ԵՐԵՎԱՆԻ ՆԱՀԱՆԳՆ ԱՆԴՐԿՈՎԿԱՍԻ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ (1917Թ.)

Ի. Պասկևիչ և արքայազն Աբաս-Միրզա Խաղաղության պայմանագրի ստորագրման պահին

Անդրկովկասյան երկրամասն անցնելով ռուսական տիրապետության տակ` 19-րդ դարում ենթարկվել է տասը վարչատարածքային բաժանումների1, որը պայմանավորված էր ինչպես Ցարական Ռուսաստանի վարած քաղաքականությամբ, այնպես էլ ռուս-թուրքական և ռուս-պարսկական պատերազմներով: Թուրքմեն-չայի պայմանագրով` 1828թ. փետրվարի 21-ին, ռուսական կողմին են անցնում Երևանի և Նախիջևանի խանությունները, որոնք ստանում են հայկական շրջաններ անվանումը2, հետագայում մաս կազմելով վարչատարածքային այլ միավորների: Որպես առանձին վարչատարածքային միավոր, Երևանի նահանգը ձևավորվել է 1849-1850թթ.՝ կազմվելով Թիֆլիս և Շամախի նահանգների գավառամասերից: Թիֆլիս նահանգից ընդգրկվում են Երևանի, Նախիջևանի, Բորչալուի, Ալեքսանդրապոլի գավառներից գավառամասեր, իսկ Շամախի նահանգից՝ Շուշի և Զանգեզուր գավառներից գավառամասեր: Այսպիսով Երևանի նահանգը բաժանվում է 5 գավառների՝ Ալեքսանդրապոլի, Երևանի, Նոր-Բայազետի, Նախիջևանի և Օրդուբադի:

Սակայն 1862թ. Ալեքսանդրապոլի գավառից հայաբնակ Լոռու շրջանը միացվում է Թիֆլիսի նահանգին, իսկ 1868թ. վարչատարածքային վերաբաժանման հետևանքով կազմավորվում է Ելիզավետպոլ նահանգը, որին Երևան նահանգից անցնում է Օրդուբադ գավառից հայաբնակ մի շարք գավառա-մասեր: Այդ ամենի հետևանքով Երևանի նահանգում հայերի և թաթարների միջև թվային հարաբերակցությամբ հայերը տուժում են: Երևանի նահանգը բաժանվում է հինգ նոր գավառների՝ Ալեքսանդրապոլի, Նոր Բայազետի, Նախիջևանի, Երևանի և Էջմիածնի: 1875թ. Էջմիածնի և Նախիջևանի գավառների գավառամասերից կազմավորվում են երկու նոր գավառներ՝ Սուրմալուի և Շարուր-Դարալագյազի:

