Հին ու նոր Երևանի ժամանցի վայրերը
(գինետներ, պանդոկներ, սրճարաններ, ռեստորաններ. զբոսաշրջության տեսանկյունից)
Հին Երևանում հասարակական զբոսատեղիներ, որպես այդպիսին, չկային: Քաղաքի բնակիչները զբոսնում էին եկեղեցիների հարակից տարածքներում, որոնք հսկա ստվերաշատ չինարենիներով, առվակներով ու ծորակներով հարմարեցված էին հանգստի ու զբոսանքի համար:
Եթե նախորդ դարերում Երևանում ցերեկային կյանքը եռում էր հրապարակներում կամ եկեղեցու հարակից տարածքներում, ապա մթնելուն պես փողոցներում խավար ու խորհրդավոր լռություն էր տիրում, իսկ 20-րդ դարի կեսերին, իրավիճակն արդեն փոխվել էր և անգամ ուշ գիշերներին Երևանի հրապարակները կամ մի շարք փողոցներ բազմամարդ էին: Այսօր էլ դրանք ողողված են բազմագույն լույսերով, շատրվաններով, հանգստի գոտիներով ու գրավիչ սրճարաններով, որ առանձնահատուկ շուք են հաղորդում մեր մայրաքաղաքին:
Երևանը՝ լինելով Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք, զբոսաշրջային շուկայում կարևոր դեր և նշանակություն ունի. այն հանդիսանում է ոչ միայն բազային զբոսաշրջային կենտրոն, այլև պետության հիմնական մշակութային և զբոսաշրջային ենթակառուցվածքների կենտրոն, համայն հայության մայրաքաղաք, երկրի մարդկային ռեսուրսների հիմնական կրողը, ինչպես նաև շնորհիվ իր հարուստ պատմամշակութային ժառանգության, հանդիսանում է ինքնատիպ ճարտարապետության, զարգացող քաղաքային ենթակառուցվածքների և բնորոշ հյուրասիրության՝ միաժամանակ ընդլայնելով թե՛ զբոսաշրջային շուկաների աշխարհագրությունը և թե՛ ամրապնդելով իր դիրքը քաղաքային զբոսաշրջային ուղղությունների քարտեզում:
Ինչպես հայտնի է, մարդու իրավունքների խթանման, իրացման և տարածական զարգացման արդյունքի լավագույն արտահայտումներից մեկը զբոսաշրջությունն է, առավել տիպականը՝ քաղաքային զբոսաշրջությունը։
Ըստ մասնագետների քաղաքն այն միջավայրն է, որտեղ մարդը բնական լանդշաֆտի իրեն հարմարեցման նպատակով, ֆունկցիոնալ փոփոխություններ կատարելու ճանապարհով, փորձել է ստեղծել իր կենսագործունեության համար բարենպաստ և բավարարող ապրելատեղի՝ համապատասխան ենթակառուցվածքներով։ Այսինքն, դա այն միջավայրն է, որտեղ մարդը սպառիչ կարող է ապահովել իր իրավունքների իրացման ամբողջ սպեկտրը՝ աշխատանք, հանգիստ, մտավոր և հոգեկան ազատ արտահայտումներ։
Անդրադառնալով քաղաքում մարդկանց հանգստի և ժամանցն անցկացնելու պայմաններին, փորձել ենք ներկայացնել հին և խորհրդային Երևանի հայտնի և անհայտ պանդոկները, գինետները, սրճարաններն ու ռեստորանները, որոնք քաղաքացիների համար ժամանցի յուրատեսակ վայր են հանդիսացել և տեղ են գտել տարբեր հրատարակություններում:
Ինչպես գիտենք, հին Երևանի պատմության մասին առավել մանրամասն տեղեկություններ են հաղորդում պատմիչներն ու օտարերկրյա Ճանապարհորդները, որոնք տարբեր ժամանակներում այցելել են Երևան: Օրինակ Ժան Բատիստ Տավերնիեն (1632-1662թթ.) Ժան Շարդենը (1643-1713), Ֆրեյգանը, Ուիլիամ Աուզլեյը, Ջեյմս Մորիերը, Ջոն Ջոնսոնը, Քեր Փորթերը, (1800-1820- ական թթ.) նկարագրել են քաղաքի արտաքին տեսքը, կազմել հատակագծեր, որոնց շնորհիվ մենք այսօր որոշակի պատկերացում կարող ենք կազմել այդ ժամանակաշրջանի Երևանի մասին(1):
Հիշատակություններում առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում քաղաքի ժամանցային վայրերը, որոնք ժամանակագրորեն բաժանել ենք երեք հիմնական շրջանների՝ հին Երևան, խորհրդային Երևան և ժամանակակից Երևան:
Ուսումնասիրելով օտարազգի ճանապարհորդների նոթերը, նկատում ենք, որ քիչ բան է հայտնի Երևանում գործող ժամանցային հաստատությունների մասին: Այսպես, 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին Երևանում բացօթյա պատրաստել և վաճառել են տժվժիկ: Հատուկ խաշանոց չի եղել: Փոքր ճաշարաններում (մեյդանի շուրջը, չարսուներում) պատրաստել են խաշ, փիթի, մսով շիլա, քյաբաբ, ժարկո (դմակով տապակած կարտոֆիլ՝ մանր մսի կտորներով): Նման ճաշարաններից օգտվել են քաղաքում, տուն ընտանիք չունեցող օրավարձու բանվորները, շրջակա գյուղերից առևտրի կամ այլ գործերով եկած գյուղացիները(2):
Այս շրջանի Երևանը ներկայացնող առավել հետաքրքիր մեջբերումներ է կատարել Երևանի պատմության հայտնի ուսումնասիրող Թ. Հակոբյանը իր «Երևանի պատմությունը 1879-1917 թթ» գրքում(3): Ինչպես նշում է հեղինակը.« Քաղաքի ներքին առևտրի մեջ իրենց յուրահատուկ տեղն ունեին պանդոկները, թեյարանները, ճաշարանները, ռեստորանները, հյուրանոցները և այլն, որոնք հավաքական անունով կոչվում էին պանդոկային (трактирный) հիմնարկներ: Դրանք առևտրի այն հիմնարկներն էին, որոնք վաճառում էին սպիրտային կամ ոչ սպիրտային խմիչքներ»:
Տվյալ ժամանակվա Երևանի մեծության համեմատությամբ ներկայացվող հաստատությունների թիվը բավական մեծ էր: Պահպանելով սկզբնաղբյուրների գործածած դասակարգումն ու տերմինաբանությունը, Երևանի ալկոհոլային ըմպելիքներ վաճառող հաստատությունների տեսակների ու թվի վերաբերյալ ներկայացնում ենք հեղինակի կազմած աղյուսակը. (Տես` Աղյուսակ 1):
Ահա սրանք էին 19-րդ դարի վերջի և 20-րդ դարասկզբի ձեռնարկատիրական գործունեության տեսակները, որոնք հայտնի էին հին Երևանում: Կան որոշակի բացթողումներ ըստ տարիների, բայց ինչպես հեղինակն է նշում, դրանք զգալի փոփոխությունների են ենթարկվել. ժամանակի ընթացքում փոխվել են դրանց բնույթն ու կազմը, և քաղաքում առաջացել են նոր տիպի ձեռնարկություններ՝ հյուրանոցներ, գարեջրատներ, երշիկարաններ և այլն:
Շարունակելով ուսումնասիրել այդ տարիների տնտեսական կյանքի ընդհանուր զարգացվածությունը, հայտնի է դառնում, որ հատկապես մեծ առևտրաշրջանառություն ունեին բուֆետներն ու հրուշակարանները: Բուֆետների* համեմատ գրեթե հավասար շրջանառություն ուներ քաղաքի միակ գարեջրատունը: Ցավոք, այս գարեջրատան մասին այլ տվյալներ հայտնի չեն, սակայն նշվում է, որ 1902 թվականին Երևանում գործել է միակ գարեջրատունը, թեև աղյուսակում ներկայացված է մեկ այլ գարեջրատուն ևս: Հեղինակը նշում է նաև, որ յուրաքանչյուր տարի Երևանում պանդոկային ձեռնարկությունների տերերը պարտավոր էին հատուկ թույլտվություն ստանալ դրանք պահելու համար: Պանդոկային հիմնարկներն** ունեին մեծ պահանջարկ և վերլուծելով այս ուսումնասիրությունները կարելի է հանգել այն եզրակացության, որ հին Երևանում գործել են հատուկ պայմաններ ժամանցի նշված վայրերի նկատմամբ: Ինչպես վկայում է Թ. Հակոբյանը, պանդոկային որոշ ձեռնարկություններ չնայած իրենց ցածր կարգավիճակին, ունեին ամպագոռգոռ անուններ և հայտնի էին ամբողջ քաղաքում: Երևանցիներին հայտնի էին Ա. Գալստյանի «Արփաչայ» պանդոկը, որը հետագայում անցավ Ս. Արազյանին, Աստաֆյան փողոցում գտնվող «Վազա» պանդոկը, Մ. Հովհանիսյանի «Զանգու» պանդոկը, «Մուշտաիդ» ջրերի, կաթի սուրճի և թեյի «խանութ-սրճարանը, «Բեռլինյան երշիկարանը» (բացվել 1912 թվականին), «Աննոնա» ճաշարանը (գտնվել է բուլվարի դիմաց), Խաչատրյան եղբայրներին պատկանող «Դալմա» գինետունը, Սիսակ Անտոնյանի «Սասուն» ռեստորանը, Մկրտիչ Նալբանդյանի «Ֆրանսիա» հյուրանոցը և այլ ձեռնարկություններ:
Հայտնի է, որ հին Երևանում ամենամեծ ռեստորանը պատկանել է Ալեքսան Բեգլարյանին:*** Վերլուծելով հեղինակի նկարագրությունները, կարելի է փաստել , որ հին Երևանում ժամանցային մեկ փողոց է եղել, որն այսօր կոչվում է դրամատուրգ Գրիգոր Տեր-Գրիգորյանի անունով (Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի հարակից տարածք, նախկինում փողոցը կոչվել է Նոր Եկեղեցու փողոց, իսկ Խորհրդային իշխանության տարիներին՝ Սովետների փողոց): Այդ ժամանակի հայտնի պանդոկները «Արփաչայը», «Պալերմոն», «Բեռլինը» և ուրիշներ, փաստորեն վեր էին ածվել անառականոցների: «Երևանյան հայտարարություններ» թերթի թղթակիցներից մեկը «Մանկավարժ» ստորագրությամբ գրում է. «Նոր Եկեղեցու» փողոցը դարձել է զանազան տեսակի «Արփաչայների», «Պալերմոների» ու «Բեռլինների» և այլոց բուն, որտեղ մարդիկ զբաղվում են հարբեցողությամբ և անբարոյականությամբ: Քաղաքի «լոթիները» զուռնայի ու դուդուկի նվագակցությամբ ամբողջ գիշերներ անց են կացնում այդտեղ, խանգարելով քաղաքացիների հանգիստը և իզուր չէր, որ ինչպես թղթակիցն է ասում, «Արփաչայը» սովորաբար կոչվել է նաև «Լուսաբաց»(4):
Ուսումնասիրելով «Երևանյան հայտարարություններ» թերթը հայտնի է, որ 1911թվականի N4 համարում տպվել է պարային երեկոյի հայտարարություն՝ քաղաքային ակումբում (Տես՝ նկար 1, 2): Նույն թերթի 21-րդ համարում ներկայացված է նույն ակումբի նաև ընտանեկան երեկոյի հայտարարություն:
Մեկ այլ հայտարարությունում հանդիպում ենք, որ հին Երևանում գործել է ընտանեկան այգի «Վազա» (Տես՝ նկար 2) անվանմամբ, որտեղ նվագել են սազանդարներ (երաժիշտներ):
20-րդ դարասկզբի Երևանի յուրօրինակ հավաքատեղի է հանդիսացել նաև «Կապույտ մզկիթ»- ի բակում գործող թեյարանը («Կապույտ մզկիթի» բակի թեյարանում օգտագործվել է նաև 19-րդ դարի մի ինքնաեռ, որն այսօր ցուցադրվում է Երևանի Պատմության թանգարանում: Հենց այս ինքնաեռից են օգտվել բազմաթիվ մտավորականներ), որտեղ հաճախել է հայ մտավորականության սերուցքը՝ Ե. Չարենցը, Ավ. Իսահակյանը, Ալ. Շիրվանզադեն, Գ. Մահարին և այլք:
Այժմյան Հանրապետության հրապարակի տարածքում է գտնվել, հին երևանցիների կողմից մեկ այլ սիրված որը կոչվել «Փթի Շան» (Petits Champs) («Փթի Շան»-ը ֆրանսերեն՝ «Petits Champs»- ֆրանսիական անվանում է, որը նշանակում է «Փոքրիկ հավաքատեղի»: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կա «Rue des Petits Champs», փողոց, որը հայտնի է իր սրճարաններով: Հավանաբար անունը կապվել է հենց ֆրանսիական այս փողոցի՝ հավաքատեղիի հետ): Այն սիրված սրճարաններից է եղել, սակայն, ցավոք, Հանրապետության հրապարակի կառուցման ժամանակ 1930–ական թվականներին քանդվել և օտարվել է այլ շինությունների հետ միասին:
Հետաքրքիր է Երևանի քաղաքային խորհրդի N 30 պարտադիր որոշումը, ճաշարաններում, սրճարաններում, թեյարաններում և այլ նմանատիպ ձեռնարկություններում մաքրություն պահպանելու մասին:
Հին Երևանի Մալյարնայա փողոցում (այժմյան Տերյան 11 հասցե) է գտնվել Աֆրիկյանների ակումբը, որը կառուցվել է 19-րդ դարի վերջին՝ մեծահարուստ Աֆրիկյան եղբայրների կողմից։ Ակումբի շենքը եղել է քաղաքի նշանավոր մարդկանց և վերնախավի հավաքատեղի, որոնք ակումբում մի գավաթ սուրճի կամ թեյի շուրջ քննարկում էին քաղաքական, հասարակական և այլ խնդիրներ։ 1913 թվականին շենքը եղել է քաղաքային ակումբ և պատկանել է Առաքել Աֆրիկյանին(Քաղաքում գործել է նաև մեկ այլ քաղաքային ակումբ, որը գտնվել է նախկին Տեր Ղուկասովի այժմ՝ Վազգեն Սարգսյան փողոցում՝ Բուլվարի հարևանությամբ: Այստեղ է տեղակայված եղել նաև հանրահայտ «Բունիաթովի կլուբը», իսկ 20-րդ դարասկզբին այստեղ գտնվել է «Ֆանտազիա» կինոթատրոնը)։ 1926 թվականին շենքը պետականացվել է խորհրդային իշխանությունների կողմից և տրամադրվել Ազգային անվտանգության ծառայությանը։ Ավելի ուշ այն վերածվել է բազմաբնակարան շենքի, ուր բնակություն է հաստատել մոտ 30 ընտանիք, սակայն Աֆրիկյանների ակումբի շենքը, որը համարվում էր հուշարձան կառույց, սակայն ապամոնտաժվել է 2014 թ. հուլիսին։
Խորհրդային Երևանում մեծ քաղաքի ավանդույթները սկսեցին ձևավորվել արդեն 1960-ականների սկզբին, երբ ամենուրեք արագորեն սրճարաններ էին բացվում՝ «Կռունկ», «Արաքս», «Անահիտ», «Արգիշտի», «Արագիլ», «Գուսան», և այլն: Իհարկե, համալիր մի առանձին տարեգրություն է իրենից ներկայացնում երևանյան երիտասարդության դարբնոցը՝ հանրահայտ «Բերմուդյան եռանկյունին», որը բաղկացած էր «Պոպլավոկ», «Սկվոզնյաչոկ» և «Կոզիրյոկ» սրճարաններից:
Այժմ փորձենք հակիրճ ներկայացնել Խորհրդային Երևանի հանրահայտ ժամանցի վայրերը: 1960 թվականին՝ (այլ աղբյուրներում՝ 1957 թ. կամ 1959 թ.) բացվել է հանրահայտ «Արագիլ» ռեստորանը՝ քաղաքի վրա բացվող սքանչելի տեսարանով և կառուցված ազգային մոդեռնիզմի ոճով, ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան: Ցավոք, այս ռեստորանը արդեն վաղուց չի գործում ու գտնվում է կիսաքանդ վիճակում:
«Երևանի տարեգրությունը» գրքում(6) հանդիպում ենք, որ 1964 թվականի ապրիլին Երևանում, Բարեկամության փողոցում (այժմ Բաղրամյան) բացվել են «Գուսան» և «Անուշ» բացօթյա սրճարանները: Oղակաձև զբոսայգում բացվել է «Կռունկ» սրճարանը, որը մեծ մասսայականություն էր վայելում, իսկ «Երիտասարադական» մետրոկայարանի հարևանությամբ՝ «Ֆլորայի» այգում՝ «Ֆլորա» սրճարանը: Այդ նույն տարում Ծերեթելի և Թամանցիներ փողոցի հատման անկյունում բացվել է նաև «Տալլին» անունը կրող սրճարանը:
Երևանի կենտրոնում, մայրաքաղաքի հիմնադրման 2750-ամյակի օրերի շրջանակում, 1969 թվականի հունվարին Լենինի պողոտայում (այժմյան Մաշտոցի պողոտա 16 հասցեում) բացվել է «Արգիշտի» սրճարան-ռեստորանը»: Այն 1970-80-ական թվականներին Երևանի յուրօրինակ միջավայր էր, որտեղ հավաքվում էին բազմաթիվ քաղաքացիներ, մտավորականներ ինչպես նաև զբոսաշրջիկներ: Այդ տարիներին «Արգիշտի»-ն հանրաճանաչ սրճարան էր՝ բարի ու ջերմ մթնոլորտով: Այն երկհարկանի էր(6) , առաջին հարկը բացօթյա էր, իսկ երկրորդ հարկում ռեստորանն էր, որտեղ մշտապես երաժշտություն էր հնչում` հայկական, կամ ռուսական էստրադա, պատվերով երգեր: Երկրորդ հարկի պատշգամբի ճաղավանդակի վրա պատկերված էին Արգիշտիի մարտակառքերը, թրերը, վահանները: Հին «Արգիշտի» սրճարանի մթնոլորտն ու ինտերիերը` հնաոճ կժերը, ծաղկամանները ևս պահպանվել էին: Պատերից կախված էին քարե քանդակներ: «Այստեղ շատ համեղ էր «Արգիշտի»-ի բեֆստրոգանովը: Համեղ էին նաև հայկական ուտեստները, օրինակ` դոլման: Հրաշալի վայր էր թե ընկերական շրջապատով, թե զույգերով կամ ընտանիքով այցելելու համար: Շատ լավ հիշողություններ ունեմ «Արգիշտի»-ից:
Երիտասարդությունը մշտապես հավաքվում էր այստեղ: 1970-ական թվականներին ներսում կենդանի երաժշտություն չէր հնչում: Մենք վայելում էինք The Beatles-ի, Led Zeppelin-ի, Էլվիս Պրեսլիի, Շարլ Ազնավուրի ձայնագրությունները» – հիշում է «Արգիշտի» սրճարանի հարակից շենքի բնակիչ Էմիլիա Մելիքյանը:
1990-ականներին «Արգիշտի» սրճարանը վիդեո սրահի վերածվեց, ուր այցելուները հաճախ ֆիլմեր էին դիտում: Որոշ ժամանակ անց, սրճարանում սկսեց գործել Holsten գարեջրատունը. մեծ Holsten-ի շիշ էր կախված փողոցում: Մի քանի տարի անց այն փակվեց, փոխարենը ավտոմատ խաղեր տեղադրվեցին(7): 1990-ականների վերջերին «Արգիշտին» խաղատուն դարձավ, իսկ երկրորդ հարկը՝ բիլիարդանոց: Այնուհետև այն վարձակալեց «Յունիկոմպ» ընկերությունը` դարձնելով համակարգչային տեխնիկայի վաճառքի սրահ, իսկ այսօր սրճարանի տեղում օծանելիքի «Ռուժ» խանութն է:
Ինտերիերի, երաժշտության և ընդհանուր միջավայրի շնորհիվ, այդ տարիների «Արգիշտի» սրճարանը կարելի է դիտարկել որպես այսօրվա երևանյան փաբերի նախատիպ: 1990-ականների վերջին «Արգիշտի» արդեն շատ քիչ մարդ էր գնում. այնտեղ որոշ չափով պահպանվել էր հին երևանյան կոլորիտը, սակայն կորցրել էր իր նախկին «նշանակությունը» և կիսամոռացված վայր էր դարձել:
1969 թվականի փետրվարին Հայաստանի գրողների Միության նկուղային հարկում «Արարատ» ռեստորանին կից բացվել է նաև «Արարատ» սրճարանը, որն ունեցել է 30 տեղ:
1969 թվականին օգոստոսին Բաքվի փողոցում (այժմյան Արցախի) բացվել է «Տուրիստ» սրճարանը:
1970 թվականին բացվել էր նաև «Փարոս» ռեստորանը (ճարտարապետ Է. Սարապյան) և գտնվելով բարձրադիր բլրի վրա, բացառիկ ընտանեկան և ընկերական խնջույքների բոհեմային վայր էր հանդիսանում: 1971 թվականի նոյեմբերին Երևանի «Ճոպանուղի» սրճարանում բացվել է «Ջազ» ակումբ:
Այդ տարիներին մեծ մասսայականություն էր վայելում նաև «Պրագա» ռեստորանը, որտեղ 1972 թվականի հոկտեմբերին կազմակերպվել էր չեխական խոհանոցի տասնօրյակ:
Խորհրդային Երևանի համար յուրատեսակ այցեքարտ էր համարվում նաև «Երիտասարդության պալատ»-ի (Կուկուռուզնիկի) ռեստորանը և սրճարանը, որոնք միշտ լեփ-լեցուն էին, քանի որ այստեղ շատ յուրահատուկ մթնոլորտ էր տիրում: Գալիս էին ոչ միայն երևանցիները, այլև ԽՍՀՄ-ից և արտերկրից ժամանած բազմաթիվ պատվիրակություններ: Այս ռեստորանում նվագող երաժիշտները բավականին մեծ գումարներ էին վաստակում պատվերների շնորհիվ: Պատվերի արժեքը տատանվում էր 3-ից 10 ռուբլու սահմաններում:
«Երիտասարդության պալատ»-ի շենքի ամենավերևի հարկում գործող սրճարանի հատակը պտտվում էր: Մեկ ժամվա ընթացքում սրճարանը պտտվում էր իր առանցքի շուրջ` հնարավորություն տալով վայելել քաղաքի տեսարանը: Մարդիկ նախօրոք էին տեղեր պատվիրում այդ սրճարան հաճախելու համար:
1984 թվականին Կիևյան և Հակոբյան փողոցների խաչմերուկում (Կիևյան փողոց թիվ 18) բացվել է 60 նստատեղ ունեցող «Բուսակեր» (Վեգետերիանեց) ճաշարանը, որտեղ մատուցվում էին միայն բանջարեղենից պատրաստված կերակրատեսակներ:
Անդրադառնալով «Բերմուդյան եռանկյունուն», որը բաղկացած էր «Պոպլավոկ», «Սկվոզնյաչոկ» և «Կոզիրյոկ» սրճարաններից, կարող ենք փաստել, որ դրանցից յուրաքանչյուր դարձել էր Երևանի յուրատեսակ խորհրդանիշը:
«Կոզիրյոկ»-ը երկար տարիներ մարմնավորում էր Երևանի այն մթնոլորտը, որը շատերի պնդմամբ, արդեն գոյություն չունի: Այն Երևանի ամենահայտնի սրճարաններից էր: «Կոզիրյոկ» անվանումը հենց հաճախորդներից է եկել՝ սրճարանի ծածկի, այսպես կոչված «կեպիի» շնորհիվ(8):
1960-ական թվականների կեսերից այն երևանյան սակավաթիվ սրճարաններից էր և քաղաքային կենցաղի խորհրդանիշը: Կոզիրյոկիը Օպերայի և բալետի թատրոնի աշխատակիցների սիրելի վայրն էր: Համերգներից և փորձերից հետո սրճարանն աննախադեպ լեփ–լեցուն էր լինում: Բազմաթիվ գրողներ ու նկարիչներ, պրոֆեսորներ ու տաքսիստներ հաճախ էին այցելում այստեղ: 1980-ական թվականների վերջերին, երբ Սարյանի պուրակում սկսեց գործել վերնիսաժը, «Կոզիրյոկը» նոր կյանք ստացավ: Երկար տարիներ շարունակ սրճարանի ղեկավարը և խորհրդանիշը Հռիփսիմեն(9) էր, ով պատկանում էր կանացի այն տեսակին, ում ուսերին էր ընկած սովետական սննդի հսկայական բեռը(10):
Երևանի հաջորդ տպավորիչ և հանրահայտ ժամանցի վայրը «Պոպլովոկ»-ն էր, որն այժմ էլ շարունակում է գործել և գտնվում է Օղակաձև զբոսայգու 1-ին հատվածում ՝ Դրամատիկական թատրոնի հարևանությամբ: Այստեղ մշտապես տիրել է անհոգության, խենթության ու ազատության յուրահատուկ մթնոլորտ: Ինչպես ասում են «Պոպլովոկը» հասարակ սրճարան չէր, այն գործողություն էր, իսկ ղեկավարը, ավելի ճիշտ կլինի ասել տերը՝ Մացոն, երկար տարիներ շարունակ սրճարանի անփոփոխ կերպարներից էր: Այստեղ կյանքի իմաստը փնտրող թեժ և բուռն վիճաբանություններով է անցել մշակույթի, գիտության, քաղաքականության, սպորտի ոլորտների ներկայացուցիչների երիտասարդությունը: Ծխախոտի ծխի ու ալկոհոլային գոլորշիների մեջ հազարավոր անգամներ մահացել են համլետներն ու օթելոները, դեզդեմոնաները, ստեղծվել մասշտաբային կտավներ, նկարահանվել հանճարեղ ֆիլմեր ու կառուցվել դարի հոյակերտ շինություններ: «Պոպլովոկ»-ի ճաշացանկն այնքան էլ բազմազան չէր: Այստեղ ֆիրմային ուտեստ էր համարվում վինեգրետով ձվածեղը՝ 50 և 60 կոպեկ արժողությամբ: Այս սրճարանից էին անգամ բանակ ճանապարհում, այստեղ էին գրում գիտական թեզերը, ծանոթանում, մտերմանում, բաժանվում, անգամ ամուսնանում(11):
Ի տարբերություն «Պոպլովոկի», որտեղ խենթության ու անկեղծության մթնոլորտ էր տիրում Բերմուդյան եռանկյունու հաջորդ սրճարանում՝ «Սկվոզնյոչոկ»-ում, տիրում էր բոհեմային նրբաճաշակ ոգին ու մշտապես փնտրվում էին հավերժ հարցերի պատասխանները: Այս սրճարանի ֆիրմային ուտեստը լոռաբլիթն էր, և անվանումը ստացել էր «Լոռի» պանրի տեսակի ու բլիթ բառի միացումից: Լոռաբլիթներ համտեսելու երկար հերթեր էին գոյանում՝ բուրմունքը տարածվում էր սրճարանի սահմաններից դուրս: Գինը բավականին դեմոկրատիկ էր՝ 60 կոպեկ: Բլիթների հետ սովորաբար թան էին առաջարկում, բայց որպես կանոն, նախապատվությունը հաճախորդները տալիս էին մեկ ռուբլիանոց գինուն(12):
Մեկ այլ հանրահայտ համեղ ուտելու վայր էր Կասկադի մոտակայքում տեղակայված «Թեմուրնոց»-ը (Իսահակյան փողոցում), որը հայտնի էր իր խորոված կարտոֆիլով, և Մաշտոցի-Մոսկովյան խաչմերուկից մի քիչ վերև գտնվող լահմաջոանոցը, որոնք ուսանողների սիրած վայրերն էին:
Խորհրդային Երևանում յուրօրինակ վայր էր «Պոնչիկանոց»-ը: Այն շատ դրական լիցքեր է հաղորդել երևանցիներին: Այդ տարիներին սուրճ հասկացողությունը Երևանում չկար, միայն սփյուռքից եկածներն էին օգտագործում: Սուրճի սարքի առաջին հունգարական մեքենան հենց «Պոնչիկանոցում» է դրվել: Հին սրճարանում փայտե դռներ կային, որոնք ապագայում փոխարինվեցին մետաղականով: Նման փայտե դռներ նույնիսկ Թիֆլիսում չկային: Սրճարանում բարերի կահույքը հիշեցնող բարձր աթոռներ ու սեղաններ էին դրված: Երևանցիները երկար սովորում էին, թե ինչպես հարմարվել այդ բարձր աթոռներին: Ի դեպ, հենց ժողովուրդն այս սրճարանը անվանեց «Պոնչիկանոց»: Նախկինում այդտեղ հացի խանութ էր:
1963-64 թթ. «Պոնչիկանոցի»(13) տնօրենը մոտ 40 տարեկան շատ գեղեցկադեմ մի տղամարդ էր` ազդեցիկ դիմագծերով, ընտիր հագուկապով, սպիտակ փողկապով: Շատ խիստ անձնավորություն էր ու մաքրությունը խստորեն պահպանում էր:
«Պոնչիկանոցն» ակումբային բնույթ սկսեց կրել ու հավաքատեղի դարձավ ուսանողության համար և բացի պոնչիկներից վաճառում էին նաև կակաո, որը պոնչիկից մի քանի կոպեկ ավելի թանկ արժեր:
ոնսերվատորիայի մոտ գտնվելը մեծ դեր ուներ, այնտեղ գեղեցիկ աղջիկներ էին սովորում, «Պոլիտեխնիկի», «Զոովետի» ու «Գյուղատնտեսականի» տղաները մագնիսի նման հավաքվում էին «Պոնչիկանոցում»:
Ուսանողներն այստեղ ժամերով նստում էին` ինչ-որ բան քննարկում, բանավեճում: Այն մի ակումբ էր, շտաբ՝ մտքերի, գաղափարների փոխանակման վայր: Այստեղ հաճախել են նաև 1990-ականների սկզբներին: Այն ժամանակ պոնչիկի գինը 5 կոպեկից դարձավ 15 կոպեկ, ինչը բավականին խփեց ուսանողների գրպանին:
Սրճարանի դիմաց գտնվում էր «Երևաննախագիծ» ինստիտուտը, և ընդմիջման
ժամերին ինստիտուտի աշխատողները, «Պոլիտեխնիկի» և «Գեղարվեստի» ինստիտուտի ուսանողները պարզապես գրոհում էին «Պոնչիկանոցը»:
2000 թվականի փետրվարին վերակառուցված սրճարանն ունեցավ երկրորդ հարկը, գնացքի գաղափարը ավելի հետաքրքիր դարձրեց այն: Տարբեր ռակուրսներից գնացքը դուրս է գալիս այցելուների դիմաց: Այն որոշակի դինամիկա է ավելացնում սրճարանին և դուր գալիս երեխաներին: Գույնզգույն դռներն ու պատուհանները առավել «համով», «կոնֆետային» դարձրեցին Պոնչիկանոցը, որն այսօր էլ համարվում է քաղաքի յուրօրինակ վայրերից մեկը:
