Երկու նախագծի շնորհանդես՝ Երևան քաղաքի պատմության թանգարանում

Երևան քաղաքի պատմության թանգարանում տեղի են ունեցել երկու նախագծի՝ «Երևանը քո գրպանում» գիրք-ուղեցույցի և «Կենդանի նկար» ծրագրի ներկայացման շնորհանդեսները:

«Yerevan in your pocket» («Երևանը քո գրպանում») անգլերեն այս ուղեցույցը տպագրել է Երևանի քաղաքապետարանը՝ 2019 թվականին:

Գաղափարի հիմքում զբոսաշրջիկներիին Երևանի զբոսաշրջային վայրերի և առանձնահատկությունների մասին ամբողջական տեղեկատվություն տրամադրելն է:

Այս գիրքն իր տեսակով յուրօրինակ է և Երևանի մասին զբոսաշրջային հագեցած տեղեկություններ է տալիս. մայրաքաղաքի պատմամշակութային հուշարձանների, եկեղեցիների, կամուրջների, մշակությաին կենտրոնների, ժամանցի և զվարճանքի վայրերի, միջազգային կազմակերպությունների, տեսարժան վայրերի, ռեստորանների, սրճարանների, ինչպես նաև բոլոր այն վայրերի մասին, որոնցով օտարերկրացին կարող է ծանոթանալ մեր ազգային առանձնահատկություններին:

Սա նաև ճանապարհային ուղեցույց է, որտեղ ներկայացված են քարտեզներ, հասցեներ, հեռախոսահամարներ, կայքեր, էլեկտրոնային փոստի հասցեներ, աշխատանքային ժամեր և այլն: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանի խոսքերով՝ գիրքը ներկայացվել է աշխարհի շատ երկրներում: Այն վաճառքի ենթակա չէ, տրամադրվում է միայն Հայաստան այցելած զբոսաշրջիկներին, զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններին, իսկ առաջիկա տարիներին կտպագրվի գրքի համարժեքը՝ այլ լեզուներով:

Երկրորդ շնորհանդեսը «Կենդանի նկար» նախագիծն էր՝ նորարարական մտահղացումներով: Նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ գեղանկարչական աշխատանքի անիմացիոն վերարտադրման ծրագրով ներկայացվել է Երևան քաղաքի պատմության թանգարանում պահպանվող, գեղանկարիչ Վահան Խորենյանի հայտնի՝ «Երևանի շինարարները» կտավը:

Կտավում պատկերված միջավայրի և կերպարների կենդանացմամբ անիմացիոն ցուցադրությունը ներկայացվել է հայերենով, հաջորդիվ կլինեն նաև անգլերեն և ռուսերեն տարբերակները:

«Կենդանի նկար» ծրագրի անիմացիոն ցուցադրմանը ներկա է գտնվել հեղինակ-գեղանկարչի որդին՝ Սուրեն Խորենյանը, ով իր խոսքում նշել է, որ հայրը՝ Վահան Խորենյանը, մշտապես եղել է տեխնիկական նորարարության կողմնակից:

Գեղանկարչի որդին վստահեցրել է, որ եթե հնարավոր լիներ տեխնիկական այս նորարարությունները կիրառել կտավի ստեղծման ժամանակ, ապա նա միայն կողջուներ:
«Կենդանի նկար» ծրագիրը Երևանի պատմության թանգարանում կգործի մինչև տարեվերջ:

yerevan.am
www.yhm.am

Լուսանկարներ