Այդ ժամանակաշրջանում բնակչության թվով ամենամեծն եղել է Ալեքսանդրապոլ գավառը, երկրորդ տեղն զբաղեցրել է Երևանի, երրորդը՝ Նոր Բայազետի գավառները, ամենափոքրը կազմել է Շարուր-Դարալագյազի գավառը 3: 1916թ. տվյալների համաձայն Երևանի նահանգն ուներ 1120242 ազգաբնակչություն, որից հայերը կազմում էին 669871 կամ 59, 7%, իսկ թաթարները՝ 373582 կամ 33,3%4: Այդպիսի տեսք ուներ Երևանի նահանգը մինչև 1917թ., հեղափոխությունը, որից հետո դարձյալ առաջ է գալիս Անդրկովկասի վարչատարածքային վերա-բաժանումների հարցը, ինչի անհրաժեշտությունը պայմանավորված էր ինչպես բարեփոխումներով և զեմստվոների ընդունմամբ, այնպես էլ Հիմնադիր Ժողովի ընտրություններով: Այդ նպատակով կազմվում են տարբեր հանձնաժողով­ներ, ինչպես Պետրոգրադում, այնպես էլ Թիֆլիսում: Պետրոգրադում Ժամանակավոր Կառավարության ներքին գործերի նախարարությունն Անդրկովկասյան Առան-ձին կոմիտեի քննությանն ու հաստատմանն է ուղարկում Անդրկովկասի վարչատարածքային բաժանման ծրագիր, որը հայտնի է որպես նախարարական ծրագիր: Անդրկովկասի Առանձին կոմիտեին կից ձևավորվում է վարչատարածքային սահմանների փոփոխության հանձնաժողով, որը բաղկացած էր անդրկովկասյան երեք գլխավոր ազգությունների ներկայացուցիչներից՝ յուրաքանչյուրից հնգական հոգի5: Նրանք պետք է քննեին նախարարական ծրագիրը և ներկայացնեին Անդրկովկասյան Առանձին կոմիտեի հաստատմանը: Տեղի ունեցած խորհրդակցությունների ժամանակ նախարարական ծրագրին դեմ են արտահայտվում թաթար և վրաց պատվիրակության անդամները: Ընդհանուր համաձայնության գալու համար առաջարկում են ծրագիրն ենթարկել փոփոխությունների, որն էլ ստանձնում է հայտնի գյուղատնտես Ստեփան Իվանի Կամսարականը6: Վերջինս ակտիվ մասնակցություն էր ունեցել նաև վարչատարածքային բաժանման հայկական ծրագրի կազմման աշխատանքներին7 : Վիճելի տարածքներ համարվող նահանգներից Երևանը ևս ենթարկվում է ներքին և արտաքին սահմանների փոփոխության: Մինչև հեղափոխությունը Երևանի նահանգում զեմստվո մտցնելու հարմարավետության և կառավարման դյուրինության նպատակով կազմավորվել էին թվով 11 գյուղատնտեսական շրջաններ՝ Փամբակ-Ղարաքիլիսայի, Շիրակ-Թալինի, Ապարան-Թալինի, Արարատյան, Մերձլիճքյան /Սևանյան/, 6-րդ և 7-րդ շրջաններ, Դարաչիչագ-Կրխբուլաղ, 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ շրջաններ8: Ս. Ի. Կամսարականի համար սահմանների փոփոխության հիմք հանդիսացել են ինչ-պես այդ գյուղատնտեսական շրջանները, այնպես էլ վարչատարածքային միավորները՝ գավառները, ոստիկանական գավառամասերը, գյուղական հասարակությունները, գյուղերը: Նախարարական ծրագրով կազմվելու էր առաձին Երևանի նահանգ վեց գավառներով՝ Էջմիածնի, Երևանի, Նոր Բայազետի, Շարուրի, Նախիջևանի, Սուրմալուի9: Անդրկովկասյան Առանձին կոմիտեի վարչատարածքային սահմանների փոփոխության հանձնաժողովին ներկայացված տարբերակում Կամսարականն առաջարկում էր հայկական շրջաններից կազմել մեկ նահանգ 15 գավառներով: Երևանի նահանգից կազմավորվելու է Նախիջևանի, Էջմիածնի, Նոր Բայազետի, Երևանի, Կուլպինսկի, Ալեքսանդրապոլի գավառները: Ստորև կներկայացնենք Երևան նահանգի գավառներից յուրաքանչյուրի կազմությունը նախարարական ծրագրի հետ համեմատությամբ:

Նախիջևանի գավառը կազմվելու էր Երևան նահանգի Նախիջևան և Շարուր-Դարալագյազ գավառների ոստիկանական գավառամասերից, Նախիջևան և Օրդուբադ քաղաքներից:

Նախիջևանի գավառից ընդգրկվելու է նրա առաջին ոստիկանական գավառամասը՝ Ազնաբյուրտ, Թազաքենդ, Տումբուլսկ, Շիխմախմուդ գյուղական համայնքներով, բացառությամբ Կիվրագ գյուղական հասարակության, երկրորդ ոստիկանական գավառամասն ամբողջությամբ՝ Ջագրինսկ, Դիգին-Ալմալինսկ, Ղարաբաբինսկ, Ղելանի-Ղշլախսկ գյուղական հասարակություններով, երրորդ ոստիկանական գավառամասը՝ Աբրակունին, Կաղաբ, Ղազանչի, Կուզնուլ, Նեգրամ, Խանագին գյուղական հասարակություններից և չորրորդ ոստիկանական գավառամասը՝ Վանադ, Վերին-Ազինսկ, Վերին Ակուլիս, Դոստինսկ, Պարագին, Տիվին, Չանանաբ գյուղական հասարակություններով:

Շարուր-Դարալագյազ գավառից ընդգրկվում են երկրորդ ոստիկանական գավառամասն Մարտիրոս գյուղական հասարակությունն ամբողջությամբ և Գնդեվազ գյուղական հասարակության Տառն, Չայքենդ, Առինջ, Կոյալի, Բուլախլար գյուղերը: Նախարարական ծրագրով Նախիջևան գավառի առաջին ոստիկանական գավառամասի Կիվրագ գյուղական հասարակությունը միանում էր նորաստեղծ գավառին, իսկ Կամսարականի նախագծով այն միանում է Շարուրի գավառին: Գավառում ընդհանուր կլինեին (10) 135 հզ., որոնցից հայերը կկազմեին 57հզ. (42%), մուսուլմանները՝ 77հզ (57%), այլազգիներինը՝ հզ. (1%)(11): Նախարարական ծրագրով գավառի բնակչության ընդհանուր թիվը լինելու էր 143 հզ., որից հայերը 58 հզ. (41%), մուսուլմանները՝ 84 հզ. (58%), այլազգիները՝ հզ (1%)12:
Նորաստեղծ գավառի կենտրոնը պետք է լիներ Նախիջևանը:

Էջմիածնի գավառը պետք է կազմավորվեր Էջմիածին և Սուրմալու գավառներից:

Համանուն գավառից ընդգրկվելու էր առաջին ոստիկանական գավառամասի Այթագ, Վաղարշապատ, Ղիզիլթամուր, Խաթունարխ, Չոբանքյարա գյուղական հասարակությունները, երկրորդ ոստիկանական գավառամասից՝ Աշտարակ, Բաշ-Ապարան, Եղվարդ, Ղարաքիլիսա, Կարբի, Փարբի գյուղական հասարակությունները, երրորդ ոստիկանական գավառամասից Կարխուն, Ղուրդուլինսկ, Սարդարապատ գյուղական հասարակությունները, իսկ Շահրիար գյուղական հասարակությունն առանց Հաջի-Բայրամլու, Խեյրիբեկլու, Ասար, Խահավուրտ և Խոջա-Յարալու գյուղերի և Փոքր Շահրիար, Ջաֆարաբադ, Քյալակ-Արխ, Ջան-ֆիդա և Թազաքենդ գյուղերով, չորրորդ ոստիկանական գավառամասից՝ Կոշ գյուղական հասարակությունը: Սուրմալուի գավառից ընդգրկվելու էին առաջին ոստիկանական գավառամասի Իգդիր, Էվջիլյար, Յայջին գյուղական հասարակությունները, երկրորդ ոստիկանական գավառամասի Դաշբուրուն, Ռադիկին գյուղական հասարակությունները, իսկ Արալըխ գյուղական հասարակությունից Ալիկիզիլ, Ախուրա, Գենագլու, Ռամազան-Քենդ, Սարաչլու-Հաջի-Աղա, Սառաչ-լու-Փրչո, Էմինջա գյուղերը: Նախարարական ծրագրի համեմատությամբ տարբերություններն այն են, որ Կամսարականի ծրագրով Էջմիածնի գավառին պետք է միանար Սուրմալու գավառի առաջին ոստիկանական գավառամասը, առանց Ալիքուչակ գյուղական հասարակության, չորրորդ գավառամասից Կոշ գյուղական հասարակությունը, իսկ Էջմիածնի գավառի երրորդ ոստիկանական բաժանմունքից նորաստեղծ Կուլպիի գավառին էր միանալու Շահրիար գյուղական հասարակությունից Հաջի-

Բայրամլու, Խեյրիբեկլու, Ասար, Խահավուրտ, Խոջա-Յարալու գյուղերը: Այսպիսով, գավառը կունենար 183 հզ. բնակչություն, որից հայերը կկազմեին 130 հզ. (71,0%), մուսուլմանները՝ 47 հզ. (26,0%,), այլազգիները 6 հզ. (3,0%)13:

Նախարարական ծրագրով ազգաբնակչության թիվը կլիներ 132 հզ., որից հայերը կկազմեին 95 հզ. (72%), մուսուլմանները՝ 36 հզ. (27%), այլազգիները՝ 1 հզ, (1%):

Նոր Բայազետ գավառը պետք է կազմավորվեր Ելիզավետպոլ նահանգի Ջևանշիր, Երևան նահանգի Երևան, Նոր Բայազետ, Շարուր-Դարալագյազ գավառների գավառամասերից և Նոր Բայազետ քաղաքից: Համեմատած նախարարական ծրագրի հետ, կորցնում է Ջիլ գյուղական հասարակությունը, որը մասամբ անցնում է ինչպես Քարվանսարայ, այնպես էլ Գանձակ գավառներին, սակայն նրան է միանում Ջևանշիր գավառից Գեշտակ գյուղական հասարակությունը, իսկ Երևան գավառից՝ Արմիկ, Ղարախաչ գյուղական հասարակությունները և Վեդի-չայսկ գյուղական հասարակության մի մասը:

Ավելի մանրամասն այն կունենա հետևյալ տեսքը.
Ջևանշիր գավառից ընդգրկվելու էր երրորդ ոստիկանական գավառամասի Գեշտակի գյուղական հասարակությունը, Նոր Բայազետ գավառից՝ երկրորդ ոստիկանական գավառամասի Աղզիբար գյուղական հասարակության Նորադուզ, Փաշաքենդ, Կասամամեդ, Քյարիմքենդ գյուղերը, երրորդ ոստիկանական գավառամասի Դալիքարդաշ, Գել, Ղարանլունսկ գյուղական հասարակությունները, չորրորդ ոստիկանական գավառամասի Բասարգեչար, Գեզիլդարին, Մազրա գյուղական հասարակությունները:

Շարուր-Դարալագյազ գավառից միացվում էին երկրորդ ոստիկանական գավառամասի Ալագյոզ, Կոզուլջիղ, Քեշիշքենդ գյուղական հասարակությունները, Գնդեվազ գյուղական հասարակությունից՝ Աղջա-Քենդ, Բիլակ, Գեղարչին, Գեյ-Աբաս, Հեր-Հեր, Գնդեվազ, Գյումուշխանա, Ջեյրանլու, Զիրաք, Իստիսու, Ղիլիչլու, Կիսիր-Խարաբա, Կոչբեկ, Կուշի, Լեյլիկաչան, Մամարզա-Ղշլաղ, Տեռպ, Չայքենդ գյուղերը:

Երևանի գավառից ընդգրկվելու էին չորրորդ ոստիկանական գավառամասի Արմիկ, Ղարախաչ գյուղական հասարակությունները, Վեդիչայ գյուղական հասարակության Ահաբեկելու, Դախնազ, Քեշիշ Դաղ, Վերին և Ներքին Ղարաբեկլու գյուղերը:

Գավառը կունենար 174 հզ. ազգաբնակչություն, որոնցից հայերը կկազմեին 102 հզ. (60,0%), մուսուլմանները՝ 69 հզ. (39,0%), այլազգիները՝ 3 հզ. (1,0%): Նախարարական ծրագրով ազգաբնակչությունը կկազմեր 146 հզ., որից հայերը կլինեին 100 հզ. (68%), մուսուլմանները 45 հզ. (32%)՝ այլազգիները՝ 1 հզ. (1%)14:

Երևանի գավառը պետք է կազմվեր Երևան նահանգի Երևան, Նոր Բայազետի գավառների գավառամասերից և Երևան քաղաքից:

Երևան գավառից ընդգրկվելու էին առաջին ոստիկանական գավառամասի Արամուս, Բաշգառնի, Քանաքեռ, Էյլար գյուղական հասարակությունները, երկրորդ ոստիկանական գավառամասի Իմանշալին, Նորագավիթ, Շիրաբադ գյուղական հասարակությունները, երրորդ ոստիկանական գավառամասից Ասորական-Դվին, Օղուրբեկլին, Կոյլասար և Ղամարլու գյուղական հասարակությունները:

Նոր Բայազետ գավառից ընդգրկվելու էին առաջին ոստիկանական գավառամասի Արզաքենդ, Կյանքյան, Ներքին-Ախտին, Ներքին-Ախտին-ռուսական, Ռանդապալ, Տայչառուխ գյուղական հասարակությունները, երկրորդ ոստիկանական գավառամասից Ակզիբիր գյուղական հասարակությունից՝ Հաջիմուղան, Աղզիբիր, Ագկալա, Այրիվանք, Ռախմանքենդ և Բեղլու-Հուսեյնսարաչլու գյուղերը, Ելենովսկայա գյուղական հասարակությունից՝ Ալեքսանդրովկա և Ելենովկա գյուղերը, Չիրչիր գյուղական հասարակությունից՝ Կոմաձոր, Օրդաղլու, Դուդմաշեն, Ցամաքաբերդ, Ծաղկունք, Չիրչիր և Շահրիզ գյուղերը: Գավառում ազգաբնակության թիվը կկազմեր 220 հզ., որից հայերը կլինեին 140 հզ. (64,0%), մուսուլմանները 70 հզ. (32,0%), այլազգիները՝ 10 հզ (4,0%): Նախարարական ծրագրով ընդհանուր թիվը կլիներ 238 հզ, որից հայերը կկազմեին 154 հզ. (65%), մուսուլմանները 73 հզ. (31%), այլազգիները 11 հզ.( 4%):

Կուլպինսկ գավառի կազմավորում նախատեսված չի եղել նախարարական ծրագրով: Նրա ազգաբնակչության հիմնական մասը պետք է լինեին քրդեր և եզդիներ: Որպես ազգային փոքրամասնություն պահանջ է առաջանում նրանց հա-մար ձևավորելու առանձին գավառ, ինչին դեմ է հանդես գալիս թաթար պատվիրակ Շեյխուլիսլամովը(15)՝ արտահայտելով այն միտքը, որ քրդերը, որպես մուսուլման, պետք է միավորվեն թաթարների հետ, սակայն նրա առաջարկությունները չեն ընդունվում: Իսկ նախարարական ծրագրով կազմվելիք Սուրմալու գավառը չի ընդգրկվում Կամսարականի կազմած ծրագրում, և նրա մասերից ձևավորվելու էին Էջմիածին, Կուլպինսկ գավառները: Կուլպինսկ գավառը կազմվելու էր Երևան նահանգի Սուրմալու, Էջմիածին և Նախիջևան գավառների մասերից և Կաղզվանի շրջանից:

Սուրմալուի գավառից ընդգրկվելու էին առաջին ոստիկանական գավառա-մասի Ալիքուչակ գյուղական հասարակությունը, երրորդ ոստիկանական գավառամասի Գյուլուջի, Ջալալի-Սականլիի, Եզդի-Հասանլիի, Կուլպինի, Օղրուջինի և Ռադիկի-Սինակ գյուղական հասարակությունները:

Էջմիածնի գավառից ընդգրկվելու էր երրորդ ոստիկանական գավառամասի Շահրիար գյուղական հասարակության Ասար, Շախվերուտ, Խոջա-Յառալու, Խեյռիբեկլու և Հաջիբայրամլու գյուղերը, չորրորդ ոստիկանական գավառամասից Բողուտլին, Ներքին-Աղջաքիլիսա և Թալիշ գյուղական հասարակությունները:

Կաղզվանի շրջանից ընդգրկվելու էին Նախիջևանի ոստիկանական գավառամասի Ջամալդինի, Ալյամսկ, Պակրանսկ, Դիգորի, Նախիջևանի, Եզդիական, Բադժալինսկի, Սուսուզսկի, Զիլանսկի, Ջիրիխլինսկի, Զիրչինսկի, Պիվիկ-Սուֆ-

լինսկի, Թուրքմենաշեն գյուղական հասարակությունները: Նորաստեղծ գավառի բնակչության ընդհանուր թիվը կլիներ 84 հզ., որից հայերը կկազմեին 25 հզ. (30,0%), մուսուլմանները 24 հզ.(29,0%) իսկ այլազգիները՝ քրդեր և եզդիներ, 35 հզ. (41,0%) :

Ալեքսանդրապոլի գավառն ընդգրկելու էր համանուն գավառի առաջին ոստիկանական գավառամասի Նալբանդ գյուղական հասարակությունը, որը նախարարական ծրագրով պետք է միանար Լոռվա գավառին16, երկրորդ ոստիկանական գավառամասի Հաջիխալիլ, Ջաջուռ, Կաստառլին, Մեծ Քյափանակ, Միջաքյան, գյուղական հասարակությունները, երրորդ ոստիկանական գավառամասի Ալիխան, Իլլի-Ղարաքիլիսիա, Ղզլղոչ, Փոքր Ղարաքիլիսա, Օրթաքիլիսա գյուղական հասարակությունները, չորրորդ ոստիկանական գավառամասի Արթիկի, Մոլլա-Գոկչինսկ, Սոգյութլու, Թավշանղշլաղ, Խորոմի գյուղական հասարակությունները: Կենտրոնը լինելու էր Ալեքսանդրապոլ քաղաքը: Ազգաբնակչության ընդհանուր թվաքանակը լինելու էր 191 հզ., որոնցից հայերը կազմելու էին 176 հզ. (92,0%), մուսուլմանները՝ 3 հզ. (2,0%), այլազգիները՝ 12 հզ. (6,0%): Նախարարական ծրագրով Ալեքսանդրապոլի գավառը պետք է ունենար 204 հզ. բնակչություն, որից հայերը կկազմեին 160 հզ. (83,0%), մուսուլմանները՝ 22 հզ. (11,0%), այլազգիները՝ 12 հզ. (6%)17:

Փոփոխությունների ենթարկված նախագիծը ևս չի ընդունվում հանձնաժողովի կողմից, և այն տապալվում է վրաց-թաթարական ներկայացուցիչների կողմից 1917թ. հոկտեմբերի 14-15-ին տեղի ունեցած Անդրկովկասյան Առանձին կոմիտեի զեմստվոյի գլխավոր խորհրդակցության նիստերի ժամանակ18: Նիստին Չխենկելու առաջարկությամբ մերժվում է նույնիսկ նախագծով զբաղվելը, այս առաջարկին վրացիներից բացի միանում են նաև թաթարները: Վրաց-թաթարական ներկայացուցիչների կողմից նման վերաբերմունքի պատճառն այն գիտակցումն ու վախն էր, որ ծրագիրն անխոցելի էր և կազմված իրական հիմքերով:

ՀԱՅԿ ՄԱՀՏԵՍՅԱՆ
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ

«Երևան-5» գիտական հոդվածների ժողովածու

* * *

  1. Шахатуни А. Административный передел Закавказья Тифлись 1918г. стр. 97.
  2. С. Эсадзе Историческая записка об упралвении Кавказом Том 1-ый Тифлись 1907г. стр. 64.
  3. Իշխանյան Բ. «Վիճակագրական ուսումնասիրություն Անդրկովկասյան ժողովուրդների» Առաջին մաս ժողովուրդների տերիտորիալ բաժանումը և նրա աճումը Անդրկովկասում 1917թ. Բաքու, էջ 25:
  4. Кавказский календарь на 1917 год под редакцией Н. П. Стельмащука ТИФЛИСЬ 1916г. Стр. 221-222.
  5. «Кавказское Слово». Тифлис N 190. 29-ое августа, 1917г.
  6. ՀԱԱ, ֆ. 375, ց. 1, գ. 76.թ. 15-17:
  7. Համահայկական խորհրդակցություններ (1912-1920թթ.) Փաստաթղթերի և նյութերի ժողովածու Երևան 2004 Կազմողներ՝ Ամատունի Վիրաբյան, Գոհար Ավագյան, Ռոժենտ Գրիգորյան, Ալբերտ Կիրիմյան, էջ 198-200:
  8. ՀԱԱ, ֆ. 375, ց. 1, գ. 77, թ. 45-46:
  9. ՀԱԱ, ֆ. 375, ց. 1, գ. 69, թ. 3-20:
  10. Վիճակագրական տվյալներն ըստ բնագրերի են։
  11. ՀԱԱ Ֆ., 375, ց. 1, գ. 76, թ. 8-9:
  12. Արև Բաքու, N 220, 19 հոկտեմբերի, 1917թ.:
  13. ՀԱԱ Ֆ., 375, ց. 1, գ. 76, թ. 8-9:
  14. Шахатуни А., Административный передел Закавказья стр. 134.
  15. ՀԱԱ, ֆ. 375, ց. 1, գ. 76, թ. 2:
  16. Шахатуни А,. Административный передел Закавказья 1918 года, стр. 153։
  17. «Кавказское Слово». Тифлис N 227. 12-ое октября, 1917г.
  18. Центральный Государственный Исторический Архив Грузии фонд 2080 опись 1 документ 13 стр. 177-178.։