Ավագը կարող է այդկերպ դիմել իրենից կրտսերին, սակայն հակառակը՝ բացառվում է: Հայտնի է նաև արան, հայոց մեջ միաժամանակ նաև տղամարդու հատուկ անուն է: Այդ դեպքում, այս համադրության մեջ հանդես է գալիս նաև հատուկ անունը՝ օր. արա Արո ձևով: Այս դիմելաձևը նույնպես առավելապես բնորոշ է Երևանին ու շրջակայքին: Կարելի է ասել այն երևանյան դիմելաձև է, և այդ ձևով դիմողը իսկույն մատնում է իր ինքնությունը:
Երիտասարդ տղաները տարեկից աղջիկներին դիմում են քույրիկ, քուր ջան, քուրո ձևերով, որն ունի նաև մտերիմ, յուրային համարվելու նշանակություն մեր քուրն ա արտահայտությունը խոսում է մտերիմ, յուրային համարելու աստիճանի մասին: Իրեն սոցիալական ծագումով բարձր համարող երիտասարդը հասակակից աղջկան դիմում է ընկերուհի ձևով կամ անանուն, ինչպես աղջիկներն են դա անում տղաների նկատմամբ: Աղջիկները դիմում են անունով՝ ծանոթի պարագայում կամ ավելի հաճախ անանուն:
Անանուն դիմելաձևերում, խոսքը վերբալ դարձնելու համար մարդիկ տարբեր տարիքային խմբերում դիմում են չեզոք դիմելաձևերի, ինչպես օրինակ՝ կներեք, կարելի է, չէի՞ք ասի, կոնկրետություն չպարունակող արտահայտությունները, որոնք քաղաքավարական դիմելաձևեր են համարվում:
Երևանաբնակների դիմելաձևերում հաճախ լսելի է վարպետ բառը, որն առավելապես օգտագործվում է տաքսի ծառայության վարորդների նկատմամբ, թեպետև վարպետը բնութագրիչն է որևէ արհեստավորի:
Հանդիպում է և ուստա դիմելաձևը, որը նունյպես և նախորդի դեպքում՝ մտերմություն չի մատնանշում:
Ինչպես նկատեցինք, ժամանակակից դիմելաձևերը շատ չեն հեռացել ավանդական արմատներից: Դրանք բոլորն ի վերջո գալիս են ազգակցական անվանումներից, ինչը բնորոշ է և այլ ժողովուրդների: Այլ հարց է, թե դրանք ինչ մերձեցումների են տանում հասարակության տարբեր խմբերին:
Դիմելաձևերը յուրաքանչյուր հասարակության մեջ մարդկանց և առանձին խմբերի փոխադարձ հարաբերությունների ձևավորման ու կարգավորման մեխանիզմի բաղադրիչ տարրն են: Դրանք պայմանավորված են և արտացոլում են հասարակության զարգացման փուլերը:
Արմենուհի Ստեփանյան
Հնագիտության և ազգագրության ինստիտուտ,
պատմական գիտությունների թեկնածու
- Մարգարյան Ն., Խոսքային դիմելաձևերի կենցաղավարումը Արցախում, Հայ ժողովրդական մշակույթի հետազոտման հարցեր, Արցախ, գիտական նստաշրջան, զեկուցումներ և հիմնադրույթներ, Ե., 1992, էջ 21:
- Ստեփանյան Ա., XX դ. Հայրենադարձությունը հայոց ինքնության համակարգում, Եր., 2010թ., էջ 202 և այլն: