Երևանը Նանսենի աչքերով

Հայոց նորագույն մայրաքաղաք Երևանի մասին հսկայածավալ գրականություն է ստեղծվել՝ ամենատարբեր բնույթի ու ժանրի՝ գիտական, պատմական, հրապարակախոսական, գեղարվեստական՝ արձակ և չափածո, արվեստի գործեր՝ գեղանկարչություն, քանդակագործություն: Վերջին տասնամյակներին Երևանի ամեն մի անկյունը անմահացրել ու պատմությանը պահ է տվել նաև տեխնիկայի ամենատես աչքը՝ հեռուստախցիկը:

Երևանն ավելին է, քան քաղաքը, Երևանը ճակատագիր է…
Ինչու՞ է այդպես, ինչի՞ց է քաղաքը դառնում ավելին, քան քաղաքը, և ինչո՞ւ է քաղաքը դառնում ճակատագիր:
Ի՞նչ է քաղաքը՝ շենքեր, փողոցներ, մայթեր, հուշարձաններ, այգիներ, շատրվաններ… ու մարդիկ: Այս վերջիններն են քաղաքը բնակավայրից վերածում ավելիի: Քաղաքը զգացող, քաղաքի հրաշքը ոչ թե ոտքի ներբաններով, այլ հոգու զգայարաններով վերապրող մարդիկ, ովքեր քաղաքը դարձնում են ճակատագիր: Նրանք են քաղաքի ճակատագիրը…
Քաղաքը նաև այն ոտնահետքերն են, որ թողնում են ամենատարբեր ժամանակներում քաղաք այցելած ամենատարբեր մարդիկ՝ աշխարհի մեծերի փաղանգից: Քաղաքի փողոցներին, մայթերին, այգիներում ու շենքերում թողած նրանց ոտնահետքերը երբեք չեն ջնջվում ու քաղաքը սովորական բնակավայրից վերածում են սրբազան մի վայրի:

Երբ ասում ենք՝ այստեղ եղել է կամ այստեղով անցել է այսինչ մեծը, դրանով ոչ միայն ոգեղենություն ենք հաղորդում այդ վայրին կամ զգում նրանց անտեսանելի ներկայությունը, այլ առաջին հերթին ֆիզիկական շոշափելիության պես մոտ զգում ենք հավերժական ժամանակի զարկերակը այստեղ, այս հողում, մեր նախասկզբնական բնօրրանում՝ Նոյի, Քսենոֆոնի ժամանակներից մինչև մեր օրերը՝ այդպիսով դառնալով հավերժի մի փոքրիկ մասնիկը, այդպիսով քաղաքը վերածելով սրբավայրի…

Շատ են Երևան այցելած մեծերը: Մենք կխոսենք ամենամեծերից միայն մեկի՝ նորվեգացի մեծ մարդասեր, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի՝ Երևան կատարած այցելության, Նանսենի երևանյան ոտնահետքերի մասին…

Հայաստանը չափազանց փոքր է քարտեզի վրա, և գալ Հայաստան, գրեթե միշտ նշանակում է գալ նաև Երևան: Հակառակը թերևս կարող է պատահել՝ գալ Երևան և չտեսնել Հայաստանի այլ վայրեր: Ֆրիտյոֆ Նանսենի կատարած միակ և հիշարժան այցը Հայաստան նշանավորվեց ինչպես փոքրիկ Հայաստանի հյուսիսային շրջաններ, այնպես էլ մայրաքաղաք Երևան կատարած այցելությամբ:

Ֆ. Նանսենը հանձնախմբով Հայաստան եկավ 1925 թվականի հունիսի 17- ից հուլիսի 2-ը: Նրան ուղեկցում էին հիդրոտեխնիկական կառույցների անգլիացի ինժեներ Չ. Դափյուսը, երկրագործության ֆրանսիացի մասնագետ Ժ. Կարլը, իտալացի ինժեներ Պ. Լո Սավիոն: Հանձնախմբի քարտուղարն ու պատասխանատուն նորվեգացի կապիտան Վ. Քվիսլինգն էր: Բաթումիից նրանց միացավ նաև ռուս լրագրող, հրապարակախոս Ն. Վերժբիցկին:

Ազգերի լիգան տարբեր երկրներում հայ գաղթականներին օգնելու ծրագրի շրջանակներում Նանսենին հանձնարարեց գալ Հայաստան՝ 50 հազար փախստականների այստեղ տեղավորելու հնարավորությունը պարզելու նպատակով: Փորձագետների խումբը տեղում պետք է ուսումնասիրեր «այսպես կոչված Սարդարապատի անապատում արհեստական ոռոգման հնարավորությունները»(1)՝ Ազգերի լիգայից միջոցներ տրամադրելու և հետագա աշխատանքները սկսելու պայմանով: Հայաստան այցելության մասին տպավորությունները Նանսենը գրեց իր «Խաբված ժողովուրդ» գրքում, որն առաջին անգամ լույս տեսավ 1927 թ. Նորվեգիայում: Նանսենի հայաստանյան այցի մասին «Ֆրիտյոֆ Նանսենի հետ Հայաստանում» վերնագրով ճանապարհորդական էսսե է գրել նաև Ն. Վերժբիցկին:

«Խաբված ժողովուրդ» գրքում տեղ գտած գիտական, տեղեկատվական պաշարի խտությունից համոզվում ենք, որ մինչ Հայաստան գալը Նանսենը խորությամբ ուսումնասիրել է Հայաստանի պատմությունը, աշխարհագրությունը, մշակույթը, բնական պաշարները, բնակչության կազմին վերաբերող ձեռքի տակ եղած գրականությունը և մամուլը՝ նորվեգերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն լեզուներով:

Ֆ. Նանսենին Երևան բերող գնացքը Թիֆլիսից շարժվեց 1925 թ. հունիսի 16-ին: Հայաստանի կառավարության կողմից Նանսենին Լենինականում դիմավորեց գյուղատնտեսության ժողկոմ Արամայիս Երզնկյանը, որի մասին մեծ նորվեգացին շատ ջերմ տողեր է գրել իր հայտնի գրքում. «Նա բարձրահասակ, վայելչատես, նրբակազմ անձնավորություն էր, տիպիկ հայ՝ ցայտուն խելացի դիմագծերով, մեկը՝ գեղատես Աբրահամ Լինքոլնի և հրապուրիչ Մեֆիստոֆելի միջև»(2):

Երևան գալու ճանապարհին Նանսենը արևմուտքում՝ Արփաչայի այն ափին տեսավ հայոց հինավուրց մայրաքաղաք Անիի ավերակները, ու գրեց. «Դա Անին է, «հազար եկեղեցիներ ունեցող քաղաքը», Հայաստանի 10-11-րդ դդ. հիասքանչ մայրաքաղաքը, միջնադարյան Հայաստանի պատմության ծաղկուն ժամանակաշրջանում հայոց Բագրատունի թագավորների նստավայրը»(3): Նանսենը մի քանի էջի մեջ պատմում է հայոց միջնադարյան մայրաքաղաքի պատմությունը՝ դրսևորելով մեծ պատմաբանի և հայագետի խորիմացություն և քաջատեղակություն: Նկարագրում է Լենինականից Երևան ընկած ճանապարհի անջրդի հողերը, բուսականությունից զուրկ տարածքները, որոնք ձգվում էին երկաթգծի աջ ու ձախ կողմերում:

Ֆ. Նանսենի գրականությանը քիչ թե շատ ծանոթ յուրաքանչյուր ոք կվկայի, որ նա վիթխարի բնապատկերների գեղագետ ու նկարիչ է՝ միաժամանակ խոսքի և վրձնի միջոցով: Նա մի հայացքով տեսնում ու նկարագրում է իր առջև փռված մեծ տարածությւունների, հսկայական լեռնազանգվածների, ջրային անսահմանության համայնապատկերը: Մեծից, խոշորից, վիթխարիից, ընդհանուրից դեպի մասնավորը, կոնկրետը՝ այսպես է աշխատում նրա տեսողության բնական օբյեկտիվը ամենատես աչքը: Այդ նույն «տեխնիկական սահանցով» նա ներկայացնում է նաև Երևանի և նրա շրջակայքի համայնապատկերը՝ ինչպես ամեն մի վայրի նկարագրություն՝ այն սկսելով տեղանքից:

Անցնելով Շիրակի բարձրաբերձ լեռնաշղթաներից, հարավ-արևելքում մոտենալով Սևանա կամ, ինչպես ինքն է անվանում, Գյոկչա մեծ լճին, նա թեքվում է դեպի հարավ: Այդտեղից տարածվում է մի լեռնաշխարհ, որտեղ առատ տեղումներ են, բերրի հովիտներ, անտառածածկ լեռներ, հյութեղ արոտավայրեր: «Այդ լեռնաշխարհի մի մասը կոչվում է Ղարաբաղ՝ բերրի հովիտներով, ալպյան մարգագետինններով»(4), իսկ այդ նույն երկրի հարավարևմտյան մասը կազմում է Արազի հովտի ընդարձակ հարթությունը: «Այս հարթության արևելյան եզրին գտնվում է Երևանը: Ինքնատիպ բնաշխարհ, կատարյալ տարբեր այն բանից, ինչը մենք՝ հյուսիսցիներս, ընկալում ենք որպես բնության գեղեցկություն: Մեր հասկացողությունները պայմանավորված են նախ և առաջ մեր լեռներով, հովիտներով, խութածոցերով, անտառներով ու լճերով: Այստեղ գործել են այլ աշխարհի հսկաներ: Այստեղ ծավալները, վեր խոյացած զանգվածներն ու իջվածքները ունեն չափման բոլորովին այլ համակարգ»(5),- գրում է մեծ բնագետը:

Շարունակելով տեղանքի նկարագրությունը՝ նա գրում է. «Երևանի արևելյան և հյուսիսարևելյան կողմում փռված հարթավայրը եզերված է բարձր լեռնազանգվածներով, որոնք սկսվելով Արազի ափերից, Արարատից արևելք՝ աղեղնաձև ձգվում են դեպի հյուսիս և հյուսիս-արևմուտք: Երևանի և Սևանա լճի միջև ընկած տարածքում լեռները բարձրանում են՝ կազմելով Ախմանջան բարձր սարահարթը՝ մինչև 3600 մետր (Աղդաղ) բարձրության մի շարք գագաթներով, որոնք Երևանից հյուսիս-արևելք իջնում են դեպի Զանգու գետը, որ գալիս է Սևանա լճից, ավելի քան 2000 մետր բարձրությունից»(6):

Ամբողջ ճանապարհին գնացքից դիտելով և ուսումնասիրելով շրջակայքի համայնապատկերը՝ Նանսենը հիանում է դրա վիթխարիությամբ ու գեղեցկությամբ. «Մոտենում ենք Երևանին: Երկաթգծի երկու կողմերում նույն չոր անապատն է, որ անշուշտ կարելի է մշակել, եթե ջուր հասցվի այստեղ: Իսկ հյուսիսարևելյան կողմում հովտին նայող լեռնալանջերը ծածկված են տերևախիտ ծառերով, դրանք Երևանի հայտնի խաղողի և պտղատու այգիներն են»(7),-գրում է Նանսենը:

Այսպիսին էր 20-ական թթ. Երևանի համայնապատկերի մասին Նանսենի առաջին տպավորությունը դեռևս գնացքից:
Ցերեկվա ժամը մեկին Նանսենն իջավ կայարան, որն ինչպես ընդունված է ամենուր, գտնվում էր քաղաքից դուրս: Երևանի կայարանում նրան դիմավորեց կառավարության ներկայացուցիչների խումբը, որոնց մեջ կնամեծար Ֆ. Նանսենը նկատեց ու առանձնացրեց օրիորդ Ֆլորա Մարդանյանին. «Հրաշալի մի կին, որ Հայաստանում մեծ նվիրվածությամբ աշխատում էր փախստականների հետ»,-գրում է Նանսենը(8):

Նանսենին մեքենայով հասցնում են քաղաք. նրա առաջին տպավորությունը 20-ական թթ. Երևան քաղաքի մասին այսպիսին էր. «Երևանը իր ցածր, խղճուկ տներով մեծ քաղաքի տպավորություն չէր թողնում: Սակայն այն վայելչորեն տարածվում էր Զանգու գետի խոր կիրճին հարող հարթավայրում, որ հյուսիսում եզերված էր զառիթափ ժայռերով: Մեր հյուրանոցը գտնվում էր քաղաքի զբոսայգու մոտ: Ամեն մեկս ստացանք մի ընդարձակ սենյակ: Սաստիկ շոգին ցնցուղով լողանալու հնարավորությունը ողջունեցինք կրկնակի շնորհակալությամբ»(9):

Կեսօրին հանձնախումբը այցելեց Հայաստանի կառավարություն: Եվրոպայից ժամանած բարձրակարգ մասնագետները և Նանսենը սկսեցին իրենց գործնական շփումները երևանցի մասնագետների, պաշտոնյաների հետ. «Բարեմաղթանքներից հետո անմիջապես հաստատվեց աշխատանքային ծրագիր, և պայմանավորվեցինք նույն օրը, ճաշից հետո, ժամը վեցին հանդիպել մեծ հանձնախմբին, որ կազմվել էր կառավարության կողմից՝ մեզ հետ աշխատելու համար»,- գրում, է Նանսենը(10):

Նանսենի «Խաբված ժողովուրդ» գրքում շատ տողեր ու հատվածներ կան նաև հասարակ երևանցիների հետ հանդիպումների մասին: Մեկ անգամ չէ, որ Նանսենը անդրադառնում է հայ մարդկանց արտաքին գրավչությանն ու գեղեցկությանը: Նրան հանդիպած հայ մարդկանց մեծ մասը՝ չնայած աղքատությանն ու կարիքին, գեղեցիկ էին ու հմայիչ: Նույն էջի մեջ երկու տեղ նա նկարագրում է իրեն գրաված հայ կանանց գեղեցկությանը, որի հանդեպ, պարզվում է, նա ամենևին էլ անտարբեր չէր: Ֆլորա Մարդանյանից հետո երևանյան փողոցի եռուզեռի մեջ նա նկատում է մի սովորական հայուհու. «Փողոցում հանդիպեցինք գեղեցկադեմ շատ մարդկանց, հատկապես մի դեռատի, կայտառ աղջկա, որ իսկական գեղեցկուհի էր»,- գրում է նա (11):

Մեկ այլ տեղ, նկարագրելով ռեստորան հաճախող հասարակությանը, Նանսենը գրում է. «Այստեղ հաճախում էին երկու սեռն էլ, սակայն տղամարդիկ մեծամասնություն էին կազմում: Հագնված էին մաքուր ու լավ, ինչպես եվրոպական գործարանային քաղաքների միջին խավը: Կանայք նրբագեղ էին, սակայն հասարակ հագնված»(12):

Նանսենը նկատում է, որ ցերեկը քաղաքի փողոցներում անցուդարձ անող բազմության մեծ մասը տղամարդիկ էին: Երևանաբնակ հայ կանայք զբաղված էին առտնին գործերով: Նրբանկատ եվրոպացու աչքից չի վրիպում ոչ մի մանրուք՝ երևանցիների հագուստը՝ իր բոլոր մանրամասներով, վարքուբարքը, խոսքը. «Գրեթե բոլորի հագին կային շագանակագույն, մոխրագույն կամ սպիտակ խորհրդային վերնաշապիկներ՝ գոտիով, իսկ գլխներին՝ փափուկ, զուսպ, բոլշևիկյան գլխարկներ»(13):

Նանսենը նկատում է նաև 20-ական թթ. Երևանի կոլորիտը կազմող գաղթական, թափառաշրջիկ երեխաներին, հատկապես տղաներին: Ահա այդ հատվածներից մեկը. «Կիզիչ արևի տակ քայլում էինք քաղաքի կենտրոնական փողոցով: Մայթերը լիքն էին աշխույժ անցուդարձ անող հետիոտներով, և մենք շարունակ հայտնվում էինք բազմության մեջ, որի մեծ մասը մուրացիկ պատանիներ էին:

Նրանք ցնցոտիներով էին, սակայն լավ սնված և ոչ թշվառ տեսքով»: Մեկ այլ հատվածում այդ երեխաների մասին Նանսենը գրում է. «Դրանք հիմնականում Երևանում ապրող գաղթական որբ ու անտուն երեխաներ էին, «որոնց տանում էին մանկատուն, բայց նրանք այնտեղ երկար չէին մնում՝ փախչում էին՝ իրենց հետ տանելով մի քանիսին ևս»(14): Քանի դեռ ամառ էր, նրանք ապրում էին, ինչպես Աստված՝ Ֆրանսիայում, ձմռանը նրանց գործերը վատանում էին…- նկատում է Նանսենը:

Որքան էլ որ փոքրիկ, խղճուկ ու անշուք էր այն օրերի Երևանը, Նանսենը, այնուամենայնիվ, Երևանը չի համարում արևելյան հետամնաց քաղաք. «Փողոցային կյանքը հեռու էր արևելյան քաղաքի գունագեղությունից ու եռուզեռից: Շատերը բավականին լավ էին հագնված, չէր զգացվում, որ մարդիկ շատ մեծ կարիքի մեջ են»(15):

Միայն մի տեղ, այն էլ ուղտերի ներկայությունն է Նանսենին հիշեցնում արևելյան քաղաքի պատկեր. «Հյուրանոցի առջևի ընդարձակ հրապարակի աջ կողմում ուրվագծվում էին անորոշ, տարօրինակ կերպարանքներ: Մանրամասների մեջ խորանալով՝ թվում էր, թե մի ամբողջ քարավան էր դա՝ փողոցում լուռ անշարժացած ուղտեր՝ ճակատագրին ենթակա, հարցական բարձրացրած գլուխներով: Արևելյան հնազանդության տիպիկ օրինակ»(16),-գրում է Նանսենը:

Հարավից եկող 20 ուղտերից կազմված մի քարավան էլ նա տեսնում է Զանգվի ափին, երբ միայնակ շրջում էր այս վայրերում: «Եվրոպան իր աղմկոտ շարժիչներով մեր դարը ինչքան է հեռացրել մեզ անապատային այս լռակյաց կենդանիներից, որ ծուռ պարանոցներով ու անսահման թախծոտ ժպիտով քայլում են մեղմ ու անձայն, երկար շարքերով»(17):

Հետաքրքիր է Նանսենի նկարագրությունը Երևանի դիրքի, նրա արտաքին տեսքի, բուսականության ու բնական գեղեցկությունների մասին: Դրանք օտար մարդու աչքերով Երևանի մասին երբևէ գրված ամենահետաքրքիր ու անջնջելի տպավորություններն են: Նա Երևանը համարում է այգեշատ քաղաք: Նանսենին հատկապես դուր էին եկել Երևանի փողոցների կանաչապատ հատվածները, փարթամ բուսականութունը՝ ծառերը, ծաղիկները, քաղաքը շրջապատող այգիները: «Փողոցների երկու կողմերում փոքր ծառերի շարքեր էին,- գրում է Նանսենը:- Տները մեծ մասամբ ցածր էին, շատերը՝ միհարկանի, մի քանիսը միայն ունեին երկրորդ հարկ: Բոլոր տներն ունեին հարթ տանիք: Դրանց մեծ մասը շրջապատված էր պտղատու այգիներով, որոնք ոռոգվում էին ջրանցքից հանված առուներով: Չէ՞ որ Երևանը հայտնի է որպես այգեշատ քաղաք: Այգիները շրջապատված էին քարե բարձր պարիսպներով, փողոցից ոչինչ չէր երևում, եթե նոր բացված դարպասից մի հայացք չձգեիր ներս: Հասարակական շենքերից քչերն էին շրջապատված պարսպով»(18):

Նանսենի հայացքը նկատում է նաև գետինը, ինչի վրայով քայլում ու անցնում էր Երևանը. «Մայթերը ծածկված էին մեծ, հարթ սալաքարերով, իսկ փողոցներն ունեին կոպիտ, անմշակ քարե սալահատակ»(19):

20-ական թթ. Երևանի կենտրոնական փողոցներում անցուդարձ անող «տրանսպորտի» մասին Նանսենի տպավորությունը հիացական չէ. «Հազվադեպ էր երթևեկում մի լծված կառք, ժամանակ առ ժամանակ վարգում էր ծանր բեռնավորված մի ավանակ, ավելի հաճախ երևում էին բարձր բարձած սայլեր՝ եզներով լծված: Փողոցներով երբեմն անցնում էր նաև ավտոմեքենա՝ պաշտոնատար որևէ անձնավորութուն մեջը»(20):

Նանսենի խորաթափանց և ուշադիր աչքից չէր վրիպում ոչ մի անկյուն ու շինություն: Երևանի նորաբաց համալսարանը, որն այսօր կոչում ենք համալսարանի «սև շենք», այն ժամանակվա Երևանի ամենափառահեղ կառույցներից մեկն էր. «Կենտրոնական փողոցի վերջում, մի գեղեցիկ այգու մեջ, գտնվում էր համալսարանը, իսկ դրանից քիչ վեր մի այլ մեծ այգու մեջ՝ հիվանդանոցը,-գրում է Նանսենը:- Այստեղ հանկարծակի վերջանում են քաղաքն ու այգիները, իսկ ճանապարհը մերկ ժայռերի միջով մեծ դժվարությամբ բարձրանում է դեպի քաղաքից հյուսիս, Զանգու գետի խոր կիրճի արևելյան կողմում գտնվող լեռները: Այս ճանապարհը տանում է մինչև Թիֆլիս»(21):

Նանսենը նկատում է, որ այն ժամանակվա Երևանը իսկապես գտնվում էր այգիների մեջ, ասես այն մի մեծ այգի էր, որտեղ ամեն ինչ սկիզբ էր առնում և ավարտվում ծառերով ու ծաղիկներով: Պատկերավոր կերպով Նանսենը Երևանը համարում է «հրաբխային քարքարոտ հողից ծնված կախարդական հրաշք»: «Կենտրոնական փողոցը սկիզբ էր առնում քաղաքի զբոսայգուց, որն ունի բարձր, սաղարթախիտ ծառեր, արահետներ ու թեյի մի տաղավար, որտեղից երեկոները երաժշտություն է հնչում»,-գրում է Նանսենը: Երևան քաղաքի ճարտարապետական կառույցների, կանաչապատ տարածքների ու տների ֆոնի վրա Նանսենը նկատում է նաև խորհրդային անաստված ժամանակների հետքերն իրենց վրա կրող եկեղեցիների ան մ¬խիթար տեսքը՝ գմբեթի խաչի փոխարեն կարմիր աստղով, որը Նանսենը, մեղմ ասած, ներդաշնակ չի համարում երկնքի կապույտ ֆոնին. «Զբոսայգու մյուս կողմում ռուսական մի մեծ եկեղեցի էր՝ ընդարձակ հրապարակով: Եկեղեցին, անշուշտ, կառուցվել է նախկինում քաղաքում տեղակայված ռուսական կայազորի համար: Տեղացիներից քչերն են հաճախել եկեղեցի, որովհետև երևանցիները, ինչպես և ամբողջ հայ ժողովուրդը, ամուր կառչած են իրենց հայկական լուսավորչական եկեղեցուն: Այժմ գմբեթին ոսկե խաչի փոխարեն շողշողում է խորհրդային մի մեծ կարմիր աստղ: Կարմիր գույնն այնքան էլ ներդաշնակ չէ երկնքի կապույտ ֆոնին»(22):

Մինչ Հայաստան գալը Նանսենը խորությամբ ուսումնասիրել էր նաև Հայաստանի բնակչության կազմին վերաբերող տվյալները. «Երևանը, լինելով Հայկական Հանրապետության մայրաքաղաքը, բազմաթիվ փախստականներ ընդունեց և արագ գերբնակեցվեց: Նախկինում այստեղ հաշվվում էր 30 000 բնակիչ, ըստ Հենրի Լինչի(23)՝ 1898 թ. նույնիսկ՝ 15000, այժմ արդեն՝ 60-70 000: Մի կողմից շատ տներ ավերվել են, ու նորերը չեն կառուցվել, իսկ մյուս կողմից՝ շատ բնակարաններ բռնագրավվել են իշխանությունների կողմից»(24): Նանսենի խոսքը 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից մազապուրծ Երևանը գերբնակեցրած հայ գաղթականների մասին է, որոնց, Ազգերի լիգայի տերմինով, նա կոչում է փախստականներ:

Նանսենը ուսումնասիրել էր նաև 20-ականների Երևան քաղաքի բնակարանային խնդիրը և պատկերավոր մի համեմատությամբ ասես ամեն ինչ ասում է խորհրդային իշխանության բնակարանային քաղաքականության՝ «կոմունալկաների» մասին. «Քաղաքում բնակարանի խիստ կարիք է զգացվում, և մարդիկ ստիպված սեղմ տեղավորվել են եղած տներում: Ըստ կառավարության պաշտոնական որոշման յուրաքանչյուր անձի հասնում է երկու քառակուսի մետր բնակ-տարածություն, դա, ինչպես ասվել է մի խորհրդի կամ համայնքի ժողովում, ճիշտ այնքան է, որքան տալիս են գերեզմանոցում»(25):

Ամեն տեսակի եղանակային տարօրինակություններ տեսած բևեռախույզն ու գիտնականը ունի երևանյան ամառային եղանակի, ցերեկվա ու գիշերվա իր ինքնատիպ նկարագրությունները, բնութագրերը. «Ամռանը Երևանում քիչ են անձրևները, և եղանակը բավականին համաչափ է: Օրվա առաջին կեսը քամի չկա, ճնշող տոթ է, կեսօրից սկսվում է քամին, այն կարող էր զովացնել, եթե այդքան փոշոտ չլիներ: Հարավային կողմից՝ Արարատից, կամ էլ հյուսիսային լեռներից հաճախ սև ամպեր են գալիս: Ամպերը ճայթում են, սակայն անձրև հազվադեպ է քաղաք հասնում»(26):

Մեկ այլ հատվածում, խոսելով կլիմայական պայմանների ու տեղումների մասին, Նանսենը փաստում է, որ անձրևները սակավ են, իսկ անձրևների առատության տեսանկյունից Երևանում զգալի են տարիների միջև եղած տատանումները: Օրինակ՝ 1922 թվականի ամբողջ ամռան ընթացքում տեղացել են հորդ անձրևներ: Հունիսի անձրևների քանակությունը Երևանում կազմել է 68 մմ. հունիսին՝ 35, օգոստոսին՝ 58, սեպտեմբերին՝ 25: Սակայն «անձրևների քանակը այնքան չնչին է այս երկրում, որ առանց արհեստական ոռոգման անհնար է հողը մշակել»(27):

Նանսենի երևանյան տպավորությունների մեջ առանձնահատուկ տեղ ունի կիզիչ կեսօրին հաջորդող երևանյան ամառային զով գիշերվա նկարագրությունը: Նա խոստովանում է, որ հասկացել է, թե ինչու են ամառային զով գիշերներին երևանցիները սիրում քնել տան կտուրներին: «Անկյունի իմ սենյակի առաջ կար պատշգամբ: Ամբողջ օրը կիզիչ արևն այնպես էր տաքացրել հարավային պատը, որ սենյակում հեղձուցիչ շոգ էր: Ես լայն բացեցի պատշգամբի դուռը: Դրսում գիշերը թարմ էր ու զով: Ինձ համար լիովին ընկալելի դարձավ արևի մայր մտնելու հետ տների տանիքները բարձրանալու և բաց երկնքի տակ քնելու արևելյան սովորության բնական լինելը. այնտեղ նաև ընթրում և նախաճաշում էին»(28),- գրում է նա:

Հյուսիսային բնապատկերների մեծ սիրահարը, գեղագետն ու գեղագիրը, որ իր գրքերում բազում էջեր ունի արկտիկական գեղեցիկ ու միաժամանակ դաժան բնության, հյուսիսային սառուցյալ աշխարհի, օվկիանոսների, ծովերի ու աստղազարդ երկնքի մասին, երևանյան բնապատկերներով վարպետորեն լրացնում է հարավային բնության ու ամառային երկնքի նկարագրության բացը իր գրականության մեջ՝ իր գրչին հաղորդելով միանգամայն նոր ու թարմ գունագեղություն. «Օդը մաքուր էր, անսահման խոր, գրեթե սև, հարավային երկինք՝ թրթռացող աստղերի առկայծող բազմությամբ, որ հյուսիսում երբեք չենք տեսնում»(29):

Երևանյան ամառային գիշերվա կոլորիտի անբաժան մաս էր հայկական կենդանի երաժշտությունը, որ հնչում է Նանսենի այցելած ժամանակից մինչև օրս. «Հյուրանոցի դիմաց զբոսայգին էր՝ իր բարձրաբուն, հինավուրց ծառերով, և դրանց ծածկի տակ՝ թեյի տաղավարը: Այնտեղից հնչում էր լարային երաժշտություն և երգեցողություն, որը ժամանակ առ ժամանակ ավարտվում էր բարձր ծափահարություններով: Ծառերի մութ սաղարթների միջից առկայծում էին լույսեր: Հյուրանոցին կից սրճարանից նույնպես լսվում էր երաժշտություն: Դա միապաղաղ պարային եղանակ էր»(30):

Նանսենին հետաքրքրել էին նաև հայկական ժողովրդական գործիքները, որոնք նա նմանեցնում էր եվրոպական ժողգործիքներին: Երևանում լսած հայկական նվագախմբի մասին գրում է. «Փոքրիկ նվագախմբի մեջ մտնում էին հայկական հինգ կիթառ («թառ» են ասում), հայկական երկու ջութակ, որ նվագում են ուղղահայաց հենելով ծնկանը, մի հայկական ցիտրա, մի դափ և մի տեսակ խուլ ձայնով կրկնակի թմբուկ: Նվագում էին հայկական երաժշտություն՝ ժողովրդական երգեր ու պարեր: Գերիշխում էր լարված, արագ ռիթմը, պարեղանակի կամ արագ քայլերգի նմանությամբ: Սակայն լսվում էր նաև մի տեսակ թախծոտ հնչերանգ»(31):

Նանսենը տպավորվեց Երևանի պատմության թանգարան կատարած այցով: Այստեղ գտնվող հավաքածուն նա գնահատեց որպես բարձրարժեք իրեղեն վկայություն հայոց պատմություն ուսումնասիրելու համար, թեև կատարեց նաև փոքր-ինչ հակասական մի հետևություն. «Ինձ հատկապես հետաքրքրեցին քարի և բրոնզե դարերի մի քանի գտածոներ և գանգեր, որոնք, ինչպես Հայաստանում պեղված բոլոր կմախքները, բացահայտ երկայնագանգ էին: Սա ավելի քան տարօրինակ է, քանի որ նոր շրջանում հայերը բացարձակապես կարճագանգ են: Նշանակում է այստեղ, ինչպես և Վրաստանում, հնում ապրել է երկայնագանգ ժողովուրդ, և որ այս երկիրը չի կարող կարճ ու բարձր գանգ ունեցող հայ ցեղի նախահայրենիքը լինել»(32):

Հաճախ լինելով օտար քաղաքներում՝ Նանսենը սիրում էր միայնակ զբոսնել: Ահա այդպիսի մի օր նա զբոսանքի դուրս եկավ Երևանի պատմական վայրերը, այցելեց, ինչպես ինքն է ասում, «այս երկրի հարափոփոխ պատմության վկաներին»: Զանգվի զառիթափ ձորագլխի հին բերդի մասին՝ «բարձր պատերով, սեպաձև քարափների վերևում դուրս ցցված ամրություներով և ատամնավոր պարիսպներով», նա գրում է իր անձնական տպավորությունը. «Պարսպապատի թեք տանիքների շուրջբոլորը շարված էին ապակու մեծ, սուր բեկորներ, որ պատրաստ սպասում էին ճղելու այն դժբախտ ձեռքերը, որ կփորձեն բարձրանալ այստեղ: Անցյալի պատերազմական իրավիճակների մի փոքրիկ պատկեր է սա: Այս կողմից բերդը պետք է որ անառիկ եղած լիներ՝ մինչ հեռավոր հրետանու մոտքը, իսկ մյուս երեք կողմից համեմատաբար հեշտ խոցելի էր, քանի որ քարից ու արևի տակ չորացած կավե բլոկներից կառուցված պարիսպները հազիվ թե մեծ դիմացկունություն ունենային: Այդուհանդերձ, 1804 թ. Ռուսաստանը ապարդյուն պաշարեց բերդը: Այդ ժամանակ բերդը պարսիկներինն էր»(33):

Սա Խ. Աբովյանի նկարագրած Երևանի բերդի նանսենյան նկարագիրն է, որը կշարունակվի նաև գրքի այլ էջերում…
Պատմական ակնարկը Նանսենը հասցնում է մինչև այն ժամանակները, երբ 1827 թվականին ռուսները «Պասկևիչի գլխավորությամբ հեշտությամբ վերցրին բերդը»՝ ռմբակոծությամբ սարսափելի ավերածություններ առաջացնելով բերդում, ոչնչացնելով այնտեղ պատսպարված հազարավոր մարդկանց: Բերդի տարածքում շրջելիս Նանսենը հանդիպում է պարսկական մզկիթի ավերակների՝ «հախճապակե խճանկարներով, կապտականաչավուն սքանչելի գմբեթով»: «Սա՞ է այն գմբեթը, որին հարվածել է ռումբը,- հարցնում է Նանսենը:- Հետքեր չկային, գմբեթն ան վ¬նաս էր: Այս միջավայրում այսքա՜ն գեղեցիկ բազմագույն ճարտարապետություն: Այն, իհարկե, իսլամական է, այսինքն՝ օտար մշակույթ, որ Հայաստանում երբեք չընդունվեց»(34):

Վկայակոչելով Երևանի բերդի կառուցման պատմության մահմեդական աղբյուրները՝ ըստ որոնց այն կառուցվել է պարսիկների կողմից 16-րդ դարում, Նանսենը գտնում է, որ դա հավաստի չի կարող լինել: Պարսիկ և թուրք շահերը անընդհատ կռիվ են մղել այդ կարևոր հենակետը գրավելու համար, մինչև որ այն 1827 թվականին ամբողջովին անցել է ռուսներին: Շիա պարսիկների և սուննի թուրքերի մասին Նանսենը հետաքրքիր դիտարկում է անում. նրանց ատելությունը իր ուժգնությամբ չէր զիջում քրիստոնեատյացությանը: Այդ պատճառով երբ պարսիկները 1635 թվականին գրավում են Երևանը, հիմնովին ավերում են թուրքական մզկիթները՝ ասես քրիստոնեական եկեղեցիներ:

«Երևան անունը անշուշտ հին է և գալիս է խալդյան ժամանակներից,-գրում է Նանսենը: – Սակայն քաղաքը ներկայացնում է հայոց պատմության համեմատաբար նոր շրջանը: 16-րդ դարից մեծանում է նրա կարևորությունը ամենից առաջ, իհարկե, ամուր բերդի շնորհիվ: Այդ պատճառով էլ քաղաքն առանձնապես հին շինություններ չուներ»(35): Հավանաբար, պեղումների անավարտ լինելու պատճառով Նանսենը բաց է թողել կամ շրջանցել է Երևանի պատմության Էրեբունու ժաանակահատվածը:

Նանսենը Երևանի հետաքրքիր շինություններից է համարում Գյոկջամի մզկիթը, պարսից սարդարի ապարանքը՝ Զանգվի ձորի գլխին, շենքերն ու հարեմները, որոնցից, սակայն, ոչինչ չէր մնացել: «Կանգուն էր միայն սրահներից մեկը, որ ցավոք, չկարողացա տեսնել,- ափսոսանքով գրում է Նանսենը:- Այդտեղից պետք է որ գեղեցիկ տեսարան բացվեր դեպի գետը, հարթավայրը և Արարատ լեռը»(36):

Երևանի բերդի պատմությունը Նանսենն ավարտում է մի սրտահույզ ավանդազրույցով՝ պարսից սարդարի գթասրտության մասին: «Պարզվում է, որ պարսից սարդարը գութ էլ է ունեցել»,-կես կատակ, կես լուրջ գրում է Նանսենը Երևանի վերջին սարդարի մասին: Նրա հարեմում պահվում էին Վրաստանի և Անդրկովկասի գեղեցկուհիները: Մի անգամ մի վրացի Զանգվի ձորով վեր է բարձրանում սարդարի հարեմում պահվող իր հարսնացուին հանդիպելու համար: Հարսնացուն, տեսնելով սիրեցյալին, պատուհանից ցած է նետվում: Մահից նրան փրկում է ուռենու ճյուղը: Զույգին բռնում են, սակայն սարդարն ազատ է արձակում նրանց՝ ասելով. «Այսքան հավատարմորեն կապված սրտերը թող որ ոչ ոք չբաժանի»(37):

Նանսենը նշում է, որ այդ վերջին սարդարը մեռավ խղճուկ ախոռում՝ լքված ու միայնակ: Նրա սեփականությունը կեղտոտ շորերն էին, որոնք ծածկում էին նրա ծերունական մարմինը…

Նանսենն իր գրքում անդրադարձել է նաև նոր ժամանակների հայոց մայրաքաղաքի դրամատիկ դրվագներին: Երևանում հայ ժողովուրդն իրեն բնորոշ աշխատասիրությամբ անցել էր «իր ավերված տխուր երկրի վերականգնմանը», բայց այդ նույն ժամանակ Անդրկովկասում մոլեգնում էր ազգային վրեժխնդրության ալիքը, և 1918 թվականի մայիս 26-ին թաթար միլիցիոներները կողոպտել էին Երևանի գավառի հայկական գյուղերը՝ լուծելով հայ և ռուս բոլշևիկների կողմից մի քանի հարյուր թաթարների սպանության վրեժը: «Երևանում կոմունիստ Կասյանի գլխավորած բոլշևիկյան նոր կառավարության վիճակը» նույնպես Նանսենը գնահատում է աննպաստ:

Պետք է ասել, որ Նանսենն իր «Խաբված ժողովուրդ» գրքում ունի ոչ միայն Երևան քաղաքը, այլ նաև նրա մերձակայքը նկարագրող գեղեցիկ էջեր: «Սկզբում ընթանում էինք քաղաքի, ապա Զանգվի ձորի զառիթափ ապառաժների միջով, որոնց գլխին թառած է քաղաքն իր ամրություններով: Գետի վրայով ճանապարհն անցնում է մի հին քարե կամրջով, որից հետո շարունակ գալարվում է դեպի վեր՝ անցնելով փարթամորեն աճած պտղատու և խաղողի կանաչ այգիների միջով, որոնք շրջապատված էին քարե պարիսպով: Սրանք են Երևանի հայտնի այգիները՝ արհեստական ոռոգման պայմաններում հրաբխային քարքարոտ հողից ծնված կախարդական հրաշքը: Ճանապարհին անընդհատ հանդիպում են հոսող ջրով լի ջրանցնքներ»(38):

Երևանյան բնապատկերների մեջ կան գեղարվեստական կտորներ՝ գրականությանը վայել պատկերավորությամբ ու բառապաշարով: «Գնալով արևմուտք՝ դուրս եկանք հարթավայր: Առավոտը ջինջ էր, արևով ողողված օդում ստեպ-ստեպ ուրախ հնչում էին դայլայլող արտույտների հուսադրող ճիչերը: ճանապարհի ձախ կողմում հողը մեծ մասամբ մշակված ու ոռոգված էր, դրան հակառակ աջ կողմում՝ դեպի հյուսիս, ալիքաձև սարալանջերը չոր էին՝ այրված անապատ: Ապա մայրաքաղաքի մերձակայքի բնապատկերը: ճանապարհը տանում էր Էջմիածին…»(39):

Երևանյան օրերի տպավորությունները, սակայն, ինչպես արդեն ասել ենք, միայն քաղաքի բնապատկերները կամ քաղաքի խնդիրները չէին, այլ առաջին հերթին մարդիկ, Նանսենին հանդիպած թվով քիչ, բայց պատվելի ու մեծ երևանցիները, որոնք ամբողջ եռանդով ու հավատով նվիրված էին խորհրդային կարգերի հաստատման գործին, հայ ժողովրդի վաղվա պայծառ օրվա կերտմանը: Նրանք անում էին մի գործ, որի արդարացիության մեջ համոզված էին ու վստահ. «Երեկոյան խորհրդակցությունը կառավարական հանձնախմբի հետ տևեց երկուս ու կես ժամ,-գրում է Նանսենը:- Այն վարում էր կառավարության փոխնախագահ Մռավյանը: Ինժեներ քիմիկ, դոկտոր Կուրղինյանը, որ լավ խոսում էր անգլերեն ու գերմաներեն, մեր թարգմանիչն էր, քանի որ հանձնախմբի հայ անդամները չգիտեին արևմտաեվրոպական որևէ լեզու»(40):

Երևանյան մտավորականների մեջ նրա համար մեծ բացահայտում էր նաև համալսարանի պրոֆեսորներից Հ. Բեդելյանը. «Ինձ համար մեծ անակնկալ էր, որ պրոֆեսորներից մեկը նորվեգերեն գիտեր, նա լավ ծանոթ էր նաև Նորվեգիային: Նա բուսաբան, դոկտոր, պրոֆեսոր Հ. Բեդելյանն էր, որ բուսաբանություն ուսումնասիրել էր Կոպենհագենում, և բազմիցս ճանապարհորդելով Նորվեգիայով՝ երկու անգամ հասել էր մինչև հյուսիսային հրվանդան: Չափազանց համակրելի մի անձնավորություն էր» (41):

Առաջին իսկ հանդիպումից Նանսենի հանձնախմբի և հայ գործընկերների միջև հաստատվեցին գործնական ու բարեկամական ջերմ հարաբերություններ: Առաջին հանդիպման ժամանակ քննարկելով ընդհանուր հարցեր՝ Նանսենը, տեղի տալով հայ բարեկամների ցանկությանը, խոսեց իրենց ճանապարհորդության նպատակների և անելիքների մասին: Նանսենի այն հարցին, թե Հայաստանի կառավարությունը համաձա՞յն է շարունակել փախստականների ընդունումը, և թե կարո՞ղ է նրանց տեղավորել, փոխնախագահը պատասխանեց. «400 000 փախստական ընդունելուց հետո թեև այնքան էլ շատ տեղ չկա այս փոքրիկ երկրում, այնուամենայնիվ, կառավարությունը որոշել է գերագույն ճիգերի լարումով օգնել իր եղբայրներին Հայաստան գալու՝ առանց հաշվի առնելու դրանից բխող ծախսերը, սակայն նոր հողերի ոռոգման և մշակման համար օժանդակության կարիք ունի»(42):

Նասենն իր հանձնախմբի անունից խոստացավ կարճ ժամկետում ուսումնասիրել և ծանոթանալ հողի ոռոգման հայկական կողմի նախագծերին, ցույց տալ ամեն տեսակի օժանդակություն, տրամադրել նախագծեր, քարտեզներ, հաշվարկներ, քանի որ իրենց հանձնախմբում ընդգրկված էին հիդրոմելորացիայի լավագույն ինժեներներ:

Արժանին մատուցելով նաև երախտագետ հայ ժողովրդին, պետք է ասել, որ Նանսենին հայ ժողովուրդը ընդունեց, հարգեց ու պատվեց որպես մեծ բարեկամի, իսկական մարդասերի, որը սառը ու ցուրտ Եվրոպայից իր ջերմ սիրտն էր բերել, իր բարի ձեռքն էր մեկնել արհավիրքներից հազիվ մեջքը շտկող հայ ժողովրդին: Ամենուրեք Նանսենին ընդունում էին մեծագույն սիրով ու խանդավառությամբ: Հունիսի 19-ի նիստին ներկա էր Երևանում գումարված ուսուցիչների համագումարի պատվիրակությունը. «Ելույթ ունեցողը գերմաներեն ողջունելով ինձ՝ հայտարարեց, որ ես ընտրվել եմ համագումարի պատվավոր նախագահ»(43),- գրում է Նանսենը:

Այդ օրերին Նանսենը այցելեց Երևանի նորաբաց պետական համալսարան, որի մասին արդեն խոսել էր առաջին օրերի տպավորության մեջ: «Հանդիպում ունեցանք ռեկտորի ու պրոֆեսորների հետ, որ մեզ ուղեկցեցին տարբեր ինստիտուտներ-գրում է Նանսենը:-Համալսարանը նոր էր հիմնադրվել և նոր պետք է զարգանար, բայց նյութական քիչ միջոցներ ուներ: Սակայն զարմանալի էր, որ հակառակ մեծ դժվարություններին՝ շատ բան էր արված(44)»:

Շենքը դիտելուց հետո շրջելով համալսարանի պարտեզում՝ Նանսենը հիացավ գյուղատնտեսական փորձերով, որ անցկացվում էին այգում. «Համալսարանին կից էր նաև գյուղատնտեսական մի բարձրագույն դպրոց: Ստվերախիտ ծառերի տակ սեղան էր գցված՝ հրաշալի ծիրանով և կեռասով, նաև գինի կար այնտեղ, որն ամռան այս շոգին առանձնապես հաճելի էր: Պրոֆեսորներից շատերը գերմաներեն ու անգլերեն ճառեր արտասանեցին, իսկ ռեկտորը, ողջույնի խոսք ասելով, հրապարակեց՝ ինձ համալսարանի պատվավոր դոկտորի աստիճան շնորհելու մասին որոշումը»(45),-գրում է Նանսենը:

Ի պատիվ Նանսենի պետք է ասել, որ հետագայում այդ նույն համալսարանի լսարաններից մեկը անվանակոչվեց հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի անունով, և Հայաստան այցելող ամեն մի նորվեգացի հպարտության մեծ զգացումով է մուտք գործում իրենց անվանի հայրենակցի անունը կրող լսարան:

Նանսենին ջերմ ու սիրալիր էին վերաբերվում անգամ անծանոթ երևանցիները: Մեկ անգամ միայնակ զբոսանքից վերադառնալիս նրան մոտեցավ գեղեցիկ ձիեր լծած մի կառք, որից իջավ մի տղամարդ, «հավանաբար բարձր պաշտոնյա, սկսեց խոսել անծանոթ լեզվով և ժեստերից հասկացվեց, որ հրավիրում է կառք նստել»: Նանսենը չմերժեց անծանոթ երևանցու հրավերը, կառք նստեց. «Մինչ կրակոտ արագավազ ձիերը մեզ հյուրանոց հասցրին, զրուցեցինք բացառապես սիրալիր ժպիտներով: Իջնելիս շնորհակալության համար մեկնեցի ձեռքս, նա մեկնեց, և ես չիմացա նրա ով լինելը»(46):

Էլ ինչ Երևան՝ առանց ճոխ հայկական հյուրասիրության: Այդ մասին նույնպես Նանսենն ունի անմոռանալի հիշողություններ: Նա գրում է. «Երեկոյան մեզ ճոխ ընթրիք մատուցեցին՝ սառը խորտիկով, ձկնկիթով, հայկական կոնյակով ու շատ այլ ճաշատեսակներով, հայկական ընտիր կարմիր ու սպիտակ գինիով, որի հայրենիքն է այս երկիրը: Ուշ գիշեր էր, երբ վերադարձանք մեր հյուրանոցը»(47):

Մեկ այլ տեղ գրում է. «Երեկոյան ընթրեցինք «Կլուբում»: Այն ներկայացնում էր ցանկապատված մի հրապարակ՝ մի կողմի վրա, տանիքի տակ բաց վերնասրահով: Մարդիկ նստած մեծ ու փոքր սեղանների շուրջ՝ ընթրում էին, իսկ ընդարձակ հրապարակի ասֆալտապատ մի քառանկյան վրա պատանիներն ու երիտասարդները անիվ¬ներով չմուշկ էին քշում: «Կլուբ» ռեստորանը բազմամարդ էր ոչ միայն երեկոյան ու կեսօրին, այլ բոլոր ժամերին, այնպես, որ երբեմն դժվար էր ազատ տեղ գտնել»(48):

Նանսենի այցի ժամանակը՝ հունիսի վերջ, հուլիսի սկիզբ, համընկել էր այն շրջանի հետ, երբ Հայաստանում հասունանում է հայկական մրգերի թագուհին՝ ծիրանը: Ահա թե ինչու է նա գրում. «Ընտիր էր և՛ ճաշը, և՛ գինին, էլ չենք խոսում մրգի մասին: Ծիրանը հասնելու ժամանակն էր: Չէ՞ որ Հայաստանը ծիրանի հայրենիքն է, և ծիրանն այստեղ մեծ է ու հյութեղ, ինչպես որևէ այլ տեղ»(49):

Այստեղ նույնպես Նանսենի աչքից չի վրիպում ցանկապատի մյուս կողմում կանգնած փոքրիկ տղաների խումբը, որոնք ցնցոտիների մեջ էին և մուրում էին: Մատուցողները քշում էին նրանց, բայց նրանք կրկին հավաքվում էին ու «ցանկապատը զարդարում փողոցային ժպտուն դեմքերով: Նրանք անհոգ կյանք էին վարում, և քաղցի հետքեր չկային նրանց կլորիկ, չաղլիկ թշերին»(50): Տղաները պատառներ էին փախցնում սեղաններից և այդպես կշտանում:

Երևանում անցկացրած օրերից հատկապես վերջին օրվա նկարագրությունը հագեցած է դեպքերով ու տպավորություններով: Նանսենը վերջապես հասցնում է այդ օրը այցելել Երևանից հյուսիս-արևելք Զանգվի ձորում կառուցվող նոր էլեկտրակայան: Պատերն արդեն կանգնեցվել էին, նրանք ձորով բարձրանում են նոր ջրանցքը տեսնելու, որն արդեն պատրաստ էր, և Նանսենի վրա թողեց «լուրջ և լավ կատարված աշխատանքի տպավորություն»: Բետոնի շաղախի խիճն ու ավազը բերել էին ձորով անցնող երկար ճանապարհով, էշերին բարձած: «Այս արահետում իրար էին հանդիպել անցյալն ու ապագան»(51),- պատկերավոր գրում է Նանսենը: Պաղ աղբյուրի մոտ հանգստանալիս նրանց խմբին են մոտենում մարդիկ՝ վերնաշապիկներն ու գլխարկները ծիրանով ու թթով լցված: Հանպատրաստից հրաշալի ճաշկերույթ է ստացվում:

Վերադարձին նրանց խումբը այցելում է գինու և կոնյակի «Արարատ» գործարան: Նրանց ուղեկցում են մի մառան, որտեղ շարված էին գինու և կոնյակի տակառներ: Գործարանի արտադրողականությամբ հիացած՝ Նանսենը գրում է. «Վերջին տարվա (1924թ.) արտադրանքը կազմել է 30.000 հեկալիտր գինի, 7400 հեկալիտր օղի, որն արտահանվել է Ռուսաստան և Արևելքի երկրներ»: Հանձնախմբի անդամներին առաջարկում են համտեսել գինիներն ու կոնյակը, Նանսենը սկզբում զգուշանալով խմում էր կում-կում, բայց հետո համոզվելով, որ իսկապես հրաշալի խմիչք է, սկսեց համտեսել ավելի ընտիր տեսակներ: «Մեզ հրամցրեցին նաև բոլորովին այլ, հատուկ մի հին կոնյակ: Արդեն անհնար էր միայն կումով բավարարվել: Այնուհետև անցանք հսկա մառաններով, ուր գինին տակառների մեջ կամ եռում էր, կամ արդեն պահեստավորված էր»(52):

Անցնելով գործարանի մառաններով՝ հյուրերը կրկին ու կրկին համտեսում են հայկական սպիտակ և կարմիր գինիներ: Նանսենը գրում է. «Բոլորն էլ ընտիր էին, հատկապես մի հին կարմիր գինի այնքան հոյակապ էր, որ դժվարացավ արդեն բաժակից կում անելը: Խմում էին մեր կենացը, մենք էլ պետք է պատասխանեինք և այդպես խմում էինք ու խմում»(53): Նրանք համտեսեցին «հոյակապ ու ընտրագույն մի գինի»՝ մադեյրա, այնուհետև պորտվեյնի լավագույն նմուշ, մուսկաթ, որից Նանսենը երբևէ չէր խմել, և հենց մուսկաթ համտեսելիս, ինչպես գրում է նրբաճաշակ գինիների մեծ համադամ Նանսենը, «տապալվեցին կում-կում խմելու բոլոր ճիգերը»: «Հայկական հյութեղ խաղողը նման գինիների բարձրորակ հումք է»,-եզրակացրեց Նանսենը: Բարձր տրամադրությամբ նրանք դուրս եկան «թանկարժեք գանձերով լի զով մառաններից և կրկին թաղվեցին կեսօրվա այրող շոգի մեջ»:

Վերջին օրը կառավարությունը հանձնախմբի պատվին գեղեցիկ խնջույք էր կազմակերպել «Սարդարի այգում, Զանգվի ձորի մյուս կողմում, Երևանի բերդի դեմ դիմաց»: Նանսենի կարծիքով այգին հրաշալի էր, քանի որ պարսիկները հայտնի են պարտեզների և արհեստական ոռոգման կառուցապատման յուրովի հմտությամբ: Խորհրդային կառավարությունը այգին վերածել էր հասարակական զբոսայգու, իսկ նախկին սեփականատերը, որ մեծահարուստ հայ էր, ապրում էր իր նախկին տան նկուղային հարկում, և նախկին այգու այգեպանն էր: «Նա նույնպես ներկա էր խնջույքին,-գրում է Նանսենը,-և ես առիթ ունեցա խոսելու նրա հետ: Ոչ ոք չէր հիշում այլևս, որ նա տան և այգու տերն է եղել, աշխատում էր մյուս ծառայողներին հավասար»(54):
Այ հենց սրան կասեն խորհրդային կարգեր…

Հաջորդ երեկոյան հրաժեշտի հանդիսությունն էր: Տեղի ունեցավ համերգ, որտեղ հնչեցին Գրիգի, Ալեքսանդր Սպենդիարյանի գործերը, հայ ժողովրդական երգերի վարիացիաներ լարային նվագախմբի հետ՝ դաշնամուրային պարտիան կոմպոզիտորի կատարմամբ, Սայաթ-Նովայի երգերից: «Հրաշալի ստեղծագործություններ էին և ունեցան հոյակապ կատարում,-գրում է Նանսենը:- Ինձ ասացին, որ Հայաստանում Գրիգը շատ է ընդունված և ազգակցական կապ կա նրա և հայկական երաժշտության միջև: Նկատի ունենալով նոր հնչած հայկական երաժշտությունը՝ դա կարելի է մասամբ ընդունել»(55):

Նանսենին շատ դուր էր եկել ժողովրդական պարերի տղամարդկանց խումբը, որի կատարման «խրոխտ ռիթմն ու կապուկ հմայքը» գրավեց Նանսենին: Նա գրում է, որ կովկասյան կրակոտ պարերը ժողովրդի կենսունակության արտահայտությունն են:

Համերգից հետո տրվեց ճոխ ընթրիք, որին մասնակցեցին «Հայաստանի օգնության կոմիտեի» անդամներ, համալսարանի պրոֆեսորներ, արվեստագետներ, պաշտոնյաներ: Հնչում էր մեղմ հայկական երաժշտություն, « շնորհաշատ մի տիկին և հաճելի մի բարիտոն երգեցին հայկական երգեր: Մասամբ հին հայկական ժողովրդական երգեր էին դրանք՝ մի տեսակ թախիծով պարուրված»(56):

Այնուհետև մենապարեց տղամարդկանց պարի խմբի ղեկավարը, պարը, ինչպես նշում է Նանսենը, շատ նման էր շոտլանդական պարի, այնուհետև «ազգային գեղեցիկ պարով հանդես եկավ փոխնախագահի գեղեցիկ կինը»: Ահա այսպես է Նանսենը նկարագրում հայուհու պարը. «Նա պարում էր հեքիաթների հիասքանչ արքայադստեր նման. վայրի կենդանիների ճկունությունն ունեցող նրա շարժումները, վեր պարզած քնքուշ, կլորավուն բազուկները, շորորուն սրունքները, ամուր, բարեձև ոտքերը, որ հազիվ էին հպվում հատակին. ահա Արևելքի ցնորքներից մեկը»(57): Ցավոք, Նանսենը կատարողների անունները չի տալիս, այլապես առավել ամբողջական կվերականգնվեր այն ժամանակվա Երևանի գունագեղությունը:

Վերադառնալով իր սենյակ՝ Նանսենի ականջում դեռ շարունակում էր հնչել հայկական մեղեդիների արձագանքը. «Ինձ շարունակ հանգիստ չէր տալիս այն միտքը, թե բոլորովին վերջերս այս ժողովուրդը ինչ արյունոտ ոճիրի ենթարկվեց, որ բաժին հասավ ժողովրդի գրեթե յուրաքանչյուր անդամին: Դեռ երկար իմ ներսում հնչում էր հայկական ժողովրդական երգերի մորմոքը: Հիշեցի բարեկամիս՝ Կուրղինյանի բառերը, որ երեկոյան համերգի մի երգի ավարտից հետո ասաց. «Կարծում եք, թե մի ժողովուրդ, որ այսպիսի երգեր, այսպիսի երաժշտություն ունի, կարո՞ղ է երբևէ մեռնել»: Այո, նա իրավացի է»(58):

Ֆ. Նանսենի «Խաբված ժողովուրդ» գրքի՝ Երևանին հրաժեշտ տալու գլուխն ավարտվում է քաղաքական, դիվանագիտական խորհրդածությամբ, բայց դրանից առաջ կա մի գեղեցիկ բնապատկեր, որով էլ կավարտենք Երևանի մասին Ֆրիտյոֆ Նանսենի տպավորությունը. «Հաջորդ երեկոյան արդեն գնացքը մեզ տանում էր հարթավայրով: Մեր ետևում մնացին Երևանը, Զանգվի ձորն ու գեղեցիկ այգիները: Հարավում Արարատն էր անամպ, իր ողջ վեհությամբ: Լայնանիստ, ձյունե գագաթը փայլում էր մայր մտնող արևի շողերից: Տեղանքի վրա իշխող նրա պատկերն էր, որ առաջինը ողջունեց մեր գալուստը, և այսօր երեկոյան վերջինն է հրաժեշտ տալիս մեզ: Հրաժեշտի համար նա հանել էր իր ամպե հսկա գլխադիրը»(59):

ՖԵԼԻՔՍ ԲԱԽՉԻՆՅԱՆ
«Ֆրիտյոֆ Նանսենի թանգարան» ՀՈԱԿ

«Երևան-5» գիտական հոդվածների ժողովածու

* * *

  1. Ֆ. Նանսեն, Խաբված ժողովուրդ, թարգմ. գերմ. Է. Մակարյան, Երևան, «Գասպրինտ» հրատ., 2009, էջ 17:
  2. Նույն տեղում, էջ 105:
  3. Նույն տեղում, էջ 107:
  4. Նույն տեղում, էջ 114:
  5. Նույն տեղում:
  6. Նույն տեղում, էջ 116:
  7. Նույն տեղում, էջ 110:
  8. Նույն տեղում:
  9. Նույն տեղում:
  10. Նույն տեղում:
  11. Նույն տեղում:
  12. Նույն տեղում, էջ139:
  13. Նույն տեղում:
  14. Նույն տեղում, էջ 140:
  15. Նույն տեղում, էջ 111:
  16. Նույն տեղում՝ էջ 113:
  17. Նույն տեղում, էջ՝ 142:
  18. Նույն տեղում, էջ 111:
  19. Նույն տեղում:
  20. Նույն տեղում:
  21. Նույն տեղում:
  22. Նույն տեղում:
  23. Հենրի Ֆինիս Բլոս Լինչ (1862-1913) – անգլիացի հայագետ, աշխարհագետ, ճանապարհորդ, հասարակական – քաղաքական գործիչ։ Իոլանդական ազնվական տոհմից (տատը սեբաստացի հայուհի)։
  24. Նույն տեղում, էջ 112:
  25. Նույն տեղում:
  26. Նույն տեղում:
  27. Նույն տեղում, էջ 118:
  28. Նույն տեղում, էջ 113:
  29. Նույն տեղում:
  30. Նույն տեղում:
  31. Նույն տեղում, էջ 140:
  32. Նույն տեղում, էջ 141:
  33. Նույն տեղում, էջ 142:
  34. Նույն տեղում, էջ 142:
  35. Նույն տեղում, էջ 143:
  36. Նույն տեղում:
  37. Նույն տեղում, էջ 144:
  38. Նույն տեղում, էջ 126:
  39. Նույն տեղում:
  40. Նույն տեղում, էջ 112:
  41. Նույն տեղում, էջ 141:
  42. Նույն տեղում, էջ 112:
  43. Նույն տեղում, էջ 141:
  44. Նույն տեղում:
  45. Նույն տեղում:
  46. Նույն տեղում, էջ 143:
  47. Նույն տեղում, էջ 113:
  48. Նույն տեղում, էջ 139:
  49. Նույն տեղում, էջ 140:
  50. Նույն տեղում:
  51. Նույ տեղում, էջ 202:
  52. Նույն տեղում:
  53. Նույն տեղում, էջ 203:
  54. Նույն տեղում, էջ 203:
  55. Նույն տեղում:
  56. Նույն տեղում, էջ 204:
  57. Նույն տեղում:
  58. Նույն տեղում, էջ 204:
  59. Նույն տեղում: