Արդի կրոնական կազմակերպությունները և դրանց բարոյահոգեբանական ազդեցությունը հասարակության վրա
Հայաստանը ինչպես նախկինում, այնպես էլ այսօր թատերաբեմ է եղել բազմաթիվ կրոնական ուղղությունների համար, որոնք իրենց գործունեությամբ «լույս» են տարածում մեզանում. արևելքից, արևմուտքից, հյուսիսից, հարավից զանազան կրոնական ալիքներ բախվելով ներխուժում են Հայաստան: Ոմանք «ճշմարտության լույսն» են բերում, ոմանք՝ «ճշմարտություն», ոմանք էլ՝ «տիեզերական եղբայրություն» և այլն: 20-րդ դարավերջին Խորհրդային միության փլուզուման և Հայաստանի երրորդ Հանրապետության հռչակման ժամանակաշրջանի դեպքերը՝ ազգային զարթոնքը, հասարակական – հոգեբանական ճգնաժամը, 90-ականների սկզբների տնտեսական ճգնաժամը, պատերազմական իրավիճակը, 1988թ-ի երկրաշարժը, փախստականների ներհոսքը Հայաստան և այդ ամենին հետևած մարդասիրական նյութական և հոգևոր օգնությունը առաջադրեցին կրոնի և կրոնականության վերաբերյալ ընկալումների նոր ձևաչափեր, ինչպես նաև հնարավորություններ առաջացան նոր կրոնական ուղղությունների ներթափանցման համար: Միաժամանակ, անկախ Հայաստանի նոր կապերը սփյուռքի հայության հետ, սփյուռքահայ միջավայրի կրոնական պատկերացումների ներթափանցումը Հայաստան, Հայ առաքելական Եկեղեցու և քրիստոնեական այլ ուղղությունների վերաբերյալ Հայաստանում վերաձևավորվող ընկալումները կրոնական խնդիրները տեղափոխեցին ինչպես էթնոմշակութային գնահատումների դաշտ, այնպես էլ հնարավորություն տվեցին մարդկանց փորձել բավարարել կրոնին ու կրոնականությանն առնչվող խմբային և անհատական հետաքրքրություններն ու պահանջ, ինչն էլ նպաստեց մինչ այդ անհայտ կրոնական ուղղությունների ներթափանցմանը: Խորը հուզական ցնցումներ ապրող հասարակությունը պարարտ հող էր հոգևոր մշակույթ ներկրող խմբերի համար: Միայն 1988-1993թթ. Հայաստան ներթափանցեցին ժամանակակից կրոնական աշխարհի համարյա ողջ ներկապնակի հնարավոր ուղղությունները: Այս շրջանում «հարություն առան» կամ, ավելի ճիշտ, «լույս աշխարհ եկան» ընդհատակում գործող հոգեգալստականները, մկրտականները, ադվենիստները:
Հայաստան եկան, և Հայաստանի բնակչությունը տեսավ կենդանի Եհովայի վկաներին, ավելի ուշ՝ մորմոններին և այլն: Այլ կերպ ասած՝ վերջին 20-ամյակը կրոնական մշակույթի իմաստով Հայաստանում ընթանում է խիստ հախուռն գործընթացներով, ներգաղթերով և արտագաղթերով, հիասթափություններով և հետաքրքրության բավարարելու հնարավորություններով, կրոնական պահանջը բավարարելու փնտրտուքով:
Հայաստան ներթափանցած բոլոր այդ շարժումները, ունենալով իրենց գրականությունը, շատ լավ թարգմանվելուց հետո լայն տարածում են ստանում մեզ մոտ:
Դեռևս 5-րդ դարում Եզնիկ Կողբացին «Եղծ աղանդոց» գրքում գրելով աղանդների հերքման մասին, շեշտում է. «Արդ՝ Աստծո Եկեղեցու գործն է՝ արտաքիններին դատապարտել ճշմարիտ իրողություններով, առանց գրքի, իսկ կարծեցյալ և ոչ արդարացի ներքիններին՝ Սուրբ Գրքով»: Հենց այսպես էլ Եզնիկը սկսում է իր «Եղծը» թե առանց Գրքի և թե Գրքով պատասխանել աղանդավորներին:
Եզնիկ Կողբացու ժամանակներից (5-6 –րդ դդ) անցել է ավելի քան 15-16 դար, սակայն խնդրին, ըստ էության, լուծում չի տրվել: Եվ այսօր արդեն անհրաժեշտություն է զգացվում հակադրվելու աղանդավորական շարժումներին թե՛ սուրբգրային վարպետությամբ, թե՛ ժամանակակից պատկերացումներով, քանի որ ժամանակակից աղանդավորությունը հարձակվում է ոչ միայն քրիստոնեական Եկեղեցու, այլև քաղաքակրթության, ամբողջ բանականության վրա ընդհանրապես:
Աղանդներին ճանաչելու ու նրանց գործունեությունը կանխատեսելու համար կարևոր է իմանալ նաև նրանց «Եկեղեցու» կառուցվածքը, կազմակերպչական գործունեության առանձնահատկությունները, որոնք, որպես կանոն, գաղտնի են պահվում:
Ինչ է աղանդը կամ հերձվածն ընդհանրապես.
1. Հնում հերձված ասելով նկատի էին ունենում Եկեղեցու դավանանքի այս կամ այն մեկնաբանությունը չընդունող կամ այլ կերպ քարոզող կրոնական ուղղությունները, մինչդեռ աղանդ ասելով հասկանում էին ոչ քրիստոնեական կրոնները: Դարերի ընթացքում այդ երկուսը միախառնվեցին իրար` պայմանականորեն ստանալով աղանդ անվանումը: 2. Պատմականորեն աղանդ բառը պատմաբանների, աստվածաբանների կողմից օգտագործվել է կրոնական հասկացության տեսական բովանդակությունը բնութագրելու համար: «Աղանդ» են անվանում մարդկանց այն խումբը, որին ազատորեն թույլատրվում է ապրել և քարոզել իր « ուսուցչի» գաղափարներն ու նորմերը: 3. «Աղանդ» են անվանում նաև կրոնական պառակտման հետևանքով հիմնական ուսմունքից, մայր համայնքից անջատված խմբերին: «Աղանդավորական» խմբի բնութագիրը տալիս հիմք են ընդունում մեկ հիմնական սկզբունք՝ նրա վնասակարությունը կամ վտանգը, և 3 բնորոշ գծեր՝ հոգեբանական վիճակի աճպարարություն, եռակի խաբեություն, եռակի քայքայում: Աղանդ բառը ժամանկի ընթացքում որոշակի «զարգացում է ապրել»: Նոր աղանդների առաջացման հետ մեկտեղ տեղի ունեցավ բառի բովանդակային փոփոխություն: Հասարակության մտածողության մեջ, ամենօրյա խոսքում «աղանդ» բառը ստացավ արհամարհական բովանդակություն և դարձավ վտանգի ու կործանման խորհրդանիշ: Խուսափելով դրանից նրանք այսօր ցանկանում են անվանվել «կրոններ», «եկեղեցի», «նոր կրոնական շարժումներ»: Ընդունել այս, կնշանակի լուրջ սխալ գործել և նպաստել ստեղծված խառնաշփոթը պահպանելուն: Եվ վերջապես, բազում մեղադրանքներից պաշտպանվելու համար նրանց ուրիշ ոչինչ չի մնում, քան դառնալ անհանդուրժողականության և հալածանքների ենթարկվող կրոնական փոքրամասնություններ:
Որպեսզի կարողանանք նկարագրել «աղանդավորական» խմբերին անդամագրելու միտումը, անհրաժեշտ է ուսումնասիրել մարդու անձնական ազատության ու մարդու իրավունքների վերաբերյալ օրենքները:
Հայաստանում ներկայիս կրոնական իրավիճակն բավական խճճված և, ցավոք, հասարակագիտորեն չուսումնասիրված մի պատկեր է: Բազմաթիվ գործընթացներ դեռևս գտնվում են դինամիկ, անընդհատ փոփոխման փուլում և հեռու են համեմատաբար կայացած լինելուց: Գործընթացների դինամիզմը դժվարացնում է հարաբերությունների նորմատիվային կարգավորումը: Այսպիսի պայմաններում հարաբերությունների կարգավորման ցանկացած փաստաթուղթ արագ «հնանում» է: Այնուամենայնիվ, դեռևս 1991թ. հունիսի 17-ին ՀՀ-ում ընդունված օրենքների թվում առաջիններից մեկն էր «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը, որն ամրագրեց Հայաստանում կրոնական ազատության պաշտպանությունը: Դրան հաջորդած ՀՀ Սահմանադրությունը ամրագրեց հավատի և համոզմունքների ազատությունը և այս սահմանադրական նորմը պետք է կարգավորվեր նորմատիվ փաստաթղթով, որը պետք է հնարավորություն ստեղծեր կրոնական կազմակերպությունների, համայնքների և խմբերի գործունեության իրականացնելու համար: Որպես կանոն մարդու իրավունքները ծառայում են մարդու բարօրությանը: Չմոռանանք և չանտեսենք այն փաստը, որ հենց այս իրավունքների ազդեցության ներքո էր, որ նախկին ԽՍՀՄ տարածքում գործող եկեղեցիներն ու կրոնական կազմակերպություններն ազատվեցին անաստված իշխանությունից: Մյուս կողմից՝ տեսնում ենք, որ արդի կյանքում ի հայտ են գալիս մարդու իրավունքների և ազատությունների քողի ներքո պաշտպանված այնպիսի բացասական երևույթներ` հենց կրոնի ոլորտում, որոնք հավատացյալներին ու հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներին մղում են մտածելու օրենքների երկիմաստության մասին:
2004թ. աշնանը, հասարակության լայն շերտերի ընդդիմանալուն հակառակ, գրանցվեց Եհովայի վկաների կազմակերպությունը՝ օրինական դաշտում գործունեության ավելի լայն հնարավորություններ ձեռք բերելով: Եհովայի վկաները պատկանում են դատական գործընթացներով անցնելու հարուստ փորձառություն ունեցող կազմակերպությունների թվին: Իրողություն է, որ մեղադրանքների մեծ մասից նրանք ազատվում են՝ առաջադրված կռվանները մարդու իրավունքների գաղափարներով քողարկելով: Բայց քաջ հայտնի է, որ այդ դատավարությունների ընթացքում ոչ թե պաշտպանվում է «Եհովայի վկաներ» անձերի իրավունքները, որոնք, ըստ էության, այդ կազմակերպության զոհերն են, այլև՝ մի տոտալիտար կազմակերպության շահերը: Հարց է առաջանում, թե ինչպես կարող ենք պաշտպանել մի կազմակերպություն և իր իրավունքները, երբ այդ կազմակերպության պաշտոնական ուսմունքն իսկ հակասում է մարդու իրավունքներին. արգելված է արյան փոխներարկումը, բանակում ծառայելը, Եհովայի վկաները չեն նշում ծննդյան տոները, իրենց շարքերը լքած անդամների նկատմամբ հետապնդվում են իրականացնում՝ հարազատներից մեկուսացնելով, չեն ընդունում պետական խորհրդանիշները: Տպավորություն է ստեղծվում, թե անհատական և ընկերային իրավունքները ներդաշնակ չեն: Օրենքները միակողմանի են ու նպաստում են անհատի իրավունքերի ուժեղացմանը և այլոց իրավունքների ոտնահարմանը: Ներկայումս մարդու իրավունքներն այնպես են մեկնաբանվում և բացատրվում, որ հակասում են ոչ միայն քրիստոնեական չափանիշներին, այլև՝ մարդու վերաբերյալ ավանդական բարոյական պատկերացումնրին, բազում ժողովուրդների հոգևոր – ազգային արժեքներ ոտնահարում: ժամանակակից քրիստոնյա մտածողներից շատերը տեսնում են մարդու իրավունքների ու քրիստոնեական բարոյականության միջև առաջացած անջրպետը, երբ մարդու իրավունքների պաշտպանության լույսի ներքո խրախուսվում են միասեռականությունը, արհեստական վիժեցումը, էվթանազիան, մարդու կլոնավորման կամ մարդկային սաղմի վերարտադրության հարցերը և շատ ու շատ այլ երևույթներ: Իսկ աղանդավորական շարժումները հաճախ օգտագործում են օրենքի հենց նմանատիպ թերություններն ու համալրում իրենց շարքերը:
Այնուամենայնիվ, որպեսզի կարողանանք նկարագրել «աղանդավորական» խմբերին, անհրաժեշտ է ուսումնասիրել մարդու անձնական ազատությանն ու մարդու իրավունքների համար՝ լուրջ վտանգ ներկայացնող նրանց դավանանքն ու գործունեությունը: Այդ պատճառով էլ աղանդի ձևակերպումը տալու փոխարեն պետք է տալ նրա նկարագրությունը: Կրոնագիտական ընդհանրական օրինաչափությունները թույլ են տալիս փաստել, որ ցանկացած հավատքային կառույց պրակտիկ գործունեության ոլորտում մեծ տեղ է հատկացնում փրկչաբանական հայեցակարգին, որոնք թույլ են տալիս պատասխանել կարևորագույն հարցի՝ «ինչպես փրկագործվել»: Այդ իսկ պատճառով էլ փրկության տանող ճանապարհի մեկնության գործում մեծ կարևորություն են ձեռք բերում այն գործիքներն ու համակարգերը, որոնք հավատացյալ լայն զանգվածներին թույլ են տալիս սեփական Ես-ը համադրել փրկագործական վարդապետության օղակների հետ, ինչի արդյունքում յուրատիպ ձևով են ընկալվում «վախճանաբանության հիմունքները»: Պետք է նշել, որ ժամանակակից բոլոր կրոնական դինոմինացիաների հիմնական թիրախ են համարվում այն անհատներն ու հասարակական խմբերը, որոնք գտնվում են հոգեկան, սոցիալական, հոգեբանական և ֆիզիկական ծանր դրության մեջ: Ահա այդ իրավիճակը «հաղթահարելու» համար էլ ժամանակակից ոչ ավանդական կրոնական կառույցներն առաջարկում են «փրկագործության» իրենց «ուրույն ճանապարհը»: Վերջինիս գործադրումը, նրանց համոզմամբ, էապես նպաստում է բոլոր տեսակի դժվարությունների «հաղթահարմանը», ինչի արդյունքում այդ «ճնշված» խմբերը ոչ միայն «հոգևոր բավարարվածություն» են գտնում, այլև «կարողանում են լիովին հաղթահարել» աշխարհիկ բոլոր կապանքներն ու էապես մերձենում են «երկնային» ՝ հավիտենական կյանքին:
Որպես կանոն, գրեթե բոլոր աղանդավորներն իրենք իրենց բացառիկ և ընտրյալ են համարում: Որպես հետևանք այդ «բացառիկության»՝ աղանդները իրենց են վերագրում աշխարհը փրկելու առաքելությունը, իսկ նման համոզմունքը աղանդի անդամին դարձնում է հանդուգն, հպարտ: Հաճախ այդ հանդգնությունը չի ճանաչում և ոչ մի սահման, այն աստիճան, որ նրանք իրենցից դուրս մարդկանց դիտում են որպես սատանայի կամքը կատարողների և ուրիշ ոչինչ: Նրանց հակաճառելիս անմիջապես լսում ես պատասխանը. «դա չարից է»:
Բոլոր աղանդավորներն այս կամ այն ձևով կապված են որոշ անհատների հետ, որոնք համարվում են հեղինակություններ (Օր՝ Ռասելը Եհովայի վկաների համար, Սմիթը՝ մորմոնների համար և այլն):
Հնազանդությունն այդ հեղինակներին անհրաժեշտ պայման է, առանց որի համայնքը կամ շարժումը չի գոյատևի: Հեղինակությունները երբեք չեն սխալվում, նրանք հայտնում են երկնային կամքը մարդկանց. սա է աղանդավորների ընկալումը:
Բոլոր աղանդավորական շարժումների մեջ առկա է մի սկզբունք: Դա «կտրելու» սկզբունքն է, որը մոտավորապես նման է «նզովքին»:
Բնական է, որ աղանդավորական կառույցները ամրապնդելու ու կայուն դարձնելու համար պետք են խիստ կազմակերպչական օրենքներ: Հակառակ դեպքում այդպիսի կառույցները կփլուզվեն:
Այսպես, եթե որևէ մեկը սկսում է ինքնուրույն մտածել կամ սեփական կամքն է հայտնում, որն ընդունված չէ համայքի կողմից, նրան աստիճանաբար մեկուսացնում են, ու եթե չի խրատվում, «կտրում են», այսինքն՝ հեռացնում են «եկեղեցուց»: Արգելում են կտրվածին բարև տալ, տուն հրավիրել, նրա տուն գնալ և այլն: Ավելին, նրանք հավատում են, որ կտրվածին պետք է Աստված էլ «կտրի»:
«Կտրելու» առումով առավել ծայրահեղ են Եհովայի վկաները: Նրանք քարոզում են, որ եթե մեկը տեսնի իր եղբոր մեղքը և չհայտնի այդ մասին վերադասին, այդ մեղքը կմնա իր վրա: Յուրաքանչյուր կրոնական կազմակերպության հետևորդ հավաքելու իր մեխանիզմն ունի: Առաջին քայլը բոլորի դեպքում մեծ հաշվով նույնն է` գտնել զոհին: Հետո բռնածը պահելու համար գործի են դրվում հոգեբանական լուրջ հնարքներ՝ հիպնոս ձայնի, հայացքի ու նույնիսկ արտաքին տեսքի միջոցով: Աղանդը կլանում է հատկապես, երբ հոգեկան ճգնաժամի մեջ ես: Կյանքին վերջ տալու կամ թմրադեղի ձեռքն ընկնելու փոխարեն առաջնորդը խոստանում է թեթևացնել հոգին Աստծո օգնությամբ: Հոգեբանները համոզված են, որ այդ օգնությունը մարդուն հոգեկան խանգարման դուռն է հասցնում: Օրինակ՝ Կյանքի խոսքի հավաքների ժամանակ մարդկանց վրա իբր թե իջնում է սուրբ հոգին: Մարդիկ աղոթելու ժամանակ սկսում են տարօրինակ շարժուձև դրսևորել, անիմաստ արտահայտություններ անել, ինչը նրանք մեկնաբանում են ասելով, թե «դա Սուրբ լեզու է, որով մարդիկ խոսում են»:
Աղանդի պաշտամունքի արարողության ժամանակ ներշնչված տեխնիկայի կիրառմամբ առաջ է բերվում «զանգվածային պսիխոզի» իրավիճակ:
Աղանդավորական կազմակերպությունների հետևորդները ենթարկվում են իսկական մտավոր վերամշակման, ինտելեկտուալ ծեծի, որն իրականացվում է բազմաթիվ ժողովների, սեմինարների, դասախոսությունների, վերապատրաստումների, աղոթքների և համապատասխան այլ միջոցներով, որոնց նպատակն է սպանել անհատի մոտ քննական մտածողությունը աղանդավորական խմբի գործունեության, մեթոդների և տեսության վերաբերյալ:
«Աղանդավորական» շարժումները անմեղ թվացող գործողությունների շարք են, որն աստիճանաբար գրավում է անհատին՝ նրան դարձնելով հնազանդ և կախյալ` զրկելով սեփական կամքից: Հետևորդները տարվում և հրապուրվում են առաջնորդի հմայքով, խոսքով և գաղափարներով և այս հմայվածության արդյունքում նրանք դառնում են ամբողջովին հլու հնազանդ և անվերապահորեն հավատում իրենց առաջնորդին:
Աղանդավորական շարժումները իրենց գործունեության տարածումը սկսում են հիմնականում 18-25 տարեկանների շրջանում: Այսինքն նրանց համար ռազմավարական նշանակություն ունեն դպրոցները, բուհերը և, որպես կանոն, այնտեղից էլ սկսում են իրենց գործունեությունը, իսկ թե ինչ նշանակություն ունի հասարակության այս խավը որևէ պետության, ժողովրդի համար, ինքնին հասկանալի է:
Իրենց նպատակներից ելնելով՝ աղանդները համոզում են հավատակիցներին աղանդի հզորության մեջ` դրանով իսկ նպաստելով ֆինանսական կայսրության ստեղծմանը (օրինակ` Մորմոններ, Եհովայի վկաներ) :
Աղանդավորների տնտեսական գործունեությունը
Աղանդը գործարար է, որը թաքցնում է իր գործունեությունը «արտաքուստ անեկամտաբեր տեսքի» տակ կամ էլ «իր եկամուտները տեղափոխում է կենտրոնակայանաններ, որոնք գտնվում են արտասահմանում»: Աղանդների տնտեսական գործունեության հիմնական նպատակն է. ներխուժում տնտեսական և քաղաքական (խորհրդարան) ոլորտներ: Մասնավորապես, աղանդներին հետաքրքրում է տեղեկատվության, պարադեղագործական և նեղ մասնագիտական բնագավառները, որտեղ նրանք ձեռնարկություններ են հիմնում: Այդ ձեռնարկություններում նրանք ընդգրկում են իրենց հավատակիցներին, ինչը «հնարավորություն է տալիս առանց որևէ վտանգի և աշխատավարձ վճարելու աշխատեցնել վերջիններիս»: Խաբեության դիմելու իրենց այս գործելակերպը նրանք բացատրում են հետևյալ կերպ` քանի որ պետությունը չի ճանաչում իրենց, իրենք էլ չեն ցանկանում աշխատել պետության համար: Այդ պատճառով էլ նրանք օգտագործում են տնտեսական և գույքային ինքնապաշտպանության բոլոր միջոցները:
Աղանդները գումարներ ունեն նաև Լոբբինգի համար: Լոբբինգի ակտիվ կիրառումն առավել արդյունավետ է առանձին պաշտոնյաների, ինչպես նաև առանձին մասնագիտությունների առումով:
Աղանդավորական խմբերը խիստ քողարկված են, այդ գաղտնիությունը կարելի է համարել կաշառակերության զարգացման հիմնական գործոններից մեկը: Գաղտնի ֆինանսական հոսքերի գոյությունը կարևոր լծակ է կաշառակերության զարգացման համար, քանզի այստեղ ևս կիրառվում է գաղտնիության սկզբունքը: Աղանդավորական կազմակերպություններն իրենց գումարները համալրում են կանխիկ ներդրումներ հավաքելու, իրենց հավատակիցներից կրկնակի կանխավճարի սկզբունքի կիրառումով, ինչպես նաև անդամների հրաժարումը սեփական ունեցվածքից հօգուտ աղանդավորական խմբի, ինչը նույնպես ձևակերպվում է որպես ներդրում:
Աղանդավորների ղեկավարներից մեկը ասել է. «Ուզում ես դառնալ միլիոնատեր, ստեղծիր քո աղանդը», մեկ ուրիշ ղեկավար ասել է. « Հավատքը բիզնես է: Ժողովորդը ուզում է հավատալ, մենք նրան բավարարում ենք, որի դիմաց փող ենք ստանում»: Պետք է նշել, որ այսօր աղանդավորական կազմակերպությունների վերնախավում այնպիսի մարդիկ են աշխատում, ովքեր լավ տիրապետում են մարդու հոգեբանությանը և զբաղվում են հոգեորսությամբ, ինչն այսօր մեր երկրում հետապնդվում է օրենքով:
Վերը նշված տարբեր մեթոդներից բացի, աղանդավորական կազմակերպությունների ներկայացուցիցները դրսում ամեն քայլափոխի մոտենում են մարդկանց, զանգահարում և այցելում բնակարաններ, առաջարկում իրենց հավատքն ու կրոնական գրականությունը` խանգարելով մարդկանց անդորրը: Այսօր արդեն ինտենսիվ կերպով օգտագործում են համացանցը, նրանց կարելի է տեսնել գրեթե բոլոր սոցիալական կայքերում: Արվում է ամեն ինչ մարդկանց ներգրավելու իրենց կառույցներում: Պետական մակարդակով նրանց գործունեության արգելումը կոտնահարի մարդու դավանանքի ազատության իրավունքը: Արդյունքում իրար են բախվում անհատի և ընդհանուրի շահը: Հայ ժողովուրդը դարեր ի վեր պայքարել է հանուն իր հավատքի, սակայն այսօր ինքնակամ հրաժարվում է դրանից: Մտահոգիչ է այն փաստը, որ այսօր չգրանացված կրոնական կազմակերպությունները 3 անգամ ավելի շատ են, քան գրանցվածները: Ըստ վիճակագրական տվյալների` մեր բնակչության մոտավոր 15-17 % աղանդավոր է: Կարծում եմ մեր փոքրիկ հանրապետության համար սա բավական մեծ թիվ է, չէ որ մենք ապրում ենք մի երկրում, որն ունի թե՛ սոցիալական, թե՛ ռազմավարական չլուծված բազմաթիվ խնդիրներ:
Ինչպես փոխել ստեղծված չափազանց վտանգավոր իրավիճակը
- Պետության և եկեղեցու տեղեկատվական ու գաղափարական համատեղ քարոզչության միջոցով պայքար աղանդավորական շարժումների դեմ:
- Պետության կողմից Հայ առաքելական եկեղեցուն ֆինանսական լուրջ աջակցության տրամադրում:
- Հայ առաքելական եկեղեցու կողմից բարեգործական հիմնադրամների և հաստատությունների ստեղծման միջոցով աջակցություն հասարակության խոցելի խավերին:
- Հայ առաքելական եկեղեցու դերի բարձրացում հասարակության շրջանում:
- Հայ առաքելական եկեղեցու սպասավորները, համալրելով իրենց ուժերը, ոչ միայն եկեղեցում պետք է ընդունեն հավատացյալներին, այլև մտնելով հասարակության մեջ, հնարավորինս զորավիգ լինեն և աջակցեն սեփական հոտի յուրաքանչյուր անդամին` փորձելով հետ բերել մոլորյալներին:
- Հայ առաքելական եկեղեցու պաշտոնական դավանանքը ներկայացնող կրոնական գրականության և Աստվածաշնչի անվճար տրամադրման, ճիշտ ու մատչելի մեկնաբանության միջոցով նվազագույնի հասցնել կեղծ աստվածաշնչյան դրույթների տարածումը:
- Համագործակցությունը Կրթության նախարարության հետ, կրթական և հոգևոր-կրոնական համատեղ միջոցառումների և ծրագրերի մշակումը երիտասարդության շրջանում ևս կհանգեցնի առողջ հոգևոր-կրոնական արժեհամակարգի ձևավորման: