Բացվել Է Էդուարդ Տեր-Ղազարյանի մանրադիտակային քանդակների ցուցահանդեսը
Երևանի 2800-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Երևան քաղաքի պատմության թանգարանում հոկտեմբերի 9-ին բացվել է Էդուարդ Տեր-Ղազարյանի աշխատանքների ցուցահանդեսը:
Ցուցադրված են վարպետի մանրադիտակային քանդակներն ու փորագրությունները:
Էդուարդ Տեր-Ղազարյանը ծնվել է 1923թ, հունիսի 20-ին Երևանում: Ստացել է բարձրագույն երաժշտական կրթություն, երկար տարիներ եղել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերտմայստերը:
Միկրոքանդակագործությամբ սկսել է զբաղվել 1939 թվականից: Անզեն աչքով անտեսանելի իր առաջին աշխատանքները Երևանում ցուցադրել է 1947-ին:
Լինելով ջութակի հանրահայտ վարպետ-նորարար, տաղանդավոր երաժիշտ, քանդակագործ, անգերազանցելի ծաղրանկարիչ և գյուտարար՝ նա զարմացրել է ամբողջ աշխարհին իր եզակի գործերով:
Էդուարդ Տեր-Ղազարյանը ստեղծել է 1000-ից ավելի միկրոքանդակ: Նրա խոշորագույն նվաճումը միկրոքանդակագործության նոր ուղղության՝ շարժական միկրոաշխատանքների ստեղծումն էր: Անզեն աչքով անտեսանելի միկրոմարմինները շարժվում են՝ կատարելով ոչ սինխրոն շարժումներ: Այդ աշխատանքները մինչ օրս մնում են չգերազանցված, չնայած առաջին շարժական միկրոքանդակների ցուցադրումից ավելի քան 30 տարի է անցել:
Երևան քաղաքի պատմության թանգարան