Հայա և Հալդիի (խալդի) աստվածների պաշտամունքների և անունների առնչությունների մասին

Հայոց Արարատ-Ուրարտու պետության (կամ Արամյան արքայատոհմի ժամանակաշրջանի) դիցարանի գլխավոր աստվածը Հալդին է (Խալդի): Ի տարբերություն հայոց դիցարանի շատ աստվածների Հալդիի մասին կա ավելի շատ տեղեկություն, հայտնաբերված արձանագրությունների և մշակութային այլ արժեքների (որմնանկարներ, բարձրաքանդակներ, զենքեր, զարդեր) շնորհիվ, որոնց վրա գրված է Հալդիի անունը կամ պատկերված է սիրելի աստվածը:

Հալդին շատ հաճախ պատկերվել է գահին նստած, կանգնած առյուծի վրա, կանգնած ցուլի վրա և այլն: Պատկերներում պարզ երևում են գլխարկի կամ թագի վրա պատկերված եղջյուրանման մասերը, որն ինչպես վկայում են աստվածների պատկերներով միջագետքյան (շումերական, աքադական, բաբելական) պատկերները (կնիքադրոշմներ, հնագույն տեքստերին ուղեկցող պատկերներ, ստելլա-հուշասյուներ, բարձրաքանդակներ) աստվածային, տիեզերական նշան է: Աստվածները պատկերվում էին նաև սրածայր գլխարկով, որոնց վրա ևս պատկերվում էին եղջյուրանման մասեր:

Արարատ-Ուրարտուի դիցարանի գլխավոր աստված Հալդին կյանքի, բուսականության, երկրագործության, ռազմի ու շինարարության աստվածն էր: Չնայած Արարատ-Ուրարտուի դիցարանն ունի արևի աստված (Շիվինի), Հալդին նաև արևի աստված էր, քանի որ ուներ այն բոլոր հատկանիշները, որոնք հատուկ են արևի աստծուն (նրա ուղեկիցներն ու խորհրդանիշներն են առյուծը, ցուլը և արծիվը): Նա պատկերվել է նաև իբրև թևավոր աստվածություն, պատկերվել է ճառագայթներով և այլն:

Ճառագայթներով պատկերված Հալդին նաև ռազմի աստված էր, որն առաջնորդում էր զորքը։

Ասորեստանի թագավոր Սարգոն 2-ի (մ.թ.ա. 722-705) արձանագրություններից մեկում վկայություն կա Արդինի-Մուսասիրի Հալդիի տաճարում կատարվող Արարատ–Ուրարտուի Ռուսա 1–ին թագավորի (մոտ. մ.թ.ա. 735-714 թթ.) օծման ծեսի արարողության մասին, երբ Հալդիին բազմաթիվ զոհեր՝ պարարտ եզներ ու ոչխարներ մատուցելուց և քաղաքացիների համար ճոխ խնջույք կազմակերպելուց հետո նրան <Հալդիի՝ նրա աստծո առջև թագադրում են տիրակալության խույրով և տալիս են կրելու թագավորության գայիսոնը, իսկ մարդիկ բացականչում են թագավորի անունը>(1): Հիշենք, որ Միջագետքում՝ Շումերում, Աքադում, Բաբելոնում ևս թագավորները Մայր Երկրի տիրակալ Հայայից էին ստանում գայիսոնը, իբրև իշխանության աստվածային նշան:

Հայա- Էնկին Կենաց ծառի մոտ Լագաշի տեր Գուդեային է տալիս իշխանությունը խորհրդանշող գավազան և օղակ: Այդպես ընդգծվում էր թագավորի իշխանության աստվածային ծագումը:

Հալդիի անունով են սրբագործվել Արարատ-Ուրարտուի կամ Արամյան արքայատոհմի արքաների շինարարական աշխատանքներն ու ռազմական արշավանքները: Արձանագրություններում մշտապես հանդիպում են _Հալդ աստծո զորությամբ|, «Հալդին արշավեց, սեփական զենքին ենթարկեց Խաթե երկիրը,․․․»(2), «Արգիշտե Մենուայորդին ասում է. –Հալդին ինձ պարգևեց թե՛ քաջություն, թե՛ զորություն», «Հանուն Հալդիի այս մեծագործությունները մեկ տարում կատարեցի» և այլ նմանատիպ արտահայտություններ: Արքայի ու ժողովրդի պատկերացմամբ իբրև ռազմի ու հաղթանակի աստված Հալդին էր առաջնորդում իրենց բանակները ու պարգևում հաղթանակ: Այդ մասին Վանի Խորխոռյան տարեգրության մեջ վկայում է Արգիշտի 1-ինը «Հալդեն իմ զորեղ է, Հալդյան զենքն իմ զորեղ է…»(3):

րդինի-Մուսասիրում գտնվող Հալդիի տաճարը կոչվել է նաև <Վահանի տուն>, քանի որ տաճարի ճակատային մասերից և սյուներից կախված են եղել վահաններ, իսկ մուտքի երկու կողմերում տեղադրված են եղել երկու մեծ նիզակներ ու աղոթող դիրքով երկու արձաններ: Նիզակը համարվել է ռազմի աստված Հալդիի խորհրդանիշը: Արշավող բանակի առջևից ընթացել է մարտակառք, որի մեջ եղել է խոշոր նիզակ(4):

Հալդին նաև կյանքի աստվածն էր, որովհետև ամենից հաճախ նրանից էին խնդրում «կյանք, ուրախություն, փառք»: Նա նաև արհեստների, արարելու, ստեղծելու ու երկրագործության հովանավորն էր, որովհետև նրա անունից էին հիմնվում քաղաքներ, տաճարներ, գրվում արձանագրություններ, փորվում ջրանցքներ, գցվում այգիներ և այլն:

Առյուծին կանգնած Հալդին նետ ու աղեղ է տալիս արշավանքի մեկնող ռազմական հագուստով արքային: Պատկերված աստղը / Արուսյակ, Վեներա / վկայում է, որ այդ արշավանքը վայելում էր աստվածների բարեհաճությունը, ոսկե կախազարդ,Վանի շրջան, մ.թ.ա. 8-րդ դար

Ինչպես նկատում ենք, Հալդին հովանավորն էր բազմաթիվ երևույթների, որոնք հաճախ ունեին իրենց աստվածությունները։ Նկատվում է, որ տարբեր աստվածություններ միաձուլվել են Հալդի աստծո պաշտամունքի մեջ, կարծես նրա պաշտամունքը ամբողջացնելու նպատակով: Հալդիի բնութագրի հատկանիշները հիշեցնում են շումեր-աքադական գրավոր աղբյուրներից հայտնի Հայա-Էնկի աստծո բնութագրի հատկանիշները: Այսպես. ըստ շումերական <Էնկին և աշխարհի արարումը> պոեմի Էնկի-Հայան մարդու արարումից հետո ճամփորդում և սովորեցնում է մարդկանց հարմարվել ու ապրել Մայր Երկրում: Նավարկելով Տիգրիս և Եփրատ գետերով Էնկի-Հայան մարդկանց տալիս է գիտելիքներ և բարեկեցիկ ապրելու հնարավորություն՝ տալիս է քաղաքակրթություն՝ տալիս է բրիչ, գութան, սովորեցնում է զբաղվել խեցեգործությամբ, մշակել մետաղներ, կառուցել ջրանցքներ, բնակարաններ ու քաղաքներ…:

Հայտնի է, որ և՝ Հայան, և՝ Հալդին Միջագետքի ու տարածաշրջանի, մասնավորապես Հայկական լեռնաշխարհի ու շրջակա տարածքների հնագույն աստվածներն են ըստ հայտնաբերված հնագույն տեքստերի: Սակայն զարմանալիորեն հետագա ժամանակաշրջանի հայոց դիցարանը չի պահպանել որևէ հիշողություն ո՛չ Հայայի, ո՛չ էլ Հալդիի մասին: Իսկ թե ինչու չի պահպանել, կամ գուցե այլ կերպ է պահպանվել, փորձենք պատասխանել: Նախ անդրադառնանք այդ աստվածների անուններին:

Արարատ- Ուրարտուի դիցարանը համարվում է հայկական դիցարանի կարևոր մասերից մեկը, իսկ այդ դիցարանի գլխավոր աստծո անունը սեպագիր գրավոր աղբյուրներում ընթերցվում է Հալդի, Խալդի, Ալդի, նաև Հայկ, Հաղդի և այլ ձևերով:

Կելիշինի (Ուրմիա լճի հարավարևմտյան մաս) երկլեզվյան արձանագրության «ուրարտական» տարբերակում աստծո անունը վկայվում է Aldi Ալդի, իսկ ասուրական տարբերակում՝ Haldi Խալդի ձևով(5): Աստծո անունը ընթերցվում է նաև Հալդի ձևով (լ-ր հնչյունափոխություն): Սրանք ընդունված տարբերակներն են, սակայն ինչպես միշտ լինում է, ուսումնասիրողները առաջ են քաշում այլ տարբերակներ ևս:

Այսպես. մի շարք գիտնականներ (Կ. Լեման-Հաուպտ, Ն. Մառ, Գ. Մելիքիշվիլի, Բ. Պիոտրովսկի) այն տեսակետն են արտահայտում, որ Խալդի անվան հիմքը կովկասյան hal խալ բառարմատն է, որը «երկինք» իմաստն ունի, ուստի Խալդին երկնքի աստվածն է, di-ն մասնիկ է(6): Գ. Ջահուկյանը Haldie դիցանունը բաժանում է երկու բաղադրիչների Hal-di: Առաջին բաղադրիչը՝ Hal-ը համեմատում է հայերեն հաղ «անգամ» բառի հետ՝ «ժամանակ» իմաստով, իսկ երկրորդ բաղադրիչի մեջ տեսնում է դի- «աստված» բառահիմքը: Եվ Ջահուկյանը առաջարկում է Հալդի անունը կարդալ Հաղ-դի, որը նշանակում է <Ժամանակի աստված> (քանի որ տարիների, ամիսների, օրերի, ժամերի դասակարգումը կատարվում էր տաճարներում աստվածների ու քրմերի կողմից)(7): Ա. Ղարագյոզյանը իբրև Haldie անվան տարբերակ առաջարկում է Ardini տեղանունը(8), որը Haldie-ի պաշտամունքի գլխավոր կենտրոնն էր(9): Հալդին ընթերցվում է նաև Հայկ ձևով (Մ. Գավուքչյան, Ռ. Իշխանյան): Խալդին նույնացվել է նաև Միհրի հետ(10) (Ա. Պետրոսյան):

Վ. Սարգսյանը՝ քննելով (Haldi դիցանունը ենթադրում է, որ (Haldi անվան հիմքում ընկած է հայերեն յաղտ «շատ, առատ, վսեմ, քաջ» իմաստն ունեցող բառը և դիցանունը մեկնաբանելով «հաղթական», Haldie-ին համարում է հաղթության, ռազմի աստված՝ համադրելով նրան Վահագն աստծո հետ(11): Ս. Այվազյանը Haldie անվան -die բաղադրիչը նույնացնում է հայերեն դի- «դիք, աստված» (հ.-ե. < *dhēs) բառարմատի հետ: Իսկ hal բաղադրիչի համար գրում է, որ հաշվի առնելով Haldie-ի արևային բնույթը կարծում ենք, որ այն պետք է ծագի հ.-ե. s(a)u̯H-el- «արև» արմատից(12): Ըստ Ս. Այվազյանի նույն արմատից է ծագում նաև հունական դիցաբանության արևի աստված Helios-ի անունը, որի Hel- բաղադրիչը իր հնչյունական կերպարանքով նման է «ուրարտական» Haldie-ի առաջին բաղադրիչին՝ Hal-ին: Ս. Այվազյանը HalDie դիցանունը տառադարձում է /Hal-Die/ (Հալ-Դի) ձևով, որը նշանակում է «արևի աստված»:

Ա. Ղարագյոզյանը Հալդի դիցանվան հիմքում տեսնում է hal-(տարբերակ` Al-) արմատը՝ բխեցնելով այն հնդեվրոպական ծագում ունեցող հայերեն ալ (ալա) «վառ կարմիր, կրակ, բոց» բառարմատից(13): Ա. Պետրոսյանը Haldie դիցանվան hal- բաղադրիչը կապում է հ.- ե. *wel արմատի հետ(14) և այլն:

Բացի «ուրարտական» տեքստերից Haldie-ն վկայվում է նաև ասուրական արձանագրություններում: Այսպես. Խալդի անունը որպես անձնանուն հանդիպում է MKidin Haldia, D Haldi-e…, MsiliD Haldie ձևերով: Այդ արձանագրությունները ուսումնասիրողները թվագրում են մ.թ.ա. XIII դարով (ըստ իտալացի Մ. Սալվինիի): Համարելով, որ դա «մինչուրարտական» ժամանակաշրջան է, ուսումնասիրողները (Մ. Սալվինի) կարծում են, որ այդ անձնանունները կրողները «ուրարտացիներ» չեն եղել: Սակայն կա նաև կարծիք (Գ. Ֆրայդանկ) որ այդ անձնանունների առկայությունը թույլ է տալիս խոսել ասորեստանցիների և «ուրարտացիների» միջև եղած սերտ փոխհարաբերությունների մասին (Фрайданк Г., Новые данные об отношениях среднеассирийского царства ссеверными и северо-западными странами, Древний Восток, 1976, 2, 88):

Աքեմենյան տեքստերից մեզ է հասել Haldie-ի անվամբ կազմված անձնանուն (Հալդիտայի որդի Արախա)(15): Պարսից արքա Դարեհ I Բեհիսթունյան արձանագրության մեջ գրված է. ․ «Այնժամ, երբ ես գտնվում էի Պարսկաստանում և Մեդիայում, իմ դեմ երկրորդ անգամ ապստամբեց Բաբելոնը: Մի մարդ Արախա անունով՝ արմեն, Խալդիտայի որդին, ապստամբեց Բաբելոնում․․․ Այդ ժամանակ բաբելոնացիները դարձան ապստամբ և անցան այդ Արախայի կողմը: Նա վերցրեց Բաբելոնը և այնտեղ դարձավ արքա» (դա մ.թ.ա. 522 թ. էր): Հետաքրքիր է Արախայի հոր Հալդիտա անունը: Անվան առաջին մասը Հալդի աստծո անունն է, երկրորդ մասի՝ ta բաղադրիչի համար կա տեսակետ, որ այն տալ, տրված, տված իմաստն ունի, այն է Հալդիի տված /հմմ. Աստվածատուր/:

Ինչպես նկատում ենք, ուսումնասիրողները Հալդի անունը մեկնաբանում են Արևի, Հաղթանակի, Ժամանակի, Երկնքի, Ռազմի աստված իմաստներով: Իսկ աստծո անունը ընթերցվում է, ինչպես վերևում նշվեց. Հալդի, Խալդի, Ալդի, Արդի, նաև Հայկ, Հաղդի և այլ ձևերով: Նկատում ենք, որ ինչ-որ խառնաշփոթ կա Արարատ-Ուրարտուի գլխավոր աստված Հալդիի անվան ընթերցման և աստծո անվան մեկնաբանության մեջ: Հատկապես ընթերցվող Խալդ անունն է տարակուսանքի տեղիք տալիս: Ինչու՞ ոչ՛ Արարատ-Ուրարտուից առաջ, ոչ՛ էլ հետո այլևս գրավոր աղբյուրներում (նաև բանավոր խոսքում ) չի գրվում ու չի հնչում Խալդի անունը: Ինչու՞ հետագա ժամանակաշրջանի հայոց դիցաբանությունը չի պահպանել որևէ հիշողություն այդ աստծո մասին: Հիշենք օրինակ, որ և՛ Հուրրի-Միտանիի, և՛ Արարատ-Ուրարտուրի դիցարանում կա Թեշշուբ աստված: Խուրրիական դիցարանում կա արևի աստված, որը հանդես է գալիս Շիմագե (հարավում՝ Շիմիկա, Շիմիդի), Արարատ-Ուրարտուրի դիցարանում՝ Շիվինի, հնդկական դիցարանում՝ Շիվա անուններով: Խաթթիի թագավոր Սուպիլուլիումաս 1-ինի և Միտանիի թագավոր Շատտիվազայի միջև կնքված պայմանագրի տեքստում վկայված են չորս աստվածների անուններ. Միթրա, Վարունա, Ինդրա, Նասատիա:

Ուսումնասիրողները համակարծիք են, որ պայմանագրի տեքստում հիշատակված աստվածների անունները նույնանում են Ռիգվեդայում հիշատակվող Միթրա, Վարունա, Ինդրա, Նասատիա (Աշվիներ) աստվածությունների հետ և այլն: Նկատում ենք, որ հնագույն շատ աստվածների մասին ինչ-որ հետքեր, հիշողություններ, վկայություններ կան հետագա դիցարաններում (հայկական և ոչ հայկական): Իսկ Հալդիի, նաև Հայայի մասին չկա ոչինչ:

Եվ միտք է առաջանում, իսկ գուցե այլ կե՞րպ պետք է ընթերցել Հալդիի անունը, օրինակ Հայ-դի: Այս դեպքում աստծո անունը կունենա Հայ (Հայա) աստված իմաստը (լ-յ հնչյունափոխություն, ինչը հնարավոր է, հայոց բարբառներում հանդիպում են գալիս-կյայիս, տալիս-տայիս… օրինակները): Եթե գործի այդ տարբերակը, ապա շատ հարցեր կպարզաբանվեն: Արարատ-Ուրարտուի դիցարանի գլխավոր աստվածը բնութագրի իր հատկանիշներով, նաև նրան ներկայացնող շատ պատկերներ թեմատիկ իմաստով համապատասխանում են Հայա /Էնկի/ աստծո շատ հատկանիշների ու պատկերների (հաճախ նստած է գահին, կարևոր դիրք ունի մյուս աստվածների մեջ, որոնք երկրպագում են նրան, ունի իշխանության խորհրդանիշներ՝ գավազան, օղակ, նաև կենաց ծառի ներկայություն, արևի թևավոր պատկեր, թագավորների թագադրում, իշխանության խորհրդանիշների հանձնում, կյանքի պարգևում, ջրանցքների, ամրոցների, քաղաքների կառուցում…): Հալդի անվան դի բաղադրիչը (դի-ք), աստված իմաստն ունի(16):

Նշենք նաև, որ Ասորեստանի գլխավոր աստվածը՝ Աշշուրը հաճախ նույնացվել է Էնլիլի (տիեզերքի ու երկրի միջև գտնվող տարածության՝ օդի տիրակալ) հետ: Այդ ժամանակաշրջանում (մ.թ.ա. 1-ն հազարամյակի սկիզբ) Արարատ-Ուրարտուի գլխավոր աստվածը Հալդին էր, որը նույնպես բացարձակ գերիշխանություն ուներ պետության մեջ: Այն, որ Հալդին Հայկական լեռնաշխարհի հնագույն ու հայտնի աստվածն էր, վկայում է հենց ասորեստանյան գրավոր աղբյուրը «…ողջ Ուրարտուում ավելի մեծը չկար քան նա` Երկնքում և Երկրում»(17): Երկնքում և Երկրում նման մեծ աստված էր նաև Հայան (Էնկի): Եթե Աշշուրը նույնացվել է Էնլիլի հետ, ապա Հալդին էլ կարող էր նույնացվել Էնլիլի եղբայր Հայայի (Էն-կի=երկրի տիրակալ) հետ:

Անդրադառնանք Հայա-Էնկի աստծո պաշտամունքին: Հայան (Էնկի) Միջագետքի գրավոր աղբյուրներում վկայված հնագույն աստվածներից է, Տիեզերքի տիրակալ Անի որդին: Անի որդին էր նաև Էնլիլը: Էնկի-Հայան Մայր Երկրի տիրակալն էր, որն ըստ շումեր-աքադական գրավոր աղբյուրների Գլխավոր աստծո գիտությամբ (Արարչ Ար աստված, Ան, Անու) կարևոր դեր է կատարել երկրի վրա մարդու արարման գործում: Ըստ նոր ուսումնասիրությունների (Մ. Գավուքչյան, Ա. Վարպետյան, Ա. Մովսիսյան, Ա. Տերյան…) հայ ժողովրդի հայ անունը կապված է Հայա աստծո անվան հետ:

Նորից անդրադառնանք Միջագետքի հնագույն գրավոր աղբյուրներին: Հայտնաբերված հնագույն գրավոր աղբյուրը, որտեղ վկայվում է հայ /ha-a/ անունը, Էբլայում /այժմ Թելլ-Մարդիխ բնակավայրը, Հալեպից հարավ/ հայտնաբերված Էբրիում թագավորի աքադերենով գրված արձանագրությունն է /մ.թ.ա. 24-րդ դար/(18): Աշշուրից հայտնաբերված սեպագիր տեքստում (մ.թ.ա. III-II հազարամյակ) ևս վկայություն կա Հայի որդու (կամ Հայի բնակչի) մասին: Այդ վկայությունը այսպիսին է. _…այս երկու անոթները նախատեսված (ուր)ամեացիների շուկայի (համար), …հնգօրյա շաբաթում Աշշուր-Էննամի Թաշմետ աստվածության, … Haji (Hayi) որդին (=Haji բնակիչը) պատրաստեց…|: Ուսումնասիրողներից լեզվաբան Վ. Իվանովը Հայի որդի արտահայտությունը նույնացնում է Հայի բնակիչ արտահայտության հետ, որը կարելի է հասկանալ և՝ որպես Հայա աստծո որդի, և՝ որպես Հայ երկրի (Հայքի) բնակիչ: Սեպագիր Ha-a-ն որպես էթնոնիմ և տեղանուն Վ. Իվանովը կապում է հայերի հետ և ընթերցում Haja (Haya): Ինչպես նկատում ենք հայ անունը կապվում է Հայա աստծո անվան հետ: Հայա աստծո անվան հետ է կապվում նաև Հայկ անունը: Հիշենք Խորենացու վկայությունը. «Աստվածներից առաջինները ահեղ էին և երևելի… Սրանցից առաջ եկան հսկաների սերունդը, …: Սրանցից մեկն էր Հապետոսյան Հայկը…:»(19): Այս վկայությունը թույլ է տալիս ասելու, որ հայոց նահապետ Հայկը աստծո որդի էր (այս դեպքում Հայայի որդին):

Այսպիսով մեր ժողովրդի հայ անունը կապ ունի Հայա աստծո անվան հետ, Արարատ-Ուրարտուի դիցարանի գլխավոր աստծո անվան Հայա ընթերցմամբ վերականգնվում է կորցված Հայա աստծո անունը և հայոց պատմության հազարամյակների շղթայի պակասող օղակներից մեկը: Նշենք, որ ինչպես այլ դեպքերում, այս դեպքում ևս օգնության են գալիս հայոց բարբառները: Այսպես. Արցախի բարբառում Հայա աստծո/աստվածուհու անունը պահպանվել է այա ձևով, որը Մեծ մայր, նախամայր իմաստն ունի: Գարդմանի և Արցախի բարբառում կինը ամուսնուն անվանում է մեր հայը, որն այս դեպքում կապ չունի ազգության կամ ցեղի անվան հետ: Իսկ Արարատ–Ուրարտուի դիցարանում /մ.թ.ա. 9–8-րդ դդ/ կա Այա (20) անունով աստվածուհի, սակայն այս աստվածուհին արդեն սովորական աստվածուհի է: Այս ամենից հետո կարելի է ասել, որ չնայած աստծո անունը կորցվել էր (կամ մոռացվել) Հայ-ա աստվածը միշտ կա, միշտ ներկա է հայոց մեջ, որպես հավաքական էթնոսի՝ ցեղի ու ազգի ինքնանվանում. հայ: Հետաքրքիր է նաև այն փաստը, որ միայն մենք՝ հայերս ենք մեզ ՀԱՅ կոչում, ամեն անգամ հնչեցնելով Մայր Երկրի տիրակալ ՀԱՅԱՅԻ անունը:

Անդրադառնանք նաև պատմագրության մեջ գոյություն ունեցող մի իրողության: Մի շարք ուսումնասիրողներ Արարատ-Ուրարտուի բնակիչներին Խալդ աստծո անունով անվանում են խալդեր, (խալդայներ), հիմք ընդունելով հույն պատմիչ Քսենոփոնի վկայությունը (մ.թ.ա. V-IV դդ.), որը Հայկական լեռնաշխարհում հիշատակում է խալդայներ ցեղի մասին(21): Այս անվանումը որոշ ուսումնասիրողներ (Марр Н. Племенной состав населения Кавказа. Классификация народов Кавказа Петроград,1920, Мещанинов, И. 1927: Кönig F. Die Keilinschriften von Patnoths, WZKM. 52, 1955) կապում են Արարատ-Ուրարտուի գլխավոր աստված Խալդիի անվան հետ: Ելնելով դրանից Հ. Աճառյանը «Ուրարտուն» անվանում է Խալդիաստան կամ Խալդիա(22), Չ. Բարնեյը` «Խալդիստան» ( Burney Ch. 1993: The God Haldi and the Urartian State…, 107), իսկ Ի. Մեսչանինովն իր աշխատությունն անվանել է «Халдоведение» (И. Мещанинов, Халдоведение, История древнего Вана, Баку, 1927 б):

Նրանք նաև Արարատ-Ուրարտուի բնակիչների լեզուն անվանում են խալդերեն և այլն(23): Հաճախ նաև սխալմամբ նրանց անվանում են քաղդեացի՝ հարավային Բարելոնում բնակվող սեմական ժողովրդի անունով։ Ինչպես նկատում ենք այս բոլոր կարծիքներն ու տեսակետները կապված են հ-խ հնչյունափոխության հետ (հիշենք, որ հույները չունեն հ հնչյունը):

Իբրև ամփոփում կարելի է ասել, որ Արարատ-Ուրարտուի դիցարանի գլխավոր աստծո անունը՝ Հալդի և բնութագրի շատ հատկանիշներ հուշում են, որ Հալ-դին կարող է լինել Հայ-դի՝ Հայա աստվածը, անվան սխալ ընթերցմամբ: Իսկ հնագույն գրավոր աղբյուրների՝ սեպագիր արձանագրությունների ընթերցման ժամանակ սխալներ հաճախ են պատահում:

Անժելա Տերյան
Երևան քաղաքի պատմության թանգարանի հնագույն և միջնադարյան պատմության բաժնի վարիչ

«Երևան-5» գիտական հոդվածների ժողովածու


  1. Дьяконов И. М., Ассиро-вавилонские источники по истории Урарту, Вестник древней
    истории, 1951, 2 (АВИИУ), 49 (309); Հայ Ժողովրդի Պատմության Քրեստմատիա (ՀԺՊՔ),
    1981, էջ 83
  2. ՀԺՊՔ, էջ 61, 65
  3. ՀԺՊՔ, էջ 59
  4. И. Дьяконов, К вопросу о символе Халди, Древний Восток, 1983, 4, с. 193
  5. Меликишвили Г., Урартские клинообразные надписи (УКН), Москва, 1960, 193
  6. Б. Пиотровский, Ванское царство , 1959, с. 224: Г. Меликишвили, УКН, с. 427
  7. Գ. Ջահուկյան, Ուրարտական արձանագրությունների ներածական բանաձևերի հնարավոր
    հայկական բնույթի մասին, ՊԲՀ, 2000, թիվ 3, էջ 124–129, ծան. 8
  8. Ղարագյոզյան Ա., Հալդե դիցանվան ստուգաբանության հարցի շուրջը, Գիտական հոդվածների
    ժողովածու, Գավառի պետական համալսարան, 13, 2011, էջ 203‒209:
  9. ԱՐ գլխավոր աստծո անունով երկրի հոգևոր կենտրոնը կոչվել է ԱՐ-դի-նի՝ Ար աստծո (քաղաք), նի
    մասնիկը տեղանվանակերտ է: Իսկ Արդինի անունը կապ չունի Հայայի հետ:
  10. Петросян А. 2004: Армянский Мхер, западный Митра и урартский Халди. Հայկական
    «Սասնա ծռեր» էպոսը և համաշխարհային էպիկական ժառանգությունը, Երևան, 42-60:
  11. Սարգսյան Վ., Ուրարտական քաղաքակրթությունը և բասկերի նախահայրենիքի հարցը, Երևան,
    1998, 52‒63:
  12. Այվազյան Ս., Ուրարտական դիցանունների ստուգաբանություններ, Բանբեր
    Հայագիտության, հանդես, 2017 N 1 (13):
  13. Ղարագյոզյան Ա., 2011, 203‒8:
  14. Պետրոսյան Ա., Ուրարտական գլխավոր աստվածների եռյակը և պետության իշխող
    վերնախավի ծագման խնդիրը, ՊԲՀ, 2,2002, 243-270:
  15. Струве В. В., Новые данные истории Армении, засвидетельствованные Бехистунской надписью, Известия Академии Наук Армянскй ССР, 1946, 8, 31-338. Հմայակյան Ս., Վանի թագավորության պետական կրոնը, Երևան, 1990, էջ 38:
  16. Հ. Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. I, էջ 672: Գ. Բ. Ջահուկյան. Հայոց լեզվի պատմություն, Նախագրային ժամանակաշրջան, Երևան, 1987, էջ 443: Ջահուկյանը նաև նշում է, որ դիք անվանումը քրիստոնեության մուտքից հետո ստանում է հեթանոսական աստծո իմաստ, ի հակադրություն աստված բառի:
  17. Գրեկյան Ե., Միաստվածության ակունքներում (Աշշուր և Խալդի աստվածների պաշտամունքից մինչև Քրիստոս), «Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգությունը», միջազգային գիտաժողովի նյութեր, 2012թ. հունիսի 24-հուլիսի 1, Երևան-Ստեփանակերտ։
  18. В. Иванов, Выделение разных хронологических слоев в древнеармянском и проблема первоначальной структуры текста гимну Ва/х/агнну, Պատմա Բանասիրական հանդես, 1983, թիվ 4, էջ 31:
  19. Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, 1981, էջ 39:
  20. ՀԺՊՔ, 1981, էջ 46-47:
  21. Քսենոփոն, Անաբասիս, Երևան, 1970, էջ 284:
  22. Աճառյան Հ., Հայոց պատմություն՝ հյուսված ընդհանուր պատմության հետ: Երևան, ԵՊՀ հրատ., 2004, Էջ 28:
  23. Լ. Բաբայան, «Խալդեր» անունը, Ազգագրություն, 1897 (2), էջ 300-306; (K. F. Lehman-Haupt, Zeitachrift fur Fhtnologie, 1936):