Բացի վերը թվարկված այս բոլոր սրճարաններից, Երևանում այդ ժամանակ կար մեկ այլ սրճարան, որն իրոք բացառիկ էր այն ժամանակվա համար: Այն «Հեքիաթն» էր՝ առաջին մանկական սրճարանը: Ասում են նաև որ ամբողջ ԽՍՀՄ տարածքում այն եզակի մանկական սրճարան էր և բացվել էր հենց Երևանի սրտում՝ Թումանյան և Աբովյան փողոցների խաչմերուկի հարևանությամբ, բնակելի շենքի առաջին հարկում, այն նույն վայրում, որտեղ այսօր տեղակայված է «Կարաս» ազգային սննդի ցանցի մասնաճյուղերից մեկը:
Սրճարանի ներքին ձևավորումն արված էր տարբեր հեքիաթների դրվագների և հերոսների պատկերների հիման վրա, իսկ ամենամեծը՝ շաղգամը քաշող պապիկի, տատիկի և թոռնիկի պատկերն էր՝ «Պապն ու շաղգամը» հայտնի հեքիաթից: «Հեքիաթը» գործում էր մինչև երեկոյան ժամը վեցը, և երեխաները, բնականաբար, սրճարան էին այցելում մեծերի ուղեկցությամբ: Սեղաններն ու աթոռները հիմնականում ցածր էին, որովհետև սրճարանն ի սկզբանե նախատեսված էր մանկահասակ երեխաների համար: Մի այսպիսի հետաքրքիր ավանդույթ էր ձևավորվել այստեղ. մոտակա դպրոցների ցածր դասարանների աշակերտները «Հեքիաթ» էին գալիս դասարան առ դասարան` իրենց ուսուցիչների ուղեկցությամբ: «Հեքիաթ» սրճարանի ճաշացանկը խորհրդային ժամանակաշրջանի պետական «ստանդարտ փաթեթն» էր` վերմիշել, մակարոն, հնդկաձավար, կարտոֆիլ, երշիկ, նրբերշիկ, կարկանդակ: Ըմպելիքներից` կաթով կակաո, լիմոնադ, մրգային հյութեր՝ հիմնականում դեղձի կամ լոլիկի: Այդ հիմա, շաուրմայի և կոկա-կոլայի ներկա բուռն դարաշրջանում, ներկայացված պատկերը գուցե և անսովոր ու անհավանական թվա, բայց դա իրոք այդպես էր(14):
Սրճարանում կար նաև դաշնամուր և ընդունված էր այստեղ կազմակերպել երեխաների ծննդյան տոները, ինչը նորություն էր այն ժամանակվա համար: «Հեքիաթ» սրճարանի հարևանությամբ էր գտնվում Խնկո Ապոր անվան մանկական գրադարանի երկհարկանի հին շենքը (այսօր այստեղ այլ շենք է կառուցված): «Հեքիաթը» (15) գործեց մինչև 1980-ականների վերջը, և 1960-ականներին իրենց ծնողների հետ այս սրճարանը հաճախած սերունդը 1980-ականներին հասցրեց այստեղ գալ արդեն իրենց զավակների հետ:
Խորհրդային շրջանի մտավորականների յուրօրինակ հավաքատեղի սրճարան էր նաև «Կոպեկանոցը»17 (նաև ասում էին՝ «Նկարիչների կաֆե») որն, ասես սրբատեղի լիներ, դրա մշտական այցելուների անունները թվարկելն իսկ պատիվ է՝ Հրաչյա Ներսիսյան, Հովհաննես Շիրազ, Կոստան Զարյան, Երվանդ Քոչար, Լևոն Ներսիսյան, Էդմոն Ավետյան, Սամվել Խանդիկյան, Ռուբեն Հովնաթան, Ֆրունզիկ Մկրտչյան՝ ահա այսպիսի սրճարան, որ տասնամյակներով այս մարդկանց ներկայության, նրանց հանդիպումների, խոսքուզրույցի, կատակների, բանավեճերի ասպարեզն էր: Այն տեղակայված էր այժմյան Շարլ Անզնավուրի անվան հրապարակում, որտեղ այսօր այլ սրճարան է գործում:
Անհրաժեշտ ենք համարում նշել նաև, հիշատակել, որ 1970-ականների սկզբից Նալբանդյան 48* շենքի կիսանկուղային հարկաբաժնում (մուտքը Նալբանդյան փողոցից) սկսում է գործել և մինչ այժմ էլ դեռ գործում է հանրահայտ «Գինետունը»՝ այն ժամանակվա երևանյան երիտասարդության ամենասիրված ժամանցի վայրերից մեկը(16):
Պանդոկի դիզայներական աշխատանքներն իրականացրել էին ճարտարապետ Ստեփան Սարգսյանն ու քանդակագործ Բենիկ Խաչատրյանը: Հին կամարներով նկուղը ձևավորված էր կարպետներով, կարասներով, փայտյա՝ ծառի հաստ բներից պատրաստված նստարաններով ու սեղաններով: Պատերին և ամենուրեք ազգային ոճով գեղարվեստական պատկերներ էին, իսկ ուտեստը մատուցվում էր կավե ամաններով:
Երևանում յուրօրինակ ժամանցային վայրեր էին նաև գործող 3 կարևոր ինտուրիստ հյուրանոցների ռեստորանները (Անի, Արմենիա, Երևան-Ինտուրիստ, Դվին): Անի հյուրանոցում բավականաչափ տպավորիչ էր նաև հարմարավետ և հյուրընկալ «Ուրարտու» ռեստորանը(17), որի սրահները տեղակայված էին երեք հարկերում: 1-ին հարկում բարն էր, 2-րդում՝ ռեստորանի և սրճարանի ընդհանուր սրահն է, իսկ 14-րդ հարկում՝ բանկետային երկու դահլիճները՝ «Հայելապատը» և «Հայկականը»:
Հեղինակավոր «Հայելային սրահում» հյուրասիրում էին արտասահմանից ժամանած տարբեր պատվիրակություններին: «Հայկական» սրահի ինտերիերը ձևավորված էր ազգային ոճով: Այն զարդարված է հայկական գորգերով, դրոշմներով, խեցեղենով…
Այստեղ հաճելի էր հանդիպել ընկերներին, վայելել հայկական խոհանոցի լավագույն ճաշատեսակները, համտեսել հայկական հայտնի կոնյակները և գինիները: Ռեստորանում նվագում է էստրադային նվագախումբը, որի կատարմամբ հնչում էին ուրախ մեղեդիներ և հոգեթով հայկական երգեր, խորհրդային և օտարերկրյա կոմպոզիտորների էստրադային երաժշտություն:
Տպավորիչ էին նաև «Արմենիա» և «Դվին» հյուրանոցների ռեստորանները, որոնք ապահովում էին մայրաքաղաքի զբոսաշրջիկների ժամանցն ու ներկայացնում հայկական խոհանոցի լավագույն ավանդույթները:
«Արփա չայ»-ից «Պալերմո»-ից, «Բեռլին»-ից մինչև «Սանասար-Բաղդասար», «Սկվազնյաչոկ», «Արաքս», «Պապլավոկ», «Անահիտ», «Դերասան», «Կազիրյոկ», «Արգիշտի», «Կոպեկանոց» «Ուրարտու» ու «Հեքիաթ», «Պոնչիկանոց» ու «Թեմուրնոց»….քաղաքային սրճարաններ, որոնք տասնամյակներ շարունակ ունեցել են իրենց մշտական այցելուները, քաղաքային ավանդույթ, կոլորիտ են ձևավորել, այժմ գոյություն չունեն, դրանցից մնացել են միայն «Կոզիրյոկը», «Պոպլովոկ»-ը վերաբացված «Պոնչիկանոց»-ն, ու «Թեմուրնոց»-ը: Քաղաքացիների տարբեր սերունդների ավանդույթի մաս կազմող էլի շատ բաներ են վերացել, անհետացել (կինոթատրոններ, խանութներ, պուրակներ, նրբանցքներ, բակեր, տրամվայներ, ցայտաղբյուրներ): Ժամանակի հետ փոփոխվում ու ընդլայնվում է քաղաքը, զարգանում, սակայն ձևափոխվում և անհետանում են վայրերը, անունները քաղաքային ավանդույթները, քաղաքային կոլորիտի նշանները: Մնում են միայն հիշողությունները, հազարավոր բանաստեղծություններն ու բյուրավոր երգերը՝ ձոնված քաղաքին:
Այսօր, աշխարհում կան շատ քաղաքներ, որոնք իրենց առանձնահատկություններով թեև զբոսաշրջության համար ունեն տարբեր գրավչություններ, սակայն երևանյան հյուրընկալությունը, ջերմությունը հանդիսանում են մեր մայրաքաղաքի առավելությունը: Քաղաքային զբոսաշրջության հումքը՝ տվյալ քաղաքի գրավչություններն են, իսկ 21–րդ դարում այդ գրավչությունները պետք է համեմված լինեն նաև գեղեցիկ փաթեթավորմամբ, ճիշտ մարկետինգային մոտեցմամբ և միջազգային զբոսաշրջային շուկայում ընդունված չափորոշիչներին համահունչ։
Վերջին տարիներին մեծ հեղինակություն են վայելում քաղաքային փառատոները, որոնք անցկացվում են Երևանում:
Մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի կողմից ամենասիրված և սպասված փառատոներն են «Համով-հոտով Երևան» տոնածիսական ուտեստների փառատոնը, «Երևան ՏԱՐԱԶֆեստը», «Երևանի գարեջրի փառատոն»-ը, «Երևանի Գինու օրեր» նախագիծը, «Երևան Ֆուդ Ֆեսթը», «Գյուղական կյանքի և ավանդույթների» ամենամյա փառատոնը, գաստրոնոմիկ այլ փառատոներ, որոնք ունեն մեծ հետաքրքրություն և իրականացվում են հիմնականում գարնան, ամռան և աշնան ամիսներին: Նախատեսված լինելով տարբեր ճաշակներ և նախասիրություններ ունեցող մարդկանց համար, այս միջոցառումերն ակտիվ են դարձնում թե՛ երևանցիների, թե՛ զբոսաշրջիկների կյանքը Երևանում: Ցանկացած այցելու գտնում է իրեն համապատասխան և հոգեհարազատ միջոցառում* այդ ամիսների ընթացքում՝ անցկացնելու ժամանցը քաղաքում:
Ամփոփելով, կարող ենք փաստագրել, որ ցանկացած քաղաք, այդ թվում և Երևանը չի կարող կառուցվել և շենանալ մեկ օրում, մեկ ամսում կամ մեկ տարում: Նաև, բնականաբար, այդչափ կարճ ժամանակահատվածում օր, շաբաթ, ամիս, տարի, չեն կարող ձևավորվել և կայանալ տվյալ քաղաքի, բնակավայրի պատմությունն ու ավանդույթները: Այդ ամենի համար, թերևս, մի քանի սերնդի ջանքերն ու եռանդն են անհրաժեշտ, իսկ ամեն մի նոր սերունդ ցանկալի է և գուցե նաև պարտավոր է, որ հիշի ու պահպանի իր նախորդներից ժառանգած այն ամենը, ինչը դրական է, բարի, լուսավոր և հիշարժան:
Մենք բոլորս յուրովի սիրում ենք մեր Երևանը, և որքան էլ նրա պատկերը փոփոխված ու վերաձևափոխված է հիմա, միևնույն է` միջին և մեծ սերունդների համար մինչև հիմա էլ հարազատ քաղաքում այնպիսի նվիրական անկյուններ կան, որոնք մշտապես կմնան այդ սերունդների հիշողության մեջ իրենց նախկին, անապակ կերպարանքով: Եվ վերջիվերջո հայկական բնաշխարհը, էկո սնունդը, հայկական հյուրասիրությունը և հայկական ավանդական հարուստ խոհանոցը մեզ թույլ են տալիս զարգացնել տուրիզմի այս ճյուղը՝ գաստրոտուրիզմը, որը տարածված լինելով ամբողջ աշխարհում զբոսաշրջիկների շրջանում մեծ պահանջարկ ունի:
Գևորգ Օրբելյան
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ
«Երևան-5» գիտական հոդվածների ժողովածու
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- Երևան գիտական հոդվածների ժողովածու, Երևան, 2006թ., էջ 249-257:
- Երևան գիտական հոդվածների ժողովածու 2, Երևան 2009թ., էջ 85-86:
- Թ. Հակոբյան, «Երևանի պատմությունը 1879-1917 թթ.», Երևան, 1963 թ., էջ 133-134:
- «Эриванские обьявления»,1913, 61.
- М. Григорян, «Плошадь Ленина в Ереване», Ереван 1969.
- «Երևան 20-րդ դար», Երևան, 2012թ. Էջ 88-89:
- «Երևան 20-րդ դար», 2-րդ հրատարակություն, Երևան, 2017 թ., էջ 160-161:
- «Երևան ամսագիր», N (37), մարտ, Երևան, 2016թ., էջ 31-31:
- «Իմ Երևան», Գ. Զաքոյան, Երևան, 2002թ.
- https://mediamax.am/am/news/yerevan-XX-century/4475
- https://armeniasputnik.am/society/20170709/7877168/armenia-erevan-heqiat-srjaran.html
- https://blognews.am/arm/news/314508/arajin-mankakan-srtcharany-erevanum-lusankar.html
- https://armeniasputnik.am/armenia/20170430/7158593/armenia-erevani-kangin-vkanery-nalbandyan.html
- http://archive.ankakh.com/?p=136356
- https://www.armgeo.am/youth_palace/
- https://mediamax.am/am/news/yerevan-XX-century/5864/
- https://avproduction.am/?ln=am&page=culture&id=165
- https://mediamax.am/am/news/yerevan-XX-century/5963/
- http://hetq.am/arm/news/86838/aragil.html/
- http://rafaelisraelyan.com/node/31
- Երևան գիտական հոդվածների ժողովածու, Երևան, 2006թ., էջ 249-257:
- Երևան գիտական հոդվածների ժողովածու 2, Երևան 2009թ., էջ 85-86:
- Թ. Հակոբյան, «Երևանի պատմությունը 1879-1917 թթ.», Երևան, 1963 թ., էջ 133-134:
*Ըստ արխիվային նյութերի, 1902թ. Քաղաքի երեք բուֆետներից յուրաքանչյուրն ունեցել է 4000 ռուբլի շրջանառություն, ռեստորաններից յուրաքանչյուրի տարեկան շրջանառությունը տատանվել է 1000-1800 ռուբլու միջև, յոթ գինետներից յուրաքանչյուրը՝ 900-3200 ռուբլու միջև, իսկ երկու գարեջրատները միասին ունեցել են 4700 ռուբլի տարեկան շրջանառություն: Նույնպիսի պատկեր էին ներկայացնում նաև մյուս ձեռնարկությունների շրջանառությունները:
** Պետական հարկերը 1890-ական թթ. սկսած կազմում էին դրանց մաքուր եկամտի 8 տոկոսը, իսկ մաքուր եկամուտը կազմում էր կապիտալի 15-20 տոկոսը: Ընդ որում հյուրանոցների, բուֆետների, պանդոկների ռեստորանների հրուշակարանների, թեյարանների և այլն մաքուր եկամուտը համարում էին 20 տոկոս, իսկ գինետներինը, քարավանատներինը և ճաշակրպակներինը ՝ 15 տոկոս:
*** Միայն 1902 թվականին դրա շրջանառությունը կազմել է 1800 ռուբլի, (տես` ՀՍՍՌ ՊԿՊԱ, ֆ. 177, գ 508, թ.10):
4. «Эриванские Обьявления», 1913,61.
5. Երևանի տարեգրությունը, Երևան, 2009 թ., էջ 140:
6. https://mediamax.am/am/news/yerevan-XX-century/4750
7. https://mediamax.am/am/news/yerevan-XX-century/4750
8.«Երևան 20-րդ դար», Երևան, 2012թ. Էջ 88-89:
9.http://archive.ankakh.com/?p=136356
10.Երևան ամսագիր, N (37), Մարտ, Երևան, 2016 թ., էջ 31-31:
11. Երևան ամսագիր, N (37), Մարտ, Երևան, 2016 թ., էջ 31-31:
12.Երևան ամսագիր, N (37), Մարտ, Երևան, 2016թ., էջ 26-27:
13. https://mediamax.am/am/news/yerevan-XX-century/4475
14. https://armeniasputnik.am/society/20170709/7877168/armenia-erevan-heqiat-srjaran.html
15. https://blognews.am/arm/news/314508/arajin-mankakan-srtcharany-erevanum-lusankar.html
16. https://armeniasputnik.am/armenia/20170430/7158593/armenia-erevani-kangin-vkanery-nalbandyan.html
17. «Երևան 20-րդ դար», 2-րդ հրատարակություն, Երևան, 2017 թ., էջ 160-161: