Ողջույնի խոսք

Երևանը աշխարհասփյուռ հայության մայրաքաղաքն է: Իր մեջ ամփոփելով անցյալի մեր մայրաքաղաքների երբեմնի փառքն ու հիշատակը՝ շարունակում է մնալ մեր ապագայի խորհրդանիշը:

Երևան քաղաքի պատմության թանգարանը մեր հնամյա ոստանի յուրահատուկ այցեքարտն է, եզակի մշակութային օջախ, որի առաքելությունը ոչ միայն հազարամյակների պատմությունն ու մշակույթը մի տեղ ամբարելը, պահպանելը, հետազոտելը, ցուցադրելն ու սերնդեսերունդ փոխանցելն է, այլև վաղվա երևանցի ձևավորելը, երևանցի, ով կսիրի ու նորովի կարժևորի իր քաղաքը, ում համար այս քաղաքի պահպանումն ու բարեկարգումը կլինեն սեփական արժանապատվությանը հավասար արժեքներ:

Մայրաքաղաքի պատմության թանգարանն իր ցուցադրությամբ, ցուցանմուշների և հրատարակությունների քանակով, պահպանության միջոցներով համապատասխանում է արդի թանգարանագիտության պահանջներին և դարձել է հանրապետության առաջնակարգ թանգարաններից մեկը` մշտապես զգալով Երևանի քաղաքապետի հոգածությունն ու աջակցությունը:

Արմինե Սարգսյան
 Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն,
 պատմական գիտությունների թեկնածու