Երևանի քաղաքաշինությունը ներկայացնող հետաքրքիր փաստաթղթերից է Բորիս Մեհրաբյանի կազմած 1906 -1911թթ հատակագիծը, որը դարձավ քաղաքի կենտրոնի կառուցման հիմք և կարևոր ուղեցույց ճարտարապետ Ալ. Թամանյանի համար 1924թ. Երևանի հեռանկարային առաջին հատակագիծը կազմելիս:
Ճարտարապետի ստորագրությամբ քաղաքի հատակագիծը, որպես բացառիկ ցուցանմուշ, իր ուրույն տեղն է գրավում թանգարանի ցուցադրության մեջ:
Ալ. Թամանյանի կողքին իրենց պատվավոր տեղն են զբաղեցնում Երևանի ճարտարապետական զարգացումն ապահոված, բազմաթիվ վարչական, տնտեսական, մշակութային կարևորագույն հաստատությունների հեղինակ ճարտարապետները:
Զուգահեռ ներկայացված են Երևանի լուսավորության, ջրամատակարարման, տրանսպորտին, առողջապահությանը, տնտեսությանը, արդյունաբերությանը, մշակույթին, կրթությանը, մամուլին, սպորտին վերաբերող վավերագրեր: Մեծ արժեք են ներկայացնում հայ գեղանկարիչներ Մ. Սարյանի, Գ. Բաշինջաղյանի, Գ. Գյուրջյանի, Փ. Թերլեմեզյանի` Երևանը պատկերող կտավները, քանդակագործ Խաչատուր Իսկանդարյանի` Երևանյան հայտնի տեսարաններով քանդակները, Հ. Բեկնազարյանի «Հայֆիլմ» կինոստուդիային պատկանող տեսախցիկը, որով նկարահանվել է հայկական առաջին հնչյունային ֆիլմը՝ «Պեպոն»:
Ցուցադրության մեջ հանգամանորեն ներկայացված է Երևանի տնտեսությունը` կոնյակագործությունը, լիմոնադի, հանքային ջրերի և պահածոների արտադրությունը, որի վառ վկայությունը միջազգային մրցույթներում ստացած բազմաթիվ դիպլոմները, մրցանակներն ու մեդալներն են:
Երևանն ակտիվ քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական կապերի մեջ է աշխարհի բազմաթիվ քաղաքների հետ, ինչն ամրագրված է սրահում ներկայացված Երևանի քույր և գործընկեր քաղաքներին վերաբերող ցուցանմուշներում:
Երևանի պատվավոր քաղաքացիներին վերաբերող նյութերը ևս ներկայացված են այս սրահում:
Թանգարանի ցուցադրությունը ամբողջացնում են Երևանի խորհրդանիշները` դրոշը, զինանշանը և օրհներգը, որոնք 2004-ին ի պահ են տրվել Երևան քաղաքի պատմության թանգարանին, ինչպես նաև այստեղ է պահպանվում և ցուցադրվում Երևանի քաղաքապետի լանջաշղթան:
Այսօր թանգարանն ունի շուրջ 90000 ցուցանմուշ, որոնց մի մասը ներկայացվում է ցուցադրությունում, մյուս մասը պահոցներում է: