Երևանի պատմության թանգարանի տնօրենը մասնակցել է Ճապոնիայում կայացած միջազգային ֆորումին

2025 թվականի մայիսի 27-31-ը Երևանի պատմության թանգարանի տնօրեն Գևորգ Օրբելյանը այցելել է Ճապոնիա՝ մասնակցելով Օսակայում անցկացվող «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակներում տեղի ունեցող «Կամուրջների կառուցում. Ճապոնիայի համագործակցությունը Կենտրոնական Ասիայի և Կովկասի հետ» խորագրով միջազգային ֆորումին:
Ֆորումը կազմակերպվել էր Ճապոնիայի համագործակցության կազմակերպության կողմից (JICA)՝ նպատակ ունենալով խթանել տարածաշրջանային երկխոսությունն ու համագործակցությունը: Տնօրեն Օրբելյանը հանդես է եկել «Դեպի խելացի քաղաքներ. մարտահրավերներ և լուծումներ կայուն քաղաքային զարգացման համար» թեմայով զեկույցով՝ ներկայացնելով Երևանի քաղաքային զարգացման ռազմավարությունը և մշակութային կառույցների դերը խելացի քաղաքի ձևավորման գործընթացում։
Այցի ընթացքում Գևորգ Օրբելյանը հանդիպում է ունեցել Ճապոնիայում Հայաստանի նորանշանակ դեսպան Մոնիկա Սիմոնյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–Ճապոնիա մշակութային համագործակցության հնարավորությունները, մասնավորապես՝ համատեղ ցուցահանդեսների կազմակերպումը և փորձի փոխանակման ծրագրերը, որոնք ուղղված են հայ և ճապոնական քաղաքային մշակութային հաստատությունների միջև կապերի խորացմանը։
Ֆորումի շրջանակում վերջինս այցելել է նաև Հայաստանի ազգային տաղավար, որը ներկայացված է «Այսօրվա և վաղվա սյուները» խորագրի ներքո։ Տաղավարը ներկայացնում է Հայաստանի առաջատար նորարարական ծրագրերը, պատմամշակութային ժառանգությունը, ներդրումային ներուժը, ինչպես նաև ապագային միտված կրթական նախաձեռնությունները՝ Թումո, ՔՈԱՖ, Արմաթ: