Ծիծեռնակաբերդի խորհուրդը. հիշողությունից վերածնունդ

Երևանն իր տարածքով փոքր է, սակայն մեծ է իր 2793-ամյա պատմությամբ: Երևանի յուրաքանչյուր կտոր հողը հարյուրապատիկ անգամ մեծ է, քանզի հնամյա Էրեբունուց մինչև նորօրյա Երևանը լի է պատմական նշանավոր իրադարձություններով, հուշարձաններով, կոթողներով, բազմաթիվ զբոսայգիներով` մեր մայրաքաղաքի պատմության լուռ վկաներով: Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի ամենամեծ զբոսայգին Ծիծեռնակաբերդն է, որն ունի 132 հա տարածություն: Այստեղ է գտնվում XX դարի առաջին ցեղասպանության զոհերի հուշահամալիրը, ինչպես նաև Սումգայիթյան եղեռնագործության զոհերի հուշարձանը, ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրը…

Ծիծեռնակաբերդը գտնվում է Հրազդան գետի աջ ափին, մայրաքաղաքի արևմտյան մասում: Ըստ ավանդույթի՝ այստեղ է գտնվել սիրո աստվածուհի Աստղիկի տաճարը, որի վերնահարկում ապրող ծիծեռնակները, որպես սուրհանդակներ, լուրեր են տարել Վահագն աստծուն:

Թամանյանի նախագծի համաձայն` Երևանը հետամնաց փոքրիկ քաղաքից պետք է վերածվեր առաջնակարգ մշակութային քաղաք-պարտեզի: Երևանի հատակագծման մասին իր զեկուցման մեջ Թամանյանը նշում է. «Առողջապահական նկատառումներով քաղաքը պետք է ունենա կանաչ գոտենման փողոցներ և այգիներ, այսպես կոչված «քաղաքի թոքեր», որոնցով մաքուր օդ է անցնելու դեպի քաղաքի կենտրոնը»:

Ծիծեռնակաբերդի բլուրը ամայի տարածք էր, զուրկ բուսականությունից: 1949 թվականից այստեղ սկսվեց զանգվածային ծառատունկ: Լերկ բլուրը աստիճանաբար վերածվեց կանաչ, փարթամ անտառի, որի շնորհիվ զգալի բարելավվեցին քաղաքի բնապահպանական պայմանները: Այգին դարձավ երևանցիների սիրելի զբոսավայրերից մեկը, իսկ 1967 թ-ից` ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանը կառուցելուց հետո, նաև ուխտատեղի ոչ միայն աշխարհի հայերի, այլև Հայաստան այցելող մեր օտարերկրյա բարեկամների համար:

Կան ղեկավարներ, որոնք իրենց հայրենանվեր գործունեությամբ կերտում են տվյալ ժամանակաշրջանի դիմագիծը: Սովետահայ պետական գործիչներ` Յակով Զարոբյանը (1960-1966թթ.), Անտոն Քոչինյանը (1966-1974թթ.) և Կարեն Դեմիրճյանը (1974-1988թթ.) իրենց անուրանալի ավանդն են ունեցել ցեղասպանության ճանաչման և միջազգայնացման բարդ, դժվարին, կարելի է ասել նույնիսկ վտանգավոր, գործընթացում: Նրանց համարձակությունը քաղաքական կամքը և դիվանագիտական ունակությունների արդյունքը` հայերի ցեղասպանության համազգային զարթոնքից մինչև միջազգային ճանաչումն էր:

Ցեղասպանության թեման երկար տարիներ արտաքուստ լռության էր մատնված, սակայն մոռացված չէր: Լրանում էր ցեղասպանության 50-ամյակը: Ժողովուրդը, հատկապես երիտասարդությունը, նախապատրաստվում էր այդ տխուր տարելիցին, նախապատրաստվում էր նաև հանրապետության ղեկավարությունը:

ՀԿԿ ԿԿ I քարտուղար Յա. Զարոբյանը 1964թ. դեկտեմբերի 13-ին ԽՄԿԿ ԿԿ-ին հիմնավորված նամակ է հղում ցեղասպանության 50-ամյակը պետականորեն նշելու մասին, ներկայացնելով նաև նախատեսված միջոցառումների ցանկը` նպատակ հետապնդելով, որպեսզի ժողովուրդների պատմության մեջ նմանօրինակ ողբերգություն չկրկնվի: Հայաստանի կոմկուսի կենտկոմն այդ առիթով անհրաժեշտ համարեց իրականացնել մի շարք միջոցառումներ: 1965թ. ապրիլի 24-ին Երևանի օպերային թատրոնում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ: Հանրապետությունում հայտարարվեց հուշարձանի կառուցման նախագծի մրցույթ: Ճարտարապետներ Սաշուր Քալաշյանը և Արթուր Թարխանյանը մասնակցեցին մրցույթին: Հետագայում խոսելով այդ մասին՝ Սաշուր Քալաշյանը նշում է, որ իրենք շատ երիտասարդ էին և լավ չգիտեին, թե ինչի մասին է խոսքը: Սակայն նրանք ուսումնասիրեցին պատմությունը և այն, ինչ պարզվեց նրանց համար, սարսափելի էր և նվիրվեցին այդ գործին: Հաղթող ճանաչվեց Արթուր Թարխանյանի ու Սաշուր Քալաշյանի նախագիծը: Այդ նույն թվականի սեպտեմբերին սկսվեց հուշարձանի շինարարությունը:

Ծիծեռնակաբերդի այգում վեր խոյացած հուշահամալիրի կառուցումը կապված է ՀԿԿ ԿԿ երեք I քարտուղարների` Յա. Զարոբյանի, Ա.Քոչինյանի և Կ.Դեմիրճյանի անունների հետ: Չնայած այն հուզմունքին, որ ապրում էր ժողովուրդը` վերջապես կոթողն անմար կպահի հայ ժողովրդի նկատմամբ կատարած սարսափելի եղեռնագործության մեկուկես միլիոն զոհերի հիշատակը, հուշարձանի կառուցումը համարվում էր փակ կառույց, լրատվություն չկար:

Հեշտ չէր այդպիսի կարճ ժամանակահատվածում կառուցել հուշարձանը: Ըստ նախագծի՝ պետք է տեղադրվեին 12 մեծաչափ քարեր, սակայն այդպիսի քարեր հատելն անհնարին էր: Որոշում են քարերի չափսերը փոքրացնել կամ քարը փոխարինել բետոնով: Ճարտարապետները չեն համաձայնում, սակայն գտնում են լուծումը: Ս.Քալաշյանը Արթիկի քարհանքում նշանակվում է աշխղեկի օգնական: Նրան հաջողվում է մեծածավալ քարեր հատել հանքի առաջին շարքից: Հուշահամալիրի կառուցումը կապված էր նաև այլ դժվարությունների հետ, իսկ ժամանակը սահմանափակ էր: Որոշված էր կառույցն ավարտել մինչև 1967թ. նոյեմբերի 29-ը: Տագնապներ կային, որ այն չէին հասցնի ավարտել նշված ժամկետում: Երևանի քաղկոմի քարտուղար Լ.Ղարիբջանյանը կառույցի շինարարության պատասխանատու է նշանակում Կարեն Դեմիրճյանին, որ այդ ժամանակ քաղկոմի քարտուղար էր: Հուշահամալիրի կառուցումը նա ղեկավարում էր մեծ պատասխանատվությամբ: Կարեն Դեմիրճյանը գիտեր, թե եղեռնի հուշարձանի կառուցումը ինչ է նշանակում հայ ժողովրդի համար: Շինարարության բոլոր մասնակիցներն իրենց պատվի գործն էին համարում հուշարձանի կառույցը ավարտել ժամանակին և բարձր որակով: Եվ Ծիծեռնակաբերդի բարձրունքի վրա բարձրացավ XX դարի առաջին ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժող հուշակոթողը:

Հուշահամալիրի բացումը տեղի ունեցավ, ինչպես նախատեսված էր 1967թ. նոյեմբերի 29-ին Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելու տարեդարձի օրը: Կիրովի անվան քիմիական կոմբինատի մշտաբորբոք քուրայից վառած և զրահամեքենայով Ծիծեռնակաբերդ բերած ջահը հանձնում են ՀԿԿ ԿԿ I քարտուղար Անտոն Քոչինյանին: Ընդունելով ջահը, նա վառում է հավերժական կրակը և բարձրանալով ամբիոն դիմում է ճառով ներկաներին.

«Այսօր մենք մասնակցում ենք մի այլ հուշարձանի բացման արարողությանը, հուշարձան, որը հարգանքի տուրք հանդիսանալով թուրքական ջարդարարների ոճրագործության զոհերի հիշատակին, միաժամանակ խորհրդանշում է մեր ժողովրդի սոցիալիստական վերածնունդը»:

Հուշարձանը համալիր կառույց է, բաղկացած 3 կոթողից: Ձախ կողմից ձգվում է 100 մ երկարությամբ հուշապատը, որի վրա փորագրված են այն բնակավայրերի անունները, որտեղ տեղի են ունեցել ջարդերը: Կենտրոնում է գտնվում 30 մետր տրամագծով շրջանաձև դամբարանը` անծածկ տաճարը, դեպի կենտրոն խոնարհված 12 հսկա բազալտե պիլոններով, որի առանցքում վառվող անմար կրակը խորհրդանշում է եղեռնի զոհերի հիշատակի հավերժությունը: Նրանից քիչ հետո վեր է խոյանում 40 մետրանոց հուշասյունը, որպես անշիրիմ նահատակների հավերժ կենդանի հուշարձան, որպես հայ ժողովրդի վերածննդի պայծառ խորհրդանիշ:

Խորհրդային Հայաստանի մայրաքաղաքում հուշարձանի կառուցումն ու բացումն աննախադեպ իրադարձություն էր: Ժամանակակիցների և ականատեսների վկայությամբ՝ այդ օրը բազմամարդ էր Երևանը: Հանդիսությանը մասնակցում էր 200000-ից ավելի մարդ: Մինչև ուշ գիշեր չէր դադարում մարդկանց հոսքը, կուռ շարքերով շարունակվում էր նրանց երթը դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք, դեպի հուշարձան: Այն, ինչի ականատես եղավ հայ ժողովուրդը հայության մայրաքաղաք Երևանում այդ օրը, հուզիչ էր և անմոռանալի: Սգո երթը վեր էր ածվել հաղթական քայլերթի: Հաղթահարելով բազում դժվարություններ՝ հայ ժողովուրդը ևս մեկ անգամ հաստատեց ի ցույց աշխարհի, որ կա, պիտի մնա և պայքարի մինչև արդարության հաղթանակը:

Երևանում վեր խոյացած հուշահամալիրը սովորական և հերթական կառույց չէ: Այն յուրահատուկ բարձրաճաշակ և խիստ ազդեցիկ կոթող է: Ծիծեռնակաբերդում առկա է պատմական անարդարության փաստը: Հնչող հոգևոր երաժշտությունը ազդեցիկ տպավորություն է թողնում այցելուների վրա: Նրանք այստեղից հեռանում են տպավորված և տխուր մտորումներով:

Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն I-ը իր ելույթում նշել է. «Երևանը մեզ համար ոչ միայն սովորական իմաստով մեր հայրենիքի մայրաքաղաքն է, այլև խորհրդանշում է երկրի և մեր ժողովրդի վերածնունդը: Պատահական չէ, որ մենք մեր հյուրերի հետ այսօր քիչ առաջ եղանք Եղեռնի հուշարձանի մոտ, աղոթելու մեր նահատակների հոգիների համար: Եղեռնի հուշարձանը հիշեցնում է մեզ մեր ժողովրդի նահատակությունը 1915 թվականին: Բայց Եղեռնի հուշարձանի բարձունքից իջնելով, տեսնում ենք այսօրվա Երևանը` մայրաքաղաքը վերածնված Հայաստանի…»:

Հետագայում Կարեն Դեմիրճյանը ևս, հավատարիմ իր ազգային արմատներին, լինելով ցեղասպանության ճանաչման համար Հայաստանում սկիզբ դրված գործողությունների ակունքներում, շարունակեց ցեղասպանության հիշատակության ուղղությամբ տարվող աշխատանքները` էլ ավելի իմաստավորելով այդ գործընթացը:

1975թ. ապրիլի 14-ին ՀԿԿ ԿԿ-ն որոշում ընդունեց հայերի ցեղասպանության 60-ամյակի կապակցությամբ միջոցառումներ անցկացնելու մասին:

Հարցը բարձրացվեց միութենական իշխանությունների առջև և իրականացվեց համազգային միջոցառում, պետական մակարդակով նշելու ցեղասպանության 60-ամյակը:

1975թ. ապրիլի 24-ը առանձնակի օր էր: Առաջին անգամ այդ օրը պետականորեն պաշտոնապես նշվեց հայոց ցեղասպանության 60-ամյա տարելիցը: Ժողովրդի հետ Ծիծեռնակաբերդ էին բարձրանում հանրապետության ղեկավարությունը Կարեն Դեմիրճյանի գլխավորությամբ: Նրանք ծաղկեպսակ դրեցին հուշարձանին: Այդ արարողությունը 1975թ. սկսած դարձավ պետական, հասարակական-քաղաքական միջոցառում, ազգային ավանդույթ և սրբազան ծես:

Թուրք իշխանամետ պատմաբան Քեմալ Չեքչեքը թուրքական հեռուստատեսությամբ մեկնաբանեց` «Ցեղասպանության ոգեկոչումը հայերու մօտ կրոնի ու պաշտամունքի վերածված է»:

Այդ օրը առաջին անգամ տեղական ժամանակով ժամը 19.00-ին հանրապետության ամբողջ տարածքով, հեռուստատեսությամբ և ռադիոյով հայտարարվեց լռության րոպե, որը նույնպես դարձավ ավանդական: Հետագայում Ս.Կապուտիկյանը գրեց.

Մենք սիրում էինք լռության րոպեն,
Այն դու բերեցիր և քոնն է կարծես.
Ապրիլյան սուգը երեկոյան դեմ
Փխրում, դառնում էր հաղթանակի ծես:

1915 թ. հայերի ցեղասպանության 60-րդ տարելիցի առիթով սկիզբ դրվեց նաև մեկ այլ կարևոր ավանդույթի` երկրի ղեկավարը` Կարեն Դեմիրճյանը, ելույթ ունեցավ հանրապետական հեռուստատեսությամբ և ռադիոհեռարձակման ցանցով: Կ. Դալլաքյանը «Հուշապատում» գրքում գրում է. «Առաջին անգամ էր, որ Հայաստանի բարձրագույն ղեկավարը հեռուստատեսությամբ հանդես էր գալիս ապրիլի 24-ի առիթով»:

ՀԿԿ ԿԿ-ի առաջին քարտուղարը ապրիլի 24-ի իր հեռուստաելույթում պաշտոնապես բարձրացրեց հայկական հարցը` դատապարտելով Թուրքիայի կողմից իրականացված ոճրագործությունը, տալով քաղաքական գնահատական և որակելով այն որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:

Կարեն Դեմիրճյանը ժողովրդի հետ հանդիպումների ժամանակ, միշտ հորդորել է` ձերբազատվել զոհի բարդույթից. «Լավատեսորեն հաղթահարենք ողբերգության հետևանքները, միևնույն ժամանակ մոռացության չտալով մեր պատմության դաժան էջը», – ասում էր նա:

Մեծ իրադարձություն էր նաև մայրաքաղաք Երևանի պատմության մեջ, երբ Ծիծեռնակաբերդի եղեռնի զոհերի հուշարձանի հարևանությամբ կառուցվեց մարզահամերգային համալիրը, որի տեղի ընտրությունը միանշանակ չէր ընդունվում: Շատերն այն կարծիքին էին, որ զոհերի հուշարձանի կողքին չպետք է կառուցվի համերգային համալիր: ՄՀՀ-ի հանդիսավոր բացման արարողության ժամանակ Կարեն Դեմիրճյանն իր ելույթում նշեց այն Ծիծեռնակաբերդում կառուցելու խորհուրդը.

«Այսօր բացվող մարզահամերգային այս եզակի կառույցը` իր հրաշալի դահլիճներով, սանդղաշարերով ու շատրվաններով Ծիծեռնակաբերդի այս բարձունքից դեպի գալիքը թևածող հզոր թռչնի պես վեր է խոյացել մեր ժողովրդի ողբերգական անցյալի եղեռնի զոհերի հուշարձանի կողքին որպես խորհրդանիշը նրա վերածննդի, նրա այսօրվա բեղուն կյանքի և լուսավոր ապագայի»:

Ցավալի փաստ էր 1985թ. փետրվարի 15-ի ՄՀՀ-ի հրդեհը: Ուսումնասիրելով այդ առիթով ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղարին ուղղված բազմաթիվ նամակներն ու հեռագրերը, համոզվում ենք, որ ազգաբնակչությունը հենց այդպես էլ ընկալում էր, որ համալիրը մեր ժողովրդի վերածննդի խորհրդանիշն է: Այդ նամակներում մարդիկ իրենց ծառայությունն ու աջակցությունն էին առաջարկում համալիրի վերանորոգման գործում: Դա ևս մի վառ վկայությունն էր ժողովրդի և հանրապետության ղեկավարի միասնության:

«Ծիծեռնակաբերդում կանգնած է եղեռնի սուրբ նահատակների հուշարձանը, իսկ նրա կողքին, նրա հարևանությամբ ՄՀՀ-ն մեր ժողովրդի վերածնության շարքային փաստն է: Թեև նման փաստեր շատ կան ամեն քայլափոխին, և ամենավառը մեր ժողովրդի հաստատ գոյությունն է…» , – իր նամակում գրում է ուսուցչուհի Գրետա Կրոյանը:

1995թ. ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ զբոսայգում բացվեց Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: Այն կառուցվել է Մեծ Եղեռնի հուշարձանի հարթակի հարավ-արևմտյան հատվածում` ստորգետնյա լուծմամբ (ճարտարապետներ` Ս.Քալաշյան, Լ.Մկրտչյան, Ա.Թարխանյան), որով ամբողջացվել է Մեծ Եղեռնի հուշահամալիրը: Մայրաքաղաքի Ծիծեռնակաբերդի զբոսայգին բնության և ճարտարապետության բարձրարվեստ անսամբլի մի հազվագյուտ օրինակ է` ճարտարապետությունը դարձել է ասես բնության մի մասը, իսկ բնությունը ճարտարապետության հարազատ միջավայր:

Հուշարձանը նոր էջ էր Երևանի պատմության մեջ: Հուշարձանի առկայությունը մի նոր շունչ և ոգի հաղորդեց մայրաքաղաքի կյանքին, էլ ավելի բազմաբովանդակ դարձնելով մայրաքաղաքի առօրյան: Այն իր կարևոր դերն ու պատվավոր տեղն ունի մշակութային ժառանգություն ունեցող մայրաքաղաք Երևանում և կարևորվում է իր հասարակական-քաղաքական նշանակությամբ` պատմամշակութային, ազգային, ճանաչողական: Այն գրավում է այցելուների ուշադրությունը ոչ միայն որպես ճարտարապետական գեղեցիկ կառույց այլ նաև որպես պատմական ուղեցույց Երևան այցելողների համար:

Հուշարձանը դարձավ մայրաքաղաքի այցեքարտը: Ծիծեռնակաբերդը բացման առաջին իսկ օրվանից Երևանի ամենամասսայական և ամենաշատ հաճախելի վայրերից է: Այստեղ գալիս են ոչ միայն ապրիլի 24-ին, այլ տարվա բոլոր օրերին` տարբեր դավանանքի, քաղաքական տարբեր հայացքների տեր մարդիկ, օտարերկրյա պետական պաշտոնական պատվիրակություններ, պետությունների ղեկավարներ, մայրաքաղաքում տեղի ունեցող միջազգային գիտաժողովների մասնակիցներ: Օտարերկրյա նշանավոր հայագետների, պատմաբանների, քաղաքական գործիչների շնորհիվ հայոց ցեղասպանության հարցը միջազգային ասպարեզում դարձել է քննարկման կարևոր թեմա:

Երևանի Ծիծեռնակաբերդի բարձունքում վեր խոյացած Եղեռնի հուշարձանը XX դարի առաջին ցեղասպանության վկայությունն է: Այն իր մեջ ներառում է ոչ միայն ապրիլի 24-ի օրվա խորհուրդը. այդ հուշարձանի կառուցումով դրվեց Խորհրդային Հայաստանի կողմից ցեղասպանության դատապարտման հիմնաքարը:

Հայոց ցեղասպանության հարցը դադարեց մտավորականության և սփյուռքի խնդիրը լինելուց՝ դառնալով համազգային խնդիր և պետական քաղաքականություն: Սկսած անցյալ դարի երկրորդ կեսից՝ փոխվեց օտարերկրյա պետությունների և միջազգային բազմաթիվ հեղինակավոր կառույցների վերաբերմունքը հայերի ցեղասպանության հարցի հանդեպ: Բազմաթիվ պետություններ և միջազգային կառույցներ ճանաչեցին և դատապարտեցին հայերի ցեղասպանությունը: Փոխվեց նաև ԽՍՀՄ-ի ղեկավարության վերաբերմունքը Հայաստանին և հայությանը հուզող հիմնախնդիրների հարցում:

Հուշարձանի կառուցունից հետո մոռացությունից հանվեց հայոց ցեղասպանության պատմությունը: Պատմագիտական և գեղարվեստական գրականության հրատարակության գործում վերացան շատ խոչընդոտներ: Անցյալի պատմական հերոսական էջերը գրողների, պատմաբանների, արվեստագետների համար ստեղծագործելու հարուստ նյութ էին տալիս, որոնք իրենց պատմաճանաչողական, փաստավավերագրական, գաղափարադաստիարակչական և ազգային-հայրենասիրական արժեքով ու նշանակությամբ մինչև այսօր էլ խիստ արդիական են և ուսանելի: Հրատարակվեցին նշանավոր պատմաբանների բազմաթիվ աշխատություններ, հուշագրություններ, գեղարվեստական գրականություն, նկարահանվեցին գեղարվեստական կինոնկարներ և այլն:

Այդ ամենի արդյունքում էլ ավելի բարձրացավ հայ ժողովրդի էթնո-քաղաքական պաշտպանվածությունը և ազգային պատկանելիության գիտակցությունը: Հուշարձանի կառուցումը ունեցավ նաև բարոյահոգեբանական, ճանաչողական, դաստիարակչական նշանակություն` նոր սերնդին ազգային ոգով դաստիարակելու ուղղությամբ: Այդ տարիների սերունդն էր, որ Արցախյան ազատամարտում պաշտպանեց հայրենի հողը:

Հուշահամալիրը Երևանի ճարտարապետական կոթող և տեսարժան վայր լինելուց զատ, համահայկական նշանակություն ունի: Այն կամրջող օղակ է հայրենիք-սփյուռք հարաբերություններում: Ազգային ներուժի համախմբումն ու կիրառումը սկսվում է Ծիծեռնակաբերդի հուշարձանից, որը նպաստում է նաև սփյուռքահայության ազգային զարթոնքին, ձևավորելով համահայկական գիտակցություն` խարսխված համազգային շահերի վրա:

Ծիծեռնակաբերդի զբոսայգում վեր խոյացած երկու խոշոր կառույցները կամրջում են հայ ժողովրդի պատմության անցյալը ներկայի և ապագայի հետ, որոնք ոչ միայն զարդարում և գեղեցկացնում են մայրաքաղաքը, այլև պատմական խորհրդանիշեր են և թողնում են հոգեբանական ազդեցություն:

Եղեռնի զոհերի հուշահամալիրը հայ ժողովրդի ողբերգությունն է: Թանգարանի հետ միասին պատգամում են սերունդներին չմոռանալ ցեղասպանությունը:

Իսկ ՄՀՀ-ն հայ ժողովրդի ստեղծագործական մտքի թռիչքն է, և փաստում է աշխարհին, որ կառուցող և արարող ժողովուրդն ապագա ունի: Այստեղ անց են կացվում միջազգային փառատոներ, սպորտային մրցումներ, ցուցահանդեսներ, գիտաժողովներ, որի շնորհիվ համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում կրկին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանն է:

Ամփոփելով վերը նշվածը և ներկայացնելով հայ ժողովրդի նորագույն պատմության խորհրդային ժամանակների ղեկավարների գործունեությունը ցեղասպանության հարցի վերաբերյալ՝ պետք է նշենք` թեև հաճախ են կարծիքներ հնչում, որ խորհրդային տարիներին հայերի ցեղասպանության հարցը փակ թեմա էր, սակայն այդպես չէ: Այդ են վկայում պատմական փաստերը: Անկախ ժամանակներից և իրադարձություններից, ըստ արժանվույն գնահատենք այն գործիչներին, որոնց հայրենանվեր գործունեությամբ է վերակառուցվել և գեղեցկացել Հայաստանի մայրաքաղաք Երևանը:

Գնահատենք  նրանց, ոչ միայն տարիների հեռվից, այլև պատմական համատեքստից` տվյալ ժամանակաշրջանի պայմաններից և իրադրությունից ելնելով: Եթե այսօր ազատ և անկախ Հայաստանի Հանրապետության համար ավելի հեշտ է ազգային հարցեր բարձրացնելը, ապա անցյալ դարի երկրորդ կեսին այնքան էլ հեշտ չէր:

Հայոց ցեղասպանության հարցը երկարատև պատմական գործընթաց է: Յուրաքանչյուր ղեկավարի ներդրումն այդ գործընթացի շարունակությունը ապահովող շղթայի մի անհրաժեշտ օղակ է, զարգացման հերթական փուլ:

Այսօր զբոսայգին այնքան էլ խնամված տեսք չունի, ինչպես նախկինում: Հեռվից անգամ նկատելի են չորացած ծառերն ու թփերը, որոնք հաճախ հրդեհի պատճառ են դառնում: Խնամքի և ուշադրության են արժանի ոչ միայն այգու հուշահամալիրները այլև զբոսայգին` «քաղաքի թոքերը», որի շնորհիվ բարելավվում է մայրաքաղաքի, հատկապես կենտրոնի բնակլիմայական միջավայրը:

Օգտագործված գրականություն

  • Ալեքսանդր Թամանյան, Հոդվածներ, փաստաթղթեր, Երևան, 1960թ., էջ 21:
  • Հայոց ցեղասպանության 50-ամյակը և Խորհրդային Հայաստանը (փաստաթղթերի և նյութերի ժողովածու), Հայաստանի Ազգային Արխիվ, խմբագրությամբ` Ավագ Հարությունյանի, Երևան, 2005թ.:
  • ՀԱԱ , ֆ.1, ց.44, գ.54, թթ.170-174:
  • «Սովետական Հայաստան», 1967, նոյեմբերի 30, թիվ 279, էջ 3:
  • «Էջմիածին», Պաշտօնական Ամսագիր Հայրապետական Աթոռոյ Ս.Էջմիածնի», 1981, հոկտեմբեր, էջ 11:
  • ՀԱԱ, ֆ.1, ց.55, գ.32, թթ.2-3:
  • «Դիտակ», Լիբանան, 2005թ., հունիս-հուլիս, էջ 8:
  • Կարլեն Դալլաքյան, «Հուշապատում», Երևան, 1998թ., էջ 191:

Արուսյակ Ղամբարյան
Երևանի «Կարեն Դեմիրճյանի թանգարան» ՀՈԱԿ-ի ավագ գիտաշխատող

Ընթերցել արխիվային տարբերակը