Երևան քաղաքի ընդարձակման պատմությունից. Դալմայի չորս գյուղերի հիմնադրումը (1939-1940 թթ.)
Երևան քաղաքի պատմության կարևոր մասնիկն է հանդիսանում ներկայումս մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների տարածքի մեջ մտնող Դալմայի չորս գյուղերի` Դավիթաշենի (Առաջին գյուղ), Անաստասավանի (Երկրորդ գյուղ), Սիլիկյանի (Երրորդ գյուղ, այնուհետև` Սպանդարյան), Հաղթանակի (Չորրորդ գյուղ) պատմությունը:
Նշյալ բնակավայրերի պատմությունն ուսումնասիրելու տեսակետից առաջնային նյութը Հայաստանի ազգային արխիվի (ՀԱԱ) ու նրա մասնաճյուղերի ֆոնդերում պահվող վավերագրերն են: Առանձնապես օգտակար և անփոխարինելի են թիվ 1 (ՀԿԿ կենտկոմ), 113 (ՀՀ կառավարություն), 123 (ՀՀ գյուղատնտեսության նախարարություն), 207 (ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահություն), 401 (ՀԿԿ Շահումյանի (Գյուղական, Բերիայի անվան) շրջկոմ), 1463 (Երևան քաղաքի Շահումյանի շրջանի կոլեկտիվ և խորհրդային տնտեսությունների սկկ-ներ), Երևանի քաղաքային մասնաճյուղի թիվ 10 (Շահումյանի շրջխորհրդի գործկոմ), 81 (Հաղթանակի գյուղսովետ) ֆոնդերի փաստաթղթերը: Հրատարակված աղբյուրների շարքում առանցքային նշանակություն ունեն Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի տեղեկագրերը, ուր հրատարակված են ԳԽ ընդունած օրենքներն ու կարգադրությունները: Սկզբնաղբյուրային նշանակություն ունի նաև ՀԿԿ Բերիայի (Շահումյանի) շրջկոմի և շրջխորհրդի «Նոր Կյանք» պաշտոնաթերթը: Պարբերականը հրատարակվել է 1940թ. նոյեմբերի 7-ից մինչև 1959թ. հունիսի 18-ը: Շահումյանի շրջանը Երևան քաղաքին միացվելուց հետո թերթի հրատարակությունը դադարեցվել է:
1939թ. ամռանը Խորհրդային Հայաստանի իշխանությունները որոշում կայացրեցին մայրաքաղաք Երևանին մերձակա գյուղական բնակավայրերի միավորմամբ նոր շրջան կազմակերպել: ՀԿ(բ)Կ կենտկոմը դիմեց Մոսկվա՝ համապատասխան թույլատվություն ստանալու նպատակով: Օգոստոսի 25-ին ՀամԿ(բ)Կ կենտկոմը հավանության արժանացրեց առաջարկը (1): Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի սեպտեմբերի 2-ի հրամանագրով վավերացվեց Երևանի քաղաքամերձ գյուղերից գյուղական շրջանի ստեղծումը: Նորաստեղծ շրջանի մեջ մտան Վերին Չարբախ, Ներքին Չարբախ, Ներքին Շենգավիթ, Նոր Կողբ, Նոր Արեշ, Նոր Կյանք, Սովետաշեն, Նոր Սեբաստիա, Նոր Մալաթիա գյուղերը, Երևան քաղաքի Նորք արվարձանը, Հայկոնսերվտրեստի խորհտնտեսությունը, ՀամԿ(բ)Կ 18-րդ համագումարի անվան կոլտնտեսությունը, ներքին գործերի ժողկոմատի և ուղղիչ աշխատանքային գաղութի քաղաքամերձ տնտեսությունները, զոնալային փորձարարական կայանը, ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի (ԱրմՖԱՆ) բուսաբանական այգու տարածքը, Ղամարլուի շրջանից` Շորբուլաղ, Կոտայքի շրջանից` Ջրվեժ և Ավան, Զանգիբասարի շրջանից` Նորագավիթ գյուղերը: 1939թ. աշնանը շրջանի մեջ մտան նաև նորաստեղծ Առաջին ու Երկրորդ գյուղերը, իսկ 1940թ.` Երրորդ և Չորրորդ գյուղերը: Երևանի գյուղական շրջանը (1940թ. սեպտեմբերին այն անվանակոչվեց Լ. Բերիայի անվան) զբաղվելու էր գյուղատնտեսական մթերքների արտադրութամբ, ինչի արդյունքում նախատեսվում էր, որ հանրապետության մայրաքաղաքի ազգաբնակչությունը կապահովվեր թարմ մրգերով, բանջարեղենով ու կաթնամթերքով(2):
Նոր այգիների ստեղծման համար կարևոր նախապայման էր ոռոգման համակարգի բարելավումը և նոր ջրանցքների կառուցումը: Այս հարցը Խորհրդային Հայաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում էր: 1939թ. մարտին 2 մլն ռուբլի պետական ներդրումների հաշվին սկսվեց Դալմայի նոր ջրանցքի շինարարական աշխատանքները, որը շահագործման հանձնվեց դեկտեմբերին: Այն սկիզբ էր առնում Քանաքեռհէկի ջրանցքից(3):
Դալմայի նոր ջրանցքի կառուցմամբ պայմանավորված` առաջ եկավ ոռոգելի դարձող Երևանին մերձակա (Աշտարակի և Էջմիածնի ճանապարհին) Դալմայի ամայի, «ղըռ» հողերի յուրացման խնդիրը: Նախատեսվում էր այստեղ խաղողի և պտղատու այգիներ հիմնել: Նշյալ տարածքների յուրացման համար թիրախային էին համարվում հատկապես Ապարանի շրջանի լեռնային սակավահող գյուղերի բնակիչները: ՀԿ(բ)Կ կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանը 1939թ. գարնանը եղել էր Ապարանի շրջանի բնակավայրերում և լսել մի շարք գյուղերի բնակիչների դժգոհությունները` վարելահողի պակասի վերաբերյալ: Պատմաբան Վլադիմիր Պետրոսյանի վկայությամբ` այստեղից էլ Գ. Հարությունյանի մոտ միտք էր հղացել Ապարանի սակավահող գյուղերի բնակիչներին վերաբնակեցնել նոր յուրացվող Դալմայի հողերում (4):
Փաստենք նաև, որ Ապարանի շրջանի շուրջ մեկ տասնյակ գյուղերի զգալի թվով ընտանիքներ դիմումներ էին ներկայացրել շրջխորհրդի գործկոմին` ցանկություն հայտնելով «Աշտարակի շրջանի ղըռեր փոխադրվել և նոր գյուղեր հիմնել»: 1939թ. մայիսի 15-ին Ապարանի շրջխորհրդի գործկոմը Ածնկալ, Ղուշչի և Նորաշեն գյուղերի բնակիչներին թույլատրեց ամբողջովին վերաբնակվել ղըռերում: Մասնակի կերպով փոխադրվելու էին նաև` Զովունիից` 30, Մռավյանից` 40, Գյուլափլուից` 30, Ղազնաֆարից` 30, Սամադարվիշից` 40, Հաջիբաղրից` 30, Թաքառլուից` 10, իսկ Տանագիրմազից` 26 տնտեսություն (ընդամենը` 401 տնտեսություն): Շրջխորհրդի գործկոմը հանրապետության ժողկոմխորհին միջնորդեց` հաստատելու որոշումը(5):
Հայկական ԽՍՀ ժողկոմխորհի նախագահ Արամ Փիրուզյանի ներկայացմամբ` ՀԿ(բ)Կ կենտկոմի բյուրոն 1939թ. հուլիսի 13-ին որոշում ընդունեց Ապարանի շրջանից կոլտնտեսականներին Դալմայի բնակավայրեր վերաբնակեցնելու միջոցառումների մասին: Ընդունված որոշմամբ ՀԿ(բ)Կ կենտկոմի բյուրոն հանրապետության ժողկոմխորհին և հողագործության ժողկոմատին հանձնարարեց քայլեր ձեռնարկել Դալմայի ջրանցքի կառուցումը ժամանակին ավարտելու նպատակով: Նախատեսվում էր Ապարանի շրջանից Դալմայի հողեր տեղափոխել 1000 տնտեսություն` այդ նպատակով հիմնելով 4 ավան: Դրանցից երկուսում 400 տնտեսության տեղավորումը պետք է տեղի ունենար 1939թ. ընթացքում(6): Ղեկավարվելով ՀԿ(բ)Կ կենտկոմի բյուրոյի նշյալ որոշման դրույթներով` հուլիսի 15-ին Հայկական ԽՍՀ ժողկոմխորհը որոշում ընդունեց Ապարանի շրջանից Դալմայի բնակավայրեր կոլտնտեսականներին վերաբնակեցնելու միջոցառումների մասին, որով առավել գործնական հողի վրա դրվեց վերաբնակեցման աշխատանքները (7):
Մինչև 1939թ. Դալմայի 4 գյուղերի (հետագայի Դավիթաշենը, Անաստասավանը, Սպանդարյանը և Հաղթանակը) զբաղեցրած տարածքն ամայի, կիսաանապատային վայր («ղըռեր») էր: Ամռան ամիսներին մարդիկ դժվարությամբ էին անցնում այդ վայրերով, որովհետև կիզիչ արևից անջրդի, «ղըռ» հողը տաքանում էր: Այդ անմարդաբնակ ու քարքարոտ տարածքներում կենդանության նշաններ էր երևում միայն վաղ գարնանն ու ուշ աշնանը, երբ անձրևներից ձորակներում գոյացող ջրի փոքրիկ լճակները հովիվներին հնարավորություն էր տալիս ոչխարների հոտը մեկ-երկու ամսով փոխադրել այդ վայրերը: Գյուղերի հիմնադրմանը նախորդող շրջանում «Դալմայի ղըռերն» այսպես է նկարագրում Շահումյանի շրջանի «Նոր Կյանք» պաշտոնաթերթը (8): Ահա այսպիսի տարածքներում 1939-1940 թթ. բնակություն հաստատեցին Ապարանի, Մարտունու և հանրապետության այլ շրջաններից տեղափոխված վերաբնակիչները:
Նախատեսված 400-ի փոխարեն 1939թ. աշնանն Ապարանի շրջանից Առաջին և Երկրորդ գյուղերում վերաբնակեցվեց 371 տնտեսություն: Առաջին գյուղում հաստատվեց 171 տնտեսություն, Երկրորդ գյուղում՝ 200 տնտեսություն (9): Հիմնադրումից մեկ տարի անց գյուղերը ստացան իրենց անունները. ՀԿ(բ)Կ կենտկոմի բյուրոյի 1940թ. հունիսի 15-ի որոշումով և ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 1940թ. հուլիսի 24-ի հրամանագրով Առաջին գյուղը վերանվանվեց Դավիթաշեն («Սասունցի Դավիթ» էպոսի պատվին), իսկ Երկրորդ գյուղը` Անաստասավան (խորհրդային պետական-կուսակցական գործիչ Անաստաս Միկոյանի անունով) (10): Հետաքրքրական է, որ Երևանի գյուղական շրջանի գործադիր կոմիտեն 1940թ. սկզբին առաջարկել էր Առաջին գյուղը կոչել Պտղաշատ, իսկ Երկրորդը` Այգեշատ: 1940թ. հունվար-փետրվարով թվագրվող որոշ փաստաթղթերում գյուղերն այս անուններով են հիշատակվում (11):
Խորհրդային Հայաստանի իշխանությունները կարևորում էին վերաբնակեցման աշխատանքների շարունակականության ապահովումը: Մի շարք քննարկումներից ու փոփոխություններից հետո ՀԿ(բ)Կ կենտկոմի բյուրոն 1940թ. հունվարի 31-ին հաստատեց 1940թ. ներհանրապետական գյուղատնտեսական վերաբնակեցման ծրագիրը (12): Նշյալ որոշման դրույթներն արտացոլվեցին Ժողկոմխորհի փետրվարի 5-ի «1940թ. Հայկական ԽՍՀ-ում ներհանրապետական գյուղատնտեսական վերաբնակեցման պլանի մասին» որոշման մեջ: Ըստ այդմ` սահմանվեց գյուղացիական տնտեսությունների վերաբնակեցման կարգը, վերաբնակիչների համար կենցաղսպասարկման շինությունների և բնակմակերեսի կառուցման համար անհրաժեշտ շինանյութերի հաշվարկը: Վերաբնակվող 1815 տնտեսությունների գերակշիռ մասը (1104-ը) հաստատվելու էր Երևանի գյուղական շրջանի բնակավայրերում՝ Առաջին, Երկրորդ, Երրորդ, Չորրորդ գյուղերում, Մալաթիայում: Նրանք տեղափոխվելու էին հանրապետության Ապարանի, Կոտայքի, Մարտունու, Կապանի, Նոր Բայազետի շրջաններից: Հանրապետության տարբեր գերատեսչությունների հանձնարարվեց իրենց վստահված ոլորտների մասով մասնակցություն ունենալ վերաբնակեցման գործին և օժանդակել Ժողկոմխորհի վերաբնակեցման բաժնին: Նախատեսվում էր մինչև շինարարական աշխատանքների սկիզբն Առաջին, Երկրորդ, Երրորդ և Չորրորդ գյուղերում կազմակերպել բանվորական ճաշարան, բացել առևտրական ու բուժսպասարկման կետեր: Բնակելի և տնտեսական կառույցների շինարարությունն իրականացվելու էր կոլտնտեսությունների կողմից: Կատարվող աշխատանքների ղեկավարումը և շինարարական նյութերի մատակարարումն իրականացնելու էր վերաբնակեցման բաժինը (13):
Որոշ ձգձգումներից հետո` մայիսի 15-ին, Ապարանի շրջխորհրդի գործկոմը հստակեցրեց շրջանից վերաբնակվողների հարցը: ՀԿ(բ)Կ կենտկոմի և ՀԽՍՀ ժողկոմխորհի սահմանած 660 տնտեսության փոխարեն նախատեսվում էր 1940թ. Ապարանի շրջանից Երևանի գյուղական շրջան վերաբնակեցնել 342 տնտեսություն (Թաքառլու, Ղոյթուր, Հաջիբաղր և Սաչլու գյուղերից)(14): Սա առաջին հերթին վկայում էր շրջանի գյուղացիության` հայրենի բնակավայրերը չլքելու մտադրության մասին: Բացի այդ, նրանց մի մասի կարծիքով, իրենց համագյուղացիների որոշ մասի` նոր բնակավայրեր տեղափոխվելուց հետո վերանում էր հայրենի գյուղի հողասակավության հարցը:
Վերաբնակեցման աշխատանքները և նոր բնակավայրերի շինարարությունը դանդաղ էր ընթանում: Հունիսի 1-ի դրությամբ` վերաբնակվող տնտեսությունների համար նախատեսված 1815 բնակարանից միայն 742-ի շինարարությունն էր սկսվել: Ծրագրված շինարարական աշխատանքների դանդաղումն առաջին հերթին պայմանավորված էր հապշտապությամբ, աշխատանքի վատ կազմակերպվածությամբ, ինչի արդյունքում շինարարական նյութերը բավարար չափով չէին մատակարարվում: Նույնիսկ 1939թ. հիմնադրված Առաջին և Երկրորդ գյուղերում դեռևս որևէ բնակելի տուն շահագործման չէր հանձնվել: Այս տեսակետից ամենից անբարենպաստ վիճակում գտնվողը Երրորդ գյուղն էր: Նախատեսված 300 բնակելի տնից այստեղ միայն 4-ի շինարարությունն էր սկսվել (15): Վերջին հանգամանքը պայմանավորված էր նաև այն իրողությամբ, որ Ապարանի վերը նշված 4 գյուղերի բնակիչների հիմնական մասը, չնայած տեղական ղեկավարության հրահանգին, չէր ցանկանում Երրորդ գյուղ տեղափոխվել:
Երրորդ և Չորրորդ գյուղերի կառուցման պլանը չձախողելու համար հանրապետության իշխանությունները կտրուկ քայլերի դիմեցին: Հանրապետական վերաբնակեցման պլանը և շինարարական աշխատանքները ժամանակին կատարելու նպատակով ՀԿ(բ)Կ կենտկոմի բյուրոն 1940թ. հուլիսի 5-ին հողագործության, առողջապահության ժողկոմատներին, Հայկոոպին, Երևանի գյուղական, Ապարանի, Մարտունու, Նոր Բայազետի շրջխորհուրդներին հանձնարարեց կարճ ժամկետում կատարել Դալմայի բնակավայրերի շինարարության վերաբերյալ Կենտկոմի բյուրոյի 1940թ. ապրիլի 27-ի որոշումը բնակավայրերի շինարարական աշխատանքներն արագացնելու մասին: Վերաբնակվող տնտեսությունների՝ նոր բնակավայրեր փոխադրման վերջնաժամկետ սահմանվեց հուլիսի վերջը (16):
Ապարանի շրջանից վերաբնակեցման ցանկում չընդգրկված որոշ գյուղերի բնակիչներ Երևանին մերձակա նոր բնակավայրեր տեղափոխվելու պատրաստակամություն էին հայտնում: Նրանց հրապուրում էր նորաստեղծ բնակավայրերի` մայրաքաղաքին մոտիկ լինելու հանգամանքը, քաղաքային աշխատանք ձեռք բերելու, բարվոք կենցաղային պայմաններ ունենալու հեռանկարը: Որոշ գյուղացիներ, առանց համապատասխան օրինական թույլտվության, փորձեր էին կատարում բնակություն հաստատել Դալմայի գյուղերում: Այս հանգամանքը տեղական իշխանություններին հնարավորություն տվեց ընդամենը մեկ որոշումով խուսափել ձախողումից: Քննարկելով ՀԿ(բ)Կ կենտկոմի բյուրոյի 1940թ. հուլիսի 5-ի որոշման կատարման հարցը` ՀԿ(բ)Կ Ապարանի շրջկոմի բյուրոն հուլիսի 17-ին որոշեց լրացուցիչ կերպով Երևանի գյուղական շրջան տեղափոխվելու թույլտվություն տալ շրջանի ևս 6 գյուղերի (Չամռլու, Գյուլլուջա, Ղարանլուղ, Իմրլու, Քուչակ, Մուլքի) բնակիչների (ընդամենը` 158 տնտեսություն): Այս ամենի արդյունքում մասնավորապես Երրորդ գյուղի տնտեսությունների թիվը հասավ պլանով նախատեսված 300-ի (17):
Այդուհանդերձ, անմխիթար վիճակում էր Դալմայի 4 գյուղերի շինարարությունը: Բավական է նշել, որ 1940թ. օգոստոսի 1-ի դրությամբ` նախատեսված 1000 տնից կառուցվել էր ընդամենը 360 նկուղային հարկ և 80 վերնահարկ: Չէին ավարտվել Երրորդ և Չորրորդ գյուղերի ոռոգման ցանցի շինարարական աշխատանքները: Չափազանց ծանր էր վերաբնակիչների կենցաղային պայմանները, նորաստեղծ գյուղերում ազգաբնակչության զգալի մասը տեղավորված էր ժամանակավոր բարաքների մեջ: Ելնելով այս իրողությունից` ՀԿ(բ)Կ Երևանի գյուղական շրջկոմի բյուրոն 1940թ. օգոստոսի 6-ին Դավիթաշենի, Անաստասավանի, Երրորդ և Չորրորդ գյուղերի կոլտնտեսությունների նախագահներին հանձնարարեց վերացնել առկա թերությունները և մինչև օգոստոսի 15-ը կոլտնտեսականների բոլոր ուժերը կենտրոնացնել շինարարական աշխատանքները կատարելու վրա (18): Բանն այն է, որ նորաստեղծ գյուղերի շինարարական աշխատանքների կազմակերպման գործում, նաև բնակիչների առօրյա կյանքում կարևոր դեր էր վերապահված կոլտնտեսություններին, որոնք կազմակերպվել էին գյուղերի հիմնադրման հետ միաժամանակ: Նշենք, որ բնակավայրերի կառուցման համար վարկային միջոցները հատկացվում էին կոլտնտեսությունների վարչություններին: Այնուհետև գյուղերում ձևավորվեցին նաև գյուղական խորհուրդներ և Կոմունիստական կուսակցության սկզբնական կազմակերպություններ:
Դալմայի 4 գյուղերի բնակիչների համար չափազանց ծանր էր բնակավայրերի հիմնադրմանը հաջորդած առաջին տարին: Բացի կենցաղային անմխիթար պայմաններից, գյուղատնտեսական աշխատանքների համար անհրաժեշտ գործիքների պակասից, կար նաև մեկ այլ՝ էական խոչընդոտ: Դա խաղողի և պտղատու այգիների մշակության ասպարեզում լեռնային, նախալեռնային շրջաններից տեղափոխված բնակչության անփորձությունն էր: Սրան ավելանում էր այն իրողությունը, որ գյուղի կոլտնտեսությունն այգիներ էր հիմնում դարեր շարունակ անմշակ մնացած՝ «ղըռ» հողերում: Իսկ ամայի տարածքներում պտղատու ծառեր և խաղողի վազեր տնկելն առանձնահատուկ պայմաններ, մասնագիտական հետևողական օգնություն էր պահանջում, քանի որ ագրոտեխնիկական կանոնների անգամ փոքր խախտման պարագայում տնկիները չորանում էին:
Անբավարար էր ընթանում վերաբնակեցված Դավիթաշեն, Անաստասավան, Երրորդ և Չորրորդ գյուղերի` ձմռանը պատրաստվելու աշխատանքները: Հանրապետության իշխանությունները վերաբնակվող տնտեսություններին ամենաանհրաժեշտ պարագաներով չէին ապահովել: Գյուղացիների փոքր մասն էր բնակվում նորակառույց տներում, իսկ շատերը` կիսակառույցներում ու նկուղներում (մասնավորապես Երրորդ և Չորրորդ գյուղերում) (19): Վերաբնակված բազմաթիվ գյուղացիներ անմխիթար սոցիալական ու կենցաղային պայմանների պատճառով մասնավորապես 1940-1941 թթ. ձմռանը նախկին բնակավայրեր վերադարձան: 1941թ. գարնանը Դալմայի գյուղերից «նախկին բնակավայրեր փախչող» գյուղացիների թիվը մեծ չափերի էր հասել: Իսկ որոշ վերաբնակիչներ էլ ձգտում էին Երևան քաղաքում հաստատվել (20):
Չնայած գործադրված ջանքերին` Դալմայի 4 գյուղերի շինարարությունը 1939-1940 թթ. թերի կատարվեց: Այդուհանդերձ, 1941թ. վերաբնակեցման աշխատանքներին պատրաստվելիս Խորհրդային Հայաստանի իշխանությունները հաշվի չառան վերաբնակեցման աշխատանքներում նախկինում եղած թերացումները: Նախորդ տարիներին տեղափոխված գյուղացիների կենցաղային տարրական պայմանները դեռևս չբարելաված՝ վերաբնակեցումների ծավալներն առավել մեծացվեց:
Վերջում փաստենք, որ Խորհրդային Հայաստանում իրականացվող գյուղական բնակչության վերաբնակեցումներն ընդհատվեցին 1941թ. հունիսի 22-ին սկսված Հայրենական մեծ պատերազմի պատճառով: Հայկական ԽՍՀ-ում իրականացվող տարբեր ծրագրերի թվում մինչև պատերազմի ավարտը հետաձգվեց նոր վերաբնակեցումները, իսկ նոր հիմնադրվող բնակավայրերում ընթացող շինարարական աշխատանքները չափազանց դանդաղեցին: Պլանային վերաբնակեցումները վերսկսվեցին պատերազմի ավարտից հետո՝ 1950-ականների սկզբին:
Համո Սուքիասյան
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ,
պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ,
* * *
- Հայաստանի ազգային արխիվ (ՀԱԱ), ֆ. 1, ց. 19, գ. 104, թ. 65:
- Սուքիասյան Հ., Հայկական ԽՍՀ Շահումյանի շրջանը, «Հայոց պատմության հարցեր (գիտական հոդվածների ժողովածու)», թիվ 13, Եր., 2012, էջ 242-243:
- Վիրաբյան Ս. Ա., Ուրվագծեր Հայաստանի ոռոգման պատմության, Եր., 1986, էջ 164, Ղազախեցյան Վ. Ն., Հայաստանը 1920-1940 թթ., Եր., 2006, էջ 453-454:
- Պետրոսյան Վ., Գրիգոր Հարությունյանի ժամանակը, Գիրք առաջին, Եր., 2008, էջ 236-237:
- ՀԱԱ, ֆ. 207, ց. 1, գ. 241, թ. 38:
- ՀԱԱ, ֆ. 1, ց. 19, գ. 38, թ. 36, 63-64:
- ՀԱԱ, ֆ. 113, ց. 4, գ. 2653, թ. 8-10:
- «Նոր Կյանք», Շահումյան, 3 նոյեմբերի 1957, N 88, 18 հունվարի 1959, N 6:
- ՀԱԱ, ֆ. 1223, ց. 3, գ. 27, թ. 141, Արագածոտնի մարզային մասնաճյուղ, ֆ. 135, ց. 1, գ. 201, թ. 8-9:
- ՀԱԱ, ֆ. 1, ց. 20, գ. 48, թ. 24-25, ֆ. 207, ց. 60, գ. 35, թ. 47:
- ՀԱԱ, Երևանի քաղաքային մասնաճյուղ, ֆ. 10, ց. 1, գ. 1, թ. 19, գ. 2, թ. 27:
- ՀԱԱ, ֆ. 1, ց. 20, գ. 40, թ. 29, 49-51:
- ՀԱԱ, ֆ. 113, ց. 4, գ. 2633, թ 10-13:
- ՀԱԱ, ֆ. 113, ց. 4, գ. 249, թ. 108-109, Արագածոտնի մարզային մասնաճյուղ, ֆ. 135, ց. 1, գ. 201, թ. 8-9:
- ՀԱԱ, ֆ. 113, ց. 4, գ. 2630, թ. 63-64:
- ՀԱԱ, ֆ. 1, ց. 20, գ. 49, թ. 90-91 շրջ.:
- Սուքիասյան Հ. Կ., Երրորդ գյուղից մինչև Երևանի Սիլիկյան թաղամաս (պատմության, տնտեսության, մշակույթի էջեր), Եր., 2012, էջ 30-31:
- ՀԱԱ, ֆ. 401, ց. 1, գ. 34, թ. 33-36:
- ՀԱԱ, ֆ. 113, ց. 4, գ. 2636, թ. 78: