Երևան անվան ծագման մասին

Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից է: Նրա տարածքում կատարված հնագիտական պեղումները ցույց են տալիս, որ մարդն այստեղ ապրել է տասնյակ հազարավոր տարիներ առաջ: Հատկանշական է այն փաստը, որ Երևանի տարածքը անընդհատ բնակեցված է եղել: Ուսումնասիրությունները պարզել են, որ քաղաքի տարածքում տարբեր ժամանակաշրջաններում առաջացել և տարբեր պատճառներով կործանվել են բազմաթիվ բնակավայրեր:
Ժամանակագրական առումով քաղաքի տարածքում հայտնաբերված հնագույն բնակավայրը Երևանյան կամ Հրազդանյան քարայրն է / Երևանյան լճի մոտ, Հրազդան գետի ձախ ափին/, որի հնագույն, ստորին շերտը /4-5 մշակութային շերտ/ թվագրվում է մուստերյան շրջանով /100 000 – 35 000 տարի առաջ/: Այնուհետև Երևանի տարածքում մարդու բնակության հետքերը հայտնաբերվում են նոր բնակավայրերում, ստեղծելով պատմական հուշարձանների մի ամբողջական շղթա: Թվարկենք դրանք. Շենգավիթ, /մ.թ.ա. 4-2-րդ հազարամյակներ/, Ծիծեռնակաբերդ, Ավան, Զեյթուն թաղամասեր, Կայարանամերձ հրապարակ /մ.թ.ա. 2-րդ հազարամյակի կես/, Կարմիր- բերդ / մ.թ.ա. 2-րդ հազարամյակի վերջ/, Կարմիր-բլուր /մ.թ.ա. 2-րդ հազարամյակի վերջ -1-ին հազարամյակի սկիզբ/, Արին բերդ /Էրեբունի, մ.թ.ա. 1-ին հազարամյակի սկիզբ/, Ավան- Առինջ /մ.թ.ա. 2-րդ-1-ին դարեր/, վաղ միջնադարյան Երևան /Կենտրոն/, Երևանի բերդ /7-րդ դար, 16-րդ դար/ և այլն:

Ուսումնասիրողներին / Ղ. Ալիշան, Ղ. Ինճիճյան/ և Երևան այցելած օտարերկրյա ճանապարհորդներին / Ժ. Շարդեն, Ռոբերտ Կեր Փորտեր, Ուիլյամ Աուզլեյ, Լինչ/ հետաքրքրել է հատկապես Երևան անունը:

Երևան անունը /յերեւան ձևով/ հայ մատենագրության մեջ առաջին անգամ հանդիպում է V դարի հնագույն մի հիշատակարանում / «Հնոց և նորոց պատմութիւն վասն Դավթի և Մովսէսի Խորենացւոց, թուղթ Դիոնէսիոսի», Կ. Պոլիս, 1874/:

Երևանի մասին հաջորդ հիշատակությունը վերաբերում է 607 թ., երբ Դվինում հրավիրված եկեղեցական ժողովին մասնակցել են նաև Դավիթ Երեցը և Ջոջիկ անունով վանականը Երեւանից /«Գիրք Թղթոց» մատենագրութիւն նախնեաց, 1901/:

VII դարի պատմիչ Սեբեոսը ևս վկայություն ունի Երևանի մասին, կապված 642-643թթ. արաբական արշավանքների հետ / Սեբէոս, Պատմութիւնք, 1672 թ., Ձեռագիր մատյան, 2639/: Հովհ. Դրասխանակերտցու /IX-X դդ., Պատմութիւն Հայոց/, Ս. Անեցու /XII դար, «Հաւաքմունք ի գրոց պատմագրաց»/, Ստ. Օրբելյանի /XIII դար, «Պատմութիւն նահանգին Սիսական»/ և այլ մատենագիրների աշխատություններում ևս հիշատակություններ կան Երեւանի մասին: Հայ մատենագրության մեջ Երևանը հիշատակվում է Երեւան, Էրեւան, Էրվան, Էրուան, Երեւան, Արեւան1 և այլ ձևերով:

Օտարերկրյա ճանապարհորդների և ուսումնասիրողների աշխատություններում Երևանը հիշատակվում է Erivan, Irvan, Iravan, Эриван, Ереван, Иреван2 և այլ ձևերով: Ենթադրվում է, որ հույն աշխարհագիր Կլավդիոս Պտղոմեոսի /II դար/ «Աշխարհագրություն» աշխատության մեջ նշված Tervan3 բնակավայրը Երևանն է, և Irvan անվան I-ն թյուրիմածաբար գրվել է T ձևով, քանի որ Tervan- ը քարտեզում նշված է նույն աշխարհագրական լայնության վրա, ինչ Երևանը:

Գոյություն ունեն Երևան անունը մեկնող բազմաթիվ բացատրություններ և ավանդություններ: Ամենահին և ամենատարածված բացատրությունը կապված է Նոյ նահապետի անվան հետ: Ժողովրդի մեջ տարածված ավանդության համաձայն, ջրհեղեղից հետո, երբ ջրերը ետ են քաշվել, Նոյը Արարատ սարից տեսել է ցամաք ու բացականչել «երևաց, երևաց», որն էլ հետագայում ձևափոխվելով դարձել է Երևան: Այս ավանդությունը հին է և միշտ տարածված է եղել ժողովրդի մեջ: Այդ են վկայում Երևան այցելած օտարերկրյա ճանապարհորդները, որոնց տեղացիները պատմել են այդ ավանդությունը:

Առաջիներից մեկը, ով վկայում է այդ մասին ֆրանսիացի ճանապարհորդ ժան Շարդենն է,4 որը 1672-73 թթ. եղել է Երևանում: Տեղի հայերը Շարդենին պատմել են, որ Երևանը Նոյի բնակության վայրն էր մինչև ջրհեղեղը և կառուցվել է նույն տեղում ջրհեղեղից հետո5:

Երևան անունը և քաղաքի հիմնադրումը Նոյի հետ են կապում նաև Ուիլյամ Աուզլեյը, Ռոբերտ Քեր Փորթրը,6 Ա. Հաքստհաուզենը, Լինչը 7 և ուրիշներ: Հայ պատմագրության մեջ վերոհիշյալ ավանդությանը անդրադարձել են Ղ. Ինճիճյանը,8 Մ. Սմբատյանը և ուրիշներ: Այս տեսակետը այսօր էլ մնում է որպես ժողովրդական ավանդություն և վկայում է, որ Երևանը շատ հին բնակավայր է:

Երևան անվան բացատրության այլ տեսակետի համաձայն Երևան անունը կապվում է Երվանդյան հարստության վերջին թագավոր Երվանդ 4-րդի անվան հետ /մ.թ.ա. 220-201թթ./: Հ. Նալյանը ենթադրում է, որ Երևանը Երվանդի կառուցած Երվանդաշատ մայրաքաղաքն է, այլ ուսումնասիրողներ`, որ Երվանդավան քաղաքն է և այլն: Օտարերկրյա ճանապարհորդները ևս վկայում են, որ Երևան անունը ըստ հայոց մեջ տարածված այլ ավանդության կապվում է Երվանդ թագավորի անվան հետ9: Բացատրությունների շարքում պարզապես կարելի էր անտեսել թուրք-պարսկական մի ավանդություն, ըստ որի Երևան անունն առաջացել է պարսիկ խան Ռևան-Ղուլիի անունից: Դա անընդունելի է հենց միայն այն պատճառով, որ այդ խանը Երևանում իշխել է 16-րդ դարի սկզբներին, իսկ Երևանը և նրա անունը հազարամյակների պատմություն ունեն:

19-20-րդ դարերում Հայաստանի տարածքում հայտնաբերված հայոց հնագույն Արարատ-Ուրարտու /Բիայնիլի, Վանի թագավորություն/ պետության արքաների սեպագիր արձանագրությունների հայտնաբերումն ու ընթերցումը հնարավորություն տվեցին ոչ միայն ճշգրտել մի շարք աշխարհագրական անուններ, այլև նոր ձևով բացատրել դրանց իմաստը:

Ուրարտական արձանագրություններում ընթերցվում են Էրիանի, Էրիախի, Էրեբունի անունները: Ռուսա 1-ին /735-713 թթ./ թագավորի արձանագրության մեջ, որ հայտնաբերվել է Սևանա լճի ափին գտնվող Ծովինար գյուղում, 22 երկրանունների հետ հիշատակվում է նաև Էրիաինի անունը10: Ռուս հնագետ Մ. Նիկոլսկին Էրիաինին /երկիրը/ տեղադրում է Երևանի շրջակայքում , Արին-բերդ բլուրի վրա և Երևան անունը բխեցնում Էրիաինիից11: Այս տեսակետը ընդունելի են համարում Ե. Շահազիզը,12 Խ. Սամվելյանը13 և ուրիշներ:

Շատ կարևոր էր հատկապես Նիկոլսկու կռահումը, որ հնագույն Երևանը պետք էր որոնել Արին-բերդ բլուրի տարածքում, որտեղ ռուս մեկ այլ հետազոտող՝ հնագետ Ա. Իվանովսկին առաջին անգամ ուսումնասիրել ու նկարագրել է ամրոցի ավերակները14:

Էրիանին տեղադրել են նաև Սևանա լճի շրջակայքում /Ի. Մեշչանինով, Գ. Մելիքիշվիլի, Գ. Ղափանցյան/15: Գ. Ղափանցյանը Էրիանի ամրոցն ու երկիրը նույնացնում է և կապում eria /aria/ ցեղի անվան հետ: Նա Էրիանի երկիրը համարում էր նույն eria /aria/ ցեղի երկիրը: Գ. Ղափանցյանը eria /aria/ ցեղի հետ էր կապում նաև Էրիախի երկիրը, որը ոմանք նույնացնում են Էրիանի երկրի հետ: Էրիախին Ղափանցյանը տեղադրում էր Կումայրիի շրջանում:

Նորից անդրադառնալով eri /ari/ ցեղի անվանը նա հնարավոր էր համարում, որ Երևան անունը առաջացած լինի eri-avan «eri-երկիր» ձևից, որն ավելի ուշ հնչում է Երևան ձևով: Գ. Ղափանցյանը Երևան անունը բխեցնելով Էրիա /արիա/ ցեղի ու երկրի անունից, միաժամանակ դա առեղծվածային է համարում, քանի որ ըստ նրա Էրիա ցեղը և երկիրը /Էրիախի/, գտնվում էին Գյումրիի տարածքում: Ինչպես տեսնում ենք վարկածների և տեսակետների շարքում Գ. Ղափանցյանը առաջ է քաշում այն տեսակետը, որ Երևան անունը կարելի է բացատրել «Էրի աւան» իմաստով16 :

Երևանի հիմնադրման և տեղադրման հարցերի պարզաբանման համար մեծ նշանակություն են ունեցել 1950 թ. Արին-բերդ բլուրի պեղումների ժամանակ հայտնաբերված արձանագրությունը /Կ. Հովհաննիսյան/ և Վանի քարաժայռի վրա փորագրված Խոռխոռյան հիշատակությունը /տարեգրություն/, որը 1828թ. հայտնաբերել է արևելագետ Ֆ. Շուլցը: Այդ արձանագրության մեջ ընթերցվում է Էրեբունի /բնակավայրի/ անունը, որը հիմնադրել է Արգիշտի 1-ինը /մ.թ.ա 786-764 թթ./, սակայն պարզ չէր, թե որտեղ է հիմնադրվել նոր բնակավայրը: Խոռխոռյան արձանագրության մեջ Արգիշտի 1-ինը գրում է «Խալդ աստծո հրամանով, Արգիշտին, Մենուայի որդին Էրեբունի քաղաքը կառուցեց Բիայնիլիի հզորության համար….: Հողը ամայի էր…: Հզոր գործեր ես այստեղ կատարեցի: Խաթե /և/ Ծոպանե երկրներից ես այնտեղ 6 հազար 600 զինվորներ բնակեցրի»17: Արին-բերդից հայտնաբերված արձանագրությունը վկայում է «Խալդ աստծո մեծությամբ, Արգիշտին, Մենուայի որդին, այս հոյակապ բերդը կառուցեցի, կոչեցի Իրբունի, Բիայնիլի երկրի հզորության համար: Հողը ամայի էր: Հզոր գործեր կատարեցի…»18:

Այս երկու արձանագրությունները և Արին-բերդ բլուրի ստորոտից հայտնաբերված նորքեցի Պ. Տեր-Ավետիսյանի արձանագրությունը հնարավոր դարձրին ճշգրտելու Արգիշտիի կառուցած Էրեբունի ամրոցի տեղը, ճշգրտվեց նաև ամրոցի հիմնադրման տարեթիվը. մ.թ.ա. 782թ:

Արին-բերդի արձանագրության հայտնաբերումից և ընթերցումից հետո ուսումնասիրողների /Բ. Պիոտրովսկի, Մ. Իսրայելյան, Կ. Հովհաննիսյան/ կողմից առաջ է քաշվում այն տեսակետը, որ Երևան անունը ծագել է Էրեբունի անունից, իսկ Մ. Իսրայելյանը կարծիք է հայտնում , որ Էրեբունի նշանակում է «հաղթանակ»19:

Էրեբունի անվան բացատրության մասին այլ կարծիք է հայտնում Ի. Դյակոնովը: Նա Էրեբունին բաժանում է ere-ebani բաղադրիչների և ենթադրում, որ այն ere ցեղի երկիր իմաստն ունի20: Ինչպես տեսնում ենք, այս բացատրությունը նման է Գ. Ղափանցյանի կարծիքին: Սակայն Ի. Դյակոնովի տեսակետի դեմ առարկում է Մ. Իսրայելյանը: Նրա կարծիքով ուրարտերենում առկա է er/e/bu բայարմատը՝ իր «առևանգել, հաղթել» իմաստներով, և հավանական է համարում, որ բերդանվան հիմքում ընկած լինի հենց այդ բառը, որից էլ ինչպես վերևում նշվեց, հեղինակը ենթադրում է, որ առաջացել է Էրեբունի «հաղթանակ» անունը:

Վերոհիշյալ բոլոր բացատրությունները տարիներ շարունակ ընդունվել կամ մերժվել են ուսումնասիրողների կողմից: 20-րդ դարի վերջին- 21-րդ դարի սկզբին Երևան անվան ծագման հարցը նորից հայտնվեց ուսումնասիրողների ուշադրության կենտրոնում: Առաջ քաշվեցին նոր տեսակետներ ու ենթադրություններ: Անդրադառնանք մի շարք տեսակետների: Ուրարտագետ Հ. Կարագեոզյանը Արգիշտի 1-ինի արձանագրության մեջ բնակավայրի անունը կարդում է Երեբունե /Երեբոն չվկայված ձևից / և գտնում, որ Երեբունեն բաղկացած է Եր կամ երե /բույն/ բաղադրիչներից, որը նշանակում է «երջանիկ քաղաք»21:

Է.Դանիելյանը ենթադրում է, որ Էրեբունի անունը ծագել է Արա Գեղեցիկի անունից22 : Փորձ է արվում Երևան անունը կապել նաև «երևացող, երևան» բառի հետ, երբ կրակով տրվող ազդանշաններով փոխհամաձայնեցվում էին ամրոցների պաշտպանների գործողությունները վտանգի ժամանակ 23: Սակայն նշենք, որ կրակի /նաև ծխի/ միջոցով միշտ հնարավոր չէր տեսանելի կապ պահպանել: Եղանակային անբարենպաստ պայմանները, ցերեկվա լույսը /իսկ ռազմական գործողությունները հիմնականում ցերեկն էին լինում/, հեռավորությունը անիմաստ կարող էին դարձնել կրակ վառելը, միևնուն էր այն չէր երևա: Ընդունելով այդպիսի ռազմավարական հնարքի գոյությունը, չենք կարող ընդունել, որ դա կապ ունի Էրեբունի-Երևանի անվանակոչության հետ: Կան նաև ուսումնասիրողներ, որոնք առաջարկում են Երևան անվան ստուգաբանությունը թողնել ապագային, երբ կհայտնաբերվեն նոր արձանագրություններ, սակայն հնարավոր չէ միանշանակ ասել, թե հետագայում հայտնաբերված նոր արձանագրությունները կարող են ավելին ասել, քան Էրեբունի անվանումն է:

Արգիշտի 1-ինի արձանագրություններում վկայված անունները Երևան /Էրեբունի/ անվան մինչև այժմ հայտնի հնագույն գրավոր հիշատակություններն են /ընթերցվում են նաև Իրպունի, Էրբունի, Երեբունի ձևերով/:

Հայտնի է, որ Երևանի տարածքը բնակեցված է եղել ավելի վաղ, քան հիմնադրվել է Էրեբունի ամրոցը: Թե ինչ անուներ են կրել Երևանի տարածքում հայտնաբերված հնագույն բնակավայրերը, հատկապես այսօրվա Շենգավիթը, որ մոտավորապես 6000 տարեկան է, հայտնի չէ: Այս իմաստով կարևորվում է Էրեբունի անունը՝ որպես հայոց մայրաքաղաքի մեզ հայտնի հնագույն անուն:

Հնում ընդունված է եղել նոր հիմնադրված բնակավայրը կոչել հիմնադրողի՝ արքայի կամ աստվածներից մեկի անվամբ: Հայտնի է, որ ավելի ուշ Արգիշտի 1-ինը Արարատյան դաշտավայրում, Արաքսի ձախ ափին մ.թ.ա. 776թ. հիմնել է մի բնակավայր, որն իր անունով կոչել է Արգիշտիխինիլի24 /ավելի ուշ Արմավիր/: Այս դեպքում կարելի է մտածել, որ Արին-բերդ բլուրի վրա հիմնադրված նոր բնակավայրի անվանակոչման համար Արգիշտի 1-ինը կամ օգտագործել է տարածքում եղած ու նրան հայտնի հնագույն այլ բնակավայրի անուն, կամ կոչել է eri, ari ցեղի /երկրի/ անունով: Նշենք, որ Ծովինար գյուղի մոտ, բարձր ժայռի վրա փորագրված Արարատ-Ուրարտուի թագավոր Ռուսա 1-ինի /735-713/ արձանագրության մեջ Սևանա լճի ավազանի նվաճված երկրների անունների շարքում հիշատակվում են Ար, Էր, Իր-ով սկսվող անուններ` Արկուկի, Արիա, Էրիա, Էրիելտուա, նաև Իրկիմա25 և այլն: Հետաքրքիր է, որ Հայկական լեռնաշխարհից ու շրջակա տարածքներից հեռացած հնդեվրոպացիների նախնիները՝ արիական ցեղերը հիշում են իրենց արի ցեղին պատկանելու փաստը և գրավոր աղբյուրներում նշում են այդ մասին /հնդկական վեդաներ, իրանական «Ավեստա», պարսից Դարեհ 1-ինի Բեհիսթունյան արձանագրություն/: Ուրարտական գրավոր աղբյուրները, նաև հայկական միջնադարյան մատենագիրները իրենց աշխատություններում ուշադրություն չեն դարձնում այդ փաստին: Պետք է մտածել, որ դա նրանց իրականությունն էր, նրանք ապրում էին հայրենիքում և կարիք չունեին անընդհատ հիշելու այդ մասին: Այս դեպքում էլ Արգիշտի 1-ինը, պարզապես հիմնել է բնակավայր և կոչել արի կամ Էրի /ցեղի/ ավան /կամ օգտագործել է եղած հնագույն անունը/:

Ինչպես վերևում նշվեց, հպանցիկ ձևով այս բացատրությունը դեռևս 1930-40-ական թվականներին առաջ է քաշել Գ. Ղափանցյանը: Փորձենք զարգացնել այս տեսակետը: Հայտնի է, որ Հայկական լեռնաշխարհում Ար-ով /նաև էր, Ուր, Իր/ սկսվող բազմաթիվ աշխարհագրական (նաև անձնական) անուններ կան. Արարատ, Արագած, Արա, Արաքս, Արածանի, Արմավիր, Արճեշ…: Այս երևույթը կապված է Արարչի /Ար Աստված/ և նրա պաշտանմունքն ունեցող Հայկական լեռնաշխարհի բնիկների՝ հայ-արմենների՝ արմեն, նաև արի /Էրի/ անվան հետ:

Նկատում ենք, որ Էրիվան Արիվան, Երեւան, Իրեւան, անունները ևս սկսվում են Ար-, Էր-, Իր- բաղադրիչներով: Անվան երկրորդ մասը –վան բաղադրիչն է: Հայկական լեռնաշխարհում բազմաթիվ բնակավայրեր կան, որ ունեն –վան վերջավորությունը /բաղադրիչը/. Վան, Նախիջեւան, Իջեւան, Դիցավան, Օթեւան, Ավան, Վանք և այլն: Բոլոր օրինակներում –վանը տեղի, բնակավայրի իմաստն ունի: Երեւան անվան մեջ ևս հանդիպում է -վան վերջավորությունը: Իսկ անվան Ար-, Էր- բաղադրիչը /արմատը/ այս դեպքում արի, Էրի ցեղի անվան հետ է կապված: Հետևաբար կարելի է ասել, որ Երևան անվան Արեվան, Արավան, Էրիւան և այլ տարբերակներ կազմված են Ար-, Էր- և -վան /ւան/ բաղադրիչներից, որն Արարչին /Ար Աստծուն/ պաշտող ցեղի՝ արի կամ Էրի /ցեղի/ աւան իմաստն ունի:

Արգիշտի 1-ինի արձանագրության մեջ հիշատակվող Էրեբունի անունը ևս խոսում է արի /Էրի/ ցեղի աւան բացատրության օգտին: Ուրարտական սեպագրերում ebani-ն երկիր, բնակավայր իմաստներն ունի26: Ուսումնասիրողները նույնիմաստ բառեր են համարում հայերեն աւանը և ուրարտական արձանագրություններից հայտնի ebani-ն27: Ինչպես տեսնում ենք այս դեպքում էլ Էրեբունին կարելի է կարդալ իբրև արի կամ էրի /ցեղի/ աւան: Ավելորդ չէ հիշել, որ օտարերկրյա ճանապարհորդների ուղեգրություններում Երևանը պարսկական տարբերակով հիշատակվում է Իրիվան, Իրեւան , Իրվան, Իրավան, Էրիվան, ձևերով28: Հայաստանի հնագույն հարևան ու ազգակից իրանցիների կողմից օգտագործվող Երևան անվան իրանական տարբերակը ևս վկայում է, որ Երևան անունը արի կամ Էրի /ցեղի/ ավան իմաստն ունի29: Համեմատության համար հիշենք Իրան անունը, երբ իրանցիների մոտ Ար-ը հանդես է գալիս Իր- ձևով: Իսկ ուսումնասիրողներից մեկը /Անքետիլ/ նույնիսկ ենթադրում է, որ Երևան անունը նմանություն ունի «Զենդ Ավեստայում»հիշատակվող արիների նախահայրենիքի՝ Eerien Veedjo կամ Iran Vedj անվան հետ30:

Այսպիսով հայոց մայրաքաղաքի Երևան անունը արի կամ Էրի /ցեղի/ աւան, արիների բնակավայր իմաստն ունի:

©Անժելա Տերյան
Երևանի պատմության թանգարանի հնագիտության և
միջնադարյան պատմության բաժնի վարիչ, պատմաբան

Ծանոթագրություններ

1. Ղ. Ալիշան,Այրարատ, էջ 259: Հանդէս ամսօրեայ, 1934 թ., թիվ 5-7, էջ 327-328:Թ. Հակոբյան, Երևանի պատմությունը, հ. 1, Երևան 1969թ., էջ 96-99:
2. Հ. Հակոբյան, Ուղեգրություններ, հ. Զ., Երևան 1934թ.: Թ. Հակոբյան, հ. 1, էջ 96-99:

3. Ռ. Գալչեան, Հայաստանը համաշխարհային քարտեզագրության մեջ, Երևան, 2005թ.:

4. Chardin edit Paris, 1811, Ց.2, ր.169, Х. Ф. Б. Линч, Армения, Тифлис, 1910 г., т.1, с. 273::

5. Շարդենը անհավանական է համարում այդ ավանդությունը, քանի որ ըստ նրա հայերենը նոր լեզու էր և 700 տարի առաջ իբրև թե նույնիսկ հայտնի չէր: Նա անհավանական է համարում նաև Պտղոմեոսի քարտեզում նշված Tervan բնակավայրը Երևանի հետ նույնացնելը, քանի որ ըստ նրա, Երևանում հնագույն հուշարձաններ չկան: Путешествие Шардена по Закавказью в 1672-1773гг., Тифлис, 1902г., с. 243-245: Թ. Հակոբյան, հ.1, էջ 99 /ծանոթագրություն 3/:

6. Հ. Հակոբյան, Ուղեգրություններ, էջ 454, 761:

7. Х.Ф.Б. Линч, Армения, т.1, с. 273:

8. Ղ. Ինճիճյան, Հնախօսութիւն աշխարհագրական Հայաստանեայց աշխարհի, հ. 1, Վենետիկ, 1835թ., էջ 273-274:

9. Х.Ф.Б. Линч, Армения, т.1, с. 273: Հ. Հակոբյան,Ուղեգրություններ, էջ 453-454:

10. Б. Пиотровский, Ванское царство, /Урарту/, М., 1959г., с. 91: Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա, /այսուհետ՝ ՀԺՊՔ/, Երևան, 1981թ., էջ 85:

11. М. Никольский, Клинообразные надписи Закавказья, «Материалы археологии Кавказа», вып. 5, М., 1896г., с. 97:

12. Ե. Շահազիզ, Հին Երևան, Երևան, 1931թ., էջ 7:

13. Խ. Սամուելյան, Հին Հայաստանի կուլտուրան, Երևան,1931թ., հ. Ա, էջ 82:

14. Материалы Археологии Кавказа, Вып. 5, с. 97-98:

15. Երևանի համալսարան, Գիտական աշխատություններ, 1940, հ. 14, էջ 321- 322:

16. Գ. Ղափանցյան, Արա Գեղեցիկի պաշտամունքը, 1945, էջ 151 /ծանոթագրություն/: Երևանի համալսարան, Գիտական աշխատություններ, 1940, հ. 14, էջ 322:

17. թ. Г. Меликишвили, Урартские клинообразные надписи /այսուհետ` УКН/, 28:ՀԺՊՔ, էջ 57:

18. ՀԺՊՔ, էջ 55:

19. Մ. Իսրայելյան, Էրեբունի բերդ-քաղաքի պատմություն, Երևան, 1971, էջ 13:

20. Вестник древней истории, 1956 г., 2, с. 62:

21. Յովհ. Կարագեոզեան, Հայկական լեռնաշխարհը սեպագիր աղբիիրներում, հ. 1, գիրք 1, Երեւան,1998թ., էջ 79-81:

22. Է. Դանիելյան, Հին հայոց առասպելաբանական պատկերացումները աստղային երկնքի մասին, ՊԲՀ,1989թ., թիվ 3, էջ 111 /ծանոթագրություն/:

23. Վ. Վահրադյան, «Երևան քաղաքի անունը», Գիտական հոդվածների ժողովածու նվիրված Երևանի պատմության հարցերին, Երևան, 2006, էջ 210-223:

24. թ.Г. Меликишвили, УКН, 127 :

25. թ. Г. Меликишвили, УКН, , 266, էջ 329

26. թ. Г. Меликишвили, УКН, 28, նաև էջ 393:

27. Գ. Ջահուկյան, Հայոց լեզվի պատմություն. Նախագրային շրջան, Երևան, 1987թ., էջ 428:

28. Հ. Հակոբյան, Ուղեգրություններ, էջ 453: Ռ. Գալչեան, Հայաստանը համաշխարհային քարտեզագրության մեջ:

29. Էրիվան, Արավան, Արեւան անունները հաճախ կապվում են նաև Արև-Աստծո պաշտանմունքի հետ: Այս դեպքում անունը կարելի է մեկնել իբրև արևի աւան: Ի դեպ Ար Աստվածը նաև արևի պաշտամունքն է խորհրդանշում: Սակայն առավել հավանական տարբերակը արի կամ էրի /ցեղի/ աւան տարբերակն է, քանի որ ինչպես վերևում նշվել է, այն կապվում է Հայկական լեռնաշխարհի բնիկների արի /արմեն/ անվան և Ար-էր-ով սկսվող աշխարհագրական այլ անունների հետ:

30. Հ. Հակոբյան, Ուղեգրություններ, էջ 453-454:

ԵՐԵՎԱՆ 2. Գիտական հոդվածների ժողովածու, Ե. 2009

Ընթերցել արխիվային տարբերակը